ՕԳՈՍՏՈՍԻ 24-30, 2026
ԵՐԳ 65 Միշտ առա՛ջ
Քարոզչական խմբեր. ինչո՞վ են դրանք օգտակար
«Ամբողջ սրտով ես կգովերգեմ Եհովային ուղղամիտների մեջ՝ նրանց ժողովում» (ՍԱՂ. 111։1)։
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ
Քարոզչական խմբերը ինչ օգուտներ են բերում քարոզիչներին։
1-2. Ի՞նչ են ասում ոմանք քարոզչական խմբերի մասին։
ՀԻՇՈ՞ՒՄ ԵՍ այն օրը, երբ դու բարի լուրի քարոզիչ դարձար։ Այդ օրը դու միացար Եհովայի անունը գովաբանողների ահռելի խմբին (Սաղ. 148։1, 2, 12, 13)։ Բայց նաև թերևս միացար ավելի փոքր մի խմբի՝ քարոզչական ծառայության խմբին, որում ընդգրկված են ձեր ժողովի եղբայրներից ու քույրերից միայն մի քանիսը։ Քարոզչական խմբերը շատ կարևոր դեր ունեն։ Դրանք օգնում են մեզ կատարել Թագավորության մասին բարի լուրը «ամբողջ աշխարհում» քարոզելու մեր հանձնարարությունը (Մատթ. 24։14)։
2 Ինչպե՞ս ես վերաբերվում մեզ տրամադրված այդ միջոցին։ Ուենդիa անունով մի քույր ասում է. «Իմ քարոզչական խմբի շնորհիվ ծառայության մեջ շատ հարցերում եմ բարելավվել։ Քարոզելու և ուսուցանելու նոր հմտություններ եմ սովորել մյուսներից։ Նրանց օգնությամբ սովորել եմ հոգևոր նպատակներ դնել ու հասնել դրանց։ Նաև հավատարիմ ընկերներ եմ ձեռք բերել»։ Ռիչ անունով մի եղբայր էլ ասում է. «Ինձ համար խմբի վերակացու ծառայելը մեծ պատիվ է և պատասխանատվություն։ Եթե քարոզիչը օգնում է մարդուն առաջադիմել ու հասնել մկրտության, ապա խմբի վերակացուն յուրահատուկ հնարավորություն ունի օգնելու այդ մարդուն մկրտությունից հետո հետագա տարիներին էլ հոգևորապես առաջադիմել»։ Իսկ Դինա անունով մի քույր նշում է. «Հրաշալի է, որ կան քարոզչական խմբեր։ Իմ խումբը ինձ համար ասես ընտանիք լինի»։
3. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
3 Այս հոդվածում նախ կտեսնենք, թե ինչ պատասխանատվություններ ունեն խմբի վերակացուն ու նրա օգնականը, և թե ինչպես են նրանք հոգում իրենց խմբի քարոզիչների մասին։ Հետո կիմանանք, թե ամեն մեկս ինչ ներդրում կարող է ունենալ քարոզչական խմբում։ Եվ վերջում կտեսնենք, թե այն ինչ օգուտներ կարող է բերել մեզ։
ԽՄԲԻ ՎԵՐԱԿԱՑՈՒԻ ԵՎ ՆՐԱ ՕԳՆԱԿԱՆԻ ԴԵՐԸ
4. ա) Ո՞րն է խմբի վերակացուի հիմնական պարտականությունը։ բ) Ինչպե՞ս է նա կատարում այդ պարտականությունը (տես «Առաջարկներ խմբի վերակացուի համար» շրջանակը)։
4 Քարոզչական ծառայության խմբի վերակացուն երեցների խորհրդի կողմից նշանակված երեցb է, որի գլխավոր պարտականությունն է օգնել մի խումբ քարոզիչների հոգևորապես առաջադիմել։ Ինչպե՞ս է նա կատարում իր այդ դերը։ Նախ՝ ակտիվորեն հետաքրքրվում է իր խմբի յուրաքանչյուր անհատի բարօրությամբ (Առակ. 27։23)։ Որպես ուշադիր և հոգատար հովիվ՝ նա միշտ կապ է պահում նրանց հետ։ Այդպիսով կարողանում է հոգևորապես քաջալերել, զգացական աջակցություն ցույց տալ և օգնել տարբեր գործնական կերպերով (Առակ. 12։25; Ես. 32։2; Հակ. 2։15-17)։ Երկրորդ՝ օգնում է յուրաքանչյուր քարոզչի ակտիվ լինել ծառայության մեջ։ Նա լավ օրինակ է թողնում մյուսներին՝ եռանդորեն մասնակցելով ծառայությանը, հատկապես շաբաթ ու կիրակի օրերին։ Նաև կանոնավորաբար համագործակցում է յուրաքանչյուր քարոզչի հետ, որ քաջալերի և կրթի նրան։ Եթե հազվադեպ դեպքերում նա չի կարողանում գալ քարոզչական հանդիպման կամ ծառայել խմբի հետ, իր օգնականին կամ մեկ այլ համապատասխան մկրտված քարոզչի է խնդրում հոգալ խմբի մասին։ Երրորդ՝ մկրտված եղբայրներին օգնում է առաջադիմել՝ ժողովում հավելյալ պատասխանատվություններ ստանձնելու համար (1 Տիմոթ. 3։1)։ Նա անկեղծորեն գովում է նրանց, Աստվածաշնչի վրա հիմնված խորհուրդներ տալիս և կանոնավորաբար ուսուցանում, որ համապատասխանեն ծառայող օգնական կամ երեց ծառայելու պահանջներին։ Խմբի վերակացուի դերը անչափ կարևոր է, ուստի երեցների խորհուրդը ընտրում է այն երեցներին, ովքեր լավագույնս կկատարեն այդ դերը։
5. Ի՞նչ դժվարությունների են բախվում խմբերի վերակացուները։
5 Որոշ դժվարություններ գուցե խանգարեն խմբի վերակացուին լավ կատարել իր դերը։ Յորքը, ով Գերմանիայում ծառայում է որպես խմբի վերակացու և շատ երեցների պես՝ ժողովում մի շարք այլ պարտականություններ էլ ունի, ասում է. «Հեշտ չէ համատեղել բոլոր պարտականություններս։ Դրա համար էլ, թեև նպատակ եմ դրել կապ պահել իմ խմբի բոլոր քարոզիչների հետ, միշտ չէ որ հասցնում եմ դա անել»։ Իսկ Աբելը՝ Ուգանդայից 70-ամյա մի երեց, ասում է. «Քանի որ մեր ժողովում երեցներն ու ծառայող օգնականները քիչ են, քարոզչական ծառայության խմբերը բավականին մեծ են։ Ուստի դժվարանում եմ բավարար ուշադրություն դարձնել ու քաջալերել ամեն քարոզչի այնքան հաճախ, որքան կուզեի»։ Օբեդ անունով մեկ ուրիշ երեց էլ, ով ծառայում է Սուրինամում, այլ դժվարություն է նշում. «Ես սիրով եմ ուսուցանում ուրիշներին։ Բայց դրա համար շատ ուժ ու ժամանակ է պահանջվում, և արդյունքները երբեմն միանգամից չեն երևում։ Այդ պատճառով ուսուցանելու գործը շատ հաճախ հետին պլան է մղվում»։ Նման իրավիճակներում ի՞նչը կարող է օգնել խմբերի վերակացուներին։
6. Երբ քարոզչական ծառայության խմբերը փոքր են լինում, ինչպե՞ս է դա հեշտացնում խմբի վերակացուի գործը։
6 Հնարավորության դեպքում քարոզչական ծառայության խմբերը պետք է փոքր լինեն, որպեսզի խմբերի վերակացուները կարողանան լավ ճանաչել իրենց խմբի բոլոր քարոզիչներին և օգնեն նրանց հոգևորապես ամուր մնալ։ Չէ՞ որ նրանց կարևորագույն պատասխանատվությունը եղբայրների ու քույրերի մասին հոգալն է։ Եթե անգամ ժողովում երեցները քիչ են, պետք չէ մեծ խմբեր կազմավորել, քանի որ այդ դեպքում խմբերի վերակացուները ի վիճակի չեն լինի լիարժեք կատարելու իրենց դերը։ Փոխարենը երեցների խորհուրդը կարող է ժամանակավորապես ծառայող օգնականի նշանակել խմբին հոգ տանելու համար։
