Ինչպես տիրապետենք մեր զգացմունքներին
ՊԱՏԱՀՈ՞ՒՄ Է այնպես, որ բացասական զգացմունքներով եք համակվում։ Հեշտությա՞մբ եք սրտնեղում, զայրանում, կամ՝ վշտանում։ Առօրյա հոգսերը ընկճո՞ւմ են ձեզ։ Ի՞նչը կարող է օգնել այս հարցերում։
Հույզեր արտահայտելը մարդուն բնորոշ բան է, և եթե մեր զգացմունքները պահենք հսկողության տակ, ապա դրանք ավելի հրապուրիչ կդարձնեն կյանքը։ Սակայն Աստվածաշունչն ընդունում է, որ ‘բռնությունը կարող է հիմարացնել իմաստունին’ (Ժողովող 7։7)։ Մի աշխարհում, որտեղ բռնությունն ու դժբախտ պատահարները սովորական երևույթ են, ո՞ւմ վրա չեն ազդում իրենց շուրջը տեղի ունեցող բաները։ Գրություններում նաև ասվում է. «Նորանից աւելի լաւութիւն չ’կայ, որ մարդ ուրախանայ իր գործքովը» (Ժողովող 3։22)։ Ուստի մեր կյանքն ավելի հաճելի դարձնելու համար պետք է սովորենք ուրախանալ՝ զարգացնելով դրական զգացմունքներ։ Ինչպե՞ս կարող ենք զարգացնել օգտակար զգացմունքներ և խուսափել վնասակար զգացմունքներից։
Գործնական քայլեր ձեռնարկելը սովորաբար մեղմացնում է մեր բացասական զգացմունքների ուժգնությունը։ Օրինակ՝ գուցե երբեմն անհանգստանում ենք այնպիսի հարցերի մասին, որոնց առնչությամբ ոչինչ չենք կարող անել։ Այդ դեպքերում մեր միտքը անհանգիստ մտքերով զբաղեցնելու փոխարեն ավելի լավ չի՞ լինի փոխել մեր գրաֆիկը կամ միջավայրը։ Զբոսանքը, հանգստացնող երաժշտություն լսելը, մարմնամարզություն անելը, կամ կարիքի մեջ գտնվող մարդու համար բարի գործ կատարելը կարող են որոշ չափով թեթևացում բերել մեզ և ուրախություն պատճառել (Գործք 20։35)։
Բացասական մտքերը ցրելու ամենաարդյունավետ միջոցը Արարչին վստահելն է։ Երբ բացասական մտքերը շարունակում են անհանգստացնել մեզ, աղոթքի միջոցով պետք է ‘մեր բոլոր հոգսը նրա վրա գցենք’ (Ա Պետրոս 5։6, 7)։ Աստվածաշունչը մեզ հավաստիացնում է. «Տէրը մօտիկ է սրտով կոտրուածներին.... Շատ են արդարի նեղութիւնները, բայց Տէրն այն ամենիցը փրկում է նորան» (Սաղմոս 34։18, 19)։ Ի՞նչ կարող ենք անել վստահ լինելու համար, որ Աստված կլինի մեր «օգնութիւնն ու փրկութիւնը» (Սաղմոս 40։17)։ Կարող ենք ուսումնասիրել Աստվածաշունչը և խորհել այն վառ օրինակների շուրջ, որոնք ցույց են տալիս, որ Աստված անձամբ հետաքրքրվում է իր ծառաների բարօրությամբ։