ՕԳՈՍՏՈՍԻ 10-16, 2026
ԵՐԳ 122 Լինենք հաստատուն, անսասան
Ինչպես մնալ հավատարիմ, երբ մեր նվիրվածությունը փորձվում է
«Տե՛ր, ո՞ւմ մոտ գնանք։ Հավիտենական կյանքի տանող խոսքերը դո՛ւ ունես» (ՀՈՎՀ. 6։68)։
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ
Մենք կարո՛ղ ենք Եհովային նվիրված մնալ՝ հավատի ինչ փորձության էլ բախվենք։
1-2. Ի՞նչ եղավ, երբ Հիսուսը ուսուցանում էր Կափառնայումում։
«ԱՅՍ խոսքերը զարհուրելի են, ո՞վ կարող է լսել դրանք» (Հովհ. 6։60)։ Այսպես արտահայտվեցին Հիսուսի աշակերտներից շատերը, երբ նա ուսուցանում էր Կափառնայումում։ Իսկ ի՞նչ էր ասել Հիսուսը։ «Մինչև չուտեք մարդու Որդու մարմինը և չխմեք նրա արյունը, կյանք չեք ստանա,– ասել էր նա և ապա ավելացրել։– Ով ուտում է իմ մարմինը և խմում է իմ արյունը, հավիտենական կյանք ունի, և ես հարություն կտամ նրան վերջին օրը» (Հովհ. 6։53, 54)։
2 Նրանք, ովքեր խորապես վրդովվել էին Հիսուսի խոսքերից, դադարեցին հետևել նրան։ Ի՞նչ է, նրանք ընդհանրապես հավատ չունեի՞ն Հիսուսի հանդեպ։ Դրանից որոշ ժամանակ առաջ շատերը, ներառյալ Հիսուսի աշակերտները, նրա արածներով տպավորված, ասել էին. «Իրոք, սա այն Մարգարեն է, որ պետք է աշխարհ գար» (Հովհ. 6։14)։ Ուրեմն ակնհայտ է, որ նրանք որոշ չափով հավատ ունեին։ Բայց երբ այդ հավատը փորձվեց, նրանք նվիրված չմնացին։
3. Առաքյալներն ինչպե՞ս արձագանքեցին Հիսուսի խոսքերին և ինչո՞ւ (տես նաև նկարը)։
3 Առաքյալները բոլորովին այլ կերպ արձագանքեցին Հիսուսի խոսքերին։ Երբ Հիսուսը հարցրեց, թե նրանք է՞լ են ուզում թողնել հեռանալ, Պետրոսը պատասխանեց. «Տե՛ր, ո՞ւմ մոտ գնանք։ Հավիտենական կյանքի տանող խոսքերը դո՛ւ ունես, և մենք հավատացինք ու իմացանք, որ դու ես Աստծու Սուրբը» (Հովհ. 6։68, 69)։ Պետրոսը չասաց, թե իրենք լիովին հասկացել էին Հիսուսի խոսքերի իմաստը։ Բայց անկախ ամեն ինչից՝ նրանք որոշել էին նվիրված մնալ Հիսուսին։ Ինչո՞ւ։ Քանի որ նրանց հավատը ամուր հիմք ուներ։ Այն հիմնված էր անհերքելի մի ճշմարտության վրա. Հիսուսը «Աստծու Օծյալն» է (Ղուկ. 9։20, 35)։
Թեև աշակերտներից շատերը թողեցին Հիսուսին, Պետրոսը և մյուս առաքյալները հավատարմորեն մնացին նրա հետ (տես պարբերություն 3)
4. Ի՞նչ իրավիճակներում գուցե փորձվի մեր հավատն ու նվիրվածությունը։
4 Եհովայի հանդեպ մեր հավատն ու նվիրվածությունը կարող է տարբեր ձևերով փորձվել։ Օրինակ՝ գուցե փոխվի աստվածաշնչյան որևէ համարի բացատրություն, կամ փոփոխություն լինի քարոզելու և ուսուցանելու գործում։ Կամ գուցե չհասկանանք, թե Եհովան ինչու է թույլ տալիս, որ ծանր դժվարությունների միջով անցնենք։ Հնարավոր է նաև՝ մեր հավատակիցներից մեկը, ում հետ մտերիմ ենք, ցավ պատճառի մեզ, կամ մեր կողմից հարգանք վայելող մեկը անարդար վարվի մեզ հետ։
5. Օրինակով բացատրիր, թե մեր հավատը ինչու պետք է ամուր հիմք ունենա (Կողոսացիներ 1։23)։
5 Այն տարածքներում, որտեղ երկրաշարժեր շատ են լինում, շենքերը պետք է ամուր հիմք ունենան, որ կանգուն մնան։ Նմանապես մեր հավատը պետք է ամուր հիմք ունենա, որպեսզի վերոնշյալ իրավիճակներում հավատարիմ մնանք։ Շարունակ ամրացնելով մեր հավատի հիմքը՝ կկարողանանք անսասան լինել և նվիրվածաբար ծառայել Եհովային, ինչ փորձության էլ բախվենք (1 Կորնթ. 15։58; կարդա Կողոսացիներ 1։23)։
6. Ինչի՞ շնորհիվ առաքյալները կարողացան հավատարիմ մնալ Հիսուսին։
6 Ի՞նչն օգնեց առաքյալներին հավատարիմ մնալ Հիսուսին, երբ մյուսները լքեցին նրան։ Նրանց հավատը ամուր հիմք ուներ, քանի որ նրանք համոզված էին հետևյալ բաներում. Եհովան, լինելով ամեն ինչի Արարիչը, արժանի է երկրպագության, Հիսուսը նրա Որդին է, ով «հավիտենական կյանքի տանող խոսքեր» ունի, և նա վայելում է Եհովայի աջակցությունը։ Ուստի փոխանակ հատ առ հատ քննելու, թե հավատի ինչ փորձություններ կարող են լինել, եկեք տեսնենք, թե որ երեք ճշմարտությունները կօգնեն մեզ ամուր կանգնած մնալ, երբ փորձությունների բախվենք։ 1) Եհովան ամեն ինչի Արարիչն է, 2) Աստվածաշունչը Եհովայի խոսքն է, և 3) Եհովայի վկաները այն ժողովուրդն են, որ վայելում են Եհովայի աջակցությունը։ Եթե համոզված լինենք այս երեք բաներում, փորձությունների ներքո հավատարիմ կմնանք։
ԵՀՈՎԱՆ ԱՐԱՐԻՉՆ Է
7. Հայտնություն 4։11-ը ինչի՞ մասին է մեզ հիշեցում, բայց ի՞նչ կարող է պատահել երբ դժվարությունների բախվենք։
7 Կարդա Հայտնություն 4։11։ Այս խոսքերը մեզ հիշեցնում են, որ Եհովան է արարել ամեն բան։ Միայն այս փաստը բավարար է, որ նվիրվածաբար երկրպագենք նրան։ Իսկ երբ խորհրդածում ենք նրա ահռելի զորության մասին, լցվում ենք վստահությամբ, որ նա կարող է օգնել մեզ ցանկացած իրավիճակում։ Սակայն Սատանան այս աշխարհը ողողել է սուտ գաղափարներով, որոնց նպատակն է հարցականի տակ դնել Աստծու գոյությունը։ Որոշ գիտնականներ նույնիսկ պնդում են, թե կյանքը ինքնիրեն է առաջացել։ Եթե լիովին վստահ չլինենք, որ Եհովան Արարիչն է ու սիրում է մեզ, փորձությունների ժամանակ գուցե սկսենք կասկածել, որ նա գոյություն ունի և օգնության կհասնի (Եբր. 11։6)։
8-9. Ի՞նչ պետք է անես, եթե սկսել ես կասկածել, որ Եհովան է ստեղծել ամեն ինչ (տես նաև նկարը)։
8 Եթե սկսել ես կասկածել, որ Եհովան է ստեղծել ամեն ինչ, անհապաղ քայլեր ձեռնարկիր։ Մեր հրատարակություններում այդ թեմայով փնտրտուքներ արա և կտեսնես, թե Արարչի գոյության ապացույցները որքան շատ են։ Հավատն ամրապնդող այդպիսի տեղեկություններ կարող ես գտնել «Ինչպե՞ս է կյանքն առաջացել» և «Կյանքի ծագումը. հինգ հարց, որ արժե քննել» գրքույկներում։ Հավելյալ փաստեր կան նաև jw.org կայքի «Արդյոք պատահականությո՞ւն է» շարքի հոդվածներում և տեսանյութերում։ ԱՄՆ-ից մի երիտասարդ քույր, ում անունը Ջեսիկա է, ասում է. ««Կյանքի ծագումը» գրքույկն ընթերցելուց հետո ավելի համոզվեցի, որ բոլոր փաստերը բերում են այն եզրահանգման, որ գոյություն ունի իմաստուն Նախագծող։ Այնպես չէր, որ չգիտեի դա, սակայն այդ գրքույկում բերված տրամաբանական փաստարկները ևս մեկ անգամ քննելուց հետո իմ մեջ կասկածի հետք անգամ չմնաց»։ Շատերի համար էլ օգտակար է եղել «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գիրքը վերընթերցելը։ Եթե նույնիսկ արդեն ծանոթ ես այս նյութերին, արժե նորից անդրադառնալ դրանց։
9 Քո հաջորդ անձնական ուսումնասիրության ժամանակ քննիր Արարչի գոյության փաստերը։ Նման ուսումնասիրությունը կօգնի ոչ միայն ավելի համոզվել, որ Եհովան գոյություն ունի, այլև խորությամբ ճանաչել նրա էությունը (Հռոմ. 1։20)։ Բացի այդ՝ քո գտած տեղեկություններով կարող ես ուրիշներին էլ օգնել, որ փարատեն իրենց կասկածները։ Մենք բոլոր հիմքերն ունենք հավատալու, որ Եհովան է Արարիչը, քանի որ նա մեզ տվել է բազմաթիվ ապացույցներ։
Nebula: IAC/RGO/David Malin Images; fish and car: Mercedes-Benz USA; plane: Kristen Bartlett/University of Florida
Եթե նույնիսկ արդեն կարդացել ես «Ինչպե՞ս է կյանքն առաջացել» գրքույկը, արժե վերընթերցել այն (տես պարբերություն 8)
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԵՀՈՎԱՅԻ ԽՈՍՔՆ Է
10. Ի՞նչ տեսակետ ունենք Աստվածաշնչի վերաբերյալ (2 Տիմոթեոս 3։16, 17)։
10 Կարդա 2 Տիմոթեոս 3։16, 17։ Աստվածաշունչը Աստծու խոսքն է՝ ուղղված մարդկությանը։ Այնտեղից ստանում ենք կյանքի կարևոր հարցերի պատասխանները, իմանում ենք, թե որն է Եհովայի կամքը, և թե նա ինչ է ակնկալում մեզնից։ Մենք վստահ ենք, որ Աստվածաշնչի հեղինակը Եհովան է, ուստի այդ գիրքը շատ կարևոր տեղ է զբաղեցնում մեր կյանքում։ Մենք ձգտում ենք լավ հասկանալ այնտեղ գրվածը և ջանում ենք կիրառել այն։
11. Ի՞նչն է քեզ համոզում, որ Աստվածաշունչը Աստծու ներշնչմամբ է գրված։
11 Ինչո՞ւ ենք համոզված, որ Աստվածաշունչը Աստծու ներշնչմամբ է գրված։ Դրա համար կան մի շարք հիմքեր։ Նախ այն պատմականորեն ճշգրիտ է (Ղուկ. 3։1, 2)։ Ճշգրիտ են նաև շրջակա աշխարհի վերաբերյալ այնտեղ արձանագրված գիտական տեղեկությունները (Հոբ 26։7)։ Աստվածաշունչը ամենատարածված գիրքն է աշխարհում, և այդ փաստը ապշեցուցիչ է, քանի որ Սատանան բազմիցս փորձել է վերացնել այն։ Ու թեև այդ գիրքը գրել են մոտ 40 տղամարդիկ շուրջ 1 600 տարիների ընթացքում, սակայն նրանց գրածները միանգամայն համահունչ են։ Աստվածաշունչը չհնացող խորհուրդների շտեմարան է և առօրյա հարցերում օգնել է միլիոնավոր մարդկանց (Առակ. 13։20; 15։21; Մատթ. 7։12)։ Նաև այդ գրքում գրված բազմաթիվ մարգարեություններ ճշգրտորեն կատարվել են, ինչը ևս փաստում է դրա վստահարժան լինելը (Հեսու 23։14)։ Կասկածից վեր է, որ Աստվածաշունչը Աստծու Խոսքն է։
12. Ի՞նչ պետք է անենք, եթե սկսել ենք կասկածել, որ Աստվածաշունչը Աստծու ներշնչմամբ է գրված։
12 Ի՞նչ պետք է անենք, եթե սկսել ենք կասկածել, որ Աստվածաշունչը Աստծու ներշնչմամբ է գրված։ Պետք է աղոթենք այդ մասին և վարվենք մեր աղոթքների համաձայն։ Ջորդան անունով մի երիտասարդ եղբայր, ով ճշմարտության մեջ է մեծացել, ասում է. «Ես ոչ ոքի ասածը հալած յուղի տեղ չեմ ընդունում։ Պետք է ամեն ինչ վերլուծեմ և հավաստիանամ, որ ճիշտ է։ Անկեղծ ասած՝ ես մինչև հիմա էլ ժամանակ առ ժամանակ կասկածներ եմ ունենում։ Նման դեպքերում մանրակրկիտ փնտրտուքներ եմ անում մեր հրատարակություններում, որպեսզի ստանամ հարցերիս պատասխանները և փարատեմ կասկածներս»։ Որքան շատ համոզվենք, որ Աստվածաշունչը Եհովայի Խոսքն է, այնքան ավելի կամրացնենք մեր հավատի հիմքը (1 Կորնթ. 3։12, 13)։
ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ ՎԱՅԵԼՈՒՄ ԵՆ ԵՀՈՎԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
13. Ի՞նչ կարող ենք անել, եթե մեր մեջ կասկածներ են առաջացել այն հարցում, թե ովքեր են Աստծու ժողովուրդն այսօր։
13 Եթե մեր մեջ երբևէ կասկածներ առաջանան այն հարցում, թե Եհովայի վկաները իսկապե՞ս Աստծու աջակցությունը վայելող ժողովուրդն են, պետք է քայլեր ձեռնարկենք, որ այդ կասկածները արմատներ չգցեն։ Դրանց դեմ պայքարելու համար կարող ենք ինքներս մեզ այսպիսի հարցեր տալ. «Ովքե՞ր են այսօր ամեն ինչ անում, որ ապրեն Աստվածաշնչում գրված չափանիշների համաձայն։ Ովքե՞ր են Աստվածաշունչը մեծագույն հեղինակություն համարում կյանքի բոլոր բնագավառներում (2 Տիմոթ. 4։3, 4)։ Ովքե՞ր են այսօր կատարում Եհովայի կամքը (Մատթ. 7։20, 21)»։
14. Ինչպե՞ս են Եհովայի վկաների միջոցով իրականանում Մատթեոս 24։14-ում գրված խոսքերը։
14 Հասկանալու համար, թե ովքեր են կատարում Աստծու կամքը մեր օրերում, մտածենք. «Ովքե՞ր են այսօր զբաղված քարոզչական գործով, որն, ըստ Հիսուսի խոսքերի, պետք է իրականացվեր վերջին օրերում» (Մատթ. 24։14)։ Պատասխանը միանգամայն ակնհայտ է։ Աստված իր ժողովրդի՝ Եհովայի վկաների միջոցով է իրականացնում քարոզչական գործը։ Միայն Եհովայի վկաներն են քարոզում Աստծու թագավորության մասին բարի լուրը 240-ից ավելի երկրներում։ Երկնքում հաստատված Աստծու թագավորության իշխանության ներքո մենք այս գործը կատարում ենք արդեն ավելի քան 100 տարի։ Այո՛, Եհովայի ժողովրդի համար քարոզելու և ուսուցանելու գործը միշտ ամենակարևորն է եղել (Մատթ. 28։19, 20)։
15. Ինչպե՞ս են Եհովայի վկաները նպաստում Աստծու անվան սրբացմանը (Մատթեոս 6։9; Եսայիա 43։10)։
15 Կարդա Մատթեոս 6։9 և Եսայիա 43։10։ Ամբողջ աշխարհում մեզ ճանաչում են որպես Եհովայի անունը կրող ժողովուրդ, և մենք հպարտ ենք, որ կոչվում ենք Եհովայի վկաներ։ Այսօր շատերը անգամ չգիտեն Աստծու անունը, մինչդեռ մենք վերականգնել են այդ անունը Աստվածաշնչի բոլոր այն տեղերում, որտեղ եղել է բնագրում։ Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության հիմնական տեքստում «Եհովա» անունը հանդիպում է ավելի քան 7 000 անգամ։
16. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Եհովայի վկաները հնազանդվում են Հովհաննես 13։34, 35-ում գրված պատվիրանին (տես նաև նկարը)։
16 Կարդա Հովհաննես 13։34, 35։ Սեր ու միասնություն վայելող մեր համաշխարհային եղբայրությունը ժամանակակից հրաշք է, բացառիկ երևույթ՝ թշնամանքով լեցուն այս պառակտված աշխարհում։ Մենք ապրում ենք երկրագնդի տարբեր մասերում, տարբեր ծագում ու դաստիարակություն ունենք, բայց ջանասիրաբար ձգտում ենք պահպանել մեր միջև եղած սերն ու խաղաղությունը։ Այլ երկիր ճամփորդելիս երբևէ գնացե՞լ ես այնտեղի ժողովներից մեկը։ Նկատե՞լ ես, որ ուր էլ գնաս, մեր եղբայրների ու քույրերի միջև նույն սերն ու միասնությունն է տիրում։ Դա ևս մեկ ապացույց է, որ Եհովայի վկաներն են այն ժողովուրդը, որի միջոցով Եհովան այսօր կատարում է իր կամքը։ Մտքում վառ պահելով այս փաստը՝ կկարողանաս հավատարիմ մնալ Եհովային ցանկացած փորձության բախվելիս։
Սեր ու միասնություն վայելող մեր համաշխարհային եղբայրությունը ժամանակակից հրաշք է (տես պարբերություն 16)a
ԵՐԲԵՔ ՄԻ՛ ԹՈՂ ԵՀՈՎԱՅԻՆ
17-18. Ի՞նչ դժվարությունների գուցե բախվենք այս վերջին օրերում, բայց ի՞նչ կարող ենք վստահությամբ ասել։
17 Մենք ապրում ենք շատ ծանր ժամանակներում և բախվում ենք վերջին օրերին բնորոշ տարատեսակ դժվարությունների (2 Տիմոթ. 3։1, 13)։ Բայց հնարավոր է՝ այլ դժվարություններ էլ ունենանք։ Գուցե Աստծու կազմակերպությունը կայացնի որոշումներ, որ լիովին չըմբռնենք։ Նաև գուցե մեր հավատակիցը մեզ ճիշտ չհասկանա կամ ցավ պատճառի։ Թերևս միանգամից չկարողանանք գտնել խնդրի լուծումը և չստանանք մեզ հուզող հարցերի պատասխանները։
18 Ինչքան էլ այդ իրավիճակներում մտատանջություններ ու ծանր ապրումներ ունենանք, միևնույն է, կկարողանանք հավատարիմ մնալ Եհովային, եթե համոզված լինենք, որ Եհովան Արարիչն է, Աստվածաշունչը նրա Խոսքն է, և Եհովայի վկաները նրա ժողովուրդն են։ Այդ դեպքում մենք էլ կկարողանանք վստահությամբ Եհովային ասել այն նույն խոսքերը, որ Պետրոսն ասաց Հիսուսին. «Ո՞ւմ մոտ գնանք։ Հավիտենական կյանքի տանող խոսքերը դո՛ւ ունես»։
ԵՐԳ 123 Հնազանդվենք Աստծու հաստատած կարգին
a ՆԿԱՐ։ Մայրն ու աղջիկը ավտոբուսով ճամփորդելիս տեսնում են հրապարակային ծառայություն կատարող իրենց հավատակիցներին և ուրախ ժպտում են։