Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w26 մարտ էջ 8–13
  • Վստահիր տիեզերքի Գերիշխանին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Վստահիր տիեզերքի Գերիշխանին
  • 2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՍԱՏԱՆԱՆ ԵԿԱՎ ՈՒ ԿԱՆԳՆԵՑ ՆՐԱՆՑ ՄԵՋ
  • ԵՀՈՎԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐ Է ԴՆՈՒՄ
  • ԵՀՈՎԱՆ ՎԵՐՋ Է ԴՆՈՒՄ ՀՈԲԻ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
  • ԵՀՈՎԱՆ ՍԻՐՈՒՄ Է ԻՐ ՆՎԻՐՎԱԾ ԾԱՌԱՆԵՐԻՆ
  • ՈՂՋ ՍՐՏՈՎ ՎՍՏԱՀԵՆՔ ԵՀՈՎԱՅԻՆ
  • «Հոբ» գիրքը՝ տառապանքի սպեղանի
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Հոբը բարձր պահեց Եհովայի անունը
    2009 Դիտարան
  • «Հույսդ Եհովայի վրա դիր»
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչպե՞ս կարող ես դառնալ Աստծու ընկերը
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
Ավելին
2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w26 մարտ էջ 8–13

ՄԱՅԻՍԻ 11-17, 2026

ԵՐԳ 7 Եհո՛վա, մեր զորության Աղբյո՛ւր

Վստահիր տիեզերքի Գերիշխանին

«Դու, ում անունը Եհովա է, ամբողջ երկրին տիրող միակ Բարձրյալն ես» (ՍԱՂ. 83։18)։

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ

Ամրացնենք մեր վստահությունն այն բանի հանդեպ, որ Եհովան Գերիշխան է, և համոզվածությամբ լցվենք, որ նա կօգնի մեզ հաղթահարել մեր դժվարությունները թե՛ հիմա, թե՛ ապագայում։

1. Ի՞նչ ողբերգական դեպքեր տեղի ունեցան Հոբի կյանքում։

ԱՍՏԾՈՒ վաղեմի ծառաներից մեկը՝ Հոբը, ով հավատի տեր մարդ էր, կորցրեց գրեթե ամեն ինչ՝ իր երեխաներին, առողջությունը և հարստությունը, կորցրեց նաև իր լավ անունը։ Բացի այդ՝ նրա «ընկերները», որոնք եկել էին նրան մխիթարելու, ասացին բաներ, որոնց մեծ մասը վհատեցնող էր։ Նույնիսկ նրա սիրելի կինը, որը վշտից գլուխը կորցրել էր, ասաց նրան. «Անիծի՛ր Աստծուն և մեռի՛ր» (Հոբ 2։9; 15։4, 5; 19։1-3)։ Այս ողբերգական դեպքերի պատճառով Հոբը կարող էր կորցնել վստահությունը ճշմարիտ Աստծու հանդեպ և կասկածել, որ նա պաշտպանում է իրեն սիրող ու ծառայող մարդկանց։

2-3. Ի՞նչ գուցե սկսենք մտածել, և ի՞նչ ենք սովորելու «Հոբ» գրքից։

2 Մենք էլ երբեմն այնպիսի ծանր իրավիճակներում ենք հայտնվում, որոնց ժամանակ Եհովայի հանդեպ մեր վստահությունը կարող է լրջորեն փորձվել։ Գաղտնիք չէ, որ ապրում ենք «չափազանց դժվար ժամանակներում» (2 Տիմոթ. 3։1)։ Երբ փորձությունները մեկը մյուսի հետևից հետապնդում են մեզ, գուցե մեծ ճնշում զգանք ու մտածենք, որ այլևս ի վիճակի չենք դիմանալու։ Այդպիսի փորձությունները ոմանց դրդել են կասկածելու, որ Եհովան իսկապես հոգ է տանում իրենց մասին։

3 Եթե դու էլ ես երբևէ նման զգացումներ ունեցել, մի՛ վհատվիր։ Հոբը հասկացավ, որ Եհովան փրկում է իրեն նվիրվածներին։ Մենք էլ կարող ենք անսասան վստահություն զարգացնել մեր երկնային Հոր հանդեպ։ Ուստի եկեք քննենք «Հոբ» գիրքը և բացահայտենք այն երկու հիմնական մտքերը, որոնք հաղորդում է այդ գիրքը։ Առաջին՝ միայն Եհովան է տիեզերքի Գերիշխանը։ Երկրորդ՝ մեր ամենազոր Աստվածը կարող է աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին այնպիսի ընթացք տալ, որ իրագործվի իր նպատակը, և իր ժողովուրդը պաշտպանված լինի հոգևոր և ֆիզիկական անդառնալի վնասից։

ՍԱՏԱՆԱՆ ԵԿԱՎ ՈՒ ԿԱՆԳՆԵՑ ՆՐԱՆՑ ՄԵՋ

4. Երկնքում ո՞վ էր ներկա այն հավաքույթին, որի մասին խոսվում է «Հոբ» գրքում։

4 Մի օր «ճշմարիտ Աստծու որդիները» հավաքվեցին նրա առաջ երկնքում։ Աստվածաշնչում կարդում ենք, որ «Սատանան էլ եկավ ու կանգնեց նրանց մեջ» (Հոբ 1։6)։ Այստեղ է առաջին անգամ հիշատակվում Եհովայի գլխավոր թշնամու նկարագրողական տիտղոսը՝ «Սատանա», կամ՝ «Հակառակորդ»։ Այդ ժամանակ նա արդեն Աստծու հավատարիմ որդին չէր։ Սատանան դարձել էր Եհովայի, ինչպես նաև երկնային և երկրային մասերից բաղկացած նրա ընտանիքի թշնամին։ Այն, որ նա այլևս այդ ընտանիքի մաս չէր կազմում, իմանում ենք Ծննդոց 3։15-ում արձանագրված Եհովայի խոսքերից։ Այսպիսով՝ Սատանան «կնոջ»՝ հոգևոր էակներից բաղկացած ընտանիքի մաս չի կազմում, որից պետք է առաջ գար «սերունդը»։

5. Ի՞նչ ենք սովորում երկնքում տեղի ունեցած հավաքույթի ժամանակ ասված խոսքերից։

5 Եհովան այնպես է արել, որ երկնքում տեղի ունեցած հավաքույթի ժամանակ ասված խոսքերը գրի առնվեն Աստվածաշնչում։ Այն, որ Եհովան այս դրվագը ընդգրկել է իր Խոսքում, փաստում է, որ նա իր գերագույն իշխանությունը գործի է դնում կատարյալ ու արդար ձևով։ Դրանից նաև իմանում ենք, որ Ամենակարողը սահմանափակում է ուրիշների գործողությունների ազատությունը։ Սատանայի խոսքերից էլ հստակ երևում է, որ նա անսիրտ զրպարտող է (Հոբ 1։9; համեմատիր Հայտնություն 12։10)։

ԵՀՈՎԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐ Է ԴՆՈՒՄ

6. Ինչպե՞ս Եհովան ցույց տվեց, որ երկնքում տեղի ունեցող հանդիպումը ամբողջությամբ իր վերահսկողության տակ էր (Հոբ 1։7, 8)։

6 Կարդա Հոբ 1։7, 8։ Եհովան ամբողջովին վերահսկում էր այդ հավաքույթը։ Նա Սատանային հարցրեց. «Ուշադրություն դարձրի՞ր իմ ծառա Հոբին»։ Աստված լավ գիտեր, որ Սատանան Հոբին ընտրել էր որպես թիրախ։ Իսկ Եհովան ինչպե՞ս գործադրեց իր անսահման զորությունը, որ օգնի Հոբին։

7. Համաձայն Հոբ 1։10, 11-ի՝ Սատանան ի՞նչ ակնարկեց մարդկանց՝ Եհովային ծառայելու դրդապատճառների վերաբերյալ։

7 Կարդա Հոբ 1։10, 11։ Եհովան տիեզերքի Գերիշխանն է և իր զորությունն ու իշխանությունը գործի է դնում այնպես, ինչպես հարկ է համարում, և միշտ գիտի, թե յուրաքանչյուր իրավիճակում ինչն է ճիշտ (Երեմ. 32։17; Դան. 4։35)։ Բայց Սատանան պնդեց, որ Եհովան իր զորությունը տեղին չի գործադրում։ Իրականում Սատանան ակնարկում էր, թե Աստված կաշառում է մարդկանց, ինչպես, օրինակ, Հոբին, որ ծառայեն իրեն։ Նա նաև ասաց, որ մարդիկ Եհովային ծառայում են զուտ շահադիտական նպատակով։ Իսկ Եհովան ինչպե՞ս արձագանքեց։

8-9. Եհովան ի՞նչ հստակ սահմաններ դրեց Սատանայի առաջ և ինչո՞ւ (Հոբ 1։12; տես նաև նկարը)։

8 Կարդա Հոբ 1։12։ Եհովան հնարավորություն տվեց Սատանային ապացուցելու իր պնդումը, բայց միևնույն ժամանակ սահմաններ դրեց նրա առաջ։ Եհովան հստակ ասաց. «Միայն թե.... [Հոբի] անձին չդիպչես»։ Բոլոր ներկաները լսեցին, թե Եհովան ինչպես սահմաններ դրեց Սատանայի գործողությունների վրա։ Սատանան այլընտրանք չուներ. նա պետք է ենթարկվեր Եհովայի հրահանգին, պետք է գործեր նշված սահմաններում։ Այսպիսով՝ Եհովան գործի դրեց իր իշխանությունն ու զորությունը, որ պաշտպանի Հոբին և իր իսկ համբավը։ Այսօր էլ Սատանան կարող է անել միայն այն, ինչ Եհովան թույլ կտա նրան անել։

9 Սատանայի սկզբնական հարձակումը ձախողվեց։ Հոբը հավատարիմ մնաց իր երկնային Հորը (Հոբ 1։22)։ Սակայն Փորձիչը այդքանով չսահմանափակվեց։

Երկնքում Սատանան հրեշտակների առաջ անհարգալից է խոսում Եհովայի հետ։

Եհովան ականատեսների առաջ Սատանային թույլ տվեց ապացուցել իր պնդումը (տես պարբերություններ 8-9)


10. Ինչո՞ւ Եհովան թույլ տվեց Սատանային, որ շարունակի փորձել Հոբին (Հոբ 2։2-6)։

10 Կարդա Հոբ 2։2-6։ Հոբի անարատությունը կոտրելու համար Սատանան այս անգամ ավելի կատաղի հարձակում գործեց։ Նա պնդեց, որ Հոբը կանիծի Աստծուն, միայն թե փրկի իր կաշին։ Ցույց տալու համար, որ Սատանան սխալվում է, Եհովան թույլ տվեց նրան դիպչել հավատարիմ Հոբի անձին։ Սակայն այս անգամ էլ Աստված սահմաններ դրեց՝ ասելով. «Միայն թե նրա կյանքը չխլես»։ Սատանան այդ սահմանափակումներին ենթարկվելուց բացի՝ ուրիշ տարբերակ չուներ։ Այն, որ նա չէր կարող խախտել Եհովայի դրած սահմանները, կրկին փաստում է, որ Բարձրյալը Հոբի փորձության ժամանակ իրավիճակը իր վերահսկողության տակ էր պահում։

ԵՀՈՎԱՆ ՎԵՐՋ Է ԴՆՈՒՄ ՀՈԲԻ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

11. Հոբի փորձություններին վերջ դնելուց հետո Եհովան ինչպե՞ս օրհնեց նրան (Հոբ 42։10-13)։

11 Կարդա Հոբ 42։10-13։ Երբ ակնհայտ դարձավ, որ Հոբը փոխզիջումների չի գնալու, Եհովան այլևս թույլ չտվեց Սատանային փորձել նրան։ Նա վերջ դրեց իր հավատարիմ ծառայի տառապանքին։ Կրկին Փորձիչը անզոր էր Եհովայի դեմ և չէր կարող փոխել նրա որոշումը։ Սատանային այլևս թույլ չէր տրվում ճակատային հարձակում գործել Աստծու թանկագին ծառայի՝ Հոբի վրա։

12. Բեր օրինակ այն մասին, թե ինչ է արել Եհովան իր փրկարար զորությանը ապավինողների համար։

12 Վերջին օրերի ընթացքում շատերն են զգացել Եհովայի փրկարար զորությունը։ Օրինակ՝ 1945 թ.-ին Գերմանիայում համակենտրոնացման ճամբարից տխրահռչակ մահվան երթ կազմակերպվեց, որին մասնակցած բոլոր 230 Եհովայի վկաները ողջ մնացին։ Այդ սարսափելի երթի վերաբերյալ նրանք մի բանաձև ընդունեցին, որում հետևյալն էր ասվում. «Փորձության երկար ու դաժան փուլը հետևում է մնացել, և ազատվածներից, որոնք կարծես թե մազապուրծ եղած լինեն բոցավառ հնոցից, կրակի հոտ էլ չի գալիս.... Դեռ ավելին՝ բոլորս լի ենք Եհովայից ստացած զորությամբ»։ Դրանում նաև ասվում էր. «Մենք միայն մեկ ցանկություն ունենք.... առյուծների գուբում լինելուց հետո մեզ հնարավորություն տրվի ծառայելու Եհովային.... ողջ հավիտենության ընթացքում։ Դա մեծագույն վարձատրությունը կլինի մեզ համար» (համեմատիր Դանիել 3։27; 6։22)։

13. Փորձությունների բախվելիս ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել (տես նաև նկարները)։

13 Մեր կյանքում էլ գուցե այնպիսի պահեր լինեն, երբ թվա, թե առյուծների գուբում ենք (1 Պետ. 5։8-10)։ Հնարավոր է՝ երբեմն մեզ շատ ճնշված զգանք և մտածենք. «Իմ փորձությունը մի օր կավարտվի՞»։ Այդպիսի պահերին մեզ կօգնի Հոբի պատմությունը հիշելը։ Մենք կարող ենք վստահ լինել, որ Եհովան զորություն ունի վերջ դնելու մեր տառապանքին՝ անկախ նրանից՝ դա կանի հիմա, թե նոր աշխարհում։ Աստված թույլ չի տա, որ այս աշխարհը իր նշանակած ժամանակից մեկ րոպե ավել գոյություն ունենա։

Համակցված նկարներ. Եհովայի ծառաները տարբեր դժվարություններ են կրում։ 1. Երիտասարդ եղբայրը մխիթարում է տարեց եղբորը։ Նրանք վշտացած կանգնած են գերեզմանում։ 2. Հիվանդանոցում ծնողները հուսահատ ծնկի են իջել իրենց դստեր անկողնու մոտ։ 3. Ազատազրկված եղբայրը ծայրաստիճան շոգին բահով հող է փորում, իսկ նրան հսկում է մի զինվոր՝ զենքը ձեռքին։

Եհովան կվարձատրի իր նվիրված ծառաներին (տես պարբերություն 13)


ԵՀՈՎԱՆ ՍԻՐՈՒՄ Է ԻՐ ՆՎԻՐՎԱԾ ԾԱՌԱՆԵՐԻՆ

14-15. Ի՞նչ է Եհովան ցանկանում անել իր նվիրված ծառաների համար և ինչո՞ւ (Հոբ 14։15; տես նաև նկարը)։

14 Կարդա Հոբ 14։15։ Մեր երկնային Հայրը ջերմ կապվածություն է զգում իրեն նվիրվածների հանդեպ։ Նա նրանց այնքան թանկ է համարում, որ եթե մահանան, հարություն կտա նրանց՝ այդպիսով վերացնելով մահվան պատճառած ցավը (Ես. 65։17)։

15 Թեպետ Հոբը շարունակում էր ապրել Սատանայի կողմից ղեկավարվող աշխարհում, բայց Աստվածաշնչի վստահարժան խոսքերից իմանում ենք, որ Եհովան վերականգնեց Հոբի առողջությունը և նրան նույնիսկ ավելի շատ օրհնություններ տվեց, քան նա ուներ նախքան փորձվելը։ Բայց դա դեռ ամենը չէր։ Եհովան ապագայում ավելի մեծ օրհնություններ է տալու Հոբին։ Եհովան ցույց տվեց, որ ուզում է՝ իր ծառաները երջանիկ լինեն և վայելեն կյանքը։ Նա իրեն նվիրված բոլոր մարդկանց հնարավորություն կտա վայելելու կատարյալ կյանքը դրախտային երկրի վրա (Հայտն. 21։3, 4)։ Լինելով տիեզերքի Գերիշխանը՝ նա ցանկություն ունի այդպես վարվելու։ Այս միտքը անկասկած մխիթարում է մեզ, երբ փորձությունների միջով ենք անցնում։

Հոբը՝ առողջ և գեղեցիկ հագնված, լավ ժամանակ է անցկացնում իր ընկերների հետ, ովքեր եկել են իրեն և իր կնոջը տեսնելու։

Փորձություններից հետո Հոբն ու իր կինը Եհովայի կողմից առատորեն օրհնվեցին (տես պարբերություններ 14-15)


16. Է՞լ ինչ պատճառ կա վստահելու Եհովային որպես Գերիշխանի։

16 Երկար ապրելուց հետո Հոբն ի վերջո մահացավ։ Բայց Եհովան Գերիշխան է՝ Ամենակարող, և իշխանություն ունի նույնիսկ մահվան վրա (2 Օրենք 32։39)։ Ուստի ոչ ոք չի կարող նրան խանգարել, որ հարություն տա այն մարդկանց, ում սիրում է, և դա անել այն ժամանակ, երբ որոշել է (Հռոմ. 8։38, 39)։

ՈՂՋ ՍՐՏՈՎ ՎՍՏԱՀԵՆՔ ԵՀՈՎԱՅԻՆ

17. Ինչի՞ց է երևում, որ Եհովայի ժողովրդին վերացնելու Սատանայի ջանքերը ձախողվել են։

17 Հոբի մասին արձանագրությունը ծանրակշիռ հիմքեր է տալիս ամբողջ սրտով Եհովային վստահելու համար։ Որքա՜ն շնորհակալ ենք Աստծուն, որ թույլ չի տվել Սատանային ոչնչացնել իր ժողովրդին։ Այսօր Եհովան՝ տիեզերքի Գերիշխանը, մոտ ինը միլիոն հավատարիմ ծառաներ ունի, և դա նրա անսպառ զորության կենդանի ապացույցն է։ Մենք բազմիցս համոզվել ենք, որ Եհովայի ծառաների դեմ ստեղծված զենքերը երբեք հաջողություն չեն ունենում (Ես. 54։17)։ Երկաթանման ազգերն ու կրոնական կառույցները չեն կարողացել բնաջնջել Եհովայի՝ անպաշտպան թվացող ժողովրդին։ Ոչինչ չի կարող մեզ խանգարել տարածելու Աստծու մասին ճշմարտությունը և քողազերծելու Սատանայի իրական դեմքը որպես ստախոսի և մարդասպանի։ Նույնիսկ մահը չի կարող մեզ կանգնեցնել, որովհետև Եհովան կյանքի կբերի բոլոր նրանց, ովքեր նվիրված կմնան նրան մինչև մահ (Օս. 13։14)։

18. Ինչո՞ւ կարիք չկա վախենալու ապագա իրադարձություններից։

18 Երբ մտորում ենք Հոբի կյանքի մասին, մեր հավատը ամրանում է այն բանի հանդեպ, որ ապագայում ինչ էլ որ լինի, Եհովան մեզ հետ կլինի։ Մեծ նեղության ժամանակ այնպիսի տպավորություն կստեղծվի, թե Աստծու ժողովուրդը խոցելի է, և կթվա, թե Սատանան ու նրա համախոհները հաղթանակ են տանում։ Բայց ճիշտ ինչպես Հոբի օրերում էր, Եհովան իրավիճակը լիարժեք վերահսկողության տակ կպահի և Սատանային թույլ չի տա անդառնալի վնաս հասցնել իր ծառաներին։ Սրընթաց մոտենում է այն ժամանակը, երբ Եհովան վերջ կդնի մարդկության տառապանքին, որի պատճառը Սատանան է։ Բանսարկուն ու նրա դևերը 1 000 տարով կբանտարկվեն անդունդում (Ղուկ. 8։31; Հայտն. 20։1-3)։ Ի վերջո Սատանան ու նրա աջակիցները անփառունակ վախճան կունենան (Հայտն. 20։10)։ Ինչպես և Եհովան ասել է, Սատանայի գլուխը կջախջախվի. նա առհավետ կոչնչացվի (Ծննդ. 3։15; Հռոմ. 16։20)։

19. Ի՞նչ վարձատրություն է սպասում նրանց, ովքեր լիովին վստահում են Եհովային (տես նաև նկարը)։

19 Աստծու ծառաները անձկությամբ սպասում են այն ժամանակին, երբ նոր աշխարհում կատարյալ ու երջանիկ կյանքով կապրեն, և դա շուտով իրականություն կդառնա։ Կյանքը մեր պատկերացրածից շատ ավելի լավը կլինի։ Եհովան խոստանում է. «Ահա ես ամեն բան նոր եմ դարձնում» (Հայտն. 21։5)։ Իսկ ի՞նչ է դա նշանակում։ Հազարամյակներ անց մարդկությունը առաջին անգամ կազատվի Սատանայի ու նրա դևերի ապականիչ, ատելություն սերմանող և կործանարար ազդեցությունից։ Վերջապես թեթևության աննկարագրելի զգացում կունենանք։ Հին աշխարհի պատճառած մտահոգություններն այլևս չեն ստիպի անքուն գիշերներ անցկացնել։ Արմագեդոնից հետո վերապրածները իրենց աչքով կտեսնեն, թե ինչպես են ողջ աշխարհով մեկ հրաշքով բուժումներ լինում։ Ավելին՝ վերջապես հարություն կառնեն մեր մահացած սիրելիները։ Մենք կսկսենք այնպիսի կյանքով ապրել, ինչպիսին որ մեր երկնային Հայրն էր նախատեսել։

Նախորդ նկարի եղբայրներն ու քույրերը վայելում են կյանքը դրախտում։ Տարեց եղբայրը, ով արդեն երիտասարդ է, զբոսնում է իր կնոջ հետ։ Ծնողները քայլում են իրենց դստեր հետ, ով առողջացել է։ Մի ժամանակ ազատազրկված եղբայրը ծառի տակ նստած է առյուծի կորյունի մոտ և Աստվածաշունչ է կարդում։

Անցյալում փորձություններ դիմակայած հավատարիմ մարդիկ կվայելեն Եհովայի տված առատ օրհնությունները (տես պարբերություն 19)


20. Ի՞նչ ես վճռել։

20 Հավանական է, որ այս վերջին օրերում բազմաթիվ փորձությունների կբախվենք, և դրանց դիմակայելու համար մեզ քաջություն է անհրաժեշտ։ Ուստի եկեք վճռենք ամբողջությամբ վստահել Եհովային և թիկունք կանգնել նրա գերիշխանությանը։ Թող որ փաստենք, որ սիրում ենք մեր երկնային Հորը, և որ Սատանան խաբեբա է։ Այո՛, մենք կարող ենք վստահությամբ նայել ապագային, երբ Գերիշխանը՝ Եհովան, իր մեծ զորությունը գործի դնելով՝ կօրհնի իր հավատարիմ ծառաներին։

ՀՈԲԻ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՉՊԵ՞Ս Է ՓԱՍՏՈՒՄ, ՈՐ՝

  • Եհովան տիեզերքի Գերիշխանն է,

  • Եհովան փափագում է օրհնել իր նվիրված ծառաներին,

  • դու կարող ես լիովին վստահել Եհովային՝ տիեզերքի Գերիշխանին։

ԵՐԳ 153 Քաջ սիրտ տուր ինձ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը