Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w26 մարտ էջ 2–7
  • Բարելավիր «սովորեցնելու վարպետությունդ»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Բարելավիր «սովորեցնելու վարպետությունդ»
  • 2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱՆՔ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՆԴԵՊ
  • ՄԵՐ ԱՍԱԾԸ ՀԻՄՆԵՆՔ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻ ՎՐԱ
  • ՄԱՐԴԿԱՆՑ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՏՐՈՆԱՑՆԵՆՔ ԵՀՈՎԱՅԻ ՎՐԱ
  • ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ԲԱՐԵԼԱՎԵԼ «ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
  • Օգնենք Աստվածաշունչ ուսումնասիրողին Եհովային ծառայելու որոշում կայացնել
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Օգնիր նրանց, ովքեր «տրամադրված են ընդունելու.... ճշմարտությունը»
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Որոշումներիցդ երևո՞ւմ է, որ ապավինում ես Եհովային
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
  • Համեստորեն ընդունենք, որ ամեն ինչ չէ, որ գիտենք
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w26 մարտ էջ 2–7

ՄԱՅԻՍԻ 4-10, 2026

ԵՐԳ 53 Պատրաստվենք քարոզելու

Բարելավիր «սովորեցնելու վարպետությունդ»

«Խոսքը քարոզիր.... գործի դիր մեծ համբերատարություն և սովորեցնելու վարպետություն» (2 ՏԻՄՈԹ. 4։2)։

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ

Երեք բան, որ կօգնեն մեզ բարելավել ծառայության մեջ «սովորեցնելու վարպետությունը»։

1. Ի՞նչ հմտություն արժե զարգացնել և ինչո՞ւ (2 Տիմոթեոս 4։2; տես նաև նկարը)։

ՀԻՍՈՒՍՆ իր հետևորդներին ասաց. «Մարդկանց օգնեք աշակերտներ դառնալ.... սովորեցնելով պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի» (Մատթ. 28։19, 20)։ Այս պատվերից երևում է, որ բոլոր քրիստոնյաները պետք է ուսուցիչներ լինեն։ Թեև Եհովան ձգում է նրանց, ովքեր «տրամադրված են ընդունելու» ճշմարտությունը, և հրեշտակներն իրենց ուրույն դերն ունեն այդ մարդկանց մոտ մեզ ուղղորդելու հարցում, սակայն մենք էլ անելիք ունենք (Գործ. 13։48; Հովհ. 6։44; Հայտն. 14։6)։ Այս առումով Պողոսն ու Բառնաբասը լավ օրինակ են մեզ համար։ Աստվածաշնչում ասվում է, որ երբ նրանք քարոզում էին Իկոնիոնի ժողովարանում, «այնպես խոսեցին, որ բազմաթիվ հրեաներ և հույներ հավատացյալ դարձան» (Գործ. 14։1)։ Անկասկած, նրանք զարգացրել էին «սովորեցնելու վարպետությունը» (կարդա 2 Տիմոթեոս 4։2)։ Լավ կլինի՝ բոլոր քրիստոնյաները այդպես վարվեն։

Պողոսը համոզվածությամբ խոսում է ժողովարանում, իսկ մարդիկ կլանված լսում են նրան։ Բառնաբասը, Պողոսի կողքին նստած, ժպիտով լսում է, թե ինչպես է նա ուսուցանում։

«Սովորեցնելու վարպետության» մասին մենք շատ բան կարող ենք սովորել Հիսուսից և նրա աշակերտներից, որոնց թվում էին Պողոսն ու Բառնաբասը (տես պարբերություն 1)


2. Ինչո՞ւ որոշ քրիստոնյաներ գուցե մտածեն, թե չեն կարող բարելավել սովորեցնելու իրենց հմտությունը։

2 Քրիստոնյաներից ոմանք գուցե մտածեն, թե չեն կարող բարելավել սովորեցնելու իրենց հմտությունը, քանի որ թերի կրթություն են ստացել կամ բնատուր ունակություններ չունեն։ Աստվածաշնչում նշված Աստծու ծառաներից ոմանք նույնպես մտածել են, որ հմուտ չեն սովորեցնելու հարցում (Ելք 4։10; Երեմ. 1։6)։ Որոշ քրիստոնյաներ էլ թերևս վհատվեն՝ մտածելով, որ ուրիշների պես դրական արդյունքների չեն հասնում ծառայության մեջ։ Իհարկե, ոչ բոլորն են ցանկանալու լսել բարի լուրը, և ծառայության մեջ արդյունքների հասնելը կախված չէ միայն մեր ջանքերից։ Ինչպես նշեցինք, Եհովան ու հրեշտակները հոգ են տանում, որ անկեղծ սիրտ ունեցող մարդիկ գտնեն ճշմարտությունը։ Այնուամենայնիվ, մենք ցանկանում ենք ամեն ինչ անել, որ բարի լուրը գրավիչ ձևով ներկայացնենք։ Ուստի այս հոդվածում կքննենք երեք բան, որոնք կօգնեն մեզ բարելավել սովորեցնելու վարպետությունը։

ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱՆՔ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՆԴԵՊ

3. Ինչո՞ւ էին Հիսուսի ասածները հասնում իրեն լսողների սրտին։

3 Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսը «գիտեր, թե ինչ կա մարդու սրտում» (Հովհ. 2։25)։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ Հիսուսը գիտեր, թե մարդիկ ինչ են մտածում և ինչ շարժառիթներ ունեն։ Նա կարողանում էր իր ասելիքը հասցնել մարդկանց սրտին, որովհետև գիտեր, թե ինչ կարիքներ ունեն։ Տեսնում էր, որ նրանք հոգևորապես քաղցած են և ճկվել են անհաշիվ ավանդույթների ու մարդածին կանոնների բեռի տակ (Մատթ. 9։36; 23։4)։ Լեռան քարոզում Հիսուսը հենց այս խնդիրներին անդրադարձավ։ Բազմաթիվ մարդիկ հաճույքով լսում էին նրան, քանի որ խոսում էր անձամբ իրենց առնչվող հարցերի մասին։

4. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ հետաքրքրված ենք մարդկանցով (տես նաև նկարները)։

4 Մենք ցույց կտանք, որ հետաքրքրված ենք մարդկանցով, եթե փորձենք հասկանալ նրանց մտահոգությունները։ Ցանկացած անհատ, ում քարոզում ենք, այս կամ այն կերպ տուժում է Սատանայի ապականված համակարգի պատճառով։ Դա ի մտի ունենալը կօգնի մեզ կարեկցել մեր տարածքում բնակվող մարդկանց։ Օրինակ՝ կարո՞ղ ես հիշել լուրերով վերջերս լուսաբանված մի իրադարձություն, որը գուցե անհանգստացնում է նրանց։ Հնարավոր է՝ որոշ ծնողներ մտահոգված են դպրոցում իրենց երեխաների անվտանգությամբ։ Կամ գուցե գործազրկությունն է մեծ խնդիր դարձել։ Փորձիր պատկերացնել, թե ինչի է նման այն մարդկանց կյանքը, ովքեր այս «չափազանց դժվար ժամանակներում» ապրում են առանց Աստծու տված հույսի (2 Տիմոթ. 3։1; Ես. 65։13, 14)։

Համակցված նկարներ. մի քույր պատրաստվում է ծառայությանը և մտածում է, թե ինչ հանգամանքներում են ապրում իր տարածքի մարդիկ։ 1. Մայրը պաշտպանելու համար գիրկն է առել որդուն, իսկ մի տղամարդ բռունցքով սպառնում է նրանց։ 2. Երիտասարդ կինը ծխում է։ 3. Մի տարեց կին իր առողջության վերաբերյալ վատ լուր է իմանում բժշկից։

Ձգտիր հասկանալ, թե ինչ հանգամանքներում են գտնվում մարդիկ, ում ուսուցանում ես, և սովորիր հետաքրքրություն ցույց տալ նրանց հանդեպ (տես պարբերություն 4)


5. Որպես ուսուցիչ՝ ինչո՞վ էր Հիսուսը տարբերվում փարիսեցիներից (Մատթեոս 11։28-30)։

5 Հիսուսը հետաքրքրված էր իրեն լսողներով, և նրանք զգում էին դա նրա վերաբերմունքից։ Որքա՜ն էր նա տարբերվում փարիսեցիներից, ովքեր արհամարհանքով էին վերաբերվում հասարակ մարդկանց և ոչնչություն էին համարում նրանց (Մատթ. 23։13; Հովհ. 7։49)։ Բայց Հիսուսը բարությամբ ու հարգանքով էր վարվում մարդկանց հետ։ Նա «հեզ էր ու սրտով խոնարհ», ինչն էլ նպաստում էր լավ ուսուցիչ լինելուն (կարդա Մատթեոս 11։28-30)։ Մենք նույնպես մեզ լսողներին պետք է բարությամբ ու հարգանքով վերաբերվենք։

6. Ինչպե՞ս կարող ենք բարությամբ և հարգանքով վերաբերվել նրանց, ովքեր մերժում են մեր հայտնած լուրը կամ հակառակվում են մեզ։

6 Ոմանք մերժում են բարի լուրը կամ նույնիսկ հակառակվում են մեզ։ Ինչպե՞ս պետք է արձագանքենք։ Հիսուսը սովորեցրել է, որ հակառակությունը հանդուրժելուց ավելին պետք է անենք։ Նա ասել է. «Բարիք արեք ձեզ ատողներին, օրհնեք ձեզ անիծողներին և աղոթեք ձեզ վիրավորողների համար» (Ղուկ. 6։27, 28)։ Դա հեշտ կլինի անել, եթե հիշենք, որ հավանաբար պատճառ կա, որ նրանք չեն ուզում լսել մեզ։ Իհարկե, ոմանք դիտավորյալ են հակառակվում մեզ։ Սակայն կան մարդիկ, ովքեր այդպես են արձագանքում, քանի որ ընտանեկան խնդիրների կամ իրենց մտահոգող որևէ իրավիճակի պատճառով վրդովված են։ Գուցե պարզապես նրանց այցելել ենք այն ժամանակ, երբ նրանք տրամադրություն չունեին։ Ամեն դեպքում, մենք պետք է վարվենք հետևյալ հորդորի համաձայն. «Թող ձեր խոսքերը միշտ վայելուչ լինեն՝ աղով համեմված, որ միշտ իմանաք, թե ինչպես պետք է պատասխան տաք ամեն մարդու» (Կող. 4։6)։ Եթե կարեկցենք մարդկանց և ձգտենք հասկանալ, թե նրանք ինչ կարիքներ ունեն, ավելի քիչ հակված կլինենք վիրավորվելու և կբարելավվենք ուսուցանելու հարցում։

ՄԵՐ ԱՍԱԾԸ ՀԻՄՆԵՆՔ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻ ՎՐԱ

7. Ինչի՞ց է երևում, որ Հիսուսը իր սովորեցրածները հիմնում էր Աստծու Խոսքի վրա (Հովհ. 7։14-16)։

7 Սովորեցնելիս Հիսուսը հիմնվում էր ոչ թե իր գիտելիքների, այլ Աստծու Խոսքի վրա։ Նա իր ասելիքը այնպես էր մատուցում, որ լսողները հեշտությամբ ըմբռնեին և հիշեին այն։ Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսը սովորեցնում էր «ինչպես իշխանություն ունեցող մեկը, ոչ թե Օրենքի ուսուցիչների պես», և նրան լսելով՝ մարդիկ ապշում էին (Մարկ. 1։22)։ Հիսուսի օրերում Օրենքի ուսուցիչները իրենց սովորեցրածը հիմնավորելու համար մեջբերում էին հարգված ուսուցիչների խոսքերը։ Ի տարբերություն նրանց՝ Հիսուսը մեջբերումներ էր անում Աստծու ներշնչմամբ գրված խոսքերից։ Լինելով Աստծու Որդին, ով ապրել էր երկնքում, նա կարող էր իր անսահման իմաստությամբ տպավորել մարդկանց և նույնիսկ ցնցել։ Բայց նա այդպես չէր վարվում։ Փոխարենը մարդկանց ուշադրությունը հրավիրում էր Աստծու Խոսքի և նրա կամքը կատարելու վրա (կարդա Հովհաննես 7։14-16)։ Հիսուսը հիանալի օրինակ է իր հետևորդների համար։

8. Ինչպե՞ս էր Պետրոս առաքյալը ընդօրինակում Հիսուսին։

8 Հիսուսի աշակերտները ուսուցանելիս նույնպես հիմնվում էին Աստծու Խոսքի վրա։ Մտածենք Պետրոս առաքյալի այն ելույթի մասին, որը նա ներկայացրեց 33 թ. Պենտեկոստեին։ Թեև նա բարձրագույն կրթություն չուներ, բայց սուրբ գրվածքների օգնությամբ հստակ բացատրեց, թե Հիսուսի վերաբերյալ ասված բոլոր մարգարեությունները ինչպես են կատարվել, և նրա խոսքերը հասան մարդկանց սրտին (Գործ. 2։14-37)։ Արդյունքում «ովքեր սրտանց ընդունեցին նրա խոսքը, մկրտվեցին. այդ օրը մոտ 3 000 հոգի ավելացավ աշակերտների թվին» (Գործ. 2։41)։

9. Ինչո՞ւ պետք է մեր սովորեցրածները հիմնենք Աստծու Խոսքի վրա։

9 Մարդկանց սրտին հասնելու համար Աստծու Խոսքից ավելի լավ գործիք չկա (Եբր. 4։12)։ Հետևաբար ուսուցանելիս պետք է կենտրոնանանք Աստվածաշնչի վրա։ Մենք ցանկանում ենք «խոսքը քարոզել», ոչ թե մեր անձնական գաղափարները (2 Տիմոթ. 4։2)։ Առակներ 2։6-ում ասվում է. «Եհովան է իմաստություն տալիս, նրա բերանից են գիտելիք ու խորաթափանցություն դուրս գալիս»։ Ուստի երբ ուսուցանում ենք Սուրբ Գրքից, ըստ էության՝ թողնում ենք, որ Եհովան խոսի (Մաղ. 2։7)։ Մենք ուզում ենք՝ մարդիկ իմանան, որ Աստվածաշունչը գերազանցում է մարդկային իմաստությունը։ Այն գրվել է Աստծու ներշնչմամբ և այնպիսի գիտելիքներ է պարունակում, որոնք ձեռք բերելով՝ կհաճեցնենք մեր Արարչին և կապրենք երջանիկ ու բավարարված կյանքով (2 Տիմոթ. 3։16, 17)։

10. Ինչպե՞ս կարող ենք Աստվածաշունչ ուսումնասիրողների ուշադրությունը հրավիրել Աստծու Խոսքի վրա։

10 Երբ պատրաստվում ես Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել, մտածիր, թե ինչպես կարող ես ուսումնասիրողի ուշադրությունը կենտրոնացնել այն բանի վրա, թե ինչ է Աստվածաշունչը սովորեցնում։ Ուսումնասիրողը պետք է հասկանա, որ թեև նկարներն ու տեսանյութերը նպաստում են նյութը ըմբռնելուն, սակայն մեր գլխավոր դասագիրքը Աստվածաշունչն է։ Ուստի նրա ուշադրությունը հրավիրիր գլխավոր համարների վրա և օգնիր տրամաբանել դրանց շուրջ։ Անգամ երբ անդրադառնում եք նկարներին ու տեսանյութերին, հավաստիացիր, որ նա հասկանում է, թե աստվածաշնչյան որ հիմնարար սկզբունքներն են դրանցում պարփակված։ Կարիք չկա շատ բան ասելու կամ բոլոր համարները կարդալու։ Ժամանակ տուր ուսումնասիրողին յուրացնելու կարդացած համարների իմաստը, և եթե անհրաժեշտ է, նորից ընթերցելու դրանք։ Այդպես անցկացրած կլինես ոչ թե գրքի, նկարների կամ տեսանյութերի ուսումնասիրություն, այլ Աստվածաշնչի (1 Կորնթ. 2։13)։

11-12. ա) Ինչպե՞ս կարող ենք համբերատար լինել Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելիս (Գործեր 17։1-4; տես նաև նկարը)։ բ) Ոմանք ի՞նչ չգիտեն Աստվածաշնչի մասին, և ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց։

11 Եթե ուսումնասիրողը դժվարանում է ընդունել որևէ միտք, հիշիր, որ պետք է «խոսքը քարոզենք.... մեծ համբերատարությամբ»։ Բոլորը նույն արագությամբ չեն առաջադիմում։ Ոմանց շատ ժամանակ է պետք հասկանալու համար այն ճշմարտությունները, որոնք մեզ համար հեշտ է ըմբռնել։ Պողոսը մի քանի անգամ քարոզեց Թեսաղոնիկեում ապրող հրեաներին՝ սուրբ գրքերի օգնությամբ տրամաբանելով նրանց հետ, ինչից հետո նոր նրանք հասկացան նրա ասածները (կարդա Գործեր 17։1-4)։

12 Համբերատար լինելու կերպերից մեկն էլ այն է, որ հարցեր տանք ուսումնասիրողին և չտրվենք շատ խոսելու գայթակղությանը։ Ձգտիր ուշադիր լսել և հասկանալ նրա մտածելակերպը։ Այնուհետև կարդա և քննարկիր կոնկրետ համարներ, որպեսզի օգնես նրան ըմբռնել, թե որն է Աստծու տեսակետը տվյալ հարցի շուրջ։ Նաև ի մտի ունեցիր, որ ոմանք լիովին անտեղյակ են Աստվածաշնչին և չգիտեն, թե ինչ է այնտեղ գրված։ Կարող ես ցույց տալ Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության սկզբնամասում տեղ գտած «Ծանոթություն Աստծու Խոսքին» վերնագրով նյութը, որպեսզի օգնես նրան տեսնելու, թե որքան օգտակար տեղեկություններ կան Աստվածաշնչում։ Այնուհետև կարող ես ընդգծել Սուրբ Գրքի գործնական արժեքը՝ կարդալով 15-րդ հարցի տակ գտնվող համարներից մեկը կամ երկուսը և բացատրելով, թե Աստվածաշունչը ինչպես կարող է օգնել մեզ երջանիկ լինել։ Եթե ուսումնասիրողը գիտակցի Աստծու Խոսքի արժեքը, քո սովորեցրածը ավելի արդյունավետ կլինի։

Նախորդ նկարում պատկերված քույրը Աստվածաշունչ է ուսուցանում ծխող կնոջը։ Նրանք նստած են այգու նստարանին։ Քույրը ուշադրությամբ լսում է կնոջը, ով խոսում է իր զգացումների մասին։

Հմուտ ուսուցիչը ավելի շատ լսում է, քան՝ խոսում (տես պարբերություններ 11-12)


ՄԱՐԴԿԱՆՑ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՏՐՈՆԱՑՆԵՆՔ ԵՀՈՎԱՅԻ ՎՐԱ

13. Երբ ուսուցանում ենք, ո՞ւմ վրա պետք է կենտրոնացնենք մարդկանց ուշադրությունը։ Բացատրիր օրինակով։

13 Մեր նպատակն է՝ օգնել մարդկանց ճանաչել Եհովային և մտերմանալ նրա հետ (Հակ. 4։8)։ Այս առումով մեր աշխատանքը կարող ենք համեմատել թատրոնում բեմի լուսավորման մասնագետի աշխատանքի հետ։ Ներկայացման ընթացքում նա լույսը ուղղում է ոչ թե իր, այլ ներկայացման գլխավոր դերակատարների վրա՝ հավաստիանալով, որ նրանք ուշադրության կենտրոնում են։ Ուսուցանելիս մենք նույնը պետք է անենք. մարդկանց ուշադրությունը կենտրոնացնենք ոչ թե մեր, այլ Եհովայի վրա։

14. Ինչպե՞ս կարող ենք ուսումնասիրողի ուշադրությունը կենտրոնացնել Եհովայի վրա։

14 Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելիս օգնիր անհատին Եհովային հաճեցնելու ցանկություն զարգացնել (Առակ. 27։11)։ Դու ուսումնասիրողին ոչ թե սովորեցնում ես հետևել վարքագծի որոշ կանոնների, ասես անդամագրվում է ինչ-որ ակումբի, այլ օգնում ես նրան փոփոխություններ անել Եհովային հաճելի լինելու համար։ Օրինակ՝ եթե նա պայքարում է որևէ վատ սովորության դեմ, նրան այսպիսի հարցեր տուր. «Ինչո՞ւ է Եհովան ատում դա։ Ինչո՞ւ է նա ուզում, որ դադարես անել մի բան, ինչը քեզ հաճելի է։ Այդ պահանջից ինչպե՞ս է երևում, որ Եհովան սիրում է քեզ»։ Որքան շատ մղես ուսումնասիրողին մտածել Եհովայի մասին, այնքան ավելի շատ նա կհամոզվի, որ հիանալի Հայր ունենք։ Դա էլ իր հերթին կօգնի, որ նա Եհովային հաճեցնելու ցանկություն ունենա։

ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ԲԱՐԵԼԱՎԵԼ «ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»

15. Ինչպե՞ս կարող ենք շարունակ բարելավել «սովորեցնելու վարպետությունը»։

15 Լինելով ուսուցիչ՝ կարող ես խնդրել Եհովային, որ օգնի քեզ վերլուծել ուսուցանելու հմտությունդ և տեսնել, թե որ հարցում բարելավվելու կարիք ունես (1 Հովհ. 5։14)։ Վարվելով աղոթքիդ համաձայն՝ ուշադրություն դարձրու, թե Եհովան ինչ ուսուցում է տրամադրում հանդիպումների ժամանակ։ Նաև կարող ես ուսումնասիրությանը հրավիրել հմուտ ուսուցիչների և հետո կարծիք հարցնել նրանցից։ Հիշիր, որ ի տարբերություն քեզ՝ ուսումնասիրողը շատ բան չգիտի նյութի մասին, ուստի փորձիր նրա աչքերով նայել դրան։ Ապա օգնիր նրան հասկանալ, որ մեր հայտնած լուրը իրոք բարի լուր է։ Դա կմղի ուսումնասիրողին մտերմանալ Եհովայի հետ և իսկական երջանկություն կպարգևի (Սաղ. 1։1-3)։

16. Ի՞նչ օգուտ կքաղենք, եթե շարունակենք բարելավել «սովորեցնելու վարպետությունը»։

16 Եհովայի մասին մարդկանց սովորեցնելով՝ մենք մեծ ուրախություն կստանանք։ Այս հաճելի գործի կարիքը նոր աշխարհում ավելի շատ կլինի։ Ուստի եկեք շարունակենք հետաքրքրություն ցույց տալ մարդկանց հանդեպ, մեր ասելիքը հիմնել Աստծու Խոսքի վրա և քարոզելիս մարդկանց ուշադրությունը հրավիրել Եհովայի վրա։ Այդպես վարվելով՝ կբարելավենք մեր «սովորեցնելու վարպետությունը» ծառայության մեջ։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ՝

  • հետաքրքրություն ցույց տալ մարդկանց հանդեպ,

  • մեր ասելիքը հիմնել Աստծու Խոսքի վրա,

  • մարդկանց ուշադրությունը հրավիրել Եհովայի վրա։

ԵՐԳ 65 Միշտ առա՛ջ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը