Ապագա, որին կարող եք ուրախությամբ սպասել
Դուք հասել եք այնտեղ, որտեղ ճանապարհը բաժանվում է երկու մասի։ Ցուցանակներից մեկի վրա գրված է. «Ապագադ թող մարդկանց ձեռքում և վստահիր նրանց խոստումներին», իսկ մյուսի վրա՝ «Վստահիր Աստծուն և նրա Թագավորությանը»։ Այս երկու ճանապարհներից ո՞րը կընտրեք։
ԻՄԱՍՏՈՒՆ կլինի վստահել Աստծուն։ «Ինձ լսողը ապահով կ’բնակուի,— ասում է նա,— եւ հանդարտ կ’լինի չարիքի վախիցը» (Առակաց 1։33)։ Մենք լսում ենք մեր Արարչին՝ հետևելով Աստվածաշնչի խորհուրդներին, քանի որ գիտակցում ենք, որ դրանք արժանահավատ են (2 Տիմոթեոս 3։16)։ Այս վստահությունը ամուր հիմքեր ունի՞։ Անշո՛ւշտ ունի։ Օրինակ՝ ինչպես տեսանք այս հոդվածաշարի երկրորդ հոդվածում, միայն Աստվածաշունչն է ճշգրիտ բացատրում, թե ինչու մարդիկ ի վիճակի չեն իրենք իրենց լավ կառավարելու։ Մի՞թե համաձայն չեք, որ այն, ինչ ասում է Աստվածաշունչը, համապատասխանում է իրականությանը։
Այդ բացատրությունների նման՝ Աստվածաշնչի մարգարեությունները ևս ճշգրիտ են։ Օրինակ՝ Աստվածաշնչում կանխագուշակվել էին ողբալի իրադարձություններ, որոնք բնորոշելու էին «վերջին օրերը»։ Մենք կարող ենք տեսնել դրանք մեր աչքերով (Մատթեոս 24։3–7; 2 Տիմոթեոս 3։1–5)։ Աստվածաշնչում նույնիսկ կանխագուշակվել էր, որ մարդիկ վտանգի են ենթարկելու մեր մոլորակի «առողջությունը»։ Աստված «կկործանի նրանց, ովքեր կործանում են երկիրը»,— ասվում է Հայտնություն 11։18–ում։
Մոտ 2 000 տարի առաջ, երբ գրվեցին այս խոսքերը, այնպիսի երևույթներ, ինչպիսիք են օդի, ջրի և հողի աղտոտումը, գլոբալ տաքացումը և բնության մեջ տեսակների զանգվածային ոչնչացումը, անհնար էր անգամ պատկերացնել։ Բայց այսօր արդեն անհնար չէ։ Այո՛, Աստված երբեք չի ստում։ Նրա գրավոր Խոսքը միշտ կատարվել է մանրամասնորենa (Տիտոս 1։2; Եբրայեցիներ 6։18)։ Աստված իր անունով է երաշխավորում, որ իր խոստումները կիրականանան։
Անուն, որին կարող եք վստահել
Ինչպես որ ստորագրությունն է հաստատում վճարագիրը, այնպես էլ Աստծու «Եհովա» անունն է երաշխավորում, որ Աստվածաշնչում գրված նրա խոստումները կիրականանանb։ «Նորա սուրբ անունին ենք յուսացած»,— ասել է Աստվածաշնչի գրողներից մեկը, ով հաճախ էր զգացել Աստծու սերն ու հոգատարությունը (Սաղմոս 33։21; 34։4, 6)։
Աստծու անունը կապելով նրա հայրական խնամքի հետ՝ Առակաց 18։10 համարն ասում է. «Ամուր աշտարակ է Տիրոջ անունը, նորա մէջ է փախչում արդարը եւ ապաստան գտնում»։ Իսկ Հռոմեացիներ 10։13–ում կարդում ենք. «Ամեն ոք, ով Եհովայի անունը կանչի, կփրկվի»։ Իհարկե, Աստծու անունը թալիսման չէ, որը կանխում է չարիքը։ Իրականում մեզ փրկողը Աստված է, և նրա «անունը կանչողները» լիովին վստահում են նրան՝ շատ լավ իմանալով նրա անբիծ հեղինակության մասին։ Սաղմոս 91։14–ում գրված է. «Որովհետեւ նա ինձ [Եհովային] ցանկացաւ՝ եւ ես կ’փրկեմ նորան. ես բարձր կ’անեմ նորան, որ նա ճանաչում է իմ անունը»։
Հարցրեք ինքներդ ձեզ. «Ո՞ւմ եմ ես վստահում՝ Աստծո՞ւն, թե՞ մարդուն»։ Եհովայի վկաները վստահում են Աստծուն և նրա Թագավորությանը՝ ելնելով ոչ թե զգացմունքներից կամ կույր հավատից, այլ խոր համոզվածությունից, որի հիմքում ընկած են աստվածաշնչյան ճշգրիտ գիտելիքները (Եբրայեցիներ 11։1; 1 Հովհաննես 4։1)։ Այդ պատճառով էլ նրանք չեն վախենում ապագայից, այլ «ուրախանում են այն հույսով», որ Աստված է տալիս։ Նրանք ուզում են, որ դուք էլ ուրախությամբ սպասեք ապագային (Հռոմեացիներ 12։12)։
[Ծանոթագրություններ]
a Տե՛ս «Արթնացե՛ք»–ի 2008 թ. հունվար–մարտ ամիսների հատուկ թողարկումը, որը լիովին նվիրված է հետևյալ հարցի քննարկմանը. «Կարո՞ղ եք վստահել Աստվածաշնչին»։
b Տե՛ս «Ե՛վ անուն, և՛ երաշխիք» վերնագրով շրջանակը։
[Մեջբերում 9–րդ էջի վրա]
Ինչպես որ ստորագրությունն է հաստատում վճարագիրը, այնպես էլ Աստծու անունն է երաշխավորում, որ Աստվածաշնչում գրված նրա խոստումները կիրականանան
[Շրջանակ 9–րդ էջի վրա]
Ե՛Վ ԱՆՈՒՆ, Ե՛Վ ԵՐԱՇԽԻՔ
Աստծու անունը՝ Եհովա, պարզապես անձնանուն չէc։ Ինչպե՞ս։ Նրա անունը նշանակում է՝ «նա դարձնում է»։ Պարզ ասած՝ Աստված այնքան սեր, զորություն և իմաստություն ունի, որ կարող է դառնալ այն, ինչ անհրաժեշտ է՝ իր նպատակներն իրականացնելու և իր ասած խոսքը կատարելու համար։ Օրինակ՝ նա կարող է դառնալ արդարների Փրկիչ, չարերին Կործանող, աղոթք Լսող և սիրառատ Հայր, այսինքն՝ ցանկացած բան, ինչ որ կուզենա։
Եհովան ասում է. «Ես եմ Աստուած.... որ պատմում եմ առաջուց վերջինը.... որ ասում եմ, թէ իմ խորհուրդը պիտի հաստատուի, եւ անում եմ իմ բոլոր ուզածը» (Եսայիա 46։9, 10)։ Աստծու գրավոր Խոսքը անպայման կատարվելու է, քանի որ նա միշտ հավատարիմ է իր խոսքին, և քանի որ նրա տված խոստումները կապված են իր անվան, կամ՝ հեղինակության հետ։ «Աստուած մարդ չէ, որ սուտ խօսէ» (Թուոց 23։19)։
[Ծանոթագրություն]
c «Եհովա» անունը տարբերվում է Ամենակարող, Ստեղծիչ, Աստված և Տեր տիտղոսներից։ Աստվածաշնչի բնագիր տեքստում այդ անունը հանդիպում է մոտ յոթ հազար անգամ։ Աստված ինքն է իրեն այս անունով կոչել։ Ելից 3։15–ում ասվում է. «Եհովայ.... է իմ անունը յաւիտեան»։