Կարևո՞ր է, թե ուրիշներն ինչ են մտածում մեր մասին
ԳՐԵԹԵ բոլորն էլ սիրում են գովեստի խոսքեր լսել։ Հաճելի խոսքերը կարող են ուրախացնել մեզ և գոհունակության զգացում պարգևել։ Գովասանք ստանալը նույնիսկ կարող է ցանկություն առաջացնել բարելավելու մեր գործերը։ Սակայն մեր մեջ բոլորովին այլ զգացումներ են առաջանում, երբ տեսնում ենք, որ ոմանք լավ չեն տրամադրված մեր հանդեպ։ Սառը պատասխանը կամ քննադատական խոսքերը կարող են ընկճել մեզ։ Ուրիշների կարծիքը կարող է խոր ազդեցություն թողնել այն բանի վրա, թե ինչ կարծիք ունենք ինքներս մեր մասին։
Այնուամենայնիվ, սխալ կլինի անտեսել ուրիշների կարծիքը։ Իրականում մենք կարող ենք օգուտներ քաղել, երբ ուրիշները, ինչ–որ բան նկատելով մեր վարքագծում, հայտնում են մեզ այդ մասին։ Եթե նրանց կարծիքը հիմնված է բարձր բարոյական սկզբունքների վրա, դա կարող է օգուտներ բերել՝ մղելով մեզ ճիշտն անել (Ա Կորնթացիս 10։31–33)։ Սակայն հասարակական կարծիքը հաճախ շատ անարդարացի է։ Մտածիր, թե ինչ աղավաղված կարծիք ունեին քահանայապետները և ուրիշները Հիսուս Քրիստոսի մասին, երբ «նորանք աղաղակում էին եւ ասում. Խաչիր, խաչիր դորան» (Ղուկաս 23։13, 21–25)։ Կեղծ տեղեկությունների, նախանձի վրա հիմնված կանխակալ կարծիքները հարկավոր է անտեսել։ Ուստի մենք պետք է առողջ դատողություն գործի դնենք և ողջամիտ տեսակետ ունենանք ուրիշների կարծիքի վերաբերյալ։
Ո՞ւմ կարծիքն է կարևոր
Մենք ցանկանում ենք, ունենալ այն մարդկանց հավանությունը, ովքեր միացած են մեզ հետ ճշմարիտ երկրպագության մեջ, այդ թվում՝ ճշմարտության մեջ գտնվող մեր ընտանիքի անդամների և մեր քրիստոնյա եղբայրների ու քույրերի (Հռովմայեցիս 15։2; Կողոսացիս 3։18–21)։ Մեզ համար մեծ նշանակություն ունեն մեր հավատակիցների սերն ու հարգանքը և փոխադարձ ‘քաջալերանքը’ (Հռովմայեցիս 1։11, ԱՆԹ 12)։ ‘Խոնարհությամբ մենք մեկս մյուսին մեր անձից լավ ենք համարում’ (Փիլիպպեցիս 2։2–4)։ Դեռ ավելին, մենք ձգտում ենք արժանանալ առաջնորդություն վերցնողների՝ ժողովի երեցների հավանությանը և բարձր ենք գնահատում դա (Եբրայեցիս 13։17)։
Նաև ցանկալի է «դրսիններիցը բարի վկայութիւն էլ ունենալ» (Ա Տիմոթէոս 3։7)։ Որքա՜ն քաջալերական է, երբ անհավատ հարազատները, աշխատակիցները և հարևանները հարգում են մեզ։ Եվ մի՞թե մենք չենք ձգտում լավ տպավորություն թողնել նրանց վրա, ում քարոզում ենք, որպեսզի նրանք էլ լավ արձագանքեն Թագավորության պատգամին։ Եթե մեր միջավայրում բարոյապես մաքուր, արդար և ազնիվ մարդու համբավ ունենք, դա փառք է բերում Աստծուն (Ա Պետրոս 2։12)։ Սակայն ուրիշների բարեհաճությունը շահելու նպատակով մենք երբեք չպետք է զիջումների գնանք աստվածաշնչյան սկզբունքները պահելու հարցում, ոչ էլ պետք է կեղծավորություն անենք նրանց տպավորելու համար։ Հարկավոր է գիտակցել, որ անհնար է հաճեցնել բոլորին։ Հիսուսն ասաց. «Եթե այս աշխարհքիցը լինէիք, ապա աշխարհքն իրանը կ’սիրէր. բայց որովհետեւ աշխարհքիցը չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհքիցը, նորա համար աշխարհքն ատում է ձեզ» (Յովհաննէս 15։19)։ Իսկ կարո՞ղ ենք ինչ–որ ձևով շահել մեր հակառակորդների հարգանքը։
Շահել հակառակորդների հարգանքը
«Ամենից կ’ատուիք իմ անունի համար,— զգուշացրեց Հիսուսը,— բայց ով որ կ’համբերէ մինչեւ վերջը, նա կ’ապրի» (Մատթէոս 10։22)։ Այդպիսի ատելությամբ համակված՝ երբեմն մարդիկ կեղծ մեղադրանքներ են առաջադրում մեր դեմ։ Կանխակալ կարծիք ունեցող պետական պաշտոնյաները, հնարավոր է, մեզ անվանեն «պառակտություն գցողներ» կամ՝ «քայքայիչ» գործունեություն վարողներ։ Հակառակորդները բացահայտորեն կարող են ասել, որ մենք կործանարար աղանդ ենք, որը պետք է վերացնել (Գործք 28։22)։ Երբեմն կարելի է արտահայտել մեր անհամաձայնությունը այդ կեղծ մեղադրանքների առնչությամբ։ Ինչպե՞ս։ Հետևելով Պետրոս առաքյալի խորհրդին. «Պատրաստ եղէք հեզութեամբ եւ երկիւղածութեամբ պատասխան տալու ամենին, որ ձեր մէջ եղած յոյսի համար պատճառ հարցնէ» (Ա Պետրոս 3։15)։ Ավելին, մենք պետք է լինենք ողջամիտ և անմեղադրելի մեր խոսքերում, «որ հակառակորդը ամաչէ, [մեզ] վերայ չար ասելու բան չ’ունենալով» (Տիտոս 2։8)։
Մինչ ձգտում ենք մաքրել մեր անունը նախատինքներից, չպետք է հուսահատվենք կամ ընկճվենք, երբ մեզ անարդարացիորեն չարախոսում են։ Հիսուսին՝ Աստծու կատարյալ Որդուն, մեղադրում էին Աստծուն հայհոյելու, խռովություն գցելու և նույնիսկ ոգեհարցության մեջ (Մատթէոս 9։3; Մարկոս 3։22; Յովհաննէս 19։12)։ Պողոս առաքյալին վարկաբեկեցին (Ա Կորնթացիս 4։13)։ Սակայն թե՛ Հիսուսը և թե՛ Պողոսը անտեսեցին նման քննադատական վերաբերմունքը և շարունակեցին կատարել իրենց գործը (Մատթէոս 15։14)։ Նրանք հասկանում էին, որ երբեք չեն կարող արժանանալ իրենց թշնամիների հավանությանը, քանի որ «բոլոր աշխարհքը չարութեան մէջ է կենում» (Ա Յովհաննէս 5։19)։ Այսօր մենք բախվում ենք այդ նույն դժվարությանը։ Մենք նույնպես չպետք է վախենանք, երբ ատելությամբ լի հակառակորդները ստեր են տարածում մեր մասին (Մատթէոս 5։11)։
Կարծիքներ, որ իսկապես կարևոր են
Տարբեր մարդիկ տարբեր կարծիքի են մեր մասին՝ կախված այն բանից, թե ինչ մղումներ ունեն կամ ինչ են լսել մեր վերաբերյալ։ Ոմանք մեզ գովում են և պատվի արժանացնում, մյուսները՝ վիրավորում և ատում։ Սակայն քանի դեռ առաջնորդվում ենք աստվածաշնչյան սկզբունքներով, ամեն պատճառ ունենք՝ լինելու երջանիկ և սրտով՝ խաղաղ։
Պողոս առաքյալը գրեց. «Ամեն Գիրք աստուածաշունչ են եւ օգտակար, վարդապետութեան, եւ յանդիմանութեան, եւ ուղղելու, եւ արդարութեան խրատելու համար. Որ Աստուծոյ մարդը կատարեալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստուած» (Բ Տիմոթէոս 3։16, 17)։ Մենք արժանանում ենք Եհովա Աստծու և նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հավանությանը՝ երախտագիտությամբ ընդունելով Աստծու Խոսքը որպես առաջնորդություն մեր կյանքի բոլոր բնագավառներում։ Ի վերջո մեզ համար ամենակարևորը Եհովայի և իր Որդու կարծիքներն են։ Մեր իրական արժեքը երևում է այն բանից, թե ինչ են նրանք մտածում մեր մասին։ Չէ՞ որ մեր կյանքը կախված է նրանց հավանությունն ունենալուց (Յովհաննէս 5։27; Յակոբոս 1։12)։
[մեջբերում 30–րդ էջի վրա]
«Գովասանքն ինձ ամաչեցնում է, որովհետև սրտիս խորքում դրան եմ ձգտում» — ՀՆԴԻԿ ԲԱՆԱՍՏԵՂԾ՝ ՌԱԲԻՆԴՐԱՆԱԹ ԹԱԳՈՐ
[նկարներ 31–րդ էջի վրա]
Մեր հավատակիցների կարծիքը կարևոր է մեզ համար
[նկար 30–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Culver Pictures