Ի՞նչ ժառանգություն պետք է թողնեք ձեր երեխաներին
ՊԱՎԼՈՍԸ՝ հարավային Եվրոպայում ապրող մի մարդ, հազվադեպ է տանը լինում և ժամանակ անցկացնում իր կնոջ և երեխաների՝ 13 և 11 տարեկան դուստրերի ու 7 տարեկան որդու հետ։ Շաբաթվա յոթ օրերին էլ Պավլոսը աշխատում է երկու հերթափոխով, որպեսզի իր երազանքն իրականացնելու համար բավականաչափ գումար ձեռք բերի։ Նա ցանկանում է իր դուստրերից յուրաքանչյուրի համար բնակարան գնել, իսկ որդու համար փոքրիկ բիզնես հիմնել։ Նրա կինը՝ Սոֆիան ծանր աշխատում է, որպեսզի քաթանե սպիտակեղեն, խոհանոցային ամանեղեն, ճենապակյա և արծաթե իրեր ձեռք բերի երեխաների ապագա տների համար։ Երբ նրանց հարցնում են, թե ինչու են այդքան շատ աշխատում, նրանք միաբերան պատասխանում են. «Հանուն մեր երեխաների»։
Պավլոսի և Սոֆիայի նման՝ բազմաթիվ ծնողներ իրենցից կախված ամեն բան անում են, որպեսզի իրենց երեխաների կյանքի համար լավ հիմք դնեն։ Ոմանք գումար են մի կողմ դնում, որպեսզի երեխաները կարողանան ապագայում օգտագործել այն։ Մյուսները ամեն բան անում են, որ իրենց երեխաները բավականաչափ կրթություն ստանան և մասնագիտություն ձեռք բերեն, որը կյանքում նրանց պետք կգա։ Թեև ծնողների մեծամասնությունը նման պարգևները համարում է սիրո արտահայտում, սակայն այսպիսի պատրաստությունները հաճախ մեծ ճնշման տակ են դնում ծնողներին, քանի որ այդպիսով նրանք ձգտում են արդարացնել բարեկամների, ընկերների, ինչպես նաև շրջապատի մարդկանց սպասելիքները։ Ուստի տեղին կլինի, որ հոգատար ծնողները իրենք իրենց հարցնեն. «Ո՞ր չափով ենք պարտական մեր երեխաներին»։
Ապագայի համար պատրաստություններ տեսնենք
Այն, որ ծնողները պետք է իրենց երեխաների ապագայի համար «բան դիզե[ն]», ոչ միայն բնական է, այլև ներդաշնակ Սուրբ Գրություններին։ Պողոս առաքյալը իր օրերի քրիստոնյաներին ասել է. «Որդիները պարտաւոր չեն ծնողքներուն համար բան դիզել, հապա ծնողքները՝ որդիներուն համար» (Բ Կորնթացիս 12։14, ԱԱ)։ Պողոսը նաև նշել է, որ ծնողները լուրջ պարտականություն ունեն իրենց երեխաներին հոգ տանելու։ Նա գրել է. «Բայց եթէ մէկը իրանների եւ մանաւանդ ընտանիքների համար խնամք չ’տանի, նա հաւատքիցն ուրացած է եւ անհաւատից էլ չար է» (Ա Տիմոթէոս 5։8)։ Սուրբգրային բազմաթիվ արձանագրություններ ցույց են տալիս, որ ժառանգության հետ կապված հարցերը աստվածաշնչյան ժամանակներում կարևոր են եղել Աստծո ծառաների համար (Հռութ 2։19, 20; 3։9–13; 4։1–21; Յոբ 42։15)։
Սակայն երբեմն ծնողները չափից շատ են մտահոգվում երեխաներին մեծ ժառանգություն տալու մասին։ Ինչո՞ւ։ Մանոլիսը՝ մի հայր, որը Հարավային Եվրոպայից տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, նշում է պատճառներից մեկը. «Այն ծնողները, ովքեր իրենց կաշվի վրա զգացել են Երկրորդ աշխարհամարտի պատճառած ավերածությունները, սովն ու աղքատությունը, տրամադրված են իրենց երեխաներին բարեկեցիկ կյանքով ապահովել»։ Նա ավելացնում է. «Պատասխանատվության չափազանց մեծ զգացում ունենալու և իրենց երեխաներին հնարավոր լավագույն կյանքով ապահովելու ցանկության պատճառով ծնողները երբեմն վնասում են իրենք իրենց»։ Իսկապես, որոշ ծնողներ իրենց զրկում են կյանքի համար անհրաժեշտ բաներից կամ խստակյաց կյանքով են ապրում, որպեսզի երեխաների համար ունեցվածք կուտակեն։ Սակայն արդյո՞ք այդպես վարվելը իմաստուն քայլ է ծնողների կողմից։
«Ունայն[ություն] եւ մի մեծ չարիք»
Հին Իսրայելի Սողոմոն թագավորը ժառանգություն թողնելու առնչությամբ նախազգուշացում է տվել։ Նա գրել է. «Ես ատեցի արեգակի տակին աշխատած աշխատանքս, որ թողելու եմ ինձանից յետոյ եկող մարդի համար։ Եւ ո՞վ գիտէ, թէ նա իմաստուն կ’լինի թէ յիմար. սակայն նա տիրելու է իմ բոլոր աշխատանքին, որ աշխատեցի եւ որի մէջ իմաստութիւն ցոյց տուի արեգակի տակին. սա էլ է ունայն։ .... Որովհետեւ մարդ կայ արեգակի տակին, որի գործքը իմաստութեամբ, գիտութեամբ եւ յաջողութեամբ է, բայց նա այս բաները պիտի իբրեւ բաժին տայ սորանցում չ’աշխատող մարդին։ Սա էլ է ունայն եւ մի մեծ չարիք» (Ժողովող 2։18–21)։
Ինչպես բացատրում է Սողոմոնը, ժառանգություն ստացողները հնարավոր է չգնահատեն դրա արժեքը, քանի որ անձամբ չեն վաստակել այն։ Հետևաբար ժառանգները թերևս անխոհեմ վարվեն այն ամենի հետ, ինչ ծնողները ծանր աշխատելով հավաքել են իրենց համար։ Նրանք գուցե նույնիսկ քամուն տան ծանր աշխատանքով ձեռք բերված ունեցվածքը (Ղուկաս 15։11–16)։ Ինչպիսի՜ ‘ունայնություն և մեծ չարիք’ կլինի դա։
Ժառանգությունը և ագահությունը
Ծնողները մի բան էլ պետք է հաշվի առնեն։ Այն մշակույթներում, որտեղ մեծ նշանակություն է տրվում ժառանգություն և օժիտ տալուն, երեխաները թերևս ագահություն դրսևորեն՝ պահանջելով այնպիսի սեփականություն կամ օժիտ, ինչը գուցե ծնողների ուժերից վեր լինի։ «Վայ այն հորը, որը երկու–երեք աղջիկ ունի»,— կատակելով ասում է Լուկասը՝ Հունաստանում ապրող մի հայր։ Նա շարունակում է. «Հնարավոր է, աղջիկները համեմատեն այն ամենը ինչ իրենց հայրն է ի վիճակի տալ իրենց, այն բաների հետ, ինչ որ ուրիշների ծնողներն են «առատորեն» հավաքում իրենց երեխաների համար։ Նրանք գուցե ասեն, որ ամուսնանալու հավանականությունը կնվազի, եթե բավականաչափ օժիտ չունենան»։
Հոդվածի սկզբում հիշված Մանոլիսը ասում է. «Լինում են դեպքեր, երբ երիտասարդը երկարացնում է մտերմության ժամանակը, մինչև որ հարսնացուի հայրը նրան ինչ–որ բան է խոստանում՝ սովորաբար լավ հողատարածք կամ զգալի չափով գումար։ Փաստորեն, դա ինչ–որ բան կորզել է նշանակում»։
Աստվածաշունչը զգուշացնում է ագահության բոլոր դրսևորումների դեմ։ Սողոմոնը գրել է. «Մի ժառանգութիւն, որ սկզբումը շտապելով [«ագահությամբ», ՆԱ] է ստացուել, նորա վախճանն էլ չի օրհնուիլ» (Առակաց 20։21)։ Պողոս առաքյալն ընդգծել է, որ «արծաթսիրութիւնը ամեն չարիքների արմատն է» (Ա Տիմոթէոս 6։10; Եփեսացիս 5։5)։
«Իմաստութիւնը.... ժառանգութեան հետ»
Իհարկե, ժառանգությունը որոշակի արժեք ունի, սակայն իմաստությունը նյութական հարստությունից շատ ավելի արժեքավոր է։ Սողոմոն թագավորը գրել է. «Իմաստութիւնը լաւ է ժառանգութեան հետ, եւ շահաւէտ է.... Որովհետեւ իմաստութեան հովանիի տակ ու արծաթի հովանիի տակ՝ մէկ է. բայց գիտութեան շահը սա է, որ իմաստութիւնը կ’ապրեցնէ իր տիրոջը» (Ժողովող 7։11, 12; Առակաց 8։11; 3։21, ԱԱ)։ Թեև «արծաթը» ինչ–որ չափով ‘հովանի’ է մարդու համար, այն թույլ է տալիս նրան գնել պետք եղածը, սակայն հնարավոր է, որ նա կորցնի այն։ Բայց իմաստությունը՝ խնդիրները լուծելու կամ որոշակի նպատակների հասնելու համար գիտելիքները գործադրելու կարողությունը, անհատին կարող է ետ պահել անխոհեմ ու վտանգավոր քայլերից։ Եթե այդ իմաստությունը հիմնված է Աստծո հանդեպ պատշաճ վախի զգացումի վրա, այն կարող է օգնել, որ անհատը Աստծո խոստացած մոտալուտ նոր աշխարհում հավիտենական կյանք ստանա։ Իսկապես որ թանկարժեք ժառանգություն է (Բ Պետրոս 3։13)։
Քրիստոնյա ծնողները այսպիսի իմաստություն են դրսևորում՝ իրենց և երեխաների առջև ճիշտ առաջնահերթություններ դնելով (Փիլիպպեցիս 1։10)։ Երեխաների համար նյութական իրեր հավաքելը չպետք է ավելի կարևոր լինի, քան հոգևորը։ Հիսուսն իր հետևորդներին քաջալերեց. «Սակայն առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք [«փնտրեք», ՆԱ]. եւ այդ ամենքը կ’տրուի ձեզ» (Մատթէոս 6։33)։ Այն ծնողները, ովքեր իրենց քրիստոնեական ընտանիքի համար հոգևոր նպատակներ են դնում, կարող են ակնկալել, որ առատորեն կպարգևատրվեն։ Իմաստուն Սողոմոն թագավորը գրել է. «Արդարի հայրը անշուշտ պիտի ցնծայ, իմաստունի ծնողը նորանով պիտի ուրախանայ։ Թող ուրախանայ հայրդ ու մայրդ, եւ ցնծայ քո ծնողը» (Առակաց 23։24, 25)։
Մնայուն ժառանգություն
Հին ժամանակներում ապրած իսրայելացիների համար ժառանգության հետ կապված հարցերը մեծ կարևորություն էին ներկայացնում (Գ Թագաւորաց 21։2–6)։ Սակայն Եհովան նրանց նաև ասել էր. «Այս խօսքերը, որ ես այսօր քեզ պատուիրեցի, քո սրտի մէջ լինեն։ Եւ կրկնիր նորանք քո որդկանցը, խօսիր նորանց վերայ քո տան մէջ նստած ժամանակդ եւ ճանապարհ գնացած ժամանակդ, եւ պառկելիս եւ վեր կենալիս» (Բ Օրինաց 6։6, 7)։ Նմանապես, քրիստոնյա ծնողներին պատվեր է տրվում. «Մեծացրէք [ձեր երեխաներին] խրատով եւ Տիրոջ ուսմունքովը» (Եփեսացիս 6։4)։
Այն ծնողները, որոնք հոգևոր մտածելակերպ ունեն, գիտակցում են, որ տան անդամների մասին հոգ տանելը նաև նշանակում է աստվածաշնչյան կրթություն տալ նրանց։ Երեք երեխաների հայր Անդրեասն ասում է. «Եթե երեխաները սովորեն կյանքում կիրառել աստվածաշնչյան սկզբունքները, նրանք ավելի պատրաստված կլինեն ապագայի համար»։ Այսպիսի արժեքները օգնում են երեխաներին Արարչի հետ հաստատել ու զարգացնել անձնական փոխհարաբերություններ (Ա Տիմոթէոս 6։19)։
Մտածե՞լ եք, թե ինչպես կարող եք հոգ տանել ձեր երեխայի ապագայի մասին հոգևոր առումով։ Օրինակ՝ ի՞նչ կարող են անել ծնողները, եթե նրանց երեխան լիաժամ ծառայության մեջ է։ Թեև լիաժամ ծառայողը չպետք է պահանջի կամ ակնկալի ֆինանսական աջակցություն, սակայն սիրող ծնողները թերևս որոշեն ‘հաղորդակից լինել նրա կարիքներին’, որպեսզի նա կարողանա մնալ լիաժամ ծառայության մեջ (Հռովմայեցիս 12։13, ԷԹ; Ա Թագաւորաց 2։18, 19; Փիլիպպեցիս 4։14–18)։ Նման տրամադրվածությունը, անշուշտ, հաճելի կլինի Եհովային։
Այսպիսով՝ ծնողներն ի՞նչ են պարտավոր տալ իրենց երեխաներին։ Բացի նյութական կարիքները հոգալուց, քրիստոնյա ծնողները ամեն բան կանեն, որ իրենց երեխաները հոգևոր մեծ ժառանգություն ստանան, որը վերջիններիս հավիտենական օգուտներ կբերի։ Այս կերպով կիրականանան Սաղմոս 37։18–ում գրված խոսքերը. «Տէրը ճանաչում է արդարների օրերը, եւ նորանց ժառանգութիւնը յաւիտեան կ’լինի»։
[նկարներ 26–րդ և 27–րդ էջերի վրա]
Ինչպիսի՞ ապագա եք ցանկանում ձեր երեխաներին