Միշտ պատրաստ եղիր ուսումնասիրություն առաջարկելու
1. Ի՞նչ է ներառում Մատթեոս 28։19, 20-ում գրված պատվերը։
1 Հիսուսը պատվիրեց մեզ «աշակերտներ դարձնել.... սովորեցնելով նրանց» (Մատթ. 28։19, 20)։ Այդ իսկ պատճառով մենք պետք է պատրաստ լինենք Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկելու ամեն ժամանակ և ոչ թե միայն մեկ շաբաթ կամ կիրակի օր, որը նախատեսված է դրա համար։ Հետևյալ առաջարկները կարող են օգտակար լինել։
2. Ու՞մ կարող ենք ուսումնասիրություն առաջարկել։
2 Ուսումնասիրություն առաջարկիր։ Որքան հաճախ առաջարկենք Աստվածաշնչի ուսումնասիրություն, այնքան հավանականությունը մեծ է, որ այն կսկսենք (Ժող. 11։6)։ Փորձե՞լ ես ուղղակիորեն առաջարկել։ Միացյալ Նահանգների ժողովներից մեկը մի ամբողջ ամիս այդպես արեց։ Որքա՜ն ուրախ էին ժողովի անդամները՝ սկսելով Աստվածաշնչի 42 ուսումնասիրություն։ Մի կարծիր, թե հետաքրքրվող անհատը գիտի, որ դու ուզում ես նրա հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել։ Ուստի երբ մյուս անգամ այցելես, ուսումնասիրություն առաջարկիր։ Եթե հրաժարվի, մի հուսահատվիր. շարունակիր զարգացնել հետաքրքրությունը։ Իսկ առաջարկե՞լ ես ուսումնասիրություն հարևաններիդ, բարեկամներիդ, աշխատակիցներիդ կամ համադասարանցիներիդ։ Բացի այդ, ուսումնասիրողիդ հարցրու, թե արդյոք նրա ընկերները կամ բարեկամները կցանկանան Աստվածաշունչ ուսումնասիրել։
3. Ի՞նչ օգտակար գործիք ունենք Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու համար, և ե՞րբ կարող ենք օգտագործել այն։
3 Օգտակար գործիք։ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու համար օգտակար գործիք կարող է ծառայել «Ցանկանո՞ւմ եք իմանալ ճշմարտությունը» թերթիկը։ Դու կարող ես այն տալ բնակչին, անկախ նրանից՝ կվերցնի այլ գրականություն, թե ոչ։ Այն կարելի է օգտագործել գործարար տարածքում կամ փողոցում վկայություն տալիս, նամակներով քարոզելիս և վերայցելություններ կատարելիս։ Եթե տանը մարդ չկա, այն կարելի է թողնել դռան մոտ։ Կարող ես թերթիկը վերցնել քեզ հետ, որպեսզի հարմար առիթի դեպքում առաջարկես հանրային տրանսպորտում, գնումներ անելիս և աշխատանքի վայրում։ Թերթիկի վերջում համառոտ բացատրվում է, թե ինչպես ենք Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնում, և ներկայացվում է «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը։
4. Ինչպե՞ս կարող ենք օգտագործել «Իմացեք ճշմարտությունը» թերթիկը Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու համար։
4 Թերթիկը մարդուն տալուց հետո ցույց տուր առաջին էջի հարցերը և հարցրու. «Այս հարցերից ո՞րն է ամենաշատը հետաքրքրում ձեզ»։ Այնուհետև միասին նայեք պատասխանը թերթիկից, հետո կարդա կամ քո խոսքերով ներկայացրու Աստվածաշնչի ուսումնասիրության վերաբերյալ վերջին էջում գրված առաջարկը։ Ցույց տուր նրան, թե քննարկված հարցի շուրջ որտեղ է խոսվում «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքում, առաջարկիր գիրքը և պայմանավորվիր, որ կվերադառնաս և կշարունակես քննարկումը։
5. Ինչո՞ւ պետք է միշտ պատրաստ լինենք Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկելու։
5 Մեր տարածքում դեռևս կան մարդիկ, ովքեր փափագում են իմանալ, թե ինչ է իրականում սովորեցնում Աստվածաշունչը։ Եթե միշտ պատրաստ լինենք Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկելու, ավելի շատ հնարավորություն կունենանք ուրիշներին օգնելու, որ կանգնեն կյանքի ճանապարհի վրա, ինչը մեզ մեծ ուրախություն կպատճառի (Մատթ. 7։13, 14)։