Եհովայի վկաների 2004 թ. «Քայլեք Աստծո հետ» մարզային համաժողովը
1 Ի՞նչն է մեր մարզային համաժողովները, որոնք անցկացվում են տարեկան մեկ անգամ, յուրահատուկ դարձնում քեզ համար։ Ոգևորիչ ելույթնե՞րը, թե՞ դրաման, որ պատրաստում է մեզ համար «հաւատարիմ եւ իմաստուն ծառան» (Մատթ. 24։45–47)։ Գուցե նոր հրատարակություննե՞րը, որոնք ժամանակահարմար հոգևոր կերակուր են բովանդակում։ Եղբայրներն ու քույրե՞րը, որոնք պատմում են, թե ինչպես է Աստվածաշունչը բարեփոխել իրենց կյանքը։ Միգուցե հաշվետվություննե՞րն այն մասին, թե ինչպես է Թագավորության քարոզչության գործն ընթանում այլ երկրներում։ Տարեց հավատակիցների հետ հաղորդակցությո՞ւնը։ Այո՛, մենք անձկագին սպասում ենք մարզային համաժողովներին այս և ուրիշ շատ պատճառներով։
2 Ներկա լինել բոլոր օրերին։ Մովսեսի միջոցով Եհովան պատվիրեց. «Ժողովիր ժողովուրդը.... որ լսեն, եւ որ սովորեն» (Բ Օրին. 31։12)։ Հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգի միջոցով համաժողովի յուրաքանչյուր օրվա համար Եհովան կրթության հատուկ ծրագիր է պատրաստել մեզ համար։ Քանի որ նա մեզ «սովորեցնում [է] օգտակար եղողը», ուստի մենք ցանկանում ենք ներկա գտնվել, որպեսզի ստանանք նրա բոլոր հրահանգները (Ես. 48։17)։ Եթե քեզ անհրաժեշտ է թույլտվություն խնդրել աշխատանքից բացակայելու համար, խնդրիր Եհովային, ապա դիմիր գործատիրոջդ՝ հետևելով Նեեմիայի քաջ օրինակին (Նէեմ. 1։11; 2։4)։ Նաև խելամիտ քայլ կլինի համաժողովի հետ կապված քո պլանների մասին հնարավորին չափ շուտ հայտնել ընտանիքիդ անդամներին, որոնք Եհովայի վկա չեն։
3 Կացարաններ։ Որպեսզի դու հարմարավետ կացարան գտնես, արդեն միջոցներ են ձեռնարկվել համաժողովի անցկացման քաղաքներից յուրաքանչյուրում։ «Առաջարկվող կացարանների ցուցակը», որում տրված են հյուրանոցները, կփակցվի ձեր ժողովի հայտարարությունների տախտակին այն բանից հետո, երբ Ծառայողական հանդիպմանը քննարկվի սույն ներդիրը։ Ֆինանսական սահմանափակ հնարավորություններ ունեցող քարոզիչների համար բնակարանային բաժինը հանրակացարաններ և այլ կացարաններ վարձելու պայմանավորվածություններ է հաստատում։ Նման կացարանները սովորաբար թանկ չեն լինում, բայց այնտեղ չկան պայմաններ լավ հանգստանալու, հագուստը կարգի բերելու կամ լողանալու համար։ Եթե նույնիսկ արդեն մեկից ավելի տարիներ այդպիսի կացարանում ես ապրել, չարժե՞ արդյոք վերանայել հնարավորություններդ։ Շատ ընտանիքներ կամ առանձին քարոզիչներ տարվա ընթացքում ամսական որոշակի գումար են մի կողմ դնում, որպեսզի համաժողովի օրերին համար վարձեն հյուրանոցում (համեմատի՛ր Ա Կորնթացիս 16։2)։ Այդպիսով նրանք կարող են լավ հանգստանալ և հետևել անձնական մաքրությանը։ Ապրելու պայմանները ոչ քիչ ազդեցություն են գործում համաժողովի ժամանակ հոգևոր կերակուրը յուրացնելու մեր ունակության վրա, ինչպես նաև եղբայրների ու քույրերի հետ հաճույքով շփվելու։
4 Քո համագործակցության շնորհիվ մասնաճյուղի հետ համագործակցող եղբայրները կկարողանան առաջարկվող հյուրանոցներում ցածր գներով կացարաններ պատվիրել։ Ուստի խնդրում ենք, որ կացարան պատվիրես միայն ցուցակում տրված հյուրանոցներում և համաձայնություն տաս վճարելու միմիայն այն գները, որոնք տրված են։ Դա կնպաստի այն բանին, որ ամեն տարի համաժողովի անցկացման վայրին մոտ բարձրակարգ հյուրանոցներ վարձվեն մատչելի գներով։ Պակաս հարմարավետ չեն նաև այն հյուրանոցները, որոնք գտնվում են համաժողովի անցկացման վայրից քիչ հեռու։ Սակայն մինչ կզանգահարես հյուրանոց՝ կացարան պատվիրելու նպատակով, վերանայիր 4–րդ էջում տրված՝ «Ինչպես կարող ես քո աջակցությունը ցույց տալ կացարանի հետ կապված հարցերում» վերնագրով շրջանակը։ Հյուրանոց զանգահարելիս հետևիր «Ո՞րն է կացարան պատվիրելու լավագույն ձևը» շրջանակում տրված քայլերին։
5 Հատուկ կարիքներ։ Պողոս առաքյալը հիշեցրեց Գաղատիայի ժողովին «բարի գործե[լ] ամենին, մանաւանդ հաւատքի ընտանիներին» (Գաղ. 6։10)։ Տարեց եղբայրներն ու քույրերը, հիվանդները, միայնակ ծնողները կամ լիաժամ ծառայողները գուցե օգնություն չխնդրեն, սակայն չի բացառվում, որ նրանք կունենան դժվարություններ համաժողով այցելելու հետ կապված։ Արդյոք դու պատրա՞ստ ես ‘բարին գործել’ նրանց համար և օգնություն առաջարկել։ Այսպիսի անհատների հանգամանքներին հատկապես քաջատեղյակ կլինեն նրանց քրիստոնյա հանդիսացող բարեկամները և երեցները։
6 Եթե քարոզիչը լրացնում է «Կացարանի հայտ՝ հատուկ կարիքներ ունեցողների համար» բլանկը, ժողովի Ծառայողական կոմիտեն քննում է այն՝ օգտվելով բլանկում տրված ցուցումներից։ Նրանք պետք է որոշեն, թե կարո՞ղ է արդյոք այդ կարիքների մասին հոգալ ժողովը։ Այս միջոցառումը միայն օրինակելի քարոզիչների, նաև նրանց կարգապահ երեխաների համար է։ Եթե բնակարանային բաժինը հարցեր ունի հատուկ կարիքներ ունեցող քարոզչի առնչությամբ, կարող է կապ հաստատել ժողովի քարտուղարի հետ։
7 Բնակարանային բաժինը կացարան ընտրելիս հաշվի է առնում այն հատուկ կարիքները, որոնց մասին գրված է բլանկում։ Եթե բնակվում ես այն քաղաքում, որտեղ անցկացվելու է մարզային համաժողովը, և պատրաստ ես կացարան տրամադրել համաժողովի պատվիրակներին, աշխատիր «Բնակարաններ» (CO–4) բլանկում, որը քեզ կտա ժողովի քարտուղարը, նշել մի շարք կարևոր մանրամասներ, օրինակ՝ արդյոք ունե՞ս փոքրահասակ երեխաներ, կարո՞ղ ես սպիտակեղենի, ուտելիքի մասին հոգալ, բնակարանում կենդանիներ կա՞ն և այլն։
8 Ուրիշ համաժողով այցելելը։ Հնարավոր է, որ քո հանգամանքներից ելնելով՝ ստիպված լինես այցելել ոչ թե այն համաժողովը, որին հրավիրված է ձեր ժողովը, այլ մեկ ուրիշ համաժողով։ Եթե ուրիշ համաժողովի հետ կապված հարցեր ունես, խնդրում ենք, դիմիր ժողովի քարտուղարին։ «Կացարանի հայտ՝ հատուկ կարիքներ ունեցողների համար» բլանկի հակառակ կողմում տրված են բնակարանային բաժինների հասցեները, ինչպես նաև մարզային համաժողովների անցկացման վայրերի և ամսաթվերի հետ կապված տեղեկություններ։ Ցանկում հերթականությամբ տրված են համաժողովների ամսաթվերը. տրված են նաև յուրաքանչյուր համաժողովի վարչության հասցեները։ Պատվերդ ուղարկիր համապատասխան հասցեով և ծրարի մեջ դիր հետադարձ հասցեով ու նամականիշով ծրար։ Եթե միևնույն քաղաքում անցկացվում են երկուսից ավելի համաժողովներ, ուշադիր եղիր, որ նամակում նշված լինի այն համաժողովի ամսաթիվը, որը դու ցանկանում ես այցելել։ Այդ համաժողովի բնակարանային բաժինը քեզ կուղարկի «Առաջարկվող կացարանների ցուցակի» ամենավերջին օրինակը։
9 Մի համաժողովի ժամանակ, որը տեղի է ունեցել մոտավորապես 2 500 տարի առաջ, Եզրասն ու ղևտացիները կարդում էին Աստծո Խոսքից և բացատրում հավաքված ժողովրդին։ Արդյո՞ւնքը։ Նէեմիա 8։12–ում կարդում ենք, որ «բոլոր ժողովուրդը գնաց.... մեծ ուրախութիւն անելու, որովհետեւ հասկանում էին այն խօսքերը որ նորանց իմացնում էին»։ Երախտապարտ չե՞նք արդյոք այն բանի համար, որ օծյալ ծառա դասակարգը, Եզրասի ու ղևտացիների նման, գործածում են Աստծո Խոսքը, բացատրում այն և ցույց տալիս մեզ, թե ինչպես կարող ենք կիրառել մեր կյանքում։ Այդպես այդ ծառա դասակարգը արտացոլում է Եհովայի անկեղծ սերը և հոգատարությունը Իր ժողովրդի նկատմամբ։ Նպատակ դիր քո առջև, որ «Քայլեք Աստծո հետ» անվանումը կրող մարզային համաժողովից նույնիսկ մեկ օր բաց չթողնես։
[Շրջանակ 3–րդ էջի վրա]
Ուրբաթ և շաբաթ՝
9։30–ից մոտ 17։10
Կիրակի՝
9։30–ից մոտ 16։05
[Շրջանակ 4–րդ էջի վրա]
Ինչպե՞ս կարող ես քո աջակցությունը ցույց տալ կացարանի հետ կապված հարցերում
◼ Օգտվիր միայն այն հյուրանոցներից, որոնք տրված են այս տարվա «Առաջարկվող կացարանների ցուցակում»։ Մի զանգահարիր այնպիսի հյուրանոցներ, որոնք չկան ցուցակում։
◼ Եթե ցուցակում եղած ոչ մի հյուրանոցում ազատ համարներ չկան, կամ հյուրանոցի հետ կապված հարցերում խնդիրներ ունես, այդ մասին տեղեկացրու քո ժողովի քարտուղարին։ Նա կապ կհաստատի ձեր համաժողովի բնակարանային բաժնի հետ՝ օգտվելով բլանկի վերևամասում տրված տեղեկությունից։ Փոխանակ զանգահարելու մեկ այլ հյուրանոց, որը նշված չէ ցուցակում՝ խնդրում ենք, սպասիր, մինչև որ ձեր համաժողովի համար վերանայված ցուցակ ուղարկվի։
◼ Պատվիրիր միայն այն կացարանը, որից իրոք օգտվելու ես։
◼ Մի փոխիր քո սկզբնական պատվերը։
◼ Ժողովի քարտուղարը կարող է պատճենահանել «Առաջարկվող կացարանների ցուցակը» յուրաքանչյուր Գրքի ուսումնասիրության վերակացուի համար միայն այն դեպքում, եթե այդ շաբաթ, երբ պետք է կարդացվի մարզային համաժողովին հրավիրելու մասին նամակը, ժողովը շրջանային համաժողովի է հրավիրված։ Կացարանների ցուցակի անհատական ոչ մի պատճենահանում չի թույլատրվում։
Ո՞րն է կացարան պատվիրելու լավագույն ձևը
1. Հյուրանոցներ զանգահարիր աշխատանքային ժամերին՝ օգտվելով «Առաջարկվող կացարանների ցուցակում» տրված հեռախոսահամարներից։
2. Հյուրանոցի աշխատողներին հայտնիր, որ դու այցելելու ես Եհովայի վկաների համաժողովը։
3. Տեղեկացրու, թե որ օրն ես գալու հյուրանոց և որ օրն ես գնալու հյուրանոցից։
4. Եթե տվյալ հյուրանոցում ազատ համարներ չկան, զանգահարիր ցուցակում տրված մեկ այլ հյուրանոց։
5. Համոզվիր, որ սենյակի համար վճարը համապատասխանում է «Առաջարկվող կացարանների ցուցակում» նշված գնին։ Մի՛ համաձայնվիր ավելի բարձր գին վճարել։
6. Պատվիրիր համարը և խնդրիր նրանց հաստատել, որ սենյակը պատվիրված է։ Կացարան պատվիրելիս հետևիր բնակարանային բաժնի տված հրահանգներին։