Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • nwt Դատավորներ 1 ։ 1–21 ։ 25
  • Դատավորներ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դատավորներ
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Դատավորներ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

1 Հեսուի մահից հետո+ իսրայելացիները* հարցրին Եհովային.+ «Մեզնից ո՞վ առաջինը գնա պատերազմելու քանանացիների դեմ»: 2 Եհովան պատասխանեց. «Թող Հուդայի ցեղը գնա:+ Այդ երկիրը ես նրա ձեռքն եմ տալու»:* 3 Այդ ժամանակ Հուդայի ցեղն ասաց իր եղբորը՝ Շմավոնի ցեղին. «Վե՛ր կացեք գնանք վիճակով* մեզ բաժին ընկած տարածքը+ և պատերազմենք քանանացիների դեմ: Հետո մենք ձե՛զ բաժին ընկած տարածքը կգանք»: Եվ Շմավոնի ցեղը գնաց նրանց հետ:

4 Երբ Հուդայի ցեղի մարդիկ գնացին պատերազմելու, Եհովան քանանացիներին ու փերեզացիներին նրանց ձեռքը մատնեց,+ և նրանք Բեզեկում 10 000-անոց զորքին պարտության մատնեցին: 5 Բեզեկում նրանք գտան Ադոնիբեզեկին, կռվեցին նրա դեմ և քանանացիներին+ ու փերեզացիներին+ պարտության մատնեցին: 6 Երբ Ադոնիբեզեկը փախուստի դիմեց, ընկան նրա հետևից, բռնեցին նրան ու կտրեցին ձեռքերի և ոտքերի բութ մատները: 7 Այդ ժամանակ Ադոնիբեզեկն ասաց. «70 թագավորներ, որոնց ձեռքերի և ոտքերի բութ մատները կտրված են, իմ սեղանի տակ թափված ուտելիքի կտորներն են հավաքում: Իմ արածի դիմաց Աստված ինձ նույն ձևով հատուցեց»: Այնուհետև նրան բերեցին Երուսաղեմ,+ և նա այնտեղ մեռավ:

8 Հուդայի տղամարդիկ կռվեցին նաև Երուսաղեմի+ դեմ և գրավեցին այն. նրանք սրի քաշեցին այնտեղի բնակիչներին ու քաղաքը հրի մատնեցին: 9 Դրանից հետո Հուդայի տղամարդիկ գնացին պատերազմելու այն քանանացիների դեմ, որոնք բնակվում էին լեռնային շրջանում, Նեգևում և Շեֆելայում:+ 10 Եվ այսպես՝ Հուդայի ցեղը դուրս եկավ Քեբրոնում ապրող քանանացիների դեմ (նախկինում Քեբրոնը կոչվում էր Կարիաթ-Արբա) ու ջախջախեց Սեսիին, Աքիմանին և Թոլմիին:+

11 Այնտեղից նրանք գնացին Դաբիր+ (նախկինում Դաբիրը կոչվում էր Կարիաթ-Սեֆեր) ու հարձակվեցին այնտեղի բնակիչների վրա:+ 12 Այդ ժամանակ Քաղեբն+ ասաց. «Ով որ հարձակվի Կարիաթ-Սեֆերի վրա ու գրավի այն, իմ դուստր Աքսային կնության կտամ նրան»:+ 13 Քաղեբի կրտսեր եղբոր՝ Կենեզի+ որդին՝ Գոթոնիելը,+ գրավեց քաղաքը, ուստի Քաղեբը իր դուստր Աքսային նրան կնության տվեց: 14 Երբ Աքսան գնում էր տուն, սկսեց համոզել ամուսնուն, որ իր հորից՝ Քաղեբից, մի արտ խնդրի: Հետո Աքսան իջավ էշի վրայից:* Քաղեբը հարցրեց նրան. «Ի՞նչ ես ուզում»: 15 Նա պատասխանեց. «Խնդրում եմ, որպես օրհնություն ինձ մի նվեր տուր: Քանի որ ինձ հարավում* ես հողակտոր տվել, տուր ինձ նաև Գուլլոթ-Մայիմը»:* Ուստի Քաղեբը նրան տվեց Վերին Գուլլոթը և Ստորին Գուլլոթը:

16 Մովսեսի աներոջ՝+ կենեցու+ սերունդները Հուդայի ժողովրդի հետ արմավենիների քաղաքից*+ ճանապարհ ընկան դեպի Հուդայի անապատ, որը Արադի+ հարավային կողմում է: Կենեցիներն այնտեղ բնակվեցին այդ ժողովրդի հետ:+ 17 Հուդայի ցեղը գնաց իր եղբոր՝ Շմավոնի ցեղի հետ, և նրանք հարձակվեցին Սեֆաթում բնակվող քանանացիների վրա ու նրանց քաղաքը հիմնահատակ կործանեցին:+ Այդ պատճառով քաղաքը Հորմա*+ կոչեցին: 18 Դրանից հետո Հուդան զավթեց Գազան,+ Ասկաղոնը,+ Ակկարոնը+ և դրանց հարակից տարածքները: 19 Եհովան Հուդայի հետ էր, և նա տիրեց լեռնային շրջանին, բայց չկարողացավ քշել հարթավայրի* բնակիչներին, որովհետև նրանք երկաթե գերանդիներով մարտակառքեր*+ ունեին: 20 Քեբրոնը, Մովսեսի խոստման համաձայն,+ տրվեց Քաղեբին, և նա այնտեղից վռնդեց Ենակի երեք որդիներին:+

21 Բայց Բենիամինյանները չվռնդեցին Երուսաղեմում բնակվող հեբուսացիներին, ուստի նրանք մինչ օրս Բենիամինյանների հետ ապրում են Երուսաղեմում:+

22 Այդ նույն ժամանակ Հովսեփի ցեղի+ մարդիկ դուրս եկան Բեթելի դեմ. Եհովան նրանց հետ էր:+ 23 Նրանք սկսեցին հետախուզել Բեթելը (նախկինում այդ քաղաքը կոչվում էր Լուզ):+ 24 Հետախույզները, տեսնելով մի մարդու, որը դուրս էր գալիս քաղաքից, ասացին նրան. «Խնդրում ենք, ցույց տուր մեզ, թե որ ճանապարհով կարող ենք մտնել քաղաք, և մենք քո հանդեպ բարի* կլինենք»: 25 Այդ մարդը ցույց տվեց ճանապարհը: Նրանք մտան և քաղաքը սրի քաշեցին, բայց այդ մարդուն ու նրա ողջ ընտանիքին թույլ տվեցին գնալ:+ 26 Այդ մարդը գնաց քետացիների երկիր, այնտեղ քաղաք կառուցեց և այն կոչեց Լուզ: Մինչ օրս այդ քաղաքն այդպես է կոչվում:

27 Մանասեի ցեղը չվռնդեց Բեթ-Սեանի և դրա կախյալ* ավանների բնակիչներին, ինչպես նաև Թանաքի+ և դրա կախյալ ավանների, Դորի և դրա կախյալ ավանների, Հեբլաամի և դրա կախյալ ավանների, Մեգիդոյի և դրա կախյալ ավանների բնակիչներին:+ Քանանացիները համառորեն շարունակեցին բնակվել այդ տարածքում: 28 Երբ իսրայելացիները հզորացան, նրանց հարկադիր աշխատանքի դրեցին.+ նրանք ոչ բոլոր քանանացիներին վռնդեցին:+

29 Եփրեմի ցեղը չվռնդեց Գազերում բնակվող քանանացիներին, և քանանացիները շարունակեցին նրանց հետ բնակվել Գազերում:+

30 Զաբուղոնի ցեղը չվռնդեց Կեթրոնի ու Նաալալի+ բնակիչներին, և քանանացիները շարունակեցին բնակվել նրանց հետ ու հարկադիր աշխատանքի լծվեցին:+

31 Ասերի ցեղը չվռնդեց Ակքոյի, Սիդոնի,+ Աքլաբի, Աքզիբի,+ Ելբայի, Աֆեկի+ ու Րոոբի+ բնակիչներին: 32 Ուստի Ասերյանները բնակվեցին այդ տարածքում ապրող քանանացիների հետ, որովհետև նրանց չվռնդեցին այնտեղից:

33 Նեփթաղիմի ցեղը չվռնդեց Բեթսամյուսի և Բեթ-Անաթի+ բնակիչներին, ուստի նրանք բնակվեցին այդ տարածքում ապրող քանանացիների հետ:+ Բեթսամյուսի ու Բեթ-Անաթի բնակիչները նրանց համար հարկադիր աշխատանք կատարողներ եղան:

34 Ամորհացիները Դանի սերունդներին թույլ չտվեցին լեռնային շրջանից հարթավայր* իջնել, ուստի նրանք ստիպված եղան լեռնային շրջանում մնալ:+ 35 Ամորհացիները համառորեն շարունակեցին բնակվել Հարես լեռան վրա, Այելոնում+ և Սալաբիմում:+ Բայց երբ Հովսեփի սերունդները հզորացան,* նրանց ստիպեցին հարկադիր աշխատանք կատարել: 36 Ամորհացիների տարածքի սահմանը սկսվում էր Ակրաբիմի+ զառիվերից և Սելայից ու ձգվում էր դեպի վեր:

2 Եհովայի հրեշտակը+ Գաղգաղայից+ գնաց Բոքիմ և իսրայելացիներին ասաց. «Ես հանեցի ձեզ Եգիպտոսից ու բերեցի այն երկիր, որը երդվել էի ձեր նախահայրերին տալ:+ Նաև ասացի. «Ձեզ հետ կապած իմ ուխտը* երբեք չեմ դրժի:+ 2 Բայց դուք էլ ձեր հերթին չպետք է դաշինք կնքեք այս երկրի բնակիչների հետ:+ Դուք պետք է քանդեք նրանց զոհասեղանները»:+ Բայց դուք չհնազանդվեցիք ինձ:+ Ինչո՞ւ այդպես վարվեցիք: 3 Դրա համար էլ ձեզ ասացի. «Ես նրանց չեմ քշի ձեր առաջից:+ Նրանք ձեզ ծուղակը կգցեն,+ և դուք կհրապուրվեք նրանց աստվածներով»»:+

4 Երբ Եհովայի հրեշտակը բոլոր իսրայելացիներին ասաց այս խոսքերը, նրանք սկսեցին բարձր ձայնով լաց լինել: 5 Դրա համար այդ վայրը անվանեցին Բոքիմ* և այնտեղ զոհեր մատուցեցին Եհովային:

6 Երբ Հեսուն իսրայելացիներին ուղարկեց իրենց ժառանգած տարածքները, ամեն մեկը գնաց իր տարածք, որ տիրանա դրան:+ 7 Ժողովուրդը Եհովային ծառայեց Հեսուի օրոք և այն երեցների օրոք, որոնք Հեսուից հետո շարունակեցին ապրել, և որոնք տեսել էին Իսրայելի համար Եհովայի արած բոլոր մեծ գործերը:+ 8 Եհովայի ծառա Հեսուն՝ Նավեի որդին, 110 տարեկան հասակում մահացավ:+ 9 Նրան թաղեցին իր ժառանգած տարածքում՝ Թամնաթ-Հարեսում,*+ որը գտնվում է Եփրեմի լեռնային շրջանում՝ Գաաս լեռան հյուսիսային կողմում:+ 10 Այդ ամբողջ սերունդը միացավ իր նախահայրերին:* Հետո առաջ եկավ մեկ ուրիշ սերունդ, որը ո՛չ Եհովային էր ճանաչում, ո՛չ էլ գիտեր այն գործերի մասին, որ նա արել էր Իսրայելի համար:

11 Ուստի իսրայելացիները արեցին այն, ինչը չար էր Եհովայի աչքին, և Բահաղներին ծառայեցին:*+ 12 Այսպիսով՝ նրանք թողեցին իրենց հայրերի Աստված Եհովային, ով դուրս էր բերել նրանց Եգիպտոսից:+ Նրանք պաշտեցին ուրիշ աստվածների՝ իրենց շուրջը եղող ժողովուրդների աստվածներին,+ ու խոնարհվեցին դրանց առաջ՝ վիրավորելով Եհովային:+ 13 Նրանք թողեցին Եհովային ու պաշտեցին Բահաղին և Աստարտեի կուռքերին:*+ 14 Այդ պատճառով Եհովան խիստ բարկացավ իսրայելացիների վրա և նրանց կողոպտիչների ձեռքը հանձնեց, որոնք թալանեցին նրանց:+ Նա նրանց մատնեց* իրենց շուրջը եղող թշնամիների ձեռքը,+ և նրանք այլևս չկարողացան դեմ կանգնել թշնամիներին:+ 15 Ուր էլ որ գնում էին, Եհովան գործում էր նրանց դեմ* և աղետ էր բերում նրանց վրա,+ ինչպես որ Եհովան ասել էր, և ինչպես որ Եհովան երդվել էր նրանց:+ Նրանք սաստիկ նեղության մեջ էին:+ 16 Ուստի Եհովան դատավորներ նշանակեց, որոնք փրկեցին նրանց կողոպտիչների ձեռքից:+

17 Բայց իսրայելացիները դատավորներին էլ չլսեցին, ուրիշ աստվածների պաշտեցին* ու խոնարհվեցին նրանց առաջ: Նրանք իսկույն շեղվեցին այն ճանապարհից, որով ընթացել էին իրենց նախահայրերը. նրանց նախահայրերը հնազանդվել էին Եհովայի պատվիրաններին,+ բայց նրանք չհնազանդվեցին: 18 Ամեն անգամ, երբ Եհովան իսրայելացիների համար դատավոր էր նշանակում,+ Եհովան նրա հետ էր լինում և այդ դատավորի օրերում թշնամիների ձեռքից փրկում էր նրանց, որովհետև Եհովան խղճում էր նրանց՝*+ լսելով, թե ինչպես են հառաչում իրենց կեղեքողների ու ճնշողների պատճառով:+

19 Բայց երբ դատավորը մահանում էր, նրանք դարձյալ վատ բաներ էին անում, իրենց հայրերի արածներից էլ վատ. ուրիշ աստվածների էին պաշտում, նրանց էին ծառայում ու նրանց առաջ էին խոնարհվում:+ Նրանք չէին հրաժարվում իրենց գործերից և իրենց համառ վարվելակերպից: 20 Ի վերջո Եհովան սաստիկ բարկացավ Իսրայելի վրա+ և ասաց. «Քանի որ այս ազգը իր նախահայրերի հետ կապած իմ ուխտը դրժեց+ ու չհնազանդվեց ինձ,+ 21 ես էլ չեմ վռնդի և ոչ մեկին այն ազգերից, որ Հեսուի մահից հետո մնացին երկրում,+ 22 որպեսզի ստուգեմ Իսրայելին, թե արդյոք իր հայրերի պես կքայլի այն ճանապարհով, որ ես՝ Եհովաս, ցույց եմ տվել նրան»:+ 23 Այդ պատճառով Եհովան թույլ տվեց, որ այս ազգերը մնան, և անմիջապես չքշեց նրանց ու չմատնեց Հեսուի ձեռքը:

3 Այն ազգերը, որոնց Եհովան թույլ տվեց մնալ, որ նրանց միջոցով ստուգի բոլոր այն իսրայելացիներին, որոնք չէին մասնակցել Քանանի դեմ պատերազմներից որևէ մեկին, սրանք են+ 2 (սա եղավ, որ իսրայելացիների այն սերունդները, որոնք նախկինում չէին պատերազմել, փորձ ձեռք բերեն). 3 փղշտացիներն+ իրենց հինգ կառավարիչներով, բոլոր քանանացիները, սիդոնացիներն+ ու խևացիները,+ որոնք բնակվում էին Լիբանանի+ լեռներում՝ Բաալ-Հերմոնի լեռներից մինչև Եմաթ:*+ 4 Նրանք միջոց եղան պարզելու, թե արդյոք իսրայելացիները կհնազանդվեն Եհովայի պատվիրաններին, որոնք նա Մովսեսի միջոցով տվել էր իրենց հայրերին:+ 5 Այսպիսով՝ իսրայելացիները բնակվեցին քանանացիների,+ քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների և հեբուսացիների հետ: 6 Նրանց աղջիկներին կնության առան, իրենց աղջիկներին էլ ամուսնացրին նրանց որդիների հետ և սկսեցին ծառայել նրանց աստվածներին:+

7 Իսրայելացիներն արեցին այն, ինչը չար էր Եհովայի աչքին: Նրանք մոռացան իրենց Աստծուն՝ Եհովային, ու ծառայեցին Բահաղներին+ և սուրբ ձողերին:*+ 8 Այդ պատճառով Եհովան խիստ բարկացավ իսրայելացիների վրա և նրանց մատնեց* Միջագետքի* թագավոր Քուսարսաթեմի ձեռքը: Իսրայելացիները ութ տարի ծառայեցին Քուսարսաթեմին: 9 Երբ նրանք Եհովային օգնության կանչեցին,+ Եհովան նրանց ազատելու համար մի փրկիչ տվեց՝+ Գոթոնիելին՝+ Քաղեբի կրտսեր եղբոր՝ Կենեզի որդուն: 10 Եհովայի ոգին իջավ նրա վրա,+ և նա դարձավ Իսրայելի դատավորը: Երբ Գոթոնիելը պատերազմի դուրս եկավ, Եհովան Միջագետքի* թագավոր Քուսարսաթեմին նրա ձեռքը մատնեց, և նա հաղթեց Քուսարսաթեմին: 11 Դրանից հետո 40 տարի երկրում խաղաղություն եղավ:* Որոշ ժամանակ անց Կենեզի որդին՝ Գոթոնիելը, մահացավ:

12 Իսրայելացիները դարձյալ սկսեցին անել այն, ինչը չար էր Եհովայի աչքին:+ Ուստի Եհովան թույլ տվեց, որ Մովաբի+ թագավոր Եգլոնը իսրայելացիներից ավելի հզոր դառնա, քանի որ նրանք անում էին այն, ինչը չար էր Եհովայի աչքին: 13 Նա նրանց դեմ հանեց ամմոնացիներին+ և ամաղեկացիներին:+ Նրանք հարձակվեցին Իսրայելի վրա և գրավեցին արմավենիների քաղաքը:*+ 14 Իսրայելացիները 18 տարի ծառայեցին Մովաբի Եգլոն թագավորին:+ 15 Նրանք Եհովային օգնության կանչեցին,+ և Եհովան նրանց մի փրկիչ տվեց՝+ Բենիամինի+ ցեղից Գերայի որդուն՝ Ավոդին,+ որը ձախլիկ էր:+ Որոշ ժամանակ անց իսրայելացիները նրա միջոցով Մովաբի Եգլոն թագավորին տուրք ուղարկեցին: 16 Ավոդը իր համար մեկ կանգուն* երկարությամբ երկսայրի սուր պատրաստեց, հագուստի տակից գոտիով կապեց աջ ազդրի մոտ, 17 ապա տուրքով ներկայացավ Մովաբի թագավոր Եգլոնին: Եգլոնը չափազանց գեր մարդ էր:

18 Տուրքը տալուց հետո Ավոդը հեռացավ այն մարդկանց հետ, ովքեր բերել էին այն:* 19 Երբ նրանք հասան Գաղգաղայի+ մոտ՝ այն վայրը, որտեղ քանդակված կուռքերն էին,* նա հետ դարձավ Եգլոնի մոտ ու ասաց. «Ո՛վ թագավոր, գաղտնի բան ունեմ քեզ ասելու»: Թագավորն ասաց՝ լռությո՛ւն: Այդ ժամանակ նրա մոտ եղող բոլոր մարդիկ դուրս եկան: 20 Ավոդը մոտեցավ թագավորին, որը մենակ նստած էր իր զով վերնասենյակում, և ասաց. «Աստծուց լուր ունեմ քեզ համար»: Այդ պահին թագավորն իր գահից* վեր կացավ: 21 Ավոդը ձախ ձեռքով քաշեց աջ ազդրի մոտ կապած սուրը և խրեց նրա փորը: 22 Սրի կոթը նույնպես մտավ փորը: Սուրը ճարպով ծածկվեց, որովհետև նա այն չհանեց փորի միջից, և կղանքը դուրս թափվեց: 23 Ավոդը, վերնասենյակի դռներն իր հետևից փակելով ու կողպելով, դուրս եկավ պատշգամբ* և հեռացավ: 24 Նրա գնալուց հետո թագավորի ծառաները եկան ու տեսան, որ վերնասենյակի դռները կողպված են: Նրանք ասացին. «Գուցե նա ներսի զով սենյակում իր բնական կարիքն է հոգում»:* 25 Որոշ ժամանակ սպասելուց հետո նրանք սկսեցին անհանգստանալ ու տեսնելով, որ թագավորը այդպես էլ չի բացում վերնասենյակի դռները՝ վերցրին բանալին, բացեցին դռները և տեսան, որ իրենց տերը մեռած ընկած է գետնին:

26 Մինչ ծառաները մտածում էին՝ ինչ անեն, Ավոդը փախավ: Նա անցավ քանդակված կուռքերի*+ մոտով ու ապահով հասավ Սեիրա՝ 27 Եփրեմի լեռնային շրջան:+ Հասնելուն պես նա եղջերափող փչեց,+ և իսրայելացիները նրա գլխավորությամբ լեռնային շրջանից ցած իջան: 28 Ավոդն ասաց նրանց. «Իմ հետևի՛ց եկեք, որովհետև Եհովան ձեր թշնամիներին՝ մովաբացիներին, ձեր ձեռքն է տվել»: Նրանք էլ գնացին նրա հետևից և գրավեցին Հորդանանի ծանծաղուտները՝ փակելով մովաբացիների փախուստի ճանապարհը: Նրանք ոչ մեկին չթողեցին այնտեղով անցնել: 29 Իսրայելացիներն այդ ժամանակ մոտ 10 000 մովաբացու կոտորեցին.+ բոլորն էլ ուժեղ ու խիզախ մարդիկ էին, և նրանցից մեկն էլ չփրկվեց:+ 30 Այդ օրը Իսրայելը հպատակեցրեց Մովաբին, և 80 տարի երկրում խաղաղություն եղավ:*+

31 Ավոդից հետո հաջորդ դատավորը Սամեգարն+ էր՝ Անաթի որդին, որը նույնպես փրկեց Իսրայելին: Նա եզների խթանով+ 600 փղշտացու+ սպանեց:

4 Ավոդի մահից հետո իսրայելացիները դարձյալ սկսեցին անել այն, ինչը չար էր Եհովայի աչքին:+ 2 Այդ պատճառով Եհովան նրանց մատնեց* Քանանի թագավոր Հաբինի ձեռքը,+ ով թագավորում էր Հասորում: Նրա զորագլուխը Սիսարան էր, որն ապրում էր Արիսոթ-Գոյիմում:*+ 3 Հաբինը երկաթե գերանդիներով 900 մարտակառք*+ ուներ և 20 տարի դաժանորեն ճնշում էր իսրայելացիներին,+ ուստի նրանք սկսեցին աղերսել Եհովային, որ օգնի:+

4 Այդ ժամանակ Իսրայելում դատավորություն էր անում* Դեբորա մարգարեուհին՝+ Լաբիդոթի կինը: 5 Նա նստում էր իր արմավենու* տակ՝ Ռամայի+ ու Բեթելի+ միջև՝ Եփրեմի լեռնային շրջանում, և իսրայելացիները նրա մոտ էին գնում Աստծու դատավճիռներն իմանալու համար: 6 Նա մարդ ուղարկեց Կեդես-Նեփթաղիմ,+ այնտեղից կանչել տվեց Աբինոամի որդուն՝ Բարակին,+ և ասաց նրան. «Իսրայելի Աստված Եհովան քեզ հրաման է տվել. «Գնա՛, բարձրացի՛ր Թաբոր լեռը՝* Նեփթաղիմի ու Զաբուղոնի ցեղերից քեզ հետ վերցնելով 10 000 մարդու: 7 Ես քեզ մոտ՝ Կիսոն հեղեղատ*+ կբերեմ Հաբինի զորագլուխ Սիսարային ու նրա զորքին մարտակառքերով հանդերձ և նրան քո ձեռքը կտամ»»:+

8 Բարակն ասաց նրան. «Եթե դու ինձ հետ գաս, կգնամ, բայց եթե ինձ հետ չգաս, չեմ գնա»: 9 Նա պատասխանեց. «Ես անպայման կգամ քեզ հետ: Սակայն այս ռազմարշավը քեզ փառք չի բերի, քանի որ Եհովան կնոջ ձեռքն է մատնելու Սիսարային»:+ Ապա Դեբորան վեր կացավ ու Բարակի հետ գնաց Կեդես:+ 10 Բարակը Զաբուղոնի ու Նեփթաղիմի+ ցեղերին կանչեց Կեդես, և 10 000 մարդ գնաց նրա հետևից: Դեբորան նույնպես գնաց նրա հետ:

11 Կենեցի Քաբերը առանձնացել էր կենեցիներից,+ այսինքն՝ Հոբաբի սերունդներից (Մովսեսը նրա փեսան էր),+ և իր վրանը կանգնեցրել էր մեծ ծառի մոտակայքում՝ Սանանիմում, որը Կեդեսի մոտ էր:

12 Սիսարային տեղեկացրին, որ Աբինոամի որդին՝ Բարակը, բարձրացել է Թաբոր լեռը:+ 13 Սիսարան իսկույն հավաքեց իր բոլոր մարտակառքերը՝ երկաթե գերանդիներով 900 մարտակառք,* ու իր ողջ զորքը և Արիսոթ-Գոյիմից գնաց Կիսոն հեղեղատ:+ 14 Դեբորան ասաց Բարակին. «Վե՛ր կաց, որովհետև այսօր Եհովան Սիսարային քո ձեռքն է տալու: Չէ՞ որ Եհովան է քո առջևից գնում»: Ուստի Բարակն իջավ Թաբոր լեռից, և նրա հետևից՝ 10 000 մարդ: 15 Եհովան Բարակի առաջ խառնաշփոթի մեջ գցեց Սիսարային, նրա բոլոր մարտակառքերն ու նրա ամբողջ զորքը:+ Սիսարան իջավ իր կառքից և ոտքով փախավ: 16 Բարակը հետապնդեց մարտակառքերն ու զորքին մինչև Արիսոթ-Գոյիմ, և Սիսարայի ամբողջ զորքը սրով ընկավ. ոչ ոք կենդանի չմնաց:+

17 Սիսարան ոտքով փախավ կենեցի Քաբերի+ կնոջ՝ Հայելի+ վրանը, որովհետև Հասորի թագավոր Հաբինն+ ու կենեցի Քաբերի տունը խաղաղ հարաբերություններ ունեին: 18 Հայելը դուրս եկավ Սիսարային ընդառաջ և ասաց նրան. «Նե՛րս արի, տե՛ր իմ, նե՛րս արի: Մի՛ վախեցիր»: Սիսարան մտավ նրա վրանը, հետո կինը ծածկոցով ծածկեց նրան: 19 Նա ասաց կնոջը. «Խնդրում եմ, մի քիչ ջուր տուր՝ խմեմ, ծարավ եմ»: Կինը բացեց տիկը և կաթ տվեց, որ խմի,+ հետո նորից ծածկեց նրան: 20 Սիսարան ասաց կնոջը. «Կանգնիր վրանի մուտքի մոտ, և եթե որևէ մեկը գա ու հարցնի՝ մարդ կա՞ այդտեղ, կասես՝ չկա»:

21 Մինչ Սիսարան հոգնած քնած էր, Հայելը՝ Քաբերի կինը, իր ձեռքն առավ վրանի ցիցը, մի մուրճ վերցրեց, կամացուկ մոտեցավ նրան և ցիցը քունքի մեջ մեխելով՝ նրան գետնին բևեռեց, ու նա մեռավ:+

22 Բարակը, որը հետապնդում էր Սիսարային, գնաց այնտեղ: Հայելը դուրս եկավ նրան ընդառաջ ու ասաց. «Եկ ցույց տամ այն մարդուն, որին փնտրում ես»: Բարակը նրա հետ ներս մտավ ու տեսավ, որ Սիսարան մեռած ընկած է՝ ցիցը քունքերի մեջ խրված:

23 Այդ օրը Աստված իսրայելացիներին հաղթանակ շնորհեց Քանանի թագավոր Հաբինի դեմ ճակատամարտում:+ 24 Նրանք գնալով ավելի սաստիկ մարտեր մղեցին Քանանի+ թագավոր Հաբինի դեմ և ի վերջո սպանեցին նրան:+

5 Այդ օրը Դեբորան+ և Բարակը՝+ Աբինոամի որդին, այս երգը երգեցին.+

 2 «Այն բանի համար, որ Իսրայելում զինվորները մազերն արձակեցին,*

Եվ ժողովուրդը հոժարակամորեն գնաց պատերազմելու,+

Փառաբանե՛ք Եհովային:

 3 Լսե՛ք, ո՛վ թագավորներ, ակա՛նջ դրեք, ո՛վ իշխաններ.

Ես գովերգելու* եմ Եհովային,

Երգով փառաբանելու եմ Եհովային՝+ Իսրայելի Աստծուն:+

 4 Եհո՛վա, երբ դու դուրս եկար Սեիրից,+

Երբ դուրս ելար Եդոմի տարածքից,

Երկիրը ցնցվեց, երկնքից անձրև տեղաց,

Ամպերից ջուր թափվեց:

 5 Լեռները հալվեցին* Եհովայի երեսի առաջ,+

Նույնիսկ Սինան՝+ Իսրայելի Աստված Եհովայի+ երեսի առաջ:

 6 Անաթի որդու՝ Սամեգարի+ օրերում

Եվ Հայելի+ օրերում ճանապարհներն ամայացել էին,

Ճամփորդները ուրիշ ուղիներով էին գնում:

 7 Իսրայելի գյուղերում բնակիչ չէր մնացել,

Ոչ ոք չկար, մինչև որ ես՝ Դեբորաս,+ վեր կացա,

Մինչև որ ես՝ իբրև մայր, վեր կացա Իսրայելում:+

 8 Ժողովուրդը նոր աստվածներ ընտրեց,+

Եվ այդ ժամանակ պատերազմ եղավ դարպասների մոտ:+

Ո՛չ վահան էր երևում, ո՛չ էլ նիզակ 40 000 իսրայելացիների ձեռքին:

 9 Իմ սիրտը Իսրայելի զորապետների հետ է,+

Ովքեր ժողովրդի հետ պատրաստ էին կռվելու:+

Գովաբանե՛ք Եհովային:

10 Դուք, շիկավուն ավանակ հեծնողնե՛ր,

Ընտիր գորգերի վրա նստողնե՛ր

Եվ ճանապարհով քայլողնե՛ր, խորհրդածե՛ք:

11 Ջուր հանելու տեղերից ջուր բաժանողների ձայնն էր լսվում:

Այնտեղ նրանք պատմում էին Եհովայի արդար գործերի մասին,

Իսրայելի գյուղերում ապրող նրա ժողովրդի արդար գործերի մասին:

Այդ ժամանակ Եհովայի ժողովուրդը իջավ դարպասների մոտ:

12 Արթնացի՛ր, արթնացի՛ր, ո՛վ Դեբորա,+

Արթնացի՛ր, արթնացի՛ր ու ե՛րգ երգիր:+

Վե՛ր կաց, Բարա՛կ:+ Տա՛ր քո գերիներին, ո՛վ Աբինոամի որդի:

13 Այդ ժամանակ ովքեր մնացել էին, եկան իշխանավորների մոտ.

Եհովայի ժողովուրդը ինձ մոտ եկավ, որ դուրս գա զորավորների դեմ:

14 Հովիտ եկածները ծագում են առել Եփրեմից,

Նրանք քո հետևից են գալիս, ո՛վ Բենիամին, քո ժողովրդի մեջ են:

Մաքիրից+ իջան զորապետները,

Եվ Զաբուղոնից՝ զինվորագրողները:*

15 Իսաքարի իշխանները Դեբորայի հետ էին,

Ինչպես Իսաքարը, այնպես էլ Բարակը:+

Նա դաշտահովիտ ուղարկվեց ոտքով:+

Բայց Ռուբենյաններից շատերի սրտերն անվճռական էին:

16 Ինչո՞ւ նստեցիր երկու խուրջինների մեջտեղում,*

Երբ լսեցիր, թե ինչպես են հովիվները սրինգ նվագում հոտերի համար:+

Ռուբենյանների սրտերն անվճռական էին:

17 Գաղաադը մնաց Հորդանանի մյուս կողմում,+

Իսկ Դա՞նը, ինչո՞ւ նա մնաց նավերի հետ:+

Ասերը պարապ նստեց ծովափին

Եվ իր նավահանգիստների մոտ մնաց:+

18 Զաբուղոնը մի ժողովուրդ է,

Որը վտանգեց իր կյանքը՝ պատրաստ լինելով մեռնելու:

Նույնն արեց Նեփթաղիմը՝+ բարձունքներում:+

19 Թագավորներ եկան մեզ հետ կռվելու.

Քանանի թագավորները մարտնչեցին+ Թանաքում՝

Մեգիդոյի ջրերի մոտ:+

Նրանք չկարողացան արծաթը որպես ավար վերցնել:+

20 Երկնքից աստղերը պատերազմեցին,

Իրենց ուղեծրից պատերազմեցին Սիսարայի դեմ:

21 Կիսոն հեղեղատը* քշեց-տարավ նրանց,+

Այն հին հեղեղատը՝ Կիսոն հեղեղատը:

Ո՛վ իմ հոգի, դու զորավորների կոխոտեցիր:

22 Նժույգները սմբակներով հարվածում էին գետնին,

Երբ խելահեղորեն սլանում էին:+

23 «Անիծե՛ք Մարոզին,– ասաց Եհովայի հրեշտակը,–

Այո՛, անիծե՛ք նրա բնակիչներին,

Որովհետև նրանք չեկան Եհովային աջակցելու,

Հզորների հետ չաջակցեցին Եհովային»:

24 Հայելը՝+ կենեցի Քաբերի+ կինը,

Ամենից օրհնվածն է կանանց մեջ,

Վրաններում ապրող կանանց մեջ նա ամենից օրհնվածն է:

25 Նա ջուր խնդրեց, իսկ կինը կաթ տվեց.+

Շքեղ գավաթով սերուցք տվեց նրան:

26 Իր ձեռքը դեպի վրանի ցիցը մեկնեց

Եվ իր աջ ձեռքը՝ դեպի աշխատավորի փայտամուրճը:

Նա մեխեց Սիսարային, ճեղքեց նրա գլուխը,

Ջարդեց ու խոցեց նրա քունքերը:+

27 Հայելի ոտքերի մոտ նա ընկավ, տապալվեց ու փռված մնաց,

Նրա ոտքերի մոտ նա ընկավ ու տապալվեց:

Որտեղ որ ընկավ, այնտեղ էլ հաղթված տապալվեց:

28 Պատուհանից մի կին էր նայում,

Սիսարայի մայրն էր նայում վանդակապատ լուսամուտից.

«Ինչո՞ւ է նրա կառքն ուշանում:+

Ինչո՞ւ չի լսվում նրա ձիերի սմբակների դոփյունը»:

29 Նրա ազնվազարմ տիկինների մեջ ամենաիմաստունները պատասխանում էին նրան,

Եվ նա էլ ինքն իրեն շարունակ նույն բանն էր ասում.

30 «Հաստատ, նրանք իրենց վերցրած ավարն են բաժանում,

Մեկ կամ երկու աղջիկ* ամեն ռազմիկի համար,

Գունավոր հագուստ Սիսարայի համար, գունավոր հագուստ՝ որպես ավար,

Ասեղնագործ հանդերձ, գունավոր հագուստ, ասեղնագործ երկու հանդերձ

Ավար առնողների պարանոցների համար»:

31 Թող քո բոլոր թշնամիները կործանվեն,+ ո՛վ Եհովա,

Իսկ քեզ սիրողները թող լինեն ինչպես արևը, որ ծագում է իր փառքով»:

Եվ 40 տարի երկրում խաղաղություն եղավ:*+

6 Բայց իսրայելացիները նորից սկսեցին անել այն, ինչը չար էր Եհովայի աչքին:+ Ուստի Եհովան նրանց մադիանացիների ձեռքը մատնեց, և նրանք յոթ տարի մնացին նրանց տիրապետության տակ:+ 2 Մադիանը սկսեց ճնշել Իսրայելին:+ Մադիանի պատճառով իսրայելացիները լեռներում, քարանձավներում և անմատչելի տեղերում իրենց համար թաքստոցներ* պատրաստեցին:+ 3 Երբ իսրայելացիները սերմ էին ցանում, մադիանացիները, ամաղեկացիներն+ ու արևելցիները+ հարձակվում էին նրանց վրա: 4 Նրանք բանակ էին դնում Իսրայելի տարածքում ու ոչնչացնում էին երկրի բերքը մինչև Գազա. Իսրայելում ո՛չ ուտելու բան էին թողնում, ո՛չ էլ ոչխար, ցուլ կամ էշ:+ 5 Նրանք գալիս էին իրենց անասուններով ու վրաններով: Մորեխների պես բազմաքանակ էին.+ նրանց և իրենց ուղտերին թիվ չկար:+ Ներխուժում էին այդ երկիր, որ ավերեն այն: 6 Ի վերջո Իսրայելը Մադիանի պատճառով ծայրահեղ աղքատության մեջ ընկավ, և իսրայելացիները Եհովային օգնության կանչեցին:+

7 Երբ իսրայելացիները Եհովային օգնության կանչեցին, որ իրենց ազատի Մադիանի ձեռքից,+ 8 Եհովան իսրայելացիների մոտ մի մարգարե ուղարկեց, ով ասաց նրանց. «Ահա թե ինչ է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ես հանեցի ձեզ Եգիպտոսից ու դուրս բերեցի ձեր ստրկության երկրից:+ 9 Ես ազատեցի ձեզ Եգիպտոսից, ինչպես նաև ձեզ հալածողների ձեռքից, որոնց քշեցի ձեր առաջից ու նրանց երկիրը ձեզ տվեցի:+ 10 Եվ ասացի ձեզ. «Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը:+ Մի՛ վախեցեք ամորհացիների աստվածներից, որոնց երկրում դուք բնակվում եք»:+ Բայց դուք չլսեցիք ինձ»»:+

11 Դրանից հետո Եհովայի հրեշտակը եկավ+ ու նստեց Աբիեզերի+ սերնդից Հովասին պատկանող մեծ ծառի տակ, որը Եփրայում էր գտնվում: Նրա որդին՝ Գեդեոնը,+ հնձանում ցորեն էր ծեծում, որպեսզի մադիանացիներից թաքցներ այն: 12 Եհովայի հրեշտակը հայտնվեց նրան ու ասաց. «Եհովան քեզ հետ է,+ ո՛վ հզոր ռազմիկ»: 13 Գեդեոնն ասաց նրան. «Ներիր ինձ, տե՛ր իմ, բայց եթե Եհովան մեզ հետ է, ինչո՞ւ այս ամենը պատահեց մեզ:+ Ո՞ւր են նրա բոլոր զարմանահրաշ գործերը, որոնց մասին մեր հայրերը պատմել են մեզ՝+ ասելով. «Եհովան հանեց մեզ Եգիպտոսից»:+ Իսկ հիմա Եհովան մեզ թողել է և Մադիանի ձեռքն է տվել»:+ 14 Եհովան շրջվեց նրա կողմն ու ասաց. «Գնա՛ և քո զորությամբ փրկի՛ր Իսրայելին Մադիանի ձեռքից.+ չէ՞ որ ես եմ քեզ ուղարկում»: 15 Գեդեոնն ասաց նրան. «Ներիր ինձ, Եհո՛վա, ինչպե՞ս փրկեմ Իսրայելին: Իմ ազգատոհմը* ամենաաննշանն է Մանասեի մեջ, և ես շատ փոքր մարդ եմ իմ հոր տան մեջ»: 16 Սակայն Եհովան ասաց. «Ես քեզ հետ կլինեմ,+ և դու կջախջախես մադիանացիներին, ասես մեկ մարդու»:

17 Գեդեոնն էլ ասաց. «Եթե քո բարեհաճությունն ունեմ, ինձ մի նշան ցույց տուր, որ դու ես ինձ հետ խոսողը: 18 Խնդրում եմ, մի՛ հեռացիր այստեղից, մինչև որ հետ գամ և իմ նվերը բերեմ ու դնեմ քո առաջ»:+ Նա ասաց. «Կմնամ այստեղ, մինչև որ վերադառնաս»: 19 Գեդեոնը գնաց, մի ուլ մորթեց, եփեց այն և մեկ արդու* ալյուրից անթթխմոր հաց թխեց:+ Միսը նա զամբյուղի մեջ դրեց, իսկ մսաջուրը կաթսայի մեջ լցրեց, հետո դրանք տարավ նրա մոտ ու մատուցեց մեծ ծառի տակ:

20 Ճշմարիտ Աստծու հրեշտակն ասաց նրան. «Վերցրո՛ւ միսն ու անթթխմոր հացը և դի՛ր այնտեղ՝ մեծ քարին, իսկ մսաջուրը վրա՛ն լցրու»: Նա այդպես էլ արեց: 21 Եհովայի հրեշտակը իր ձեռքի գավազանը մեկնեց և ծայրով դիպավ մսին ու անթթխմոր հացին. քարից կրակ դուրս եկավ և լափեց միսն ու անթթխմոր հացը:+ Այնուհետև Եհովայի հրեշտակն անհետացավ նրա աչքի առաջից: 22 Այդ ժամանակ Գեդեոնը հասկացավ, որ դա Եհովայի հրեշտակն էր:+

Գեդեոնն իսկույն ասաց. «Վա՜յ ինձ, Գերիշխա՛ն Տեր Եհովա. ես Եհովայի հրեշտակին երես առ երես տեսա»:+ 23 Բայց Եհովան ասաց նրան. «Խաղաղությո՛ւն քեզ:+ Մի՛ վախեցիր, դու չե՛ս մեռնի»: 24 Գեդեոնն այնտեղ Եհովայի համար մի զոհասեղան շինեց: Մինչև այսօր այն կոչվում է Եհովա-Շալոմ*+ ու գտնվում է Աբիեզերյանների Եփրայում:

25 Այդ գիշեր Եհովան ասաց նրան. «Վերցրո՛ւ քո հոր երիտասարդ ցուլը՝ երկրորդ ցուլը, որը յոթ տարեկան է, քանդի՛ր Բահաղի զոհասեղանը, որը քո հորն է պատկանում, և կտրի՛ր դրա մոտ գտնվող սուրբ ձողը:*+ 26 Ապա այս ապահով բարձունքի գլխին քարերը շարքով դնելով՝ մի զոհասեղա՛ն շինիր քո Աստված Եհովայի համար: Վերցրո՛ւ այդ ցուլը և քո կտրած սուրբ ձողի փայտերի վրա այրելով՝ մատուցի՛ր այն որպես ողջակեզ»: 27 Ուստի Գեդեոնը իր ծառաներից տասը մարդ վերցրեց և արեց ճիշտ այնպես, ինչպես Եհովան ասել էր իրեն: Սակայն իր հոր տնեցիներից ու քաղաքի բնակիչներից վախենալով՝ նա այդ բանը ցերեկը չարեց, այլ գիշերն արեց:

28 Երբ քաղաքի բնակիչները վաղ առավոտյան վեր կացան, տեսան, որ Բահաղի զոհասեղանը քանդված է, և դրա կողքին գտնվող սուրբ ձողը՝ կտրված, իսկ երկրորդ ցուլը նոր շինված զոհասեղանի վրա ողջակեզ է արված: 29 Նրանք իրար հարցրին. «Ո՞վ է արել այս բանը»: Հարցուփորձ անելուց հետո ասացին. «Գեդեոնն է արել՝ Հովասի որդին»: 30 Քաղաքի բնակիչներն ասացին Հովասին. «Դո՛ւրս հանիր քո որդուն. նա պետք է մեռնի, որովհետև քանդել է Բահաղի զոհասեղանը և կտրել է դրա մոտ գտնվող սուրբ ձողը»: 31 Հովասն+ իր դեմ դուրս եկած բոլոր մարդկանց ասաց. «Մի՞թե դո՛ւք պետք է պաշտպանեք Բահաղին, կամ մի՞թե դո՛ւք պետք է փրկեք նրան: Ով որ պաշտպանի նրան, այս առավոտ մահվան կմատնվի:+ Եթե նա աստված է, թող ի՛նքը պաշտպանի իրեն,+ որովհետև ինչ-որ մեկը քանդել է նրա զոհասեղանը»: 32 Եվ հենց այդ օրը նա Գեդեոնին Հերոբահաղ* անվանեց՝ ասելով. «Թող Բահաղն ինքը պաշտպանի իրեն, որովհետև ինչ-որ մեկը քանդել է նրա զոհասեղանը»:

33 Բոլոր մադիանացիները,+ ամաղեկացիներն+ ու արևելցիները միավորեցին իրենց ուժերը:+ Նրանք անցան գետը և Հեզրայելի հովտում բանակ դրեցին: 34 Եհովայի ոգին իջավ* Գեդեոնի վրա:+ Նա փչեց եղջերափողը,+ և Աբիեզերյանները+ համախմբվեցին նրա շուրջը: 35 Նա պատգամաբերներ ուղարկեց Մանասեի ամբողջ ցեղի մոտ, և նրանք նույնպես հավաքվեցին նրա մոտ, որ օգնեն: Գեդեոնը պատգամաբերներ ուղարկեց նաև Ասերի, Զաբուղոնի, Նեփթաղիմի ցեղերի մոտ, և նրանք էլ եկան:

36 Գեդեոնն ասաց ճշմարիտ Աստծուն. «Եթե իմ միջոցով ես փրկելու Իսրայելին, ինչպես որ խոստացել ես,+ 37 ես խուզած բուրդ կդնեմ կալի* մեջ, և եթե ցողը նստի միայն բրդի վրա, իսկ դրա շուրջը գետինը չոր մնա, ապա կիմանամ, որ Իսրայելին իմ միջոցով ես փրկելու, ինչպես որ խոստացել ես»: 38 Այդպես էլ եղավ: Երբ հաջորդ օրը վաղ առավոտյան նա վեր կացավ, քամեց բուրդը, և դրանից մի մեծ գավաթ լիքը ջուր դուրս եկավ: 39 Սակայն Գեդեոնն ասաց ճշմարիտ Աստծուն. «Թող քո բարկությունը չբորբոքվի, թույլ տուր՝ մի անգամ էլ խնդրանք հայտնեմ: Խնդրում եմ, թույլ տուր՝ մի անգամ էլ բրդով ստուգեմ: Խնդրում եմ, այս անգամ թող միայն բուրդը չոր մնա, իսկ ամբողջ գետնի վրա ցող լինի»: 40 Այդ գիշեր Աստված այդպես էլ արեց. միայն բուրդը չոր մնաց, իսկ ամբողջ գետնի վրա ցող նստեց:

7 Հերոբահաղը, այսինքն՝ Գեդեոնը,+ և նրա հետ եղող ողջ ժողովուրդը վաղ առավոտյան վեր կացան ու բանակ դրեցին Հարոդի աղբյուրի մոտ, իսկ Մադիանի բանակը դրանից հյուսիս էր՝ Մորե բլրի մոտ՝ դաշտահովտում: 2 Եհովան ասաց Գեդեոնին. «Քեզ հետ եղող մարդիկ չափից շատ են: Դրա համար չեմ ուզում Մադիանին նրանց ձեռքը մատնել,+ որ չլինի թե Իսրայելը պարծենա և ասի. «Իմ ձեռքով փրկվեցի»:+ 3 Ուստի խնդրում եմ, ռազմիկների առաջ այս հայտարարությունն արա. «Ով վախենում ու սարսռում է, թող հետ դառնա տուն»»:+ Այսպես Գեդեոնը փորձեց նրանց: Ռազմիկներից 22 000-ը հետ դարձավ տուն. մնաց 10 000-ը:

4 Սակայն Եհովան ասաց Գեդեոնին. «Ռազմիկները դեռ չափազանց շատ են: Ասա նրանց՝ ջրի մոտ իջնեն, որ այնտեղ ստուգեմ նրանց: Ում համար ասեմ, թե այս մեկը կգա քեզ հետ, նա էլ կգա, իսկ ում համար ասեմ, թե նա չի գա քեզ հետ, նա չի գա»: 5 Եվ Գեդեոնը ռազմիկներին ջրի մոտ տարավ:

Հետո Եհովան ասաց նրան. «Այն ռազմիկներին, ովքեր շան նման լեզվով կլակեն ջուրը, առանձին կանգնեցրու նրանցից, ովքեր ծնկաչոք կխմեն»: 6 Նրանք, ովքեր ջուրը լակեցին՝ ձեռքը բերանը տանելով, թվով 300 հոգի էին: Իսկ մյուսները ջուր խմելու համար իրենց ծնկների վրա իջան:

7 Եհովան ասաց Գեդեոնին. «Ես ձեզ կփրկեմ այն 300 մարդկանց միջոցով, ովքեր լակելով խմեցին ջուրը, ու մադիանացիներին քո ձեռքը կտամ:+ Իսկ մյուսները թող տուն վերադառնան»: 8 Այսպիսով՝ 300 ռազմիկները մյուսներից վերցրին ուտելիքի պաշարն ու եղջերափողերը: Գեդեոնը պահեց միայն այդ 300 հոգուն, իսկ մյուսներին տուն ուղարկեց: Մադիանի բանակատեղին ներքևում էր՝ դաշտահովտում:+

9 Այդ գիշեր Եհովան ասաց նրան. «Վե՛ր կաց ու հարձակվի՛ր բանակի վրա, որովհետև քո ձեռքն եմ տվել այն:+ 10 Բայց եթե վախենում ես հարձակվել, քո ծառա Փուրայի հե՛տ իջիր բանակատեղի: 11 Լսի՛ր, թե նրանք ինչ են խոսում, և այդ ժամանակ քաջություն կունենաս* հարձակվելու բանակի վրա»: Եվ Գեդեոնը իր ծառայի՝ Փուրայի հետ մոտեցավ թշնամու բանակին:

12 Մադիանացիները, ամաղեկացիներն ու արևելցիները+ մորեխների երամի պես ծածկել էին դաշտահովիտը: Նրանց ուղտերին թիվ չկար.+ դրանք ծովափի ավազահատիկների չափ շատ էին: 13 Երբ Գեդեոնը եկավ բանակատեղի, լսեց, որ մի մարդ երազ է պատմում իր ընկերոջը: Նա ասում էր. «Երազում տեսա, որ գարուց պատրաստված մի կլոր հաց գլորվում էր դեպի մադիանացիների բանակը: Այն հասավ մի վրանի ու դրան այնքան ուժգին հարվածեց, որ այն փլվեց.+ վրանը գլխիվայր շրջվեց ու գետնին հավասարվեց»: 14 Նրա ընկերն ասաց. «Դա կարող է լինել միայն իսրայելացի Հովասի որդու՝ Գեդեոնի սուրը:+ Աստված մադիանացիներին ու ողջ բանակը նրա ձեռքն է տվել»:+

15 Երբ Գեդեոնը լսեց երազը և դրա մեկնությունը,+ խոնարհվեց ու երկրպագեց Աստծուն: Դրանից հետո նա վերադարձավ Իսրայելի բանակատեղի և ասաց. «Վե՛ր կացեք, որովհետև Եհովան մադիանացիների բանակը ձեր ձեռքն է տվել»: 16 Այնուհետև նա 300 ռազմիկներին երեք գնդի բաժանեց և նրանց բոլորին եղջերափողեր+ ու դատարկ մեծ սափորներ տվեց, մեջը՝ ջահեր, 17 և ասաց. «Նայե՛ք ինձ ու արե՛ք այն, ինչ ես կանեմ: Երբ մոտենամ բանակի ծայրին, ինչպես որ ես անեմ, այնպես էլ դո՛ւք արեք: 18 Հենց որ ես ու ինձ հետ եղողները եղջերափողերը փչենք, դո՛ւք էլ ամբողջ բանակի շուրջը փչեք եղջերափողերը և բղավեք. «Եհովայի և Գեդեոնի սո՛ւրը»»:

19 Երբ գիշերվա երկրորդ պահը* նոր էր սկսվել, և ժամապահները նոր էին փոխվել, Գեդեոնն ու իր հետ եղող 100 մարդիկ մոտեցան բանակի ծայրին: Նրանք փչեցին եղջերափողերը+ և կոտրեցին իրենց ձեռքերում բռնած ջրի մեծ սափորները:+ 20 Այսպիսով՝ երեք գնդերը փչեցին եղջերափողերը և կոտրեցին սափորները: Ապա ձախ ձեռքով վերցրին ջահերը, փչեցին աջ ձեռքով բռնած եղջերափողերը ու բղավեցին. «Եհովայի և Գեդեոնի սո՛ւրը»: 21 Այդ ամբողջ ընթացքում նրանցից յուրաքանչյուրը կանգնած էր իր տեղում՝ բանակի շուրջբոլորը: Ողջ բանակը սկսեց գոռգոռալ ու փախչել:+ 22 300 մարդիկ շարունակեցին փչել եղջերափողերը, ու Եհովան ողջ բանակում ամեն մեկի սուրը մյուսի դեմ դարձրեց:+ Զորքը փախավ մինչև Բեթ-Ասետա՝ հասնելով Սարերա, և մինչև Աբել-Մաուլայի+ սահմանը՝ Տաբեթի մոտ:

23 Իսրայելի տղամարդիկ կանչվեցին Նեփթաղիմի, Ասերի ցեղերից, ինչպես նաև ամբողջ Մանասեի ցեղից,+ և նրանք հետապնդեցին մադիանացիներին: 24 Գեդեոնը պատգամաբերներ ուղարկեց Եփրեմի ողջ լեռնային շրջան, որ ասեն. «Իջե՛ք, հարձակվե՛ք մադիանացիների վրա և զավթե՛ք ինչպես Հորդանանի, այնպես էլ մյուս գետերի ծանծաղուտները մինչև Բեթ-Բարա»: Ուստի Եփրեմի բոլոր տղամարդիկ հավաքվեցին ու զավթեցին Հորդանանի և մյուս գետերի ծանծաղուտները մինչև Բեթ-Բարա: 25 Նրանք նաև բռնեցին մադիանացիների երկու իշխաններին՝ Օրեբին ու Զեբին. Օրեբին սպանեցին Օրեբի ժայռի+ վրա, իսկ Զեբին՝ Զեբի հնձանի մոտ: Նրանք շարունակեցին հետապնդել մադիանացիներին+ և Օրեբի ու Զեբի գլուխները բերեցին Գեդեոնի մոտ՝ Հորդանանի տարածք:

8 Եփրեմյանները ասացին Գեդեոնին. «Այս ի՞նչ արեցիր: Մեզ ինչո՞ւ չկանչեցիր, երբ գնում էիր Մադիանի դեմ կռվելու»:+ Եվ նրանք Գեդեոնի հետ սաստիկ վիճեցին:+ 2 Բայց նա ասաց նրանց. «Ձեզ հետ համեմատած՝ ի՞նչ եմ արել ես: Մի՞թե Եփրեմի+ ճռաքաղը* Աբիեզերի+ խաղողաքաղից ավելի լավը չէ: 3 Աստված ձե՛ր ձեռքը մատնեց Մադիանի իշխաններին՝ Օրեբին ու Զեբին,+ ես ի՞նչ եմ արել՝ ձեզ հետ համեմատած»: Երբ նա այս բանն ասաց, նրանք հանդարտվեցին:*

4 Գեդեոնը եկավ Հորդանանի մոտ և անցավ գետը: Նա և իր 300 ռազմիկները հոգնած էին, բայց շարունակեցին հետապնդել թշնամիներին: 5 Նա ասաց Սոկքոթի տղամարդկանց. «Խնդրում եմ, հաց տվեք ինձ հետ եղող մարդկանց, որովհետև նրանք հոգնած են: Ես հետապնդում եմ Զեբեեին ու Սալմանային՝ մադիանացիների թագավորներին»: 6 Սակայն Սոկքոթի իշխաններն ասացին. «Մի՞թե Զեբեեն ու Սալմանան արդեն քո ձեռքում են, որ մենք հաց տանք քո զորքին»: 7 Գեդեոնն էլ պատասխանեց. «Դե որ այդպես է, երբ Եհովան Զեբեեին ու Սալմանային իմ ձեռքը տա, անապատի փշերով ու տատասկներով կծվատեմ ձեր մարմինը»:+ 8 Հետո նա գնաց Փանուել և այնտեղի տղամարդկանցից էլ նույն բանը խնդրեց, բայց նրանք պատասխանեցին այնպես, ինչպես Սոկքոթի տղամարդիկ էին պատասխանել: 9 Այդ ժամանակ Գեդեոնն ասաց Փանուելի տղամարդկանց. «Երբ հաղթանակած* վերադառնամ, այս աշտարակը քանդելու եմ»:+

10 Զեբեեն ու Սալմանան Կարկարում էին, և նրանց հետ էին իրենց զորքերը՝ մոտավորապես 15 000 մարդ: Այսքանն էին մնացել արևելցիների+ ամբողջ զորքից: Իսկ ընկածները 120 000 էին. բոլորն էլ սուր էին կրում: 11 Գեդեոնը շարունակեց բարձրանալ վրանաբնակների ճանապարհով, որը գտնվում է Նոբահից և Հոգբեհայից+ դեպի արևելք, հարձակվեց թշնամու բանակի վրա ու հանկարծակիի բերեց նրանց: 12 Երբ Զեբեեն ու Սալմանան փախուստի դիմեցին, նա հետապնդեց այս երկու մադիանացի թագավորներին և բռնեց նրանց՝ ամբողջ բանակը խուճապի մեջ գցելով:

13 Այնուհետև Հովասի որդին՝ Գեդեոնը, պատերազմից վերադարձավ դեպի Արես բարձրացող ճանապարհով: 14 Ճանապարհին նա Սոկքոթի բնակիչներից մի երիտասարդի բռնեց ու նրան հարցուփորձ արեց: Երիտասարդը նրա համար գրեց Սոկքոթի իշխանների և երեցների անունները՝ 77 մարդու անուն: 15 Հետո Գեդեոնը գնաց Սոկքոթի տղամարդկանց մոտ և ասաց. «Ահա՛ Զեբեեն ու Սալմանան, որոնց պատճառով դուք ծաղրեցիք ինձ՝ ասելով. «Մի՞թե Զեբեեն ու Սալմանան արդեն քո ձեռքում են, որ մենք հաց տանք քո ուժասպառ եղած մարդկանց»»:+ 16 Ապա նա անապատի փշեր ու տատասկներ վերցրեց և դրանցով դաս տվեց Սոկքոթի երեցներին:+ 17 Հետո Փանուելի+ աշտարակը քանդեց և քաղաքի տղամարդկանց սպանեց:

18 Գեդեոնը հարցրեց Զեբեեին ու Սալմանային. «Ինչպիսի՞ մարդիկ էին նրանք, ում դուք սպանեցիք Թաբորում»: Նրանք էլ պատասխանեցին. «Նրանք քեզ պես էին. յուրաքանչյուրն իր տեսքով թագավորի որդու էր նման»: 19 Նա ասաց. «Նրանք իմ եղբայրներն էին՝ իմ մոր որդիները: Երդվում եմ Եհովայի գոյությամբ. եթե դուք նրանց կյանքը խնայեիք, ես ձեզ չէի սպանի»: 20 Ապա իր առաջնեկին՝ Հեթերին, ասաց. «Վե՛ր կաց, սպանի՛ր դրանց»: Բայց տղան իր սուրը չհանեց. նա վախեցավ, որովհետև դեռ պատանի էր: 21 Այդ ժամանակ Զեբեեն ու Սալմանան ասացին. «Թե տղամարդ ես,* ի՛նքդ վեր կաց ու սպանիր մեզ»: Ուստի Գեդեոնը սպանեց Զեբեեին ու Սալմանային+ և վերցրեց նրանց ուղտերի պարանոցների կիսալուսնաձև զարդերը:

22 Հետո իսրայելացիներն ասացին Գեդեոնին. «Իշխի՛ր մեզ վրա դու, քո որդին և քո որդու որդին, որովհետև փրկեցիր մեզ Մադիանի ձեռքից»:+ 23 Սակայն Գեդեոնը պատասխանեց. «Ես չեմ իշխի ձեզ վրա, և ոչ էլ իմ որդին կիշխի: Եհովան է իշխելու ձեզ վրա»:+ 24 Ապա Գեդեոնն ասաց. «Մի բան եմ խնդրում ձեզանից. ամեն մեկդ ձեր ավարից ինձ քթի օղ տվեք»: (Պարտված թշնամիները քթի ոսկե օղեր ունեին, որովհետև իսմայելացիներ էին):+ 25 Նրանք ասացին. «Իհա՛րկե կտանք»: Ապա մի վերնազգեստ փռեցին, և ամեն մեկը իր ավարից քթի օղ գցեց դրա վրա: 26 Ոսկե օղերը, որոնք նա խնդրել էր, կշռում էին 1 700 սիկղ՝* չհաշված կիսալուսնաձև զարդերը, կախազարդերը, Մադիանի թագավորների կրած մանուշակագույն* բրդե հանդերձները և ուղտերի պարանոցների մանյակները:+

27 Գեդեոնն այդ ոսկով եփուդ*+ պատրաստեց և ի ցույց դրեց իր քաղաքում՝ Եփրայում,+ և ողջ Իսրայելը այնտեղ սկսեց դրան պաշտել:*+ Դա Գեդեոնի ու նրա տան համար որոգայթ դարձավ:+

28 Այսպիսով՝ իսրայելացիները հպատակեցրին մադիանացիներին,+ և նրանք այլևս գլուխ չբարձրացրին: Գեդեոնի օրերում 40 տարի երկրում խաղաղություն եղավ:*+

29 Հովասի որդին՝ Հերոբահաղը,+ վերադարձավ իր տուն և այնտեղ մնաց:

30 Գեդեոնը 70 որդի ուներ,* որովհետև շատ կանանց հետ էր ամուսնացած: 31 Նրա հարճը,* որն ապրում էր Սյուքեմում, նույնպես որդի ծնեց նրա համար, և Գեդեոնը նրա անունը Աբիմելեք դրեց:+ 32 Հովասի որդին՝ Գեդեոնը, մահացավ խոր ծերության մեջ և թաղվեց իր հոր՝ Հովասի գերեզմանում, որը Աբիեզերյանների Եփրայում էր:+

33 Գեդեոնի մահից հետո իսրայելացիները դարձյալ սկսեցին Բահաղներին պաշտել*+ և Բահաղ-Բերիթին իրենց աստվածը դարձրին:+ 34 Իսրայելացիները չհիշեցին իրենց Աստված Եհովային,+ ով իրենց ազատել էր շրջակա բոլոր թշնամիների ձեռքից,+ 35 և հավատարիմ սեր չցուցաբերեցին Հերոբահաղի, այսինքն՝ Գեդեոնի ընտանիքի հանդեպ այն բոլոր լավ բաների համար, որ նա արել էր Իսրայելին:+

9 Հերոբահաղի որդին՝ Աբիմելեքը,+ գնաց Սյուքեմ՝ իր մոր եղբայրների մոտ, և նրանց ու իր մորական պապի ողջ գերդաստանին ասաց. 2 «Խնդրում եմ, Սյուքեմի բոլոր առաջնորդներին* ասեք. «Ո՞րն է ձեզ համար լավ, որ Հերոբահաղի+ բոլոր 70 որդինե՞րն իշխեն ձեզ վրա, թե՞ որ մեկ մարդ իշխի: Հիշեք, որ ես ձեր միսն ու արյունն եմ»»:*

3 Նրա մոր եղբայրները այս բոլոր խոսքերը հաղորդեցին Սյուքեմի բոլոր առաջնորդներին, ու նրանց սիրտը հակվեց Աբիմելեքի կողմը: Նրանք որոշեցին հետևել նրան, որովհետև ասացին. «Նա մեր եղբայրն է»: 4 Նրանք Բահաղ-Բերիթի+ տնից* Աբիմելեքին 70 կտոր արծաթ տվեցին: Դրանցով նա անբան և անպատկառ մարդիկ վարձեց, որ իրեն միանան: 5 Հետո գնաց Եփրա՝+ իր հոր տուն, ու սպանեց իր եղբայրներին՝+ Հերոբահաղի որդիներին՝ 70 մարդու մի քարի վրա: Միայն Հերոբահաղի կրտսեր որդին՝ Հովաթամը կենդանի մնաց, որովհետև թաքնվել էր:

6 Այնուհետև Սյուքեմի բոլոր առաջնորդները և ամբողջ Բեթ-Մելոնը մեկտեղ հավաքվեցին և Սյուքեմում գտնվող սյան մոտ, որը մեծ ծառի մոտ էր, Աբիմելեքին թագավոր դարձրին:+

7 Երբ այդ մասին հայտնեցին Հովաթամին, նա անմիջապես գնաց ու կանգնեց Գարիզին լեռան+ գագաթին և բարձր ձայնով ասաց նրանց. «Լսե՛ք ինձ, ո՛վ Սյուքեմի առաջնորդներ, և Աստված էլ ձեզ կլսի:

8 Մի անգամ ծառերը գնացին իրենց համար թագավոր օծելու: Նրանք ասացին ձիթենուն. «Մեր թագավո՛րը դարձիր»:+ 9 Բայց ձիթենին ասաց նրանց. «Թողնեմ իմ յուղը,* որով փառաբանում են Աստծուն ու մարդկանց, և գնամ մյուս ծառերի վրա՞ իշխեմ»:* 10 Հետո ծառերը թզենո՛ւն ասացին. «Ե՛կ ու մեր թագավո՛րը դարձիր»: 11 Բայց թզենին ասաց նրանց. «Իմ քաղցրությունն ու իմ լավ պտուղները թողնեմ և գնամ մյուս ծառերի վրա՞ իշխեմ»: 12 Ապա ծառերը խաղողի վազի՛ն ասացին. «Ե՛կ ու մեր թագավո՛րը դարձիր»: 13 Խաղողի վազը պատասխանեց նրանց. «Թողնեմ իմ նոր գինին, որ ուրախացնում է Աստծուն ու մարդկանց, և գնամ մյուս ծառերի վրա՞ իշխեմ»: 14 Ի վերջո բոլոր ծառերը դժնիկի՛ն* ասացին. «Ե՛կ ու մեր թագավո՛րը դարձիր»:+ 15 Դժնիկն ասաց ծառերին. «Եթե դուք իսկապես ուզում եք ինձ թագավոր օծել, եկեք ու ապաստան փնտրեք իմ ստվերի տակ: Իսկ եթե ոչ, ապա ինձնից կրակ դուրս կգա ու կլափի Լիբանանի մայրիները»:

16 Եվ հիմա մտածեք. մի՞թե դուք անկեղծությամբ ու ազնվությամբ գործեցիք՝ Աբիմելեքին թագավոր դարձնելով,+ և մի՞թե բարությամբ վարվեցիք Հերոբահաղի ու նրա տնեցիների հանդեպ: Մի՞թե նրա հետ ըստ արժանվույն վարվեցիք: 17 Երբ իմ հայրը կռվեց ձեզ համար,+ իր կյանքը* վտանգի ենթարկեց, որպեսզի Մադիանի ձեռքից ազատի ձեզ:+ 18 Բայց դուք այսօր դուրս եք եկել իմ հոր ընտանիքի դեմ ու սպանել եք նրա որդիներին՝ 70 հոգու մի քարի վրա,+ իսկ նրա աղախնի որդուն՝+ Աբիմելեքին, Սյուքեմի թագավորն եք դարձրել զուտ այն պատճառով, որ նա ձեր եղբայրն է: 19 Եթե դուք այսօր անկեղծությամբ ու ազնվությամբ վարվեցիք Հերոբահաղի ու նրա տնեցիների հետ, ապա ուրախացեք Աբիմելեքով, և նա էլ թող ձեզանով ուրախանա: 20 Իսկ եթե ոչ, այդ դեպքում թող կրակ դուրս գա Աբիմելեքից և լափի Սյուքեմի առաջնորդներին ու Բեթ-Մելոնը,+ և թող կրակ դուրս գա Սյուքեմի առաջնորդներից ու Բեթ-Մելոնից և լափի Աբիմելեքին»:+

21 Դրանից հետո Հովաթամը+ փախուստի դիմեց: Նա փախավ Բեեր և այնտեղ բնակվեց, որովհետև վախենում էր իր եղբայր Աբիմելեքից:

22 Աբիմելեքը երեք տարի իշխեց* Իսրայելում: 23 Այնուհետև Աստված թույլ տվեց, որ թշնամություն առաջանա* Աբիմելեքի և Սյուքեմի առաջնորդների միջև, ու նրանք նենգաբար վարվեցին Աբիմելեքի հետ: 24 Դա տեղի ունեցավ, որպեսզի Հերոբահաղի 70 որդիների դաժան սպանության համար վրեժ առնվի, և որպեսզի նրանց եղբայրը՝ Աբիմելեքը, որը սպանեց նրանց,+ և Սյուքեմի առաջնորդները, որոնք օգնեցին նրան սպանելու իր եղբայրներին, պատասխան տան թափված արյան համար: 25 Ուստի Սյուքեմի առաջնորդները նրան վնասելու համար լեռների գլուխներին դարանակալներ դրեցին, որոնք կողոպտում էին իրենց մոտի ճանապարհով անցնողներին: Այս մասին տեղեկացրին Աբիմելեքին:

26 Աբեդի որդին՝ Գաալը, ու նրա եղբայրները գնացին Սյուքեմ, և Գաալը շահեց Սյուքեմի+ առաջնորդների վստահությունը: 27 Սյուքեմի բնակիչները գնացին իրենց խաղողի այգիները, հավաքեցին խաղողը, տրորեցին հնձանում և տոնախմբություն արեցին, իսկ հետո գնացին իրենց աստծու տուն,+ կերան, խմեցին ու անիծեցին Աբիմելեքին: 28 Աբեդի որդին՝ Գաալը, ասաց. «Ո՞վ է Աբիմելեքը՝ Հերոբահաղի+ որդին, և ո՞վ է Զեբուղը՝ Սյուքեմի ներկայացուցիչը, որ նրանց ծառայենք: Սյուքեմի հոր՝ Եմորի մարդկանց ծառայեք: Ինչո՞ւ պետք է Աբիմելեքին ծառայենք: 29 Երանի՜ թե այս ժողովուրդն իմ իշխանության տակ լիներ, այդ ժամանակ ես կհեռացնեի Աբիմելեքին»: Հետո նա Աբիմելեքին մարտահրավեր նետեց՝ ասելով. «Ավելացրու զորքիդ թիվը և արի կռվենք»:

30 Երբ քաղաքի իշխան Զեբուղը լսեց Աբեդի որդու՝ Գաալի խոսքերը, նրա զայրույթը բորբոքվեց: 31 Նա գաղտնաբար* պատգամաբերներ ուղարկեց Աբիմելեքի մոտ՝ ասելով. «Ահա Աբեդի որդին՝ Գաալը, և նրա եղբայրները Սյուքեմում են ու քաղաքը քո դեմ են հանում: 32 Ուստի դու և քո մարդիկ գիշերով գնացեք ու դարանամուտ եղեք դաշտում: 33 Վաղ առավոտյան, երբ արևը ծագի, հարձակվեք քաղաքի վրա: Եվ երբ նա իր մարդկանց հետ դուրս գա քո դեմ, ձեռքիցդ եկածն արա, որ հաղթես նրան»:

34 Աբիմելեքը և նրա հետ եղող բոլոր մարդիկ գիշերով վեր կացան ու չորս գնդի բաժանվելով՝ Սյուքեմի դեմ դարան մտան: 35 Հաջորդ օրը, երբ Գաալը՝ Աբեդի որդին, գնաց ու կանգնեց քաղաքի դարպասի մուտքի մոտ, Աբիմելեքը և իր հետ եղող մարդիկ դուրս եկան դարանից: 36 Տեսնելով մարդկանց՝ Գաալն ասաց Զեբուղին. «Տե՛ս, սարերի գլխից մարդիկ են իջնում»: Սակայն Զեբուղը պատասխանեց նրան. «Սարերի ստվերները աչքիդ մարդիկ են երևում»:

37 Որոշ ժամանակ անց Գաալը նորից ասաց. «Տե՛ս, մարդիկ են իջնում երկրի կենտրոնից, և մի գունդ էլ գալիս է Մեոնենիմի մեծ ծառի կողմից»: 38 Զեբուղն էլ ասաց նրան. «Ո՞ւր մնաց քո մեծ-մեծ խոսելը, որ ասում էիր. «Աբիմելեքն ո՞վ է, որ նրան ծառայենք»:+ Սրանք այն մարդիկ չե՞ն, որոնց դեմ դու խոսում էիր: Դե հիմա վե՛ր կաց ու կռվի՛ր նրանց դեմ»:

39 Ուստի Գաալը, գլխավորելով Սյուքեմի առաջնորդներին, կռվեց Աբիմելեքի դեմ: 40 Աբիմելեքը հետապնդեց Գաալին, և նա փախավ: Շատերը սպանված ընկան դեպի քաղաքի դարպասը տանող ճանապարհին:

41 Աբիմելեքը շարունակեց ապրել Արումայում, իսկ Զեբուղը+ Գաալին ու նրա եղբայրներին վռնդեց Սյուքեմից: 42 Հաջորդ օրը մարդիկ դաշտ դուրս եկան, և այդ մասին Աբիմելեքին իմաց տվին: 43 Նա էլ իր մարդկանց երեք գնդի բաժանեց ու դաշտում դարան մտավ: Երբ տեսավ, որ քաղաքից մարդիկ են դուրս գալիս, հարձակվեց նրանց վրա ու կոտորեց: 44 Աբիմելեքը և նրա հետի մարդիկ առաջ շարժվեցին ու կանգնեցին քաղաքի դարպասի առաջ, իսկ այդ ընթացքում երկու գնդերը հարձակվեցին դաշտում գտնվողների վրա և կոտորեցին նրանց: 45 Այդ ամբողջ օրը Աբիմելեքը կռվեց քաղաքի դեմ ու գրավեց այն: Նա սպանեց այնտեղի ժողովրդին, ապա քաղաքը ավերեց+ և այնտեղ աղ ցանեց:

46 Երբ Սյուքեմի աշտարակի առաջնորդներն իմացան այս մասին, անմիջապես գնացին Էլ-Բերիթի*+ տան* ապաստարանը: 47 Աբիմելեքին տեղեկացրին, որ Սյուքեմի աշտարակի բոլոր առաջնորդները մեկտեղ են հավաքվել: 48 Աբիմելեքը և նրա հետ եղող բոլոր մարդիկ բարձրացան Սելմոն լեռը: Նա կացինը ձեռքն առավ, ծառից մի ճյուղ կտրեց, դրեց ուսին և ասաց իր հետ եղողներին. «Ինչ որ ես արեցի, դուք էլ շտապ նույն բանն արեք»: 49 Ուստի բոլորը ճյուղեր կտրեցին ու գնացին Աբիմելեքի հետևից: Ապա ճյուղերը դրեցին ապաստարանի շուրջը և այն հրի մատնեցին: Սյուքեմի աշտարակում եղած բոլոր մարդիկ մեռան՝ մոտ 1 000 հոգի՝ տղամարդ թե կին:

50 Այնուհետև Աբիմելեքը գնաց Թեբես, բանակ դրեց դրա դիմաց և զավթեց այն: 51 Քաղաքի մեջտեղում մի ամուր աշտարակ կար: Բոլոր տղամարդիկ ու կանայք, ինչպես նաև քաղաքի բոլոր առաջնորդները փախան այդ աշտարակ, փակվեցին այնտեղ ու դրա կտուրը բարձրացան: 52 Աբիմելեքը շարժվեց դեպի աշտարակը և այն պաշարեց: Նա մոտեցավ աշտարակի մուտքին, որպեսզի այրի այն: 53 Այդ ժամանակ մի կին աղացքար գցեց Աբիմելեքի գլխին ու ջարդեց նրա գանգը:+ 54 Նա իսկույն ձայն տվեց իր զինակրին՝ ասելով. «Հանի՛ր սուրդ ու սպանի՛ր ինձ, որ իմ մասին չասեն. «Մի կին սպանեց նրան»»: Զինակիրը խոցեց նրան, և նա մեռավ:

55 Երբ իսրայելացիները տեսան, որ Աբիմելեքը մեռավ, տուն վերադարձան: 56 Այդպես Աստված Աբիմելեքին հատուցեց այն չարության դիմաց, որ նա գործել էր իր հոր դեմ՝ սպանելով իր 70 եղբայրներին:+ 57 Աստված նաև Սյուքեմի բնակիչների բոլոր չարագործությունները նրանց գլխին բերեց, և այդպիսով Հերոբահաղի+ որդու՝ Հովաթամի+ անեծքը նրանց վրա կատարվեց:

10 Աբիմելեքից հետո Իսրայելին փրկելու համար դատավոր նշանակվեց Թոլան՝ Իսաքարի ցեղից Դոդայի որդի Փուայի որդին:+ Նա բնակվում էր Սամիրում՝ Եփրեմի լեռնային շրջանում: 2 Թոլան Իսրայելում դատավորություն արեց 23 տարի, հետո մահացավ ու թաղվեց Սամիրում:

3 Նրանից հետո դատավոր դարձավ գաղաադցի Հայիրը, որը Իսրայելում դատավորություն արեց 22 տարի: 4 Նա ուներ 30 որդի, որոնք 30 ավանակ էին հեծնում: Նրանք ունեին 30 քաղաք, որոնք գտնվում են Գաղաադում և մինչև այսօր կոչվում են Հավոթ-Հայիր:+ 5 Հայիրը մահացավ ու թաղվեց Կամոնում:

6 Իսրայելացիները դարձյալ արեցին այն, ինչը չար էր Եհովայի աչքին.+ նրանք սկսեցին ծառայել Բահաղներին,+ Աստարտեի կուռքերին, Արամի* աստվածներին, Սիդոնի աստվածներին, Մովաբի+ աստվածներին, ամմոնացիների+ աստվածներին և փղշտացիների աստվածներին:+ Նրանք թողեցին Եհովային ու չծառայեցին նրան: 7 Այդ պատճառով էլ Եհովայի բարկությունը բորբոքվեց Իսրայելի դեմ, և նա իսրայելացիներին փղշտացիների ու ամմոնացիների ձեռքը մատնեց:*+ 8 Նրանք սկսեցին նեղել ու սաստիկ ճնշել իսրայելացիներին. 18 տարի այդպես վարվեցին այն բոլոր իսրայելացիների հետ, որոնք Հորդանանի մյուս կողմում էին ապրում՝ ամորհացիների երկրում՝ Գաղաադում: 9 Ամմոնացիները նաև անցնում էին Հորդանանը, որ կռվեն Հուդայի, Բենիամինի և Եփրեմի ցեղերի դեմ: Իսրայելացիները ծանր վիճակում էին հայտնվել: 10 Ուստի Եհովային օգնության կանչեցին՝+ ասելով. «Մենք մեղք ենք գործել քո դեմ, որովհետև թողել ենք քեզ՝ մեր Աստծուն, և Բահաղներին ենք ծառայել»:+

11 Բայց Եհովան ասաց նրանց. «Երբ Եգիպտոսը,+ ամորհացիները,+ ամմոնացիները, փղշտացիները,+ 12 սիդոնացիները, Ամաղեկն ու Մադիանը ձեզ նեղում էին, մի՞թե ես չէի փրկում ձեզ: Երբ ինձ օգնության էիք կանչում, փրկում էի ձեզ նրանց ձեռքից: 13 Բայց դուք թողեցիք ինձ և ուրիշ աստվածների ծառայեցիք:+ Դրա համար էլ ես ձեզ չեմ փրկի:+ 14 Գնացեք և օգնության կանչեք այն աստվածներին, որոնց ընտրել եք:+ Թող նրա՛նք ձեզ փրկեն նեղության ժամանակ»:+ 15 Սակայն իսրայելացիներն ասացին Եհովային. «Մենք մեղք ենք գործել: Մեզ հետ վարվիր այնպես, ինչպես ուզում ես, միայն թե, խնդրում ենք, փրկիր մեզ այսօր»: 16 Նրանք իրենց միջից հեռացրին օտար աստվածներն ու Եհովային ծառայեցին,+ և նա այլևս չկարողացավ հանդուրժել Իսրայելի տառապանքը:+

17 Որոշ ժամանակ անց ամմոնացիները+ հավաքեցին իրենց զորքը և բանակ դրեցին Գաղաադում: Այդ ընթացքում իսրայելացիներն էլ հավաքվեցին ու բանակ դրեցին Մասփայում: 18 Գաղաադի ժողովուրդն ու իշխաններն իրար ասացին. «Ո՞վ կառաջնորդի մեզ ամմոնացիների դեմ պատերազմում:+ Թող նա էլ լինի Գաղաադի բոլոր բնակիչների գլուխը»:

11 Գաղաադցի Հեփթայեն+ ուժեղ ռազմիկ էր: Նա մի մարմնավաճառ կնոջ զավակ էր: Հեփթայեի հայրը Գաղաադն էր: 2 Գաղաադի կինը նույնպես որդիներ ծնեց նրա համար: Երբ այդ կնոջից ծնված որդիները մեծացան, վռնդեցին Հեփթայեին՝ ասելով. «Դու ժառանգություն չես ունենալու մեր հոր տան մեջ, որովհետև ուրիշ կնոջ որդի ես»: 3 Հեփթայեն փախավ իր եղբայրներից ու բնակություն հաստատեց Տոբ երկրում: Հեփթայեին միացան անգործ մարդիկ և հետևեցին նրան՝ որպես առաջնորդի:

4 Որոշ ժամանակ անց ամմոնացիները դուրս եկան պատերազմելու Իսրայելի դեմ:+ 5 Եվ երբ ամմոնացիները սկսեցին պատերազմել Իսրայելի դեմ, Գաղաադի երեցները շուտափույթ գնացին, որ Հեփթայեին Տոբ երկրից հետ բերեն: 6 Նրանք ասացին Հեփթայեին. «Եկ ու մեր զորագլուխը եղիր, որ կարողանանք պատերազմել ամմոնացիների դեմ»: 7 Սակայն Հեփթայեն պատասխանեց Գաղաադի երեցներին. «Դուք չէի՞ք, որ ինձ այնքան էիք ատում, որ վռնդեցիք իմ հոր տնից:+ Հիմա, երբ նեղության մեջ եք, ինչո՞ւ եք եկել ինձ մոտ»: 8 Գաղաադի երեցներն ասացին Հեփթայեին. «Դրա համար էլ եկել ենք քեզ մոտ: Եթե մեզ հետ գաս ու կռվես ամմոնացիների դեմ, մեր՝ Գաղաադի բոլոր բնակիչներիս առաջնորդը կլինես»:+ 9 Հեփթայեն ասաց նրանց. «Եթե գամ ձեզ հետ ամմոնացիների դեմ պատերազմելու, ինչպես որ ուզում եք, ու Եհովան նրանց իմ ձեռքը մատնի, ես ձեր առաջնորդը կդառնամ»: 10 Գաղաադի երեցներն էլ ասացին Հեփթայեին. «Վկա՛ է Եհովան.* մենք քո խոսքի համաձայն կվարվենք»: 11 Ուստի նա գնաց Գաղաադի երեցների հետ, և ժողովուրդը նրան առաջնորդ ու զորագլուխ դարձրեց: Հեփթայեն Մասփայում+ իր բոլոր խոսքերը կրկնեց Եհովայի առաջ:

12 Հեփթայեն պատգամաբերներ ուղարկեց ամմոնացիների+ թագավորի մոտ, որ ասեն. «Իմ դեմ ի՞նչ ունես, որ եկել հարձակվել ես իմ երկրի վրա»: 13 Ամմոնացիների թագավորը նրա պատգամաբերներին ասաց. «Երբ Իսրայելը դուրս եկավ Եգիպտոսից, գրավեց իմ երկիրը՝+ Առնոնից+ մինչև Հաբոկ և ընդհուպ մինչև Հորդանան:+ Հիմա վերադարձրու այն խաղաղությամբ»: 14 Սակայն Հեփթայեն պատգամաբերներին նորից ուղարկեց ամմոնացիների թագավորի մոտ, 15 որ ասեն նրան.

«Ահա թե ինչ է ասում Հեփթայեն. «Իսրայելը չի զավթել մովաբացիների+ և ամմոնացիների երկրները:+ 16 Երբ Իսրայելը Եգիպտոսից դուրս եկավ, անապատով գնաց մինչև Կարմիր ծովը+ ու եկավ Կադես:+ 17 Հետո Իսրայելը պատգամաբերներ ուղարկեց Եդոմի+ թագավորի մոտ, որ ասեն. «Խնդրում ենք, թույլ տուր՝ անցնենք քո երկրի միջով»: Բայց Եդոմի թագավորը մերժեց: Մովաբի+ թագավորի մոտ էլ պատգամաբերներ ուղարկեց, սակայն նա էլ չհամաձայնվեց: Ուստի Իսրայելը մնաց Կադեսում:+ 18 Երբ նրանք գնում էին անապատով, շրջանցեցին Եդոմի+ ու Մովաբի երկրները ու եկան Մովաբի+ երկրի արևելյան կողմը և ճամբար դրեցին Առնոնի շրջանում: Նրանք չմտան Մովաբի սահմանից ներս.+ Առնոնը Մովաբի սահմանն էր:

19 Դրանից հետո Իսրայելը պատգամաբերներ ուղարկեց Եսեբոնում իշխող ամորհացիների Սեհոն թագավորի մոտ, որ ասեն նրան. «Խնդրում ենք, թույլ տուր՝ անցնենք քո երկրի միջով, որ հասնենք այնտեղ, ուր գնում ենք»:+ 20 Սեհոնը չվստահեց Իսրայելին և թույլ չտվեց նրան անցնել իր տարածքով, ուստի հավաքեց իր բոլոր մարտիկներին ու բանակ դրեց Հասսայում և սկսեց կռվել Իսրայելի դեմ:+ 21 Այդ ժամանակ Իսրայելի Աստված Եհովան Սեհոնին ու նրա ողջ զորքին իսրայելացիների ձեռքը տվեց, և նրանք պարտության մատնեցին նրանց: Իսրայելը զավթեց ամորհացիներով բնակեցված այդ ամբողջ տարածքը:+ 22 Այսպիսով՝ նրանք տիրացան ամորհացիների ողջ տարածքին՝ Առնոնից մինչև Հաբոկ և անապատից մինչև Հորդանան:+

23 Իսրայելի Աստված Եհովան էր, որ ամորհացիներին քշեց իր ժողովրդի՝ Իսրայելի առաջից,+ և հիմա դու ուզում ես վռնդե՞լ այդ ժողովրդին: 24 Մի՞թե դուք չեք տիրանում այն ամենին, ինչը ձեր աստված Քամոսը+ տալիս է ձեզ: Նույն ձևով էլ մենք ենք վարվում. ում որ մեր Աստված Եհովան քշում է մեր առաջից, նրա երկրին տիրանում ենք:+ 25 Մի՞թե դու Սեպփորի որդի Բաղակից՝+ Մովաբի թագավորից, ավելի լավն ես. նա երբևէ վիճե՞լ է Իսրայելի հետ կամ երբևէ պատերազմե՞լ է նրա դեմ: 26 Իսրայելը 300 տարի ապրել է Եսեբոնում և դրա կախյալ* ավաններում,+ Արոերում և դրա կախյալ ավաններում, ինչպես նաև Առնոնի ափերին գտնվող բոլոր քաղաքներում: Այդ ընթացքում ինչո՞ւ չփորձեցիք հետ վերցնել դրանք:+ 27 Ես քո դեմ մեղք չեմ գործել, բայց դու սխալ ես վարվում՝ հարձակվելով ինձ վրա: Թող այսօր Եհովան՝ Դատավորը,+ դատի՝ ով է ճիշտ՝ իսրայելացինե՞րը, թե՞ ամմոնացիները»»:

28 Սակայն ամմոնացիների թագավորը ուշադրություն չդարձրեց Հեփթայեի խոսքերին:

29 Եհովայի ոգին իջավ Հեփթայեի վրա,+ և նա անցավ Գաղաադի ու Մանասեի տարածքի միջով և գնաց Գաղաադի Մասփա,+ Գաղաադի Մասփայից էլ գնաց ամմոնացիների դեմ կռվելու:

30 Հեփթայեն երդվեց Եհովային՝+ ասելով. «Եթե դու ամմոնացիներին իմ ձեռքը տաս, 31 և ես հաղթանակած* վերադառնամ ամմոնացիների մոտից, նա, ով իմ տան դռնից դուրս գա ինձ դիմավորելու, Եհովային կպատկանի,+ ու ես նրան որպես ողջակեզ կմատուցեմ»:+

32 Եվ այսպես՝ Հեփթայեն գնաց ամմոնացիների դեմ պատերազմելու, ու Եհովան նրա ձեռքը տվեց նրանց: 33 Նա սաստիկ կոտորածով ջարդեց նրանց Արոերից մինչև Մեննիթ՝ գրավելով 20 քաղաք, և մինչև Աբել-Քերամիմ: Այսպիսով՝ իսրայելացիները հպատակեցրին ամմոնացիներին:

34 Վերջապես Հեփթայեն եկավ Մասփա՝+ իր տուն, և ահա նրա աղջիկը, դափ նվագելով ու պարելով, դուրս եկավ նրան դիմավորելու: Նա Հեփթայեի մինուճար զավակն էր: Նրանից բացի՝ նա տղա կամ աղջիկ չուներ: 35 Երբ Հեփթայեն տեսավ նրան, պատռեց իր հագուստներն ու ասաց. «Վա՜յ, աղջի՛կս, սիրտս կոտրեցիր, քանի որ դարձար մեկը, ումից ստիպված եմ բաժանվել:* Ես երդվել եմ* Եհովային և չեմ կարող խոսքիցս հետ կանգնել»:+

36 Բայց աղջիկն ասաց. «Հա՛յր իմ, եթե երդվել ես Եհովային, ապա ինձ հետ վարվիր քո խոստման համաձայն,+ քանի որ Եհովան քեզ համար վրեժխնդիր եղավ քո թշնամիներից՝ ամմոնացիներից»: 37 Հետո ասաց իր հորը. «Միայն թե մի բան եմ խնդրում քեզնից. թույլ տուր՝ երկու ամսով գնամ լեռները և ընկերուհիներիս հետ ողբամ կուսությանս վրա»:*

38 Հեփթայեն էլ ասաց՝ գնա, և երկու ամսով նրան ուղարկեց լեռները: Ուստի աղջիկը իր ընկերուհիների հետ գնաց լեռները, որ ողբա իր կուսության վրա: 39 Երկու ամիսը լրանալուց հետո նա վերադարձավ իր հոր մոտ, որից հետո հայրը կատարեց նրա վերաբերյալ իր տված երդումը:+ Աղջիկը երբեք հարաբերություն չունեցավ որևէ տղամարդու հետ: Իսրայելում մի սովորույթ ընդունվեց. 40 ամեն տարի՝ տարվա մեջ չորս օր, իսրայելացի աղջիկները գնում էին գովելու գաղաադցի Հեփթայեի աղջկան:

12 Եփրեմի մարդիկ մեկտեղ հավաքվեցին: Գետն անցնելով՝ նրանք գնացին դեպի Սաֆոն* ու ասացին Հեփթայեին. «Երբ գնացիր ամմոնացիների դեմ պատերազմելու, մեզ ինչո՞ւ չկանչեցիր, որ քեզ հետ գայինք:+ Հիմա մենք կայրենք քեզ ու քո տունը»: 2 Սակայն Հեփթայեն ասաց նրանց. «Ես և իմ ժողովուրդը թեժ պայքարի մեջ մտանք ամմոնացիների հետ: Ես ձեզ օգնության կանչեցի, բայց դուք չփրկեցիք ինձ նրանց ձեռքից: 3 Երբ տեսա, որ դուք ինձ չեք փրկելու, որոշեցի կյանքս վտանգի ենթարկել ու դուրս գալ ամմոնացիների դեմ,+ և Եհովան նրանց իմ ձեռքը տվեց: Ուրեմն ինչո՞ւ եք այսօր իմ դեմ կռվի դուրս եկել»:

4 Հեփթայեն հավաքեց Գաղաադի+ բոլոր տղամարդկանց ու նրանց հետ կռվի դուրս եկավ Եփրեմի դեմ: Գաղաադցիները պարտության մատնեցին Եփրեմյաններին, որոնք ասել էին. «Դուք՝ գաղաադցիներդ, որ ապրում եք Եփրեմի ու Մանասեի տարածքներում, ընդամենը Եփրեմից փախածներ եք»: 5 Գաղաադցիները, Եփրեմյաններից առաջ անցնելով, գրավեցին Հորդանանի ծանծաղուտները:+ Երբ Եփրեմյաններից մեկը փորձում էր փախչել, ասում էր. «Թողեք անցնեմ»: Այդ ժամանակ գաղաադցիները հարցնում էին. «Դու Եփրեմյա՞ն ես»: Եվ երբ նա պատասխանում էր՝ ո՛չ, 6 նրան ասում էին՝ «Ասա՛ շիբբոլեթ», իսկ նա ասում էր՝ «Սիբբոլեթ», որովհետև չէր կարողանում այդ բառը ճիշտ արտասանել: Նրանք էլ բռնում ու սպանում էին նրան Հորդանանի ծանծաղուտների մոտ: Այսպիսով՝ Եփրեմից 42 000 մարդ զոհվեց:

7 Հեփթայեն վեց տարի դատավորություն արեց Իսրայելում: Գաղաադցի Հեփթայեն մահացավ ու թաղվեց իր քաղաքում՝ Գաղաադում:

8 Նրանից հետո Իսրայելում դատավոր դարձավ բեթլեհեմցի Աբեսսանը:+ 9 Նա 30 տղա և 30 աղջիկ ուներ: Իր աղջիկներին նա ամուսնացրեց իր ազգատոհմին չպատկանող տղամարդկանց հետ և իր տղաների համար էլ ուրիշ ազգատոհմերից որպես կին 30 աղջիկ բերեց: Աբեսսանը Իսրայելում դատավորություն արեց յոթ տարի: 10 Նա մահացավ ու թաղվեց Բեթլեհեմում:

11 Նրանից հետո Իսրայելում դատավոր դարձավ Զաբուղոնի ցեղից Ելոնը: Նա Իսրայելում դատավորություն արեց տասը տարի: 12 Զաբուղոնցի Ելոնը մահացավ ու թաղվեց Այելոն քաղաքում՝ Զաբուղոնի տարածքում:

13 Նրանից հետո Իսրայելում դատավոր դարձավ փարաթոնցի Հելլելի որդին՝ Աբդոնը: 14 Նա 40 որդի ու 30 տղա թոռ ուներ, որոնք 70 ավանակներ էին հեծնում: Նա Իսրայելում դատավորություն արեց ութ տարի: 15 Փարաթոնցի Հելլելի որդին՝ Աբդոնը, մահացավ ու թաղվեց Փարաթոնում՝ Եփրեմի տարածքում՝ ամաղեկացիների+ լեռան վրա:

13 Իսրայելացիները դարձյալ արեցին այն, ինչը չար էր Եհովայի աչքին:+ Ուստի Եհովան նրանց փղշտացիների ձեռքը մատնեց, և նրանք 40 տարի մնացին նրանց տիրապետության տակ:+

2 Այդ ժամանակներում Դանի ցեղից+ Մանուե+ անունով սարաացի+ մի մարդ էր ապրում: Նրա կինը ամուլ էր և զավակ չուներ:+ 3 Մի անգամ Եհովայի հրեշտակը հայտնվեց այդ կնոջն ու ասաց. «Թեև դու ամուլ ես և զավակ չունես, բայց կհղիանաս ու մի որդի կծնես:+ 4 Հիմա զգույշ եղիր, որ գինի կամ այլ ոգելից խմիչք չխմես+ և որևէ անմաքուր+ բան չուտես: 5 Դու կհղիանաս ու մի որդի կծնես: Նրա գլխին ածելի չպետք է դիպչի,+ քանի որ երեխան ի ծնե* Աստծու ուխտավորը կլինի: Նա կփրկի Իսրայելին փղշտացիների ձեռքից»:+

6 Կինը գնաց ու իր ամուսնուն ասաց. «Ճշմարիտ Աստծուց մի մարդ եկավ ինձ մոտ: Տեսքով նա ճշմարիտ Աստծու հրեշտակի էր նման և ակնածանք էր ներշնչում: Ես չհարցրի, թե որտեղից է նա, և նա էլ չասաց իր անունը:+ 7 Բայց ասաց. «Դու կհղիանաս ու մի որդի կծնես: Ուստի գինի կամ այլ ոգելից խմիչք չխմես և որևէ անմաքուր բան չուտես, քանի որ երեխան ի ծնե* Աստծու ուխտավորը կլինի մինչև իր մահվան օրը»»:

8 Մանուեն աղերսեց Եհովային՝ ասելով. «Ների՛ր ինձ, Եհո՛վա: Խնդրում եմ, ճշմարիտ Աստծու մարդը, որին ուղարկեցիր, թող դարձյալ գա և սովորեցնի մեզ, թե ինչպես մեծացնենք այն մանկանը, որը ծնվելու է»: 9 Ճշմարիտ Աստված լսեց Մանուեին, և ճշմարիտ Աստծու հրեշտակը նորից եկավ նրա կնոջ մոտ, երբ նա դաշտում նստած էր. Մանուեն՝ նրա ամուսինը, նրա հետ չէր: 10 Կինը շտապ վազեց ամուսնու մոտ և ասաց. «Լսի՛ր, այն մարդը, որն ինձ մոտ էր եկել այն օրը, նորից հայտնվել է ինձ»:+

11 Այդ ժամանակ Մանուեն վեր կացավ, իր կնոջ հետ գնաց այդ մարդու մոտ ու նրան ասաց. «Դո՞ւ ես այն մարդը, որ խոսել է կնոջս հետ»: Նա պատասխանեց՝ ես եմ: 12 Մանուեն ասաց. «Թող որ քո խոսքերը կատարվեն: Ինչպիսի՞ կյանքով է ապրելու երեխան և ի՞նչ է անելու»:+ 13 Եհովայի հրեշտակն ասաց Մանուեին. «Այն ամենից, ինչ որ նշել եմ, կինդ չպետք է օգտվի:+ 14 Խաղողի վազից ստացված ոչ մի բան չպետք է ուտի, գինի կամ այլ ոգելից խմիչք չպետք է խմի+ ու ոչ մի անմաքուր բան չպետք է ուտի:+ Թող նա պահի այն ամենը, ինչ պատվիրել եմ նրան»:

15 Մանուեն ասաց Եհովայի հրեշտակին. «Խնդրում եմ, մնա՝ մի ուլ պատրաստենք քեզ համար»:+ 16 Սակայն Եհովայի հրեշտակն ասաց նրան. «Եթե մնամ էլ, քո պատրաստած կերակուրից չեմ ուտելու: Բայց եթե ուզում ես ողջակեզ մատուցել Եհովային, կարող ես մատուցել»: Մանուեն չգիտեր, որ նա Եհովայի հրեշտակն է: 17 Ապա Մանուեն հարցրեց Եհովայի հրեշտակին. «Ի՞նչ է քո անունը,+ ասա, որ երբ քո խոսքը կատարվի, պատվենք քեզ»: 18 Եհովայի հրեշտակը պատասխանեց. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը: Այն սքանչելի է»:

19 Մանուեն մի ուլ վերցրեց և հացի ընծայի հետ քարի վրա մատուցեց Եհովային: Եվ Նա Մանուեի ու նրա կնոջ աչքի առաջ մի զարմանահրաշ բան արեց: 20 Երբ բոցը զոհասեղանից դեպի երկինք բարձրացավ, Մանուեի և նրա կնոջ աչքի առաջ Եհովայի հրեշտակն էլ զոհասեղանի բոցի հետ վեր բարձրացավ: Այդ պահին նրանք, ծնկի գալով, մինչև գետին խոնարհվեցին: 21 Եհովայի հրեշտակն այլևս չհայտնվեց Մանուեին ու նրա կնոջը: Մանուեն հասկացավ, որ նա Եհովայի հրեշտակն էր:+ 22 Մանուեն ասաց իր կնոջը. «Մենք հաստատ մեռնելու ենք, որովհետև Աստծուն տեսանք»:+ 23 Բայց նրա կինն ասաց. «Եթե Եհովան ուզենար մեզ սպանել, մեր ձեռքից ողջակեզն+ ու հացի ընծան չէր ընդունի, ցույց չէր տա այս ամենը և այս բոլոր բաները մեզ չէր ասի»:

24 Որոշ ժամանակ անց կինը մի որդի ծնեց ու նրա անունը Սամսոն դրեց:+ Տղան մեծանում էր, և Եհովան օրհնում էր նրան: 25 Եհովայի ոգին սկսեց ներգործել նրա վրա*+ Մահանե-Դանում,+ որը Սարաայի և Եսթաուղի+ միջև էր գտնվում:

14 Սամսոնը իջավ Թամնա և այնտեղ մի փղշտացի կին տեսավ: 2 Նա վերադարձավ տուն և իր հորն ու մորն ասաց. «Թամնայում փղշտացի մի կին եմ տեսել ու հավանել: Ուզում եմ, որ ինձ ամուսնացնեք նրա հետ»: 3 Բայց նրա հայրն ու մայրը ասացին. «Մի՞թե քո ազգականների և մեր ամբողջ ժողովրդի մեջ չես կարողանում կին գտնել, որ ուզում ես անթլփատ փղշտացիներից կին առնել»:+ Սակայն Սամսոնն ասաց հորը. «Նրա հետ ամուսնացրու ինձ, որովհետև նրան եմ հավանում»: 4 Նրա հայրն ու մայրը չգիտեին, որ դա Եհովայից է, և որ Նա առիթ է փնտրում, որպեսզի պատժի փղշտացիներին, քանի որ այդ ժամանակ փղշտացիներն իշխում էին Իսրայելի վրա:+

5 Սամսոնը իր հոր ու մոր հետ գնաց Թամնա: Երբ հասավ Թամնայի խաղողի այգիներին, տեսավ, որ մի առյուծ մռնչալով դեպի իրեն է գալիս: 6 Այդ ժամանակ Եհովայի ոգին զորացրեց նրան,+ և նա առյուծին երկու կես արեց, ինչպես մի ուլի, մինչդեռ նրա ձեռքին ոչինչ չկար: Սակայն նա իր արածի մասին ո՛չ հորը պատմեց, ո՛չ էլ մորը: 7 Հետո Սամսոնը գնաց ու խոսեց այդ կնոջ հետ. կինն առաջվա պես հաճելի էր իրեն:+

8 Որոշ ժամանակ անց, երբ Սամսոնը նորից գնում էր Թամնա, որ այդ կնոջը իր տուն բերի,+ ճանապարհը շեղեց առյուծի դիակը տեսնելու համար: Նա տեսավ, որ առյուծի դիակի մեջ մեղուների պարս կա ու մեղր: 9 Մեղրն իր ափերի մեջ առավ և ուտելով շարունակեց ճանապարհը: Երբ հասավ իր հորն ու մորը, նրանց էլ տվեց, որ ուտեն, բայց չասաց, որ մեղրը առյուծի դիակի միջից է հանել:

10 Սամսոնն ու իր հայրը գնացին այդ կնոջ մոտ, և Սամսոնն այնտեղ խնջույք կազմակերպեց, ինչպես որ սովորաբար անում էին երիտասարդ տղամարդիկ: 11 Երբ նրան տեսան, 30 փեսեղբայր բերեցին, որ նրա հետ լինեն: 12 Սամսոնն ասաց փեսեղբայրներին. «Թույլ տվեք՝ ձեզ մի հանելուկ ասեմ: Եթե խնջույքի յոթ օրվա ընթացքում լուծեք հանելուկը ու պատասխանն ասեք, ես ձեզ 30 կտավե հանդերձ ու 30 ձեռք հագուստ կտամ: 13 Բայց եթե չկարողանաք պատասխանն ասել, դո՛ւք ինձ կտաք 30 կտավե հանդերձ ու 30 ձեռք հագուստ»: Նրանք ասացին. «Ասա քո հանելուկը, ուզում ենք լսել»: 14 Նա էլ ասաց նրանց.

«Ուտողից ուտելու բան դուրս եկավ,

Եվ զորեղից քաղցր բան դուրս եկավ»:+

Երեք օր նրանք չէին կարողանում լուծել հանելուկը: 15 Չորրորդ օրն ասացին Սամսոնի կնոջը.* «Խորամանկությամբ ամուսնուցդ իմացիր+ հանելուկի պատասխանը և ասա մեզ, թե չէ կայրենք քեզ ու քո հոր տունը: Ի՞նչ է, մեզ կողոպտելու համա՞ր եք հրավիրել այստեղ»: 16 Ուստի Սամսոնի կինը սկսեց նրա մոտ լաց լինել ու ասել. «Դու ատում ես ինձ, դու ինձ չես սիրում:+ Իմ ժողովրդին հանելուկ ես ասել, բայց պատասխանը ինձ չես ասել»: Սամսոնն էլ ասաց նրան. «Նույնիսկ իմ հորն ու մորը չեմ ասել, քե՞զ պիտի ասեմ»: 17 Կինը յոթնօրյա խնջույքի մնացած օրերին էլ լաց եղավ նրա մոտ: Յոթերորդ օրը Սամսոնը վերջապես պատասխանն ասաց կնոջը, քանի որ նա ձանձրացրել էր իրեն: Կինն էլ այն հայտնեց իր ժողովրդին:+ 18 Յոթերորդ օրը՝ նախքան արևի մայր մտնելը,* քաղաքի տղամարդիկ Սամսոնին ասացին.

«Ի՞նչն է մեղրից քաղցր,

Եվ ո՞վ է առյուծից հզոր»:+

Նա էլ պատասխանեց նրանց.

«Եթե դուք իմ երինջով* չհերկեիք,+

Չէիք գտնի իմ հանելուկի պատասխանը»:

19 Եհովայի ոգին զորացրեց Սամսոնին,+ և նա իջավ Ասկաղոն+ ու այնտեղ 30 մարդ սպանեց, ապա վերցրեց նրանց հագուստները ու տարավ տվեց հանելուկի պատասխանն ասողներին:+ Դրանից հետո նա, սաստիկ բարկացած, վերադարձավ իր հոր տուն:

20 Սամսոնի կնոջը+ ամուսնացրին փեսեղբայրներից մեկի հետ:+

15 Որոշ ժամանակ անց՝ ցորենի հնձի օրերին, Սամսոնը մի ուլ վերցրեց ու գնաց իր կնոջն* այցելելու: Նա ասաց. «Ուզում եմ մտնել կնոջս ննջասենյակ»: Բայց կնոջ հայրը չթողեց նրան, որ ներս մտնի: 2 Նրա հայրն ասաց. «Ես մտածեցի, որ դու ատում ես աղջկաս,+ և նրան կնության տվեցի փեսեղբայրներից մեկին:+ Նրա կրտսեր քույրը ավելի գրավիչ չէ՞: Խնդրում եմ, նրա փոխարեն քրոջը կնության առ»: 3 Սամսոնն էլ ասաց. «Այս անգամ փղշտացիները ինձ չեն կարող մեղադրել իրենց վնաս հասցնելու համար»:

4 Սամսոնը գնաց, 300 աղվես բռնեց, ապա ջահեր վերցրեց, աղվեսների պոչերն իրար կապեց և ամեն զույգ պոչի արանքում մի-մի ջահ դրեց: 5 Հետո ջահերը վառեց ու աղվեսներին բաց թողեց փղշտացիների ցորենի արտերի մեջ: Նա այրեց ամեն ինչ՝ կապած խրձերից մինչև չհնձած հացահատիկը, նաև խաղողի ու ձիթենու այգիները:

6 Փղշտացիները հարցրին. «Ո՞վ է արել սա»: Նրանց ասացին. «Սամսոնը՝ թամնացու փեսան, որովհետև նրա աները նրա կնոջը փեսեղբայրներից մեկին կնության է տվել»:+ Այդ ժամանակ փղշտացիները գնացին և կնոջն ու նրա հորը այրեցին:+ 7 Սամսոնն ասաց նրանց. «Դե որ այդպես է, մինչև ձեզանից վրեժ չառնեմ, չեմ հանգստանա»:+ 8 Նա իրար հետևից կոտորեց նրանց. սպանվածները շատ-շատ էին: Այնուհետև գնաց ու բնակվեց Եթամ ժայռի խոռոչում:

9 Ավելի ուշ փղշտացիները գնացին, բանակ դրեցին Հուդայում և ներխուժեցին Լեքի:+ 10 Հուդայի տղամարդիկ ասացին. «Ինչո՞ւ եք մեր դեմ դուրս եկել»: Նրանք էլ պատասխանեցին. «Եկել ենք Սամսոնին բռնելու,* որպեսզի նրա հետ վարվենք այնպես, ինչպես որ նա վարվեց մեզ հետ»: 11 Ուստի Հուդայից 3 000 մարդ գնաց Եթամ ժայռի խոռոչի մոտ: Նրանք հարցրին Սամսոնին. «Ի՞նչ է, չգիտե՞ս, որ փղշտացիներն իշխում են մեզ վրա:+ Ինչո՞ւ այդ բանն արեցիր»: Նա էլ պատասխանեց. «Ինչպես որ նրանք վարվեցին ինձ հետ, այդպես էլ ես վարվեցի նրանց հետ»: 12 Բայց նրանք ասացին. «Մենք եկել ենք, որ քեզ բռնենք* ու փղշտացիների ձեռքը տանք»: Սամսոնն ասաց. «Երդվեք, որ դուք չեք փորձի ինձ սպանել»: 13 Նրանք էլ պատասխանեցին. «Ո՛չ, քեզ չենք սպանի, միայն կկապենք ու նրանց ձեռքը կտանք»:

Ուստի երկու նոր պարաններով կապեցին նրան ու ժայռից դուրս բերեցին: 14 Երբ Սամսոնը եկավ Լեքի, փղշտացիները, տեսնելով նրան, սկսեցին հաղթական ձայնով գոչել: Այդ ժամանակ Եհովայի ոգին զորացրեց Սամսոնին,+ և նրա բազուկների պարանները խանձված վուշե թելի պես դարձան, ու կապանքներն ընկան նրա ձեռքերից:+ 15 Նա էշի ծնոտ գտավ, որը դեռ չէր չորացել, ձեռքը մեկնեց, վերցրեց այն ու դրանով 1 000 մարդ կոտորեց:+ 16 Այդ ժամանակ Սամսոնն ասաց.

«Էշի ծնոտով՝ մեկ դեզ, երկու դեզ:

Էշի ծնոտով 1 000 մարդ կոտորեցի»:+

17 Խոսքն ավարտելուց հետո նա ծնոտը մի կողմ նետեց և այդ վայրը կոչեց Ռամաթ-Լեքի:*+ 18 Սամսոնը խիստ ծարավեց, ուստի օգնության կանչեց Եհովային՝ ասելով. «Դո՛ւ պարգևեցիր այս մեծ փրկությունը քո ծառայի ձեռքով: Եվ հիմա մի՞թե ծարավից պիտի մեռնեմ և անթլփատների ձեռքն ընկնեմ»: 19 Այդ ժամանակ Աստված Լեքիում մի փոս բացեց, և այնտեղից ջուր հոսեց:+ Երբ Սամսոնը խմեց, նրա ուժը վերականգնվեց,* և նա առույգացավ: Այդ պատճառով նա այդ տեղը Ենգորե* կոչեց. այն մինչև այսօր Լեքիում է գտնվում:

20 Սամսոնը փղշտացիների տիրապետության օրոք 20 տարի դատավորություն արեց Իսրայելում:+

16 Մի անգամ Սամսոնը գնաց Գազա: Այնտեղ նա մի մարմնավաճառ կին տեսավ ու նրա տուն մտավ: 2 Գազայի բնակիչներին ասացին. «Սամսոնն այստեղ է»: Ուստի նրանք շրջապատեցին այդ վայրը և ամբողջ գիշեր քաղաքի դարպասի մոտ դարանակալեցին: Ողջ գիշեր նրանք լուռ մնացին՝ մտածելով. «Հենց որ լույսը բացվի, կսպանենք նրան»:

3 Բայց Սամսոնը այնտեղ պառկած մնաց մինչև կեսգիշեր, ապա վեր կացավ, քաղաքի դարպասի դռները իրենց երկու կողափայտերով բռնեց և նիգով* հանդերձ տեղահան արեց, դրանք իր ուսերին դրեց ու հանեց Քեբրոնի դիմացի լեռան գլուխը:

4 Որոշ ժամանակ անց նա սիրահարվեց մի կնոջ, որն ապրում էր Սորեկի գետահովտում:* Նրա անունը Դալիլա էր:+ 5 Փղշտացիների կառավարիչները եկան այդ կնոջ մոտ ու ասացին. «Համոզիր Սամսոնին,+ որ ասի,* թե որն է նրա մեծ ուժի աղբյուրը, և ինչպես կարող ենք ենթարկեցնել ու կապել նրան, որ հաղթենք: Դրա համար մեզնից յուրաքանչյուրը քեզ 1 100 կտոր արծաթ կտա»:

6 Որոշ ժամանակ հետո Դալիլան ասաց Սամսոնին. «Խնդրում եմ, ասա ինձ. ո՞րն է քո մեծ ուժի աղբյուրը, և քեզ ենթարկեցնելու համար ինչո՞վ է հարկավոր քեզ կապել»: 7 Սամսոնն ասաց նրան. «Եթե ինձ կապեն կենդանու դեռ չչորացած յոթ թարմ ջլերով,* ես կթուլանամ ու սովորական մարդու պես կդառնամ»: 8 Փղշտացիների կառավարիչները չչորացած յոթ թարմ ջիլ բերեցին ու տվեցին կնոջը, և նա դրանցով կապեց Սամսոնին: 9 Նրանք ներքին սենյակում դարանակալներ դրեցին: Դալիլան ձայն տվեց. «Սամսո՛ն, փղշտացիները քեզ վրա են գալիս»: Այդ ժամանակ Սամսոնը ջլերը կտրեց. նա դա արեց այնքան հեշտ, որքան վուշե թելն* են կտրում՝ մոտեցնելով կրակին:+ Այսպիսով՝ նրա զորության գաղտնիքը չիմացվեց:

10 Դալիլան ասաց Սամսոնին. «Դու հիմարացրիր ինձ և խաբեցիր: Հիմա խնդրում եմ, ասա. քեզ ինչո՞վ է հարկավոր կապել»: 11 Նա ասաց նրան. «Եթե ինձ ամուր կապեն չօգտագործված՝ նոր պարաններով, ես կթուլանամ ու սովորական մարդու պես կդառնամ»: 12 Դալիլան նոր պարաններ վերցրեց, դրանցով կապեց նրան ու ձայն տվեց. «Սամսո՛ն, փղշտացիները քեզ վրա են գալիս»: (Այդ ամբողջ ընթացքում դարանակալները ներքին սենյակում էին): Այդ պահին նա իր բազուկներին կապված պարանները կտրեց, ինչպես թելը կկտրեր:+

13 Դրանից հետո Դալիլան ասաց Սամսոնին. «Մինչև հիմա դու ինձ հիմարացրել ես ու խաբել:+ Ասա ինձ, քեզ ինչո՞վ է հարկավոր կապել»: Նա պատասխանեց. «Եթե իմ գլխի յոթ հյուսերը հենքաթելով հյուսեն, ուժս կկորցնեմ»: 14 Կինը այդպես արեց և ջուլհակահաստոցի սանրով պնդացրեց դրանք: Հետո ձայն տվեց նրան. «Սամսո՛ն, փղշտացիները քեզ վրա են գալիս»: Նա զարթնեց քնից և ջուլհակահաստոցի* սանրը հենքաթելի հետ միասին քաշեց պոկեց:

15 Կինն ասաց նրան. «Ինչպե՞ս կարող ես ասել՝ «Սիրում եմ քեզ»,+ երբ սիրտդ ինձ հետ չէ: Երեք անգամ հիմարացրիր ինձ ու չասացիր, թե որն է քո մեծ ուժի աղբյուրը»:+ 16 Եվ քանի որ կինը հանգիստ չէր տալիս Սամսոնին ու ամեն օր նեղում էր, նա մահվան աստիճան հոգնեց:+ 17 Ի վերջո Սամսոնն իր սիրտը բացեց կնոջ առաջ՝ ասելով. «Իմ մազերը երբեք չեն կտրել, որովհետև ես ի ծնե* Աստծու ուխտավոր եմ:+ Եթե մազերս կտրեն, ուժս կկորցնեմ՝ կթուլանամ և մյուս բոլոր մարդկանց պես կդառնամ»:

18 Երբ Դալիլան տեսավ, որ նա իր սիրտը բացեց իր առաջ, անմիջապես կանչեց փղշտացի կառավարիչներին՝+ ասելով. «Եկե՛ք, քանի որ այս անգամ նա իր սիրտը բացեց իմ առաջ»: Փղշտացի կառավարիչները եկան նրա մոտ՝ իրենց հետ բերելով փողը: 19 Եվ նա իր ծնկների վրա քնեցրեց Սամսոնին: Այնուհետև մի մարդու կանչեց, որը կտրեց նրա գլխի յոթ հյուսերը: Դրանից հետո կինը սկսեց իշխանություն բանեցնել Սամսոնի վրա, քանի որ նրա ուժը լքում էր իրեն: 20 Կինը ձայն տվեց. «Սամսո՛ն, փղշտացիները քեզ վրա են գալիս»: Նա էլ զարթնեց քնից և ասաց. «Անցած անգամների պես կանեմ ու կփրկվեմ»:+ Մինչդեռ նա չգիտեր, որ Եհովան հեռացել է իրենից: 21 Փղշտացիները բռնեցին նրան ու աչքերը հանեցին: Հետո բերեցին Գազա, պղնձե կրկնակի շղթաներով կապեցին և հարկադրեցին բանտում հացահատիկ աղալ: 22 Ածիլվելուց հետո, սակայն, նրա գլխի մազերը սկսել էին աճել:+

23 Որոշ ժամանակ անց փղշտացի կառավարիչները հավաքվեցին, որպեսզի շատ զոհեր մատուցեն իրենց Դագոն+ աստծուն և տոնեն իրենց հաղթանակը: Նրանք ասում էին. «Մեր աստվածը մեր թշնամուն՝ Սամսոնին, մեր ձեռքն է տվել»: 24 Ժողովուրդը, տեսնելով իր աստծուն, սկսեց գովաբանել նրան ու ասել. «Մեր աստվածը մեր ձեռքն է տվել մեր թշնամուն, որն ավերել է մեր երկիրը+ և շատ շատերին սպանել»:+

25 Քանի որ նրանց տրամադրությունը բարձր էր, ասացին. «Կանչե՛ք Սամսոնին, որ զվարճացնի մեզ»: Ուստի Սամսոնին բանտից բերեցին, որ զվարճացնի իրենց, և կանգնեցրին սյուների արանքում: 26 Սամսոնն ասաց իր ձեռքից բռնած տղային. «Թույլ տուր՝ շոշափեմ այս տունը կանգուն պահող սյուները, որ հենվեմ դրանց»: 27 (Տունը լիքն էր տղամարդկանցով ու կանանցով: Փղշտացի բոլոր կառավարիչներն այնտեղ էին: Տանիքում մոտ 3 000 տղամարդ ու կին կար, որոնք, Սամսոնին նայելով, զվարճանում էին):

28 Սամսոնը+ Եհովային օգնության կանչեց՝ ասելով. «Գերիշխա՛ն Տեր Եհովա, հիշիր ինձ, խնդրում եմ, զորացրու ինձ+ վերջին անգամ, ո՛վ Աստված, և թույլ տուր՝ փղշտացիներից վրեժ առնեմ երկու աչքերիցս գոնե մեկի համար»:+

29 Ապա Սամսոնը կանգնեց մեջտեղի երկու սյուների արանքում և հենվեց տունը կանգուն պահող այդ սյուներին՝ աջ ձեռքը դնելով դրանցից մեկի վրա, իսկ ձախը՝ մյուսի: 30 Նա ասաց. «Թող որ մեռնեմ փղշտացիների հետ»: Ապա իր ողջ ուժով հրեց սյուները, և տունը փուլ եկավ կառավարիչների ու այնտեղ հավաքված բոլոր մարդկանց վրա:+ Այսպիսով՝ Սամսոնը մեռնելիս ավելի շատ փղշտացի սպանեց, քան իր կենդանության օրոք էր սպանել:+

31 Դրանից հետո նրա եղբայրներն ու նրա հոր բոլոր ազգականները եկան, որ վերցնեն ու տանեն նրան: Սամսոնին թաղեցին իր հոր՝ Մանուեի+ գերեզմանում, որը գտնվում է Սարաայի+ և Եսթաուղի միջև: Սամսոնը Իսրայելում դատավորություն արեց 20 տարի:+

17 Եփրեմի լեռնային շրջանում+ Միքա անունով մի մարդ էր ապրում: 2 Նա իր մորն ասաց. «Հիշո՞ւմ ես այն 1 100 կտոր արծաթը, որ քո մոտից վերցրել էին, և դու անիծեցիր գողացողին, ու ես լսեցի: Այդ արծաթը ինձ մոտ է: Ես եմ վերցրել այն»: Նրա մայրն ասաց. «Թող Եհովան օրհնի իմ որդուն»: 3 Միքան իր մորը վերադարձրեց 1 100 կտոր արծաթը, բայց մայրն ասաց. «Իմ այս արծաթը անպայման Եհովային եմ նվիրելու:* Ուզում եմ, որ դու դրանք օգտագործես կուռք քանդակելու և ձուլածո արձան պատրաստելու համար:+ Հիմա ես այն քեզ եմ տալիս»:

4 Երբ նա այդ արծաթը վերադարձրեց մորը, մայրը 200 կտոր արծաթ վերցրեց ու տվեց արծաթագործին: Նա էլ կուռք քանդակեց ու ձուլածո արձան պատրաստեց, և դրանք Միքայի տանը դրեցին: 5 Այդ մարդը՝ Միքան, աստվածների տուն ուներ: Նա եփուդ*+ ու թերափներ*+ պատրաստեց և իր որդիներից մեկին իր համար քահանա նշանակեց:*+ 6 Այդ օրերին թագավոր չկար Իսրայելում:+ Ամեն մարդ անում էր այն, ինչը ճիշտ էր իր աչքին:+

7 Հուդայի ազգատոհմում* մի երիտասարդ ղևտացի+ կար: Նա որոշ ժամանակ էր, ինչ ապրում էր Հուդայի Բեթլեհեմ+ քաղաքում: 8 Այդ մարդը Հուդայի Բեթլեհեմ քաղաքից գնաց, որ բնակվելու համար ուրիշ տեղ փնտրի: Ճամփորդելիս նա կանգ առավ Եփրեմի լեռնային շրջանում՝ Միքայի+ տան մոտ: 9 Միքան հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես եկել»: Նա էլ պատասխանեց. «Ես ղևտացի եմ՝ եկել եմ Հուդայի Բեթլեհեմից: Ճանապարհ եմ ընկել, որ ապրելու տեղ գտնեմ»: 10 Միքան ասաց նրան. «Մնա ինձ մոտ, ինձ համար խորհրդատու* եղիր և որպես քահանա ծառայիր: Տարեկան քեզ տասը կտոր արծաթ կտամ, մի ձեռք հագուստ, ինչպես նաև ուտելիք»: Եվ ղևտացին նրա տուն մտավ: 11 Այսպիսով՝ երիտասարդ ղևտացին համաձայնվեց մնալ այդ մարդու մոտ և նրա համար որդու պես դարձավ: 12 Միքան ղևտացուն իր համար քահանա նշանակեց,+ և ղևտացին նրա տանը ապրեց: 13 Միքան ասաց. «Հիմա ես գիտեմ, որ Եհովան բարի կլինի իմ հանդեպ, որովհետև ղևտացի՛ն դարձավ իմ քահանան»:

18 Այդ ժամանակներում թագավոր չկար Իսրայելում,+ և այդ օրերում Դանի ցեղը+ բնակվելու համար տարածք էր փնտրում, որովհետև Իսրայելի ցեղերի հետ իր ստացած ժառանգությանը դեռ չէր տիրացել:+

2 Դանյաններն իրենց ցեղից հինգ ընդունակ մարդ ուղարկեցին, որոնք Սարաայից ու Եսթաուղից էին,+ որ գնան, հետախուզեն ու զննեն երկիրը: Նրանց ասացին. «Գնացե՛ք ու զննե՛ք երկիրը»: Նրանք էլ եկան Եփրեմի լեռնային շրջան, որտեղ Միքայի+ տունն էր, և այնտեղ գիշերեցին: 3 Երբ արդեն մոտեցել էին Միքայի տանը, ճանաչեցին ղևտացի երիտասարդի ձայնը,* ուստի նրա կողմը գնացին ու հարցրին նրան. «Քեզ ո՞վ է այստեղ բերել, ի՞նչ ես անում այս կողմերում, ինչո՞ւ ես մնում այստեղ»: 4 Նա պատմեց, թե Միքան ինչ է արել իր համար, ու ասաց. «Նա վարձել է ինձ, որ իր համար քահանա լինեմ»:+ 5 Նրանք ասացին. «Խնդրում ենք, հարցրու Աստծուն, թե արդյոք մեր ճանապարհը հաջող է լինելու»: 6 Քահանան էլ ասաց նրանց. «Գնացեք խաղաղությամբ: Ձեր ողջ ճանապարհին Եհովան ձեզ հետ կլինի»:

7 Այդ հինգ մարդիկ շարունակեցին իրենց ճանապարհն ու գնացին Լայիս:+ Նրանք տեսան, որ այնտեղի ժողովուրդը սիդոնացիների պես է՝ ոչ մեկից կախում չունի: Այդ մարդիկ հանգիստ ու անհոգ կյանքով էին ապրում.+ չկար մի նվաճող, որ հարձակվեր ու նեղեր նրանց այդ երկրում: Նրանք ապրում էին սիդոնացիներից հեռու և մյուս ժողովուրդների հետ ոչ մի առնչություն չունեին:

8 Երբ հետախույզները վերադարձան իրենց եղբայրների մոտ՝ Սարաա և Եսթաուղ,+ եղբայրները հարցրին նրանց. «Ի՞նչ տեսաք»: 9 Նրանք պատասխանեցին. «Տեսանք, որ նրանց երկիրը շատ լավն է: Եկեք գնանք նրանց դեմ: Ինչո՞ւ եք երկմտում: Մի՛ ուշացրեք. եկեք գնանք ու տիրենք այդ երկրին: 10 Երբ տեղ հասնենք, կտեսնեք, որ այնտեղի ժողովուրդը անհոգ է ապրում,+ և երկիրն էլ ընդարձակ է: Աստված մեր ձեռքն է տվել այդ երկիրը՝ մի երկիր, որտեղ ոչ մի բանի պակաս չկա»:+

11 Ուստի Դանի ցեղից 600 տղամարդ, պատերազմի համար զինված, դուրս եկան Սարաայից ու Եսթաուղից:+ 12 Նրանք գնացին և Հուդայի Կարիաթարիմի+ մոտ բանակ դրեցին: Դրա համար էլ այդ տեղը, որը Կարիաթարիմի արևմտյան կողմում է, մինչ օրս Մահանե-Դան*+ են կոչում: 13 Այնտեղից նրանք գնացին Եփրեմի լեռնային շրջան ու հասան Միքայի+ տան մոտ:

14 Այդ ժամանակ այն հինգ մարդիկ, որ գնացել էին Լայիսը հետախուզելու,+ իրենց եղբայրներին ասացին. «Գիտե՞ք, որ այս տներում եփուդ,* թերափներ,* քանդակված կուռք և ձուլածո արձան+ կա: Հիմա մտածեք, թե ինչ եք անելու»: 15 Ուստի նրանք կանգ առան դարպասի մուտքի մոտ, իսկ այն հինգ մարդիկ գնացին երիտասարդ ղևտացու տուն,+ որ Միքայի տան մոտ էր, և հարցրին նրա որպիսությունը: 16 Այդ ամբողջ ընթացքում Դանի ցեղից այն 600 տղամարդիկ,+ որոնք զինված էին պատերազմի համար, կանգնած էին դարպասի մուտքի մոտ: 17 Այն հինգ մարդիկ, որ գնացել էին երկիրը հետախուզելու,+ մտան Միքայի տուն, որ վերցնեն քանդակված կուռքը, եփուդը,+ թերափներն+ ու ձուլածո արձանը:+ (Քահանան+ պատերազմի համար զինված 600 մարդկանց հետ կանգնած էր դարպասի մուտքի մոտ): 18 Երբ նրանք մտան Միքայի տուն և վերցրին քանդակված կուռքը, եփուդը, թերափներն ու ձուլածո արձանը, քահանան ասաց նրանց. «Ի՞նչ եք անում»: 19 Նրանք ասացին. «Լռի՛ր, ոչինչ մի՛ ասա: Արի՛ մեզ հետ ու մեզ համար խորհրդատու* և քահանա՛ դարձիր: Ո՞րն է քեզ համար ավելի լավ՝ քահանա լինել մեկ մարդո՞ւ տան համար,+ թե՞ Իսրայելում մի ամբողջ ցեղի ու տոհմի համար»:+ 20 Այս խոսքերը դուր եկան քահանային, ուստի նա վերցրեց եփուդը, թերափներն ու քանդակված կուռքը+ և գնաց այդ մարդկանց հետ:

21 Նրանք գնացին իրենց ճանապարհով: Երեխաներն ու անասունները թանկարժեք իրերով հանդերձ նրանց առաջից էին գնում: 22 Երբ Դանի ցեղի մարդիկ Միքայի տնից որոշ չափով հեռացել էին, Միքայի հարևանները հավաքվեցին, ընկան նրանց հետևից ու հասան նրանց: 23 Եվ երբ ձայն տվեցին, նրանք շրջվեցին ու Միքային հարցրին. «Ի՞նչ է պատահել: Ինչո՞ւ ես այս մարդկանց հավաքել ու եկել»: 24 Նա էլ պատասխանեց. «Իմ շինած աստվածներին վերցրել գնում եք ու քահանային էլ տանում եք ձեզ հետ. էլ ի՞նչ մնաց ինձ: Եվ այդքանից հետո հարցնում եք՝ ի՞նչ է պատահել»: 25 Դանյաններն ասացին նրան. «Ձայնդ մի՛ բարձրացրու մեզ վրա, թե չէ բարկությամբ լցված մարդիկ* կհարձակվեն ձեզ վրա, և դու քո ու ընտանիքիդ անդամների կյանքով կվճարես»: 26 Դանյանները շարունակեցին իրենց ճանապարհը, իսկ Միքան, տեսնելով, որ նրանք իրենից ավելի ուժեղ են, հետ դարձավ ու գնաց իր տուն:

27 Այսպիսով՝ նրանք վերցրին Միքայի շինած աստվածները և գնացին Լայիս՝+ իրենց հետ տանելով նաև նրա քահանային: Նրանք հարձակվեցին այնտեղ հանգիստ ու անհոգ ապրող ժողովրդի վրա,+ բոլորին սրի քաշեցին ու քաղաքը հրի մատնեցին: 28 Ոչ ոք չկար, որ փրկեր քաղաքը, քանի որ այն հեռու էր Սիդոնից՝ Բեթրոոբի+ մոտ եղող դաշտահովտում էր գտնվում, և այնտեղի բնակիչները մյուս ժողովուրդների հետ առնչություն չունեին: Դանի ցեղի մարդիկ քաղաքը վերակառուցեցին և բնակվեցին այնտեղ: 29 Քաղաքը, որի անունը Լայիս էր,+ նրանք կոչեցին Դան՝+ իրենց հոր՝ Դանի անունով, ով Իսրայելի որդին էր:+ 30 Դրանից հետո նրանք քանդակված կուռքը+ այնտեղ կանգնեցրին: Իսկ Հովնաթանը՝+ Մովսեսի որդի Գերսամի+ որդին, ու նրա որդիները Դանի ցեղի համար քահանայություն արեցին մինչև այն օրը, երբ երկրի բնակիչները գերեվարվեցին: 31 Եվ այն քանդակված կուռքը, որ Միքան շինել էր, այնտեղ կանգնած մնաց այնքան ժամանակ, քանի դեռ ճշմարիտ Աստծու տունը* Սելովում էր:+

19 Այն օրերին, երբ թագավոր չկար Իսրայելում,+ Եփրեմի լեռնային շրջանի+ հեռավոր վայրերից մեկում մի ղևտացի էր ապրում: Նա Հուդայի Բեթլեհեմից+ մի կնոջ իր համար որպես հարճ առավ: 2 Բայց հարճը սկսեց դավաճանել նրան: Նա հեռացավ նրանից ու գնաց իր հոր տուն, որ Հուդայի Բեթլեհեմում էր, և չորս ամիս մնաց այնտեղ: 3 Ամուսինը գնաց նրա հետևից, որ համոզի հետ գալ: Նա իր հետ վերցրել էր իր ծառային և երկու էշ: Երբ տեղ հասավ, կինը ներս տարավ նրան իր հոր տուն, և հայրը ուրախությամբ ընդունեց փեսային: 4 Այդ մարդու աները՝ կնոջ հայրը, համոզեց նրան, որ երեք օր իր մոտ մնա: Նրանք կերան, խմեցին, և նա այնտեղ գիշերեց:

5 Չորրորդ օրը, երբ նրանք վաղ առավոտյան վեր կացան, որ գնան, կնոջ հայրն ասաց փեսային. «Մի բան կեր, որ ուժ ունենաս,* հետո կգնաք»: 6 Նրանք երկուսով նստեցին, կերան, խմեցին, ապա կնոջ հայրն ասաց. «Խնդրում եմ, այս գիշեր էլ մնա և լավ ժամանակ անցկացրու»:* 7 Երբ փեսան վեր կացավ, որ գնա, աները աղաչեց նրան, որ մնա, և նա այդ գիշեր էլ մնաց այնտեղ:

8 Հինգերորդ օրը, երբ նա վաղ առավոտյան վեր կացավ, որ գնա, կնոջ հայրն ասաց. «Խնդրում եմ, մի բան կեր, որ ուժ ունենաս»:* Եվ նրանք նստեցին հաց ուտելու: Մոտենում էր երեկոն, բայց նրանք դեռ ուտում էին: 9 Երբ փեսան վեր կացավ, որ իր հարճի և ծառայի հետ գնա, աները՝ կնոջ հայրը, ասաց. «Արդեն մթնում է: Խնդրում եմ, այստեղ գիշերիր, օրը վերջանում է: Գիշերն այստեղ մնա և լավ ժամանակ անցկացրու: Վաղը առավոտյան շուտ վեր կկենաք, ճանապարհ կընկնեք և քո տուն* կգնաք»: 10 Սակայն նա չուզեց ևս մեկ գիշեր մնալ այնտեղ, ուստի վեր կացավ ու գնաց մինչև Հեբուս, այսինքն՝ Երուսաղեմ:+ Նա իր հետ ուներ երկու թամբած էշ: Նրա հետ էին նաև իր հարճն ու ծառան:

11 Երբ նրանք մոտեցան Հեբուսին, արդեն բավականին ուշ էր: Ծառան իր տիրոջը հարցրեց. «Գնա՞նք հեբուսացիների քաղաք ու գիշերն այնտեղ մնանք»: 12 Բայց նրա տերը պատասխանեց. «Պետք չէ գնալ մի քաղաք, որտեղ օտարազգիներ են ապրում, մարդիկ, որոնք իսրայելացի չեն: Կգնանք մինչև Գաբաա»:+ 13 Ապա ասաց իր ծառային. «Փորձենք հասնել Գաբաա կամ Ռամա:+ Գիշերը կմնանք այդ քաղաքներից մեկում»: 14 Ուստի նրանք շարունակեցին ճանապարհը: Երբ մոտեցան Գաբաային, որը Բենիամինին էր պատկանում, արևը սկսել էր մայր մտնել:

15 Այսպիսով՝ նրանք մտան Գաբաա, որ այնտեղ գիշերեն: Նրանք գնացին ու նստեցին քաղաքի հրապարակում, բայց ոչ ոք նրանց չհրավիրեց իր տուն՝ գիշերելու:+ 16 Երեկոյան՝ աշխատանքից հետո, մի ծեր մարդ էր գալիս արտից: Նա Եփրեմի լեռնային շրջանից էր+ և որոշ ժամանակ էր, ինչ ապրում էր Գաբաայում, իսկ այնտեղի բնակիչները Բենիամինյաններ էին:+ 17 Ծեր մարդը բարձրացրեց աչքերը և քաղաքի հրապարակում տեսավ ճամփորդին: Նա հարցրեց. «Որտեղի՞ց ես եկել և ո՞ւր ես գնում»: 18 Ղևտացին պատասխանեց. «Մենք Հուդայի Բեթլեհեմից ենք գալիս և գնալու ենք Եփրեմի լեռնային շրջանի հեռավոր վայրերից մեկը: Ես այնտեղից եմ: Գնացել էի Հուդայի Բեթլեհեմ,+ իսկ հիմա գնում եմ Եհովայի տուն,* և մեկը չկա, որ ինձ իր տուն հրավիրի: 19 Մեր էշերի համար բավականաչափ կեր ունենք,+ իսկ ինձ համար, ինչպես նաև կնոջ ու մեր ծառայի համար՝ հաց+ ու գինի: Ոչ մի բանի պակաս չունենք»: 20 Սակայն ծեր մարդն ասաց. «Խաղաղությո՛ւն քեզ: Գիշերը մի՛ մնա հրապարակում, ես կհոգամ քո բոլոր կարիքները»: 21 Ուստի նա ղևտացուն իր տուն տարավ, ապա կեր տվեց էշերին: Նրանք լվացին իրենց ոտքերը, կերան ու խմեցին:

22 Մինչ նրանք լավ ժամանակ էին անցկացնում, քաղաքի բնակիչներից անպիտան մարդիկ շրջապատեցին տունը: Նրանք սկսեցին ուժգին ծեծել դուռը և այդ ծեր մարդուն՝ տանտիրոջը, ասել. «Դո՛ւրս բեր քո տուն եկած մարդուն, որ հարաբերություն ունենանք նրա հետ»:+ 23 Տանտերը դուրս եկավ ու ասաց. «Ո՛չ, եղբայրնե՛րս, խնդրում եմ, մի՛ գործեք այդ չարիքը, նա հյուր է իմ տանը: Այդ խայտառակ արարքը մի՛ գործեք: 24 Իմ կույս աղջկան ու նրա հարճին դուրս բերեմ, նրա՛նց նվաստացրեք, եթե վճռել եք այդպես վարվել:*+ Բայց այդ մարդու հանդեպ խայտառակ բան մի՛ արեք»:

25 Սակայն այդ մարդիկ չուզեցին նրան լսել, ուստի ղևտացին իր հարճին+ բռնեց ու դուրս բերեց նրանց մոտ: Նրանք ամբողջ գիշեր՝ մինչև առավոտ, բռնաբարեցին նրան ու չարչարեցին: Հետո՝ լուսադեմին, թողեցին, որ գնա: 26 Վաղ առավոտյան կինը եկավ ու ընկավ այն մարդու տան դռան շեմին, որտեղ իր տերն էր, և մինչև լույսը բացվելը այնտեղ ընկած մնաց: 27 Երբ նրա տերը առավոտյան վեր կացավ ու բացեց տան դռները, որ դուրս գա և իր ճանապարհը շարունակի, տեսավ, որ կինը՝ իր հարճը, ընկած է տան մուտքի մոտ, ձեռքերը՝ շեմին: 28 Նա ասաց նրան. «Վե՛ր կաց՝ գնանք»: Բայց պատասխան տվող չկար: Այդ մարդը նրան էշի վրա դրեց ու բռնեց իր տան ճամփան:

29 Երբ տուն հասավ, վերցրեց մեծ դանակը և իր հարճի մարմինը կտոր-կտոր անելով՝ 12 մասի բաժանեց: Այնուհետև դրանք ուղարկեց Իսրայելով մեկ: 30 Ով տեսնում էր, ասում էր. «Այն օրվանից, երբ իսրայելացիները դուրս եկան Եգիպտոսից, այսպիսի բան ո՛չ եղել է, ո՛չ էլ տեսնվել: Մտածե՛ք այս մասին, խորհրդակցե՛ք+ ու ասե՛ք, թե ինչ անենք»:

20 Բոլոր իսրայելացիները Դանից+ մինչև Բերսաբեե ընկած տարածքներից ու Գաղաադից+ դուրս եկան, և ողջ ժողովուրդը մեկ մարդու պես հավաքվեց Եհովայի առաջ Մասփայում:+ 2 Ժողովրդի գլխավորները՝ Իսրայելի բոլոր ցեղերի տոհմապետները, ներկայացան Աստծու ժողովրդի ժողովին: Սուր կրող հետևակի թիվը 400 000 էր:+

3 Բենիամինյանները լսեցին, որ Իսրայելի տղամարդիկ գնացել են Մասփա:

Իսրայելի տղամարդիկ ասացին. «Պատմեք, թե ինչպես տեղի ունեցավ այս սարսափելի բանը»:+ 4 Ղևտացին՝+ սպանված կնոջ ամուսինը, պատասխանեց. «Ես ու իմ հարճը գնացել էինք Բենիամինի Գաբաա,+ որպեսզի գիշերենք այնտեղ: 5 Գաբաայի բնակիչները* գիշերով եկան, շրջապատեցին տունը: Նրանք մտադիր էին սպանել ինձ, բայց փոխարենը բռնաբարեցին իմ հարճին, և նա մահացավ:+ 6 Ուստի ես վերցրի իմ հարճի մարմինը, կտոր-կտոր արեցի և ուղարկեցի Իսրայելով մեկ,+ որովհետև այդ մարդիկ ամոթալի՝ խայտառակ արարք էին գործել Իսրայելում: 7 Եվ հիմա բոլորդ, ո՛վ իսրայելացիներ, խորհրդակցեք ու ձեր խոսքն ասեք»:+

8 Այդ ժամանակ ողջ ժողովուրդը մեկ մարդու նման վեր կացավ ու ասաց. «Մեզանից ոչ ոք իր վրանը չի գնա, ոչ ոք չի վերադառնա իր տուն: 9 Ահա թե ինչ կանենք. վիճակ գցելով+ կընտրենք, թե ով է կռվելու Գաբաայի դեմ: 10 Իսրայելի բոլոր ցեղերից 100 մարդուց 10-ին կընտրենք, 1 000-ից՝ 100-ին, 10 000-ից՝ 1 000-ին, որ պարենամթերք հավաքեն զինվորների համար, որպեսզի նրանք կարողանան կռվել Բենիամինի Գաբաայի դեմ, քանի որ դրա բնակիչները խայտառակ արարք են գործել Իսրայելում»: 11 Եվ այսպես՝ բոլոր իսրայելացիները միաբանվեցին այդ քաղաքի դեմ:

12 Իսրայելի ցեղերը մարդիկ ուղարկեցին Բենիամինի ցեղի մոտ, որ ասեն. «Այդ ի՜նչ սարսափելի արարք են գործել ձեր ցեղի մարդիկ: 13 Գաբաայի այդ անպիտան մարդկանց մեր ձեռքը տվեք,+ որ սպանենք նրանց և Իսրայելից վերացնենք չարիքը»:+ Սակայն Բենիամինյանները չցանկացան լսել իրենց իսրայելացի եղբայրներին:

14 Բենիամինյանները դուրս եկան իրենց քաղաքներից ու հավաքվեցին Գաբաայում, որ պատերազմեն մյուս իսրայելացիների դեմ: 15 Այդ օրը Բենիամինյանները իրենց քաղաքներից 26 000 սրակիր մարդ կանչեցին՝ չհաշված Գաբաայի 700 ընտրյալներին: 16 Այդ զորքի մեջ կային 700 ընտրված ռազմիկներ, որոնք ձախլիկ էին: Նրանցից ամեն մեկը կարողանում էր պարսատիկով քար նետել՝ առանց մազաչափ անգամ վրիպելու:

17 Իսկ իսրայելացիները, բացառությամբ Բենիամինյանների, սուր կրող 400 000 մարդ կանչեցին.+ բոլորն էլ փորձառու ռազմիկներ էին: 18 Նրանք վեր կացան, գնացին Բեթել, որ Աստծուն խնդրեն՝ ուղղություն տա իրենց:+ Իսրայելացիները հարցրին. «Բենիամինյանների դեմ պատերազմելու համար մեզնից ո՞վ գնա առջևից»: Եհովան ասաց. «Թող Հուդան գնա»:

19 Առավոտյան իսրայելացիները վեր կացան ու Գաբաայի դիմաց բանակ դրեցին:

20 Իսրայելացիները դուրս եկան Բենիամինյանների դեմ պատերազմելու և մարտական կարգով շարվեցին Գաբաայի մոտ: 21 Բենիամինյանները դուրս եկան Գաբաայից և այդ օրը իսրայելացիներից 22 000 մարդ սպանեցին: 22 Սակայն իսրայելացիների զորքը քաջություն դրսևորեց և նորից մարտական կարգով շարվեց այն նույն տեղում, որտեղ շարվել էր առաջին օրը: 23 Իսրայելացիները գնացին և մինչև երեկո լաց եղան Եհովայի առաջ: Նրանք հարցրին Եհովային. «Նորից գնա՞նք պատերազմելու մեր եղբայրների՝ Բենիամինյանների դեմ»:+ Եհովան ասաց. «Գնացե՛ք»:

24 Երկրորդ օրը իսրայելացիները գնացին Բենիամինյանների դեմ պատերազմելու: 25 Բենիամինյանները այդ օրը Գաբաայից դուրս եկան նրանց դեմ ու ևս 18 000 իսրայելացու սպանեցին.+ բոլորն էլ սուր կրող մարդիկ էին: 26 Այդ ժամանակ բոլոր իսրայելացիները գնացին Բեթել և այնտեղ նստեցին ու լաց եղան Եհովայի առաջ:+ Այդ օրը նրանք մինչև երեկո ծոմ պահեցին+ և Եհովայի առաջ ողջակեզներ+ ու խաղաղության զոհեր+ մատուցեցին: 27 Դրանից հետո իսրայելացիները Եհովային խնդրեցին՝ ուղղություն տա իրենց:+ Այդ օրերին ճշմարիտ Աստծու ուխտի տապանակն այնտեղ էր, 28 և Ահարոնի որդի Եղիազարի որդին՝ Փենեհեսն+ էր ծառայություն մատուցում* տապանակի առաջ: Նրանք հարցրին. «Նորից գնա՞նք պատերազմելու մեր եղբայրների՝ Բենիամինյանների դեմ, թե՞ ոչ»:+ Եհովան պատասխանեց. «Գնացե՛ք, որովհետև վաղը ձեր ձեռքն եմ տալու նրանց»: 29 Եվ Իսրայելը դարանակալներ+ դրեց Գաբաայի շուրջբոլորը:

30 Իսրայելացիները երրորդ օրն էլ դուրս եկան Բենիամինյանների դեմ պատերազմելու և մարտական կարգով շարվեցին Գաբաայի դիմաց, ինչպես նախորդ անգամները:+ 31 Բենիամինյանները դուրս եկան զորքին դեմ հանդիման, բայց իսրայելացիները նրանց հեռացրին քաղաքից:+ Նախորդ անգամների պես Բենիամինյանները հարձակվեցին նրանց վրա ու ոմանց սպանեցին այն ճանապարհներին, որոնցից մեկը տանում էր Բեթել, իսկ մյուսը՝ Գաբաա. նրանք մոտ 30 իսրայելացի սպանեցին:+ 32 Բենիամինյաններն ասացին. «Նախորդ անգամների պես նրանք պարտություն են կրում»:+ Մինչդեռ իսրայելացիներն ասել էին. «Մենք կնահանջենք, նրանց կհեռացնենք քաղաքից ու կհանենք ճանապարհների վրա»: 33 Ուստի իսրայելացիները վեր կացան իրենց տեղից ու մարտական կարգով շարվեցին Բաալ-Թամարում, իսկ այն իսրայելացիները, որոնք դարան էին մտել, գրոհեցին իրենց տեղերից՝ Գաբաայի մերձակայքից: 34 Ամբողջ Իսրայելից ընտրված 10 000 մարդիկ եկան Գաբաայի դիմաց, և թեժ կռիվ սկսվեց: Սակայն Բենիամինյանները չգիտեին, որ իրենց վրա ուր որ է աղետ է գալու:

35 Եհովան Բենիամինին պարտության մատնեց+ Իսրայելի առաջ: Այդ օրը իսրայելացիները Բենիամինյաններից 25 100 մարդ կոտորեցին. բոլորն էլ սուր կրող մարդիկ էին:+

36 Երբ Բենիամինյանները տեսան, որ իսրայելացիները նահանջում են, մտածեցին, թե նրանք պարտվում են,+ սակայն իսրայելացիները նահանջում էին, քանի որ իրենց հույսը դրել էին Գաբաայի մերձակայքում դարան մտած ռազմիկների վրա:+ 37 Դարանակալներն արագ գործի անցան ու գրոհեցին Գաբաայի վրա: Այնուհետև նրանք ցրվեցին ողջ քաղաքով մեկ և բոլորին սրի քաշեցին:

38 Իսրայելացիները պայմանավորվել էին դարանակալների հետ, որ նրանք որպես ազդանշան քաղաքից ծուխ հանեն:

39 Երբ իսրայելացիները կռվի ընթացքում հետ քաշվեցին, Բենիամինյանները հարձակվեցին ու իսրայելացիներից մոտ 30 հոգու սպանեցին:+ Նրանք ասացին. «Ակնհայտ է, որ նախորդ անգամվա պես նրանք մեր առաջ պարտություն են կրում»:+ 40 Քաղաքից սկսեց ծխի սյուն բարձրանալ. դա ազդանշանն էր: Երբ Բենիամինյանները հետ նայեցին, տեսան, որ ամբողջ քաղաքը կրակի մեջ է, և բոցը երկինք է հասնում: 41 Այդ ժամանակ իսրայելացիները հակահարձակման անցան: Բենիամինյանները, տեսնելով, որ իրենց վրա աղետ է հասել, տագնապահար եղան: 42 Նրանք նահանջեցին՝ իսրայելացիներից փախչելով անապատի կողմը, բայց չկարողացան ազատվել: Մարդիկ, քաղաքներից դուրս գալով, միացան մյուս իսրայելացիներին ու կոտորեցին նրանց: 43 Իսրայելացիները շրջապատեցին Բենիամինյաններին և առանց հանգիստ տալու հետապնդեցին ու ջախջախեցին նրանց հենց Գաբաայի դիմաց՝ արևելյան կողմում: 44 Այդպիսով՝ Բենիամինյաններից 18 000 մարդ ընկավ. բոլորն էլ զորեղ ռազմիկներ էին:+

45 Մնացած Բենիամինյանները փախան դեպի անապատ՝ Ռեմոնի ժայռի կողմը:+ Իսրայելացիները ճանապարհներին 5 000 մարդ սպանեցին:* Նրանք Բենիամինյաններին հետապնդեցին մինչև Գեդոմ ու ևս 2 000 մարդ կոտորեցին: 46 Այդ օրը Բենիամինի ցեղից 25 000 մարդ սպանվեց. բոլորն էլ սուր կրող+ ուժեղ ռազմիկներ էին: 47 Սակայն 600 մարդ փախավ անապատ՝ դեպի Ռեմոնի ժայռը: Նրանք չորս ամիս Ռեմոնի ժայռի վրա մնացին:

48 Իսկ իսրայելացիները հետ դարձան, որ կռվեն մյուս Բենիամինյանների դեմ: Նրանք սրի քաշեցին քաղաքներում բոլոր ողջ մնացածներին՝ մարդուց մինչև անասուն, և իրենց ճանապարհին գտնվող բոլոր քաղաքները հրի մատնեցին:

21 Իսրայելացիները երդվել էին Մասփայում՝+ ասելով. «Մեզնից ոչ ոք իր աղջկան կնության չի տա Բենիամինի ցեղից որևէ մեկին»:+ 2 Ուստի նրանք եկան Բեթել,+ մինչև երեկո նստեցին ճշմարիտ Աստծու առաջ, դառնագին լաց եղան ու ողբացին: 3 Նրանք ասում էին. «Ո՜վ Եհովա, Իսրայելի՛ Աստված, ինչի՞ համար այս բանը եղավ Իսրայելում: Ինչո՞ւ այսօր Իսրայելից մի ցեղ պետք է պակասեր»: 4 Հաջորդ օրը ժողովուրդը վաղ առավոտյան վեր կացավ, այնտեղ զոհասեղան շինեց, որ ողջակեզներ ու խաղաղության զոհեր+ մատուցի:

5 Իսրայելացիներն ասացին. «Իսրայելի ցեղերից ովքե՞ր չէին եկել Մասփա, երբ բոլորս հավաքվել էինք Եհովայի առաջ»: Նրանք մեծ երդում էին տվել, որ եթե որևէ մեկը չգար Եհովայի առաջ՝ Մասփա, անպատճառ մահվան էր մատնվելու: 6 Իսրայելացիները վիշտ ապրեցին այն բանի համար, ինչ պատահել էր իրենց եղբայրներին՝ Բենիամինյաններին: Նրանք ասացին. «Այսօր Իսրայելից մի ցեղ վերացավ: 7 Ողջ մնացած Բենիամինյանների համար ինչպե՞ս կանայք գտնենք. չէ՞ որ երդվել ենք Եհովայով,+ որ մեր աղջիկներին նրանց կնության չենք տալու»:+

8 Նրանք հարցրին. «Իսրայելի ցեղերից ովքե՞ր չէին եկել Եհովայի առաջ՝ Մասփա»:+ Պարզվեց, որ Հաբիս-Գաղաադից ոչ մեկը չէր գնացել բանակատեղի, որտեղ հավաքվել էր ժողովուրդը: 9 Երբ ժողովրդին հաշվեցին, տեսան, որ Հաբիս-Գաղաադից ոչ ոք չկա այնտեղ: 10 Ուստի ժողովուրդը ամենաուժեղ մարդկանցից 12 000 ռազմիկ ուղարկեց այնտեղ և նրանց պատվիրեց. «Գնացե՛ք ու սրի՛ քաշեք Հաբիս-Գաղաադի բնակիչներին, նույնիսկ կանանց ու երեխաներին:+ 11 Ահա թե ինչ պիտի անեք. պետք է սպանեք ամեն տղամարդու, ինչպես նաև յուրաքանչյուր կնոջ, ով հարաբերություն է ունեցել տղամարդու հետ»: 12 Հաբիս-Գաղաադի բնակիչների մեջ նրանք գտան 400 աղջիկների, որոնք կույս էին՝ տղամարդու հետ երբևէ հարաբերություն չէին ունեցել: Նրանց բերեցին բանակատեղի՝ Սելով,+ որը Քանանում է:

13 Ժողովուրդը պատգամաբերներ ուղարկեց Բենիամինյանների մոտ, որոնք Ռեմոնի ժայռի վրա էին,+ և նրանց խաղաղության առաջարկ արեց: 14 Այդ ժամանակ Բենիամինյանները հետ դարձան իրենց տարածք: Իսրայելացիները Հաբիս-Գաղաադի+ այն աղջիկներին, որոնց ողջ էին թողել, կնության տվեցին նրանց, բայց ոչ բոլորի համար կին գտան: 15 Ժողովուրդը վիշտ ապրեց այն բանի համար, ինչ պատահել էր Բենիամինյաններին,+ որովհետև Եհովան բաժանում էր մտցրել Իսրայելի ցեղերի միջև: 16 Ժողովրդի երեցներն ասացին. «Ինչպե՞ս կին գտնենք մյուսների համար, քանի որ Բենիամինի ցեղի բոլոր կանայք սպանվել են»: 17 Նրանք ասացին. «Որպեսզի Իսրայելից ցեղ չբնաջնջվի, ողջ մնացած Բենիամինյանները պետք է պահպանեն իրենց ժառանգությունը: 18 Բայց մենք չենք կարող մեր աղջիկներին նրանց կնության տալ, որովհետև Իսրայելի ժողովուրդը երդվել է՝ ասելով. «Անիծյա՛լ լինի նա, ով Բենիամինի ցեղից որևէ մեկին աղջիկ տա կնության»»:+

19 Հետո նրանք ասացին. «Ամեն տարի Եհովայի պատվին տոն է լինում Սելովում,+ որը Բեթելից դեպի հյուսիս է գտնվում՝ Բեթելից Սյուքեմ տանող մեծ ճանապարհի արևելյան կողմում և Լեբոնայից հարավ»: 20 Ուստի Բենիամինյաններին պատվիրեցին. «Գնացե՛ք ու խաղողի այգիներում դարա՛ն մտեք: 21 Եվ երբ տեսնեք, որ Սելովի աղջիկները գալիս են շուրջպար բռնելու, դո՛ւրս եկեք այգիներից, և թող ձեզնից յուրաքանչյուրը Սելովի աղջիկներից մեկին փախցնի, որ ամուսնանա նրա հետ: Ապա վերադարձե՛ք Բենիամինի տարածք: 22 Եթե նրանց հայրերն ու եղբայրները գան մեր դեմ բողոքելու, կասենք նրանց. «Հանուն Բենիամինյանների՝ փորձեք հասկանալ մեզ. պատերազմում չկարողացանք բոլորի համար կին գտնել,+ և դուք էլ չէիք կարող նրանց կին տալ, քանի որ այդ դեպքում հանցավոր կլինեիք»»:+

23 Բենիամինյանները այդպես էլ արեցին. նրանցից յուրաքանչյուրը շուրջպար բռնած աղջիկներից մեկին փախցրեց, որ ամուսնանա նրա հետ: Դրանից հետո նրանք վերադարձան իրենց ժառանգած տարածքները, վերակառուցեցին քաղաքներն+ ու բնակվեցին դրանցում:

24 Իսրայելացիներից ամեն մեկն այնտեղից վերադարձավ իր ցեղ և իր տոհմ. ամեն մեկը գնաց իր ժառանգած տարածքը:

25 Այդ օրերին թագավոր չկար Իսրայելում:+ Ամեն մարդ անում էր այն, ինչը ճիշտ էր իր աչքին:

Բռց.՝ «Իսրայելի որդիները»:

Կամ՝ «նրա ձեռքն եմ տվել»:

Բառարանում տես «Վիճակ»:

Կամ հնարավոր է՝ «մինչ նա էշի վրա նստած էր, ծափ տվեց իր վրա ուշադրություն հրավիրելու համար»:

Կամ՝ «Նեգևում»: Հարավում գտնվող այս տարածքը չոր տափաստանային էր:

Նշանակում է «ջրավազաններ»:

Այսինքն՝ Երիքովից:

Նշանակում է «կործանման դատապարտված»:

Կամ՝ «հովտի»:

Բռց.՝ «երկաթե կառքեր»:

Բառարանում տես «Հավատարիմ սեր»:

Կամ՝ «շրջակա»:

Կամ՝ «հովիտ»:

Բռց.՝ «Հովսեփի տան ձեռքը ծանրացավ»:

Բառարանում տես «Ուխտ»:

Նշանակում է «լացողներ»:

Հեսու 19:50-ում և 24:30-ում՝ Թամնաթ-Սարա:

Սա մահը նկարագրող պոետիկ արտահայտություն է:

Կամ՝ «պաշտեցին»:

Կամ՝ «Աստարոթին», որը «Աստարտե»-ի հոգնակի ձևն է:

Բռց.՝ «վաճառեց»:

Բռց.՝ «Եհովայի ձեռքը նրանց դեմ էր»:

Բռց.՝ «աստվածների հետ պոռնկություն գործեցին»: Խոսքը հոգևոր պոռնկության մասին է:

Կամ՝ «ափսոսում էր»:

Կամ՝ «Եմաթի մուտքը»:

Բառարանում տես «Սուրբ ձող»:

Բռց.՝ «վաճառեց»:

Բռց.՝ «Արամ-Նահարայիմի»:

Բռց.՝ «Արամի»:

Բռց.՝ «երկիրը հանգստացավ»:

Այսինքն՝ Երիքովը:

Հավանաբար, կարճ կանգուն էր՝ մոտ 38 սմ: Տես հավելված Բ14:

Բռց.՝ «հետ ուղարկեց տուրքը բերած մարդկանց»:

Կամ հնարավոր է՝ «քարհանքերն էին»:

Կամ՝ «աթոռից»:

Կամ հնարավոր է՝ «օդանցքի միջով»:

Բռց.՝ «ոտքերն է ծածկում»:

Կամ հնարավոր է՝ «քարհանքերի»:

Բռց.՝ «երկիրը հանգստացավ»:

Բռց.՝ «վաճառեց»:

Բռց.՝ «ազգերի Արիսոթում»:

Բռց.՝ «երկաթե կառք»:

Այսինքն՝ Աստծու դատավճիռներն էր հայտնում ժողովրդին:

Բռց.՝ «Դեբորայի արմավենու»:

Կամ՝ «Դիրքավորվի՛ր Թաբոր լեռան վրա»:

Կամ՝ «գետ»:

Բռց.՝ «երկաթե կառք»:

Դա, հավանաբար, Աստծուն երդում տալու կամ նրան նվիրվելու նշան էր:

Կամ՝ «նվագակցությամբ գովերգելու»:

Կամ հնարավոր է՝ «ցնցվեցին»:

Կամ հնարավոր է՝ «դպրի պիտույքները բռնողները»:

Ռուբենի ցեղը համեմատվում է բեռնակիր անասունի հետ, որը նստած է թամբին ամրացված երկու բեռների միջև:

Կամ՝ «գետը»:

Բռց.՝ «արգանդ»:

Բռց.՝ «երկիրը հանգստացավ»:

Կամ հնարավոր է՝ «ստորգետնյա պահեստներ»:

Բռց.՝ «Իմ հազարը»:

Մոտ 22 լ: Տես հավելված Բ14:

Նշանակում է «Եհովան խաղաղություն է»:

Բառարանում տես «Սուրբ ձող»:

Նշանակում է «թող Բահաղը օրենքով պաշտպանվի»:

Բռց.՝ «պարուրեց»:

Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:

Բռց.՝ «քո ձեռքերը կզորանան»:

Տևում էր մոտ ժ. 22:00-ից մինչև մոտ ժ. 02:00-ն:

Խաղողի բերքահավաքից հետո վազերի վրա մնացած մանր ողկույզները հավաքելը:

Բռց.՝ «նրանց ոգին հանդարտվեց»:

Բռց.՝ «խաղաղությամբ»:

Կամ՝ «Մարդու մասին դատում են նրա ուժով»:

Մոտ 19,4 կգ: Տես հավելված Բ14:

Այս գույնը կապ ուներ հարստության և արքայական փառքի հետ:

Գոգնոցանման հագուստ՝ բաղկացած առջևի և հետևի մասերից:

Կամ՝ «հոգևոր պոռնկություն գործեց»:

Բռց.՝ «երկիրը հանգստացավ»:

Բռց.՝ «70 որդի ուներ, որոնք իր երանքից էին դուրս եկել»:

Բառարանում տես «Հարճ»:

Կամ՝ «Բահաղների հետ հոգևոր պոռնկություն գործեցին»:

Կամ հնարավոր է՝ «հողատերերին»:

Բռց.՝ «ձեր ոսկորն ու ձեր միսն եմ»:

Կամ՝ «տաճարից»:

Կամ՝ «առատ պտղաբերությունը»:

Բռց.՝ «ճոճվեմ»:

Փշոտ թփի տեսակ:

Կամ՝ «հոգին»:

Կամ՝ «իրեն իշխանի պես պահեց»:

Բռց.՝ «Աստված վատ ոգի ուղարկեց»:

Կամ՝ «խորամանկությամբ»:

Հայտնի է նաև որպես Բահաղ-Բերիթ:

Կամ՝ «տաճարի»:

Կամ՝ «Ասորիքի»:

Բռց.՝ «վաճառեց»:

Կամ՝ «Թող Եհովան լսի»:

Կամ՝ «շրջակա»:

Բռց.՝ «խաղաղությամբ»:

Բռց.՝ «ում արտաքսել եմ»:

Բռց.՝ «Բերանս բացել եմ»:

Կամ՝ «ողբամ այն բանի համար, որ երբեք չեմ ամուսնանալու»:

Կամ հնարավոր է՝ «շարժվեցին դեպի հյուսիս»:

Բռց.՝ «արգանդից»:

Բռց.՝ «արգանդից»:

Բռց.՝ «սկսեց մղել նրան»:

Ըստ եբրայական սովորույթի՝ նշանածը կոչվում է կին:

Կամ հնարավոր է՝ «նախքան նա կմտներ ներքին սենյակ»:

Այսինքն՝ երիտասարդ կովով:

Ըստ եբրայական սովորույթի՝ նշանածը կոչվում է կին:

Կամ՝ «կապելու»:

Կամ՝ «կապենք»:

Նշանակում է «ծնոտի բարձունք»:

Բռց.՝ «ոգին վերադարձավ»:

Նշանակում է «կանչողի աղբյուր»:

Փայտե կամ երկաթե ձող՝ դռան հետևից գցելու և այն փակելու համար:

Կամ՝ «հեղեղատում»: Բառարանում տես «Հեղեղատ»:

Կամ՝ «Խորամանկությամբ իմացիր»:

Կամ՝ «աղեղնալարերով»:

Կամ՝ «խծուծը»:

Կտորեղեն գործելու հաստոց:

Բռց.՝ «իմ մոր արգանդից»:

Կամ՝ «սուրբ եմ դարձնելու Եհովայի համար»:

Գոգնոցանման հագուստ՝ բաղկացած առջևի և հետևի մասերից:

Կամ՝ «ընտանեկան աստվածներ», «կուռքեր»:

Բռց.՝ «իր որդիներից մեկի ձեռքը լցրեց»:

Հնարավոր է՝ այս արտահայտությամբ պարզապես ընդգծվում է այն փաստը, որ նա ապրում էր Հուդայի տարածքում:

Բռց.՝ «հայր»:

Կամ՝ «խոսելաձևը»:

Նշանակում է «Դանի բանակատեղ»:

Գոգնոցանման հագուստ՝ բաղկացած առջևի և հետևի մասերից:

Կամ՝ «ընտանեկան աստվածներ», «կուռքեր»:

Բռց.՝ «հայր»:

Կամ՝ «դաժան հոգի ունեցող մարդիկ»:

Կամ՝ «խորանը»:

Կամ՝ «Սիրտդ պնդացրու մի կտոր հացով»:

Կամ՝ «թող սիրտդ զվարթանա»:

Կամ՝ «սիրտդ պնդացրու մի կտոր հացով»:

Բռց.՝ «վրան»:

Կամ հնարավոր է՝ «և ես ծառայում եմ Եհովայի տանը»:

Կամ՝ «նրա՛նց բռնաբարեք ու արեք այն, ինչ հաճելի է ձեր աչքին»:

Կամ հնարավոր է՝ «հողատերերը»:

Բռց.՝ «կանգնում»:

Բռց.՝ «ճռաքաղ արեցին»:

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը