Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 1/1 էջ 2–4
  • Պատերազմը փոխել է իր դեմքը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պատերազմը փոխել է իր դեմքը
  • 2004 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Որո՞նք են պատճառները
  • Ե՞րբ կավարտվեն հակամարտությունները։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
    Այլ նյութեր
  • Երբ պատերազմը վերջ կգտնի
    2004 Դիտարան
  • «Պատերազմների լուրեր կլսեք»
    Այլ նյութեր
  • Ի տարբերություն հնում ապրած իսրայելացիների՝ ինչո՞ւ մենք չենք մասնակցում պատերազմների
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2004 Դիտարան
w04 1/1 էջ 2–4

Պատերազմը փոխել է իր դեմքը

ՊԱՏԵՐԱԶՄԸ միշտ էլ դաժան բան է եղել։ Այն միշտ կործանել է զինվորների կյանքը ու տառապանք պատճառել քաղաքացիական բնակչությանը։ Սակայն վերջին տարիներին պատերազմը փոխել է իր դեմքը։ Ինչպե՞ս։

Մեր օրերում պատերազմները հիմնականում քաղաքացիական են, այսինքն՝ տեղի են ունենում միևնույն երկրում ապրող հակառակորդ խմբերի միջև։ Քաղաքացիական պատերազմները հաճախ ավելի երկարատև են լինում, ավելի շատ մարմնական վնասվածքներ են պատճառում մարդկանց ու ավելի հիմնավոր կերպով են քայքայում երկրները, քան տարբեր պետությունների միջև տեղի ունեցող պատերազմները։ «Քաղաքացիական պատերազմները դաժան, արյունալի գործողություններ են, որ պատճառ են դառնում հազարավոր մահերի, սեռական ոտնձգությունների, տեղահանությունների, իսկ վատթարագույն դեպքերում ցեղասպանության»,— նշում է իսպանացի պատմագետ Խուլիան Կասանովան։ Եվ իրոք, երբ դաժանությունները կատարվում են հարևանների միջև, գուցե հարյուրամյակներ պահանջվի, որպեսզի բուժվեն դրանց հասցրած վերքերը։

Սառը պատերազմից հետո համեմատաբար քիչ են եղել այն դեպքերը, որ պատերազմական գործողությունները ծավալվեն երկու տարբեր պետությունների միջև։ «Բացառությամբ երեք դեպքի՝ 1990 թ.–ից 2000 թ. ընկած ժամանակամիջոցում գրանցված ամենամեծ զինված ընդհարումները եղել են ներքին ընդհարումներ»,— տեղեկացնում է միջազգային խաղաղության հաստատման հարցերի հետազոտությամբ զբաղվող մի հաստատություն, որը գտնվում է Ստոկհոլմում (Stockholm International Peace Research Institute)։

Իհարկե, ներքին ընդհարումները կարող են թվալ քիչ վտանգավոր ու կարող են մեծամասամբ անուշադրության մատնվել միջազգային լրատվական միջոցների կողմից, սակայն նման հակասությունների բերած ցավերն ու ավերածությունները պակաս սարսափելի չեն։ Միլիոնավոր մարդկանց կյանքեր են խլել այդպիսի ընդհարումները։ Վերջին երկու տասնամյակում միայն երեք՝ պատերազմից ծվատված երկրներում՝ Աֆղանստանում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Սուդանում, մոտ հինգ միլիոն մարդ է կյանքից զրկվել։ Բալկաններում տեղի ունեցած ազգամիջյան դաժան ընդհարումներում զոհվածների թիվը հասնում է գրեթե 250 000–ի, իսկ Կոլումբիայում ծավալված երկարատև պարտիզանական կռիվները խլել են 100 000 մարդու կյանք։

Քաղաքացիական պատերազմների դաժանությունը ոչ մի առումով այնպես ակնհայտ չէ, ինչպես երեխաների առնչությամբ։ ՄԱԿ–ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը հայտնում է, որ անցյալ տասնամյակի ընթացքում ավելի քան երկու միլիոն երեխաներ են իրենց կյանքը կորցրել քաղաքացիական ընդհարումների ժամանակ, իսկ վեց միլիոնը՝ վիրավորվել։ Մեծանում է այն երեխաների թիվը, որոնց դարձրել են զինվոր։ Ահա թե ինչ է ասում մի երեխա–​զինվոր. «Նրանք ինձ սովորեցրին կռվել, հրացան տվեցին։ Ես թմրադեղեր էի ընդունում, սպանում էի մարդկանց։ Շատ–​շատերի եմ սպանել։ Պատերազմ էր.... Ես հրաման էի կատարում։ Հասկանում էի, որ վատ բան եմ անում։ Դա իմ ցանկությունը չէր»։

Այն երկրներում, որտեղ քաղաքացիական պատերազմները սովորական բան են դարձել, շատ երեխաներ մեծանում են այդպես էլ չիմանալով, թե ինչ է խաղաղությունը։ Նրանք ապրում են մի այնպիսի աշխարհում, որտեղ ավերված են դպրոցները, ու հաղորդակցությունը տեղի է ունենում կրակոցների միջոցով։ Ահա 14–ամյա Դունյայի խոսքերը. «Այնքա՜ն մարդիկ են սպանվել.... Այլևս չի լսվում թռչունների ծլվլոց, այլ միայն երեխաների լացի ձայն՝ հորը, մորը, քրոջը կամ եղբորը կորցրած երեխաների լացի ձայնը»։

