Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w26 հունիս էջ 26–30
  • Շուրջ 70 տարի է՝ ծառայում եմ Եհովային Կուբայում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Շուրջ 70 տարի է՝ ծառայում եմ Եհովային Կուբայում
  • 2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԳԱԼԻՍ ԵՆ ԴԺՎԱՐԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
  • ԴԱՌՆՈՒՄ ԵՄ ՌԱՀՎԻՐԱ, ԱՄՈՒՍԻՆ ԵՎ ԾՆՈՂ
  • ՇՐՋԱՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐԳԵԼՔԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ
  • ՈՒՐԱԽ՝ ՉՆԱՅԱԾ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ
  • «Երազանքս իրականացավ»
    2012 Դիտարան
  • Եհովան ուշադրություն դարձրեց իմ աղոթքներին
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Հաճույքով սովորում և սովորեցնում եմ Եհովայի մասին
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Հիշիր լիաժամ ծառայողներին
    2014 Դիտարան
2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w26 հունիս էջ 26–30
Գուստավո և Էմիլյա Ջոզեֆները

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Շուրջ 70 տարի է՝ ծառայում եմ Եհովային Կուբայում

ՊԱՏՄՈՒՄ Է ԳՈՒՍՏԱՎՈ ՋՈԶԵՖԸ

ԾՆՎԵԼ ԵՄ 1947 թ.-ին Կարիբյան ծովի գեղեցիկ մի կղզում՝ Կուբայում։ Այն գտնվում է Կարիբյան ծովի և Ատլանտյան օվկիանոսի տաք ջրերի հատման գոտում։ Ինձնից հետո լույս աշխարհ եկան երկու քույրերս։ Մեր հինգհոգանոց ընտանիքը ապրում էր Էսմերալդա գյուղում։

Կյանքը մեր փոքրիկ գյուղում հանգիստ ու խաղաղ էր։ Մեր ազգականները, այդ թվում՝ հորեղբայրներս ու հորաքույրերս ապրում էին մոտակայքում։ Ուտելիքի պակաս չէինք զգում, ապրում էինք անհոգ ու երջանիկ։

Երբ մոտ հինգ տարեկան էի, ծնողներս սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել բարի լուրի մի եռանդուն քարոզչի՝ Վոլտոն Ջոնսի հետ։ Մեր գյուղ հասնելու համար նա ոտքով մոտ տասը ժամվա ճանապարհ էր անցնում։ Ամեն անգամ, երբ Վոլտոնը գալիս էր, մեր ընտանիքից շատերը հավաքվում էին պապիկիս տանը և ժամերով այդ եղբոր հետ ուսումնասիրում Աստվածաշունչը և քննարկումներ անում։ Ծնողներս, հորեղբայրս՝ Պեդրոն, ու հորաքույրս՝ Էլան, սրտանց ընդունում էին այն, ինչ սովորում էին և կարճ ժամանակ անց մկրտվեցին՝ դառնալով Եհովայի վկա։ Էլան այժմ գրեթե 100 տարեկան է և շարունակում է ծառայել որպես ռահվիրա Կուբայում։

Այն ժամանակ Եհովայի վկաները կարողանում էին ազատ գործունեություն ծավալել Կուբայում։ Մենք քաջ հայտնի էինք որպես տնետուն քարոզողներ։ Շատ էինք քայլում՝ մեզ հետ տանելով աստվածաշնչյան արժեքավոր գրականությամբ լի պայուսակներ։ Ես ջերմ հուշեր ունեմ կյանքիս այդ վաղ տարիներից, երբ ծառայում էինք Եհովային «բարենպաստ ժամանակներում»։ Բայց մեզ սպասում էին «դժվարին ժամանակներ» (2 Տիմոթ. 4։2)։

ԳԱԼԻՍ ԵՆ ԴԺՎԱՐԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

Երբ մոտ հինգ տարեկան էի, հայրս ու հորեղբայրս գնացին կղզու մեկ ուրիշ մասում անցկացվող համաժողով։ Ցավոք, ճանապարհին նրանք աղտոտված ջրից որովայնային տիֆով վարակվեցին։ Երբ տուն վերադարձան, հիշում եմ, թե որքան ծանր էր նրանց վիճակը։ Հորեղբայրս ողջ մնաց, թեև նրա մազերը թափվեցին, իսկ հայրս մահացավ։ Նա ընդամենը 32 տարեկան էր։

Հորս մահից հետո մայրս որոշեց, որ ընտանիքով տեղափոխվենք քեռուս մոտ, ով ապրում էր Լոմբիլո գյուղում։ Իսկ դա նշանակում էր, որ պետք է հեռանայինք մեր շատ սիրելի տատիկ-պապիկից և մեր մյուս ազգականներից։ Չնայած այդ փոփոխությանը՝ մենք շարունակեցինք ողջ ընտանիքով ծառայել Եհովային։

1957-ի օգոստոսի 26-ին ես մկրտվեցի Լոմբիլոյի մոտակայքում գտնվող մի ջրամբարում։ Այդ ժամանակ տասը տարեկան էի։ Չէի էլ պատկերացնի, որ երկու տարի չանցած՝ Կուբայում Եհովայի վկաների համար կյանքը կտրուկ փոխվելու էր։ Բայց ահա 1959-ին հեղաշրջում եղավ, և երկրում կոմունիստական վարչակարգ հաստատվեց։

Նոր կառավարությունը շատ էր կարևորում զինվորական ծառայությունը։ Դա բացասաբար անդրադարձավ Եհովայի ծառաների վրա, ովքեր աշխարհի բոլոր երկրներում քաղաքական չեզոքություն են պահում ու որևէ կերպ չեն աջակցում զինվորական համակարգին։ Երկար տարիներ մեր վայելած ազատությունը հետզհետե սահմանափակվեց։ Ի վերջո կառավարությունը արգելեց մեր գործունեությունը, և հարյուրավոր հավատարիմ եղբայրներ բանտարկվեցին։ Նրանցից ոմանց հաճախ ծեծում էին ու զրկում ուտելիքից։ Բանտում տրվող սնունդն էլ երբեմն արյուն էր պարունակում, ինչը, ըստ Աստվածաշնչի, արգելվում է ուտել։

Չնայած դժվարություններին՝ մենք, այնուամենայնիվ, հավաքվում էինք Եհովային երկրպագելու համար (Եբր. 10։25)։ Անգամ համաժողովներ էինք անցկացնում ֆերմաներում կամ այլ տարածքներում։ Մի անգամ եղբայրներից մեկը համաժողովի անցկացման համար տրամադրեց իր ոչխարների փարախը, որը բավականին մեծ էր։ Մենք չհասցրինք նախապես մաքրել տարածքը, ոչ էլ անգամ ոչխարներին դուրս բերել։ Եվ այդպես համաժողովն անցկացրինք փարախում, որտեղ հավաքվել էին և՛ բառացի, և՛ փոխաբերական ոչխարներ (Միք. 2։12)։

Մենք շատ շնորհակալ էինք այն եղբայրներին, ովքեր ամեն ջանք գործադրում էին, որ այդ օրերում հոգևոր սնունդ ունենանք։ Օրինակ՝ նրանք նախապես ձայնագրում էին համաժողովների ծրագրերը, և հետո այդ ձայներիզները շրջանառվում էին ողջ երկրի մեր հավատակիցների մեջ։ Երբեմն ընդամենը երկու եղբայր էին նշանակվում, որ պատրաստեն, ներկայացնեն ու ձայնագրեն ծրագրի բոլոր ելույթները։ Ձայնագրությունները արվում էին թաքուն տեղերում, և երբեմն դրանց մեջ հետաքրքիր կողմնակի ձայներ էին լսվում, օրինակ՝ աքաղաղի կանչ։ Երբ համաժողովի անցկացման վայրում էլեկտրականություն չէր լինում, գեներատորը միացնում էին անշարժ մի հեծանվի, և էլեկտրաէներգիա արտադրելու համար եղբայրներից մեկը անընդհատ պտտում էր դրա ոտնակները։ Այդպես հնարավոր էր լինում նվագարկել ձայներիզը և լսել ծրագիրը։ Թեև մեր հանգամանքները բարենպաստ չէին, ոչ էլ այնքան գրականություն ունեինք, որքան այլ երկրների մեր հավատակիցները, բայց երբեք հոգևոր սննդի պակաս չէինք զգում։ Եվ, ինչ խոսք, մեծ ուրախություն էինք վայելում՝ միասնաբար ծառայելով Եհովային (Նեեմ. 8։10)։

ԴԱՌՆՈՒՄ ԵՄ ՌԱՀՎԻՐԱ, ԱՄՈՒՍԻՆ ԵՎ ԾՆՈՂ

Տասնութս բոլորելուն պես սկսեցի ռահվիրա ծառայել Ֆլորիդա քաղաքում։ Մեկ տարի անց հատուկ ռահվիրա նշանակվեցի Կամագուեյ քաղաքում՝ համանուն նահանգի վարչական կենտրոնում։ Այնտեղ հանդիպեցի Էմիլյային՝ Սանտյագո դե Կուբայից մի գեղեցիկ քրոջ։ Սկսեցինք ժամադրվել և մեկ տարի անց ամուսնացանք։

Համակցված նկարներ։ 1. Գուստավոն և իր դասընկերները նստել են, որ դասարանով նկարվեն։ 2. Գուստավոն և Էմիլյան՝ իրենց հարսանիքի օրը։

(ձախ կողմում) Թագավորական ծառայության դպրոց երեցների համար, 1966 (Կամագուեյ, Կուբա)

(աջ կողմում) Մեր հարսանիքի օրը, 1967

Լրիվ դրույքով աշխատանքի անցա շաքարի վերամշակման պետական գործարաններից մեկում։ Ես ու Էմիլյան այլևս չէինք կարողանում ռահվիրա ծառայել, բայց մեր նպատակն էր հնարավորինս շատ ժամանակ տրամադրել հոգևոր գործունեությանը։ Ուստի գործարանի տնօրինությանը խնդրեցի, որ իմ հերթափոխը լինի գիշերվա ժամը 3-ից առավոտվա 11-ը։ Չէի սիրում այդքան վաղ արթնանալ, բայց այդ գրաֆիկը հնարավորություն էր տալիս ակտիվ մնալ ծառայության մեջ և Էմիլյայի հետ գնալ բոլոր հանդիպումներին։

1969-ին ծնվեց մեր առաջնեկը՝ Գուստավոն։ Մոտավորապես այդ նույն ժամանակ ինձ խնդրեցին ծառայել որպես շրջանային վերակացու։ Այդ օրերում Կուբայում ընդունված էր, որ երեխա ունեցող եղբայրը շրջանային ծառայություն կատարի և միևնույն ժամանակ հոգ տանի իր ընտանիքին։ Այդպես վերսկսեցի լիաժամ ծառայությունը։ Դա մեր կյանքի ամենահագեցած ու ամենաերջանիկ շրջաններից մեկն էր։ Եղբայրներին ու քույրերին այս կերպով ծառայելը մեծ պատիվ էր իմ ու Էմիլյայի համար։ Մեր շրջանային ծառայության ընթացքում ծնվեց մեր երկրորդ որդին՝ Օբեդը, իսկ հետո՝ Աբեները, և մի քանի տարի անց՝ մեր դուստրը՝ Մաելին։

Մեծ ուրախությամբ եմ հիշում շրջանային ծառայության մեջ անցկացրած տարիները, երբ պարզ տեսնում էի, թե Եհովան ինչպես է առատորեն օրհնում իր ժողովրդի գործունեությունը Կուբայում։ Եվ նա ակնհայտորեն օրհնում էր նաև որպես ծնողներ մեր գործադրած ջանքերը. մենք ձգտում էինք մեր երեխաների սրտում նրա հանդեպ սեր աճեցնել։ Այժմ պատմեմ՝ ինչպիսին էր իմ ու Էմիլյայի կյանքը շրջանային ծառայության տարիներին։

ՇՐՋԱՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐԳԵԼՔԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ

Մեր գործունեության վրա դրված արգելքից հետո՝ 60-ականներին և 70-ականներին, դրությունը գնալով ավելի ծանրացավ։ Ժողովների սրահները փակվեցին, միսիոներները արտաքսվեցին երկրից և երիտասարդ շատ եղբայրների ձերբակալեցին ու բանտ գցեցին։ Հավանայում գտնվող մեր մասնաճյուղը փակվեց։

Գուստավոն և Էմիլյան՝ ձեռքներին իսպաներեն «Արթնացե՛ք» ամսագրեր։

Շրջանային ծառայության մեջ, 1990-ականներ

Արգելքի պատճառով միայն շաբաթ-կիրակի օրերին էինք այցելում ժողովներ։ Այնպես որ ամեն ժողովի այցելությանը հատկացնում էինք երկու շաբաթ-կիրակի։ Հետներս շատ իրեր չէինք վերցնում և հաճախ հեծանվով էինք ճամփորդում, որպեսզի շատ ուշադրություն չգրավենք։ Մեր այցելությունների մասին ժողովներում չէր հայտարարվում։ Պետք է այնպիսի տպավորություն ստեղծեինք, թե մեր ազգականներին ենք այցելում։ Եվ դա բոլորովին դժվար չէր, քանի որ մենք իրոք ասես ընտանիքի անդամներ լինեինք ու երբեմն մոռանում էինք, որ շրջանային այցով էինք գնացել այդ ժողովներ (Մարկ. 10։29, 30)։ Ամեն դեպքում պետք է զգույշ լինեինք, քանի որ հաճախ ոստիկանությունը մեզ հետևում էր և հարցաքննում։ Մեզ հյուրընկալողներն էլ էին վտանգի ենթարկում իրենց, որովհետև եթե բացահայտվեր, թե մենք ովքեր ենք, նրանք կարող էին ձերբակալվել (Հռոմ. 16։4)։

Այդ ժամանակաշրջանում շատ եղբայրներ ու քույրեր տպավորիչ առատաձեռնություն էին դրսևորում, թեև սուղ միջոցներ ունեին։ Որոշ տարածքներում մոծակներն այնքան շատ էին, որ հանգիստ չէին տալիս, և մեր հավատակիցները իրենց ունեցած միակ մոծակապաշտպան ցանցը մեզ էին տալիս, որ գիշերը հանգիստ քնենք։ Ոմանք էլ մեզ հյուրընկալում էին իրենց տանը, թեև հյուրասիրելու շատ քիչ բան ունեին։ Երբեմն նույնիսկ ինքներս էինք մեզ հետ սնունդ տանում, որ մեր հյուրընկալների հետ միասին ուտենք։

Ժողովներ այցելելիս չէինք կարող մեր բոլոր երեխաներին մեզ հետ տանել։ Դրա համար էլ ամեն անգամ երեխաներից մեկին էինք տանում, իսկ մյուսներին թողնում էինք տանը մորս կամ քրոջս հոգածության տակ։ Փոքր երեխայի հետ ճամփորդելը պաշտպանություն էր։ Օրինակ՝ մի անգամ ոստիկանությունը խուզարկեց մեզ, բայց ոչինչ չգտավ, որովհետև գրականությունը թաքցրել էինք կեղտոտ տակաշորերի պայուսակում, որը նրանք հաստատ չէին խուզարկի։

Ես միշտ հիացել եմ Էմիլյայի անձնազոհությամբ, քանի որ նա ջանք չէր խնայում, որ հոգ տանի մեր երեխաներին և միևնույն ժամանակ աջակցի ինձ լիաժամ ծառայության մեջ մեր անցկացրած երկար տարիների ընթացքում։ Ես էլ փորձում էի համատեղել գործարանի իմ աշխատանքը շրջանային վերակացուի պարտականություններիս հետ։ Երբեմն հարկ էր լինում, որ շաբաթվա մեջ մեկ կամ երկու անգամ երկու հերթափոխով աշխատեմ, որպեսզի շաբաթ-կիրակի օրերին արձակուրդ վերցնեմ։ Բայց հետո նշանակվեցի աշխատելու այլ հաստիքում։ Ես դարձա բրիգադավար և պետք է աշխատեի շաբաթվա բոլոր յոթ օրերին։ Աշխատանքային գրաֆիկս փոխել չէի կարող, բայց այլ ելք գտա։ Երբ իմ բրիգադին բավարար անելիքով էի ապահովում, ու գործը չէր կանգնում, նրանք այնպես էին անում, որ իմ բացակայությունը չնկատվի հանգստյան օրերին։ Այդպես կարողանում էի այցելել ժողովներին։ Ինչքան գիտեմ, վերադասներս այդպես էլ չէին նկատել, որ ես բացակայում եմ շաբաթ-կիրակի օրերին։

ՈՒՐԱԽ՝ ՉՆԱՅԱԾ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ

Գուստավոն ելույթ է ներկայացնում 1994-ին կայացած մարզային համաժողովի ժամանակ։

Արգելքը հանվելուց հետո անցկացված առաջին համաժողովը, 1994

1994-ին Կուբայում քարոզչական գործը համակարգող եղբայրները բոլոր 80 շրջագայող վերակացուներիս հրավիրեցին Հավանայում կայանալիք հատուկ հանդիպման։ Մեզ համար մեծ ուրախություն էր այդքան տարիներ անց վերջապես նորից հանդիպել միմյանց։ Հանդիպման սկզբում քննարկվեցին որոշ կազմակերպական փոփոխություններ։ Իսկ հետո մի անսպասելի հայտարարություն հնչեց։ Եղբայրները ասացին, որ պատրաստվում են մեր անունները հայտնել իշխանություններին։ Ո՞րն էր դրա նպատակը։

Նրանք բացատրեցին, որ հանդիպել էին պետական պաշտոնյաների հետ՝ Եհովայի վկաների և կառավարության միջև հարաբերությունների բարելավման նպատակով։ Պաշտոնյաները խնդրել էին ներկայացնել բոլոր շրջագայող վերակացուների անունները։ Բոլորս էլ համաձայնեցինք, որ մեր անունները ներկայացվեն պետական իշխանություններին։ Այդուհետ նրանց հետ երկխոսությունները սկսեցին դրական արդյունքներ բերել։

Ի վերջո մեզ թույլ տրվեց ազատորեն հանդիպումներ անցկացնել և քարոզել, թեև մեր օրինական գրանցման հարցը դեռևս օրակարգում դրված չէր։ Հետագայում իմացանք, որ իշխանություններին արդեն իսկ հայտնի էին որոշ շրջագայող վերակացուների անուններ, և նրանք պարզապես ուզում էին, որ մենք հաստատենք այդ տեղեկությունը։

1994-ի սեպտեմբերին թույլտվություն ստացանք վերաբացելու մասնաճյուղը, ընդ որում՝ որպես մասնաճյուղ էր ծառայելու այն նույն շենքը, որը փակվել էր 20 տարի առաջ։

1996 թ.-ին ես ու Էմիլյան զանգ ստացանք. մեզ հրավիրում էին ծառայելու Բեթելում։ Այդ ցնցող անակնկալից ուշքի գալուց հետո եղբայրներին հիշեցրի, որ իմ երեխաներից երկուսը դեռևս իմ խնամքի տակ են, ու իմ առաջնային պարտականությունը նրանց հոգ տանելն է։ Եղբայրները մեր հանգամանքները դիտարկելուց հետո ասացին, որ այնուամենայնիվ կցանկանան՝ ծառայենք Բեթելում։ Մենք ընդունեցինք հրավերը և սկսեցինք պատրաստվել, որ ընտանիքով տեղափոխվենք Հավանա։

Համակցված նկարներ։ 1. Էմիլյան և մյուս քույրերը՝ Բեթելի կարի արհեստանոցում։ 2. Գուստավոն ելույթ է ներկայացնում համաժողովների սրահում։

(ձախ կողմում) Էմիլյան՝ Կուբայի մասնաճյուղի արհեստանոցում 2000-ականների սկզբներին

(աջ կողմում) Համաժողովների սրահի նվիրում, 2012

Անկեղծ ասած՝ սկզբում հաճույքով չէի անում Բեթելի ծառայությունը։ Քանի որ երկար տարիներ շրջագայական ծառայություն էի կատարել, սիրտս ու միտքս քարոզչական գործում էր։ Ինձ համար դժվար էր ողջ օրը նստել գրասեղանի առաջ։ Բայց մյուս բեթելցիները և հատկապես կինս ինձ շատ օգնեցին, որ փոխեմ վերաբերմունքս։ Ժամանակի ընթացքում ես վերագտա իմ ուրախությունը և հիմա մեծ սիրով եմ ծառայում Բեթելում։

Համակցված նկարներ։ 1. Գուստավոն, բեմում կանգնած, խոսքն ուղղում է քրիստոնյա զույգերի համար նախատեսված աստվածաշնչյան դպրոցի շրջանավարտներին, որոնք կանգնած են նրա հետևում։ 2. Գուստավոն՝ մասնաճյուղի կոմիտեի մյուս անդամների հետ։

(ձախ կողմում) Քրիստոնյա զույգերի համար նախատեսված աստվածաշնչյան դպրոցի ավարտական ծրագիր, 2013

(աջ կողմում) Կուբայի մասնաճյուղի կոմիտեն, 2013

Գուստավոն և Էմիլյան՝ իրենց դստեր և նրա ամուսնու հետ։

Շրջանային համաժողովի ժամանակ մեր դստեր և նրա ամուսնու հետ

Ես ու Էմիլյան այլևս երիտասարդ չենք, բայց մեր սիրտը լցվում է անասելի ուրախությամբ, երբ մտածում ենք այն բոլոր եղբայրների ու քույրերի մասին, որոնց այսքան տարիների ընթացքում պատիվ ենք ունեցել ճանաչելու և ծառայելու։ Մեզ մեծ ուրախություն է պատճառում նաև այն, որ մեր երեխաները և թոռները ծառայում են Եհովային։ Մենք նույն զգացումներն ունենք, ինչ տարեց Հովհաննես առաքյալը, ով ասաց. «Ուրախանալու ավելի մեծ պատճառ չունեմ, քան այն, որ լսում եմ՝ զավակներս շարունակում են քայլել ճշմարտության ուղով» (3 Հովհ. 4)։

Ես ու Էմիլյան արդեն գրեթե 30 տարի է՝ ծառայում ենք Բեթելում ու չնայած ծերության բերած դժվարություններին ու քաղցկեղի դեմ ամենօրյա պայքարին՝ ձգտում ենք լավագույնս անել մեր գործը։ Մեր երկարամյա ծառայության ընթացքում տարբեր դժվարությունների միջով ենք անցել, բայց ուրախ ենք, որ պատիվ ենք ունեցել այստեղ՝ Կուբա կղզում, մոտ 70 տարի շարունակ ծառայելու «երջանիկ Աստծուն» (1 Տիմոթ. 1։11; Սաղ. 97։1)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը