Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w26 մայիս էջ 2–7
  • Աստվածաշնչյան սկզբունքներ. ինչո՞ւ են դրանք կարևոր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստվածաշնչյան սկզբունքներ. ինչո՞ւ են դրանք կարևոր
  • 2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞ՆՉ Է ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ
  • ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԿԱՐԵՎՈՐ
  • ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
  • ՎՃՌԻՐ ԱՊՐԵԼ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՈՎ
  • Կրթիր խիղճդ աստվածաշնչյան սկզբունքներով
    2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Աստծո սկզբունքներով առաջնորդվեք
    2002 Դիտարան
  • Որոշումներիցդ երևո՞ւմ է, որ ապավինում ես Եհովային
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
  • Ինչո՞վ են օգտակար Աստվածաշնչի սկզբունքները
    Բարի լուր Աստծուց
Ավելին
2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w26 մայիս էջ 2–7

ՀՈՒԼԻՍԻ 6-12, 2026

ԵՐԳ 98 Ամբողջ Գիրքը Աստծու ներշնչմամբ է գրված

Աստվածաշնչյան սկզբունքներ. ինչո՞ւ են դրանք կարևոր

«Ձեր մարմինները Աստծուն տաք.... սուրբ ծառայություն մատուցեք նրան՝ գործի դնելով ձեր բանականությունը» (ՀՌՈՄ. 12։1)։

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ

Ինչ է սկզբունքը, և Աստվածաշունչ ընթերցելիս ինչպես կարող ենք բացահայտել սկզբունքները։

1-2. ա) Ինչո՞ւ է Աստվածաշունչը համարվում հնամենի գիրք։ բ) Աստվածաշունչն ինչո՞ւ է մինչ օրս արդիական։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ հնամենի գիրք է։ Դրա գրությունը սկսվել է մոտ 3 500 տարի առաջ և ավարտվել է մոտ 2 000 տարի առաջ։ Այդուհանդերձ, դրանում պարփակված «Աստծու խոսքը» մինչ օրս կենդանի է և զորեղ ազդեցություն ունի (Եբր. 4։12; 2 Տիմոթ. 3։16, 17)։ Միլիոնավոր մարդիկ վկայում են, որ Աստվածաշունչն իրենց օգնել է ճիշտ որոշումներ կայացնել ու երջանիկ լինել։

2 Բայց ինչպե՞ս կարող է այդքան հին գիրքը այսօր արդիական լինել։ Հիմնականում երկու բանի շնորհիվ։ Առաջին՝ Աստվածաշնչի հեղինակը «կենդանի Աստվածն» է՝ Արարիչը, ով ամենաիմաստունն է (1 Տիմոթ. 4։10; Հռոմ. 16։26, 27)։ Երկրորդ՝ Աստվածաշնչում այնպիսի սկզբունքներ են գրված, որոնց վրա ժամանակը իշխանություն չունի։ Դրանք միշտ օգտակար են՝ անկախ նրանից, թե մարդը որ դարաշրջանում է ապրում և ինչ խնդիրների է բախվում։

3. Ո՞ր հարցերի պատասխանները կիմանանք այս հոդվածում։

3 Ի՞նչ է աստվածաշնչյան սկզբունքը։ Ինչո՞ւ են սկզբունքները շատ կարևոր մեզ համար այսօր։ Աստվածաշունչն ընթերցելիս ինչպե՞ս կարող ենք բացահայտել դրանք։ Այս հոդվածում կքննենք նշված երեք հարցերը և կտեսնենք, թե Հիսուսի սովորեցրածները ինչպես են ընդգծում սկզբունքների արժեքը։

Ի՞ՆՉ Է ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ

4. Ի՞նչ է աստվածաշնչյան սկզբունքը։

4 Աստվածաշնչյան սկզբունքները հիմնարար ճշմարտություններ են, որոնց վրա հիմնված են Աստծու տված օրենքները (Մատթ. 22։37)։ Սկզբունքները, սակայն, օրենքներից գերադաս են։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Օրենքների կիրառությունը կարող է սահմանափակ լինել։ Դրանք գուցե տրվեն որոշակի ժամանակահատվածի կամ իրավիճակի համար։ Իսկ սկզբունքները արտացոլում են Եհովայի մտածելակերպը ավելի լայն իմաստով։ Կարելի է ասել՝ սկզբունքները օրենքները տալու պատճառն են. Եհովայի տված ցանկացած օրենքի համար հիմնավոր պատճառ կա։ Սկզբունքները, որոնց վրա հիմնված են օրենքները, կիրառելի են մի շարք հանգամանքներում և միշտ ժամանակահարմար են (Սաղ. 119։111)։ Օրենքները կարող են փոխվել, բայց սկզբունքները անփոփոխ են և չեն հնանում (Ես. 40։8)։

5. Ո՞ր օրինակով կարող ենք բացատրել օրենքների և սկզբունքների միջև եղած տարբերությունը (տես նաև նկարները)։

5 Օրենքների և սկզբունքների միջև եղած տարբերությունը ավելի լավ հասկանալու համար մի օրինակ բերենք։ Մայրը իր փոքրիկին ասում է՝ «Գազօջախին չդիպչե՛ս»։ Սա հրահանգ է, կամ՝ օրենք։ Բայց այդ օրենքի հիմքում ընկած սկզբունքը կամ տրամաբանությունը հետևյալն է. «Ոչ մի տաք բանի մի՛ դիպիր, թե չէ կվնասվես»։ Այդ սկզբունքը չի վերաբերում միայն գազօջախին դիպչելուն, այլ վերաբերում է նաև արդուկին, վառարանին կամ որևէ այլ տաք բանի դիպչելուն։ Այն կիրառելի է ոչ միայն տանը, այլև ամենուր։ Ինչ խոսք, երբ երեխան մեծանա, ակներևաբար կօգտվի գազօջախից։ Այնուամենայնիվ, դրան դիպչելիս նա զգույշ կլինի, որ չվնասվի։ Այսպիսով՝ միտքը հետևյալն է. օրենքը կարող է փոխվել, բայց դրա հիմքում ընկած սկզբունքը՝ ոչ։

Համակցված նկարներ։ Խոհանոցում մայրն իր որդու հետ ճաշ է պատրաստում։ 1. Մայրը ճաշ պատրաստելիս զգուշացնում է իր տղային չդիպչել տաք գազօջախին։ 2. Տարիներ անց նա ուտելիք է պատրաստում իր որդու հետ։ Որդին գազօջախի վրա ճաշ է եփում։

Օրենքը գուցե փոխվի, բայց դրա հիմքում ընկած սկզբունքը՝ ոչ (տես պարբերություն 5)


ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԿԱՐԵՎՈՐ

6. ա) Ի՞նչ է անում Եհովան իր Խոսքի միջոցով։ բ) Ինչպե՞ս է Եհովան պատվել մեզ։

6 Սիրուց մղված՝ Եհովան մեզ ուղղորդում է օրենքների միջոցով, որպեսզի խուսափենք վտանգներից (Հակ. 2։11)։ Բացի այդ՝ նա օգնում է մեզ հասկանալ այդ օրենքների հիմքում ընկած սկզբունքները կամ տրամաբանությունը։ Իր Խոսքի միջոցով նա մեզ ուղղություն է տալիս կյանքի այնպիսի ոլորտներում, որոնց հետ կապված գուցե կոնկրետ օրենքներ չկան։ Աստվածաշնչյան սկզբունքները օգնում են իմաստուն որոշումներ կայացնել և անել այն, ինչ ճիշտ է։ Այդ սկզբունքները տալով՝ Եհովան պատվել է մեզ և հնարավորություն ընձեռել կայացնելու որոշումներ, որոնցով փաստում ենք մեր սերը նրա և նրա սահմանած չափանիշների հանդեպ (Գաղ. 5։13)։

7. Ո՞ր օրինակն է ընդգծում աստվածաշնչյան սկզբունքների կարևորությունը (տես նաև նկարը)։

7 Հասկանալու համար, թե ինչպես են աստվածաշնչյան սկզբունքները օգնում մեզ, մտածենք հետևյալ օրինակի շուրջ։ Որոշ երկրներում մայրուղիների երկայնքով տեղադրված են ճանապարհային նշաններ։ Այդ նշաններից շատերը տեղեկացնում են օրենքների մասին, որոնք անտեսելով՝ կտուգանվենք։ Այս նշանների վրա կարող է գրված լինել, թե որն է թույլատրելի առավելագույն արագությունը, կամ թե երբ պետք է մեքենան կանգ առնի։ Սակայն կան նաև նշաններ, որոնք վարորդներին նախազգուշացնում են հավանական վտանգների մասին։ Օրինակ՝ նշանը կարող է տեղեկացնել, որ ճանապարհը հնարավոր է սայթաքուն լինի կամ ճանապարհին գուցե վայրի կենդանիներ լինեն։ Փորձառու վարորդը, վտանգի մասին նշանը տեսնելով, առողջ դատողություն է դրսևորում և զգույշ է վարում մեքենան։ Իսկ անձրևի կամ ձյան ժամանակ՝ վտանգավոր պայմաններում, հավելյալ զգուշություն է դրսևորում։ Նմանապես՝ թեև քրիստոնյաները չեն դրսևորի այնպիսի վարք, որն Աստծու Խոսքը դատապարտում է, բայց նաև կխուսափեն ցանկացած մտածելակերպից կամ արարքից, որը կարող է հանգեցնել Աստծու օրենքները ոտնահարելուն։ Իսկ դրա համար, ինչ խոսք, առողջ դատողություն է հարկավոր։

Գիշերը մեքենան ընթանում է լեռնային ոլորապտույտ ճանապարհով։ Մեքենայի լուսարձակները լուսավորում են ճանապարհին տեղադրված նախազգուշական նշանները։

Ճանապարհային բազմաթիվ նշաններ վարորդներին նախազգուշացնում են հավանական վտանգների մասին։ Նույն կերպ մեզ կարող են օգնել աստվածաշնչյան սկզբունքները (տես պարբերություն 7)


8. Ինչպես նշվում է Հռոմեացիներ 12։1, 2 համարներում, աստվածաշնչյան սկզբունքներ փնտրելը ո՞ր հարցում կօգնի մեզ։

8 Աստվածաշնչյան սկզբունքներ փնտրելը և դրանց համաձայն ապրելը ուրիշ օգուտներ էլ է բերում։ Օրինակ՝ օգնում է հասկանալ Եհովայի մտածելակերպը տարբեր հարցերի վերաբերյալ։ Աստվածաշունչը ընթերցելիս սովորում ենք, թե ինչ գործնական կիրառություն ունի մեր կարդացած հատվածը։ Մտածում ենք, թե ինչու է Եհովան այդ դասերը ներառել իր Խոսքում, և թե ինչ օգուտ կարող ենք քաղել դրանցից։ Այդպես սովորում ենք, թե ինչպես գործի դնել մեր բանականությունը Եհովային ծառայելու համար և հավաստիանում ենք, որ «Աստծու կամքը.... լավագույնն է, ընդունելի է և ամենաճիշտն է» (կարդա Հռոմեացիներ 12։1, 2)։a

9. Է՞լ ինչ օգուտներ ենք քաղում՝ ապրելով աստվածաշնչյան սկզբունքների համաձայն (Եբրայեցիներ 5։13, 14)։

9 Երբ սովորում ենք ապրել աստվածաշնչյան սկզբունքների համաձայն, դառնում ենք հասուն քրիստոնյաներ։ Նաև ամրանում է Եհովայի հետ ունեցած մեր ընկերությունը (կարդա Եբրայեցիներ 5։13, 14)։ Փոքր երեխաները տարբեր իրավիճակներում ճիշտ վարվելու համար գուցե օրենքների և կանոնների մի ամբողջ ցուցակի կարիք ունենան։ Նրանք թերևս այդ կանոններին հետևեն՝ պատժվելու վախից դրդված։ Բայց Եհովան մեզ դիտում է ոչ թե որպես երեխաների, այլ հասուն մարդկանց։ Նա գիտի, որ ցանկանում ենք իր կամքի համաձայն որոշումներ կայացնել, ու վստահում է մեզ։ Երբ այդպես ենք վարվում, ուրախացնում ենք նրա սիրտը (Սաղ. 147։11; Առակ. 23։15, 26; 27։11)։

ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

10. Ինչպե՞ս կարող ենք բացահայտել աստվածաշնչյան սկզբունքները։

10 Դասեր քաղելու մտայնությամբ Աստվածաշունչն ուսումնասիրելիս գտնում ենք սկզբունքներ, որոնք բացահայտում են, թե Եհովան ինչ է մտածում կամ զգում տարբեր հարցերի հետ կապված։ Մենք կարող ենք նաև սկզբունքներ բացահայտել, եթե փորձենք հասկանալ, թե ինչու է տրվել այս կամ այն օրենքը։ Որքան լավ հասկանանք պատճառները, այնքան լավ կհասկանանք Եհովայի մտածելակերպը։ Իսկ Աստծու մտածելակերպը հասկանալու համար հարկավոր է նրանից աղոթքով օգնություն խնդրել և սովորել ավելի խորը մտածել (Առակ. 2։10-12)։ Կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Ինչո՞ւ է Աստված սահմանել այս օրենքը։ Գիտեմ, որ Եհովան այս արարքի վերաբերյալ հստակ օրենք է տվել. ես չեմ խախտում այն, բայց ի՞նչ կզգա նա, եթե այդ արարքի նման մի բան անեմ։ Ի՞նչ եմ սովորում աստվածաշնչյան այս արձանագրությունից և ինչպե՞ս կարող եմ սովորածս կիրառել կյանքում»։ Երբ սկսենք հասկանալ օրենքների հիմքում ընկած պատճառները և աստվածաշնչյան պատմություններից դասեր քաղել, իմաստուն որոշումներ կկայացնենք, որոշումներ, որոնք ներդաշնակ են Եհովայի կամքին։

11. Լեռան քարոզում Հիսուսն ինչպե՞ս բացահայտեց աստվածաշնչյան սկզբունքները (տես նաև նկարը)։

11 Լեռան քարոզում Հիսուսը ցույց տվեց, թե ինչպես կարող ենք բացահայտել աստվածաշնչյան սկզբունքները։ Քննենք երեք օրինակ։ Դրանցից յուրաքանչյուրում Հիսուսը նախ ընդգծեց օրենքը, այնուհետև ցույց տվեց, թե որն է դրա հիմքում ընկած տրամաբանությունը կամ սկզբունքը։ Նրա սովորեցրածի մասին խորհելով՝ կտեսնենք, թե ինչպես կարող ենք կիրառել այդ սկզբունքները մեր օրերում և թե ինչ օգուտներ կստանանք դրա արդյունքում։

Ծառի տակ նստած՝ Հիսուսը ուսուցանում է մի խումբ աշակերտների։

Լեռան քարոզում Հիսուսը ցույց տվեց, թե ինչպես կարելի է Աստծու օրենքների հետևում տեսնել սկզբունքները (տես պարբերություն 11)


12. Ո՞րն է Մատթեոս 5։21, 22 համարներում նշված օրենքի հիմքում ընկած սկզբունքներից մեկը (տես նաև նկարը)։

12 Կարդա Մատթեոս 5։21, 22։ «Մի՛ սպանիր»։ Ո՞րն է այս օրենքի հիմքում ընկած սկզբունքներից մեկը։ Եհովան չի ցանկանում, որ գործով, խոսքով և անգամ մտքում ատենք ինչ-որ մեկին։ Հիսուսը ընդգծեց, որ նույնիսկ եթե անհատը սպանություն չի գործում, սակայն ատում է իր եղբորը, խախտում է այդ օրենքի հիմքում ընկած սկզբունքը։ Եթե որևէ մեկը «իր եղբոր վրա զայրացած է մնում» կամ խոսքով վիրավորում է նրան, պետք է «պատասխան տա»։ Իրականում հենց այսպիսի վերաբերմունքն ու արարքներն են հանգեցնում սպանության (1 Հովհ. 3։15)։

13. Ինչպե՞ս կարող ենք կիրառել Մատթեոս 5։21, 22 համարներում նշված սկզբունքը (տես նաև նկարը)։

13 Ինչպե՞ս կարող ենք կիրառել Մատթեոս 5։21, 22 համարներում պարփակված սկզբունքը։ Մենք չպետք է որևէ մեկի հանդեպ դառնությամբ լցվենք կամ ոխ պահենք (Ղևտ. 19։18; Հոբ 36։13)։ Ինչո՞ւ։ Քանի որ այս զգացումները կարող են բորբոքել ատելության կրակը, ինչի պատճառով խոսքով կամ գործով գուցե վնաս հասցնենք մարդուն (Առակ. 10։12)։ Հնարավոր է՝ բամբասենք կամ զրպարտենք նրան՝ այդպիսով արատավորելով նրա համբավը (Առակ. 20։19; 25։23)։ Թեև Հիսուսի օրերում չկային սոցիալական ցանցեր, բլոգներ, համացանց կամ հաղորդագրությունների հավելվածներ, սակայն նա տվեց մի սկզբունք, որը հասուն քրիստոնյաներին օգնում է այս ժամանակակից միջոցներից օգտվելիս խուսափել հավանական վտանգներից։ Ցանկացած իրավիճակում մենք պետք է խուսափենք ատելություն սերմանող խոսքից, որը կարող է «սպանել» անհատի համբավը։

Համակցված նկարներ։ 1. Նկարի տեքստային տեղեկության մեջ գրված է. «Մի՛ սպանիր»։ 2. Երկու քույր բամբասում են, իսկ երրորդ քույրը դժկամությամբ լսում է, թե ինչ են նրանք խոսում։

(տես պարբերություններ 12-13)


14. Ո՞րն է Մատթեոս 5։27, 28 համարներում նշված օրենքի հիմքում ընկած սկզբունքը( տես նաև նկարը)։

14 Կարդա Մատթեոս 5։27, 28։ «Մի՛ շնացիր»։ Ո՞րն է այս օրենքի հիմքում ընկած սկզբունքը։ Եհովան ատում է ոչ միայն անբարոյականությունը, այլև այն մտքերը, որոնք կարող են տանել անբարո վարքի։ Հիսուսը բացատրեց, որ եթե ամուսնացած տղամարդը շարունակ այնպես նայի մի կնոջ (բացի իր կնոջից), որ իր մեջ կրքեր արթնանան, մեղք գործած կլինի։ Ուստի հարկավոր է ամեն գնով վանել անբարո մտքերը, նույնիսկ եթե դրա համար պետք է ահռելի ջանքեր ներդնել (Մատթ. 5։29, 30)։ Այս սկզբունքը կիրառելի է նաև ամուրի քրիստոնյաների դեպքում։

15. Ինչպե՞ս կարող ենք կիրառել Մատթեոս 5։27, 28 համարներում գրված սկզբունքը (տես նաև նկարը)։

15 Ինչպե՞ս կարող ենք կիրառել Մատթեոս 5։27, 28 համարներում պարփակված սկզբունքը։ Մենք պետք է վանենք անբարո մտքերը (2 Սամ. 11։2-4; Հոբ 31։1-3)։ Տրամաբանական է, որ հասուն քրիստոնյան հեռու է մնում պոռնկագրության բոլոր ձևերից։ Նա չի մտածում, որ անբարո տեսարաններ պարզապես դիտելով՝ ոչ մի սխալ բան չի անում։ Նա քողարկված՝ ոչ բացահայտ պոռնկագրություն դիտելը չի փորձում արդարացնել՝ ասելով, թե նման անբարո նյութերը այնքան վնասակար չեն, որքան պոռնկագրության մյուս տեսակները։ Հիսուսի օրերում էլեկտրոնային սարքեր, ֆիլմեր կամ լուսանկարներ չկային։ Սակայն նրա տված սկզբունքը օգնում է մեզ հասկանալ, թե Եհովան ինչ տեսակետ ունի նման նյութերի վերաբերյալ, որոնք տարածվում են ժամանակակից սարքերով։ Հասկանում ենք նաև, որ Եհովայի համար չափազանց տհաճ են սեքստինգը և վիրտուալ կերպով անբարո արարքներ գործելը։ Վերոնշյալ սկզբունքին հետևելը օգնում է կողակիցներին հավատարիմ մնալ միմյանց (Մաղ. 2։15)։ Դա բոլոր քրիստոնյաներին՝ թե՛ ամուսնացած, թե՛ ամուրի, օգնում է նաև խուսափել այն ամենից, ինչը կարող է տանել անբարոյության (Առակ. 5։3-14)։

Համակցված նկարներ։ 1. Նկարի տեքստային տեղեկության մեջ գրված է. «Մի՛ շնացիր»։ 2. Եղբայրը իր հեռախոսից ջնջում է սոցցանցի հավելվածը։

(տես պարբերություններ 14-15)


16. Ո՞րն է Մատթեոս 5։43, 44 համարներում նշված օրենքի հիմքում ընկած սկզբունքը (տես նաև նկարը)։

16 Կարդա Մատթեոս 5։43, 44։ «Սիրեք դրացուն»։ Ո՞րն է այս օրենքի հիմքում ընկած սկզբունքը։ Եհովան ուզում է, որ մենք բոլորին համարենք մեր դրացին և սեր ցուցաբերենք նրանց հանդեպ։ Ցավոք, Հիսուսի օրերում ապրող հրեաները սխալ էին մեկնում այս խոսքերը՝ մտածելով, թե կարող են ատել իրենց թշնամիներին։ Բայց Հիսուսը գիտեր, որ այս օրենքի նպատակը դա չէր։ Նա գիտեր, որ իր սիրող երկնային Հայրն ուզում է, որ բոլորին դրացի համարենք՝ անկախ նրանից, թե ինչ ռասայի կամ ազգության են պատկանում (Մատթ. 5։45-48)։

17. Ի՞նչ օգուտ ենք ստանում՝ Մատթեոս 5։43, 44 համարներում գրված սկզբունքը կիրառելով (տես նաև նկարը)։

17 Ինչպե՞ս կարող ենք կիրառել Մատթեոս 5։43, 44 համարներում պարփակված սկզբունքը։ Դրացու հանդեպ սերը մեզ թույլ չի տալիս մասնակցել պատերազմների ու հակամարտությունների (Ես. 2։4; Միք. 4։3)։ Այն օգնում է բարությամբ վարվել տարբեր ռասայի, ազգության կամ կրոնի պատկանող մարդկանց հետ (Գործ. 10։34, 35)։ Այն օգնում է նաև ներել նրանց, ովքեր ցավեցրել են մեզ կամ մեզ սիրելի մարդկանց (Մատթ. 18։21, 22; Մարկ. 11։25; Ղուկ. 17։3, 4)։

Համակցված նկարներ։ 1. Նկարի տեքստային տեղեկության մեջ գրված է. «Սիրեք դրացուն»։ 2. Շուկայում ամուսնական զույգը ծառայության ժամանակ մեկ այլ ռասայի պատկանող մարդու ցույց է տալիս «Վայելիր կյանքը հավիտյան» գրքույկը։

(տես պարբերություններ 16-17)


ՎՃՌԻՐ ԱՊՐԵԼ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՈՎ

18. ա) Ի՞նչ պետք է վճռենք։ բ) Ի՞նչ ենք ուսումնասիրելու հաջորդ հոդվածում։

18 Որքա՜ն շնորհակալ ենք Եհովային, որ նա մեզ վերաբերվում է ինչպես հասուն մարդկանց, ոչ թե ինչպես երեխաների։ Նա ուզում է, որ կիրառենք աստվածաշնչյան սկզբունքները, որոնք կօգնեն մեզ ճիշտ որոշումներ կայացնել (1 Կորնթ. 14։20)։ Այդպիսի որոշումներ կայացնելիս եկեք վճռենք «շարունակել ըմբռնել, թե որն է Եհովայի կամքը» (Եփես. 5։17)։ Եհովայի հանդեպ մեր սե՛րը և ոչ թե պատժվելու վախը կմղի մեզ վարվել նրա կամքի համաձայն։ Սակայն կա ևս մեկ պարգև, որը կօգնի մեզ Եհովային հաճելի որոշումներ կայացնել։ Դա մեր խիղճն է։ Հենց դրա մասին էլ կխոսենք հաջորդ հոդվածում։

Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ

  • Ի՞նչ է աստվածաշնչյան սկզբունքը։

  • Ինչո՞վ է սկզբունքը տարբերվում օրենքից։

  • Նշիր սկզբունքներ, որոնց մասին Հիսուսը խոսեց Լեռան քարոզում։

ԵՐԳ 95 Լույսն օրեցօր ավելի պայծառ է դառնում

a Մեր կյանքում լինում են իրավիճակներ, որոնց հետ կապված Եհովան կոնկրետ օրենքներ չի տվել։ Նման իրավիճակներում մենք պետք է մտածենք աստվածաշնչյան տարբեր սկզբունքների շուրջ և դրանք կիրառելով՝ իմաստուն որոշումներ կայացնենք։ Մենք պետք է գործի դնենք Աստծուց մեզ տրված բանականությունը, կամ՝ խորհելու կարողությունը, որպեսզի հավասարակշռված որոշումներ կայացնենք, որոնք հաճելի կլինեն Եհովային և օրհնություններ կբերեն։ Առաջին դարում շատ հրեաներ, որոնք քրիստոնյաներ էին դարձել, պետք է սովորեին այսպես երկրպագել Եհովային, քանի որ մինչ այդ հետևել էին կրոնական առաջնորդների սահմանած կանոններին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը