Աստվածաշնչի տեսակետը
Ե՞րբ է ինքնապաշտպանությունը թույլատրելի
ԿԵՍԳԻՇԵՐԻՆ անսպասելի աղմուկից արթնանում եք։ Ոտնաձայներ եք լսում։ Ինչ–որ մեկը ձեր տուն է ներխուժել։ Վախից ձեր սիրտը սկսում է արագ բաբախել, և մտածում եք, թե ինչ եք անելու հիմա։
Նման բան կարող է պատահել ցանկացած մարդու։ Հանցագործությունը, հատկապես բռնությունը տարածված է ամենուրեք։ Անհանգստացած լինելով՝ շատերը փորձում են պաշտպանել իրենց, այդ իսկ պատճառով զենքեր են գնում կամ էլ սովորում են որոշակի մարտաձևերի տիրապետել։ Որոշ երկրներում կառավարությունը այնպիսի օրենքներ է սահմանել, որոնք թույլ են տալիս քաղաքացիներին իրենց պաշտպանելու համար դիմել այնպիսի միջոցների, որոնք կիրառելու հետևանքով հարձակվողը կարող է մահանալ։ Իսկ այս առումով ի՞նչ է ասում Աստվածաշունչը։ Ճի՞շտ է արդյոք, երբ անհատը ուժ գործադրելով՝ պաշտպանում է իրեն կամ իր ընտանիքին։
Աստված ատում է բռնությունը
Աստվածաշունչը դատապարտում է բռնությունը և բռնի մարդկանց։ Սաղմոսերգու Դավիթը Եհովա Աստծու վերաբերյալ հետևյալն ասաց. «Անոր անձը կ’ատէ.... բռնութիւն սիրողը» (Սաղմոս 11։5, ԱԱ)։ Աստված բռնության և արյունահեղության համար դատապարտեց մի քանի հին ազգերի, այդ թվում նաև իր ժողովրդին (Յովէլ 3։19; Միքիա 6։12; Նաում 3։1)։ Իսրայելացիներին տրված Օրենքի համաձայն՝ նույնիսկ ոչ կանխամտածված սպանությունը, որը տեղի էր ունեցել անզգուշության հետևանքով, լուրջ հանցագործություն էր համարվում (Բ Օրինաց 22։8)։
Աստվածաշունչը հորդորում է մեզ հեռու մնալ ընդհարումներից և ամեն օր խաղաղության ձգտել։ Բռնի ընդհարումները հաճախ սկիզբ են առնում բարկությամբ ասված խոսքերից։ Աստվածաշնչում գրված է. «Փայտ չ’լինելիս կրակը կ’հանգչի. եւ քսու չ’լինելիս կռիւը կ’դադարէ» (Առակաց 26։20)։ Խաղաղություն պահպանելը սովորաբար մեղմացնում է բարկությունը և կանխում է բռնի ընդհարումները։ Պողոս առաքյալը գրել է. «Եթե հնարավոր է, որքանով որ ձեզանից է կախված, խաղաղությո՛ւն ունեցեք բոլոր մարդկանց հետ» (Հռոմեացիներ 12։18)։
Երբ ձեզ սպառնում են
Սակայն խաղաղություն պահպանելը չի երաշխավորում, որ դուք բռնության չեք ենթարկվի։ Ողջ պատմության ընթացքում Աստծու հավատարիմ երկրպագուները բռնության զոհ են դարձել (Ծննդոց 4։8; Յոբ 1։14, 15, 17)։ Իսկ ի՞նչ կարող եք անել, եթե ձեզ սպառնում է զինված մի գող։ Հիսուսն ասաց. «Մի՛ ընդդիմացիր նրան, ով չար է» (Մատթեոս 5։38, 39)։ Նա նաև ասաց. «Ով որ վերցնում է քո վերնազգեստը, ներքնազգեստդ էլ մի մերժիր նրան տալ» (Ղուկաս 6։29)։ Հիսուսը չէր խրախուսում, որ անհատը իր ունեցվածքը պաշտպանելու համար զենքեր օգտագործի։ Եթե զինված հանցագործը ցանկանում է գողանալ ձեր ունեցվածքը, խելամիտ չի լինի ընդդիմանալ նրան։ Չէ՞ որ կյանքն ավելի թանկ արժե, քան մեր ունեցվածքը։
Իսկ ի՞նչ կարող եք անել, եթե ձեր կյանքն է վտանգի տակ։ Հին Իսրայելին տրված Աստծու օրենքը լույս է սփռում այս հարցի վրա։ Եթե գողը բռնվեր ցերեկը և սպանվեր, ապա նրան սպանողը մեղավոր էր համարվում։ Ինչո՞ւ։ Քանի որ այն ժամանակ գողության պատճառով անհատը մահվան չէր դատապարտվում։ Նրան կարող էին բռնել և օրենքի համաձայն պատժել։ Սակայն եթե գողը հանկարծակի սպանվեր գիշերը, տանտերը չէր մեղադրվում, որովհետև գիշերով դժվար էր տեսնել, թե ինչ կարող է անել գողը և դժվար էր հասկանալ նրա մտադրությունները։ Տանտերը կարող էր մտածել, որ իր ընտանիքի կյանքը վտանգի տակ է և պաշտպանական քայլեր ձեռք առներ (Ելից 22։2, 3)։
Ուստի Աստվածաշունչը ցույց է տալիս, որ ֆիզիկական հարձակման դեպքում անհատը կարող է պաշտպանել իրեն կամ իր ընտանիքին։ Նա կարող է կասեցնել հարվածները, հետ պահել հարձակվողին կամ նույնիսկ այնպես հարվածել, որ նա չկարողանա շարունակել կռիվը։ Սակայն նպատակը պետք է լինի ագրեսիան կամ հարձակումը կանխելը։ Իսկ եթե այդ պահին հարձակվողը լուրջ վնասվածքներ ստանա և մահանա, ապա դա չի համարվի կանխամտածված սպանություն։
Լավագույն պաշտպանությունը
Պարզ է, ուրեմն, որ կան պարագաներ, երբ ողջամտության սահմաններում թույլատրելի է դիմել ինքնապաշտպանության։ Մարդիկ իրավունք ունեն պաշտպանելու իրենց և իրենց հարազատներին ագրեսիայից ու մահացու վնասներից։ Երբ հարձակման դեպքում հնարավոր չէ փախչել, Աստվածաշունչը չի արգելում, որ անհատը ողջամտության սահմաններում պաշտպանի իրեն։ Այդուհանդերձ, իմաստուն կլինի անել մեր լավագույնը, որպեսզի խուսափենք այնպիսի իրավիճակներից, երբ բռնության հավանականությունը մեծ է (Առակաց 16։32)։
Աստվածաշունչը հորդորում է մեզ «խաղաղություն փնտրել և հետամուտ լինել դրան» մեր կյանքի բոլոր ասպարեզներում (1 Պետրոս 3։11)։ Սա գործնական խորհուրդ է, որի շնորհիվ դուք կարող եք ապրել խաղաղ կյանքով։
ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ
◼ Ինչո՞ւ պետք է հեռու մնանք բռնությունից (Սաղմոս 11։5)։
◼ Ինչպե՞ս խելամիտ կլինի վարվել, երբ պաշտպանում ենք մեր ունեցվածքը (Առակաց 16։32; Ղուկաս 12։15)։
◼ Ինչպիսի՞ տրամադրվածությունը կօգնի կասեցնել վտանգը ընդհարման ժամանակ (Հռոմեացիներ 12։18)։
[Մեջբերում 11–րդ էջի վրա]
Աստվածաշունչը ցույց է տալիս, որ ֆիզիկական հարձակման դեպքում անհատը կարող է պաշտպանել իրեն և իր ընտանիքին