Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w26 հունիս էջ 8–13
  • Հավատակիցների հետ ընկերական հարաբերություններ պահպանենք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հավատակիցների հետ ընկերական հարաբերություններ պահպանենք
  • 2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԱՍՏՎԱԾԱՀԱՃՈ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ
  • ԵՐԲ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆՔ ՈՒՆԵՆՈՒՄ
  • ԵՐԲ ՄԵՐ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԵՆ
  • ԵՐԲ ՄԵՐ ՀԱՎԱՏԱԿԻՑԸ ԴԺՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՎ Է ԱՆՑՆՈՒՄ
  • Մի՛ կորցրու ընկերներիդ
    2009 Դիտարան
  • Միմյանց հետ մտերմանալը օգուտներ է բերում մեզ
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Համաժողովին կհնչեն հետևյալ հարցերի պատասխանները
    Շրջանային համաժողով շրջանային վերակացուի մասնակցությամբ. ծրագիր 2025–2026
  • Ընդօրինակենք Եհովայի խոնարհությունը
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w26 հունիս էջ 8–13

ՕԳՈՍՏՈՍԻ 17-23, 2026

ԵՐԳ 90 Քաջալերենք միմյանց

Հավատակիցների հետ ընկերական հարաբերություններ պահպանենք

«Հագեք ջերմ կարեկցանքը, բարությունը, խոնարհամտությունը, մեղմությունը և համբերատարությունը» (ԿՈՂ. 3։12)։

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ

Ինչպես կարող ենք հաղթահարել մեր հավատակիցների հետ ընկերական հարաբերություններին սպառնացող դժվարությունները։

1. Որտե՞ղ կարող ենք գտնել իսկական ընկերներ։

«ԿՅԱՆՔԸ դժվար է վերջին օրերում. լարվածություն, հոգսեր։ Տալիս է Յահը օգնություն՝ անգին ընկերներ՝ գանձեր»։ Համամի՞տ ես «Իսկական ընկերներ» վերնագրով թեմատիկ երգի այս խոսքերին։ Այո՛, Եհովայի ժողովրդի մեջ իսկական ընկերներ ենք գտնում, և դա մեծ օրհնություն է (Սաղ. 119։63)։ Մենք Եհովային պաշտող մարդկանց ընտանիքի մի մասն ենք, որտեղ բոլորին միավորում է սերը։

2. Ինչպիսի՞ հարաբերություններ ենք ուզում ունենալ մեր հավատակիցների հետ։

2 Մենք չենք ուզում, որ մեր եղբայրների ու քույրերի հետ հարաբերությունները լինեն զուտ մակերեսային, անցողիկ, այլ որ լինեն ջերմ ու մնայուն։ Մեր մեծ հոգևոր ընտանիքում բոլորս սիրում ենք Եհովային ու Հիսուսին, և այդ սերը միավորում է մեզ (Հովհ. 13։35)։ Բայց մեր միջև ընկերական հարաբերությունները ինքնաբերաբար չեն ձևավորվում։ Դրա համար ջանքեր են հարկավոր։ Ու քանի որ բոլորս անկատար ենք, բնականաբար միմյանց հետ առնչվելիս դժվարություններ կունենանք։

3. Ինչո՞ւ կարող է դժվար լինել ընկերական հարաբերություններ պահպանելը։

3 Բնական է, որ ոմանց հետ ավելի մտերիմ կլինենք, քան մյուսների։ Ինչո՞ւ։ Քանի որ նմանատիպ հետաքրքրություններ ունենք, կամ էլ մեր բնավորության գծերը համապատասխանում են իրար։ Բայց մեր հավատակիցներից ոմանց հետ գուցե դժվարանանք ընկերական հարաբերություններ պահպանել։ Օրինակ՝ հնարավոր է՝ երբեմն անհամաձայնություններ ունենանք միմյանց հետ, ինչի պատճառով մեր միջև կարող է լարվածություն առաջանալ։ Մեկ այլ դժվարություն կարող է լինել բնավորությունների տարբերությունը։ Թերևս մտածենք, որ այնքան քիչ ընդհանուր բաներ ունենք, որ կդժվարանանք անգամ լեզու գտնել։ Ընկերական հարաբերությունները կարող են լարվել նաև այն ժամանակ, երբ մեր հավատակիցը լուրջ հիվանդություն ունի կամ զգացական ծանր վիճակում է։ Եկեք տեսնենք, թե աստվածահաճո հատկությունները ինչպես կարող են օգնել մեզ պահպանել ընկերական հարաբերությունները, և թե Հիսուսի օրինակը ինչպես կարող է օգնել վերոնշյալ դժվարություններին բախվելիս։

ԱՍՏՎԱԾԱՀԱՃՈ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ

4. Ինչպե՞ս կարող ենք ամրացնել մեր ընկերական հարաբերությունները։

4 Ընկերական հարաբերություններն ամրացնելու համար պետք է հավատակիցների մեջ լավ հատկություններ փնտրենք։ Իսկ դրա համար հարկավոր է նրանց հետ ժամանակ անցկացնել։ Պողոս առաքյալը սրտանց ցանկանում էր իր եղբայրների և քույրերի կողքին լինել ու շփվել նրանց հետ։ Նա թեսաղոնիկեցիներին գրեց. «Ամեն ինչ անում էինք, որ գանք ձեզ մոտ, քանի որ շատ էինք ցանկանում տեսնել ձեզ» (1 Թեսաղ. 2։17)։ Շատերն են համաձայն, որ ընկերությունը ամրացնելու լավագույն միջոցը երես առ երես շփումն է։ Այդպիսի շփում վայելելու լավ հնարավորություն ենք ունենում ծառայության, ժողովների և համաժողովների ժամանակ։ Բայց զուտ միասին ժամանակ անցկացնելը դեռ երաշխիք չէ, որ ընկերությանը սպառնացող խնդիրներ չեն լինի։

5. Ի՞նչը կօգնի պահպանել ընկերական հարաբերությունները, անգամ երբ դա հեշտ չէ։ Բացատրիր օրինակով (Կողոսացիներ 3։12)։

5 Աստծուն հաճելի հատկությունները կօգնեն մեզ պահպանել ընկերական հարաբերությունները, անգամ երբ դա հեշտ չէ (կարդա Կողոսացիներ 3։12)։ Խոնարհություն, համբերատարություն, բարություն և կարեկցանք դրսևորելով՝ կկարողանանք հաղթահարել ընկերությանը սպառնացող խնդիրները։ Ինչպես շարժիչի յուղն է նպաստում դրա սահուն աշխատանքին, այնպես էլ աստվածահաճո հատկություններն են նպաստում ընկերական հարաբերությունների սահուն ընթացքին։ Այժմ քննենք երեք խնդիր, որոնք կարող են վտանգել հավատակիցների հետ ջերմ հարաբերությունները։ Կտեսնենք, թե խոնարհության, համբերատարության, բարության և կարեկցանքի հարցում Հիսուսին ընդօրինակելը ինչպես կարող է օգնել, որ շարունակենք լավ ընկեր լինել ուրիշների համար։

ԵՐԲ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆՔ ՈՒՆԵՆՈՒՄ

6. Անհամաձայնությունները ինչպե՞ս գուցե խարխլեն ընկերական հարաբերությունները։

6 Ինչո՞ւ է դա սպառնալիք։ Երբ անհամաձայնություններ են լինում, ամեն մեկը թերևս համոզված է, որ իր կարծիքն է ճիշտ։ Ենթադրենք երկու եղբայր տարբեր կարծիք ունեն այն մասին, թե ինչպես պետք է կազմակերպեն իրենց քարոզչական խմբի ծառայությունը։ Եվ յուրաքանչյուրն էլ վստահ է, որ իր տարբերակը լավագույնն է։ Վտանգ կա՞, որ տարակարծությունը կարող է վերածվել լուրջ խնդրի և խարխլել նրանց հարաբերությունները։ Նման իրավիճակում եթե նրանք տեղի տան հպարտությանը, գուցե ավելի շատ կենտրոնանան իրենց իրավացիությունը փաստելու, ոչ թե խաղաղությունը պահելու վրա։ Եվ եթե չքննարկեն հարցը ու չլուծեն այն, հնարավոր է դառնությամբ լցվեն։ Ժամանակի ընթացքում նրանց հարաբերությունները ավելի ու ավելի կսառչեն, և ի վերջո ընկերությունը հնարավոր է վերջ գտնի, ու այդ ամենը՝ պարզապես մի չնչին տարաձայնության պատճառով։

7. Հիսուսը ինչպե՞ս աշակերտներին սովորեցրեց անհամաձայնությունները հարթելու գաղտնիքը։

7 Հիսուսից խոնարհություն սովորենք։ Հիսուսն իր աշակերտներին սովորեցրեց խոնարհ լինել, ինչը անհամաձայնությունները հարթելու բանալին է։ Աշակերտները բավականին ժամանակ է՝ տարբեր առիթներով վիճում էին, թե ով է իրենցից մեծը։ Նրանց մեջ խոր արմատներ գցած սխալ մտածելակերպը շտկելու համար Հիսուսը բացատրեց, որ պետք է դիմացինին իրենցից բարձր համարեն (Մատթ. 20։25-28)։ Այո՛, նա սովորեցնում էր նրանց խոնարհ լինել։ Հիսուսը նաև իր անձնական օրինակով էր խոնարհություն սովորեցնում։ Նույնիսկ իր մահվանը նախորդող գիշերը նա ծառայի գործ արեց՝ խոնարհաբար լվաց իր աշակերտների ոտքերը՝ հիանալի «օրինակ թողնելով» նրանց (Հովհ. 13։3-5, 12-16)։ Աշակերտներին սովորեցնելով խոնարհ լինել՝ Հիսուսը օգնեց նրանց պահպանել ընկերական հարաբերությունները։ Եթե նրանք դիմացինին իրենցից բարձր համարեին, անհամաձայնությունների դեպքում ավելի հեշտ կզիջեին, ու տարակարծության պատճառով նրանց մտերմությունը վերջ չէր գտնի։

8. Անհամաձայնությունների դեպքում խոնարհությունը ինչպե՞ս է օգնում ընկերական հարաբերություններ պահպանել (Կողոսացիներ 3։13; տես նաև նկարները)։

8 Ինչպես է խոնարհությունը օգնում պահպանել ընկերական հարաբերությունները։ Խոնարհությունը օգնում է անտեսել փոքր անհամաձայնությունները և մեծահոգաբար ներել (կարդա Կողոսացիներ 3։13)։ Եթե խոնարհ լինենք, բուռն չենք արձագանքի և արդյունքում լավ հարաբերություններ կպահպանենք (Սաղ. 4։4)։ Եթե նույնիսկ դիմացինը ցավեցնող խոսքեր է ասել, պետք է հիշենք, որ բոլորս էլ ասում ենք բաներ, որոնց համար հետո ափսոսում ենք (Ժող. 7։21, 22)։ Լավ կլինի՝ ինքներս մեզ հարցնենք. «Մի՞թե իմ իրավացիությունը փաստելը ավելի կարևոր է, քան մեր ընկերությունը»։ Գուցե պարզապես որոշենք զիջել դիմացինին։ Եվ հետո էլ անընդհատ չմտածենք այդ տարակարծության մասին ու նորից չանդրադառնանք այդ հարցին։

Համակցված նկարներ։ Տարեց եղբայրը ընդօրինակում է Հիսուսի խոնարհությունը։ 1. Հիսուսը լվանում է առաքյալներից մեկի ոտքերը։ 2. Տարեց եղբայրը կասկածամտությամբ է լսում, երբ երիտասարդ եղբայրը ինչ-որ բան է ցույց տալիս իրենց ժողովի քարոզչական տարածքի քարտեզի վրա։ 3. Այդ երկու եղբայրները միասին ուրախությամբ ծառայում են։

Խոնարհությունը օգնում է անտեսել փոքր անհամաձայնությունները և մեծահոգաբար ներել (տես պարբերություն 8)a


9. Խոնարհությունը ինչպե՞ս կարող է օգնել, երբ հեշտ չէ հարթել անհամաձայնությունը (Առակներ 17։9)։

9 Խոնարհությունը կարող է օգնել նաև այն դեպքում, երբ հեշտ չէ հարթել անհամաձայնությունը։ Տեսակետդ բացատրելիս մի՛ վիճիր (կարդա Առակներ 17։9; 1 Կորնթ. 6։7)։ Հենց սկզբից կարող ես որոշել, որ նպատակդ լինելու է ընկերությունը պահպանելը։ Շատերը հաջողությամբ լուծել են խնդիրը՝ ջերմ ու սիրալիր խոսելով դիմացինի հետ (Սաղ. 34։14)։ Օրինակ՝ կարող ես ասել. «Այսքան ժամանակ ընկերներ ենք եղել։ Արի խոսենք ու փորձենք իրար հասկանալ»։ Պատրաստ եղիր ընդունելու, որ անհամաձայնության մեջ դու էլ քո բաժին սխալն ունես, և դիմացինին պատճառած ցավի համար ներողություն խնդրիր։ Եթե հավատակիցդ էլ է ներողություն խնդրում, խոնարհաբար ներիր նրան (Ղուկ. 17։3, 4)։ Մի՛ մոռացիր՝ քո նպատակն այն չէ, որ պարզես՝ ով է ճիշտ, ով՝ սխալ, այլ հարթես անհամաձայնությունը և պահպանես ընկերական հարաբերությունները (Առակ. 18։24)։

ԵՐԲ ՄԵՐ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԵՆ

10. Ինչի՞ պատճառով գուցե դժվար լինի պահպանել ընկերական հարաբերությունները։

10 Ինչո՞ւ է դա սպառնալիք։ Մեզ համար գուցե դժվար լինի ընկերանալ և պահպանել մտերմությունը այն հավատակիցների հետ, ովքեր խառնվածքով տարբերվում են մեզնից։ Ոմանք գուցե բնավորության այնպիսի գծեր ունեն, որոնք նյարդայնացնում են մեզ։ Կամ մեզ համար գուցե տարօրինակ լինի ուրիշների հաղորդակցման ձևը, պահվածքը։ Նման պահվածքի պատճառը կարող է լինել այն, որ անցյալում նրանց վատ են վերաբերվել, կամ նրանք այնպիսի մշակույթում են մեծացել, որտեղ մարդիկ շատ զուսպ են կամ էլ հակառակը՝ անկաշկանդ են ու աշխույժ։ Նաև հնարավոր է, որ մենք շփվող ենք, իսկ դիմացինը՝ ամաչկոտ, կամ՝ հակառակը։

11. Հիսուսն ինչպե՞ս կարողացավ պահպանել ընկերական հարաբերությունները նրանց հետ, ովքեր անհատականությամբ տարբերվում էին իրենից։

11 Հիսուսից համբերատարություն սովորենք։ Հիսուսը պահպանեց ընկերական հարաբերությունները նրանց հետ, ովքեր անհատականությամբ տարբերվում էին իրենից։ Օրինակ՝ Հակոբոս և Հովհաննես առաքյալները փառատենչ նկրտումներ ունեին, և դա երևաց, երբ նրանք Թագավորության մեջ պատվավոր դիրք խնդրեցին (Մարկ. 10։35-37)։ Ի հակադրություն դրան՝ Հիսուսը թողել էր երկնային բարձր դիրքն ու պատվավոր պատասխանատվությունները և եկել էր երկիր (Փիլիպ. 2։5-8)։ Հիսուսի մտածելակերպը միանգամայն տարբերվում էր Հակոբոսի և Հովհաննեսի մտածելակերպից։ Այնուամենայնիվ նա համբերատարություն էր դրսևորում թե՛ այս երկու առաքյալների, և թե՛ մյուսների նկատմամբ։

12. Ի՞նչն օգնեց Հիսուսին համբերատար լինել իր ընկերների հանդեպ։

12 Հիսուսն իրատեսական ակնկալիքներ ուներ իր ընկերներից։ Նա հասկանում էր, որ միայն Հակոբոսն ու Հովհաննեսը չէին, որ մրցակցության փառատենչ ոգի ունեին։ Այդ մտածելակերպը կար աշակերտներից շատերի մեջ (Մարկ. 9։34)։ Հիսուսը մեծացել էր նույն մշակույթում, ինչ նրանք, և գիտեր, որ այդ միջավայրում կրոնական առաջնորդների սխալ գաղափարախոսության պատճառով մեծ կարևորություն էր տրվում պատվավոր դիրքին։ Ուստի նա հասկանում էր, թե ինչու են նրանք այդպես մտածում։ Այդ պատճառով էլ համբերատար էր առաքյալների հանդեպ և չէր ակնկալում, որ նրանք մեկ օրում արմատախիլ կանեն հպարտությունն ու փառատենչ ոգին, որ նրանց մեջ ձևավորվել էին տարիների ընթացքում (Մարկ. 10։42-45)։

13. Համբերատարությունը ինչպե՞ս կարող է օգնել, որ պահպանենք մեր ընկերական հարաբերությունները (Եփեսացիներ 4։2)։

13 Ինչպես է համբերատարությունը օգնում պահպանել ընկերական հարաբերությունները։ Համբերություն զարգացնելը կօգնի, որ փորձենք հարմարվել դիմացինի բնավորության այն գծերին, որոնք մեզ նյարդայնացնում են (Առակ. 14։29)։ Բոլորս էլ ունենք բնավորության մեր ուրույն գծերը, և դրանցից շատերը ոչ թե թերություններ են, այլ մեր էությունը բնորոշող առանձնահատկություններ։ Եվ ինչ խոսք, մենք շատ ենք գնահատում, երբ մարդիկ ընդունում են մեզ՝ մեր ուրույն գծերով հանդերձ (կարդա Եփեսացիներ 4։2)։ Ուրեմն կարևոր է, որ մենք էլ իրատես լինենք և ընդունենք ուրիշներին՝ իրենց առանձնահատկություններով։ Օրինակ՝ եթե մարդը ամաչկոտ է ու քչախոս, լավ կլինի՝ հաշվի առնենք, թե որքան ջանքեր է պահանջվում նրանից, որ զրույցի բռնվի և շփվի ուրիշների հետ։ Մյուս կողմից պետք է ձգտենք համբերատար լինել նրանց հանդեպ, ովքեր ավելի աշխույժ են ու սիրում են շատ խոսել։ Իհարկե, իրատեսական չէ մտածել, որ կկարողանանք մտերիմ ընկերներ լինել բոլորի հետ, բայց պետք է հիշենք, որ նույնիսկ բոլորովին տարբեր անհատականություն ունեցող քրիստոնյաները կարող են միմյանց հետ լավ հարաբերություններ ունենալ ու արդյունավետ համագործակցել։

14. Համբերատարությունը կօգնի, որ ինչի՞ վրա կենտրոնանանք։

14 Համբերատարությունը կօգնի, որ կենտրոնանանք մեր եղբայրների ու քույրերի լավ կողմերի վրա։ Այդ դեպքում անհատականությունների տարբերության պատճառով չենք մտածի, որ դիմացինի հետ ընկերանալ չի ստացվի։ Անդրադառնանք Հակոբոսի ու Հովհաննեսի օրինակին։ Թեև նրանց խնդրանքից երևում էր, որ նրանք եսասիրական ու փառատենչ նկրտումներ ունեին, բայց այն նաև ցույց էր տալիս, որ Աստծու թագավորությունը իրական էր նրանց համար։ Հիսուսը նկատեց նրանց հավատը և բարձր գնահատեց։ Երբ ձգտում ենք լավը տեսնել մեր ընկերների մեջ, նմանվում ենք Հիսուսին ու նրա Հորը՝ Եհովային։

15. Ումի՞ց կարող ենք օգնություն ստանալ, որ լավ հարաբերություններ պահպանենք էությամբ մեզնից տարբերվող մարդկանց հետ։

15 Էությամբ մեզնից տարբերվող մարդկանց հետ ընկերական հարաբերություններ պահպանելու հարցում ամենամեծ օգնությունը կարող ենք ստանալ Եհովայից։ Լավ կլինի՝ փորձենք կանխատեսել, թե ինչ դժվար իրավիճակներ գուցե առաջանան, և նախապես աղոթենք Եհովային, որ օգնի հանդարտ մնանք։ Հիշենք, որ Եհովան՝ որպես մեր Արարիչ, շատ լավ է հասկանում, որ մենք ուրույն անհատականություններ ենք։ Ուստի կարող ենք վստահ լինել, որ նա լավ գիտի՝ ինչպես ամեն մեկիս օգնի ճիշտ վարվել։ Եվ երբ զգում ենք, որ մեր համբերությունը փորձվում է, խնդրենք Եհովայից իր սուրբ ոգին, որպեսզի ինքնատիրապետում դրսևորենք և ճիշտ արձագանքենք (Ղուկ. 11։13; Գաղ. 5։22, 23)։

ԵՐԲ ՄԵՐ ՀԱՎԱՏԱԿԻՑԸ ԴԺՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՎ Է ԱՆՑՆՈՒՄ

16. Ի՞նչ խնդիրներ գուցե առաջանան, երբ մեր հավատակիցը դժվարությունների միջով է անցնում։

16 Ինչո՞ւ է դա սպառնալիք։ Երբ մեր հավատակիցը որևէ ֆիզիկական կամ զգացական ցավ ունի, կարող է ասել և անել բաներ, որոնք մեզ գուցե վրդովեցնեն։ Օրինակ՝ հնարավոր է՝ նա ինքնամփոփ ու դյուրագրգիռ դառնա, ու նույնիսկ որոշ դեպքերում չիմանանք՝ ինչ սպասել նրանից։ Երբեմն նա իր խոսքերով և արարքներով գուցե ցավ պատճառի մեզ (Հոբ 6։2, 3)։ Եվ երբ տեղյակ չենք լինում, թե դիմացինը ինչերի միջով է անցնում, գուցե ակամայից ակնկալենք ավելին, քան նա ի վիճակի է անելու։

17. Բարտիմեոսի հետ Հիսուսի վարմունքը ինչո՞վ է ուսանելի։

17 Հիսուսից բարություն ու կարեկցանք սովորենք։ Հիսուսը բարի ու կարեկից էր տառապանք կրող մարդկանց հանդեպ, անգամ նրանց, ում չէր ճանաչում։ Օրինակ՝ տեսնենք, թե նա ինչպես վարվեց մի կույր մարդու՝ Բարտիմեոսի հետ։ Բարտիմեոսը, լսելով, որ Հիսուսն է անցնում, նրա ուշադրությունը գրավելու համար սկսեց բղավել՝ առաջացնելով բուռն իրարանցում։ Այդտեղ հավաքվածներից ոմանք փորձեցին լռեցնել նրան։ Բայց նա սկսեց ավելի բարձր բղավել, քանի որ շատ էր ուզում, որ Հիսուսը բուժի իրեն։ Նման պահվածքը գուցե վրդովեցներ ոմանց, բայց ինչպե՞ս արձագանքեց Հիսուսը։ Կարդում ենք, որ նա «խղճահարվեց», իսկ այդ բառը նկարագրում է կարեկցանքի ուժգին զգացում (Մատթ. 20։34; Մարկ. 10։46-52)։ Հիսուսը բարությամբ խոսեց Բարտիմեոսի հետ ու հատուկ հիշատակեց նրա հավատը, իսկ հետո հրաշքով վերականգնեց նրա տեսողությունը։

18. Ինչպե՞ս պետք է վերաբերվենք տառապող հավատակցին (1 Թեսաղոնիկեցիներ 5։14)։

18 Ինչպես են բարությունն ու կարեկցանքը օգնում պահպանել ընկերական հարաբերությունները։ Քանի որ բարությունն ու կարեկցանքը այնպիսի հատկանիշներ են, որոնք մարդուն մղում են ավելի ջերմ լինելու, դրանք կօգնեն, որ մեր խոսքերով «սփոփենք» ֆիզիկապես կամ զգացապես տառապող հավատակցին (կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 5։14)։ Հիշենք, որ իսկական ընկերը միշտ պատրաստ է օգնելու, հատկապես «նեղ օրում» (Առակ. 17։17)։ Այդպիսի ընկերը ոչ միայն կարեկցում է տառապողին, այլև իր ձեռքից եկածն անում է, որ օգնի նրան. զգացապես աջակցում է, քաջալերական խոսքեր ասում և գործնական աջակցություն ցույց տալիս։

19. Ինչպե՞ս կարող ենք բարություն ու կարեկցանք ցույց տալ (տես նաև նկարները)։

19 Ի՞նչ կերպերով կարող ենք բարություն ու կարեկցանք ցույց տալ։ Իհարկե, չենք կարող բուժել հավատակցի ցավը։ Բայց կարող ենք փորձել հնարավորինս հասկանալ նրա իրավիճակը և ապրումները (Մատթ. 7։12; 1 Պետ. 3։8)։ Կարող ենք ուշադիր լսել նրան, երբ նա պատմում է, թե ինչերի միջով է անցնում։ Եթե զգանք, որ հարմար պահ է, փորձենք տեղին խոսքերով մխիթարել նրան (Առակ. 12։25)։ Պետք է զգույշ լինենք, որ սխալ եզրակացություններ չանենք (Առակ. 18։13)։ Կարևոր է նաև համբերատար լինել և իրատեսական ակնկալիքներ ունենալ (Եփես. 4։32)։

Համակցված նկարներ։ Մի քույր մխիթարում է մեկ այլ քրոջ։ 1. Նա ուշադիր լսում է իր ընկերուհուն, որը արցունքն աչքերին խոսում է։ 2. Մեկ ուրիշ անգամ նա իր ընկերուհու համար բերել է տնական թխվածքաբլիթներ։

Իսկական ընկերները փորձում են մխիթարել՝ բարություն ու կարեկցանք դրսևորելով (տես պարբերություն 19)


20. Ինչպիսի՞ ընկեր կուզես լինել։

20 Մեր հավատակիցների հետ ընկերական հարաբերությունները շատ թանկ են մեզ համար։ Բայց բոլորս էլ անկատար ենք, և հաճախ անցյալի դեպքերը վատ հետք են թողնում մեզ վրա, դրա համար էլ երբեմն ասում կամ անում ենք բաներ, որոնց համար ափսոսում ենք։ Ինչ խոսք, մենք շատ ենք գնահատում, երբ մեր հավատակիցները մեզ հետ ընկերական հարաբերություններ պահպանելու համար ջանում են խոնարհ, համբերատար, բարի ու կարեկից լինել։ Ուստի եկեք մենք էլ ամեն ինչ անենք, որ այդպիսի ընկեր լինենք։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՎԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՀՊԱՆԵԼ՝

  • երբ անհամաձայնություններ ենք ունենում,

  • երբ մեր անհատականությունները տարբեր են,

  • երբ նրանք դժվարության միջով են անցնում։

ԵՐԳ 124 Միշտ նվիրված

a ՆԿԱՐ։ Տարեց եղբայրն ու երիտասարդ եղբայրը տարակարծիք են քարոզչական տարածքների հետ կապված մի հարցում։ Ավելի ուշ նրանք միասին գնում են ծառայության։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը