Վեստֆալյան հաշտություն. շրջադարձային կետ Եվրոպայի պատմության մեջ
«ԱՅԴՔԱՆ շատ եվրոպական ղեկավարների մեկտեղ հավաքվելը, ինչպես որ այսօր, անշուշտ հազվագյուտ երևույթ է»։ Նախկին Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության նախագահ Ռոման Հերցոգն այս միտքն արտահայտել է 1998 թ. հոկտեմբերին։ Այդ խոսքերը լսեցին չորս թագավորներ, չորս թագուհիներ, երկու իշխաններ, մեկ էրցհերցոգ և մի քանի նախագահներ։ Այդ միջոցառումը, որը կազմակերպել էր Եվրախորհուրդը, ժամանակակից Գերմանիայի վերջին 50 տարվա պատմության մեջ խիստ կարևոր նշանակություն ուներ։ Ի՞նչ առիթով էին նրանք հավաքվել։
1998 թ. հոկտեմբերին լրացավ Վեստֆալյան հաշտության 350 տարին։ Հաճախ հաշտության համաձայնագրերի արդյունքում պատմության ընթացքը զգալիորեն փոխում է իր ուղղությունը, և այս առումով Վեստֆալյան հաշտությունը առանձնահատուկ էր։ 1648 թ.–ին այս հաշտության կնքումով վերջ դրվեց Երեսնայմա պատերազմին ու սկիզբ դրվեց ժամանակակից եվրոպական անկախ պետությունների գոյությանը։
Հին կարգերը սասանվում են
Միջին դարերում Եվրոպայում ամենահզոր կառույցները Հռոմի կաթոլիկ եկեղեցին էր ու Հռոմեական սրբազան կայսրությունը։ Կայսրությունը բաղկացած էր տարբեր մեծության հարյուրավոր իշխանություններից, և նրա տարածքն ընդգրկում էր ներկայիս Ավստրիան, Չեխիան, արևելյան Ֆրանսիան, Գերմանիան, Շվեյցարիան, Նիդեռլանդները, Բելգիան, Լյուքսեմբուրգը և Իտալիայի մի մասը։ Քանի որ գերմանական իշխանությունները կազմում էին նրա մեծ մասը, կայսրությունը հայտնի էր Գերմանական ազգի Հռոմեական սրբազան կայսրություն անունով։ Յուրաքանչյուր իշխանություն, որ ղեկավարվում էր իշխանի կողմից, կիսաանկախ կարգավիճակ ուներ։ Կայսրն ինքը կաթոլիկ էր և սերում էր ավստրիական Հաբսբուրգների դինաստիայից։ Ուստի Եվրոպան, որտեղ իշխում էին պապն ու կայսրը, Հռոմի կաթոլիկ եկեղեցու ամուր ձեռքում էր գտնվում։
Սակայն հաստատված կարգերը 16–րդ ու 17–րդ դարերում սասանվեցին։ Ամբողջ Եվրոպան դժգոհ էր Հռոմի կաթոլիկ եկեղեցու անսանձ պահվածքից։ Կրոնական բարեփոխիչներ Մարտին Լյութերը և Ժան Կալվինը խոսում էին աստվածաշնչային չափանիշներին վերադառնալու մասին։ Լյութերն ու Կալվինը ամենուր աջակցություն ստացան, և նրանց գործունեության արդյունքում երևան եկավ Ռեֆորմացիայի շարժումը, ինչպես նաև բողոքական կրոններ առաջացան։ Ռեֆորմացիայի հետևանքով կայսրությունում սկսեցին դավանել երեք հավատ՝ կաթոլիկություն, լյութերականություն և կալվինականություն։
Կաթոլիկները կասկածանքով էին նայում բողոքականներին, իսկ վերջիններս էլ նրանց հանդեպ արհամարհանք էին ցուցաբերում։ Նման փոխհարաբերությունների արդյունքում 17–րդ դարի սկզբներին ստեղծվեցին Ավետարանական ունիան և Կաթոլիկական լիգան։ Կայսրության որոշ իշխաններ միացան Ունիային, մյուսները՝ Լիգային։ Եվրոպան, և մասնավորապես կայսրությունը, նման էր կասկածանքով լեցուն վառոդի տակառի, որի հօդս ցնդելու համար բավական էր ընդամենը մի կայծ։ Երբ այդ կայծը եղավ, սկսվեց մի հակամարտություն, որը տևեց 30 տարի։
Մահաբեր կայծից բոց է բռնկվում Եվրոպայում
Բողոքական ղեկավարները ջանում էին ազդեցություն բանեցնել կաթոլիկ Հաբսբուրգների վրա, որպեսզի ավելի շատ դավանանքի ազատություն ստանային։ Սակայն զիջումները մեծ դժվարությամբ էին ձեռք բերվում, իսկ 1617–1618 թթ.-ին Բոհեմիայում (Չեխիա) երկու լյութերական եկեղեցիներ հարկադրաբար փակվեցին։ Վիրավորված նման քայլից՝ բողոքական ազնվականները մտան Պրահայի պալատներից մեկը, բռնեցին երեք կաթոլիկ պաշտոնյաների ու վերին հարկերի պատուհանից դուրս նետեցին նրանց։ Այս գործողությունը հենց այն կայծն էր, որից Եվրոպայում հրդեհ բռնկվեց։
Թեև հակամարտող կրոնների անդամները, ինչպես ենթադրվում էր, Խաղաղության իշխանի՝ Հիսուս Քրիստոսի հետևորդներն էին, սակայն նրանք այժմ պատրաստ էին իրար կոկորդ կրծել (Եսայիա 9։6)։ Բելայա գորայի ճակատամարտում Լիգան ջախջախեց Ունիային, որը դրանից հետո կազմալուծվեց։ Բողոքական ազնվականները մահապատժի ենթարկվեցին Պրահայի շուկայի հրապարակում։ Ամբողջ Բոհեմիայում բռնագրավվեց այն բողոքականների սեփականությունը, ովքեր չէին ցանկանում հրաժարվել իրենց հայացքներից, ու տրվեց կաթոլիկներին։ «1648. պատերազմ և խաղաղություն Եվրոպայում» գրքում ասվում է, որ այդ բռնագրավումը «մեկն էր սեփականության ոլորտում եղած մեծագույն փոփոխություններից, որոնք երբևէ տեղի են ունեցել կենտրոնական Եվրոպայում» («1648—Krieg und Frieden in Europa»)։
Այն, ինչ սկզբում ընդամենը կրոնական բախում էր Բոհեմիայում, վերածվեց իշխանության համար մղվող միջազգային պայքարի։ Հաջորդ 30 տարիներին Դանիան, Ֆրանսիան, Նիդեռլանդները, Իսպանիան և Շվեդիան ներքաշվեցին այդ հակամարտության մեջ։ Կաթոլիկ ու բողոքական ղեկավարները, հաճախ ագահությունից ու իշխանատենչությունից մղված, ջանում էին քաղաքական տիրապետություն ու առևտրական շահ ստանալ։ Երեսնամյա պատերազմը անցավ մի քանի փուլերով, որոնցից յուրաքանչյուրը կոչվեց կայսրի գլխավոր հակառակորդների անունով։ Ըստ որոշ աշխատությունների՝ դրանք բաժանվում են չորս փուլերի՝ Չեխական, Դանիական, Շվեդական, Ֆրանս–շվեդական։ Ճակատամարտերի մեծ մասը տեղի ունեցավ կայսերական տարածքներում։
Այդ ժամանակվա զենքերից էին ատրճանակը, հրացանը, հրասանդը և հրանոթը, որոնց գլխավոր մատակարարը Շվեդիան էր։ Կաթոլիկներն ու բողոքականները լիովին տարված էին հակամարտությամբ։ Զինվորները գնում էին մարտի «Սանտա Մարիա» կամ «Աստված մեզ հետ է» գոչելով։ Զորքերն իրենց ճանապարհին թալանում էին գերմանական իշխանությունները՝ հակառակորդի ու հասարակ բնակչության հետ վարվելով գազանաբար։ Պատերազմը սկսեց բարբարոսական բնույթ կրել։ Որքա՜ն է այս ամենը հեռու մի աստվածաշնչյան մարգարեության մեջ տրված նկարագրությունից, որտեղ ասվում է. «Ազգ ազգի վերայ սուր պիտի չ’բարձրացնէ, եւ այլեւս պատերազմ պիտի չ’սովորեն» (Միքիա 4։3)։
Գերմանացիների մի ամբողջ սերունդ մեծացավ՝ պատերազմից բացի ուրիշ ոչինչ չտեսնելով։ Տանջված ժողովուրդը փափագում էր խաղաղության։ Ակնհայտ էր, որ կարելի էր խաղաղություն հաստատել, եթե հակամարտող քաղաքական կողմերի շահերը միմյանց չհակասեին։ Պատերազմը գնալով ավելի շատ քաղաքական բնույթ էր կրում և ավելի պակաս կրոնական։ Որքան էլ որ զավեշտական է, բայց այն անձնավորությունը, որը նպաստեց նման փոփոխության, կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյա էր։
Կարդինալ Ռիշելյոն գործադրում է իր իշխանությունը
Արման Ժան դյու Պլեսսիի պաշտոնական անունը կարդինալ Ռիշելյո էր։ Նա նաև Ֆրանսիայի վարչապետն էր 1624–1642 թթ.-ին։ Ռիշելյոն նպատակ էր դրել Եվրոպայում հաստատել Ֆրանսիայի գերիշխանությունը։ Այս նպատակին հասնելու համար նա փորձեց նվազեցնել Հաբսբուրգների ազդեցությունը, որոնք իր պես կաթոլիկ էին։ Ինչպե՞ս նա արեց դա։ Նա ֆինանսական օգնություն տրամադրեց գերմանական իշխանների, ինչպես նաև դանիական, նիդեռլանդական և շվեդական բողոքական բանակներին, որոնք բոլորը կռվում էին Հաբսբուրգների դեմ։
1635 թ.–ին Ռիշելյոն առաջին անգամ ֆրանսիական զորքեր ուղարկեց պատերազմ։ «Կեցցե՜ խաղաղությունը» գրքում բացատրվում է, որ «Երեսնամյա պատերազմը [իր վերջին փուլում] դադարեց լինել հակամարտություն կրոնական խմբավորումների միջև։.... Պատերազմը վերածվեց Եվրոպայում քաղաքական գերիշխանություն ձեռք բերելու պայքարի» («vivat pax—Es lebe der Friede!»)։ Այն, ինչ սկսվել էր որպես կրոնական ընդհարում կաթոլիկների ու բողոքականների միջև, ավարտվեց նրանով, որ կաթոլիկները բողոքականների հետ միասին կռվում էին ուրիշ կաթոլիկների դեմ։ Կաթոլիկական լիգան, որ արդեն թուլացել էր 1630–ականների սկզբներին, կազմալուծվեց 1635 թ.–ին։
Խաղաղության կոնֆերանս Վեստֆալիայում
Կողոպուտը, սպանությունները, բռնաբարությունները ու հիվանդությունները ամայացրել էին Եվրոպան։ Խաղաղության տենչը աստիճանաբար է՛լ ավելի ուժեղացավ, երբ սկսեցին գիտակցել, որ այդ պատերազմում ոչ ոք չի կարող հաղթել։ «Կեցցե՜ խաղաղությունը» գրքում նշվում է, որ «1630–ականների վերջում պատասխանատու իշխանները վերջապես ընդունեցին, որ զենքով այլևս չեն կարող հասնել իրենց նպատակին»։ Իսկ ինչպե՞ս կարող էին հասնել խաղաղության, եթե ամեն ոք դա էր ցանկանում։
Հռոմեական սրբազան կայսրության կայսր Ֆերդինանդ III–ը, Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIII–ը և Շվեդիայի թագուհի Քրիստինան եկան համաձայնության, որ հարկավոր է կոնֆերանս գումարել, որին պետք է մասնակցեն բոլոր պատերազմող կողմերը, և նրանք պետք է խաղաղության բանակցություններ վարեն։ Երկու վայր ընտրվեց դրա համար՝ Օսնաբրյուկ և Մյունստեր քաղաքները, որոնք գտնվում էին գերմանական մարզ Վեստֆալիայում։ Ընտրվեցին այդ քաղաքները, որովհետև նրանք գտնվում էին Շվեդիայի ու Ֆրանսիայի մայրաքաղաքների միջև ընկած տարածության մեջտեղում։ 1643 թ.–ից սկսած՝ մոտ 150 պատվիրակություններ, որոնցից մի քանիսը եկել էին մեծաթիվ խորհրդականներով, ժամանեցին այդ երկու քաղաքները։ Կաթոլիկ պատվիրակները հավաքվեցին Մյունստերում, բողոքականները՝ Օսնաբրյուկում։
Նախ որոշեցին, թե ինչ ձևով էին լուծելու այն հարցերը, որոնք վերաբերում էին պատվիրակների տիտղոսներին ու կարգին, նստելու տեղերին և ընթացակարգին։ Հետո սկսվեցին բանակցությունները. առաջարկները մի պատվիրակությունից մյուսին էին փոխանցվում միջնորդների օգնությամբ։ Գրեթե հինգ տարի անց միայն, մինչ պատերազմը շարունակվում էր, կողմերը համաձայնության եկան խաղաղության պայմանների հարցում։ Վեստֆալյան հաշտության պայմանագիրը պարունակում էր մեկից ավելի փաստաթղթեր։ Համաձայնագրերից մեկը կնքվեց Ֆերդինանդ III–ի ու Շվեդիայի միջև, մյուսը՝ կայսրի ու Ֆրանսիայի միջև։
Հաշտության լուրի տարածվելուն պես տոնակատարություններ սկսվեցին։ Այն, ինչ սկսվել էր մահաբեր կայծով, ավարտվեց իսկական հրավառությամբ։ Դրանից քաղաքներում երկինքը լուսավոր էր դարձել։ Ղողանջում էին եկեղեցու զանգերը, թնդում էին հրանոթները, ժողովուրդը փողոցներում երգում էր։ Կարո՞ղ էր այժմ Եվրոպան ակնկալել մնայուն խաղաղություն։
Հնարավո՞ր է մնայուն խաղաղություն հաստատել
Վեստֆալյան հաշտությունը ճանաչեց անկախության սկզբունքը։ Սա նշանակում էր, որ համաձայնագրի յուրաքանչյուր կողմ իր վրա պարտավորություն է վերցնում հարգել մյուս կողմերի տարածքային իրավունքները և չմիջամտել նրանց ներքին գործերին։ Այսպես ծնունդ առան ժամանակակից Եվրոպայի անկախ պետությունները։ Որոշ պետություններ ավելի շատ օգուտներ ստացան այդ հաշտությունից, քան մյուսները։
Ֆրանսիան հաստատեց իր գերիշխանությունը, իսկ Նիդեռլանդներն ու Շվեյցարիան անկախություն ստացան։ Ինչ վերաբերում է գերմանական իշխանություններին, որոնցից շատերը քարուքանդ էին եղել պատերազմի պատճառով, ապա նրանք առանձնապես օգուտ չստացան հաշտությունից։ Գերմանիայի բախտը որոշ չափով որոշեցին մյուս պետությունները։ «Նոր բրիտանական հանրագիտարանում» (անգլ.) ասվում է. «Գերմանական իշխանների օգուտներն ու վնասները որոշվում էին ըստ գլխավոր տերությունների՝ Ֆրանսիայի, Շվեդիայի ու Ավստրիայի հարմարության»։ Փոխանակ միավորվելու ու մեկ միասնական ազգ դառնալու՝ գերմանական իշխանությունները շարունակեցին մասնատված մնալ, ինչպես որ առաջ էր։ Ավելին, որոշ տարածքներ անցան օտար տիրապետության տակ, ինչպես ասենք, Գերմանիայի գլխավոր գետերի՝ Հռենոսի, Էլբայի ու Օդերի որոշ հատվածներ։
Կաթոլիկներին, լյութերականներին ու կալվինականներին հավասար իրավունքներ տրվեցին։ Բոլորին չէ, որ դա դուր եկավ։ Իննովկենտիոս X պապը խիստ դեմ էր հաշտությանը՝ համարելով դա գրոշ չարժեցող բան։ Այդուհանդերձ, նոր հաստատված կրոնական սահմանները հիմնականում անփոփոխ մնացին հաջորդ երեք դարերի ընթացքում։ Թեպետ դավանանքի հարցում անհատը դեռևս ազատ ընտրություն անելու հնարավորություն չուներ, սակայն այդ առումով մեկ քայլ դեպի առաջ էր արվել։
Այս հաշտությամբ ավարտվեց Երեսնամյա պատերազմը, ու պատերազմական գործողությունների մեծ մասը վերջ գտավ։ Այդ բախումը կրոնական հողի վրա ծագած վերջին խոշոր պատերազմն էր Եվրոպայում։ Պատերազմները չդադարեցին, բայց դրանց հիմքում ընկած պատճառները կրոնականից սկսեցին քաղաքական կամ առևտրական բնույթ կրել։ Դա չի նշանակում, թե կրոնը դադարեց բաժին ունենալ այն ռազմական բախումներում, որոնք եղել են Եվրոպայում։ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում գերմանացի զինվորները իրենց գոտիների վրա կրում էին նույն «Աստված մեզ հետ է» մակագրությունը։ Այդ սարսափելի պատերազմներում դարձյալ կաթոլիկներն ու բողոքականները միասին կռվում էին ռազմաճակատի մյուս կողմում գտնվող կաթոլիկների ու բողոքականների դեմ։
Միանգամայն հստակ է, որ Վեստֆալյան հաշտությունը չբերեց մնայուն խաղաղություն։ Բայցևայնպես հնազանդ մարդիկ այդպիսի խաղաղություն շուտով կտեսնեն։ Եհովա Աստված հարատև խաղաղություն կբերի նրանց իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի Մեսիական Թագավորության միջոցով։ Այդ կառավարության օրոք մեկ ճշմարիտ կրոն կլինի, որը կմղի մարդկանց միասնության և ոչ թե պառակտումների։ Ոչ ոք չի պատերազմի մյուսի դեմ ո՛չ կրոնական և ո՛չ էլ ուրիշ պատճառով։ Ի՜նչ թեթևացում կլինի, երբ Աստծո Թագավորությունը իշխի ամբողջ երկրի վրա, և ‘խաղաղությանը վերջ չի լինի’ (Եսայիա 9։6, 7)։
[մեջբերում 21–րդ էջի վրա]
Այն, ինչ սկսվել էր որպես կրոնական ընդհարում կաթոլիկների ու բողոքականների միջև, ավարտվեց նրանով, որ կաթոլիկները բողոքականների հետ միասին կռվում էին ուրիշ կաթոլիկների դեմ
[մեջբերում 22–րդ էջի վրա]
Զինվորները գնում էին մարտի «Սանտա Մարիա» կամ «Աստված մեզ հետ է» գոչելով
[նկար 21–րդ էջի վրա]
Կարդինալ Ռիշելյո
[նկար 23–րդ էջի վրա]
16–րդ դարի նկար, որտեղ պատկերված են Լյութերը, Կալվինը և պապը իրար հետ կռվելիս
[նկար 20–րդ էջի վրա. թույլտվությամբ]
From the book Spamers Illustrierte Weltgeschichte VI
[նկար 23–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Religious leaders struggling: From the book Wider die Pfaffenherrschaft; map: The Complete Encyclopedia of Illustration/J. G. Heck