Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w26 ապրիլ էջ 20–25
  • Սովորիր «ամենայն մխիթարության Աստծուց»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սովորիր «ամենայն մխիթարության Աստծուց»
  • 2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «ՄԽԻԹԱՐԵԼ» ԲԱՌԸ՝ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ
  • ԻՆՉՊԵՍ ՄԽԻԹԱՐԵԼ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ
  • ԵՐԲ ԻՆՔԴ ՄԽԻԹԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՍ
  • Բեթելում ծառայողներին քաջալերելու ծրագիր
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
  • Մենք երբեք մենակ չենք
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Մխիթարիր «բոլոր սգավորներին»
    2011 Դիտարան
  • Ինչպես մխիթարել բռնության զոհ դարձածներին
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w26 ապրիլ էջ 20–25

ՀՈՒՆԻՍԻ 22-28, 2026

ԵՐԳ 90 Քաջալերենք միմյանց

Սովորիր «ամենայն մխիթարության Աստծուց»

«Աստծու տված այդ մխիթարությամբ սփոփենք ուրիշներին» (2 ԿՈՐՆԹ. 1։4)։

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ

Մխիթարենք ուրիշներին Եհովայի ու նրան ընդօրինակողների պես։

1. Ինչո՞ւ պետք է մխիթարենք ուրիշներին։

ԲՈԼՈՐՍ էլ «տառապում ենք զանազան փորձությունների պատճառով», ուստի երբեմն մխիթարության ու քաջալերանքի կարիք ենք ունենում (1 Պետ. 1։6)։ Մենք գնահատում ենք, երբ մեզ մխիթարում են, հետևաբար մենք էլ պետք է պատրաստ լինենք մխիթարել նրանց, ովքեր նեղություններ են կրում (Մատթ. 7։12)։ Եհովան՝ «ամենայն մխիթարության Աստվածը», ցույց է տալիս, թե ինչպես «սփոփել ուրիշներին, ինչ նեղության մեջ էլ որ նրանք լինեն»։ Ընդօրինակելով նրան՝ մենք կկարողանանք «մխիթարել միմյանց» (2 Կորնթ. 1։3, 4; 1 Թեսաղ. 4։18)։ Մենք դա կանենք՝ ոչ թե պարտքի զգացումից մղված, այլ քանի որ սիրում ենք մեր հավատակիցներին։ Այս հոդվածում կխոսենք այն մասին, թե 1) Աստվածաշնչում ինչ իմաստով է գործածվում «մխիթարել» բառը, 2) ինչպես կարող ենք մխիթարել ուրիշներին և 3) ինչ կարող ենք անել, երբ մխիթարության կարիք ենք ունենում։

«ՄԽԻԹԱՐԵԼ» ԲԱՌԸ՝ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ

2. «Մխիթարել» թարգմանված բառը Աստվածաշնչում ի՞նչ իմաստներ կարող է ունենալ։

2 «Մխիթարել» թարգմանված հունարեն բառը Աստվածաշնչում, համատեքստից կախված, կարող է տարբեր իմաստներ ունենալ, օրինակ՝ «քաջալերել», «հորդորել» կամ «մղել» (Հռոմ. 12։8)։ Այն բառացի նշանակում է «խնդրել մեկին լինել նրա կողքին»։ Սա մեր մեջ այն պատկերն է ստեղծում, ասես մեկը արագ օգնության է հասնում նեղության մեջ գտնվող իր ընկերոջը և անհրաժեշտ աջակցություն է ցույց տալիս։ Անկախ նրանից, թե ինչ օգնություն է ընկերը ցուցաբերում, իսկական մխիթարությունը նույն արդյունքն է բերում. նեղություն կրողը քաջալերվում է և զորանում։

3. Ի՞նչ ենք սովորում Բառնաբասից ուրիշներին մխիթարելու հարցում (տես նաև նկարը)։

3 Ուշադրություն դարձնենք աստվածաշնչյան մի օրինակի։ Հովսեփ անունով մի քրիստոնյա քաջալերելու և մխիթարելու յուրահատուկ ունակություն ուներ, ուստի առաքյալները նրան Բառնաբաս կոչեցին, որը նշանակում է «մխիթարության որդի» (Գործ. 4։36)։ Այդ անունը այնքան համապատասխան էր նրան, որ այդուհետ Աստվածաշնչում նա միայն այդպես է հիշատակվում։ Շատ անգամներ է Բառնաբասը, գործելով իր անվան համաձայն, օգնության հասել նեղության մեջ եղող իր հավատակիցներին։ Հիշենք այն դեպքը, երբ հավատափոխ եղած Սողոսը եկավ Երուսաղեմ և ցանկացավ հանդիպել աշակերտներին։ Նրանք վախենում էին Սողոսից, քանի որ նա հալածողի համբավ ուներ։ Սակայն Բառնաբասը վստահեց Սողոսին և նրան ծանոթացրեց առաքյալների հետ (Գործ. 9։26-28)։

Բառնաբասը Սողոսին սիրով ուղեկցում է առաքյալներից մեկի տուն, որ ծանոթացնի նրանց հետ։ Առաքյալները կասկածամտորեն են նայում իրենց մոտեցող Սողոսին։

Բառնաբասը ապրեց իր անվան նշանակության համաձայն (տես պարբերություն 3)


ԻՆՉՊԵՍ ՄԽԻԹԱՐԵԼ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ

4. Ո՞րն է մխիթարելու լավագույն ձևերից մեկը (Հռոմեացիներ 1։11, 12)։

4 Այցելիր նրանց, եթե հնարավոր է։ Եհովան իր ծառաների միջոցով մխիթարում է ուրիշներին։ Մի անգամ, երբ Եղիա մարգարեն ընկճվել էր, Եհովան հրեշտակի միջոցով քաջալերեց նրան (1 Թագ. 19։4-7)։ Պողոս առաքյալը նույնպես գիտակցում էր, թե ինչ մեծ ազդեցություն կարող է ունենալ եղբայրներին այցելելը (կարդա Հռոմեացիներ 1։11, 12)։ Երբ այցելում ես ինչ-որ մեկին՝ մխիթարելու, պարզապես մեկ-երկու բառ ասելու փոխարեն բավականաչափ ժամանակ հատկացրու նրան (1 Կորնթ. 16։7)։ Եթե չես կարող այցելել, մի՛ թերագնահատիր հեռախոսազանգի, նամակի, բացիկի կամ տեքստային հաղորդագրության ուժը։ Դրանք կարող են զորացնել նրան։ Այսպիսով՝ թույլ կտա՞ս, որ Եհովան քո միջոցով մխիթարի ուրիշներին։

5. Ի՞նչ դժվարության գուցե բախվենք։

5 Քանի որ այս վերջին ժամանակները ավելի ծանր են դառնում, մենք հասկանում ենք, որ գնալով ավելի դժվար է լինելու այցելել և մխիթարել մեր հավատակիցներին։ Երբ Պողոսը բանտարկված էր Հռոմում, Օնեսիֆորոսը, ով Եփեսոսից էր, փնտրեց ու գտավ նրան, թեև վտանգ կար, որ իրեն կբանտարկեն կամ նույնիսկ մահվան կմատնեն (2 Տիմոթ. 1։16-18)։ Ռուսաստանում Վկաները նման ոգի են ցուցաբերում, երբ իրենց եղբայրներն ու քույրերը հետապնդվում են հավատի համար։ Երբ նրանցից որևէ մեկի գործով դատավարություն է ընթանում, հավատակիցները գալիս են նիստերի դահլիճ՝ նրան աջակցելու, չնայած որ այդպես վարվելը կարող է վտանգի տակ դնել նրանց ազատությունը։ Մենք էլ պատրաստ կլինենք նրանց պես քաջություն դրսևորելու, եթե ուսումնասիրենք Աստծու վաղեմի և մերօրյա ծառաների օրինակները, ովքեր աջակցել են միմյանց և ուրախություն են գտել՝ չնայած հալածանքին։

6. Երբ մխիթարում ենք, ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովային (տես նաև նկարը)։

6 Լսիր նրանց։ Երբ Եղիա մարգարեն իմացավ, որ իր կյանքին վտանգ է սպառնում, սիրտը դատարկեց Եհովայի առաջ։ Եղիան արտահայտում էր իր մտահոգությունները, իսկ մեր սիրառատ Հայրը լսում էր նրան, չնայած արդեն գիտեր նրա դժվարությունների մասին։ Եհովան համբերությամբ լսեց Եղիային, թեև նա նույն բանը կրկնեց (1 Թագ. 19։9, 10, 14)։ Եհովան նաև չբարկացավ, երբ Ամբակում մարգարեն իր մտահոգություններն ու կասկածները այնպես արտահայտեց, ասես կասկածի էր ենթարկում նրա իշխանությունը (Ամբ. 1։2, 3)։ Այսօր էլ մեր երկնային Հայրը ուշադիր լսում է մեր աղոթքները, թեև արդեն գիտի, թե ինչի կարիք ունենք։ Մենք կարող ենք ընդօրինակել Եհովային, եթե ուշադիր և հարգանքով լսենք մեր եղբայրներին ու քույրերին։ Երբ նրանք խոսում են, պետք է «պատրաստ լինենք լսել» և չընդհատենք ու չվիրավորվենք, անգամ եթե թվում է, թե նրանք կոպիտ են խոսում կամ անընդհատ նույն բանն են կրկնում (Հակ. 1։19; Ժող. 7։9)։

Ուշ երեկոյան քույրը համբերությամբ լսում է մի սրտնեղած քրոջ, ով արտահայտում է իր զգացումները։

Երբ հավատակիցներդ խոսում են, ընդօրինակելով Եհովային՝ ուշադիր լսիր նրանց (տես պարբերություն 6)


7. Ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե ինչի կարիք ունի մեր հավատակիցը։

7 Իմացիր, թե ինչի կարիք ունի հավատակիցդ։ Մենք չենք կարող սրտեր կարդալ, ինչը Եհովան է անում, ուստի որպեսզի իմանանք, թե ինչպես մխիթարել մարդուն, պետք է ուշադիր լսենք նրան։ Մի՛ մտածիր, թե հասկանում ես՝ ինչ է անհրաժեշտ մարդուն զուտ այն պատճառով, որ գիտես, թե այդ իրավիճակում դու ինչի կարիք կունենայիր։ Մենք բոլորս տարբեր ենք։ Ուստի ժամանակ հատկացրու նրան, ուշադիր լսիր և նրբանկատորեն հարցեր տուր, որ նա արտահայտի իր զգացումները (Առակ. 20։5)։

8. Ղազարոսի մահից հետո Հիսուսն ինչպե՞ս մխիթարեց Մարթային ու Մարիամին (տես նաև նկարները)։

8 Ուշադրություն դարձնենք, թե ինչպես Հիսուսը մխիթարեց Մարթային ու Մարիամին նրանց եղբոր՝ Ղազարոսի մահից հետո։ Երկու կանայք էլ հարազատի կորուստն էին սգում, բայց Հիսուսը տարբեր կերպերով մխիթարեց նրանց։ Երբ Մարթան խոսեց Հիսուսի հետ, Հիսուսը նրան հիշեցրեց հարության մասին ճշմարտությունը և օգնեց ամրացնել այդ հույսի հանդեպ նրա հավատը։ Բայց երբ Մարիամը արտասվելով մոտեցավ նրան, նա ակներևաբար չհիշատակեց հարության մասին, այլ արտասվեց Մարիամի հետ և հարցրեց, թե որտեղ են դրել Ղազարոսի մարմինը (Հովհ. 11։20-35)։ Ի՞նչ ենք սովորում։ Դժվարությունների միջով անցնող հավատակցին մխիթարելիս մենք պետք է հասկանանք նրա կարիքները, ոչ թե միևնույն մոտեցումը ցուցաբերենք բոլորի նկատմամբ։

Համակցված նկարներ. մի երեց այցելել է երկու այրի եղբայրների։ 1. Երեցը իր ձեռքը դրել է լաց լինող եղբոր ուսին։ 2. Երեցը տարեց եղբոր հետ թերթում է նրա լուսանկարների ալբոմը և Աստվածաշնչից մի համար է ընթերցում նրա համար։

Երբ մխիթարում ես ուրիշներին, ձգտիր հասկանալ, թե նրանք ինչի կարիք ունեն (տես պարբերություն 8)a


9. Ինչպե՞ս կարող ենք Աստվածաշնչի միջոցով մխիթարել ուրիշներին (Հռոմեացիներ 15։4, 5)։

9 Մխիթարիր Աստվածաշնչի միջոցով։ Երբ Սուրբ Գրքի օգնությամբ մխիթարում ես որևէ մեկին, օգնում ես նրան հույս ձեռք բերել (կարդա Հռոմեացիներ 15։4, 5)։ Այդ հույսն էլ իր հերթին մխիթարում ու քաջալերում է նրան (Ես. 40։31)։ Իսկ ինչպե՞ս գտնել այնպիսի աստվածաշնչյան համարներ, որոնք կսփոփեն մարդուն։ Ոմանք այդպիսի համարների ցանկ են կազմում։ Համապատասխան թեմայով համարներ կարելի է գտնել նաև «Քրիստոնյայի կյանքին առնչվող աստվածաշնչյան համարներ» գրքի «Մխիթարություն» վերնագրի տակ։ Խնդրիր Եհովային, որ օգնի քեզ՝ իր Խոսքից լավագույնս օգտվելով՝ կարողանաս մխիթարել ուրիշներին։ Նրա ոգու շնորհիվ ճիշտ պահին համապատասխան համարներ կհիշես (Հովհ. 14։26)։

10. Ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկին քաջալերելիս բարությամբ խոսենք։

10 Բարությամբ խոսիր։ Բնագրային լեզվում գործածված «մխիթարել» բառը կարող է նաև թարգմանվել «քաջալերել» կամ «մղել»։ Երբեմն գուցե կարիք լինի որևէ մեկին քաջալերելու կամ մղելու, որ փոխի իր մտածելակերպը։ Այդ դեպքում խոսելուց առաջ լավ մտածիր, որպեսզի քո խոսքերը բուժեն, ոչ թե ցավեցնեն (Առակ. 12։18)։ Այս առումով Եհովան լավագույն օրինակն է։ Երբ նա խոսում էր Եղիայի հետ, ով սխալ տեսակետ ուներ իր արածի և Իսրայելի հավատուրացության ծավալների վերաբերյալ, բարությամբ օգնեց նրան շտկել իր մտածելակերպը՝ առանց մատնացույց անելու նրա թերացումները (1 Թագ. 19։15-18)։ Բարությամբ և լավ մտածված խոսքերով դու նույնը կարող ես անել։ Հանդիպումներին ելույթ ներկայացնելիս կամ մեկնաբանելիս, երբ ձգտում ես քաջալերել ու զորացնել հավատակիցներիդ, միշտ բարությամբ ու դրական խոսիր։

11. Հաճախ ինչի՞ կարիք են ունենում նրանք, ովքեր նեղության մեջ են (1 Հովհաննես 3։18)։

11 Գործնական օգնություն ցույց տուր։ Նեղության մեջ գտնվողներին հաճախ մխիթարական խոսքերից ավելին է պետք (կարդա 1 Հովհաննես 3։18)։ Բառնաբասը լավ օրինակ եղավ այս հարցում, երբ իր հողակտորը վաճառեց և գումարը հատկացրեց նոր մկրտված հավատակիցներին, ովքեր կարիքի մեջ էին (Գործ. 4։36, 37)։ Այսօր շատ եղբայրներ ու քույրեր, հետևելով նրա լավ օրինակին, գործնական օգնություն են ցուցաբերում նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Լեհաստանից Գաբրիելա անունով մի քրոջ տունը ջրհեղեղի ժամանակ լրջորեն վնասվել էր։ Նա պատմում է. «Ես շատ վախեցած ու մտահոգված էի։ Ինձ հետ ապրող ծնողներս նույնն էին զգում։ Չէի պատկերացնում, թե ինչպես եմ այս ամենը գլուխ բերելու։ Բայց հարևան ժողովներում ծառայող եղբայրներս եկան ու ընդամենը մեկ օրում հսկայական աշխատանք կատարեցին։ Հավատս զորացավ այն բանի գիտակցումից, որ Եհովան իր ծառաներին մղում է մխիթարելու նրանց, ովքեր տառապանքներ են կրում»։

12. Հավատարմորեն փորձություններին դիմանալով՝ ինչպե՞ս կարող ենք օգնել մեր հավատակիցներին։

12 Դիմացիր փորձություններին։ Պողոսը թեսաղոնիկեցիներին ասաց, որ մխիթարվել և ուժ է ստացել՝ իմանալով, որ նրանք հավատարմորեն դիմանում են փորձություններին։ Նա գիտեր, որ իր արածը ապարդյուն չէ (1 Թեսաղ. 3։5-8)։ Առաքյալը հույս ուներ, դժվարություններին հավատարմորեն դիմանալով, մխիթարել իր եղբայրներին, նույնիսկ նրանց, ում երբեք չէր հանդիպել (Կող. 2։1, 2)։ Նմանապես՝ մեր հավատակիցները, տեսնելով, թե Եհովան ինչպես է օգնում մեզ հաղթահարել փորձությունները, շատ են քաջալերվում։

13. Ի՞նչ պետք է անենք ուրիշներին քաջալերելիս։

13 Համբերատար եղիր։ Վհատված հավատակիցները գուցե անմիջապես չմխիթարվեն մեր քաջալերանքից։ Բայց Աստվածաշունչը հորդորում է մեզ, որ «շարունակենք քաջալերել.... միմյանց» (1 Թեսաղ. 5։11)։ Համբերատար եղիր՝ շարունակելով թև տալ ու մխիթարել քո աջակցության կարիքն ունեցողներին (1 Թեսաղ. 5։14)։ Իհարկե, ժամանակ առ ժամանակ մենք ինքներս մխիթարվելու կարիք ունենք։ Այդ դեպքում ի՞նչ կարող ենք անել։

ԵՐԲ ԻՆՔԴ ՄԽԻԹԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՍ

14-15. Ի՞նչ կարող ենք անել, երբ անհանգստություններ ենք ունենում կամ վհատվում ենք։

14 Աղոթիր Եհովային։ Անհանգստության կամ վհատության պահին խնդրիր նրան մխիթարել քեզ (Սաղ. 94։19)։ Սիրտդ դատարկիր նրա առաջ՝ կոնկրետ բաների մասին աղոթելով (Սաղ. 62։8)։ Ինչ խոսք, Եհովան նախքան քո աղոթելը արդեն գիտի, թե ինչ ես զգում։ Սակայն սրտանց աղոթելով նրան ու հայտնելով քո ամենախորունկ մտքերը՝ ցույց ես տալիս, որ մեծ հավատ ունես։ Եհովան միշտ հարկ եղած ձևով պատասխանում է հավատով արված աղոթքներին (Մարկ. 11։24)։ Փիլիպպեցիներ 4։6, 7 համարներում հետևյալ հորդորն է տրվում. «Ձեր խնդրանքները հայտնեք նրան, և Աստված ձեզ այնպիսի խաղաղություն կտա, որը վեր է մարդկային ամեն հասկացողությունից»։

15 Ուրիշներից օգնություն խնդրիր։ Պատմիր զգացումներիդ մասին հասուն ընկերոջդ կամ վստահելի երեցներից մեկին։ Հավատակիցներդ կարող են մխիթարության աղբյուր լինել քեզ համար, բայց նրանք գուցե չիմանան, թե ինչ ես զգում կամ ինչի կարիք ունես, մինչև որ չասես նրանց այդ մասին (Առակ. 14։10)։ Կարող ես խնդրել նրանց, որ կարեկցանքով լսեն կամ աստվածաշնչյան որևէ համար կամ էլ հոդված ցույց տան, որը կմխիթարի քեզ։

16. Ի՞նչ գուցե լինի, երբ փորձեն քաջալերել մեզ, բայց ի՞նչ պետք է հիշենք։

16 Համբերատար և ներողամիտ եղիր։ Հավատակիցներդ քեզ քաջալերելիս գուցե սխալներ թույլ տան։ Հնարավոր է՝ նրանք ասեն կամ անեն այնպիսի բաներ, ինչի հետևանքով դու քեզ ավելի վատ զգաս։ Եթե նման բան լինի, համբերատար եղիր նրանց հետ (1 Կորնթ. 13։4, 7)։ Հիշիր Հակոբոս 3։2-ում գրված խոսքերը. «Եթե մեկը խոսելիս չի սխալվում, նա կատարյալ մարդ է»։ Կենտրոնացիր հավատակիցներիդ լավ մղումների վրա։ Մի՛ մոռացիր, որ «մարդը ոգով պատրաստակամ է, բայց մարմնով՝ տկար» (Մատթ. 26։41)։

17. Ի՞նչ պետք է վճռենք անել։

17 Բոլորս էլ մխիթարության և քաջալերանքի կարիք ունենք, և այդ կարիքը գնալով մեծանալու է, քանի որ վերջին օրերում ավելի շատ դժվարություններ են լինելու, և Աստծու թշնամիները ավելի մեծ թափով են հակառակվելու մեզ։ Ուստի եկեք վճռենք ամեն ինչ անել, որպեսզի մխիթարենք իրար։

Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ

  • Աստվածաշնչում ի՞նչ իմաստով է գործածվում «մխիթարել» բառը։

  • Ինչպե՞ս կարող ենք մխիթարել ուրիշներին։

  • Ի՞նչ կարող ենք անել, երբ մխիթարության կարիք ենք ունենում։

ԵՐԳ 130 Ներողամիտ լինենք

a ՆԿԱՐ։ Երեցը կարեկցանքով լսում է եղբորը, ում կինը վերջերս է մահացել։ Ավելի ուշ նա այցելում է մեկ այլ եղբոր, ում կինը մահացել է որոշ ժամանակ առաջ, և նրանք վերհիշում են նրա հետ անցկացրած լավ պահերը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը