Ոչ պաշտոնական վկայություն Մեքսիկայի անգլիախոս դաշտում
ՊՈՂՈՍ առաքյալը, Աթենքում սպասելով իր հետ շրջագայող ընկերներին, ժամանակն օգտագործեց ոչ պաշտոնական վկայություն տալու համար։ Աստվածաշունչը տեղեկացնում է. «Խօսում էր.... փողոցումն [«հրապարակներուն մէջ», ԱԱ] ամեն օր պատահողների հետ» (Գործք 17։17)։ Հրեաստանից դեպի Գալիլեա կատարած իր ճանապարհորդության ժամանակ Հիսուսը ջրհորի մոտ ոչ պաշտոնական վկայություն տվեց մի սամարացի կնոջ (Յովհաննէս 4։3–26)։ Դու էլ ամեն առիթ օգտագործո՞ւմ ես պատմելու համար Աստծո Թագավորության բարի լուրի մասին։
Մեքսիկայի անգլիախոս դաշտը հարմար է հատկապես ոչ պաշտոնական վկայության համար։ Այստեղ կարելի է հանդիպել զբոսաշրջիկների, որոնք այցելում են տեսարժան վայրեր, համալսարանի նոր ուսանողների, օտարերկրացիների, ովքեր թոշակի են անցել Մեքսիկայում և հաճախ են ժամանակն անցկացնում պուրակներում ու ռեստորաններում։ Եհովայի վկաներից շատերը, որ անգլերեն գիտեն, հմտացել են նման մարդկանց հետ խոսակցություններ սկսելու մեջ։ Նրանք հնարավորություններ են փնտրում զրուցելու համար որևէ մեկի հետ, որը թվում է թե օտարերկրացի է կամ խոսում է անգլերեն։ Եկեք տեսնենք, թե ինչպես է դա նրանց հաջողվում։
Շատ դեպքերում օտարերկրացի Վկաները, ովքեր ծառայում են անգլիախոս դաշտում, պարզապես ներկայանում են այն օտարերկրացիներին, որոնց միանգամից հնարավոր է բնորոշել, և հարցնում են, թե նրանք որտեղից են։ Տրամաբանորեն այստեղից հարց է ծագում, թե Վկան ինչ գործ ունի Մեքսիկայում, և հնարավորություն է ստեղծվում, որ նա պատմի քրիստոնեական հավատալիքների մասին։ Օրինակ՝ Գլորիան, որը ծառայում է Օախակայի անգլիախոս դաշտում, կարծում է, որ այս կերպով բավական հեշտ է մարդկանց հետ զրույց սկսել։ Երբ Գլորիան քաղաքի հրապարակում անցկացրած ոչ պաշտոնական քարոզչությունից տուն էր վերադառնում, նրան կանգնեցրեց անգլիացի մի ամուսնական զույգ։ Կինը բացականչեց. «Աչքերիս չեմ կարողանում հավատալ, որ տեսնում եմ Օախակայի փողոցներով քայլող սևամորթ կնոջ»։ Վիրավորվելու փոխարեն՝ Գլորիան ծիծաղեց, ու նրանք սկսեցին զրուցել այն մասին, թե ինքն ինչու է գտնվում Մեքսիկայում։ Այդ կինը Գլորիային հրավիրեց իր տուն՝ սուրճ խմելու։ Նրանք պայմանավորվեցին հանդիպման մասին, հետո Գլորիան «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրեր առաջարկեց նրան, բայց կինը մերժեց վերցնել՝ ասելով, որ աթեիստ է։ Ի պատասխան՝ Գլորիան ասաց, որ ինքը հաճույքով է զրուցում աթեիստների հետ և կցանկանար իմանալ այդ կնոջ տեսակետը մի հոդվածի վերաբերյալ, որ կոչվում է «Երկրպագության վայրեր. անհրաժե՞շտ են արդյոք»։ Կինը վերցրեց դրանք ու ասաց. «Այ եթե ձեզ հաջողվի համոզել ինձ, դա իսկապես հրաշք կլինի»։ Սրճելիս հետաքրքիր խոսակցություն տեղի ունեցավ։ Ավելի ուշ այդ ամուսնական զույգը մեկնեց Անգլիա, իսկ քրոջ հետ քննարկումները շարունակվեցին էլեկտրոնային փոստով։
Գլորիան խոսակցություն սկսեց նաև Սարոնի հետ, որը Վաշինգտոն քաղաքից եկած ուսանողուհի էր և Օախակայում կամավոր աշխատում էր տեղաբնակ կանանց հետ, մինչև որ ավարտեր մագիստրատուրան։ Սարոնին իր կատարած աշխատանքի համար գովելուց հետո Գլորիան բացատրեց, թե ինչու էր ինքը գտնվում Մեքսիկայում։ Արդյունքում մի հրաշալի զրույց տեղի ունեցավ Աստվածաշնչի շուրջ և այն մասին, թե Աստված ինչ է անելու ոչ միայն աղքատների, այլ նաև յուրաքանչյուր մարդու համար։ Սարոնը զարմանքով նկատեց, որ Միացյալ Նահանգներում գտնվելիս երբեք չէր զրուցել Վկաների հետ, իսկ Մեքսիկայում իրեն հանդիպած առաջին մարդը Եհովայի վկա էր։ Սարոնը համաձայնվեց ուսումնասիրել Աստվածաշունչը և անմիջապես սկսեց հաճախել քրիստոնեական հանդիպումներին։
Շատ օտարերկրացիներ տեղափոխվում են Մեքսիկայի ծովափնյա շրջանները՝ ձգտելով դրախտային պայմանների։ Լորելը օգտվում է այս հանգամանքից Ակապուլկոյում մարդկանց հետ զրույց սկսելու համար։ Նա հարցնում է նրանց, թե արդյոք Ակապուլկոն ավելի է նման դրախտի, քան այն երկիրը, որտեղից իրենք եկել են, և թե ինչն է նրանց գրավում։ Այնուհետև նա բացատրում է, որ շուտով ամբողջ երկիրը վերածվելու է իսկական դրախտի։ Այս կերպով նա զրույց սկսեց մի կանադացի կնոջ հետ, որին հանդիպել էր անասնաբուժարանում. արդյունքում Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսվեց։ Գուցե նման մոտեցումը արդյունավետ կլինի նաև ձեր բնակավայրում։
‘Փողոցներում և հրապարակներում’
Փողոցներում և հրապարակներում հաճախ կարելի է հետևյալ հարցով խոսակցություն սկսել. «Դուք խոսո՞ւմ եք անգլերեն»։ Մեքսիկացիներից շատերն են խոսում անգլերեն շնորհիվ իրենց մասնագիտության կամ այն բանի, որ ապրել են Միացյալ Նահանգներում։
Մի Վկա ամուսնական զույգ մոտեցավ մի տարեց, հաշմանդամ կնոջ, որին սայլակի միջոցով տեղաշարժում էր բուժքույրը։ Նրանք հարցրեցին այդ կնոջը, թե արդյոք խոսում է անգլերեն։ Կինը պատասխանեց, որ խոսում է, քանի որ երկար տարիներ ապրել է Միացյալ Նահանգներում։ Նա վերցրեց «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը, որոնք երբեք նախկինում չէր կարդացել, ու տվեց նրանց իր հասցեն և հայտնեց անունը՝ Կոնսուելո։ Երբ չորս օր անց այցելեցին այդ հասցեով, պարզվեց, որ նա ապրում էր ծերանոցում, որը գտնվում էր կաթոլիկ միաձնուհիների տնօրինության տակ։ Սկզբում դժվար էր կապ հաստատել Կոնսուլեոյի հետ, որովհետև միանձնուհիները նրանց կասկածանքով վերաբերվեցին և ասացին, որ Կոնսուլեոն չի կարող ընդունել նրանց։ Ամուսինները պնդեցին, որ միանձնուհիները Կոնսուլեոյին տեղեկացնեն, որ իրենք եկել են և ցանկանում են բարևել նրան։ Կոնսուլեոն ներս հրավիրեց այդ ամուսիններին։ Այդ օրվանից այս 86–ամյա կինը կանոնավորաբար հաճույքով ուսումնասիրում է Աստվածաշունչը՝ չնայած միանձնուհիների բացասական դիտողություններին։ Նա նաև մի քանի անգամ հաճախել է քրիստոնեական հանդիպումների։
Առակաց 1։20–ում ասվում է. «Իմաստութիւնը աղաղակում է դրսումը, հրապարակներումը տալիս է ձայնը»։ Տեսեք, թե ինչպես սա տեղի ունեցավ Սան Միգել դե Ալենդեի հրապարակում։ Վաղ առավոտյան Ռալֆը մոտեցավ միջին տարիքի մի տղամարդու, որ նստած էր նստարանին։ Այդ մարդը շատ զարմացավ, երբ իրեն առաջարկեցին «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը, և Ռալֆը պատմեց իր կյանքի մասին։
Այդ մարդը Վիետնամական պատերազմի վետերան էր. նա այնքան շատ մարդկանց մահ էր տեսել, որ արդյունքում սթրեսի մեջ էր ընկել ու իր զինվորական ծառայության ժամանակ տառապել էր նյարդային խանգարումով։ Նրան ռազմաճակատից ուղարկել էին թիկունք։ Այնտեղ նրան հանձնարարել էին լվանալ մահացած զինվորների մարմինները՝ նախապատրաստելու դրանք Միացյալ Նահանգներ տեղափոխելու համար։ Հիմա՝ 30 տարի անց, նա դեռ տառապում է մշտական մղձավանջից և սարսափազդու զգացումներից։ Այդ օրը առավոտյան, երբ նստած էր հրապարակում, նա մտքում աղոթել էր օգնության համար։
Վետերանը վերցրեց առաջարկված գրականությունը, ինչպես նաև ընդունեց Թագավորության սրահ գալու հրավերը։ Հանդիպմանը գալուց հետո նա ասաց, որ Թագավորության սրահում անցկացրած երկու ժամերի ընթացքում 30 տարվա մեջ առաջին անգամ ներքին խաղաղություն զգաց։ Այս մարդը Սան Միգել դե Ալենդե էր եկել միայն մի քանի շաբաթով, բայց հասցրեց մի քանի անգամ Աստվածաշունչ ուսումնասիրել և հաճախել բոլոր հանդիպումներին մինչև իր տուն վերադառնալը։ Միջոցներ ձեռք առնվեցին, որպեսզի նրա հետ շարունակվի ուսումնասիրությունը։
Ոչ պաշտոնական վկայություն աշխատավայրում և դպրոցում
Քո աշխատավայրում ցույց տալի՞ս ես, որ Եհովայի վկա ես։ Ադրիանը, որը Սան Լուկասում բնակարաններ է վարձով տալիս արձակուրդավորներին, այդպես է վարվում։ Արդյունքների մասին նրա աշխատակից Ջուդին պատմում է. «Եթե երեք տարի առաջ ինձ առաջարկեին դառնալ Եհովայի վկա, ես կասեի՝ կյանքում չհավատաս։ Բայց որոշեցի կարդալ Աստվածաշունչը։ Ես մտածում էի. «Ինչո՞ւ դա պիտի դժվար լինի. չէ՞ որ ես սիրում եմ կարդալ»։ Եվ այսպես, մոտ վեց էջ էլ դեռ չէի կարդացել, երբ հասկացա, որ օգնության կարիք ունեմ։ Միակ մարդը, որին կարող էի դիմել, իմ աշխատակից Ադրիանն էր։ Ինձ դուր էր գալիս զրուցել նրա հետ, որովհետև նա այնտեղի միակ առաքինի մարդն էր»։ Ադրիանն անմիջապես առաջարկեց հաջորդ անգամ գալ իր նշանածի՝ Քեյթիի հետ և պատասխանել Ջուդիի բոլոր հարցերին։ Քեյթին Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեց Ջուդիի հետ, և դրանից կարճ ժամանակ անց Ջուդին մկրտվեց և դարձավ Վկա։
Իսկ ի՞նչ կարելի է ասել դպրոցում ոչ պաշտոնական վկայություն տալու մասին։ Երկու Վկաներ համալսարանում իսպաներենի դասընթացների էին հաճախում, բայց մի օր բացակայեցին, քանի որ գնալու էին քրիստոնեական համաժողովի։ Երբ նրանք վերադարձան, իրենց խնդրեցին իսպաներեն լեզվով պատմել, թե ինչ էին արել։ Նրանք օգտվեցին այդ հնարավորությունից, որ իսպաներեն լեզվով, ինչքան ի վիճակի են, վկայություն տան։ Ուսուցչուհուն՝ Սիլվիային, շատ էին հետաքրքրում աստվածաշնչային մարգարեությունները։ Նա համաձայնվեց անգլերեն լեզվով ուսումնասիրել Աստվածաշունչը և ներկայումս բարի լուրի քարոզիչ է։ Նրա ընտանիքի անդամներից մի քանիսը նույնպես ուսումնասիրում են։ Սիլվիան ասում է. «Ես գտա այն, ինչ որոնում է ամբողջ կյանքիս ընթացքում»։ Այո՛, ոչ պաշտոնական վկայությունը հրաշալի արդյունքների է հանգեցնում։
Օգտագործվում են ուրիշ առիթներ
Հյուրասեր լինելը կարող է վկայություն տալու դուռ բաց անել։ Ջիմը և Գեյլը, որոնք ծառայում են Սան Կարլոսում (Սանորա), համոզվեցին դրա ճշմարտության մեջ։ Մի կին, որը առավոտյան ժամը վեցին զբոսնում էր իր շների հետ, կանգ առավ՝ այդ ամուսնական զույգի պարտեզը դիտելու։ Ջիմն ու Գեյլը նրան հրավիրեցին սուրճ խմելու։ Վաթսուն տարեկան հասակում առաջին անգամ այդ կինը լսեց Եհովայի, նաև հավիտենական կյանքի հեռանկարի մասին։ Նրա հետ ուսումնասիրություն սկսվեց։
Էյդրիենը նույնպես բարյացակամորեն է վերաբերվում անծանոթներին։ Նա Կանկուն քաղաքում գտնվող մի ռեստորանում ճաշում էր, երբ մի երիտասարդ մոտեցավ նրան ու հարցրեց, թե նա արդյոք Կանադայից է։ Երբ նա դրականորեն պատասխանեց, երիտասարդը բացատրեց, որ ինքն ու իր մայրը փորձում են օգնել իր կրտսեր քրոջը՝ կանադացիների մասին դպրոցական մի շարադրություն գրելու։ Մայրը, որը անգլերեն էր խոսում, նստեց Էյդրիենի կողքին։ Կանադացիների մասին այդ կնոջ հարցերին համբերատարորեն պատասխանելուց հետո Էյդրիենն ասաց. «Բայց կա իսկապես կարևոր մի պատճառ, թե ինչու եմ ես Կանադայից եկել այստեղ. ես եկել եմ օգնելու մարդկանց՝ սովորելու Աստվածաշնչի մասին։ Ձեզ հետաքրքրո՞ւմ է այն»։ Կինը դրականորեն պատասխանեց։ Նա իր եկեղեցուց հեռացել էր տասը տարի առաջ և փորձում էր ինքնուրույն ուսումնասիրել Աստվածաշունչը։ Կինը Էյդրիենին տվեց իր հեռախոսահամարն ու հասցեն, և նրա հետ Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություն սկսվեց։
«Հացդ թող տուր ջրերի երեսին»
Ամեն համար առիթով խոսելով աստվածաշնչյան ճշմարտության մասին՝ հաճախ կարելի է վկայություն տալ այն մարդկանց, ովքեր քիչ են լսել կամ ընդհանրապես չեն լսել Թագավորության պատգամը։ Նավահանգստային Սիուատանեխո քաղաքում՝ մի մարդաշատ սրճարանում, Վկաներից մեկը երկու օտարերկրացիների հրավիրեց նստելու իր սեղանի շուրջ, քանի որ սրճարանում ուրիշ տեղ չկար։ Այդ օտարերկրացի ամուսնական զույգը յոթ տարի նավակով ճանապարհորդում էր։ Նրանք Եհովայի վկաների մասին բացասականորեն արտահայտվեցին։ Սրճարանում տեղի ունեցած հանդիպումից հետո Վկան այդ ամուսնական զույգին այցելեց նրանց նավակում և հրավիրեց իր տուն։ Նրանք վերցրեցին 20 պարբերագիր, 5 գիրք և խոստացան գտնել Վկաներին իրենց երթուղու հաջորդ կանգառում։
Կանկուն քաղաքի առևտրի կենտրոններից մեկի սննդի կետում Ջեֆն ու Դեբը նկատեցին մի ամուսնական զույգի իրենց փոքրիկ, գեղեցիկ աղջկա հետ։ Երբ նրանք այդ երեխային մի քանի հաճելի խոսքեր ասացին, նրա ծնողները նրանց հրավիրեցին իրենց հետ պիցցա ուտելու։ Պարզվեց, որ այդ ընտանիքը Հնդկաստանից էր եկել։ Նրանք երբեք չէին լսել Եհովայի վկաների մասին, ոչ էլ տեսել էին մեր գրականությունը։ Նրանք հեռացան առևտրի կենտրոնից՝ իրենց հետ վերցնելով Վկաների հրատարակություններից մի քանիսը։
Համանման մի դեպք տեղի ունեցավ տուրիստական Յուկատան թերակղզում։ Մի նորապսակ չինացի ամուսնական զույգ խնդրեց Ջեֆին լուսանկարել իրենց, և նա ուրախությամբ համաձայնվեց։ Այնուհետև Ջեֆը իմացավ, որ նրանք թեև վերջին 12 տարիների ընթացքում ապրել են Միացյալ Նահանգներում, բայց երբեք չեն հանդիպել Եհովայի վկաներին ու չեն լսել նրանց մասին։ Հաճելի զրույց սկսվեց նրանց միջև։ Ջեֆը հորդորեց նրանց, որ տուն վերադառնալուն պես գտնեն Վկաներին։
Գուցե քո տարածքում ևս լինի որևէ հատուկ իրադարձություն, որը հնարավորություն կընձեռի քեզ ոչ պաշտոնական վկայություն տալ։ Երբ Միացյալ Նահանգների նախագահը այցելեց Մեքսիկայի նախագահին վերջինիս՝ Գուանախուատոյի մոտակայքում գտնվող ռանչոյում, ամբողջ աշխարհի լրագրողները հաղորդեցին այդ դեպքի մասին։ Եհովայի վկա մի ամուսնական զույգ որոշեց օգտվել այդ առիթից և քարոզել անգլերեն լեզվով։ Արդյունքները դրական եղան։ Օրինակ՝ լրագրողներից մեկը նախկինում հաղորդումներ էր ներկայացրել մի քանի պատերազմների մասին, ինչպես օրինակ՝ Կոսովոյի և Քուվեյթի պատերազմները։ Նրա գործընկերներից մեկը մահացել էր հենց իր ձեռքերի վրա դիպուկահարի (սնայպերի) գնդակից։ Իմանալով հարության մասին՝ լրագրողն արցունքն աչքերին Աստծուն շնորհակալություն հայտնեց այն բանի համար, որ իրեն հայտնեց, որ կյանքը իմաստ ունի։ Նա ասաց, որ թեև ինքը Վկա ամուսիններին հետո չի տեսնի, բայց աստվածաշնչյան այս բարի լուրը կպահի իր սրտում։
Վերոհիշյալ դեպքերը ցույց են տալիս, որ հաճախ մենք չենք կարող իմանալ, թե այսպիսի վկայությունները ինչ արդյունքներ կբերեն։ Այնուհանդերձ, իմաստուն Սողոմոն թագավորն ասաց. «Հացդ թող տուր ջրերի երեսին, որովհետեւ շատ օրերից յետոյ նորան կ’գտնես»։ Նա նաև ասաց. «Առաւօտանց ցանիր քո սերմը, եւ իրիկունը թող չ’դադարէ քո ձեռքը, որովհետեւ չ’գիտես, թէ որն է յաջողուելու՝ սա թէ նա, կամ թէ երկուսն էլ միասին են լաւ լինելու» (Ժողովող 11։1, 6)։ Այո՛, ջանասիրաբար «հացդ թող տուր ջրերի երեսին» և առատաձեռնորեն «ցանիր քո սերմը», ինչպես որ Պողոսն ու Հիսուսը արեցին, ինչպես որ անում են ներկայիս Վկաները Մեքսիկայի անգլիախոս դաշտում։