7. Քիչ երեցներ ունեցող ժողովներում խմբերի վերակացուները ի՞նչ կարող են անել, որ իրենց խմբի բոլոր քարոզիչների մասին լավագույնս հոգ տարվի (1 Պետրոս 5։2; տես նաև նկարը)։
7 Եթե խմբի վերակացու ես և ծառայում ես մի ժողովում, որտեղ երեցները քիչ են, օգնականիդ ուսուցանելուն հատուկ ուշադրություն դարձրու, որպեսզի նա էլ օգնի քեզ ու մյուս երեցներին Աստծու հոտին հոգ տանելու հարցում (կարդա 1 Պետրոս 5։2)։ Որոշ գործեր օգնականիդ հանձնարարիր։ Օրինակ՝ պարբերաբար նրան խնդրիր անցկացնել քարոզչական ծառայության հանդիպումը և կազմակերպել ծառայությունը։ Միասին աղոթեք ու քննարկեք, թե խմբի քարոզիչները ինչ հարցերում օգնության կարիք ունեն, և ինչպես կարող եք աջակցել յուրաքանչյուրին։ Նրան հաճախ տար հովվական այցելությունների և ամեն այցից առաջ բացատրիր ձեր անելիքը, իսկ այցից հետո նշիր՝ ինչը լավ ստացվեց, և ինչը արժե բարելավել։ Այդպես ժամանակի ընթացքում քո օգնականն էլ թերևս կհամապատասխանի խմբի վերակացու ծառայելու պահանջներին (2 Տիմոթ. 2։2)։ Խմբի մյուս անդամներին ուսուցանելու հարցում կարող ես դիմել նաև հասուն քարոզիչների օգնությանը։ Ռահվիրաները և այլ փորձառու քարոզիչներ կարող են համագործակցել նորերի ու քիչ փորձ ունեցողների հետ։ Այդպիսի հասուն քարոզիչները կարող են օգնել մյուսներին բարելավվել զրույց սկսելու, վերայցելություններ անելու և Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելու հարցում։ Իսկ հիմա դիտարկենք, թե ամեն մեկս ինչ երեք կերպերով կարող է ներդրում ունենալ իր քարոզչական ծառայության խմբում։
Երեցը կարող է ծառայող օգնականին կրթել քարոզչական խմբում, օրինակ, խնդրելով, որ նա անցկացնի քարոզչական ծառայության հանդիպումը (տես պարբերություն 7)
ՔՈ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԽՄԲՈՒՄ
8. Ինչպե՞ս կարող ենք յուրաքանչյուրս ներդրում ունենալ մեր քարոզչական խմբում (Հռոմեացիներ 1։12)։
8 Ներգրավված եղիր։ Որպեսզի «քաջալերվենք մեկս մյուսիս հավատով», շատ կարևոր է՝ ներկա լինենք քարոզչական հանդիպումներին և ծառայենք մյուսների հետ (կարդա Հռոմեացիներ 1։12)։ Խմբով ծառայելը ապահովության զգացում է տալիս և վստահություն է ներշնչում։ Եթե աշխատանքի բերումով հաճախ չես կարողանում լիարժեք ներգրավվել խմբիդ գործունեության մեջ, թերևս որոշես խոսել քո գործատիրոջ հետ, որ փոխի աշխատանքային գրաֆիկդ։ Գուցե նրա արձագանքը հաճելիորեն զարմացնի քեզ (Նեեմ. 2։4-6)։ Եթե վատ առողջության կամ տարիքի պատճառով