Սովորենք Աստծու Խոսքից
Ինչո՞ւ պետք է գործածենք Աստծու անունը
Այս հոդվածում քննարկվում են այնպիսի հարցեր, որոնք գուցե քեզ հետաքրքրել են, և ցույց է տրվում, թե քո Աստվածաշնչում որտեղ կարող ես գտնել դրանց պատասխանները։ Նաև, եթե ցանկանում ես, այս հարցերի շուրջ կարող ես զրուցել Եհովայի վկաների հետ։
1. Ինչո՞ւ է Աստված ինքն իրեն անուն տվել։
Անկասկած, կնախընտրեիր, որ քեզ անունով դիմեն և ոչ թե այլ ձևով՝ «պարոն», «տիկին», «երիտասարդ», «աղջիկ» և այլն։ Անունը անհատին առանձնացնում է ուրիշներից։ Ճիշտ է, Աստված տիտղոսներ ունի, օրինակ՝ «Գերիշխան Տեր», «Ամենակարող Աստված», «Մեծ Արարիչ» (Ծննդոց 15։2; 17։1; Ժողովող 12։1), սակայն նա իրեն անուն է տվել, որպեսզի մենք կարողանանք անձնական փոխհարաբերություններ հաստատել իր հետ։ Աստծու անունը Եհովա է (կարդա՛ Եսայիա 42։8)։
Սուրբ Գրքի բազմաթիվ թարգմանիչներ «Եհովա» անունը փոխարինել են «Աստված» և «Տեր» տիտղոսներով, մինչդեռ այդ անունը Աստվածաշնչի եբրայերեն բնագրում հանդիպում է մոտ 7000 անգամ։ Պարզ է, որ Աստված ուզում է, որ մարդիկ իր անունը իմանան (կարդա՛ Եսայիա 12։4)։
2. Ինչո՞ւ է կարևոր իմանալ Աստծու անունը։
Աստծու անունն իմանալը ավելին է նշանակում, քան պարզապես այդ անվան արտասանության ձևն իմանալը։ Աստծու անունն իմանալ նշանակում է մտերիմ փոխհարաբերություններ ունենալ նրա հետ։ «Եհովա» անունը բառացի նշանակում է «նա դարձնում է»։ Անվան իմաստն այն է, որ Աստված կարող է դառնալ այն, ինչ անհրաժեշտ է իր նպատակն իրականացնելու համար։ Կարելի է եզրակացնել, որ Աստծու անունն իմանալ նշանակում է հավատալ, որ նա իրականացնելու է իր խոստումները (Սաղմոս 9։10)։ Աստծու անունն իմացող և գործածող մարդկանց հավատն այնքան մեծ է, որ մղում է նրանց վստահելու Եհովային և նրան իրենց կյանքում առաջին տեղում դնելու։ Աստված պաշտպանելու է այդպիսի մարդկանց (կարդա՛ Սաղմոս 91։14)։
3. Ինչո՞ւ է Աստված ուզում, որ մարդիկ իմանան իր անունը։
Աստված ուզում է, որ մարդիկ իմանան իր անունը, որովհետև դա օգտակար է նրանց համար։ Դա հնարավորություն է տալիս նրանց դառնալու Աստծու ընկերը և ունենալու հավիտենական կյանքի հույս։ Ուստի զարմանալի չէ, որ Եհովան ուզում է ճանաչեցնել իր անունը (կարդա՛ Հովհաննես 17։3; Հռոմեացիներ 10։13, 14)։
Հիսուսը ճանաչեցնում էր Աստծու անունը՝ սովորեցնելով նրա ճանապարհների, օրենքների և խոստումների մասին։ Այսօր Հիսուսի հետևորդները շարունակում են Աստծու անունը ճանաչեցնել բոլոր ազգերում։ Նրանք, լինելով «ժողովուրդ [Աստծու] անվան համար», դա անում են միասնական ձևով (կարդա՛ Գործեր 15։14; Հովհաննես 17։26)։
4. Ինչպե՞ս է Աստված փառավորելու իր անունը։
Եհովա Աստված ուզում է փառավորել իր անունը, քանի որ այն արատավորվել է։ Այսօր ոմանք ասում են, թե կյանքը չի ծագել Աստծուց և իմաստ չունի նրան հնազանդվել։ Ուրիշներն էլ այն կարծիքին են, թե Աստված հոգ չի տանում մեր մասին և նա է պատասխանատու տառապանքի համար։ Այդպես նրանք անարգում են Աստծու անունը։ Բայց դա հավիտյան չի տևելու։ Աստված գործելու է նրանց դեմ, ովքեր անպատվում են իր անունը (կարդա՛ Սաղմոս 83։17, 18)։
Եհովան փառավորելու է իր անունը, երբ իր Թագավորությունը վերջ դնի մարդկային ամեն իշխանության և երկրի վրա հաստատի խաղաղություն և անվտանգություն (Դանիել 2։44)։ Շուտով յուրաքանչյուր ոք կիմանա, որ Եհովան է ճշմարիտ Աստվածը (կարդա՛ Եզեկիել 36։23; Մատթեոս 6։9)։
Ի՞նչ է պահանջվում մեզնից։ Հարկավոր է մտերմանալ Աստծու հետ՝ ուսումնասիրելով նրա Խոսքը և ընկերակցելով նրան սիրող մարդկանց հետ։ Երբ Եհովան փառավորի իր անունը, նա կհիշի իր հավատարիմ ծառաներին (Մաղաքիա 3։16)։
Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 1-ին գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[նկար 16-րդ էջի վրա]
Աստծու անունը հին եբրայերեն ձեռագրում