Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 10/1 էջ 4–7
  • ‘Հեզերը կժառանգեն երկիրը’ ինչպե՞ս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • ‘Հեզերը կժառանգեն երկիրը’ ինչպե՞ս
  • 2004 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստծո հավերժական նպատակը երկրի առնչությամբ
  • Աստված, որը չի փոխվել
  • Ինչպես ստանալ խոստացյալ ժառանգությունը
  • «Ինչպէս երկնքումն՝ այնպէս էլ երկրի վերայ»
    2006 Դիտարան
  • Մեր մոլորակը երբևէ կկործանվի՞
    2008 Դիտարան
  • Կյանքը վեհ նպատակ ունի
    Ո՞րն է կյանքի իմաստը։ Ինչպե՞ս գտնել այն
  • Աստծու նպատակը շուտով կիրականանա
    2006 Դիտարան
Ավելին
2004 Դիտարան
w04 10/1 էջ 4–7

‘Հեզերը կժառանգեն երկիրը’ ինչպե՞ս

«ԵՐԵՎԻ գիտեք, որ Հիսուսը սիրտ ջերմացնող այսպիսի խոսքեր է ասել՝ հեզերը կժառանգեն երկիրը։ Սակայն, ձեր կարծիքով, ժառանգելու ի՞նչ կմնա հեզերին, եթե հաշվի առնենք այն ամենը, ինչ մարդիկ անում են միմյանց ու երկրագնդին» (Մատթէոս 5։5; Սաղմոս 37։11)։

Այսպիսի հարց տվեց Միրիամ անունով մի Եհովայի վկա՝ աստվածաշնչյան թեմայով զրույց սկսելու նպատակով։ Մարդը, որին նա ուղղեց իր հարցը, պատասխանեց, որ եթե դա Հիսուսի խոստումն է, ուրեմն երկիրը պետք է ժառանգություն կոչվելու արժանի վայր լինի և ոչ թե ամայացած ու բնակության համար ոչ պիտանի մի ավերակ։

Նրա պատասխանն, ինչ խոսք, լավատեսական էր։ Սակայն հիմքեր կա՞ն արդյոք նման դրական տեսակետ ունենալու։ Իհարկե կան. Աստվածաշունչը մեծ հիմքեր է տալիս հավատալու, որ Հիսուսի խոստումը կդառնա իրողություն։ Այդ խոստման իրականացումը սերտորեն կապված է երկրին ու մարդկությանը առնչվող այն նպատակի հետ, որ ունի Աստված։ Իսկ մեզ հավաստիացում է տրվում, որ Աստված կատարում է իր բոլոր նպատակները (Եսայիա 55։11)։ Ո՞րն էր Աստծո սկզբնական նպատակը մարդկության առնչությամբ, և ինչպե՞ս է այդ ամենն իրականանալու։

Աստծո հավերժական նպատակը երկրի առնչությամբ

Եհովա Աստված երկիրը ստեղծել էր հատուկ նպատակով։ «Այսպէս է ասում Եհովան՝ երկինքն ստեղծողը, նա է Աստուած, որ կազմեց երկիրը, եւ արաւ նորան՝ հաստատեց նորան. նորան չ’ստեղծեց դարտակ, այլ բնակուելու համար ստեղծեց նորան. Ես եմ Եհովան, եւ ուրիշը չ’կայ» (Եսայիա 45։18)։ Փաստորեն, երկիրը հատուկ ստեղծված էր մարդկանց բնակության համար։ Ավելին, Աստծո մտադրությունն էր, որ այն հավերժ լինի մարդկանց բնակարանը։ «Նա հաստատեց երկիրն իր հիմունքի վերայ, որ տեղիցը չ’շարժուի բնաւ եւ յաւիտեան» (Սաղմոս 104։5; 119։90)։

Եհովայի նպատակը երկրի առնչությամբ պարզ է դառնում նաև այն հանձնարարությունից, որ նա տվեց առաջին մարդկային զույգին։ Ադամին ու Եվային Աստված ասաց. «Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան. եւ իշխեցէք ծովի ձկների, եւ երկնքի թռչունների վերայ, եւ երկրի վերայ սողացող բոլոր կենդանիների վերայ» (Ծննդոց 1։28)։ Երկիր մոլորակը, որ Աստված վստահել էր Ադամին ու Եվային, պետք է լիներ նրանց և նրանց զավակների հավիտենական բնակարանը։ Դարեր անց սաղմոսերգուն գրեց. «Երկինքների երկինքը Տիրոջն է, եւ նա երկիրը մարդկանց որդիներին տուաւ» (Սաղմոս 115։16)։

Այս հրաշալի հեռանկարը իրականություն դարձնելու համար Ադամն ու Եվան, ինչպես նաև նրանց սերունդները, պետք է ընդունեին Եհովա Աստծուն՝ իբրև Արարչի, կյանք Պարգևողի ու Գերիշխանի, և պատրաստակամորեն հնազանդվեին նրան։ Եհովան միանգամայն հստակ պատվեր տվեց մարդուն. «Պարտէզի ամեն ծառիցը համարձակ կեր. Բայց բարիի եւ չարի գիտութեան ծառիցը մի ուտիր. որովհետեւ նորանից կերած օրդ մահով պիտի մեռնիս» (Ծննդոց 2։16, 17)։ Որպեսզի Ադամն ու Եվան շարունակեին ապրել եդեմական պարտեզում, նրանք պետք է հնազանդվեին այդ պարզ և հստակորեն ասված պատվիրանին։ Այդպես վարվելով՝ նրանք արտահայտած կլինեին իրենց երախտագիտությունը բոլոր այն բաների համար, ինչ երկնային Հայրը պարգևել էր իրենց։

Խախտելով այդ պատվիրանը և դրանով գիտակցաբար չհնազանդվելով Աստծուն՝ Ադամն ու Եվան իրականում երես թեքեցին մի անձնավորությունից, որն ապահովել էր իրենց այն ամենով, ինչ ունեին (Ծննդոց 3։6)։ Այդ քայլով ոչ միայն նրանք զրկվեցին իրենց գեղեցիկ դրախտանման բնակարանից, այլև զրկեցին իրենց զավակներին (Հռովմայեցիս 5։12)։ Արդյո՞ք առաջին մարդկանց անհնազանդությունը խափանեց Աստծո նպատակը, որ նա ուներ երկիրն արարելիս։

Աստված, որը չի փոխվել

Իր մարգարե Մաղաքիայի միջոցով Աստված հայտարարել էր. «Ես Տէրս չեմ փոփոխուիլ» (Մաղաքիա 3։6)։ Այս խոսքերը մեկնաբանելով՝ ֆրանսիացի աստվածաշնչագետ Լ. Ֆիյոնը գրում է, որ դրանք սերտորեն կապված են Աստծո խոստումների իրականացման հետ։ «Եհովան կարող էր բնաջինջ անել իր ըմբոստ ժողովրդին,— ասում է Ֆիյոնը,— սակայն լինելով այնպիսի անձնավորություն, որը չի փոխում իր խոսքը՝ նա, անկախ ամեն ինչից, հավատարիմ է մնում իր նախկին խոստումներին»։ Ում էլ որ Արարիչը տված լինի իր խոստումները՝ առանձին անհատների, որևէ ազգի թե ողջ մարդկությանը, նա մոռացության չի մատնի դրանք, այլ կիրականացնի ճիշտ ժամանակին։ «Նա յիշում է յաւիտեան իր ուխտը. այն խօսքը որ պատուիրեց մինչեւ հազար ազգ» (Սաղմոս 105։8)։

Իսկ ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եհովան չի փոխել իր սկզբնական նպատակը երկրի առնչությամբ։ Այն պատճառով, որ երկիրը հնազանդ մարդկանց տալու վերաբերյալ Աստծո նպատակը շեշտվում է ողջ Աստվածաշնչում՝ Աստծո ներշնչյալ Խոսքում (Սաղմոս 25։13; 37։9, 22, 29, 34)։ Ավելին, Գրություններում Եհովայի օրհնությանն արժանացած մարդիկ նկարագրվում են իբրև ապահով տեղում բնակվողներ, որոնցից յուրաքանչյուրը նստած է «իր որթի տակին...., եւ իր թզենու տակին» ու որևէ «վախեցնող» չունի (Միքիա 4։4; Եզեկիէլ 34։28)։ Եհովայի ընտրյալները «տուներ պիտի շինեն եւ բնակուեն, եւ այգիներ տնկեն ու նորանց պտուղն ուտեն»։ Նրանք խաղաղություն կվայելեն նույնիսկ դաշտի գազանների հետ (Եսայիա 11։6–9; 65։21, 25)։

Աստծո խոստումների նախապատկերը Աստվածաշունչը տալիս է մեկ այլ ձևով ևս։ Սողոմոն թագավորի կառավարման տարիներին Իսրայել ազգը խաղաղության և բարգավաճման ժամանակներ էր վայելում։ Իր կառավարման ընթացքում «Յուդան եւ Իսրայէլը ապահով բնակվում էին ամեն մարդ իր որթի եւ իր թզենիի տակ՝ Դանից մինչեւ Բերսաբէէ Սողոմոնի բոլոր օրերումը» (Գ Թագաւորաց 4։25)։ Աստվածաշունչը հայտնում է, որ Հիսուսը «Սողոմոնիցն էլ աւելին է»։ Քրիստոսի կառավարման շրջանի մասին խոսելիս սաղմոսերգուն մարգարեաբար ասում է. «Նորա օրերումը [կ]ծաղկի արդարը. եւ շատ խաղաղութիւն [կլինի]՝ մինչեւ որ լուսին էլ չ’լինի»։ Այն ժամանակ «ցորենի առատութիւն կ’լինի երկրի մէջ սարերի գլուխների վերայ» (Ղուկաս 11։31; Սաղմոս 72։7, 16)։