դժվարանում ես ֆիզիկապես ներկա լինել հանդիպմանը, խոսիր քո խմբի վերակացուի հետ, և նա թերևս կարողանա միջոցներ ձեռնարկել, որ տեսակապով միանաս հանդիպմանը և մասնակցես նամակագրությամբ կամ հեռախոսով քարոզելուն։ Իսկ եթե դու երիտասարդ ես և լավ առողջություն ունես, բայց, միևնույն է, դժվարանում ես կանոնավոր դուրս գալ ծառայության, այդ դեպքում օգտակար կլինի, եթե ամեն շաբաթ խմբից որևէ մեկի հետ պայմանավորվես ու ծառայես։ Գուցե նաև կարիք լինի, որ վերանայես առաջնահերթություններդ և այն, թե ինչպես ես տնօրինում ժամանակդ (Հռոմ. 12։11; Կող. 4։5)։ Այս հարցում արժե՛ ամեն ջանք թափել։ Եհովայից օգնություն խնդրիր։ Նա կարող է քեզ տալ «գործելու թե՛ ցանկություն, թե՛ ուժ» (Փիլիպ. 2։13)։
9. Ի՞նչ կարող ենք անել, որ մեր քարոզչական խմբում ջերմ ու հաճելի մթնոլորտ տիրի (Հռոմեացիներ 12։13)։
9 Հյուրասեր եղիր։ «Հյուրասեր լինելը սովորություն դարձնելով»՝ նպաստում ենք, որ մեր քարոզչական խմբում ջերմ ու հաճելի մթնոլորտ տիրի (կարդա Հռոմեացիներ 12։13)։ Օրինակ՝ կարող ես հյուրասեր լինել՝ առաջարկելով քո տունը քարոզչական ծառայության հանդիպումների համար։ Կամ էլ կարող ես ներդրում ունենալ հանրային ելույթով եկած եղբորը հյուրասիրելու գործում։ Որոշ ժողովներում խմբերը հերթով այդպիսի հյուրասիրություն են կազմակերպում։ Անկախ նրանից՝ եղբայրը կկարողանա ներկա լինել, թե ոչ, այն խումբը, որի հյուրասիրության հերթն է, միևնույն է, կարող է հավաքվել մի բան ուտելու և քաջալերական շփում վայելելու։ Սառա անունով մի հատուկ ռահվիրա հյուրասիրության մասին ասում է. «Հյուրեր ընդունելիս միշտ լարվում եմ։ Դրա համար էլ աշխատում եմ պարզ բան հյուրասիրել։ Փոխանակ չափից շատ անհանգստանալու ուտելիքի համար՝ փորձում եմ կենտրոնանալ ուրիշներին ճանաչելու վրա»։ Երբ ջանում ենք ջերմ ընտանեկան մթնոլորտ ստեղծել մեր քարոզչական խմբում, ավելի ենք մտերմանում թե՛ միմյանց, թե՛ Եհովայի հետ (Նեեմ. 8։10; Գործ. 20։35)։
10. Ի՞նչ կարող ես անել, եթե ցանկանում ես բարելավվել ծառայության որևէ բնագավառում (Առակներ 1։5; 27։17; տես նաև նկարը)։
10 Նախաձեռնություն վերցրու։ Ինչքան հմուտ լինես քարոզելու և ուսուցանելու գործում, այնքան ավելի հաճույքով կծառայես քո խմբի հետ։ Կա՞ ծառայության որևէ բնագավառ, որում ցանկանում ես բարելավվել։ Կարող ես նախաձեռնություն վերցնել և այդ նպատակիդ մասին տեղեկացնել քո խմբի վերակացուին։ Նա թերևս կկարողանա օգնել քեզ հասնելու դրան։ Կարող ես նաև խնդրել ձեր խմբից որևէ մեկին, միգուցե որևէ ռահվիրայի կամ մեկ այլ փորձառու քարոզչի օգնել քեզ այդ հարցում (կարդա Առակներ 1։5; 27։17)։ Հեդեր անունով մի քույր, ով ամաչկոտ էր, պատմում է, թե ինչպես նախաձեռնություն վերցրեց և օգնության դիմեց. «Ես մի ռահվիրա քրոջ խնդրեցի օգնել ինձ վերայցելությունների հարցում։ Նա շատ սիրալիր էր ու բարի և կանոնավորաբար ժամանակ էր տրամադրում, որ ծառայի ինձ հետ։ Նա նույնիսկ օգնեց ինձ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել մի անհատի հետ, ում վերայցելում էի։ Շատ ուրախ եմ, որ օգնության դիմեցի, քանի որ դրա շնորհիվ այժմ մեծ հաճույքով եմ մասնակցում ծառայությանը»։ Իրոք որ, կարող ենք շատ կերպերով ներդրում ունենալ մեր քարոզչական ծառայության խմբում։
Երբ քարոզչական խումբը փոքր է լինում, բոլորը կարողանում են լավ ճանաչել իրար և ծառայել իրար հետ (տես պարբերություն 10)
ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԿԱՐՈՂ Է ԲԵՐԵԼ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՒՄԲԸ
11-12. Ի՞նչ հոգևոր օգնություն կարող ենք ստանալ քարոզչական ծառայության խմբում։ Պատմիր այդպիսի օրինակ։
11 Հոգևոր օգնություն։ Քարոզչական ծառայության խումբը կարող է հոգևոր օգնության աղբյուր լինել մեզ համար։ Օրինակ՝ նրանք, ում Եհովան հատուկ հոգատարությամբ է վերաբերվում՝ որբերը, այրիները, տարեցները, հովվական այցերի շնորհիվ ժամանակահարմար քաջալերանք և մխիթարություն են ստանում (1 Թեսաղ. 2։8; Հակ. 1։27)։ Նաև բոլորս անհրաժեշտ կրթություն ենք ստանում, որ հմտանանք քարոզելու և ուսուցանելու գործի տարբեր ոլորտներում։ Օրինակելի մկրտված եղբայրներին էլ համապատասխան օգնություն է տրամադրվում, որ նրանք կարողանան ժողովում հավելյալ պատասխանատվություններ ստանձնել (1 Տիմոթ. 3։10)։
12 Ուենդին, ում մասին արդեն խոսվել է այս հոդվածում, պատմում է, թե ինչ օգնություն է ստացել քարոզչական ծառայության խմբում. «Հայրս դեմ էր ճշմարտությանը, ուստի հանգստյան օրերին մայրս հաճախ չէր կարողանում գնալ քարոզչական ծառայության հանդիպման։ Բայց քանի որ ինձ ոչ ոք չէր արգելում, ես գնում էի։ Տարիքով ավելի մեծ ռահվիրա մի քույր ինձ իր թևի տակ առավ և օգտակար բաներ սովորեցրեց, որպեսզի հմտանամ ծառայության մեջ և ավելին անեմ ժողովում։ Նաև մի քանի անգամ ինձ օգնեց խմբի վերակացուն՝ ջերմորեն տալով Աստվածաշնչի վրա հիմնված խորհուրդներ, որոնք մինչ օրս էլ օգուտ են բերում ինձ»։
13. Ի՞նչ զգացական օգնություն ենք ստանում, երբ ներգրավված ենք լինում քարոզչական խմբի գործունեության մեջ (տես նաև նկարը)։
13 Զգացական օգնություն։ Մեր խմբի քարոզիչների հետ «կողք կողքի» ծառայելով՝ նրանց հետ ջերմ ընկերական կապեր ենք հաստատում (Փիլիպ. 1։27)։ Քարոզչական խմբի փոքրաթիվ լինելը նպաստում է, որ նրանք, ովքեր ամաչկոտ են կամ լարվում են շատ մարդկանց շրջապատում, ավելի հեշտությամբ ընկերներ գտնեն (2 Կորնթ. 6։13)։ Այդ ընկերները կարող են մեզ համար թև ու թիկունք լինել դժվար պահերին, օրինակ, երբ հիվանդ ենք, ընկճված ենք կամ հարազատ ենք կորցրել (1 Թեսաղ. 5։14)։ Ապագայում մենք լավ ընկերների կարիք հաստատ ավելի շատ կունենանք (Մատթ. 24։21)։ Մեր խնդիրներն իհարկե չեն անհետանա, բայց իմանալով, որ մեր կողքին կան մեզ սիրող ու աջակցող եղբայրներ ու քույրեր՝ ավելի հեշտությամբ կտանենք դրանք (Առակ. 17։17)։
Նույն քարոզչական ծառայության խմբից երկու քույրեր միասին գնում են ծառայության (տես պարբերություն 13)
14. Աղետների կամ արտակարգ իրավիճակների ժամանակ ի՞նչ գործնական օգնություն ենք ստանում մեր քարոզչական ծառայության խմբում։
14 Գործնական օգնություն։ Մեր քարոզչական ծառայության խմբում նաև ժամանակահարմար օգնություն ենք ստանում համավարակների, բնական աղետների, հրատապ բուժօգնություն պահանջող առողջական խնդիրների, հալածանքի, տնտեսական ճգնաժամի և նման այլ դժվարությունների բախվելիս։ Օրինակ՝ ամեն ժողովում գործող ժողովի ծառայողական կոմիտեն, համագործակցելով խմբերի վերակացուների հետ, ծրագիր է մշակում հատուկ կարիք ունեցողներին օգնելու համար։ Խմբի վերակացուն նախաձեռնություն է վերցնում, որ պարզի, թե իր քարոզչական խմբի յուրաքանչյուր ընտանիք որտեղ է գտնվում և ինչ առաջնային կարիքներ ունի, օրինակ՝ բուժօգնության, սննդի, ջրի, կացարանի կամ հագուստի կարիք, և հոգ է տանում, որ նրանց համապատասխան օգնություն տրամադրվի։ Այո՛, մեր քարոզչական ծառայության խմբերում իսկապես որ կարող ենք ստանալ գործնական օգնություն և պարուրված լինել սիրառատ հոգատարությամբ։
15. Եհովայի ողջ կազմակերպությունը միասնաբար ի՞նչ է ձգտում անել։
15 Եհովայի կազմակերպությունը իսկապես որ ահռելի է։ Միայն երկնային մասը կազմված է հարյուր միլիոնավոր, գուցե և միլիարդավոր հավատարիմ ոգեղեն էակներից։ Իսկ երկրային մասը ավելի քան ինը միլիոնի է հասնում, և օր օրի այդ թիվը աճում է (Զաք. 8։23; Հայտն. 5։11)։ Երկնքում և երկրի վրա Եհովային երկրպագողների այս մեծ բանակը միասնաբար ջանքեր է ներդնում Աստծու թագավորության մասին բարի լուրը քարոզելու գործում, որ այդպիսով փառք բերի Եհովայի անվանը (Հայտն. 14։6, 7)։ Այդ նպատակին են ծառայում նաև քարոզչական ծառայության խմբերը։ Ուրեմն եկեք լիարժեք ներգրավվենք այդ խմբերի գործունեության մեջ և ողջ սրտով գովաբանենք Եհովային (Սաղ. 111։1)։
ԵՐԳ 61 Առա՛ջ, ո՛վ Վկաներ
a Որոշ անուններ փոխված են։
b Հարկ եղած դեպքում այդ դերը կարող է ստանձնել համապատասխան պատրաստվածություն ունեցող որևիցե ծառայող օգնական, մինչև որ մեկ այլ երեց ստանձնի այն։ Այդ դերը կատարող ծառայող օգնականին անվանում են «խմբի ծառայող», ոչ թե «խմբի վերակացու», քանի որ նա ժողովում վերակացու չի ծառայում։ Նա խմբի մասին հոգալու իր պարտականությունը կատարում է երեցների վերահսկողության ներքո։