ՀՈՒԼԻՍԻ 20-26, 2026
ԵՐԳ 133 Երկրպագենք Եհովային վաղ տարիքից
Իմաստուն որոշում կայացրու լրացուցիչ կրթության վերաբերյալ
«Խորագետը կշռադատում է իր ամեն մի քայլը» (ԱՌԱԿ. 14։15)։
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ
Ինչ գործոններ և աստվածաշնչյան սկզբունքներ պետք է հաշվի առնենք լրացուցիչ կրթության վերաբերյալ որոշում կայացնելիս։
1-2. ա) Ի՞նչ որոշման առաջ են կանգնում երիտասարդները։ բ) Ի՞նչ նկատի ունենք՝ լրացուցիչ կրթություն ասելով (տես «Բառամեկնությունը»)։
«ԻՆՉՈ՞Վ ես ուզում զբաղվել դպրոցն ավարտելուց հետո»։ Եթե պատանի ես, հավանաբար այս հարցը բազմիցս տվել են քեզ։ Լավագույն կարիերան, որ կարող ես ընտրել, լիաժամ ծառայությունն է։ Սակայն դու պետք է նաև ապահովես քեզ ֆինանսապես (2 Թեսաղ. 3։10)։ Ուստի ամենայն հավանականությամբ մտածել ես, թե ինչ աշխատանք ես անելու ապագայում։
2 Աշխատանք գտնելու համար որոշ երիտասարդներ իրենց տարածքում ընդունված պարտադիր կրթությունը ստանալուց հետո որոշում են լրացուցիչ կրթություն ստանալ և այդ որոշումը սովորաբար կայացնում են ծնողների օգնությամբ։a Գուցե դու էլ ես մտածում, թե արդյոք արժե լրացուցիչ կրթություն ստանալ, և եթե՝ այո, ապա ինչ կրթություն։ Այս հոդվածում կքննենք աստվածաշնչյան սկզբունքներ, որոնք կօգնեն կրթություն ստանալու վերաբերյալ իմաստուն որոշում կայացնել։ Թեև այս հոդվածը գլխավորապես ուղղված է երիտասարդներին, սակայն այն կարող է օգտակար լինել բոլոր քրիստոնյաների համար, ովքեր ուզում են լրացուցիչ կրթություն ստանալ։ Այս սկզբունքները նաև կօգնեն ծնողներին ճիշտ ուղղություն տալ իրենց երեխաներին։
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱ՞Լ, ԹԵ՞ ՈՉ
3. Ինչո՞ւ են որոշ քրիստոնյաներ որոշում լրացուցիչ կրթություն ստանալ։
3 Որոշ վայրերում հնարավոր է առանց լրացուցիչ կրթություն ստանալու նորմալ աշխատանք գտնել։ Այլ վայրերում էլ դրա շնորհիվ կարելի է գտնել այնպիսի աշխատանք, որը ավելի լավ է վարձատրվում, կամ որի աշխատանքային գրաֆիկը հարմար է։ Այդպես քրիստոնյան հնարավորություն է ունենում ավելի շատ մասնակցելու քարոզչությանը կամ աստվածապետական այլ գործերի։ Այնուամենայնիվ, լրացուցիչ կրթությունը զոհողություններ է պահանջում և կարող է դժվարություններ առաջացնել քրիստոնյայի համար։
4. Ո՞վ է որոշում, թե արդյոք քրիստոնյան պետք է հավելյալ կրթություն ստանա (տես նաև ծանոթագրությունը)։
4 Աստվածաշունչն ասում է, որ «յուրաքանչյուր մարդ իր պատասխանատվությունը պետք է կրի» (Գաղ. 6։5; ծնթ.)։ Սա նշանակում է, որ չափահաս քրիստոնյան ինքն է որոշում՝ ստանալ լրացուցիչ կրթություն, թե ոչ։b Իսկ եթե երեխան անչափահաս է, ծնողները պատասխանատվություն ունեն օգնելու նրան կրթության վերաբերյալ ճիշտ որոշում կայացնելու (Եփես. 6։1)։ Նրանց խորհուրդները կօգնեն, որ չափահաս դառնալուց հետո նա ճիշտ ընտրություն անի (Առակ. 22։6)։
5. Երբվանի՞ց է հարկավոր մտածել լրացուցիչ կրթության մասին և ինչո՞ւ (տես նաև նկարը)։
5 Հաճախ պատանիները կրթության վերաբերյալ որոշում պետք է կայացնեն նախքան դպրոցն ավարտելը։ Ինչ խոսք, խելամիտ կլինի, որ պատանին մինչև որոշում կայացնելը խորհրդակցի ծնողների հետ։ Այդպես նրանք միասին ժամանակ կունենան ուսումնասիրելու հավանական տարբերակները, և արդյունքում երեխաները դպրոցում ավելի շատ ուշադրություն կդարձնեն այն առարկաներին, որոնք պետք կգան լրացուցիչ կրթություն ստանալու կամ աշխատանք գտնելու համար։ Արդյոք պարտադի՞ր է, որ պատանին որոշում կայացնի նախքան դպրոցն ավարտելը։ Ո՛չ (Առակ. 21։5)։ Որոշ պատանիներ որոշել են ավարտել դպրոցը, աշխատանք գտնել, ռահվիրայություն սկսել և այդ ընթացքում մտածել լրացուցիչ կրթության մասին։ Անհատը կարող է կրթություն ստանալու մասին մտածել նույնիսկ ավելի մեծ տարիքում։
Քրիստոնյա ծնողները օգնում են իրենց երեխային հավելյալ կրթության վերաբերյալ իմաստուն որոշում կայացնել (տես պարբերություն 5)
6. Ի՞նչը կօգնի լրացուցիչ կրթության վերաբերյալ ճիշտ որոշում կայացնել։
6 Ի՞նչը կօգնի քեզ լրացուցիչ կրթության վերաբերյալ ճիշտ որոշում կայացնել։ Աղոթիր այդ մասին (Հակ. 1։5)։ Բացի այդ՝ արա հետևյալ քայլերը. ազնվորեն վերլուծիր շարժառիթներդ և ծանրութեթև արա այդ կրթության լավ ու վատ կողմերը (Սաղ. 26։2; Առակ. 14։15)։ Այժմ մեկ առ մեկ քննենք այս երկու քայլերը։
ՎԵՐԼՈՒԾԻՐ ՇԱՐԺԱՌԻԹՆԵՐԴ
7. Ի՞նչ պետք է հաշվի առնի քրիստոնյան, երբ մտածում է լրացուցիչ կրթության մասին։
7 Եթե մտածում ես հետագայում լրացուցիչ կրթություն ստանալու մասին, խորհիր հետևյալ կարևոր հարցի շուրջ. «Ինչո՞ւ եմ ուզում ստանալ այդ կրթությունը»։ Շատերը ձգտում են դրան, որպեսզի կատարեն այնպիսի աշխատանք, որից հաճույք կստանան, կամ որը լավ կվարձատրվի։ Սրանք սխա՞լ շարժառիթներ են։ Պարտադիր չէ (1 Տիմոթ. 5։8)։ Սակայն Աստվածաշունչը նախազգուշացնում է մեզ նյութապաշտության և այս աշխարհում ապահովության ձգտելու վտանգների մասին (Առակ. 23։4, 5; 1 Տիմոթ. 6։8-10; 1 Հովհ. 2։17)։ Եթե քո մղումը հարստություն կամ հեղինակություն ձեռք բերելն է, դու ոչ միայն դատարկության զգացում կունենաս, այլև գուցե հեռանաս Եհովայից։
8-9. ա) Քրիստոնյաներն ի՞նչ տեսակետ պետք է ունենան կրթության վերաբերյալ (Մատթեոս 6։33)։ բ) Ի՞նչ ես սովորում Ժոզեֆինայի, Մորինի և Այրիսի խոսքերից։
8 Ի՞նչ տեսակետ պետք է ունենանք կրթության վերաբերյալ։ Մեր կյանքում Եհովային ծառայելուց ավելի կարևոր բան չպետք է լինի (Մատթ. 22։37, 38; Փիլիպ. 3։8)։ Ուստի կրթությունը մեզ համար պետք է լինի մեր նյութական կարիքները հոգալու միջոց, որպեսզի կարողանանք կենտրոնացած լինել Եհովային ողջ սրտով ծառայելու վրա (կարդա Մատթեոս 6։33)։
9 Ուշադրություն դարձնենք, թե որոշ քրիստոնյաների ինչն է օգնել ճիշտ տեսակետ ունենալ հավելյալ կրթության վերաբերյալ։ Ժոզեֆինան, որն ապրում է Չիլիում, ասում է. «Ստացածս ուսումը միջոց էր, որն օգնում էր հնարավորինս շատ ծառայել Եհովային։ Ինձ համար առաջնային տեղում հոգևոր նպատակներն էին, ոչ թե դասերս»։ Իսկ Մորին անունով մի քույր վարսահարդարման մեկամյա դասընթաց անցավ։ Նա ասում է. «Ես նպատակ ունեի ծառայելու այնտեղ, որտեղ քարոզիչների կարիք կար։ Ուստի այնպիսի մասնագիտություն ընտրեցի, որը կնպաստեր նպատակիս իրականացմանը։ Դասընթացն ավարտելուց հետո իմ մասնագիտությամբ աշխատանք գտա և գումար խնայեցի նոր վայր տեղափոխվելու համար։ Իսկ երբ տեղափոխվեցի, այնտեղ էլ կարողացա իմ մասնագիտությամբ աշխատանք գտնել»։ Այրիս անունով մի քույր էլ, ով ավելի երկար դասընթացներ էր անցել ատամնաբույժ դառնալու համար, ասում է. «Լրացուցիչ կրթությունը գուցե որոշ առավելություններ ունենա, բայց այն երբեք երջանկության և բավարարվածության զգացում չի տալիս։ Բանաձևը պարզ է. եթե քո կյանքում գլխավոր տեղում Եհովան է, երջանկությունն ու բավարարվածությունը երաշխավորված են»։ Այո՛, երբ Եհովայի հետ ընկերությունը մեզ համար ամենակարևորն է լինում, կայացնում ենք այնպիսի որոշումներ, որոնք հավիտենական երջանկություն են բերում։
ԾԱՆՐՈՒԹԵԹԵՎ ԱՐԱ ԼԱՎ ՈՒ ՎԱՏ ԿՈՂՄԵՐԸ
10. Ինչպե՞ս կարող ենք կիրառել 2 Օրենք 32։29-ում տեղ գտած սկզբունքը, երբ մտածում ենք լրացուցիչ կրթություն ստանալու մասին։
10 Գուցե մտածում ես կոնկրետ մասնագիտություն ձեռք բերելու կամ ուսուցում ստանալու մասին։ Բայց օգտակար կլինի դիտարկել նաև նույն ոլորտի կամ ուրիշ ոլորտի այլ մասնագիտություններ (համեմատիր Առակներ 18։17)։ Այսօր կրթության այնպիսի ձևեր կան, որոնք նախկինում չկային, օրինակ՝ օնլայն դասընթացներ։ Բայց մտածիր նաև այն մասին, որ գուցե կարողանաս կարիքներդ հոգալու համար աշխատանք գտնել առանց լրացուցիչ կրթության։ Յոհաննա անունով մի քույր, ով ապրում է Ֆինլանդիայում, լրացուցիչ կրթություն չի ստացել։ Նա ասում է. «Դպրոցն ավարտելուց հետո սկսեցի կես դրույքով աշխատել և ռահվիրայություն անել։ Տարբեր աշխատանքներ եմ արել և համոզվել եմ, որ Եհովան միշտ պահում է իր խոստումը՝ տալով մեզ այն, ինչ անհրաժեշտ է»։ Հիշիր, որ հավելյալ կրթություն ստանալ-չստանալու կամ դրա ընտրության հետ կապված բոլոր որոշումները ունեն թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր։ Ուստի մտածիր. «Արդյոք դրական կողմերը գերակշռո՞ւմ են» (կարդա 2 Օրենք 32։29; 1 Կորնթ. 10։23)։ Այժմ քննենք մի քանի գործոններ, որոնք կպատասխանեն այդ հարցին։
11. Ինչո՞ւ է կարևոր հաշվի առնել ուսման գրաֆիկը (տես նաև նկարները)։
11 Գրաֆիկը։ Մտածիր, թե ամեն շաբաթ քանի ժամ ես ծախսելու դասերին հաճախելու, ուսուցում ստանալու և տնային աշխատանքներն անելու վրա։ Ժամանակ կունենա՞ս հոգևոր գործերով զբաղվելու և ընտանեկան պարտականություններդ կատարելու համար (Փիլիպ. 1։10)։ Հնարավո՞ր է, որ դասերիդ պատճառով այնքան հոգնես, որ էլ ուժ չունենաս հանդիպումներին նախապատրաստվելու կամ անձնական ուսումնասիրություն անելու համար։ Այդպես եղավ Ջերոզի հետ, որն ապրում է Հնդկաստանում։ Նա ասում է. «Դժվարանում էի կենտրոնանալ հոգևոր գործերի վրա։ Երբեմն բաց էի թողնում հանդիպումները։ Երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ չարժեր այդքան ժամանակ և էներգիա ծախսել դասերի վրա»։ Բայց ոչ բոլոր դասընթացներն են այդքան ժամանակ խլում։ Որոշ դասընթացների ժամաքանակը քիչ է, որոշ դասընթացների դեպքում էլ քիչ տնային աշխատանքներ են տրվում։ Մոզամբիկում ապրող Ռեբեկա անունով մի քույր էլ այնպիսի ընտրություն է արել, որի համար ուրախ է։ Նա ասում է. «Դասերս օրական երկու ժամ էին տևում։ Դա ինձ հնարավորություն էր տալիս շարունակելու ռահվիրայությունս»։
Հավելյալ կրթության վերաբերյալ որոշում կայացնելիս մտածիր, թե արդյոք ժամանակ կունենաս կարևոր պատասխանատվություններդ կատարելու համար (տես պարբերություն 11)
12. Կրթության վերաբերյալ ի՞նչ հարցերի մասին պետք է մտածենք, որպեսզի մեր ժամանակը ճիշտ օգտագործենք (Ժողովող 12։1)։
12 Տևողությունը։ Հաշվի առ, թե ուսումը քանի ամիս կամ տարի կտևի։ Մտածիր. այդ կրթությունը ստանալով՝ ժամանակը ճի՞շտ օգտագործած կլինես (Եփես. 5։15-17)։ Եթե երիտասարդ ես, սովորելու ընթացքում կկարողանա՞ս Եհովայի համար անել քո լավագույնը, գուցե լիաժամ ծառայել (կարդա Ժողովող 12։1)։ Այդ նույն մասնագիտությունը կարո՞ղ ես ձեռք բերել ավելի սեղմ ժամկետում, օրինակ՝ մասնագիտական դասընթացներ անցնել կամ սովորել ուսումնարանում։ Այդպես ձեռք կբերես նույն մասնագիտությունը ավելի կարճ ժամկետում և ուսման համար կվճարես ավելի քիչ, քան համալսարանում։ Չիլիում ապրող Մարիո անունով մի եղբայր ասում է. «Ես ընտրեցի երկամյա մասնագիտական ուսում, որի համար ավելի քիչ վճարեցի, քան կվճարեի համալսարանում։ Շաբաթը չորս օր էի դասի գնում, ինչը հնարավորություն տվեց սովորելու ընթացքում ռահվիրա ծառայել»։
13. Ի՞նչ կարող է լինել, եթե որոշես տնից հեռու սովորել։
13 Վայրը։ Գուցե որոշես ուսում ստանալ այնպիսի վայրում, որը մոտ է ձեր տանը։ Իսկ եթե սովորելու ես ուրիշ քաղաքում կամ ստիպված ես լինելու ուսանողական ավանում ապրել, հաշվի առ, որ ընտանիքից հեռու լինելը հոգևոր առումով վատ հետևանքներ կարող է ունենալ, հատկապես եթե ապրելու ես այնպիսի մարդկանց հետ, ովքեր քո հավատը չեն դավանում (Առակ. 22։3; 1 Կորնթ. 15։33)։ Մոզամբիկում ապրող Մաթիաս անունով մի եղբայր մեկամյա կրթություն ստացավ, որը շատ ծախս չէր պահանջում։ Այնուամենայնիվ, նա ափսոսում է իր որոշման համար։ Եղբայրն ասում է. «Ես ապրում էի գիշերօթիկ ուսումնական հաստատությունում։ Ամեն օր ինձ դրդում էին սխալ բաներ անել։ Խորհուրդ կտամ այնպիսի ուսում ընտրել, որի պատճառով ընտանիքից հեռու չեք լինի»։ Իսկ Ռուսաստանից մի քույր ասում է. «Ես հեռու մնացի վտանգներից ու գայթակղություններից, քանի որ ուսանողական ավանում կամ հանրակացարանում ապրելու փոխարեն ապրում էի տանը՝ ծնողներիս հետ»։ Հնարավոր է՝ դու նույնիսկ կարողանաս օնլայն դասընթացներ անցնել։
14. Ղուկաս 14։28-ում գրված սկզբունքը ինչպե՞ս կարող է օգնել քեզ լրացուցիչ կրթության հետ կապված որոշում կայացնելիս։
14 Ծախսը։ Որոշ դասընթացների վարձը քիչ է, կամ էլ այն պետությունն է վճարում։ Նման դեպքերում լրացուցիչ կրթություն ստանալը գուցե հարմար տարբերակ լինի ձեռք բերելու այնպիսի գիտելիքներ ու հմտություններ, որոնք կօգնեն աշխատանք գտնել։ Բայց շատ դեպքերում ուսման վարձը բարձր է լինում։ Նաև այլ ծախսեր են լինում, օրինակ՝ համալսարան ընդունվելու համար գուցե մասնավոր պարապմունքների կարիք առաջանա։ Որոշ ուսանողներ մեծ պարտքերի տակ են ընկնում և ստիպված են լինում տարիներ շարունակ դրանք վճարել։ Ադիլսոնը, ով ապրում է Մոզամբիկում, ափսոսում է իր ընտրության համար։ Նա ասում է. «Ընտանիքս ստիպված էր սննդի ու անհրաժեշտ այլ բաների ծախսը կրճատել, որպեսզի վճարեինք իմ չորսամյա կրթության վարձը»։ Եթե մտածում ես լրացուցիչ կրթություն ստանալու մասին, հարցրու ինքդ քեզ. «Որքա՞ն կկազմի ծախսը։ Ընտանիքս կամ ես կարո՞ղ ենք փակել այն։ Կա՞ ավելի մատչելի տարբերակ։ Եթե պարտքի տակ ընկնեմ, որքա՞ն ժամանակ կպահանջվի այն մարելու համար։ Իմ ապագա աշխատանքով կկարողանա՞մ հոգալ կարիքներս և փակել պարտքը» (կարդա Ղուկաս 14։28; Առակ. 22։7)։
15. Երբ որոշում ես որևէ լրացուցիչ կրթություն ստանալ, ինչո՞ւ պետք է նախ մտածես այն մասին, թե արդյոք այդ ոլորտում կկարողանաս աշխատանք գտնել։
15 Աշխատանքի հեռանկարները։ Հաշվի առ, թե ինչպիսին է աշխատաշուկան այնտեղ, որտեղ ապրում ես կամ ուզում ես ապրել։ Կրթությունն իրոք կօգնի՞ քեզ աշխատանք գտնել։ Որոշ կրթական ծրագրեր գործնական գիտելիքներ քիչ են տալիս։ Փոխարենը դրանք հիմնականում տեսական գիտելիքներ են տալիս և կենտրոնանում են ինտելեկտուալ, ակադեմիական և փիլիսոփայական թեմաների վրա (Կող. 2։8)։ Հնդկաստանից մի քույր ասում է. «Ստացածս ուսումը չօգնեց ինձ այնպիսի գործնական հմտություններ ձեռք բերել, որոնք պահանջում են գործատուները։ Այդ պատճառով չկարողացա իմ մասնագիտությամբ աշխատանք գտնել»։ Որոշ մասնագիտություններ էլ աշխատանքի մեծ հեռանկար չունեն։ Սուբլիմ անունով մի եղբայր էլ, ով ապրում է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում, օդորակիչների վերանորոգման դասընթացներ է անցել։ Նա ասում է. «Մեր տարածքում մարդիկ իրենք են վերանորոգում անսարք իրերը, ուստի գործ գտնելը դժվար է»։
16. Ինչո՞ւ արժե մտածել, թե ինչպիսի աշխատանք ես անելու ուսումդ ավարտելուց հետո։
16 Խորհիր նաև այն մասին, թե ինչ աշխատանք ես անելու ուսումդ ավարտելուց հետո։ Հաճույքո՞վ ես անելու այն (Ժող. 3։12, 13)։ Ինչպիսի՞ միջավայրում ես աշխատելու։ Արդյո՞ք այդ ոլորտը հայտնի է որպես վտանգավոր, բարձր մրցակցային կամ սթրեսներով լի ոլորտ։ Սովորաբար որքա՞ն են վարձատրվում այդ աշխատանքի համար։ Այդքանը կբավականացնի՞, որ հոգաս անհրաժեշտ ծախսերդ։ Աշխատանքը չկորցնելու համար անընդհատ վերապատրաստում անցնելու կարիք կունենա՞ս։ Եվ, որ ամենակարևորն է, այն թույլ կտա՞, որ Աստծու թագավորությունը առաջին տեղում դնես (Ժող. 12։13)։ Ինչ խոսք, երբ աշխատանք գտնելը դժվար է, մենք չենք կարող քմահաճ լինել։ Այնուամենայնիվ, ուսման վերաբերյալ քո որոշումը մեծապես կազդի այն բանի վրա, թե ապագայում աշխատանքի ինչ հնարավորություններ կունենաս։ Տաբիթա անունով մի քույր, ով ապրում է Հնդկաստանում, կարուձևի վեցամսյա դասընթացներ անցավ։ Նա ասում է. «Մի փոքր մտածեցի և հասկացա, որ դերձակ աշխատելը ինձ հնարավորություն կտա ռահվիրա ծառայելու։ Դա մի մասնագիտություն է, որը միշտ պահանջարկ ունի, հնարավորություն է տալիս աշխատել ճկուն գրաֆիկով և մեծ ներդրում չի պահանջում»։ Այդ կրթության շնորհիվ Տաբիթան կարողացավ աշխատանք գտնել և միևնույն ժամանակ ռահվիրա ծառայել։
17. ա) Կրթության հետ կապված իմաստուն որոշում կայացնելու համար քրիստոնյան որտե՞ղ կարող է տեղեկություններ գտնել։ բ) Աստվածաշնչյան ո՞ր սկզբունքները կօգնեն ճիշտ որոշում կայացնել (տես «Աստվածաշնչյան սկզբունքներ, որ արժե հաշվի առնել» շրջանակը)։
17 Այս հոդվածում մի շարք կարևոր մտքեր քննեցինք։ Կրթության հետ կապված իմաստուն որոշում կայացնելու համար որտե՞ղ կարող ես տեղեկություններ գտնել։ Քեզ հետաքրքրող դասընթացների մասին տեղեկություններ ստանալու համար այցելիր ուսումնական հաստատություն կամ դրա վեբ կայքը։ Ստուգիր, թե այդ ոլորտում աշխատանքի քանի առաջարկ կա։ Կարող ես նաև խորհրդակցել այն մարդկանց հետ, ովքեր նմանատիպ կրթություն են ստացել կամ աշխատում են այդ ոլորտում (Առակ. 13։10)։ Նրանց հարցրու. «Որո՞նք են այս կրթության և աշխատանքի դրական ու բացասական կողմերը»։ Խոսիր այն հավատակիցներիդ հետ, ովքեր ուրախությամբ ծառայում են Եհովային (Առակ. 15։22)։ Ի՞նչ կրթություն կամ աշխատանք են խորհուրդ տալիս նրանք։ Գուցե աշխատանքի այնպիսի ոլորտ նշեն, որ մտքովդ անգամ չի անցել։
18. Ի՞նչ պետք է հիշենք։
18 Ինչպես տեսանք, լրացուցիչ կրթությունը ունի թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր։ Ուստի աղոթիր և մտածիր քո ունեցած տարբերակների շուրջ։ Ճիշտ է, կրթությունը կարող է որոշակի ֆինանսական կայունություն ապահովել, սակայն հիշիր, որ միայն Եհովայի հետ մտերմությունն է իրական երջանկություն բերում (Սաղ. 16։9, 11)։ Եհովան միշտ հոգ է տանում մարդկանց մասին, անկախ նրանից, թե ինչ կրթություն են ստացել (Եբր. 13։5)։ Իսկ եթե խորհել ես այս ամենի շուրջ և այնուամենայնիվ որոշել ես հավելյալ կրթություն ստանալ, ի՞նչը կօգնի քեզ այդ ընթացքում մտերիմ մնալ Եհովայի հետ։ Այդ մասին կխոսենք հաջորդ հոդվածում։
ԵՐԳ 45 Թող մտքերս հաճելի լինեն քեզ
a ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Այս հոդվածում լրացուցիչ կրթություն արտահայտությունը վերաբերում է ցանկացած կրթության կամ դասընթացի, որը անհատը կարող է ստանալ պետության կողմից հաստատված հիմնական կրթությունից զատ։ Դրանց թվում են համալսարանները, ինստիտուտները, մասնագիտական կամ արհեստագործական ուսումնարանները, կարճաժամկետ դասընթացները և վերապատրաստումները։
b Անցյալում մեր հրատարակություններում չէին խրախուսվում լրացուցիչ կրթության որոշ տեսակներ։ Օրինակ՝ «Դիտարանի» 2005 թ. հոկտեմբերի 1-ի համարում հրատարակված «Ծնողնե՛ր, ի՞նչ ապագա եք ցանկանում ձեր երեխաներին» հոդվածում նշվում է բարձրագույն կրթության վտանգների մասին։ Թեև այդ վտանգները դեռ կան, սակայն լրացուցիչ կրթություն ստանալու որոշումը յուրաքանչյուրի անձնական հարցն է։ Ամեն մի քրիստոնյա, իսկ անչափահասների դեպքում յուրաքանչյուր ընտանիքի գլուխ նախքան որոշում կայացնելը պետք է աղոթի, հաշվի առնի աստվածաշնչյան սկզբունքները և կրթության դրական ու բացասական կողմերը։ Ոչ մի քրիստոնյա, այդ թվում՝ երեցները, չպետք է քննադատեն կրթության վերաբերյալ հավատակցի անձնական որոշումը (Հակ. 4։12)։