Որո՞նք են պատճառները

Ի՞նչն է այս դաժան քաղաքացիական պատերազմների կրակին յուղ ավելացնում։ Այս հարցում նշանակալի դեր են խաղում այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են՝ ատելությունը հարևան ազգի ու ցեղի հանդեպ, կրոնական տարբերությունը, անարդարությունը ու քաղաքական անկայուն իրավիճակը։ Մեկ այլ արմատական պատճառ է ագահությունը իշխանության, հարստության հասնելու հարցում։ Քաղաքական առաջնորդները հաճախ ագահությունից մղված ատելություն են բորբոքում, որն էլ նպաստում է հակամարտության թեժացմանը։ Վերը նշված հաստատության կողմից հրատարակված մի տեղեկատվության մեջ ասվում է, որ զինված ընդհարումների մասնակիցներից շատերը «անհատական շահեր են հետապնդում»։ Այնտեղ ասվում է նաև, որ «ագահության դրսևորման ձևերը շատ տարբեր են՝ սկսած ռազմական ու քաղաքական առաջնորդների կողմից կազմակերպված ադամանդի լայնամասշտաբ վաճառքներից մինչև հրացան ձեռք ձգած երիտասարդների գյուղական կողոպուտները»։

Էժան գնով մահաբեր զենք ձեռք բերելու ազատ հնարավորությունը ևս նպաստում է արյունահեղություններին։ Մեկ տարվա ընթացքում հրազենից սպանվածների թիվը կազմում է մոտ 500 000, հիմնականում կանայք ու երեխաներ։ Աֆրիկյան մի երկրում Կալաշնիկովի ավտոմատը (AK–47) ընդամենը հավի ճտի գին ունի։ Ցավոք, կան այնպիսի բնակավայրեր, որտեղ հրացանների թիվը գրեթե հասնում է այս ընտանի թռչունների թվին։ Աշխարհում ներկայումս գրանցված է 500 միլիոն միավոր հրաձգային զենք. 12 մարդուն բաժին է ընկնում մեկ զենք։

Արդյո՞ք դաժան քաղաքացիական հակամարտությունները կդառնան 21–րդ դարի առանձնահատկությունը։ Հնարավո՞ր է ինչ–​որ ձևով վերահսկել քաղաքացիական ընդհարումները։ Կգա՞ մի օր, երբ մարդիկ կդադարեն սպանելուց։ Հաջորդ հոդվածը կանդրադառնա այս հարցերին։

[շրջանակ 4–րդ էջի վրա]

Քաղաքացիական պատերազմների ողբերգությունները

Քաղաքացիական պատերազմներում, որոնց ժամանակ թեպետ չեն օգտագործվում նորագույն զենքեր, սակայն դաժան գործողություններ են կատարվում, տուժածների 90 տոկոսը ոչ թե հակամարտող խմբերի զինվորներ են, այլ քաղաքացիներ։ «Հստակ է, որ ավելի ու ավելի շատ դեպքերում են երեխաները դառնում զինված հակամարտությունների հիմնական թիրախը և ոչ թե պատահական զոհերը»,— նշում է Գրասա Մաշելը (ՄԱԿ–ի Գլխավոր քարտուղարի փորձագետներից, որը հետազոտում է երեխաների վրա զինված հակամարտությունների թողած ազդեցությունը)։

Բռնաբարությունը դարձել է ռազմական մարտավարության ձև։ Որոշ պատերազմական տարածքներում խռովարարները բռնաբարում են գրեթե յուրաքանչյուր չափահաս աղջկա, որ գտնում են իրենց գրաված գյուղերում։ Նման բռնամոլների նպատակն է խուճապ տարածել կամ քայքայել ընտանեկան կապերը։

Պատերազմն իր հետ բերում է սով ու հիվանդություններ։ Քաղաքացիական պատերազմ նշանակում է՝ քիչ հացահատիկ կցանվի ու բերք կհավաքվի, քիչ թվով բժշկական ծառայություններ կգործեն, եթե առհասարակ գործեն էլ, և միջազգային հումանիտար օգնության միայն քիչ բաժինը կհասնի կարիքավորներին։ Աֆրիկայում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմներից մեկի վերաբերյալ հետազոտությունը ցույց է տվել, որ մահացության դեպքերի 20 տոկոսը տեղի է ունենում հիվանդությունների հետևանքով, իսկ 78 տոկոսը՝ սովի։ Անմիջապես պատերազմական գործողությունների հետևանքով զոհվածների թիվը կազմում է միայն 2 տոկոս։

Միջին հաշվով, յուրաքանչյուր 22 րոպեում ինչ–​որ մեկը զրկվում է իր վերջույթից կամ կորցնում է կյանքը՝ ականապատված դաշտ ոտք դնելով։ Ըստ որոշ հաշվարկների՝ 60–ից 70 միլիոն ականապատված դաշտեր կան ավելի քան 60 երկրներում։

Մարդկանց ստիպում են փախչել իրենց տներից։ Ներկայումս աշխարհում մոտ 50 միլիոն փախստականներ ու տեղահան եղած մարդիկ կան, ընդ որում կեսը երեխաներ են։

[թույլտվությամբ]

Photo by Chris Hondros/Getty Images

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը