Ապահով ապագա՝ Աստծու իշխանության ներքո
ՇՈՒՏՈՎ ապագայի առնչությամբ մեր անհանգստությունները կվերանան, քանի որ Աստված, Երկիր մոլորակի հոգածությունը վերցնելով իր ձեռքը, կհաստատի իր իսկ կառավարությունը՝ Աստծու Թագավորությունը։ Այս հրաշալի հեռանկա՛րը նկատի ուներ Հիսուսը, երբ իր հետևորդներին սովորեցրեց աղոթել. «Թող գա՛ քո թագավորությունը։ Թող կատարվի՛ քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6։9, 10)։
Աստծու Թագավորությունը չի համագործակցի մարդկային քաղաքական առաջնորդների հետ և ոչ էլ կիշխի նրանց միջոցով։ Ընդհակառակը՝ այն կվերացնի Աստծուց անկախ կառավարման ամեն հետք։ Այս մասին է փաստում «վերջին օրերի», այսինքն՝ մեր օրերի մասին Դանիել մարգարեին տրված մի մարգարեություն (2 Տիմոթեոս 3։1)։ «Այն թագաւորների օրերումը երկնքի Աստուածը մէկ թագաւորութիւն է վեր կացնելու, որ յաւիտեանս չի աւերուիլ.... Նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր [մարդակերտ] թագաւորութիւնները. իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեանս» (Դանիէլ 2։44)։ Այս խոսքերը ոչ մի մխիթարություն և հույս չեն տալիս այն մարդկանց, ովքեր նախընտրում են ղեկավարվել մարդու կողմից։ Սակայն դրանք հուսադրում են բոլոր նրանց, ովքեր ցանկանում են, որ Աստծու Թագավորության միջոցով հաստատվի նրա գերիշխանությունը։
Հիասքանչ ապագա
Երբ Աստծու Թագավորությունը ղեկավարի ամբողջ երկիրը, նրա հպատակները իրարից բաժանված չեն լինի ո՛չ սահմաններով և ո՛չ էլ քաղաքական, ռասայական կամ կրոնական առումով։ Ընդհակառակը՝ նրանք կլինեն մեկ համաշխարհային եղբայրություն, որին կմիավորի միակ ճշմարիտ կրոնը և անկեղծ սերը (Հովհաննես 13։34, 35; 17։3, 17)։ Այո՛, Աստծու Թագավորության ներքո «կծաղկի արդարը», և այնտեղ կլինի «շատ խաղաղութիւն՝ մինչեւ որ լուսին էլ չ’լինի» (Սաղմոս 72։7)։
Այս ամենից բացի, Աստծու Թագավորությունը հնազանդ մարդկությանը կհասցնի մտքի ու մարմնի կատարելության՝ վերացնելով բոլոր հիվանդությունները, տառապանքը և մահը (Հայտնություն 21։3, 4)։ Արդյունքո՞ւմ։ Մեր մոլորակը կլինի դրախտ բոլոր առումներով։ Այսպիսով՝ կիրականանա Աստծու սկզբնական նպատակը, որ նա հայտնել էր Եդեմումa (Ծննդոց 1։28)։
Միակ իսկապես բարի լուրը
Երբ Հիսուսը տվեց «իրերի համակարգի վախճանի նշանը», նա նշեց մի հետաքրքիր բան (Մատթեոս 24։3–7)։ Հիսուսն ասաց. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ բնակեցված երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը» (Մատթեոս 24։14)։
2007 թ.–ին 236 երկրներում մոտ յոթ միլիոն Եհովայի վկաներ, Աստծու կամքին ներդաշնակ, Թագավորության բարի լուրը քարոզել են իրենց շրջապատի մարդկանց։ Նրանք ուրախությամբ այս գործին տրամադրել են ավելի քան 1,4 միլիարդ ժամ։ Ինչո՞ւ են Վկաներն այդքան համոզված, որ Աստծու խոստումները, որ գրված են Աստվածաշնչում, անպայման կիրականանան։ Պատասխանը շատ պարզ է։ Ինչպես կտեսնեք հաջորդ հոդվածում, Աստված միշտ հավատարիմ է իր խոսքին (Հռոմեացիներ 3։4)։
[Ծանոթագրություն]
a Տե՛ս «Արթնացե՛ք»–ի 2008 թ. մայիս ամսվա համարում «Աստվածաշնչի տեսակետը» խորագրի ներքո «Երկիրը կդառնա՞ դրախտ» հոդվածը (էջ 10, ռուս.)։
[Մեջբերում 7–րդ էջի վրա]
Աստվածաշունչն ասում է, որ «շատ խաղաղութիւն» է լինելու