Կենտրոնացած մնա աշակերտներ պատրաստելու գործի վրա
1. Ի՞նչ պետք է անենք մարդկանց փրկության համար։
1 2014թ. ծառայողական տարվա հաշվետվությունը ցույց է տալիս, թե Աստծու ժողովուրդը ինչ մեծ եռանդով ու վճռականությամբ է քարոզել Թագավորության բարի լուրը (Մատթ. 24։14)։ Տնետուն ծառայության, հատուկ քարոզարշավների և հրապարակային վկայության միջոցով մենք բարի լուրը հայտնել ենք անհամեմատ մեծ թվով մարդկանց։ Սակայն որպեսզի նրանք փրկվեն, մենք պետք է օգնենք նրանց ուսումնասիրելու Աստվածաշունչը և դառնալու Հիսուսի աշակերտը (1 Տիմոթ. 2։4)։
2. Ի՞նչ հարցեր կարող ենք տալ ինքներս մեզ։
2 Միշտ պատրաստ եղիր ուսումնասիրություն առաջարկելու։ Երբ անհատը հետաքրքրություն է ցույց տալիս, փորձո՞ւմ ես իմանալ նրա կոնտակտային տվյալները և վերայցելել նրան՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու նպատակով։ Կարողացե՞լ ես առաջին այցելության ժամանակ ցույց տալ, թե ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը։ Իսկ առաջարկե՞լ ես ուսումնասիրություն ամսագրերի մատակարարման երթուղու ցուցակում գտնվող որևէ մեկին։ Ցույց տվե՞լ ես «Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը» և «Ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը» տեսանյութերը քո աշխատակիցներին, դասընկերներին, հարևաններին, բարեկամներին ու ծանոթներին։ Եթե հրապարակային վկայության ժամանակ որևէ անհատ վերցնում է ուսումնասիրության ձեռնարկ, տեղեկացնո՞ւմ ես նրան, որ այն Աստվածաշնչի անվճար ուսումնասիրության համար է նախատեսված։
3. Ի՞նչ է անհրաժեշտ ճշմարտությունը մարդկանց սովորեցնելու համար։
3 Օգնություն Եհովայից և Հիսուսից։ «Աշակերտներ պատրաստելու» պատվերը տալիս Հիսուսը իր խոսքը սկսեց «գնացեք» բառով, ինչը ցույց է տալիս, որ մենք պետք է ջանքեր թափենք և նախաձեռնություն վերցնենք։ Սակայն Հիսուսը խոստացավ, որ մենք մենակ չենք լինի, նա կաջակցի մեզ այս գործում (Մատթ. 28։19, 20)։ Բացի դրանից, Եհովան տվել է իր սուրբ ոգին, ինչպես նաև կրթել է մեզ ու զինել անհրաժեշտ գործիքներով, որ մարդկանց սովորեցնենք ճշմարտությունը (Զաք. 4։6; 2 Կորնթ. 4։7)։ Մենք կարող ենք աղոթել Եհովային, որպեսզի «և՛ կամենանք, և՛ գործենք» (Փիլիպ. 2։13)։
4. Ինչո՞ւ պետք է կենտրոնացած մնանք աշակերտներ պատրաստելու գործի վրա։
4 Բարի լուրը քարոզելը մեզ ուրախություն է պարգևում։ Սակայն մեր ուրախությունը ավելի կմեծանա, երբ սովորեցնենք որևէ մեկին ճշմարտությունը և օգնենք նրան կանգնելու «այն ճանապարհին, որը դեպի կյանք է տանում» (Մատթ. 7։14; 1 Թեսաղ. 2։19, 20)։ Բայց որ ամենակարևորն է, կենտրոնացած մնալով աշակերտներ պատրաստելու գործի վրա՝ մենք կուրախացնենք Եհովայի սիրտը, որը «չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի, այլ որ բոլորը զղջան» (2 Պետ. 3։9)։