Պատմում են Թագավորության քարոզիչները
Ալեխանդրայի նամակը
ՆԱՄԱԿՆԵՐ գրելը վաղուց համարվում է վկայություն տալու արդյունավետ միջոց։ Թեև երբեմն պարզ չէ, թե ինչ արդյունքներ կբերեն դրանք, բայց այն մարդիկ, ովքեր հաստատակամորեն շարունակում են օգտագործել այդ միջոցը, մեծապես օրհնվում են։ Նրանք չեն մոռանում Աստվածաշնչի հետևյալ իմաստուն խորհուրդը. «Առաւօտանց ցանիր քո սերմը, եւ իրիկունը թող չ’դադարէ քո ձեռքը, որովհետեւ չ’գիտես, թէ որն է յաջողուելու՝ սա թէ նա, կամ թէ երկուսն էլ միասին են լաւ լինելու» (Ժողովող 11։6)։
Ալեխանդրա անունով մի երիտասարդ Վկա, որն արդեն տասը տարի ծառայում էր Եհովայի վկաների Մեքսիկայի մասնաճյուղում, քաղցկեղի դեմ քիմիաբուժություն էր ընդունում։ Սակայն Ալեխանդրայի վիճակը վատանում էր, ու նա այնքան թույլ էր զգում իրեն, որ չէր կարողանում կատարել իր առօրյա գործերը։ Չցանկանալով թողնել իր քարոզչական ծառայությունը՝ Ալեխանդրան որոշեց նամակներ գրել։ Նամակներում նա առաջարկում էր Աստվածաշնչի անվճար տնային ուսումնասիրություն և նշում էր իր մոր հեռախոսահամարը։ Այնուհետև Ալեխանդրան նամակները տալիս էր իր մորը, որպեսզի նա թողներ դրանք այն բնակարանների մոտ, որոնց տանտերերին չէր կարողացել հանդիպել տնետուն ծառայության ժամանակ։
Այդ նույն ժամանակահատվածում Դիոհանե անունով գվատեմալացի մի աղջիկ գնաց Կանկուն (Մեքսիկա)՝ աշխատելու որպես սպասուհի։ Այնտեղ նա ծանոթացավ Եհովայի վկաների հետ և ուրախությամբ սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Ավելի ուշ նրա տանտերերը որոշեցին տեղափոխվել Մեխիկո և ցանկություն հայտնեցին, որ Դիոհանեն իրենց հետ գնա։ Աղջիկն ընկավ տարակուսանքի մեջ, քանի որ մեկնելու դեպքում կկորցներ կապը Եհովայի վկաների հետ։
«Մի՛ մտահոգվիր,— վստահեցնում էին նրան տանտերերը,— Եհովայի վկաներ ամեն տեղ էլ կան։ Հենց որ տեղափոխվենք, կգտնենք նրանց»։ Այդ հույսով՝ աղջիկը համաձայնվեց գնալ։ Մեխիկոյում Դիոհանեի տանտերերը փորձեցին գտնել Վկաներին, բայց ինչ–ինչ պատճառներով դա չհաջողվեց նրանց, թեև այդ քաղաքում կար ավելի քան 41 000 Վկա և 730 ժողով։
Անցավ որոշ ժամանակ ու Դիոհանեն սկսեց հուսահատվել, որովհետև չէր կարողանում գտնել Վկաներին՝ Աստվածաշնչի ուսումնասիրությունը վերսկսելու համար։ Մի օր տանտիրուհին եկավ նրա մոտ ու ասաց. «Լավ լուր եմ բերել քեզ։ Քո Աստվածը լսել է աղոթքներդ»։ Դիոհանեին մեկնելով մի նամակ՝ նա ասաց. «Այս նամակը Վկաները քեզ համար են թողել»։ Դա Ալեխանդրայի նամակն էր։
Դիոհանեն կապ հաստատեց Ալեխանդրայի մոր ու քրոջ՝ Բլանկայի հետ և Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեց։ Մի քանի շաբաթ անց նա հանդիպեց նաև Ալեխանդրային, և դա երկուսին էլ ուրախություն պատճառեց։ Վերջինս քաջալերեց Դիոհանեին շարունակել Աստվածաշնչի ուսումնասիրությունը, որպեսզի նա կարողանա հոգևորապես առաջադիմել։
Մի քանի ամիս անց՝ 2003 թ. հուլիսին, Ալեխանդրան մահացավ։ Նա հավատի ու քաջության հրաշալի օրինակ թողեց իր հավատակիցներին։ Հուղարկավորության ժամանակ շատերը խորապես հուզվեցին, երբ տեսան Դիոհանեին ու լսեցին նրա հետևյալ խոսքերը. «Ալեխանդրան ու նրա ընտանիքի անդամները սքանչելի օրինակ են ինձ համար։ Ես վճռել եմ ծառայել Եհովային և շուտով կմկրտվեմ։ Անհամբերությամբ սպասում եմ այն օրվան, երբ Դրախտում նորից կհանդիպեմ Ալեխանդրային»։
Այո, նամակը փոքր բան է, բայց ի՜նչ դրական ու մնայուն ազդեցություն կարող է այն թողնել։