ՀՈՒԼԻՍԻ 27–ՕԳՈՍՏՈՍԻ 2, 2026
ԵՐԳ 56 Ճշմարիտ ուղին քոնը դարձրու
Լրացուցիչ կրթություն ստանալու ընթացքում հոգևորապես ամուր մնա
«Ինչպես որ առաջադիմել ենք մինչև հիմա, եկեք նույն ձևով շարունակենք առաջ ընթանալ այդ ուղով» (ՓԻԼԻՊ. 3։16)։
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ
Աստվածաշնչյան չորս սկզբունքներ, որոնք կօգնեն հոգևորապես ամուր մնալ լրացուցիչ կրթություն ստանալու ընթացքում։
1-2. ա) Եթե որոշել ես լրացուցիչ կրթություն ստանալ, ի՞նչ պետք է շարունակես անել։ բ) Ի՞նչ է նշանակում «նույն ձևով շարունակենք առաջ ընթանալ այդ ուղով» հորդորը (Փիլիպպեցիներ 3։16)։
ԵՀՈՎԱՅԻ որոշ ծառաներ դպրոցն ավարտելուց հետո, ինչը օրենքով սահմանված պարտադիր կրթություն է, որոշել են լրացուցիչ ուսում ստանալ, որ այնպիսի աշխատանք գտնեն, որի շնորհիվ կկարողանան հոգ տանել իրենց կարիքների համար և ծառայել Եհովային։ Եթե դու էլ ես որոշել նման կրթություն ստանալ, ի՞նչ կարող ես անել, որպեսզի մտերիմ մնաս Եհովայի հետ (Հակ. 4։8ա)։ Ինչ խոսք, դպրոցական տարիներին հավատդ բազմիցս փորձվել է, բայց դու անկոտրում ես մնացել։ Այժմ պետք է «նույն ձևով շարունակես առաջ ընթանալ», այսինքն՝ հավատարմորեն ծառայել Եհովային (կարդա Փիլիպպեցիներ 3։16)։
2 «Առաջ ընթանալ այդ ուղով» արտահայտության մեջ կիրառված հունարեն բայը հաճախ օգտագործվել է ռազմական ոլորտում՝ նկարագրելու համար զինվորների միասնական քայլերթը։ Եթե որոշել ես հավելյալ կրթություն ստանալ, չպետք է դադարեցնես «քայլերթդ». պետք է շարունակես ծառայել Եհովային՝ առանց կանգ առնելու կամ նահանջելու։ Այս հոդվածում կխոսենք աստվածաշնչյան չորս սկզբունքների մասին, որոնք կօգնեն քեզ այդ հարցում։ Այդ սկզբունքները ծանոթ են քեզ։ Դու դրանք կիրառել ես նախկինում և պետք է շարունակես կիրառել թե՛ ուսման ընթացքում, թե՛ այն ավարտելուց հետո։
ՊԱՀՊԱՆԻՐ ՀՈԳԵՎՈՐ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԴ
3. Ուսման տարիներին ի՞նչ խնդրի գուցե բախվես։
3 Խնդիր։ Ուսման ընթացքում նոր պարտավորություններ կունենաս, որոնք կազդեն քո առօրյայի վրա։ Բնականաբար կցանկանաս լավ սովորել, բայց վտանգ կա, որ կսկսես Եհովային ծառայելը պակաս կարևոր համարել։ Գուցե անգամ սկսես բաց թողնել հանդիպումները, անտեսել ծառայությունը, անձնական ուսումնասիրությունը և ավելի քիչ աղոթել (Հայտն. 2։4)։
4. Ի՞նչը կօգնի քեզ «զբաղված մնալ Տիրոջ գործում» (1 Կորնթացիներ 15։58)։
4 Կարդա 1 Կորնթացիներ 15։58։ Որպեսզի հնարավոր լինի պահել հեծանվի հավասարակշռությունը, այն պետք է ընթացքի մեջ լինի։ Նույն ձևով էլ դու չես կորցնի հոգևոր հավասարակշռությունդ, եթե «շարժման մեջ» լինես՝ «զբաղված մնաս Տիրոջ գործում»։ Խոսքը ոչ թե աստվածապետական գործերին որոշակի ժամանակ տրամադրելու մասին է, այլ առաջնահերթություններ դնելու։ Դու առաջին հերթին Եհովայի ծառա ես, հետո նոր աշակերտ կամ ուսանող (Մատթ. 22։37)։ Սամանտա անունով մի երիտասարդ քույր ասում է. «Ինքս ինձ խոստացա, որ եթե ուսումս երբևէ խանգարի Եհովային ծառայելուն, կթողնեմ այն»։
5. Ի՞նչ կարող ես անել, որպեսզի հոգևորապես ակտիվ մնաս։
5 Ի՞նչ կարող ես անել ուսումդ սկսելուց առաջ։ Թող առաջնահերթություններդ քեզ համար հստակ լինեն։ Մտածիր. «Ի՞նչ քայլեր եմ ձեռնարկելու, որպեսզի կանոնավոր հաճախեմ հանդիպումներին, մասնակցեմ ծառայությանը և անձնական ուսումնասիրություն անեմ» (Հեսու 1։8; Մատթ. 28։19, 20; Եբր. 10։25)։ Մտածիր նաև այն մասին, թե դպրոցական տարիներին ինչպես ես կարողացել ճիշտ առաջնահերթություններ դնել։ Եթե զգում ես, որ ինչ-որ բան կարող էիր այլ կերպ անել, այդ փոփոխություններն արա հավելյալ ուսման տարիներին։ Վճռիր այդ ընթացքում զբաղված մնալ Եհովայի գործում։ Թեև կարևոր է բավականաչափ ժամանակ տրամադրել դասերին, բայց դա չպետք է անել երկրպագության հաշվինa (Մատթ. 6։24)։
6. Ինչի՞ մասին կարող ես մտածել (տես նաև նկարը)։
6 Սովորելու տարիներին կանոնավոր, գուցե ամիսը մեկ, ինքնաքննություն արա։ Մտածիր. «Առաջնահերթություններս նո՞ւյնն են»։ Ուշադիր եղիր, որ նկատես նախազգուշական նշանները, օրինակ՝ գուցե սովորություն ես դարձրել բաց թողնել հանդիպումները, ուշանալ դրանցից կամ տեսակապով միանալ դրանց կամ էլ ժողովի ընթացքում մտածում ես տնային առաջադրանքներիդ մասին։ Նաև ուշադրություն դարձրու այն բանին, թե արդյոք առաջվա պես կանոնավոր ես աղոթում և ընթերցում Աստվածաշունչը, կամ արդյոք կարևորում ես քարոզչական ծառայությունը, թե՞ այն անում ես առանց եռանդի և ամեն անգամ ցանկանում ես հնարավորինս արագ ավարտել այն։ Եթե նման նշաններ ես նկատում, շտապ քայլեր ձեռնարկիր։ Թույլ մի՛ տուր, որ կրթությունը խանգարի քեզ Եհովային ծառայելը առաջնային համարել։
Թույլ մի՛ տուր, որ կրթությունդ խանգարի քեզ Եհովային ծառայելը կյանքում առաջնային համարել (տես պարբերություն 6)
«ՉԿՈՐՑՆԵՍ ԽՈՀԵՄՈՒԹՅՈՒՆԴ»
7. Հավելյալ կրթությունը ինչպե՞ս կարող է ազդել քո մտածելակերպի վրա։
7 Խնդիր։ Կախված նրանից, թե ինչ կրթություն կընտրես, այն կարող է ապականել քո մտածելակերպը «փիլիսոփայությամբ և սուտ ու փուչ դատողություններով», այդ թվում՝ աթեիզմի և էվոլյուցիայի տեսություններով (Կող. 2։8)։ Այն կարող է նաև խրախուսել, որ հույսդ քեզ վրա դնես։ Մի երիտասարդ եղբայր հիշում է. «Մեզ ոչ միայն հմտություն էին սովորեցնում, այլև մեր մեջ սերմանում էին այնպիսի մտածելակերպ, որը հաճախ ներդաշնակ չէր Եհովայի մտածելակերպին։ Օրինակ՝ մեզ ասում էին, որ կյանքում միայն մեր ուժերով կարող ենք հաջողության հասնել։ Նման մտածելակերպը բացառում էր Եհովայի դերը իմ կյանքում, ինչի պատճառով դժվարանում էի նրան վստահել»։
8. Ինչո՞ւ է կարևոր, որ «չկորցնես խոհեմությունդ» (Առակներ 5։1, 2)։
8 Կարդա Առակներ 5։1, 2։ Աստվածաշունչը նախազգուշացնում է «չկորցնել խոհեմությունը», քանի որ Սատանան և նրա աշխարհը անընդհատ փորձում են ապականել մեր մտածելակերպը (1 Պետ. 5։8)։ Աշխարհի ոգին կարող է մեր մեջ կասկածներ առաջացնել բարոյական չափանիշների, կյանքի ծագման և Աստծու գոյության վերաբերյալ։ Մարդիկ դրանց մասին իրենց տեսակետները կարող են ներկայացնել որպես խորիմաստ մտքեր, բայց իրականում դրանք անհեթեթ են։ Ճշմարտությունն այն է, որ այդ տեսակետները «հիմարություն են Աստծու աչքին» (1 Կորնթ. 3։18-20)։
9. Ի՞նչ կարող ես անել, որ «չկորցնես խոհեմությունդ»։
9 Ի՞նչ կարող ես անել ուսումդ սկսելուց առաջ։ Խոհեմությունդ չկորցնելու համար նախքան հավելյալ կրթություն ստանալը հավաստիացիր, որ աստվածաշնչյան ճշմարտությունների հանդեպ հավատդ ամուր է։ Մտածիր. «Ինչո՞ւ եմ հավատում Աստծուն։ Որտեղի՞ց գիտեմ, որ Աստվածաշունչը նրա Խոսքն է։ Ի՞նչն է համոզում ինձ, որ Աստծու սահմանած բարոյական չափանիշները աշխարհի բարոյական չափանիշներից գերազանց են»։ Անկասկած, դպրոցական տարիներին աշխարհը փորձել է իր մտածելակերպը հրամցնել քեզ։ Մտածիր. «Էվոլյուցիոն տեսության հանդեպ ոմանց վստահությունը սասանե՞լ է հավատս Աստծու գոյության հանդեպ։ Դասընկերներիս անմաքուր սովորությունները գրավի՞չ են եղել ինձ համար»։ Եթե կարծում ես, որ այս հարցերում կարող էիր ավելի ամուր լինել, լավ կլինի՝ ամրացնես հավատդ սուրբգրային ճշմարտությունների հանդեպ։ Վճռիր ուսման տարիներին չկորցնել խոհեմությունդ (2 Տիմոթ. 2։16-18)։b
10. Ի՞նչ պետք է շարունակ անես, որ չկորցնես խոհեմությունդ։
10 Ուսման ընթացքում կանոնավոր ինքնաքննություն արա։ Մտածիր. «Ուրիշների աստվածամերժ վարքը ազդեցություն ունենո՞ւմ է ինձ վրա։ Կարողանո՞ւմ եմ զատորոշել աշխարհի դատարկ փիլիսոփայությունը։ Լիովին համոզվա՞ծ եմ, որ միայն Աստծու թագավորությունը կարող է լուծել մարդկանց խնդիրները»։ Խոհեմությունդ չկորցնելու համար շարունակիր խորությամբ ուսումնասիրել Աստծու Խոսքը։ Աստվածաշունչն ուսումնասիրելը և դրա շուրջ խորհելը կօգնեն ամրացնել համոզվածությունդ այն բանում, որ ճիշտ կրոնն ես դավանում (1 Տիմոթ. 4։15)։
ԺԱՄԱՆԱԿԸ ԻՄԱՍՏՆՈՐԵՆ ՏՆՕՐԻՆԻՐ
11. Ուսման ընթացքում ժամանակը տնօրինելու հետ կապված ի՞նչ խնդրի գուցե բախվես։
11 Խնդիր։ Լրացուցիչ կրթությունը գուցե խլի քո ժամանակի մեծ մասը, հատկապես երբ քննության ես պատրաստվում կամ որևէ հանձնարարություն պետք է սեղմ ժամկետում ավարտես։ Եթե իմաստնորեն չտնօրինես ժամանակդ, հնարավոր է՝ հավելյալ սթրեսի ենթարկվես կամ նույնիսկ ուժասպառ լինես։ Ուստի շատ կարևոր է, որ հոգ տանես քո ֆիզիկական ու էմոցիոնալ առողջության մասին։
12. Ի՞նչ է մտնում «ժամանակը ճիշտ օգտագործելու» մեջ (Եփեսացիներ 5։15, 16)։
12 Կարդա Եփեսացիներ 5։15, 16։ «Ժամանակը ճիշտ օգտագործելը» կարող է դժվար լինել։ Ուստի պետք է հավասարակշռված լինես։ Օրինակ՝ դասերով զբաղվելուց բացի՝ անչափ կարևոր է ժամանակ հատկացնել հավատակիցների և ընտանիքի անդամների հետ շփմանը (Սաղ. 133։1; Առակ. 18։1)։ Հոգևոր կարիքներդ բավարարելը առաջնային պետք է լինի (Մատթ. 6։33)։ Գուցե նաև պետք է կատարես ընտանեկան պարտականություններդ և աշխատես ընտանիքիդ հոգ տանելու համար։ Բացի այդ՝ կարևոր է, որ հոգաս առողջությանդ մասին՝ բավականաչափ հանգստանալով և մարզանքներ անելով (Ժող. 4։6; 1 Տիմոթ. 4։8)։ Այս ամենի համար հարկավոր է ժամանակը լավ տնօրինել։
13. Ի՞նչ կարող ես անել ժամանակդ ճիշտ օգտագործելու համար։
13 Ի՞նչ կարող ես անել ուսումդ սկսելուց առաջ։ Աստվածաշնչում ասվում է, որ ծրագրեր ունենալը հաջողություն է բերում (Առակ. 21։5)։ Դա ի մտի ունենալով՝ նախքան ուսումը սկսելը հարկավոր է իրատեսական գրաֆիկ կազմել։ Ուստի մտածիր. «Դպրոցական տարիներին ինչպե՞ս էի օգտագործում ժամանակս»։ Եթե զգում ես, որ արժեր ավելի արդյունավետ օգտագործել այն, ի՞նչ փոփոխություններ կարող ես անել հիմա։ Վճռիր կառավարել ժամանակդ, որպեսզի սթրեսի չենթարկվես։c
14. Ո՞ր հարցերը կօգնեն քեզ ինքնաքննություն անելիս։
14 Ուսմանդ ընթացքում կանոնավոր ինքնաքննություն արա։ Մտածիր. «Զբաղվածությունս թույլ տալի՞ս է ինձ բավականաչափ հանգստանալ ու մարզվել։ Ժամանակ ունենո՞ւմ եմ հավատակիցներիս հետ շփվելու համար։ Կարողանո՞ւմ եմ ժամանակին կատարել տնային աշխատանքներս։ Եթե չեմ կարողանում, դրա պատճառը ծանրաբեռնվածությո՞ւնն է, թե՞ հետաձգելու սովորությունը։ Ուրիշները, այդ թվում՝ ընտանիքիս անդամները, նո՞ւյնպես տեսնում են, որ փոփոխություններ անելու կարիք ունեմ»։ Անկախ նրանից՝ գրաֆիկումդ փոփոխություններ անելու կարիք կա, թե պետք է պարզապես ավելի ինքնակարգապահ լինես, անհապաղ գործի անցիր։ Գուցե նաև խորհուրդ հարցնես այն մարդկանցից, ովքեր կարողանում են ժամանակը ճիշտ տնօրինել (Առակ. 11։14)։
ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՇՓՎԵԼ
15. Ուսման ընթացքում ուրիշ ի՞նչ խնդրի գուցե բախվես։
15 Խնդիր։ Սովորելու ընթացքում համակուրսեցիներդ գուցե ցանկանան, որ իրենց հետ հաճախ ժամանակ անցկացնես։ Դա կարող է գրավիչ լինել քեզ համար. չէ՞ որ դուք ընդհանուր շատ բաներ ունեք, հատկապես որ իրար հետ սովորելով՝ ժամանակի մեծ մասը միասին եք անցկացնում։ Հնարավոր է՝ անգամ զգաս, որ նրանց հետ ավելի շատ ընդհանրություններ ունես, քան որոշ հավատակիցների։ Սակայն հարկավոր է զգույշ լինել։ Թեև դուք նույն տեղում եք սովորում, բայց նույն արժեքները չունեք։ Որքան շատ ժամանակ անցկացնես նրանց հետ, այնքան նրանց մտածելակերպը ավելի շատ կազդի քեզ վրա (1 Կորնթ. 15։33)։ Միքայել անունով մի եղբայր, ով չորս տարի էլեկտրիկի մասնագիտություն է սովորել և միաժամանակ փորձնակ է եղել, անձամբ է համոզվել դրանում։ Նա ասում է. «Ես շաբաթական ավելի քան 40 ժամ անցկացնում էի աշխատակիցներիս հետ, ում տեսակետները հակառակ սեռի, երաժշտության և գռեհիկ խոսքի վերաբերյալ սկսել էին ազդել իմ մտածելակերպի վրա»։
16. Ի՞նչ է նշանակում շփվել իմաստունների հետ (Առակներ 13։20)։
16 Կարդա Առակներ 13։20։ Աստվածաշնչում խոսվում է վատ ընկերակցության վտանգների մասին։ Այնտեղ նաև ասվում է. «Իմաստունների հետ շփվողը իմաստուն կդառնա»։ Միտքը պարզ է. ում հետ ժամանակ ենք անցկացնում, նրա մտածելակերպն էլ որդեգրում ենք՝ թե՛ լավ, թե՛ վատ։ Ուստի մտերմություն արա նրանց հետ, ովքեր անկեղծ սրտով հետաքրքրված են քեզնով և քեզ պես սրտանց ծառայում են Եհովային (Սաղ. 101։6, 7; 119։63)։
17. Ինչպե՞ս կարող ես խուսափել վատ ընկերակցությունից։
17 Ի՞նչ կարող ես անել ուսումդ սկսելուց առաջ։ Որոշիր, թե որքան մտերիմ ես լինելու քեզ հետ սովորողների հետ և որքան ժամանակ եք անցկացնելու միասին։ Թրենտոն անունով մի Վկա ասում է. «Ես ջերմ ու ընկերական եմ համակուրսեցիներիս հետ, բայց դասերից հետո նրանց հետ ժամանակ չեմ անցկացնում։ Նրանք իմ համակուրսեցիներն են, ոչ թե մտերիմ ընկերները»։ Իսկ դո՞ւ ինչ սահմաններ կդնես։ Այս հարցին պատասխանելու համար մտածիր. «Ի՞նչ սահմաններ եմ դրել դպրոցական տարիներին»։ Եթե զգում ես, որ արժեր ավելի զգույշ լինել, ի՞նչ փոփոխություններ կարող ես անել հիմա։ Վճռիր շփվել իմաստունների հետ և չմտերմանալ նրանց հետ, ովքեր չեն սիրում Եհովային։d
18. Ո՞ր հարցերի մասին պետք է մտածես (տես նաև նկարը)։
18 Կանոնավոր ինքնաքննություն արա։ Մտածիր հետևյալ հարցերի շուրջ. «Չափից շատ մտերիմ չե՞մ ինձ հետ սովորողների հետ։ Որդեգրե՞լ եմ նրանց սովորությունները, բառապաշարն ու մտածելակերպը։ Եհովան համաձա՞յն է այս հարցերին տրված իմ պատասխաններին» (Սաղ. 1։1)։ Եթե նկատում ես, որ փոփոխություններ անելու կարիք կա, անմիջապես գործի անցիր։ Թող քո ամենամտերիմ ընկերները Եհովային սիրող մարդիկ լինեն։ Բացի այդ՝ մի՛ վարանիր քարոզել քո համակուրսեցիներին։ Դու յուրահատուկ հնարավորություն ունես օգնելու նրանց, որ իմանան ճշմարտությունը։
Մի՛ վարանիր քարոզել քեզ հետ սովորողներին (տես պարբերություն 18)e
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԻՐ
19. Ինչպե՞ս կարող ես նախապատրաստվել հաղթահարելու հոգևորին սպառնացող խնդիրները, որոնք գուցե առաջանան ուսման ընթացքում։ Բեր օրինակ։
19 Խելացի արշավորդը ճանապարհ ընկնելուց առաջ նախապատրաստվում է։ Թեև նա չի կարող կանխատեսել բոլոր դժվարությունները, սակայն փորձում է լավ մարզավիճակում լինել, հարմար հագուստ է հագնում և ունի նպատակակետ։ Դու նույնպես կարող ես նախապատրաստվել նախքան որևէ տեղ սովորելը։ Ամրացրու հավատդ, «հագիր Աստծու տված ամբողջ սպառազինությունը», և թող քո նպատակը լինի ոչ թե այս աշխարհում հաջողության հասնելը, այլ բոլոր գործերով Եհովային փառք բերելը (Եփես. 6։11-13; 1 Կորնթ. 9։26, 27; 10։31)։
20. Ինչպե՞ս կարող ես «շարունակ ստուգել, թե արդյոք հավատի մեջ ես»։
20 Ուսման ընթացքում հետևիր աստվածաշնչյան այս հորդորին. «Շարունակ ստուգեք, թե արդյոք հավատի մեջ եք, և շարունակ պարզեք, թե ովքեր եք դուք» (2 Կորնթ. 13։5)։ Կանոնավոր ինքնաքննություն արա այս հոդվածում նշված հարցերի շուրջ։ Հետևո՞ւմ ես հոգևոր սովորություններիդ։ Պաշտպանո՞ւմ ես միտքդ այս աշխարհի այսպես կոչված իմաստությունից։ Խելամտորե՞ն ես տնօրինում ժամանակդ։ Հեռո՞ւ ես մնում վատ ընկերակցությունից և մտերմություն անո՞ւմ ես հավատակիցներիդ հետ։ Պետք է խորհես այս հարցերի շուրջ՝ անկախ նրանից՝ ուսումնական հաստատությունում ես, աշխատավայրում, թե այլուր։ Վճռիր ամուր պահել հավատդ, ինչ հանգամանքներում էլ որ լինես։ Համոզված եղիր, որ Եհովան կօրհնի քո ջանքերը (Առակ. 3։5, 6)։
ԵՐԳ 87 Ե՛կ, թարմությո՛ւն ստացիր
a Առաջարկներ այն մասին, թե ինչպես զբաղված մնալ Եհովային մատուցվող ծառայության մեջ, կարող ես գտնել jw.org կայքում հրապարակված «Ի՞նչ պետք է անեմ մկրտությունից հետո (մաս 1)։ Կանգ մի՛ առ» հոդվածում։
b Առաջարկներ այն մասին, թե ինչպես չկորցնել խոհեմությունը, կարող ես գտնել «Դիտարանի» 2019 թ. մայիսի թողարկման «Մի՛ խաբվիր «այս աշխարհի իմաստությամբ»» հոդվածում։
c Առաջարկներ այն մասին, թե ինչպես կազմակերպել առօրյան, կարող ես գտնել «Երիտասարդները հարցնում են» հոդվածաշարի «Ինչպե՞ս կարող եմ տնօրինել ժամանակս» հոդվածը jw.org կայքում։
d Առաջարկներ այն մասին, թե ինչպես իմաստուն ու զգույշ լինել ընկերներ ընտրելու հարցում, կարող ես գտնել «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի 48-րդ դասում, որի վերնագիրն է՝ «Իմաստությամբ ընկերներ ընտրիր»։
e ՆԿԱՐ։ Վարսահարդարման դասընթաց անցնող քույրը նրբանկատորեն քարոզում է իր հետ սովորող մի աղջկա։