Հիշո՞ւմ եք
Հավանաբար մեծ բավականություն եք ստացել «Դիտարան» պարբերագրի վերջին համարները ընթերցելուց, այնպես չէ՞։ Այժմ փորձեք ստուգել՝ կկարողանա՞ք պատասխանել հետևյալ հարցերին։
• Ի՞նչն է մատնանշում այն, որ Հիսուսը ուներ եղբայրներ և քույրեր։
Մատթէոս 13։55, 56 և Մարկոս 6։3 համարներում Աստվածաշունչը հաստատում է այդ միտքը։ Այնտեղ հանդիպող հունարեն ադելֆոս բառը նշանակում է «միայն նույն հորից կամ մորից ծնված կամ էլ ծնողներից միայն մեկի կողմից արյունակից եղբայր. ուրիշ ոչինչ» («The Catholic Biblical Quarterly», January 1992) (15. 12, էջ 3)։
• Ինչի՞ց է երևում, որ պատերազմը փոխել է իր դեմքը, և հաճախ որո՞նք են եղել դրա հիմնական պատճառները։
Վերջին տարիներին պատերազմները հիմնականում քաղաքացիական են եղել, այսինքն՝ տեղի են ունեցել միևնույն երկրում ապրող հակառակորդ խմբերի միջև։ Ուրիշ հանգամանքներ էլ կային՝ ատելությունը հարևան ազգի և ցեղի հանդեպ, կրոնական տարբերությունը, անարդարությունը և քաղաքական անկայուն վիճակը։ Մեկ այլ պատճառ է եղել ագահությունը իշխանության, հարստության հասնելու հարցում (01. 01, էջ 3–4)։
• Որտեղի՞ց գիտենք, որ Հիսուսը նկատի չուներ, որ քրիստոնյաները պետք է անգիր իմանան տիպար աղոթքը։
Հիսուսը Լեռան քարոզում տվեց աղոթքի օրինակը։ Մոտ 18 ամիս անց նա կրկնեց դրանից առաջ աղոթքի մասին տրված հրահանգների հիմնական մտքերը (Մատթէոս 6։9–13; Ղուկաս 11։1–4)։ Ուշագրավ է, որ նա բառ առ բառ չկրկնեց աղոթքը, ինչը խոսում է այն մասին, որ Հիսուսը նկատի չուներ, թե իր սովորեցրած աղոթքը պետք է ծիսական լինի, որը հարկավոր է անգիր իմանալ (01. 02, էջ 8)։
• Ջրհեղեղից հետո աղավնին որտեղի՞ց գտավ ձիթենու տերևը և բերեց տապան։
Մեզ հայտնի չէ, թե Ջրհեղեղի ջրերի աղիությունն ու ջերմաստիճանը ինչպիսին են եղել։ Բայց ձիթենիները հայտնի են նրանով, որ նույնիսկ եթե կտրվում են, կրկին նոր շիվեր են տալիս։ Ուստի որոշ ձիթենիներ գուցե կենդանի են մնացել Ջրհեղեղի ժամանակ և հետո բողբոջներ տվել (15. 02, էջ 31)։
• Նիգերիայի քաղաքացիական պատերազմի, նաև Բիաֆրիի շրջափակման ժամանակ այս տարածքում ապրող Եհովայի վկաները ինչպե՞ս էին հոգևոր սնունդ ստանում։
Քաղաքացիական մի ծառայող Եվրոպայում պաշտոն ստացավ, իսկ մեկ ուրիշը նշանակում ստացավ աշխատելու Բիաֆրիի թռիչքադաշտում։ Նրանք երկուսն էլ Եհովայի վկաներ էին։ Նրանք իրենց կյանքը վտանգի էին ենթարկում Բիաֆրի հոգևոր սնունդ հասցնելու համար՝ այդպիսով օգնելով բազմաթիվ եղբայրների մինչև պատերազմի ավարտը՝ 1970 թվականը (01. 03, էջ 27)։
• Ինչպե՞ս կնքվեց Վեստֆալյան հաշտությունը, և կրոնը ինչպե՞ս էր ներգրավված դրանում։
Ռեֆորմացիայի հետևանքով կայսրությունում սկսեցին դավանել երեք հավատ՝ կաթոլիկություն, լյութերականություն և կալվինականություն։ 17–րդ դարի սկզբներին ստեղծվեցին Ավետարանական ունիան և Կաթոլիկական Լիգան։ Այնուհետև կրոնական հակամարտություն ծագեց Բոհեմիայում, և այն վերածվեց իշխանության համար մղվող միջազգային պայքարի։ Կաթոլիկ և բողոքական ղեկավարները ջանում էին քաղաքական տիրապետություն և առևտրական շահ ստանալ։ Վերջապես, խաղաղության բանակցություններ անցկացվեցին գերմանական մարզ Վեստֆալիայում։ Մոտ հինգ տարի անց կնքվեց Վեստֆալյան հաշտությունը, որը վերջ դրեց Երեսնամյա պատերազմին, և ծնունդ առան ժամանակակից Եվրոպայի անկախ պետությունները (15. 03, էջ 20–23)։
• Ի՞նչ է նշանակում «գազանի» դրոշմը, կամ՝ 666 թիվը։
Այս դրոշմը հիշատակվում է Յայտնութիւն 13։16–18-ում։ Գազանը ներկայացնում է մարդկային կառավարումը, իսկ այն, որ գազանը «մարդու թիւ» ունի, ցույց է տալիս, որ կառավարությունները արտացոլում են մարդկանց ընկած վիճակը։ 6 գումարած 60 գումարած 600 մատնանշում է, որ այդ կառավարումը վերին աստիճանի անկատար է Աստծո աչքում։ Այդ դրոշմը կրողները կամ երկրպագում են քաղաքական ուժերին կամ էլ իրենց փրկության համար նրան են ապավինում (01. 04, էջ 4–7)։