Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w26 ապրիլ էջ 26–31
  • Շարունակիր ամրացնել կողակցիդ հետ քո մտերմությունը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Շարունակիր ամրացնել կողակցիդ հետ քո մտերմությունը
  • 2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԸՆԿԵՐ ՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ
  • ՄԻԱՍԻՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՑԿԱՑՐԵՔ՝ ԱՄՐԱՑՆԵԼՈՎ ՁԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
  • ԹՈՂ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԲԱԺԱՆԵՆ ՁԵԶ
  • Ինչպե՞ս գտնել համապատասխան կողակից
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ամուսնություն. պարգև Աստծուց
    Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
  • Ամուսնական կյանք
    Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
  • Ամուսնություն՝ պարգև Աստծու կողմից
    «Մնա Աստծու սիրո մեջ»
Ավելին
2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w26 ապրիլ էջ 26–31

ՀՈՒՆԻՍԻ 29-ՀՈՒԼԻՍԻ 5, 2026

ԵՐԳ 131 Աստված միավորել է. թող ոչ ոք չբաժանի

Շարունակիր ամրացնել կողակցիդ հետ քո մտերմությունը

«Կա ընկեր, որ եղբորից էլ նվիրված է» (ԱՌԱԿ. 18։24)։

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ

Երջանիկ ամուսնությունը կառուցվում է կողակիցների միջև մտերիմ հարաբերությունների և Եհովայի հանդեպ նրանց ունեցած սիրո հիմքի վրա։

1. Ինչո՞ւ ենք ասում, որ լավ ընկերները պարգև են Եհովայից։

ԼԱՎ ընկերները պարգև են Եհովայից (Հակ. 1։17)։ Նրանք սիրում են Աստծուն և մեզ։ Նրանք մեզ հետ ուրախանում են, նեղ պահին մխիթարում են մեզ և անհրաժեշտության դեպքում անկեղծորեն խորհուրդ տալիս։ Լավ ընկերները հավատարիմ են ու վստահելի։ Իսկապես որ, նրանք «ուրախացնում են [մեր] սիրտը» (Առակ. 27։9)։

2. Ինչո՞ւ է կարևոր, որ կողակիցները շարունակ ամրացնեն իրենց մտերմությունը (Մատթեոս 19։6)։

2 Ամուսինն ու կինը պետք է լավագույն ընկերներ լինեն։ Նրանք չպետք է իրենց մտերմությանը մատների արանքով նայեն, այլ պետք է ջանան ամրացնել այն։ Հակառակ դեպքում գուցե միայնակ զգան իրենց, վհատվեն և անգամ զայրանան։ Սակայն եթե նրանք անընդհատ ձգտեն ամրապնդել իրենց ընկերությունը, նրանց կապն անխզելի կլինի (կարդա Մատթեոս 19։6)։ Այս հոդվածում կքննենք առաջարկներ, որոնք կողակիցներին կօգնեն շարունակ ամրացնել իրենց հարաբերությունները։ Բայց նախ տեսնենք, թե ամուրի քրիստոնյաները ինչպես կարող են այնպիսի կողակից ընտրել, որը կդառնա իրենց կյանքի լավագույն ընկերը։

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԸՆԿԵՐ ՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ

3-4. Ի՞նչը կօգնի լավ կողակից ընտրել (Առակներ 18։22)։

3 Նախքան լուրջ որոշում կայացնելը հարկավոր է ծանրութեթև անել ռիսկերը, օգուտները և հետևանքները։ Կարևոր որոշումները կարող են ներազդել ողջ կյանքի վրա, ուստի անհրաժեշտ է դրանք կայացնելուց առաջ լավ մտածել։

4 Երբ ողջ կյանքի համար ընկեր ենք ընտրում՝ կողակից, ամենակարևոր որոշումներից մեկն ենք կայացնում։ Քանի որ Եհովան է ստեղծել ամուսնական կառույցը, կողակից ընտրելիս տրամաբանական կլինի խորհրդի համար նրան դիմել։ Նա ցանկանում է, որ տղամարդը լավ կին ունենա, կինն էլ՝ լավ ամուսին։ Եհովան միշտ գիտի, թե որն է լավագույնը մեզ համար (Կարդա Առակներ 18։22; Ես. 48։17, 18)։ Ուստի Աստծու Խոսքում պարփակված սկզբունքները կարող են օգնել քրիստոնյային իրեն համապատասխան կողակից գտնել։

5. Ինչո՞ւ է կարևոր, որ ապագա կողակիցը լինի մկրտված։

5 Երբ մկրտվում ենք, դառնում ենք Աստծու ընկերը (Սաղ. 25։14)։ Եթե ցանկանում ես ամուսնանալ, պետք է այնպիսի կողակից ընտրես, որը նույնպես Եհովայի ընկերն է (1 Կորնթ. 7։39)։ Այդ քայլն անելով՝ ցույց կտաս, որ բարձր ես գնահատում Եհովայի չափանիշները, և կողակիցդ Եհովայից տրված պարգև կլինի քեզ համար (Առակ. 19։14)։ Այդպես նաև կխուսափես այն խնդիրներից, որոնք առաջանում են Աստծուն չծառայող մարդկանց հետ «անհավասար լծակից լինելու» պատճառով (2 Կորնթ. 6։14)։ Որքա՜ն անմիտ կլինի ժամադրվել ոչ Վկա անհատի հետ՝ պատճառաբանելով, թե հավատակիցների մեջ համապատասխան տարբերակ չկա։ Նմանապես՝ իմաստուն չի լինի մտածել, թե այդպիսի անհատի հետ ամուսնանալով՝ նրան կօգնես ընդունել ճշմարտությունը։

6-7. Ո՞ր հարցերի պատասխանները պետք է իմանաս մտերմության շրջանում։

6 Իհարկե, ցանկացած մկրտված անհատ չէ, որ համապատասխան կողակից կլինի։ Քո պոտենցիալ կողակցին ճանաչելիս օբյեկտիվ եղիր։a Մտածիր. «Ինչպե՞ս է նա վերաբերվում իր ընտանիքի անդամներին։ Հոգատար ու հարգալի՞ց է։ Ովքե՞ր են նրա ընկերները։ Ինչպե՞ս է նա հարթում տարաձայնությունները։ Միշտ իրե՞նն է պնդում, թե՞ պատրաստ է զիջել, երբ աստվածաշնչյան սկզբունք չի խախտվում։ Ի՞նչ վերաբերմունք ունի փողի նկատմամբ»։

7 Կարող ես նաև մտածել. «Ընկերս խոր սեր ունի՞ Եհովայի հանդեպ։ Հագնո՞ւմ է «նոր անձնավորությունը»։ Կօգնի՞ ինձ, որ Եհովայի համար ավելի լավ ծառա լինեմ։ Հոգևոր նույն նպատակներն ունե՞նք։ Զգո՞ւմ եմ, որ մենք կդառնանք ոչ թե պարզապես լավ ընկերներ, այլ լավագույն ընկերներ» (Կող. 3։9, 10)։ Քույրը պետք է մտածի, թե արդյոք եղբայրը կդառնա ոչ միայն իր ամենամտերիմ ընկերը, այլև ընտանիքի լավ գլուխ (1 Կորնթ. 11։3)։ Իսկ եղբայրը պետք է մտածի, թե արդյոք քույրը կկարողանա հնազանդվել իրեն որպես ընտանիքի գլխի՝ չնայած իր անկատարությանը։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար ժամանակ է պետք։ Ուստի մտերմության շրջանը համարիր ապագա կողակցիդ լավ ճանաչելու հնարավորություն։

8-9. Ամուսնանալ ցանկացողին ի՞նչը կօգնի իմաստուն որոշում կայացնել (տես նաև նկարը)։

8 Եթե մտերմության շրջանում փորձես հասկանալ, թե իրականում ինչպիսին է ընկերդ կամ ընկերուհիդ, ավելի հավանական է, որ իմաստուն որոշում կկայացնես։ Իմացիր, թե ուրիշներն ինչ կարծիք ունեն նրա մասին։ Կարող ես հետաքրքրվել, թե նա ինչ համբավ ու հատկություններ ունի. նրան ճանաչո՞ւմ են որպես խոնարհ, բարի և խելամիտ անձնավորության։ Ֆրանսիական Գվիանայում ապրող Սառա անունով մի քույր, որն ամուսնացած է Դանիել անունով եղբոր հետ, ասում է. «Ես Դանիելի մասին հարցուփորձ արեցի մի եղբորից, ով նրա սենյակակիցն էր ու ռահվիրա ծառայակիցը։ Նաև կարծիք հարցրի նրա ժողովի երեցներից մեկից, մեր ընդհանուր ընկերներից և նրա ժողովում ծառայող քույրերից»։ Կարևոր է նաև պոտենցիալ կողակցին նրբանկատորեն հարցնել, թե արդյոք նրա անցյալում եղել է կամ ներկայումս կա մի բան, որ պետք է իմանաս, քանի որ որոշ գործոններ կամ սովորություններ կարող են լուրջ խնդիրներ ստեղծել ամուսնական կյանքում։

9 Մի՛ անտեսիր քեզ անհանգստացնող կասկածները և հասուն ընկերների անկեղծ դիտարկումները։ Նման մոտեցումը կօգնի որոշել, թե արդյոք իմաստուն կլինի շարունակել մտերմությունը։b Այս հոդվածի հաջորդ մասում կխոսենք ամուսնական զույգերի մասին։

Մտերմություն անող զույգը ընկերական հավաքույթի ժամանակ հաճույքով զրուցում է։

Մտերմության շրջանում փորձիր հասկանալ, թե իրականում ինչպիսին է ընկերդ կամ ընկերուհիդ (տես պարբերություններ 8-9)


ՄԻԱՍԻՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՑԿԱՑՐԵՔ՝ ԱՄՐԱՑՆԵԼՈՎ ՁԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

10. Ինչո՞ւ է կարևոր, որ կողակիցները ժամանակ հատկացնեն իրար և ուշադիր լինեն միմյանց նկատմամբ։

10 Կողակիցները կարող են ամրացնել իրենց ամուսնական կապն ու մտերմությունը՝ իրար ժամանակ հատկացնելով՝ անկախ նրանից, թե որքան զբաղված են։ Դա նրանց հնարավորություն կտա իրար պատմելու օրվա մեջ տեղի ունեցածը, արտահայտելու խորունկ մտքերն ու զգացումները, սեր դրսևորելու միմյանց հանդեպ և պարզապես միասին զվարճանալու։

11. Ի՞նչը կարող է վտանգել կողակիցների միջև մտերմությունը։

11 Այն կողակիցները, ովքեր մտերիմ ընկերներ են, նախընտրում են միասին ժամանակ անցկացնել։ Ինչ խոսք, միշտ չէ, որ նրանք կարող են միասին լինել։ Բայց երկար ժամանակ իրարից առանձին մնալը վտանգավոր է։ Օրինակ՝ ոմանք աշխատանքի համար տեղափոխվում են արտերկիր, ինչի պատճառով տևական ժամանակ հեռու են լինում իրենց ընտանիքից։ Թեև այդ որոշումը գուցե ֆինանսապես ձեռնտու լինի, սակայն ընտանիքի համար կարող է աղետալի հետևանքներ ունենալ։

12-13. ա) Ի՞նչ են անում ամուսնացած որոշ քրիստոնյաներ, որպեսզի ժամանակ հատկացնեն իրենց կողակցին (տես նաև նկարը)։ բ) Կողակցի հետ հարաբերությունները ո՞ր տեղում պետք է լինեն կյանքում (տես «Որքա՞ն կարևոր է կողակիցդ քեզ համար» շրջանակը)։

12 Նկատի առ, թե ամուսնական որոշ զույգեր ինչ են անում, որպեսզի կանոնավորաբար միասին ժամանակ անցկացնեն։ Գուամում ապրող Լիա անունով մի քույր ասում է. «Ես ու ամուսինս սիրում ենք միասին տարբեր բաներ անել։ Հազարից մեկ է լինում, որ հավաքույթի կամ որևէ այլ տեղ գնանք առանձին»։ ԱՄՆ-ից Ռոքսան անունով մի քույր ասում է. «Քանի որ այսօր զբաղվածությունը գնալով մեծանում է, հասկացել ենք, որ միասին ժամանակ անցկացնելը պետք է ծրագրենք, ինչպես որ ծրագրում ենք մյուս կարևոր գործերը» (համեմատիր Ամոս 3։3)։ Ֆրանսիայից Դամիեն անունով մի եղբայր նշում է. «Յուրաքանչյուրս սովորել է հետաքրքրվել այն բաներով, որոնք դուր են գալիս մյուսին, և նույնիսկ սիրել դրանք» (Մատթ. 7։12)։ Իսկ ԱՄՆ-ից Քեյթի անունով մի քույր ասում է. «Երբեմն մեր հեռախոսները մի կողմ ենք դնում, որպեսզի դրանք չշեղեն մեզ»։

13 Բայց, որ ամենակարևորն է, միասին զբաղվեք հոգևոր գործերով։ Ֆրանսիայում ապրող Միրիամ անունով մի քույր նշում է. «Մեր օրը սկսում ենք՝ Աստվածաշունչն ընթերցելով և իրար ասելով, թե որ միտքն է մեզ դուր եկել, և ինչը կարող ենք կիրառել կյանքում։ Ինձ համար շատ թանկ են այդ պահերը։ Նաև շատ եմ սիրում, երբ միասին աղոթում ենք և ամուսնուս աղոթքներից տեսնում եմ, թե որքան խորն է նրա սերը Եհովայի հանդեպ»։ Քեյթին, որի մասին խոսեցինք, ասում է. «Իմ սիրած բաներից մեկը ամուսնուս հետ ծառայելն է։ Երբ արտահայտում ենք մեր հավատը, դա ավելի է մտերմացնում մեզ և շարունակ նոր բաներ ենք սովորում միմյանցից» (Առակ. 27։17)։

Նախորդ նկարում պատկերված զույգը ամուսնացել է և հաճելի ժամանակ է անցկացնում վրանային հանգստի ժամանակ։

Ամրացրեք ձեր ամուսնությունը՝ կանոնավոր միասին ժամանակ անցկացնելով (տես պարբերություններ 12-13)


Որքա՞ն կարևոր է կողակիցդ քեզ համար

Մեր կյանքում կան շատ անձնավորություններ և պարտավորություններ, որոնք կարևոր են մեզ համար։ Իսկ որքանո՞վ է կարևոր քեզ համար կողակիցդ (Փիլիպ. 1։10)։

  1. 1. Եհովա։ Եհովայի հետ ընկերությունը մեր կյանքում առաջնային է (Մատթ. 6։33; Մարկ. 12։30)։ Մենք երբեք անհավատարիմ չենք լինի նրան՝ մեր կողակցին հաճեցնելու համար (Գործ. 5։29; համեմատիր Ծննդոց 2։16, 17; 3։6)։

  2. 2. Կողակից։ Մենք մեր կողակցի հետ «մեկ մարմին» ենք։ Յուրաքանչյուրս մյուսի համար այնպես է հոգ տանում, ինչպես իր համար (Ծննդ. 2։24; Եփես. 5։28, 29, 33)։

  3. 3. Այլ մարդիկ և պարտավորություններ։ Մենք ուզում ենք հոգ տանել մեր ծնողների, հարազատների և հավատակիցների մասին, ինչպես նաև կատարել մեր հոգևոր պարտավորությունները։ Սակայն բացի Եհովայից՝ ոչ ոք և ոչինչ չի կարող մեր կողակցի բարօրությունից ու երջանկությունից ավելի կարևոր լինել մեզ համար (1 Տիմոթ. 5։8)։

ԹՈՂ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԲԱԺԱՆԵՆ ՁԵԶ

14-15. Ինչո՞ւ կողակիցները պետք է ջանան հաղթահարել ընտանեկան խնդիրները։ Բացատրիր օրինակի միջոցով։

14 Ամուսնությունը երկու անկատար մարդկանց միություն է, ուստի խնդիրները անխուսափելի են։ Աստվածաշունչը իրատեսորեն ասում է, որ ամուսնացածները «նոր դժվարություններ կունենան իրենց կյանքում» (1 Կորնթ. 7։28)։ Երբ նման խնդիրներ առաջանան, ինչո՞ւ նրանք պետք է ամեն բան անեն, որ մտերիմ մնան և հաղթահարեն դրանք։

15 Պատկերացնենք, որ մի հայտնի շինություն կամ արվեստի գործ վնասվել է։ Դրա սեփականատերը ամենայն հավանականությամբ կորոշի վերականգնել այն։ Նա գուցե ահռելի գումարներ ու ռեսուրսներ ծախսի այն վերականգնելու համար, և դա թերևս տարիներ տևի։ Ինչո՞ւ նա պատրաստ կլինի այդ ամենն անելու. քանի որ այդ շինությունը կամ արվեստի գործը թանկ է նրա համար։ Նմանապես՝ բոլոր ամուսնություններն էլ թանկ կառույցներ են, և անգամ երջանիկ ընտանիքներում խնդիրներ են առաջանում։ Սակայն ճիշտ ինչպես վնասված շինությունը կամ արվեստի գործը հաճախ կարելի է վերանորոգել, այնպես էլ քայքայվող ամուսնությունը կարելի է փրկել։ Վերականգնման ընթացքը հավանաբար ժամանակ և շատ ջանքեր կպահանջի, սակայն Եհովան կուրախանա, եթե կողակիցներն ամեն բան անեն իրենց ամուսնական կապն ամրացնելու և միասին մնալու համար (Մաղ. 2։16)։ Այդպես վարվելով՝ նրանք սեր ու հարգանք կդրսևորեն ոչ միայն միմյանց հանդեպ, այլև Եհովայի՝ ամուսնության Հիմնադրի։

16. Ի՞նչը կօգնի կողակիցներին, եթե ամուսնական կյանքում լուրջ դժվարություններ ունեն (1 Կորնթացիներ 13։4-8ա; տես նաև նկարը և «Ինչը կարող է օգնել ձեզ ամրացնել ձեր հարաբերությունները» շրջանակը)։

16 Եթե ձեր ամուսնական կյանքում խնդիրներ են առաջացել, մի՛ շտապեք բաժանվել (1 Կորնթ. 7։10, 11)։ Մտածեք. «Կարո՞ղ եմ ավելի շատ բան անել, որպեսզի ամրացնեմ մեր հարաբերությունները»։ Հիշեք, թե Աստվածաշնչում ինչ է ասվում սեր ցուցաբերելու մասին և մտածեք, թե արդյոք այն դրսևորելու հարցում կարող եք բարելավումներ անել (կարդա 1 Կորնթացիներ 13։4-8ա)։ Հարաբերություններին վերջ դնելու մասին մտածելու փոխարեն ձեր լավագույնն արեք միմյանց սիրտը կրկին գրավելու համար։ Կենտրոնացեք այն բանի վրա, թե անձամբ դուք ինչ կարող եք անել, որ ձեր հարաբերությունները վերականգնեք։ Աղոթքով Եհովայից օգնություն խնդրեք։ Խորհուրդներ փնտրեք մեր հրատարակություններում ու տեսանյութերում և դիմեք երեցներին ու այլ հասուն քրիստոնյաների։ Եթե ապավինեք Եհովային՝ «երեքտակ պարանի» երրորդ և ամենաամուր պարանին, ձեր ամուսնական կապը «հեշտ չի կտրվի» (Ժող. 4։12)։

Նախորդ նկարում պատկերված ամուսինները լարված զրուցում են տանը։ Կինը արտասվելով արտահայտում է իր զգացումները, իսկ ամուսինը ձեռքը դրել է նրա ուսին և ուշադրությամբ լսում է նրան։ Նրանց առջև՝ սեղանի վրա, դրված են բացված Աստվածաշունչ և «Ձեր ընտանիքը կարող է երջանիկ լինել» գրքույկը։

Երբ ձեր ամուսնական կյանքում խնդիրներ են առաջանում, միասին մնացեք (տես պարբերություն 16)


Ինչը կարող է օգնել ձեզ ամրացնել ձեր հարաբերությունները

Եհովայի կազմակերպությունը նյութեր է հրապարակում, որպեսզի օգնի ամուսնական զույգերին ամրացնել իրենց հարաբերությունները, նույնիսկ վերականգնել դրանք, երբ քայքայման եզրին են։ Փորձե՞լ ես կիրառել այս նյութերում նշված առաջարկները։

  • «Ձեր ընտանիքը կարող է երջանիկ լինել» գրքույկ

  • «Երջանիկ ամուսնության բանաձևը» տեսաշար

  • «Աջակցություն ընտանիքին» հոդվածաշար

  • jw.org կայքի «Ամուսնություն և ընտանիք» բաժին

17. Ամուսնանալ ցանկացողները և ամուսնացածները ինչպե՞ս կարող են երջանիկ լինել։

17 Եհովան ուզում է, որ իր բոլոր ծառաները երջանիկ լինեն, այդ թվում՝ նրանք, ովքեր ցանկանում են ամուսնանալ, և ովքեր արդեն ամուսնացած են։ Ուստի եթե ամուրի ես և ուզում ես ամուսնանալ, ամենայն ուշադրությամբ ընտրիր կյանքիդ ընկերոջը։ Իսկ եթե ամուսնացած ես, շարունակիր ամրացնել հարաբերություններդ կողակցիդ հետ։ Ձգտիր հաղթահարել ձեր ամուսնական կյանքում առաջացած խնդիրները՝ ապավինելով Եհովային։ Այս ամենն անելով՝ «կվայելես կյանքը» քո սիրելիի հետ (Ժող. 9։9)։

Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ

  • Ինչպե՞ս կարող է ամուրի քրիստոնյան լավ կողակից ընտրել ողջ կյանքի համար։

  • Ի՞նչը կարող է օգնել կողակիցներին ամրացնել իրենց հարաբերությունները։

  • Ի՞նչը կարող է օգնել կողակիցներին միասին մնալ, երբ ամուսնական կյանքում խնդիրներ են առաջանում։

ԵՐԳ 132 Հիմա մեկ մարմին ենք

a Այս հարցերի մասին պետք է մտածեն թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք։

b Միմյանց ճանաչելու վերաբերյալ ավելի շատ առաջարկներ կարող եք գտնել «Դիտարանի» 2024 թ. մայիսի համարում հրապարակված «Մտերմության շրջան. թող այն փառք բերի Եհովային» հոդվածի «Լավ ճանաչեք իրար» ենթավերնագրի ներքո։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը