Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w26 մայիս էջ 8–13
  • Կրթիր խիղճդ աստվածաշնչյան սկզբունքներով

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կրթիր խիղճդ աստվածաշնչյան սկզբունքներով
  • 2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞ՆՉ Է ԽԻՂՃԸ
  • ԻՆՉՊԵՍ ԿՐԹԵՆՔ ՄԵՐ ԽԻՂՃԸ
  • ԻՆՉՊԵՍ ԳՏՆԵՆՔ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
  • ՓԱՍՏԵՆՔ, ՈՐ ԼԱՎ ԿՐԹՎԱԾ ԽԻՂՃ ՈՒՆԵՆՔ
  • Մաքուր խիղճ Աստծու առաջ
    Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
  • Ինչպես կարող ես մաքուր խիղճ ունենալ
    «Մնա Աստծու սիրո մեջ»
  • Ինչպե՞ս կայացնել ճիշտ որոշումներ
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Խիղճդ մարզիր Աստծու օրենքների և սկզբունքների համաձայն
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w26 մայիս էջ 8–13

ՀՈՒԼԻՍԻ 13-19, 2026

ԵՐԳ 127 Ինչպիսի մարդ պետք է լինեմ

Կրթիր խիղճդ աստվածաշնչյան սկզբունքներով

«Յուրաքանչյուր մարդ իր բեռը պետք է կրի» (ԳԱՂ. 6։5)։

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ

Ինչպես կարող են աստվածաշնչյան սկզբունքները օգնել մեզ կրթել մեր խիղճը այնպես, որ այն ճիշտ գործի։

1-2. ա) Ի՞նչ պարգև էին ստացել Ադամն ու Եվան։ բ) Ինչպե՞ս նրանք պետք է ցույց տային իրենց երախտագիտությունը դրա համար։

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ գործում են բնազդով։ Շատ սարքավորումներ ծրագրավորված են կատարելու կոնկրետ գործողություններ։ Բայց մարդիկ տարբերվում են կենդանիներից ու սարքավորումներից։ Մենք ստեղծված ենք յուրահատուկ պարգևով, պարգև, որը շատ թանկ է մեզ՝ քրիստոնյաներիս համար։ Այդ պարգևը ազատ կամքն է՝ անձնական որոշումներ կայացնելու և ընտրություն կատարելու հնարավորությունը։ Աստվածաշնչից իմանում ենք, որ առաջին մարդը՝ Ադամը, Աստծու պատկերով, կամ՝ նմանությամբ է ստեղծվել (Ծննդ. 1։26, 27)։ Ադամին և նրա կնոջը՝ Եվային, որպես բանական էակների, հնարավորություն էր տրվել կայացնելու որոշումներ։

2 Եհովան Ադամին ու Եվային օրենքների երկար ցուցակ չէր տվել։ Նա պարզապես պատվիրել էր հոգ տանել երկրի մասին, այն լցնել իրենց սերունդներով և հարգել ողջամիտ սահմանափակումներ դնելու իր իրավունքը (Ծննդ. 1։28; 2։16, 17)։ Իսկ Ադամն ու Եվան ինչպե՞ս պետք է ցույց տային իրենց գնահատանքը այն անձնավորության հանդեպ, ով տվել էր իրենց այդ պարգևը՝ ազատ կամքը։ Հաշվի առնելով, թե որքան բան էր Եհովան տվել նրանց՝ նրանք պետք է հնազանդվեին վերոնշյալ պատվերներին և դա անեին՝ Եհովայի հանդեպ սիրուց ու նրան ուրախացնելու ցանկությունից մղված (Առակ. 23։15)։

3. Ադամն ու Եվան ինչպե՞ս գործի դրեցին իրենց ազատ կամքը։

3 Ինչպես իմանում ենք Աստվածաշնչից, Ադամն ու Եվան իրենց ազատ կամքը իմաստնորեն գործի չդրեցին. նրանք որոշեցին չհնազանդվել Եհովային։ Պարզ է, որ նրանց որոշման հիմքում ընկած չէին Եհովայի հանդեպ սերն ու գնահատանքը, այլ նրանք առաջնորդվում էին եսասիրությամբ (Ծննդ. 3։1-7)։ Մենք մինչ օրս կրում ենք նրանց որոշման աղետալի հետևանքները (Հռոմ. 5։12)։

4. ա) Գաղատացիներ 6։5-ի համաձայն՝ ի՞նչ պետք է անենք։ բ) Ուրիշ ի՞նչ պարգևի մասին կխոսենք այս հոդվածում։

4 Այսօր մեր կյանքը հեշտ չէ, քանի որ ամեն օր պետք է բազմաթիվ որոշումներ կայացնենք (կարդա Գաղատացիներ 6։5)։ Կան որոշումներ, որ համեմատաբար հեշտ է կայացնել, բայց կան այնպիսիք էլ, որոնք կայացնելը բարդ է։ Իսկ ի՞նչ կարող ենք անել, որ մեր որոշումները հաճելի լինեն Եհովային։ Առաջին հերթին պետք է ընդունենք, որ մեզ անհրաժեշտ է Եհովայի օգնությունը (Առակ. 16։3; Երեմ. 10։23)։ Նույնիսկ Հիսուսը, ով կատարյալ էր, Աստծու օգնության կարիքն ուներ (Եբր. 5։7)։ Լինելով անկատար՝ մենք ուղղորդման կարիք ավելի շատ ունենք։ Այժմ խոսենք Աստծու տված մեկ այլ պարգևի մասին, որը կօգնի մեզ ճիշտ որոշումներ կայացնել։ Դա մեր խիղճն է։

Ի՞ՆՉ Է ԽԻՂՃԸ

5. ա) Ի՞նչ է խիղճը։ բ) Ինչպե՞ս է խիղճը օգնում մեզ (Հռոմեացիներ 2։14, 15)։

5 Խիղճը ներքին զգացում է, որը հուշում է, թե ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ։ Նույնիսկ Աստծու օրենքներին անտեղյակ մարդիկ խիղճ ունեն (2 Կորնթ. 4։2)։ Խիղճը ասես դատավոր լինի, որը կամ մեղադրում է կամ արդարացնում մեզ մեր մտքերի և արարքների համար (կարդա Հռոմեացիներ 2։14, 15)։ Այն կարող է նախազգուշացնել, որ սխալ բան չանենք (1 Սամ. 26։8-11)։ Նաև կարող է մղել, որ ճիշտն անենք։ Միայն ազատ կամք ունենալը դեռ երաշխիք չէ, որ մեր բոլոր որոշումները հաճելի կլինեն Եհովային։ Մեր խիղճն է, որ օգնում է զատորոշել ճիշտ և սխալ որոշումները։

6. Ինչո՞ւ միշտ չէ, որ մեր խիղճն օգնում է մեզ ճիշտ որոշումներ կայացնել։

6 Միշտ չէ, որ մեր խիղճն օգնում է մեզ ճիշտ որոշումներ կայացնել։ Քանի որ մենք անկատար ենք, մեր խիղճն էլ է անկատար։ Մեր դաստիարակությունը, մշակույթը և մեղսավոր ցանկությունները բացասաբար են ազդում դրա վրա։ Աստվածաշնչում գրված է, որ խիղճը կարող է լինել «ոչ հասուն», «ապականված», «դաղված, ասես շիկացած երկաթով» և նույնիսկ «մեղավոր» (1 Կորնթ. 8։12; Տիտոս 1։15; 1 Տիմոթ. 4։2; Եբր. 10։22)։ Այդպիսի խիղճը ճիշտ չի գործում։ Այն նման է անսարք կշեռքի, որը հարկավոր է վերանորոգել։ Հետևաբար պետք է մեր խիղճը պատշաճ կերպով կրթենք, որպեսզի այն ճիշտ գործի (1 Պետ. 3։16)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք անել դա։

ԻՆՉՊԵՍ ԿՐԹԵՆՔ ՄԵՐ ԽԻՂՃԸ

7-8. ա) Ի՞նչը կօգնի մեզ կրթել մեր խիղճը։ բ) Աստվածաշնչյան սկզբունքներն ինչպե՞ս են ուղղորդում մեզ։ Բացատրիր (տես նաև նկարը)։

7 Ինչպե՞ս կարող ենք կրթել մեր խիղճը։ Մենք պետք է կանոնավոր կարդանք Աստվածաշունչը և իմանանք, թե Եհովայի տեսանկյունից ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ։ Աստծու օրենքներն ուսումնասիրելը կօգնի մեզ ըմբռնել նրա մտածելակերպը։ Բայց ինչպես նշվեց նախորդ հոդվածում, օրենքի կիրառությունը կարող է սահմանափակ լինել։ Այդ պատճառով մենք պետք է նաև սկզբունքներ փնտրենք, քանի որ դրանց շնորհիվ ավելի լայն պատկերացում կկազմենք այն մասին, թե Եհովան ինչ է մտածում կամ զգում (Ես. 55։9)։

8 Մեր կյանքը ճամփորդություն է։ Այն կարելի է նմանեցնել անապատով քայլելուն, որտեղ չկան հստակ առանձնացված ճանապարհներ, արահետներ կամ ճանապարհային նշաններ։ Արևի և աստղերի դիրքով կարող ենք կողմնորոշվել, թե որ ուղղությամբ գնանք մեր նպատակակետին հասնելու համար։ Բայց ավելի օգտակար կլինի ձեռքի տակ ունենալ մի քարտեզ, որում նշված կլինեն կոնկրետ կողմնորոշիչ պայմանական նշաններ։ Այդպիսի քարտեզով ուղղորդվելով՝ կհավաստիանանք, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում, և եթե շեղվենք ուղուց, կնկատենք դա։ Մեր կյանքի նպատակը Եհովային հաճելի մարդ լինելն է։ Աստվածաշունչը քարտեզի նման մեզ կոնկրետ ուղղություն է տալիս։ Սուրբգրային սկզբունքները նման են կողմնորոշիչ պայմանական նշանների։ Եթե ապրենք այդ սկզբունքների համաձայն, կարող ենք վստահ լինել, որ կհասնենք մեր նպատակակետին։

Ճամփորդը անապատում նայում է քարտեզի կողմնորոշիչ պայմանական նշաններին, որպեսզի հավաստիանա, որ ճիշտ ուղղությամբ է գնում։

Սուրբգրային սկզբունքները նման են կողմնորոշիչ պայմանական նշանների, որոնց շնորհիվ վստահ ենք լինում, որ ճիշտ ուղով ենք գնում (տես պարբերություն 8)


9. Հռոմեացիներ 9։1-ի համաձայն՝ ուրիշ ի՞նչը կօգնի մեզ կրթել մեր խիղճը։

9 Մեր խիղճը ճիշտ կրթելու համար մեզ Աստծու սուրբ ոգու օգնությունն է պետք (կարդա Հռոմեացիներ 9։1)։ Սուրբ ոգին կօգնի մեզ հասկանալ այս կամ այն հարցի վերաբերյալ Աստծու տեսակետը։ Այն նաև կարող է մեր մեջ ցանկություն առաջացնել և ուժ տալ, որ վարվենք Եհովայի կամքին ներդաշնակ (Փիլիպ. 2։13)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք ստանալ Եհովայի ոգու օգնությունը։

10. Ինչպե՞ս կարող ենք ստանալ սուրբ ոգու օգնությունը (Ղուկաս 11։10, 13)։

10 Աղոթիր սուրբ ոգու օգնությունը ստանալու համար (կարդա Ղուկաս 11։10, 13)։ Մենք կարող ենք վստահ լինել, որ Եհովան միշտ առատաձեռնորեն տալիս է իր սուրբ ոգին նրանց, ովքեր հնազանդվում են իրեն (Հովհ. 3։34; Առակ. 1։23; Հակ. 1։5)։ Այժմ տեսնենք, թե էլ ինչը կօգնի մեզ կրթել մեր խիղճը։

11. ա) Ո՞րը պետք է լինի մեր կյանքի գլխավոր նպատակը։ բ) Ինչո՞ւ պետք է վստահ լինենք, որ մեր խիղճը կրթված է և ճիշտ է գործում։

11 Միշտ ձգտիր ունենալ Եհովայի հավանությունը (Առակ. 8։34, 35)։ Դա պետք է լինի մեր կյանքի գլխավոր նպատակը։ Եթե հիշենք այդ նպատակի մասին, ինչ իրավիճակում էլ որ հայտնվենք, այն կօգնի մեզ կրթել մեր խիղճը։ Լավ կրթված խիղճ ունենալ նշանակում է մտածել Եհովայի նման և հաշվի առնել նրա զգացումները։ Երբ մտածում ենք այն մասին, թե որքան բարդ է կյանքը, հասկանում ենք, որ լավ կրթված խիղճ ունենալը շատ կարևոր է։ Մենք հաճախ բախվում ենք այնպիսի հարցերի, որոնց մասին Աստվածաշունչը հստակ բան չի ասում։ Դրանք կարող են վերաբերել ժամանցին, աշխատանքին, կրթությանը կամ ուրիշների հետ ունեցած հարաբերություններին։ Բայց ինչպե՞ս վստահ լինենք, որ նման հարցերի վերաբերյալ մեր կայացրած որոշումները հաճելի են Եհովային (2 Կորնթ. 1։12)։

12. Ի՞նչը կօգնի հասկանալ, թե արդյոք մեր խիղճը ճիշտ է ուղղորդում մեզ (Եփեսացիներ 5։10)։

12 Խորհիր Աստծու Խոսքից ընթերցածի մասին (Սաղ. 49։3)։ Աստվածաշունչն ընթերցելիս հարկավոր է փնտրել սկզբունքներ, որոնց շնորհիվ կկարողանանք հասկանալ Եհովայի մտածելակերպը (կարդա Եփեսացիներ 5։10)։ Ծանր խնդիրներ դիմագրավելիս այդ սկզբունքները կօգնեն մեզ հասկանալ, թե արդյոք մեր խիղճը ճիշտ է ուղղորդում մեզ (Առակ. 2։4-9, 11-13)։ Դրանց շնորհիվ կկարողանանք փոփոխություն անել և մեր խիղճն այնպես կրթել, որ իմաստուն որոշում կայացնենք (Եբր. 5։14)։

13. Ի՞նչ չպետք է անենք։ Բացատրիր։

13 Որոշում մի՛ կայացրու և հետո նոր դրան թիկունք կանգնող սկզբունքներ փնտրիր։ Մենք չպետք է ընդօրինակենք իսրայելացիներին, որոնք Երուսաղեմի կործանումից հետո, որը տեղի ունեցավ մ.թ.ա. 607-ին, մնացին Հուդայում։ Նրանք Երեմիային ասացին. «Թող քո Աստված Եհովան մեզ ասի, թե որ ճանապարհով գնանք և ինչ անենք» (Երեմ. 42։3-6)։ Բայց նրանք արդեն որոշել էին, թե ինչ էին անելու։ Երբ Եհովայի ասածը նրանց դուր չեկավ, նրանք արեցին այն, ինչ ի սկզբանե որոշել էին։ Հետևանքը աղետալի եղավ (Երեմ. 42։19-22; 43։1, 2, 4)։ Ուստի նախքան որոշում կայացնելը մենք պետք է աստվածաշնչյան սկզբունքներ փնտրենք, որոնք կբացահայտեն Եհովայի մտածելակերպը, այնուհետև վարվենք դրան ներդաշնակ։

14. Որոշումներ կայացնելիս ինչո՞ւ է կարևոր կիրառել աստվածաշնչյան սկզբունքները։

14 Որոշումներ կայացրու աստվածաշնչյան սկզբունքների հիման վրա (Մատթ. 7։24-29; Հակ. 1։23-25)։ Եթե սկզբունքներով առաջնորդվելով որոշումներ կայացնենք, թույլ կտանք, որ սուրբ ոգին ուղղորդի մեզ։ Այդպես Եհովան շարունակ կտա մեզ իր ոգին (Գործ. 5։32)։ Իսկ եթե թույլ չտանք, որ ոգին ուղղորդի մեզ, դեմ կգնանք դրան և ի վերջո գուցե «տրտմեցնենք» այն (Եփես. 4։30; Ես. 63։10; Գործ. 7։51)։ Այդ դեպքում Եհովան հնարավոր է՝ նույնիսկ մեզ զրկի իր ոգուց (Սաղ. 51։11; 1 Թեսաղ. 5։19)։ Դա սարսափելի կլինի, քանի որ զորանալու և ուժ ստանալու համար մենք սուրբ ոգու կարիքն ունենք (Եփես. 3։16)։

ԻՆՉՊԵՍ ԳՏՆԵՆՔ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

15-16. ա) Ինչպե՞ս կարող ենք գտնել համապատասխան սկզբունքներ։ բ) Ո՞ր սկզբունքները կօգնեն Աստվածաշունչ ուսումնասիրողին ծխախոտից հրաժարվելու ուժ գտնել։

15 Օգտվիր ուսումնասիրության համար նախատեսված գործիքներից։ Որպեսզի կիրառենք սկզբունքները, պետք է կարողանանք գտնել դրանք։ Ենթադրենք՝ Աստվածաշունչ ուսումնասիրողը չի հասկանում, թե ինչու պետք է հրաժարվի ծխելուց։ Նա գուցե մտածում է. «Ծխելու մասին Աստվածաշնչում ոչինչ նշված չէ։ Ինչպե՞ս իմանամ, որ դա սխալ է»։ Կարող ենք համապատասխան սկզբունքներ գտնել և օգնել նրան հասկանալու, որ ծխելը սխալ է։ Արդյունավետ գործիքներից մեկը, որ կօգնի այդ հարցում, «Փնտրտուքների ուղեցույց Եհովայի վկաներ համար» ձեռնարկն է։ Նրա ուշադրությունը կարող ենք հրավիրել «Ծխախոտ» վերնագրի ներքո նշված «Ո՞րն է Աստծու տեսակետը ծխելու վերաբերյալ» հոդվածի վրա (տես «Դիտարանի» 2014 թ. հունիսի 1-ի թողարկումը)։ Հոդվածում ի՞նչ սուրբգրային համարներ ու սկզբունքներ կգտնի նա։

16 Քննենք այդ հոդվածում նշված հինգ սկզբունք։ 1) Մենք չպետք է ծառա լինենք մի բանի, որը մահվան է տանում (Հռոմ. 6։16)։ 2) Պետք է հրաժարվենք ցանկացած բանից, ինչը պղծում է մարմինը (2 Կորնթ. 7։1)։ 3) Եհովան ուզում է, որ ամբողջ հոգով ծառայենք իրեն (Մատթ. 22։37)։ 4) Մեր արարքներով չպետք է վնասենք ուրիշներին (Մատթ. 22։39; 1 Կորնթ. 10։24)։ 5) Եհովան կարող է ուժ տալ մեզ, որ ճիշտն անենք (Փիլիպ. 4։13)։ Այսպիսով՝ թեև Աստվածաշնչում ծխելու մասին կոնկրետ բան նշված չէ, այնտեղ գրված սկզբունքները կարող են օգնել ուսումնասիրողին հասկանալ Եհովայի մտածելակերպը։

17. Իր հարսանիքը պլանավորող Վկա զույգը ինչպե՞ս կարող է համապատասխան սկզբունքներ գտնել։

17 Իր հարսանիքը պլանավորող Վկա զույգը ինչպե՞ս կարող է գտնել համապատասխան սկզբունքներ, որոնք կօգնեն ճիշտ որոշումներ կայացնել։ Նորից օգնության է հասնում «Փնտրտուքների ուղեցույցը»։ «Հարսանիք» վերնագրի տակ կան մի շարք հոդվածներ, որոնցում ընդգրկված են համապատասխան սկզբունքներ։ Քննենք դրանցից վեցը։ 1) Հարսանիքի համար կազմակերպված ցանկացած բան պետք է պատիվ բերի Եհովային (1 Կորնթ. 10։31, 32)։ 2) Մեր հագուստը պետք է լինի պատշաճ, համեստ և ոչ ճչացող (1 Տիմոթ. 2։9; 1 Պետ. 3։3, 4)։ 3) Պետք է խուսափենք ցուցադրական բաներից, որոնք հատուկ են Սատանայի աշխարհին (Հովհ. 17։14; Հակ. 1։27; 1 Հովհ. 2։15, 16)։ 4) Ամեն բան պետք է կարգ ու կանոնով լինի (1 Կորնթ. 14։40)։ 5) Հարսանեկան խնջույքը չպետք է սանձարձակ խրախճանք լինի, որն ուղեկցվում է հարբեցողությամբ (Գաղ. 5։21)։ 6) Մեկին պետք է նշանակել խնջույքի պատասխանատու (Հովհ. 2։8, 9)։

18-19. ա) Ուրիշ ի՞նչ գործիք կա, որից կարող ենք օգտվել։ բ) Այս գործիքից օգտվելով՝ ի՞նչ սկզբունքներ կարող ես գտնել, որոնք կօգնեն տոների հետ կապված որոշումներ կայացնել (տես «Կարո՞ղ ես համապատասխան սկզբունքներ գտնել» շրջանակը)։

18 Մեկ այլ օգտակար գործիք է «Քրիստոնյայի կյանքին առնչվող աստվածաշնչյան համարներ» ձեռնարկը։ Այս հրատարակության մեջ բազմաթիվ թեմաների վերաբերյալ մի շարք սուրբգրային համարներ կան։ Որոշ թեմաների տակ կան հարցեր և սուրբգրային այնպիսի համարներ, որոնք կարող են օգնել բացահայտելու աստվածաշնչյան սկզբունքները։ Օրինակ՝ քրիստոնյան գուցե մտածի, թե արդյոք արժե մասնակցել այս կամ այն տոնակատարությանը։ Իր հարցի պատասխանը ստանալու համար նա կարող է ուշադրություն դարձնել «Տոներ, հիշատակի օրեր» թեմայի տակ գտնվող «Քրիստոնյաների համար անընդունելի տոնակատարություններ» ենթավերնագրին։

19 Նկատի առնենք այնտեղ բերված մի հարց. «Ինչո՞ւ է սխալ մասնակցել կեղծ կրոնի հետ կապ ունեցող ցանկացած տոնակատարության (1 Կորնթ. 10։21; 2 Կորնթ. 6։14-18; Եփես. 5։10, 11)»։ Այս հարցի տակ նշվում են նման տոնակատարությունների մասին արձանագրություններ։ Իսկ «Հայրենասիրական տոնակատարություններ» ենթավերնագրի տակ բերված են սկզբունքներ, որոնք քրիստոնյան պետք է հաշվի առնի, երբ հարց է ծագում, թե արդյոք արժե նշել ազգի քաղաքական պատմության հետ կապված իրադարձությունները, պատերազմներին նվիրված հիշատակի օրերը կամ մասնակցել արարողությունների, որոնց ժամանակ երկրպագելու աստիճան մեծարվում են անվանի մարդիկ։ Որքա՜ն շնորհակալ ենք Եհովայի կազմակերպությանը, որ մեզ տվել է այսպիսի գործիքներ, որոնք օգնում են կրթել մեր խիղճը։

Կարո՞ղ ես համապատասխան սկզբունքներ գտնել

«Քրիստոնյայի կյանքին առնչվող աստվածաշնչյան համարներ» ձեռնարկում կան տարբեր թեմաների վերաբերյալ բազմաթիվ սկզբունքներ։ Ընտանեկան երկրպագության ժամանակ լավ կլինի ուշադրություն դարձնել ստորև նշված թեմաների հետ կապված աստվածաշնչյան սկզբունքներին։

  • Ալկոհոլի օգտագործում

  • Ազնվություն

  • Աշխարհի հետ ընկերություն

  • Ժամանց

  • Կռապաշտություն

  • Կրոնների միախառնում

  • Ներում

  • Չեզոքություն

  • Պոռնկագրություն

  • Սուտ

  • Վատ արարքներ

  • Տարաձայնություններ

  • Փող

ՓԱՍՏԵՆՔ, ՈՐ ԼԱՎ ԿՐԹՎԱԾ ԽԻՂՃ ՈՒՆԵՆՔ

20. Ինչի՞ց կերևա, որ մեր խիղճը լավ ենք կրթել։

20 Մենք գնահատում ենք մեզ տրված պարգևը՝ ազատ կամքը։ Բայց նաև գիտակցում ենք, որ պետք է կրթենք մեր խիղճը, որպեսզի կարողանանք պատասխանատվությամբ վերաբերվել մեր ազատ կամքը գործի դնելուն։ Լավ կրթված խիղճը կօգնի մեզ այնպիսի որոշումներ կայացնել, որոնք պատիվ կբերեն Եհովային ու ներդաշնակ կլինեն նրա կամքին։ Այս նպատակին հասնելու համար մեզ անհրաժեշտ է Եհովայի սուրբ ոգու օգնությունը։ Ուստի պետք է շարունակենք նրանից խնդրել այն և առաջնորդվել դրանով։ Աստվածաշնչյան սկզբունքները նույնպես կօգնեն մեզ կրթել մեր խիղճը։ Թող որ ճիշտ օգտագործենք այս պարգևները և մեր կյանքում կտեսնենք Աստծու Խոսքի զորությունը (2 Տիմոթ. 3։16, 17; Եբր. 4։12)։

Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ

  • Ի՞նչ է խիղճը։

  • Ինչպե՞ս կարող ենք կրթել մեր խիղճը։

  • Որոշումներ կայացնելիս ինչպե՞ս կարող են աստվածաշնչյան սկզբունքները օգնել մեզ։

ԵՐԳ 135 Եհովայի ջերմ կոչը. «Որդի՛ս, իմաստուն եղիր»

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը