Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w26 հունիս էջ 20–25
  • Ուշադիր եղիր՝ ինչպես ես լսում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ուշադիր եղիր՝ ինչպես ես լսում
  • 2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՀԻՇԵՆՔ, ՈՐ ԵՀՈՎԱՆ Է ՄԵԶ ՈՒՍՈՒՑԱՆՈՂԸ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՆ ՈՒՇԱԴԻՐ ԼՍԵԼՈՒ ԻՆՉ ՊԱՏՃԱՌՆԵՐ ՈՒՆԵՆՔ
  • ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ, ՈՐ ՄԱՐԴԻԿ ՀԱՃՈՒՅՔՈՎ ԼՍԵՆ
  • ԻՆՉԸ ԿՕԳՆԻ, ՈՐ ՈՒՇԱԴԻՐ ԼՍԵՆՔ
  • ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ԼՍԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ
  • Օգնիր նրանց, ովքեր «տրամադրված են ընդունելու.... ճշմարտությունը»
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Բարելավիր «սովորեցնելու վարպետությունդ»
    2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Համաժողովին կհնչեն հետևյալ հարցերի պատասխանները
    Շրջանային համաժողով շրջանային վերակացուի մասնակցությամբ. ծրագիր 2025–2026
  • Որոշումներիցդ երևո՞ւմ է, որ ապավինում ես Եհովային
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
Ավելին
2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w26 հունիս էջ 20–25

ՕԳՈՍՏՈՍԻ 31-ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 2026

ԵՐԳ 89 Լսիր, հնազանդվիր և օրհնվիր

Ուշադիր եղիր՝ ինչպես ես լսում

«Ուշադիր եղեք՝ ինչպես եք լսում» (ՂՈՒԿ. 8։18)։

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ

Ինչու պետք է ժողովի հանդիպումների և հոգևոր այլ ծրագրերի ժամանակ ուշադիր լսենք, և ինչը կօգնի դա անել։

1-2. ա) Այսօր Եհովան ինչպե՞ս է հոգում իր ժողովրդի հոգևոր կարիքները (Սաղմոս 23։1, 2, 5)։ բ) Ի՞նչ կքննենք այս հոդվածում։

ԱՅՍՕՐ Եհովան տալիս է մեզ առատ հոգևոր սնունդ։ Ուստի մենք էլ կարող ենք Դավթի պես ասել. «Եհովան իմ Հովիվն է։ Ես ոչ մի բանի պակաս չեմ ունենա» (կարդա Սաղմոս 23։1, 2, 5)։

2 Եհովան հոգևոր սնունդ է մատակարարում մեզ, օրինակ, մեր հանդիպումների միջոցով։ Այս հանդիպումների ժամանակ հաճախ այնպիսի մտքեր ենք լսում, որոնց քաջածանոթ ենք։ Նույնիսկ եթե «ամուր հաստատված ենք ճշմարտության մեջ», միևնույն է, մենք ունենք այդ հիշեցումների կարիքը (2 Պետ. 1։12)։ Բայց եղե՞լ է այնպես, որ դժվարանաս լսել ծրագիրը, երբ շատ քննարկված թեմա է շոշափվում։ Եթե այո, ապա այս հոդվածը հենց քեզ համար է։ Քննարկելու ենք, թե հանդիպումներին ուշադիր լսելու ինչ պատճառներ ունենք։ Կիմանանք, թե ելույթ ներկայացնողներն ինչ կարող են անել, որ ունկնդիրները հաճույքով լսեն։ Նաև կդիտարկենք որոշ առաջարկներ, որոնք կօգնեն մեզ ուշադիր լսել։ Սակայն նախ խոսենք այն մասին, թե իրականում ով է մեզ ուսուցանողը։

ՀԻՇԵՆՔ, ՈՐ ԵՀՈՎԱՆ Է ՄԵԶ ՈՒՍՈՒՑԱՆՈՂԸ

3. Եհովան ինչպե՞ս է իր ասելիքը ուղղում մեզ, և ինչպե՞ս են նրա ծառաները օգտագործում նրա Խոսքը։

3 Եհովան իր ասելիքը ուղղում է մեզ իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով (2 Տիմոթ. 3։16, 17)։ Հիսուսը լավ գիտեր այդ փաստը, դրա համար էլ շատ էր օգտագործում այն։ Նա այնքան հմտորեն էր օգտագործում Աստծու Խոսքը, որ նրան լսողները զարմանքով ասում էին. «Այս մարդը որտեղի՞ց այսքան լավ գիտի սուրբ գրքերը. չէ՞ որ դպրոցներում չի սովորել» (Հովհ. 7։15)։ Ազնվասիրտ մարդիկ խորապես տպավորվում էին, երբ լսում էին, թե նա ինչպես է բացատրում սուրբ գրվածքները։ Աստծու Խոսքը շատ էին օգտագործում նաև առաջին դարի քրիստոնյաները, օրինակ՝ Պողոսն ու Ապողոսը. դրա միջոցով նրանք օգնում էին մարդկանց ճիշտ դատողություններ անել (Գործ. 17։2, 3; 18։24, 28)։ Աստվածաշունչը հեղինակություն է նաև մեզ՝ Եհովայի վկաներիս համար։ Դրա վրա են հիմնված մեր բոլոր հոդվածները, հեռարձակվող ծրագրերը, ելույթների պլաններն ու տեսանյութերը։ Մեր ժողովներ այցելող շատ մարդիկ տպավորվում են՝ տեսնելով, թե ծրագրի ընթացքում որքան շատ ենք օգտվում Աստվածաշնչից։ Հանդիպման տարբեր մասեր ներկայացնողները առանցքային տեղ են տալիս Աստծու Խոսքին՝ կարդալով այնտեղից և ցույց տալով՝ ինչպես կիրառել գրվածը (Ղուկ. 24։32)։

4. Հաճախ ի՞նչ իմաստով են կիրառվում «լսել» բառը և «ականջ դնել» արտահայտությունը։

4 Աստվածաշնչում «լսելը» կամ ինչ-որ մեկի խոսքերին «ականջ դնելը» հաճախ նշանակում է հնազանդվել նրան։ Երբ մեր հանդիպումների ժամանակ ընթերցվում է Աստվածաշունչը, այդպես Եհովան խոսում է մեզ հետ, և երբ ուշադիր լսում ու հասկանում ենք, թե որն է նրա կամքը, ավելի հեշտ ենք հնազանդվում նրան։ Եհովան, անկասկած, շատ է ուրախանում, երբ լսում ենք իրեն և վարվում մեր լսածի համաձայն (Առակ. 27։11)։

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՆ ՈՒՇԱԴԻՐ ԼՍԵԼՈՒ ԻՆՉ ՊԱՏՃԱՌՆԵՐ ՈՒՆԵՆՔ

5. Մեր մեջ ի՞նչ ցանկություն է առաջացնում Եհովայի հանդեպ սերը (Հովհաննես 4։23, 24; 1 Հովհաննես 5։3)։

5 Լսում ենք, քանի որ սիրում ենք Եհովային (Մատթ. 22։37)։ Ինչքան շատ ենք սովորում Եհովայի մասին, այնքան մեր սերը աճում է։ Այդ սերը մեր մեջ ցանկություն է արթնացնում, որ լսենք նրան, հնազանդվենք և երկրպագենք այնպես, ինչպես նա է պատվիրել իր Խոսքում (կարդա Հովհաննես 4։23, 24; 1 Հովհաննես 5։3)։

6. Եհովան ի՞նչ է սովորեցնում մեր հանդիպումների ժամանակ։

6 Լսում ենք, քանի որ սիրում ենք մարդկանց (Մատթ. 22։39)։ Մեր հանդիպումների ժամանակ Եհովան մեզ սովորեցնում է, թե ինչպես օգնենք մեր հավատակիցներին և նրանց, ովքեր դեռ չեն ճանաչում իրեն։ Օրինակ՝ միջշաբաթյա հանդիպման ժամանակ սովորում ենք՝ ինչպես կիրառել տարբեր գործնական առաջարկներ «Սիրիր մարդկանց. աշակերտներ պատրաստիր» գրքույկից։ Այն օգնում է զարգացնել հատկություններ, որոնք մեզ շատ են պետք գալիս ծառայության ժամանակ։ Եթե դժվարանում ենք ընկերական զրույց սկսել մարդկանց հետ, կարող ենք հատուկ ուշադրություն դարձնել միջշաբաթյա հանդիպման առաջադրանքներին, որոնց ժամանակ մեր եղբայրներն ու քույրերը ցույց են տալիս՝ ինչպես կարելի է դա անել։

7. Ինչո՞ւ է կենսական, որ լսենք Եհովային։

7 Լսում ենք, քանի որ սիրում ենք կյանքը։ Ինչպես անցյալում ապրող Աստծու ծառաների, այնպես էլ մեր կյանքը կախված է Աստծու Խոսքին հնազանդվելուց (2 Օրենք 32։44-47)։ Հանդիպումների ժամանակ ուշադիր լսելով՝ քաջալերվում ենք և ուժ ենք գտնում, որ չհանձնվենք ու շարունակենք սպասել գալիք նոր աշխարհին (Հռոմ. 8։25)։ Այս վերջին օրերում Եհովային լսելը առավել կենսական է, քանի որ դա օգնում է մեզ հոգևորապես արթուն ու զգոն լինել (Մատթ. 24։42-44; Հայտն. 1։3)։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ, ՈՐ ՄԱՐԴԻԿ ՀԱՃՈՒՅՔՈՎ ԼՍԵՆ

8. Բեմից ուսուցանող եղբայրները ինչո՞ւ պետք է բարելավեն իրենց հռետորական ունակությունները։

8 Բեմից ուսուցանող եղբայրները, հատկապես հանրային ելույթ ներկայացնողները պետք է շարունակ բարելավեն իրենց հռետորական ունակությունները։ Աստվածաշնչի վրա հիմնված, լավ պատրաստված ելույթը կարող է շատ ազդեցիկ լինել և մարդկանց ձգել դեպի ճշմարտությունը, իսկ ճշմարտության մեջ եղողներին՝ օգնել ամուր մնալ հավատի մեջ։ Այնպես որ հանդիպման տարբեր բաժիններ ներկայացնողները չպետք է թերագնահատեն դրանց ազդեցությունը. նրանք գուցե նույնիսկ չպատկերացնեն, թե որքան մեծ օգուտ կարող են բերել դրանք։ Եթե ելույթ ներկայացնելու պատիվ ունես, մտածիր՝ ինչպես կարող ես կիրառել ներքոնշյալ առաջարկները։ Թեև դրանք հիմնականում հանրային ելույթ ներկայացնողներին են ուղղված, բայց սկզբունքորեն կարող են օգտակար լինել ցանկացած ելույթ ունեցողի և մեր հանդիպման տարբեր բաժիններ ներկայացնողների համար (2 Տիմոթ. 4։2; Տիտոս 1։9)։

9. Ինչո՞ւ է կարևոր, որ ելույթը հստակ կառուցվածք ունենա և դյուրըմբռնելի լինի։

9 Ելույթդ կազմիր այնպես, որ այն հստակ կառուցվածք ունենա։ Որպես հռետոր՝ անկասկած ուզում ես, որ ունկնդիրները ելույթդ լսելիս հեշտությամբ հետևեն մտքերի ընթացքին։ Եթե մտքերը բարդ ու խճճված լինեն, նրանք գուցե շեղվեն։ Ի՞նչ կարող ես անել, որ ելույթդ հստակ կառուցվածք ունենա։ 1) Հենց սկզբից պարզ նշիր՝ որոնք են գլխավոր մտքերը։ 2) Դրանք վերլուծիր մեկ առ մեկ և նախքան մյուսին անցնելը դադար տուր ու ասա, թե այժմ որ մտքի մասին ես խոսելու։ 3) Վերջաբանում համառոտ ամփոփիր հիմնական մտքերը։

10. Ինչո՞ւ է կարևոր, որ նախ հռետորն ինքը յուրացնի նյութը և տպավորվի դրանով։

10 Յուրացրու նյութն այնպես, որ այն տպավորի քեզ։ Եթե ներկայացվելիք մտքերով տպավորված լինես, ոգևորությամբ կխոսես դրանց մասին (Առակ. 2։4, 5; Գործ. 4։20)։ Բայց որպեսզի նյութը դուր գա քեզ ու սիրտդ մտնի, խորհրդածիր մեջբերված համարների և նշված մտքերի շուրջ։ Միացյալ Նահանգներից 70-ն անց մի եղբայր պատմում է, թե իր վրա ինչ ազդեցություն է թողել պատանեկան տարիքում լսած մի ելույթ. «Մինչ օրս հիշում եմ՝ ինչպես մի եղբայր իր ելույթում հորդորեց Աստծու Խոսքն ընթերցելիս խորությամբ մտածել դրա շուրջ։ Նա հստակ բացատրեց, թե ինչպես անել դա, և նրա խոսքերից պարզ երևում էր, որ այդ միտքը նրա համար էլ էր շատ կարևոր։ Այդ ելույթը շրջադարձային էր իմ կյանքում։ Այն մեծապես ազդեց Աստվածաշունչ ընթերցելու իմ սովորության և Եհովայի հետ իմ հարաբերությունների վրա»։

11. Ինչո՞ւ է օգտակար ելույթում կոնկրետ գործնական առաջարկներ նշել (1 Տիմոթեոս 4։13-16)։

11 Մտածիր ունկնդիրների կարիքների մասին և գործնական առաջարկներ արա։ Ընդհանրական տեղեկություն հաղորդելու փոխարեն Աստվածաշնչի վրա հիմնված կոնկրետ առաջարկներ ու քաջալերական մտքեր ասա։ Օրինակ՝ Պողոս առաքյալը Տիմոթեոսին մի շարք կոնկրետ խորհուրդներ տվեց, որոնք կօգնեին նրան Եփեսոսում իր ծառայությունը կատարելիս հոգևորապես ամուր մնալ (կարդա 1 Տիմոթեոս 4։13-16)։ Ուստի եթե դու էլ մտածես ունկնդիրներիդ կարիքների մասին և գործնական մտքեր ասես, այդպիսով կօգնես նրանց, որ այդ տեղեկությունը կիրառեն իրենց կյանքում։

12. Ելույթ ներկայացնելիս ինչո՞ւ է կարևոր բնական խոսել։

12 Բարձրաձայն փորձիր ելույթդ, որ խոսակցական ոճով ներկայացնես այն։ Ելույթը բառ առ բառ գրելու և բեմից ընթերցելու փոխարեն խոսիր բնական։ «Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ» գրքույկում ասվում է. «Խոսիր բնական ձևով՝ այնպես, որ ունկնդիրներդ զգան, որ անկեղծ ես, հետաքրքրված ես իրենցով, և այն, ինչ ասում ես, սրտիցդ է բխում»։ Եթե բնական ու սրտանց խոսես, ունկնդիրներիդ համար քո ելույթը կլինի ավելի կենդանի ու հետաքրքիր։ Արդյունքում նրանք հաճույքով կլսեն նյութը, հեշտ կընկալեն այն և կցանկանան իրենց սովորածը կիրառել կյանքում։

13. Ինչո՞ւ լավ կլինի խորհրդի համար դիմել փորձառու հռետորներին (տես նաև նկարը)։

13 Խորհուրդ հարցրու փորձառու հռետորից։ Կարող ես քո գրառումները ցույց տալ որևէ փորձառու հռետորի և հետո նրա դիտարկումների հիման վրա փոփոխություններ անել։ Բացի այդ՝ կարող ես նրա առաջ փորձնական ներկայացնել ելույթդ և խնդրել, որ անկեղծ ասի, թե որ հարցերում բարելավվելու կարիք ունես (Առակ. 1։5)։ Մենք բոլորս էլ, այսպես ասած, կույր գոտիներ ունենք, բաներ, որ գուցե ինքներս մեր մեջ չնկատենք։ Հնարավոր է չհասկանանք, թե արդյոք մեզ հաջողվում է մտքերը պարզ ու գործնական ձևով ներկայացնել, ուստի եղբայրը կարող է իր դիտարկումներով օգնել մեզ։ Ինչ խոսք, բոլորս էլ ուզում ենք բարելավել որպես հռետորներ և ուսուցիչներ, որպեսզի մեր ունկնդիրները լավ հասկանան մեր ներկայացրած նյութը և օգուտներ քաղեն Աստծու Խոսքի հոգևոր գանձերից։a

Եղբայրը Ժողովների սրահում ներկայացնում է իր ելույթը փորձառու եղբոր առաջ, վերջինս էլ նշումներ է անում։

Որևէ փորձառու հռետորի խնդրիր, որ օգնի քեզ բարելավվել բեմից ուսուցանելու հարցում (տես պարբերություն 13)


ԻՆՉԸ ԿՕԳՆԻ, ՈՐ ՈՒՇԱԴԻՐ ԼՍԵՆՔ

14. Ինչո՞ւ պետք է Աստծու հիշեցումների վերաբերյալ նույն վերաբերմունքն ունենանք, ինչ 119-րդ սաղմոսը գրողը (Սաղմոս 119։24, 111, 167)։

14 Ուշադիր կլսենք, եթե խորությամբ գնահատենք Եհովայի հիշեցումները։ Մենք Աստծու հիշեցումների կարիքն ունենք, որ կարողանանք հաղթահարել այս «չափազանց դժվար ժամանակներում» մեզ հանդիպող տարատեսակ փորձությունները (2 Տիմոթ. 3։1)։ Նույնիսկ եթե որոշ մտքեր արդեն շատ անգամ ենք լսել, լավ կլինի Աստծու հիշեցումների վերաբերյալ նույն վերաբերմունքն ունենանք, ինչ 119-րդ սաղմոսը գրողը (կարդա Սաղմոս 119։24, 111, 167)։

15. Ի՞նչը կօգնի, որ հոգևոր սննդի համար ունեցած մեր գնահատանքը ժամանակի ընթացքում չնվազի։

15 Մենք պետք է միշտ գնահատանքով վերաբերվենք մեր ստացած հոգևոր սննդին։ Այս հարցում կարևոր դաս կարող ենք քաղել իսրայելացիների օրինակից։ Երբ Եհովան անապատում նրանց մանանա տվեց, սկզբում նրանք, անկասկած, խորին գնահատանքով էին վերաբերվում դրան (Ելք 16։15, 31)։ Նրանք մանանան Եհովայից էին ստացել, այն շատ համեղ էր, և դրա շնորհիվ իրենց կյանքն էր պահպանվում։ Բայց ժամանակի ընթացքում ամեն օր մանանա ուտելուց նրանք հոգնեցին (Թվեր 21։5)։ Ի՞նչ ենք սովորում։ Պետք է զգույշ լինենք, որ հոգևոր սնունդը երբևէ չհամարենք անհարկի կրկնվող սովորական մի բան։ Միշտ պետք է հիշենք, որ դրա Աղբյուրը Եհովան է, այն մեծ հոգատարությամբ մանրակրկիտ պատրաստվել է Եհովայի կազմակերպության կողմից, և այն մեզ տալիս է իմաստություն, որից կախված է մեր կյանքը (Առակ. 3։13, 16-18; Հովհ. 17։3)։

16. Երկար տարիներ Եհովային ծառայող որոշ մարդկանց ի՞նչն է օգնում ուշադիր լսել հանդիպումների ժամանակ (տես նաև «Օգտակար մտքեր՝ երկար տարիներ ծառայողներից» շրջանակը)։

16 Ուշադիր կլսենք, եթե հետևենք որոշ գործնական առաջարկների։ Տեսնենք, թե Եհովային երկար տարիներ ծառայող որոշ մարդկանց ինչն է օգնում ուշադիր լսել հանդիպումների ժամանակ։ Էյշլին, ով 30 տարուց ավել է՝ ծառայում է Եհովային, ասում է. «Ուշադիր լսելու գաղտնիքը լավ պատրաստվելն է։ Եթե պատրաստված չեմ լինում, դժվարանում եմ պատասխանել, և միտքս սկսում է թափառել»։ Իսկ Ջոզեֆը, ով Եհովային հավատարմորեն ծառայում է արդեն 52 տարի, ասում է. «Հաճույքով եմ լսում ինձ արդեն ծանոթ թեմաներով նյութեր, քանի որ, երբ նույն թեման տարբեր դիտանկյուններից է ներկայացվում, դա օգնում է, որ ավելի խորությամբ հասկանամ այն»։ Նա ավելացնում է. «Իսկ երբ ելույթ ունեցողը այդքան էլ լավ հռետորը չէ, փորձում եմ կենտրոնանալ նրա ներկայացրած նյութի, ոչ թե ներկայացնելու ձևի վրա, որովհետև այն, ինչ նա ասում է, Աստծու Խոսքից է»։

«Օգտակար մտքեր՝ երկար տարիներ ծառայողներից»

Երկար տարիներ ծառայողներից ոմանց հարց ուղղվեց, թե ինչն է օգնել իրենց ուշադիր լսել հանդիպումներին, և նրանք նշեցին հետևյալ մտքերը։

  • Սյուֆոնը, ով մկրտվել է 1986-ին, ասում է. «Շատ օգտակար է նստել Սրահի առաջին շարքերում։ Այդպես հեշտ է ուշադրությունը կենտրոնացած պահել հռետորի և տեսանյութերի վրա»։

  • Դեյվիդը, ով մկրտվել է 1983-ին, ասում է. «Հանդիպման ընթացքում մի քանի անգամ աղոթում եմ Եհովային, որ օգնի՝ չշեղվեմ ծրագրից։ Նաև ինքս ինձ հիշեցնում եմ, որ ներկա լինելը, ուշադիր լսելը ու մասնակցելը իմ երկրպագության մի մասն են»։

  • Նիկոլասը, ով մկրտվել է 1982-ին, ասում է. «Նպատակ դիր շնորհակալություն հայտնել ծրագրի ամեն մասնակցի քեզ դուր եկած որևէ կոնկրետ բանի՝ օրինակի, մտքի կամ պատմած դեպքի համար»։

  • Օգյուստանը, ով մկրտվել է 1988-ին, ասում է. «Ես միշտ ինքս ինձ հիշեցնում եմ, որ եթե հավատարիմ ծառան որոշել է անդրադառնալ այդ թեմային, ուրեմն այդ պահին հենց դա է պետք, դա ճիշտ ժամանակին տրված հոգևոր սնունդ է»։

17. Ո՞ր առաջարկները կօգնեն ուշադիր լսել հանդիպումների ժամանակ (տես նաև նկարը)։

17 Ահա մի քանի առաջարկ, որոնք կարող են օգնել ուշադիր լսել։ 1) Եթե հանդիպումից առաջ հաց ես ուտելու, թեթև մի բան կեր, որ չքնես։ 2) Ձգտիր շուտ գալ և նստելու տեղ գտնել նախքան ծրագրի սկսելը։ 3) Էլեկտրոնային սարքերդ դիր անձայն ռեժիմի վրա և թույլ մի՛ տուր, որ դրանք շեղեն քեզ հանդիպման ընթացքում։ 4) Մտածիր ներկայացվելիք թեմայի մասին։ 5) Ուշադրությունդ սևեռիր հռետորի վրա։ 6) Գլխավոր մտքերը հիշելու համար կարճ նշումներ արա կամ պարզ պատկերներ նկարիր։ 7) Մտածիր գլխավոր սուրբգրային համարների շուրջ և հետևիր, թե ինչ տրամաբանական հաջորդականությամբ են դրանք ներկայացվում։ 8) Հարցրու ինքդ քեզ. «Ժողովում կամ ծառայության մեջ ո՞ւմ օգտակար կլինի պատմել այս միտքը»։ 9) Համաժողովների ժամանակ աչքի անցկացրու այդ օրվա խորագիրը, ներկայացվելիք թեմաները և դրանց գլխավոր համարները։ 10) Որպեսզի ողջ սրտով տրամադրվես լսելու ծրագիրը, լուռ նստիր և ուշադիր լսիր ծրագրի սկզբում հնչող երաժշտությունը կամ հետևիր ցուցադրվող երաժշտական տեսանյութերին։

Եղբայրը «Դիտարանի» ուսումնասիրության ժամանակ տեքստային հաղորդագրություն է ուղարկում իր ընկերոջը։

Միշտ ուշադիր լսիր Աստծու հիշեցումները և թույլ մի՛ տուր, որ էլեկտրոնային սարքերը շեղեն ուշադրությունդ (տես պարբերություն 17)


ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ԼՍԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ

18. Ինչո՞ւ պետք է միշտ ուշադիր լսենք հանդիպումների ժամանակ։

18 Մենք պետք է միշտ ուշադիր լսենք հանդիպումների ժամանակ, քանի որ այդպիսով թույլ ենք տալիս, որ Եհովան տանի մեզ իր «արդար շավիղներով» (Սաղ. 23։3; 31։3)։ Մեզ անհրաժեշտ են նրա խրատներն ու խորհուրդները, որպեսզի չշեղվենք ուղուց, ինչպես քամուց քշված մի նավակ։ Ուստի պետք է «ուշադիր լինենք՝ ինչպես ենք լսում», և կիրառենք այն ամենը, ինչ սովորում ենք հանդիպումների ժամանակ (Ղուկ. 8։18)։ Եհովային լսողները այսօր իսկ երջանիկ կլինեն և ապագայում կապրեն հավիտյան (Սաղ. 119։2, 14)։

Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ

  • Ինչո՞ւ պետք է ուշադիր լսենք հանդիպումների ժամանակ։

  • Բեմից ուսուցանող եղբայրները ի՞նչ կարող են անել, որ ուրիշները հաճույքով լսեն նյութը։

  • Ի՞նչը կօգնի, որ ուշադիր լսենք։

ԵՐԳ 87 Ե՛կ, թարմությո՛ւն ստացիր

a Խոսելու և ուսուցանելու հմտությունները բարելավելու համար հավելյալ առաջարկներ կարող ես գտնել «Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ» գրքույկում և «Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից» գրքում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը