Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w25 սեպտեմբեր էջ 20–25
  • Օգնիր նրանց, ովքեր «տրամադրված են ընդունելու.... ճշմարտությունը»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Օգնիր նրանց, ովքեր «տրամադրված են ընդունելու.... ճշմարտությունը»
  • 2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԵՐԲ ՄԱՐԴԻԿ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
  • ԵՐԲ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՍԿՍՈՒՄ
  • ԵՐԲ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՂ ԱՆՀԱՏԸ ՀԱՃԱԽՈՒՄ Է ԺՈՂՈՎՆԵՐԻՆ
  • Համաժողովին կհնչեն հետևյալ հարցերի պատասխանները
    Շրջանային համաժողով շրջանային վերակացուի մասնակցությամբ. ծրագիր 2025–2026
  • Բարելավիր «սովորեցնելու վարպետությունդ»
    2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ուրախություն ստացիր ծառայությունից. ինչպե՞ս
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Որոշումներիցդ երևո՞ւմ է, որ ապավինում ես Եհովային
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
Ավելին
2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w25 սեպտեմբեր էջ 20–25

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 39

ԵՐԳ 54 «Սա՛ է ճանապարհը»

Օգնիր նրանց, ովքեր «տրամադրված են ընդունելու.... ճշմարտությունը»

«Բոլոր նրանք, ովքեր տրամադրված էին ընդունելու հավիտենական կյանքի առաջնորդող ճշմարտությունը, հավատացյալ դարձան» (ԳՈՐԾ. 13։48)։

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ

Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկենք մարդկանց և նրանց հրավիրենք մեր հանդիպումներին։

1. Մարդիկ ինչպե՞ս են արձագանքում բարի լուրին (Գործեր 13։47, 48; 16։14, 15)։

ԱՌԱՋԻՆ դարում շատ մարդիկ ճշմարտությունը լսելուն պես ընդունում էին այն (կարդա Գործեր 13։47, 48; 16։14, 15)։ Նմանապես այսօր մարդիկ ուրախանում են, երբ առաջին անգամ լսում են բարի լուրը։ Անգամ նրանք, ովքեր սկզբում չեն հետաքրքրվում Թագավորության մասին լուրով, գուցե հետագայում սրտանց ընդունեն այն։ Ի՞նչ պետք է անենք, երբ ծառայության ժամանակ հանդիպում ենք այնպիսի մարդկանց, ովքեր «տրամադրված են ընդունելու.... ճշմարտությունը»։

2. Ի՞նչ առումով է ուսուցանելու գործը նման այգեգործի աշխատանքին։

2 Ուսուցանելու գործը կարելի է նմանեցնել այգեգործի աշխատանքին։ Երբ պտուղը հասունանում է, այգեգործը ըստ ամենայնի քաղում է այն, նույնիսկ եթե իր այգու մեկ այլ հատվածում դեռ պիտի մշակի հողը կամ նոր բան ցանի։ Նույն ձևով էլ, երբ հանդիպում ենք մեկին, ով պատրաստ է ընդունել մեր հայտնած լուրը, ցանկանում ենք օգնել նրան հնարավորինս շուտ դառնալու Հիսուսի աշակերտ և միևնույն ժամանակ շարունակում ենք զարգացնել այն մարդկանց հետաքրքրությունը, ում ավելի շատ ժամանակ է պետք իրենց լսածի արժեքը հասկանալու համար (Հովհ. 4։35, 36)։ Խորաթափանցությունը կօգնի մեզ արդյունավետ մոտեցում ցուցաբերել մեր զրուցակիցների հանդեպ։ Հոդվածում կտեսնենք, թե ինչպես կարող ենք առաջին զրույցի ժամանակ օգնել այն մարդկանց, ովքեր պատրաստ են ընդունելու մեր հայտնած լուրը։ Նաև կիմանանք, թե ինչպես կարող ենք օգնել նրանց, որ շարունակեն հոգևորապես առաջադիմել։

ԵՐԲ ՄԱՐԴԻԿ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

3. Ի՞նչ մոտեցում պետք է ցուցաբերենք, երբ հանդիպում ենք ճշմարտությամբ հետաքրքրվող մարդու (1 Կորնթացիներ 9։26)։

3 Երբ ծառայության ժամանակ հանդիպում ենք ճշմարտությամբ հետաքրքրվող մարդկանց, ուզում ենք օգնել նրանց, որ հնարավորինս շուտ կանգնեն կյանքի տանող ճանապարհի վրա։ Ուստի հենց առաջին զրույցի ժամանակ չենք վարանում Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկել նրանց և հրավիրել մեր հանդիպումներին (կարդա 1 Կորնթացիներ 9։26)։

4. Ի՞նչ ենք սովորում պարբերության մեջ նշված դեպքից։

4 Ուսումնասիրություն առաջարկիր։ Ոմանք, ում մենք քարոզում ենք, պատրաստ են անմիջապես Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Օրինակ՝ Կանադայում ապրող մի երիտասարդ կին մի հինգշաբթի մոտեցավ գրականության ցուցատախտակին և վերցրեց «Վայելիր կյանքը հավիտյան» գրքույկը։ Ցուցատախտակի մոտ կանգնած քույրն ասաց, որ այդ գրքույկի օգնությամբ նա կարող է Աստվածաշունչ ուսումնասիրել։ Կինը հետաքրքրություն ցույց տվեց, և նրանք իրենց կոնտակտային տվյալները փոխանցեցին իրար։ Այդ օրը՝ ավելի ուշ, կինը տեքստային հաղորդագրություն ուղարկեց քրոջը՝ հարցնելով, թե երբ կարող են սկսել ուսումնասիրությունը։ Երբ քույրը առաջարկեց հանդիպել շաբաթ կամ կիրակի օրը, կինը պատասխանեց. «Իսկ եթե վաղը՞։ Վաղը ես ազատ եմ»։ Ուրբաթ օրը քույրը ուսումնասիրություն անցկացրեց նրա հետ։ Հենց այդ շաբաթ-կիրակի կինը առաջին անգամ գնաց ժողով և շարունակեց հոգևորապես արագ առաջադիմել։

5. Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկելիս ինչպե՞ս կարող ենք խորաթափանց լինել (տես նաև նկարները)։

5 Ինչ խոսք, մենք չենք ակնկալում, որ մեզ լսող բոլոր մարդիկ այդ կնոջ պես մեծ հետաքրքրություն ցույց կտան։ Ոմանց հետաքրքրությունը հարկավոր է զարգացնել։ Սկզբում գուցե կարիք կլինի տվյալ մարդու հետ զրուցել իրեն հուզող թեմայով։ Եթե մենք դրական տրամադրվածություն պահպանենք և հետաքրքրվենք նրանով, կարճ ժամանակ հետո մեզ գուցե հաջողվի ուսումնասիրություն սկսել նրա հետ։ Իսկ ի՞նչ կարող ենք ասել ուսումնասիրություն առաջարկելիս։ Այս հարցը ուղղվել է մի շարք եղբայրների ու քույրերի, որոնք հմտորեն Աստվածաշնչի ուսումնասիրություններ են սկսում։ Տեսնենք, թե նրանք ինչ են ասել։

Համակցված նկարներ։ 1. Երկու եղբայր զրուցում են մի մեծահասակ մարդու հետ, ով նստած է իր տան նախամուտքում։ 2. Երկու քույր զրուցում են մի կնոջ հետ, ով երեխաներ ունի։ Նրանք դռան առաջ ներկայացնում են «Վայելիր կյանքը հավիտյան» գրքույկը։ Կնոջ գրկին իր որդիներից մեկն է, իսկ կողքին կանգնած է մյուս որդին։

Ինչպե՞ս կարող ենք մարդկանց սրտում Աստվածաշունչն ուսումնասիրելու ցանկություն առաջացնել (տես պարբերություն 5)a


6. Ի՞նչ կարող ենք անել, որ բարի լուրով հետաքրքրվող անհատը ցանկանա շարունակել զրույցը։

6 Ռահվիրաները և մյուս քարոզիչները, ում ուսումնասիրություն սկսելու վերաբերյալ հարց է ուղղվել, ասել են, որ որոշ վայրերում ուսումնասիրություն առաջարկելիս լավ կլինի չօգտագործել, օրինակ՝ «ուսումնասիրություն», «Աստվածաշնչի դասընթաց» կամ «կսովորեցնեմ քեզ» բառերը և արտահայտությունները։ Նրանք նկատել են, որ դրանց փոխարեն կարելի է ասել «զրույց», «քննարկում» և «Աստվածաշնչից գիտելիքներ ձեռք բերել»։ Զրույցը շարունակելու և մարդու հետաքրքրությունը զարգացնելու համար կարող ես ասել՝ «Զարմանալի է, թե ինչպես է Աստվածաշունչը պատասխանում կյանքի վերաբերյալ կարևոր հարցերին», կամ «Աստվածաշունչը պարզապես կրոնական գիրք չէ, այն մեզ գործնական խորհուրդներ է տալիս»։ Նաև կարող ես ավելացնել. «Ուսումնասիրությունը երկար ժամանակ չի խլի ձեզանից։ 10-15 րոպեն բավարար է մի արժեքավոր բան իմանալու համար»։ Եվ այս ամենը ասելիս կարիք չկա օգտագործել «պայմանավորվածություն» կամ «ամեն շաբաթ» բառերը, որոնք պարտավորություն են ենթադրում։

7. Ե՞րբ են ոմանք հասկացել, որ իրենց լսածը ճշմարտությունն է (1 Կորնթացիներ 14։23-25)։

7 Հրավիրիր հանդիպումներին։ Հավանաբար, Պողոս առաքյալի օրերում ոմանք հասկացել էին, որ իրենց լսածը ճշմարտությունն է, երբ գնացել էին հանդիպման (կարդա 1 Կորնթացիներ 14։23-25)։ Նույնը հաճախ այսօր է լինում։ Ուսումնասիրողներից շատերը ավելի արագ են առաջադիմում, երբ սկսում են հաճախել մեր հանդիպումներին։ Ե՞րբ արժե նրանց հրավիրել։ «Վայելիր կյանքը հավիտյան» գրքում ժողով հրավիրելու մասին խոսվում է 10-րդ դասում, բայց կարիք չկա սպասելու, մինչև կհասնեք այդ դասին։ Հենց առաջին զրույցի ժամանակ կարող ես զրուցակցիդ հրավիրել շաբաթավերջի հանդիպմանը՝ թերևս նշելով հանրային ելույթի վերնագիրը կամ այդ շաբաթ ուսումնասիրվելիք «Դիտարանից» մի միտք։

8. Ժողովի հրավիրելիս ինչի՞ մասին կարող ենք պատմել հետաքրքրվող մարդուն (Եսայիա 54։13)։

8 Հետաքրքրվող մարդուն ժողովի հրավիրելիս բացատրիր, թե մեր հանդիպումներն ինչով են տարբերվում կրոնական արարողություններից, որոնց նա գուցե ներկա է եղել։ Երբ Աստվածաշունչն ուսումնասիրող մի կին առաջին անգամ ներկա եղավ «Դիտարանի» ուսումնասիրությանը, հարցրեց իրեն ուսուցանող քրոջը. «Անցկացնողը բոլորի անունները գիտի՞»։ Քույրը բացատրեց, որ բոլորս ձգտում ենք իմանալ մեր ժողովում ծառայող հավատակիցների անունները, ինչպես որ գիտենք մեր ընտանիքի անդամների անունները։ Դա միանգամայն տարբերվում էր նրանից, ինչ այդ կինը տեսել էր եկեղեցում։ Հետաքրքրվող անհատին կարող ենք բացատրել, որ մեր հանդիպումները մեկ այլ առումով էլ են տարբերվում (կարդա Եսայիա 54։13)։ Մենք հավաքվում ենք, որ երկրպագենք Եհովային, սովորենք նրանից և քաջալերենք միմյանց (Եբր. 2։12; 10։24, 25)։ Ուստի մեր հանդիպումները կազմակերպված են ու գործնական, և դրանց ժամանակ ծեսեր չեն կատարվում (1 Կորնթ. 14։40)։ Մեր Թագավորության սրահները լավ լուսավորված են, քանի որ այնտեղ գնում ենք սովորելու նպատակով։ Մենք երբեք քաղաքական որևէ կուսակցության թիկունք չենք կանգնում և չենք մասնակցում բանավեճերի, քանի որ քաղաքական հարցերում չեզոք ենք։ Օգտակար կլինի հետաքրքրվող անհատին նախապես ցույց տալ «Ի՞նչ են անում Թագավորության սրահում» տեսանյութը, որը կօգնի նրան ճիշտ ակնկալիքներ ունենալ։

9-10. Մարդուն հանդիպմանը հրավիրելիս ինչպե՞ս կարող ենք հավաստիացնել, որ ներկա լինելով՝ նա չի պարտավորվում անդամակցել մեր կրոնին (տես նաև նկարը)։

9 Ոմանք վարանում են գալ մեր հանդիպումներին, որովհետև վախենում են, որ կհամոզենք նրանց դավանափոխ լինել։ Հավաստիացրու հետաքրքրվողին, որ մենք սիրում ենք հյուրեր ընդունել և որ չենք ստիպում նրանց անդամակցել մեր կրոնին կամ մասնակցել հանդիպմանը։ Մեր հանդիպումներին հաճախում են նաև ընտանիքներ, այդ թվում՝ երեխաներ։ Երեխաներին առանձին խմբերում չեն կրթում։ Նրանք նստում են իրենց ծնողների հետ և միասին ուսուցանվում։ Այդպես ծնողները անտեղյակ չեն լինում, թե որտեղ են իրենց երեխաները, և թե ինչ են սովորում (2 Օրենք 31։12)։ Մենք դրամահավաք չենք անում և ոչ էլ նվիրատվության ծրարներ ենք փոխանցում։ Փոխարենը հետևում ենք Հիսուսի հետևյալ պատվերին. «Ձրի ստացել եք, ձրի էլ տվեք» (Մատթ. 10։8)։ Հետաքրքրվողին կարելի է նաև ասել, որ հանդիպմանը ճոխ հագուստով գալու անհրաժեշտություն չկա։ Աստված նայում է սրտին, ոչ թե արտաքինին (1 Սամ. 16։7)։

10 Երբ հյուրդ գալիս է ժողով, այնպիսի մթնոլորտ ստեղծիր, որ նա իրեն լավ զգա։ Ծանոթացրու նրան երեցների և մյուս քարոզիչների հետ։ Եթե նա իրեն զգա ինչպես տանը, կցանկանա կրկին գալ։ Եթե նա չունի Աստվածաշունչ կամ քննարկվող հրատարակությունը, քո Աստվածաշնչից ցույց տուր ելույթում նշվող համարները և քննարկվող հրատարակության քո օրինակը այնպես պահիր, որ նա հետևի քննարկմանը։

Եղբայրներն ու քույրերը Թագավորության սրահում ջերմորեն ողջունում են նախորդ նկարում պատկերված կնոջը։ Նրա մի տղան իր գրկին է, իսկ մյուս տղան խոսում է մեկ այլ տղայի հետ։

Որքան շուտ անհատը հաճախի հանդիպումներին, այնքան շուտ օգուտներ կքաղի դրանցից (տես պարբերություններ 9-10)


ԵՐԲ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՍԿՍՈՒՄ

11. Ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ գնահատում ես զրուցակցիդ ժամանակը և հաշվի առնում նրա գրաֆիկը։

11 Ի՞նչ պետք է հիշենք, երբ Աստվածաշնչի ուսումնասիրություն ենք անցկացնում։ Գնահատիր ուսումնասիրողի ժամանակը և հաշվի առ նրա գրաֆիկը։ Եթե կոնկրետ ժամ եք պայմանավորվել, ժամանակի՛ն եղիր այնտեղ՝ անկախ նրանից, թե ձեր տարածքում ինչպես են վերաբերվում ճշտապահությանը։ Բացի այդ՝ լավ կլինի, որ առաջին ուսումնասիրությունը կարճ տևի։ Որոշ փորձառու քարոզիչներ առաջարկում են շուտ ավարտել ուսումնասիրությունը, անգամ եթե անհատը այդ պահին ցանկանում է ավելին իմանալ։ Ուսումնասիրության ընթացքում շատ մի՛ խոսիր և թույլ տուր, որ ուսումնասիրողը արտահայտի իր մտքերն ու զգացումները (Առակ. 10։19)։

12. Ուսումնասիրություն անցկացնելիս ո՞րը պետք է լինի մեր նպատակը։

12 Ուսումնասիրության առաջին իսկ օրվանից քո նպատակը պետք է լինի օգնել ուսումնասիրողին ճանաչել Եհովային և Հիսուսին ու սեր զարգացնել նրանց հանդեպ։ Դա կարող ես անել՝ նրա ուշադրությունը կենտրոնացնելով Աստծու Խոսքի վրա, ոչ թե քո և Աստվածաշնչի վերաբերյալ քո գիտելիքների (Գործ. 10։25, 26)։ Պողոս առաքյալը լավ օրինակ է այս հարցում։ Սովորեցնելիս նա կենտրոնանում էր Հիսուս Քրիստոսի վրա, ում Եհովան ուղարկել էր, որպեսզի իմանանք իր մասին և սիրենք իրեն (1 Կորնթ. 2։1, 2)։ Պողոսը նաև հստակ ցույց էր տալիս, թե որքան կարևոր է օգնել նոր աշակերտներին լավ հատկություններ զարգացնել, որոնք համեմատվում են ոսկու, արծաթի և թանկարժեք քարերի հետ (1 Կորնթ. 3։11-15)։ Այդ գեղեցիկ հատկություններից են հավատը, իմաստությունը, խորաթափանցությունը և աստվածավախությունը (Սաղ. 19։9, 10; Առակ. 3։13-15; 1 Պետ. 1։7)։ Ընդօրինակիր Պողոսի սովորեցնելու մեթոդը՝ օգնելով ուսումնասիրողին զարգացնելու ամուր հավատ և ջերմ հարաբերություններ իր սիրառատ երկնային Հոր հետ (2 Կորնթ. 1։24)։

13. Ինչպե՞ս կարող ենք համբերություն և հասկացողություն ցուցաբերել հետաքրքրվող մարդուն օգնելիս (2 Կորնթացիներ 10։4, 5; տես նաև նկարը)։

13 Հիսուսի պես՝ սովորեցնելիս համբերություն և հասկացողություն ցուցաբերիր։ Անհարմար վիճակի մեջ դնող հարցեր մի՛ տուր։ Եթե տեսնում ես, որ նա դժվարանում է որևէ միտք հասկանալ, մի՛ շարունակիր քննարկել այդ թեման։ Դու կարող ես դրան անդրադառնալ մեկ ուրիշ անգամ։ Մի՛ փորձիր ստիպել նրան, որ ընդունի որևէ ուսմունք, եթե նա դեռ պատրաստ չէ դրան։ Թույլ տուր, որ ժամանակ անցնի, և այդ ճշմարտությունը արմատներ գցի նրա սրտում (Հովհ. 16։12; Կող. 2։6, 7)։ Աստվածաշունչն ասում է, որ կեղծ ուսմունքները նման են հզոր ամրությունների, որոնք պետք է քանդենք (կարդա 2 Կորնթացիներ 10։4, 5)։ Սակայն ուսումնասիրողի համար գուցե հեշտ չլինի միանգամից հրաժարվել իր սրտին հարազատ հավատալիքներից, ուստի հարկավոր է օգնել նրան, որ Եհովային դարձնի իր Ապավենը (Սաղ. 91։9)։

Երկու եղբայր «Վայելիր կյանքը հավիտյան» գրքով ուսումնասիրություն են անցկացնում նախորդ նկարում պատկերված մեծահասակ տղամարդու հետ։ Պահարանի վրա դրված են նրա զինվորական շքանշանները։

Թույլ տուր, որ ժամանակ անցնի, և ճշմարտությունը արմատներ գցի ուսումնասիրողի սրտում (տես պարբերություն 13)


ԵՐԲ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՂ ԱՆՀԱՏԸ ՀԱՃԱԽՈՒՄ Է ԺՈՂՈՎՆԵՐԻՆ

14. Ինչպե՞ս պետք է վերաբերվենք նրանց, ովքեր նոր են սկսել հաճախել ժողով։

14 Եհովան ակնկալում է, որ անկողմնակալ լինենք նորեկների հանդեպ՝ անկախ նրանից, թե ինչ մշակույթ, սոցիալական կարգավիճակ կամ ծագում ունեն (Հակ. 2։1-4, 9)։ Ինչպե՞ս կարող ենք սեր դրսևորել նրանց նկատմամբ, ովքեր նոր են սկսել հաճախել մեր հանդիպումներին։

15-16. Ինչպե՞ս կարող ենք օգնել նորեկներին, որ իրենց լավ զգան ժողովում։

15 Որոշ մարդիկ գալիս են մեր ժողովներ՝ հնարավոր է պարզապես հետաքրքրասիրությունից մղված, կամ ուրիշ վայրում ապրող մեկն է նրանց հորդորել գալ։ Ուստի մենք չպետք է վարանենք մոտենալ այդպիսի մարդուն։ Ողջունիր նրան առանց չափազանց մեծ ոգևորություն արտահայտելու։ Առաջարկիր նստել կողքիդ։ Պահիր քո Աստվածաշունչը կամ ուսումնասիրվելիք հրատարակությունը այնպես, որ նա հետևի, կամ նրան տուր Աստվածաշունչ և այդ հրատարակության մի օրինակ։ Նաև հաշվի առ նրա զգացումները։ Թագավորության սրահ եկած մի տղամարդ ասաց իրեն դիմավորող եղբորը, որ լարված է, քանի որ առօրյա հագուստով է եկել։ Եղբայրն այնպես արեց, որ տղամարդն իրեն հանգիստ զգա, և բացատրեց, որ Եհովայի վկաները հասարակ մարդիկ են։ Այդ մարդը, որն ի վերջո հոգևորապես առաջադիմեց ու մկրտվեց, երբեք չմոռացավ եղբոր արձագանքը։ Սակայն հիշենք, որ հանդիպումից առաջ և հետո հյուրերի հետ զրուցելիս թեև պետք է հետաքրքրություն ցույց տանք նրանց հանդեպ, բայց պետք է նաև զգույշ լինենք, որ չխառնվենք նրանց անձնական գործերին (1 Պետ. 4։15)։

16 Մենք կարող ենք նաև այնպես անել, որ մեր հյուրերը իրենց լավ զգան, երբ զրուցում ենք, մեկնաբանություններ ենք անում և բեմից ելույթներ անում ոչ Վկաների կամ նրանց հավատալիքների մասին։ Մի՛ արա այնպիսի արտահայտություններ, որոնք կվիրավորեն նրանց, կամ որոնց պատճառով հանդիպմանը գալու նրանց ցանկությունը կմարի (Տիտոս 2։8; 3։2)։ Մենք երբեք արհամարհանքով չենք խոսի այլադավան մարդկանց հավատալիքների մասին (2 Կորնթ. 6։3)։ Այս հարցում հատկապես ուշադիր պետք է լինեն այն եղբայրները, ովքեր ելույթներ են ներկայացնում։ Նրանք պիտի հիշեն, որ լսարանում կան ոչ Վկաներ, և բացատրեն այն բառերն ու գաղափարները, որոնք հանրությանը ծանոթ չեն։

17. Ո՞րը պետք է լինի մեր նպատակը, երբ քարոզելիս հանդիպում ենք այնպիսի մարդկանց, ովքեր «տրամադրված են ընդունելու.... ճշմարտությունը»։

17 Ամեն անցնող օրվա հետ քարոզչական գործն ավելի հրատապ է դառնում, և մենք շարունակում ենք հանդիպել այնպիսի մարդկանց, ովքեր «տրամադրված են ընդունելու հավիտենական կյանքի առաջնորդող ճշմարտությունը» (Գործ. 13։48)։ Այդ մարդկանց չպիտի վարանենք Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկել կամ հրավիրել ժողով։ Այդպես կօգնենք նրանց ոտք դնել այն ճանապարհի վրա, որը «դեպի կյանք է տանում» (Մատթ. 7։14)։

Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ

  • Ինչպե՞ս կարող ենք առաջին զրույցի ժամանակ օգնել նրանց, ովքեր «տրամադրված են ընդունելու.... ճշմարտությունը»։

  • Ո՞ր խորհուրդները կարող ենք կիրառել, երբ Աստվածաշնչի ուսումնասիրություն ենք սկսում։

  • Ինչպե՞ս կարող ենք օգնել նորեկներին, որ իրենց լավ զգան, երբ հաճախում են մեր հանդիպումներին։

ԵՐԳ 64 Ուրախությամբ մասնակցենք հնձին

a ՆԿԱՐ։ Երկու եղբայր զրուցում են թոշակի անցած մի զինվորականի հետ, ով հանգստանում է՝ իր տան նախամուտքում նստած։ Երկու քույր կարճ զրույց են ունենում մի զբաղված կնոջ հետ, ով երեխաներ ունի։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը