Ատված են առանց պատճառի
«Առանց պատճառի ինձ ատեցին» (ՅՈՎՀԱՆՆԷՍ 15։25, ԷԹ)։
1, 2. ա) Ի՞նչն է պատճառը, որ ոմանք դժվարանում են ըմբռնել, թե ինչու են քրիստոնյաների մասին վատ խոսում, սակայն ինչո՞ւ նման վերաբերմունքը չպետք է զարմացնի մեզ։ բ) «Ատել» բառի ո՞ր իմաստը կքննարկենք այս հոդվածում (տե՛ս ծանոթագրությունը)։
ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ ձգտում են ապրել աստվածաշնչյան սկզբունքներով։ Նման կենսաձևը բարի անուն է բերում նրանց շատ երկրներում։ Սակայն երբեմն մարդիկ նրանց մասին խեղաթյուրված տեղեկություններ են տարածում։ Օրինակ՝ Սանկտ Պետերբուրգի (Ռուսաստան) քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկն ասել է. «Եհովայի վկաները մեզ ներկայացվել էին որպես խավարի մեջ նստած մի ընդհատակյա աղանդ, որի անդամները մորթում են երեխաներին ու ինքնասպանություն են գործում»։ Սակայն միջազգային համաժողովի կապակցությամբ Եհովայի վկաների հետ առնչություններ ունենալուց հետո այս նույն պաշտոնյան նշեց. «Ես տեսնում եմ նորմալ, ժպտերես մարդկանց.... Նրանք խաղաղասեր են, հանգիստ, ու մեծ սեր կա նրանց միջև»։ Նա ավելացրեց. «Ես իսկապես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու են մարդիկ նրանց մասին այդպիսի ստեր տարածում» (Ա Պետրոս 3։16)։
2 Աստծո ծառաները ոչ մի հաճելի բան չեն տեսնում այն բանում, որ մարդիկ իրենց չարախոսում են։ Սակայն նրանք չեն էլ զարմանում այդպիսի վերաբերմունքից։ Հիսուսն իր հետևորդներին նախազգուշացրեց. «Եթէ աշխարհքը ձեզ ատում է, գիտացէք, որ ինձ ձեզանից առաջ է ատել.... Այս եղաւ որպէսզի այն խօսքը կատարուի, որ նորանց օրէնքումը գրուած է, թէ Զուր տեղն [«առանց պատճառի», ԷԹ] ատեցին ինձ»a (Յովհաննէս 15։18–20, 25; Սաղմոս 35։19; 69։4)։ Ավելի վաղ նա իր աշակերտներին ասել էր. «Եթէ տան տիրոջը Բէեղզեբուղ կոչեցին, ապա ո՞րքան աւելի նորա ընտանիքը» (Մատթէոս 10։25)։ Քրիստոնյաները հասկանում են, որ եթե իրենք, դառնալով Քրիստոսի հետևորդներ, իրենց վրա են վերցրել ‘խաչը’, այսինքն՝ տանջանքի ցիցը, ուրեմն պետք է ակնկալեն, որ նման նախատինքի կարժանանան (Մատթէոս 16։24)։
3. Ի՞նչ չափեր է ընդունել ճշմարիտ երկրպագուների հալածանքը։
3 Ճշմարիտ երկրպագուների հալածանքը երկար պատմություն ունի, որը սկիզբ է առել ‘արդար Աբելից’ (Մատթէոս 23։34, 35)։ Այդ պատմությունը չի սահմանափակվում հատուկենտ դեպքերով։ Հիսուսն ասաց, որ «ամեն մարդ.... կատի» իր հետևորդներին իր անվան համար (Մատթէոս 10։22, ԱՆԹ)։ Հետագայում Պողոս առաքյալը գրեց, որ Աստծո բոլոր ծառաները, այդ թվում մեզանից յուրաքանչյուրը, պետք է ակնկալի, որ հալածանքներ կլինեն (Բ Տիմոթէոս 3։12)։ Իսկ ինչո՞ւ։
Անհիմն ատելության աղբյուրը
4. Ինչպե՞ս է Աստվածաշունչը բացահայտում անհիմն ատելության աղբյուրը։
4 Աստծո Խոսքը հայտնում է, որ սկզբում կար մի անտեսանելի սադրիչ անձնավորություն։ Հիշենք հավատի տեր առաջին մարդու՝ Աբելի դաժան սպանությունը։ Աստվածաշունչն ասում է, որ նրա անգութ եղբայրը՝ Կայենը, ‘չարից’՝ Բանսարկու Սատանայից էր (Ա Յովհաննէս 3։12)։ Կայենը որդեգրել էր Սատանայի ոգին, և Բանսարկուն չվարանեց օգտագործել նրան իր նենգ նպատակներն իրագործելու համար։ Հոբի ու Հիսուս Քրիստոսի վրա հարձակումներ նախաձեռնողը, համաձայն Աստվածաշնչի, նույնպես Սատանան էր (Յոբ 1։12; 2։6, 7; Յովհաննէս 8։37, 44; 13։27)։ Իսկ «Յայտնութիւն» գիրքը կասկած չի թողնում, թե Հիսուսի հետևորդների նկատմամբ հալածանքը որտեղից է ծագում։ Այդ գրքում գրված է. «Բանսարկուն ձեզանից բանտի մէջ է գցելու, որ փորձուիք» (Յայտնութիւն 2։10)։ Այո՛, Սատանան է այն ողջ անհիմն ատելության աղբյուրը, որ ցուցաբերվում է Աստծո ժողովրդի հանդեպ։
5. Ինչո՞ւ է Սատանան ատում ճշմարիտ երկրպագուներին։
5 Ինչո՞ւ է Սատանան ատում ճշմարիտ երկրպագուներին։ Նենգ պլաններ կազմելով, որոնց հիմքում ընկած էր վերին աստիճանի սնափառությունը՝ նա որոշեց իր ուժերը չափել ‘հավիտենական Թագավորի’՝ Եհովա Աստծո հետ (Ա Տիմոթէոս 1։17; 3։6)։ Նա պնդում է, թե Աստված չափազանց սահմանափակում է իր իշխանության տակ գտնվող էակների ազատությունը, որ իբր ոչ ոք չի ծառայում Եհովային մաքուր շարժառիթով, և որ մարդիկ ծառայում են միայն շահադիտական նպատակներով։ Սատանան նաև պնդում է, որ եթե իրեն թույլ տրվի մարդկանց փորձության ենթարկել, ապա կկարողանա յուրաքանչյուր անհատի ետ դարձնել Աստծուն ծառայելուց (Ծննդոց 3։1–6; Յոբ 1։6–12; 2։1–7)։ Եհովային ներկայացնելով որպես հարստահարիչ, ստախոս ու անհաջողակ անձնավորություն՝ Սատանան ձգտում է նույն իրավունքներն ունենալ, ինչ նա։ Այսպիսով՝ նրա ցասումն ընդդեմ Աստծո ծառաների հիմնված է այն բանի վրա, որ նա ցանկանում է երկրպագության արժանանալ (Մատթէոս 4։8, 9)։
6. ա) Անձամբ մենք ինչպե՞ս ենք ներգրավված Եհովայի գերիշխանությանը վերաբերող հարցի մեջ։ բ) Այս հարցի էությունը հասկանալն ինչպե՞ս է օգնում մեզ, որ պահենք մեր անարատությունը (տե՛ս շրջանակը, էջ 16)։
6 Նկատո՞ւմ ես, թե այս հարցն ինչպես է առնչվում քեզ։ Քանի որ Եհովայի ծառա ես, հավանաբար զգացել ես, որ թեպետ Աստծո կամքը կատարելու համար բավական ջանք է հարկավոր, ստացված արդյունքները, այնուամենայնիվ, գերազանցում են բոլոր սպասելիքները։ Ի՞նչ կանես, եթե հանգամանքներդ դժվարացնեն, նույնիսկ տանջալից դարձնեն քեզ համար Եհովայի օրենքներին ու սկզբունքներին հնազանդվելը։ Իսկ ի՞նչ կանես, եթե քեզ թվա, որ ոչ մի օգուտ չես ստանում՝ ծառայելով Եհովային։ Կեզրակացնե՞ս, որ այլևս իմաստ չունի Եհովային ծառայել։ Թե՞ սերը նրա ու նրա չքնաղ հատկությունների հանդեպ կմղի քեզ շարունակել գնալ նրա ճանապարհներով (Բ Օրինաց 10։12, 13)։ Թույլատրելով Սատանային, որ ինչ–որ չափով մեր կյանքը դժվարացնի՝ Եհովան ամեն մեկիս հնարավորություն է տալիս անձամբ պատասխանելու Բանսարկուի առաջ քաշած հարցերին (Առակաց 27։11)։
«Երբոր կ’նախատեն»
7. Ո՞րն է Բանսարկուի մարտավարության ձևերից մեկը, որի միջոցով նա ուզում է մեզ ետ դարձնել Եհովայից։
7 Այժմ եկեք մանրամասն կանգ առնենք Սատանայի հնարքներից մեկի վրա, որից նա օգտվում է, որպեսզի ապացուցի իր պնդումների ճիշտ լինելը։ Դա անհիմն նախատինքն է։ Հիսուսը Սատանային անվանեց ‘ստության հայր’ (Յովհաննէս 8։44)։ Սատանայի «Բանսարկու» անունը բնորոշում է նրան որպես ականավոր զրպարտչի. Սատանան զրպարտում է Աստծուն, նրա բարի խոսքը և սուրբ անունը։ Աստծո գերիշխանությունը հարցականի տակ դնելու նպատակով նա դիմում է չարամիտ ակնարկների, կեղծ մեղադրանքների, բացահայտ ստերի և նույն միջոցներին է դիմում, որպեսզի չարախոսի Աստծո նվիրված ծառաներին։ Սատանան նախատինքի միջոցով կարող է ծանր փորձությունը է՛լ ավելի ծանր դարձնել։
8. Ինչպե՞ս Սատանան նախատինք բերեց Հոբի վրա և ի՞նչ հետևանքով։
8 Եկեք հիշենք, թե ինչ բաժին ընկավ Հոբին, որի անունը նշանակում է «թշնամության առարկա»։ Ի լրումն այն բանի, որ Սատանան Հոբին զրկեց ապրուստի միջոցներից, երեխաներից ու առողջությունից՝ նա այնպիսի տպավորություն ստեղծեց, իբր թե Աստված պատժում է Հոբին նրա գործած մեղքերի համար։ Թեև Հոբը մինչ այդ մեծ հարգանք էր վայելում, սակայն նա դարձավ արհամարհված անձնավորություն. նրան արհամարհում էին նույնիսկ հարազատներն ու մտերիմները (Յոբ 19։13–19; 29։1, 2, 7–11)։ Այնուհետև կեղծ մխիթարիչների միջոցով Սատանան ջանաց ‘խոսքերով փշրել Հոբին’՝ նախ նրան ներշնչելով, որ նա, ըստ ամենայնի, ինչ–որ լուրջ մեղք է գործել, իսկ այնուհետև արդեն բացահայտ ձևով մեղադրելով նրան մեղք գործելու մեջ (Յոբ 4։6–9; 19։2; 22։5–10)։ Այս ամենը որքա՜ն էր թերևս վհատեցնում Հոբին։
9. Ինչպե՞ս Սատանան տպավորություն ստեղծեց, իբր թե Հիսուսը մեղավոր է։
9 Քանի որ Աստծո Որդին նրա գերիշխանության նշանավոր ջատագովն էր, նա դարձավ Սատանայի գլխավոր թշնամին։ Երբ Հիսուսը եկավ երկիր, Սատանան, ինչպես որ Հոբի պարագայում էր, փորձեց բիծ թողնել նրա անարատության վրա՝ այնպիսի տպավորություն ստեղծելով, թե Հիսուսը մեղավոր է (Եսայիա 53։2–4; Յովհաննէս 9։24)։ Ժողովուրդը նրան անվանում էր «ուտող և գինի խմող [«արբեցող», ԱԱ] մարդ» և ասում էր, թե նա «դեւ ունի» (Մատթէոս 11։18, 19; Յովհաննէս 7։20; 8։48; 10։20)։ Նրան անհիմն կերպով մեղադրում էին Աստծուն հայհոյելու մեջ (Մատթէոս 9։2, 3; 26։63–66; Յովհաննէս 10։33–36)։ Սա խորապես վշտացնում էր Հիսուսին, քանի որ նա գիտեր, որ այդ ամենը անարդարացի նախատինք էր բերում իր Հորը (Ղուկաս 22։41–44)։ Ի վերջո, Հիսուսին ցից բարձրացրին որպես անիծված հանցագործի (Մատթէոս 27։38–44)։ Կատարյալ անարատություն պահելով՝ Հիսուսը մեծ «հակառակութիւն քաշեց մեղաւորներիցը» (Եբրայեցիս 12։2, 3)։
10. Մեր ժամանակներում ինչպե՞ս են օծյալ մնացորդի անդամները եղել Սատանայի հարձակման թիրախ։
10 Մեր ժամանակներում Հիսուսի օծյալ հետևորդների մնացորդը նույնպես դարձել է Սատանայի թշնամության առարկա։ Սատանան անվանվում է «[Հիսուսի] եղբայրների չարախօսը, որ չարախօսում էր նորանցից Աստուծոյ առաջին ցերեկ եւ գիշեր» (Յայտնութիւն 12։9, 10)։ Քանի որ նրան վտարել են երկնքից ու սահմանափակել երկրի մերձակայքում, նա է՛լ ավելի ուժգնորեն է ցանկանում ներկայացնել Քրիստոսի եղբայրներին իբրև արհամարհելի թափթփուկներ (Ա Կորնթացիս 4։13)։ Ինչպես առաջին դարում, այսօր էլ որոշ երկրներում այդ քրիստոնյաներին զրպարտում են իբրև վտանգավոր աղանդի (Գործք 24։5, 14; 28։22)։ Ինչպես հոդվածի սկզբում նշվեց, այդ զրպարտանքը տեղի է ունենում սուտ պրոպագանդայի միջոցով։ Սակայն «փառքով եւ անարգանքով, պարսաւանքով եւ գովասանքով» Քրիստոսի օծյալ եղբայրները իրենց ընկերակիցների՝ «ուրիշ ոչխարների» աջակցությամբ խոնարհաբար ջանքեր են գործադրում՝ պահելու Աստծո պատվիրանները և վկայելու Հիսուսի մասին (Բ Կորնթացիս 6։8; Յովհաննէս 10։16; Յայտնութիւն 12։17)։
11, 12. ա) Քրիստոնյաներին ուղղված նախատինքի պատճառը ի՞նչը կարող է լինել։ բ) Ի՞նչ չարչարանքներ կարող է քրիստոնյան կրել իր հավատի համար։
11 Անշուշտ, ամեն նախատինք չէ, որ Աստծո առանձին ծառաները «արդարության համար» են ստանում (Մատթէոս 5։10)։ Որոշ խնդիրներ հնարավոր է մեր իսկ անկատարության պատճառով ծագեն։ Ոչ մի գովելի բան չկա, եթե ‘մեղանչում ենք և դրա համար ծեծվում ենք ու համբերում’։ Սակայն եթե քրիստոնյան «դէպի Աստուած ունեցած խղճմտանքովը նեղութիւնների համբերէ անիրաւ տեղը», դա «շնորհք է», այսինքն՝ Եհովայի համար ընդունելի է (Ա Պետրոս 2։19, 20)։ Ի՞նչ հանգամանքներում դա կարող է պատահել։
12 Ոմանք Աստծո ծառաների հետ կոպիտ են վարվել, քանի որ նրանք մերժել են հետևել թաղման հետ կապված հակասուրբգրային սովորությունների (Բ Օրինաց 14։1)։ Պատանի Վկաները դարձել են անողոք հայհոյության թիրախը, քանի որ կառչած են մնացել Եհովայի բարոյական չափանիշներից (Ա Պետրոս 4։4)։ Որոշ քրիստոնյա ծնողներ մեղադրվել են, թե «անտարբեր» ու «դաժան» ծնողներ են, քանի որ ձգտել են իրենց երեխաներին այնպիսի բուժում տալ, որը չի առնչվել արյան գործածությանը (Գործք 15։29)։ Որոշ քրիստոնյաներ էլ զրկվել են հարազատների ու հարևանների ընկերակցությունից միայն այն պատճառով, որ դարձել են Եհովայի ծառաներ (Մատթէոս 10։34–37)։ Այս բոլոր եղբայրների ու քույրերի հետ կատարվում է այն, ինչ կատարվել է մարգարեների ու հենց Հիսուսի հետ. նրանք չարչարվում են անարդարացիորեն (Մատթէոս 5։11, 12; Յակոբոս 5։10; Ա Պետրոս 2։21)։
Տոկանք նախատինքին
13. Ի՞նչը կօգնի մեզ պահպանել մեր հոգևոր հավասարակշռությունը, երբ խիստ նախատինքի ենք ենթարկվում։
13 Հնարավոր է Երեմիա մարգարեի պես վհատվենք, երբ մեզ խիստ նախատեն, ու այդ ժամանակ գուցե զգանք, որ այլևս չենք կարողանում ծառայել Եհովային (Երեմիա 20։7–9)։ Ի՞նչը կօգնի պահպանել հոգևոր հավասարակշռությունը։ Ձգտիր իրերին նայել Եհովայի տեսանկյունից։ Ովքեր փորձության ներքո աննկուն են մնում, Աստված նրանց համարում է հաղթողներ և ոչ թե զոհեր (Հռովմայեցիս 8։37)։ Փորձիր մտովի պատկերացնել նրանց, ովքեր չեն դադարել ջատագովել Եհովայի գերիշխանությունը՝ չնայած Սատանայի կողմից եկած նվաստացումներին. այդ անհատներից են՝ Աբելը, Հոբը, Հիսուսի մայր Մարիամը և անցյալի, ինչպես նաև ներկայիս շատ ուրիշ հավատարիմներ (Եբրայեցիս 11։35–37; 12։1)։ Խորհըրդածիր նրանց անարատ ընթացքի մասին։ Այդ նվիրված մարդկանց մեծ բազմությունը հրավիրում է մեզ կանգնել իր կողքին՝ հաղթողի պատվանդանի վրա, որը նախատեսված է նրանց համար, ովքեր իրենց հավատով հաղթում են աշխարհին (Ա Յովհաննէս 5։4)։
14. Ջերմեռանդ աղոթքն ինչպե՞ս կարող է զորացնել մեզ, որ հավատարիմ մնանք։
14 Եթե ‘մեր հոգսերը մեր սրտում շատանան’, մենք կարող ենք ջերմեռանդ աղոթքով դիմել Եհովային, և նա կմխիթարի ու կամրացնի մեզ (Սաղմոս 50։15; 94։19)։ Նա կտա անհրաժեշտ իմաստություն, որպեսզի կարողանանք դիմանալ փորձությանը, և կօգնի, որ մեր ուշադրությունը սևեռած պահենք կարևորագույն հարցի, այսինքն՝ իր գերիշխանությանը վերաբերող հարցի վրա, որի պատճառով նրա ծառաները անհիմն կերպով ատվում են մարդկանց կողմից (Յակոբոս 1։5)։ Աստված նաև կարող է շնորհել մեզ «[իր] խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է» (Փիլիպպեցիս 4։6, 7)։ Աստծո տված հանգստությունը հնարավորություն կտա մեզ հանդարտ ու անսասան մնալ չափազանց ծանր փորձության ներքո և չլցվել կասկածանքով կամ ահով։ Իր սուրբ ոգու միջոցով Եհովան կարող է զորացնել մեզ այն բոլոր փորձությունների ժամանակ, որ նա թույլ է տալիս (Ա Կորնթացիս 10։13)։
15. Ի՞նչը կարող է օգնել մեզ, որ հալածվելիս դառնությամբ չլցվենք։
15 Ի՞նչը կօգնի մեզ, որ դառնությամբ չլցվենք նրանց հանդեպ, ովքեր ատում են մեզ առանց պատճառի։ Հիշիր, որ մեր գլխավոր հակառակորդները Սատանան ու դևերն են (Եփեսացիս 6։12)։ Որոշ մարդիկ գիտակցաբար են հալածում մեզ, մինչդեռ մեզ հալածողներից շատ–շատերը դա անում են առանց գիտակցելու կամ էլ ուրիշների ազդեցությամբ (Դանիէլ 6։4–16; Ա Տիմոթէոս 1։12, 13)։ Եհովան «կամենում է որ ամեն մարդիկ» հնարավորություն ունենան ‘փրկվելու և ճշմարտության գիտությանը գալու’ (Ա Տիմոթէոս 2։4)։ Իրոք, որոշ նախկին հակառակորդներ այժմ մեր քրիստոնյա եղբայրներն են դարձել շնորհիվ մեր անբասիր վարքի (Ա Պետրոս 2։12)։ Հակոբի որդի Հովսեփի օրինակից մենք կարող ենք դաս քաղել։ Թեպետ Հովսեփը շատ չարչարանք քաշեց իր արյունակից եղբայրների ձեռքից, սակայն նա չլցվեց թշնամությամբ նրանց հանդեպ։ Ինչո՞ւ։ Քանի որ նա դեպքերի զարգացման մեջ տեսավ Եհովայի ձեռքը. Աստված դրանց այնպիսի ուղղություն տվեց, որ իր նպատակն իրագործվի (Ծննդոց 45։4–8)։ Եհովան նման ձևով կարող է մեզ բաժին ընկած ցանկացած անարդար տառապանք վերածել մի բանի, որը կնպաստի իր անվան փառաբանմանը (Ա Պետրոս 4։16)։
16, 17. Ինչո՞ւ չպետք է չափազանց անհանգստանանք, եթե մեր հակառակորդները ջանում են խոչընդոտել քարոզչության գործը։
16 Հարկ չկա չափազանց անհանգստանալու, եթե մեր հակառակորդներին ժամանակավորապես հաջողվում է խոչընդոտել բարի լուրի առաջխաղացմանը։ Եհովան ներկայումս ‘շարժում’ է բոլոր ազգերը համաշխարհային վկայության միջոցով, և «ցանկալիքը» գալիս է (Անգէ 2։7)։ Հիսուս Քրիստոսը՝ Բարի Հովիվը, ասաց. «Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նորանց, եւ իմ ետեւից գալիս են։ Եւ ես յաւիտենական կեանք եմ տալիս նորանց.... եւ ոչ ով չի յափշտակիլ նորանց իմ ձեռիցը» (Յովհաննէս 10։27–29)։ Սուրբ հրեշտակները նույնպես ներգրավված են մեծ հոգևոր հնձի գործում (Մատթէոս 13։39, 41; Յայտնութիւն 14։6, 7)։ Ուստի հակառակորդների ոչ մի խոսք կամ գործ չի կարող խափանել Եհովայի նպատակը (Եսայիա 54։17; Գործք 5։38, 39)։
17 Հաճախ հակառակորդների գործողությունները հակառակ արդյունք են տալիս։ Աֆրիկյան մի բնակավայրում Եհովայի վկաների մասին բազմաթիվ ահավոր ստեր էին տարածված, որոնցից մեկն այն էր, իբր թե նրանք Սատանային են պաշտում։ Հենց այս պատճառով էլ տեղացի Գրեյսը ամեն անգամ, երբ Վկաները այցելում էին իրեն, թաքնվում էր տան ետևում ու սպասում, մինչև որ նրանք հեռանային։ Մի օր եկեղեցու քահանան, մեր հրատարակություններից մեկը ձեռքում բռնած, բոլոր ներկաներին ասաց, որ չկարդան այն, քանի որ հակառակ դեպքում դա պատճառ կլիներ, որ նրանք թողնեին իրենց հավատը։ Գրեյսի հետաքրքրասիրությունը շարժվեց։ Հաջորդ անգամ, երբ Վկաները եկան, նա, թաքնվելու փոխարեն, զրուցեց նրանց հետ ու ստացավ այդ հրատարակության իր անձնական օրինակը։ Սկսվեց Աստվածաշնչի ուսումնասիրություն, և նա 1996 թ.–ին մկրտվեց։ Գրեյսն այժմ իր ժամանակն օգտագործում է փնտրելու համար այն անհատներին, ովքեր գուցե սխալ տեղեկություններ ունեն Եհովայի վկաների մասին։
Հավատդ ամրապնդիր հիմա՛
18. Ինչո՞ւ կարիք կա, որ նախքա՛ն փորձությունը ամրապնդենք մեր հավատը և ինչպե՞ս կարող ենք դա անել։
18 Քանի որ Սատանան ամեն ժամանակ կարող է անհիմն ատելություն առաջ բերել մեր հանդեպ, շատ կարևոր է, որ հիմա՛ մեր հավատն ամրապնդենք։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։ Մի երկրից, որտեղ Եհովայի ժողովուրդը հալածանքներ է կրել, տեղեկացվել էր. «Մի բան շատ պարզ է դարձել. ովքեր հոգևոր լավ սովորություններ ունեն ու մեծապես արժեքավորում են աստվածաշնչյան ճշմարտությունը, ոչ մի խնդիր չեն ունենում փորձությունների ժամանակ անարատություն պահելու հարցում։ Բայց նրանք, ովքեր բարեպատեհ ժամանակ բաց են թողնում հանդիպումները, կանոնավորապես չեն քարոզում ու փոքր հարցերում զիջումների են գնում, հաճախ չեն դիմանում «այրող» փորձությանը» (Բ Տիմոթէոս 4։2)։ Եթե տեսնում ես, որ որոշ հարցերում բարելավվելու տեղ ունես, անհապաղ քայլեր ձեռնարկիր իրավիճակը շտկելու ուղղությամբ (Սաղմոս 119։60)։
19. Ի՞նչ է փաստում Աստծո ծառաների անարատությունը, չնայած որ նրանք անհիմն ձևով ատվում են մարդկանց կողմից։
19 Սատանայական ատելության խարազանի ներքո ճշմարիտ երկրպագուների անարատությունը կենդանի ապացույց է այն բանի, որ Եհովայի գերիշխանությունը օրինական է, ճշմարտացի ու արդարացի։ Նրանց հավատարմությունը ուրախացնում է Եհովայի սիրտը։ Նույնիսկ եթե մարդիկ նախատինք թափեն նրանց վրա, նա, ով շատ բարձր է երկրից ու երկնքից, «ամօթ չէ համարում՝ նորանց Աստուածը կոչուելու»։ Բոլոր այդ նվիրված մարդկանց մասին իրավամբ կարելի է ասել. «Աշխարհքը նորանց արժանի չէր» (Եբրայեցիս 11։16, 38)։
[ծանոթագրություններ]
a Գրություններում «ատել» բառը մի քանի իմաստային երանգներ ունի։ Որոշ համատեքստերում այդ բառը պարզապես նշանակում է «ավելի քիչ սիրել» (Բ Օրինաց 21։15, 16)։ «Ատել» բառը կարող է նաև նշանակել ուժեղ հակակրանք զգալ, բայց առանց վնաս հասցնելու մտադրության. տվյալ դեպքում անհատը ձգտում է խուսափել ատելության օբյեկտից, քանի որ զզվանք է զգում նրա հանդեպ։ Բացի այս իմաստներից, «ատել» բառը կարող է նշանակել մեծ, մշտական թշնամություն՝ հաճախ ուղեկցված չարամտությամբ։ Հենց այս իմաստով պետք է հասկանալ «ատել» բառը այս հոդվածում։
Կարո՞ղ ես բացատրել
• Ո՞րն է ճշմարիտ երկրպագուների հանդեպ անհիմն ատելության պատճառը։
• Ինչպե՞ս Սատանան նախատինքի միջոցով փորձեց պղծել Հոբի ու Հիսուսի անարատությունը։
• Ինչպե՞ս է Եհովան զորացնում մեզ, որպեսզի դիմանանք Սատանայի կողմից հարուցված ատելությանը։
[շրջանակ/նկար 16–րդ էջի վրա]
Նրանք հասկացել էին, թե որն էր ամենակարևոր հարցը
Ուկրաինայի (որտեղ Թագավորության քարոզչության գործը արգելված էր ավելի քան 50 տարի) Եհովայի վկաներից մեկը նշում է. «Եհովայի վկաների կացությունը չպետք է դիտել միայն մարդկային հարաբերությունների տեսանկյունից։ ....Պաշտոնյաների մեծամասնությունը պարզապես իր գործն էր անում։ Երբ կառավարությունը փոխվեց, փոխվեց նաև պաշտոնյաների վերաբերմունքը, բայց մենք մնացինք նույնը։ Մենք գիտակցում էինք, որ Աստվածաշունչը բացատրում է, թե որն էր մեր դժվարությունների իրական պատճառը։
Մենք մեզ չէինք համարում պարզապես դաժան մարդկանց անմեղ զոհեր։ Մեզ օգնում էր այն, որ հստակ հասկանում էինք Եդեմի պարտեզում բարձրացված հարցի էությունը՝ Աստծո իշխելու իրավունքի հարցը։ .... Մենք առնչվում էինք մի հարցի, որը վերաբերում էր ոչ միայն մարդկանց անձնական շահերին, այլև տիեզերքի Գերիշխանի։ Այդ հարցի վերաբերյալ մենք շատ ավելի վեհ ըմբռնում ունեինք։ Դա մեզ ուժեղ էր դարձնում և օգնում էր պահել մեր անարատությունը նույնիսկ ամենածանր իրավիճակներում»։
[նկար]
Վիկտոր Պոպովիչը ձերբակալվեց 1970 թ.–ին
[նկար 13–րդ էջի վրա]
Ո՞վ էր Հիսուսի դեմ ուղղված նախատինքի պատճառը
[նկարներ 15–րդ էջի վրա]
Հոբը, Մարիամը և Աստծո ժամանակակից ծառաները, ինչպիսին Սթենլի Ջոնսն է, ջատագովեցին Եհովայի գերիշխանությունը