Ընթերցողների հարցերը
Գաղատացիներ 4։24-ում Պողոս առաքյալը ո՞ր երկու ուխտերի մասին է խոսում։
Սառայի ու Հագարի հետ Աբրահամի փոխհարաբերությունների մասին հիշատակելուց հետո Պողոս առաքյալը ասաց. «Այս ամենը խորհրդանշական իմաստ ունի։ Այդ երկու կանայք խորհրդանշում են երկու ուխտեր» (Գաղ. 4։22-24)։ Նախկինում բացատրվել էր, որ այստեղ խոսքը Օրենքի ուխտի և նոր ուխտի մասին է։ Սակայն ավելի խոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կարիք կա վերանայելու այս բացատրությունը։ Ըստ ամենայնի, Պողոսն այստեղ խոսում է ոչ թե նոր ուխտի, այլ աբրահամական ուխտի մասին։ Տեսնենք, թե այդպես եզրակացնելու ինչ հիմքեր կան։a
Պողոսը նշեց, որ աղախինը՝ Հագարը, ներկայացնում է Սինա լեռը (Գաղ. 4։25)։ Այլ կերպ ասած՝ Հագարը ներկայացնում էր մ.թ.ա. 1513-ին Սինա լեռան մոտ կնքված Օրենքի ուխտը (Ելք 19։5, 6)։ Ոչ մի անկատար մարդ չէր կարող կատարելապես պահել այդ Օրենքը, ուստի այն մշտապես հիշեցնում էր հրեաներին, որ իրենք մեղքի ստրուկ են։ Այդ ուխտը նաև օգնելու էր նրանց հասկանալ, թե ով է Մեսիան, քանի որ նա լինելու էր միակ մարդը, ով կարողանալու էր կատարելապես պահել Օրենքը։ Երբ Մեսիան զոհեց իր կատարյալ կյանքը, այդպիսով մեղքից ու մահից ազատվելու դուռ բացեց անկատար մարդկանց առաջ (Գաղ. 3։19, 24, 25)։ Երբ Հիսուսը իրականացրեց այն նպատակը, որի համար Աստված տվել էր Օրենքը, այդ Օրենքի կարիքն այլևս չկար (Հռոմ. 10։4)։
Պողոսը Հագարին հակադրեց «ազատ կնոջը»՝ Սառային, որը զավակ ունեցավ «խոստման համաձայն» (Գաղ. 4։23)։ Այստեղ նշված «խոստումը» վերաբերում է աբրահամական ուխտին (Գաղ. 3։29; 4։28, 30)։ Այն ամփոփ ներկայացված է Ծննդոց 22։18-ում, որտեղ կարդում ենք Եհովայի հետևյալ խոսքերը. «Քո [Աբրահամի] սերնդի միջոցով երկրի բոլոր ազգերը կօրհնվեն, քանի որ հնազանդվեցիր ինձ»։
Աբրահամի հետ Եհովայի կապած այդ ուխտը որոշակի լույս սփռեց Եդեմում տրված խոստման վրա (Ծննդ. 3։15)։ Պարզ դարձավ, որ խոստացված «սերունդը» Աբրահամից է սերելու։ Պողոսը բացատրեց, որ այդ «սերունդը» գլխավորաբար Հիսուս Քրիստոսն է։ Բայց նրանք, ովքեր Քրիստոսինն են, այսինքն՝ նրա 144 000 ժառանգակիցները, ովքեր նրա հետ իշխելու են երկնային թագավորության մեջ, նույնպես այդ փոխաբերական սերնդի մաս են կազմում (Գաղ. 3։16, 29; Հայտն. 14։1-3)։ Երբ իրականանա Աստծու կողմից Աբրահամին տրված խոստումը, Հիսուսին ընդունող ու նրան հնազանդվող բոլոր մարդիկ անհամար օրհնություններ կվայելեն։
Ինչո՞ւ Պողոսը «խորհրդանշական իմաստ» ունեցող այդպիսի համեմատություն արեց։ Նա դրանով ցույց տվեց, որ եթե իր օրերի հրեաները պնդեին, թե պետք է շարունակեն պահել Օրենքը, նրանք կմնային ստրուկ, ինչպիսին Հագարն էր։ Սակայն եթե ընդունեին Հիսուս Քրիստոսին՝ Աբրահամի «սերնդի» գլխավոր անձնավորությանը, ապա Սառայի պես ազատ կլինեին։ Նրանք վերջապես կազատվեին մեղքի ու մահվան կապանքներից (Հովհ. 8։32-34)։ Իսկ եթե չընդունեին Հիսուս Քրիստոսին, դա կնշանակեր, որ չեն ըմբռնել Օրենքի ուխտի բուն նպատակը, այն է՝ առաջնորդել նրանց դեպի Քրիստոսը։
Գաղատացիների մեջ, որոնց ուղղված էր Պողոսի նամակը, շատ կային ոչ հրեա մարդիկ, ովքեր երբեք չէին եղել Օրենքի տակ։ Նախկինում հուդայականություն դավանած քրիստոնյաները պնդում էին, որ այդ այլազգի քրիստոնյաները պահեն Օրենքը, այդ թվում՝ թլփատվելու մասին պատվերը։ Ուստի Պողոսը ուզում էր օգնել նրանց հասկանալ, որ այդ մարդիկ, Քրիստոսին ընդունելով, «ազատություն» էին վայելում, ուստի անմտություն կլիներ ստիպել նրանց մտնել «ստրկության» լծի տակ (Գաղ. 5։1, 10-14)։
a Այս հոդվածով ճշգրտվում է «Դիտարանի» 2006 թ. մարտի 15-ի համարում տեղ գտած բացատրությունը (էջ 10-12)։