Իր խոսքին հավատարիմ՝ Եհովա Աստված միջոցներ կձեռնարկի, որպեսզի ոչ միայն տա իր խոստացած ժառանգությունը, այլև վերականգնի նրա ողջ փայլը։ Յայտնութիւն 21։4–ում Սուրբ Գրությունները հայտնում են, որ խոստացյալ նոր աշխարհում «կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը [մարդկանց] աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ»։ Փաստորեն, նա մեզ Դրախտ է խոստանում (Ղուկաս 23։43, ՆԱ)։

Ինչպես ստանալ խոստացյալ ժառանգությունը

Երկիրը դրախտի կվերածվի մի կառավարության շնորհիվ, որի ղեկավարումը իրականացվում է երկնքից՝ մի Թագավորության, որի Թագավորը Հիսուս Քրիստոսն է (Մատթէոս 6։9, 10)։ Նախևառաջ այդ Թագավորությունը կկործանի «երկիրն ապականողներին» (Յայտնութիւն 11։18; Դանիէլ 2։44)։ Այնուհետև «Խաղաղութեան իշխան» Հիսուսը կիրականացնի հետևյալ մարգարեական խոսքերը. «Իշխանութիւնը շատացնելուն եւ խաղաղութեանը վերջ չ’կայ» (Եսայիա 9։6, 7)։ Քրիստոսի Թագավորության օրերում միլիոնավոր մարդիկ, այդ թվում նրանք, ովքեր կյանքի կվերադառնան հարության միջոցով, երկիրը ժառանգելու հնարավորություն կստանան (Յովհաննէս 5։28, 29; Գործք 24։15)։

Ո՞վ կլինի այդ հիանալի ժառանգությունը ստացողների թվում։ Ահա թե ինչ է ասում Հիսուսը. «Երանի հեզերին, որ նորանք կ’ժառանգեն երկիրը» (Մատթէոս 5։5)։ Ի՞նչ է նշանակում լինել հեզ։ Բառարաններում «հեզ» բառը սովորաբար մեկնաբանվում է իբրև «մեղմ», «հանդարտ», «խոնարհ», «քնքուշ», «նրբին», «հլու» և նույնիսկ «թույլ»։ Սակայն բնագրում օգտագործված հունարեն բառը շատ ավելի խոր իմաստ ունի։ Վիլյամ Բարկլին իր աշխատություններից մեկում նշում է, որ այդ բառն իր մեջ կրում է «փափկության» իմաստ, «սակայն այդ փափկության ետևում պողպատի ամրություն կա» («New Testament Wordbook»)։ Այն մատնանշում է մտավոր այնպիսի տրամադրվածություն, որն օգնում է մարդուն դիմանալ հասցված վնասին՝ առանց զայրանալու կամ վրեժխնդրության միտք սնուցանելու. մի բան, որ հնարավոր է Աստծո հետ լավ փոխհարաբերություններ ունենալու արդյունքում, և տվյալ մարդու համար այդ փոխհարաբերությունները դառնում են զորության աղբյուր (Եսայիա 12։2; Փիլիպպեցիս 4։13, ԱԱ)։

Հեզ անհատը խոնարհաբար ընդունում և կիրառում է Աստծո չափանիշները իր կյանքի բոլոր բնագավառներում. նա չի գործում սեփական կարծիքի կամ ուրիշ մարդկանց տեսակետի հիման վրա։ Այդպիսի անձնավորությունը ջանասեր աշակերտ է և պատրաստ է Եհովայի կողմից կրթվելու։ Սաղմոսերգու Դավիթը գրում է. «[Եհովան] առաջնորդում է հեզահոգիներին իրաւունքի մէջ. եւ սովորեցնում է հեզահոգիներին իր ճանապարհը» (Սաղմոս 25։9; Առակաց 3։5, 6)։

Կլինե՞ք հեզերի թվում, որոնք ժառանգելու են երկիրը։ Եթե Եհովայի Խոսքը ջանադրաբար ուսումնասիրելով ճանաչեք Աստծուն և հասկանաք, թե որն է նրա կամքը, ու եթե ձեր սովորածը կիրառեք կյանքում, ապա դուք ևս կարող եք ակնկալել, որ կժառանգեք երկրային դրախտը և հավիտյան կբնակվեք այնտեղ (Յովհաննէս 17։3)։

[նկար 5–րդ էջի վրա]

Աստծո նպատակը երկրի առնչությամբ պարզ է դառնում այն հանձնարարությունից, որ նա տվեց Ադամին ու Եվային

[նկար 6–րդ և 7–րդ էջերի վրա]

Սողոմոնի օրերում տիրող խաղաղությունն ու անվտանգությունը խոստացյալ ժառանգության նախապատկերն են

[թույլտվությամբ]

Sheep and background hill: Pictorial Archive (Near Eastern History) Est.; Arabian oryx: Hai-Bar, Yotvata, Israel; farmer plowing: Garo Nalbandian

[նկար 7–րդ էջի վրա]

Առջևում արդար նոր աշխարհն է. իսկ դուք կլինե՞ք այնտեղ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը