Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w26 փետրվար էջ 26–29
  • Երեխաները «ժառանգություն են Եհովայից»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երեխաները «ժառանգություն են Եհովայից»
  • 2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ
  • Ի՞ՆՉ Է ԵՀՈՎԱՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԾՆՈՂՆԵՐԻՑ
  • ԵՀՈՎԱՆ ՈՒԶՈՒՄ Է ՕԳՆԵԼ ՁԵԶ
  • Ծնողնե՛ր, սովորեցրեք ձեր երեխաներին սիրել Եհովային
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ծնողնե՛ր, օգնեք ձեր երեխաներին սիրել Աստծուն
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ծնողնե՛ր, հոգացեք ձեր ընտանիքի կարիքները
    2005 Դիտարան
  • Կառուցեք հոգևորապես ամուր ընտանիք
    2001 Դիտարան
Ավելին
2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w26 փետրվար էջ 26–29
Հայրը և մայրը ուրախ-ուրախ գրկել են իրենց փոքրիկ աղջկան։

Երեխաները «ժառանգություն են Եհովայից»

Ի՞ՆՉ է գալիս միտքդ, երբ լսում ես «ժառանգություն» բառը։ Գուցե մտածում ես փողի, գույքի կամ ընտանիքիդ սիրելի անդամի փոխանցած թանկարժեք մի իրի մասին։ Ինչ էլ այդ ժառանգությունը լինի, այն թանկ է, և դու անկասկած ցանկանում ես խնամքով վերաբերվել դրան։

Աստվածաշունչն ասում է, որ երեխաները «ժառանգություն են Եհովայից» (Սաղ. 127։3, ծնթ.)։ Ինչ խոսք, քրիստոնյա ծնողները երեխաներին իրենց երկնային Հորից ստացած թանկարժեք նվեր են համարում և ուզում են ամեն ինչ անել, որ նրանք լինեն ապահով, ինչպես նաև ֆիզիկապես, զգացապես ու հոգևորապես առողջ։

Ցավոք, սակայն, որոշ ծնողներ իրենց երեխաներին Աստծուց ստացած պարգև չեն համարում (Ես. 49։15; 2 Տիմոթ. 3։1-3)։ Ոմանք էլ գուցե սրտանց ցանկանում են հոգ տանել իրենց երեխաների համար, բայց տարբեր խնդիրների պատճառով դժվարանում են դա անել։ Ի՞նչ խոչընդոտների են նրանք բախվում։ Ի՞նչ է Եհովան ակնկալում ծնողներից։ Եվ ինչպե՞ս կարող են քրիստոնյա ծնողները դաստիարակել իրենց երեխաներին, որ նրանք երջանիկ լինեն։

ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ

  • Շրջապատի և ընտանիքի կողմից ճնշում։ Աշխարհի որոշ մասերում բազմազավակ ծնողները ավելի շատ են հարգանքի արժանանում շրջապատի կողմից։ Ուստի ամուսնական զույգերը հնարավոր է՝ ենթարկվեն իրենց ընտանիքի կամ հարևանների ճնշմանը և պարտավորված զգան շատ երեխաներ ունենալ։ Նրանք գուցե այնքան շատ երեխաներ ունենան, որ չկարողանան անձամբ հոգ տանել նրանց համար։

  • Ապագայի հետ կապված մտահոգություն։ Այն երկրներում, որտեղ թերսնման, հիվանդությունների և բժշկական ծառայությունների սահմանափակ լինելու պատճառով մանկական մահացությունը բարձր է, որոշ զույգեր շատ երեխաներ են ունենում՝ հույս ունենալով, որ նրանցից գոնե մի քանիսը կենդանի կմնան և կհասնեն չափահասության։ Որոշ զույգեր էլ շատ երեխաներ են ունենում, որպեսզի համոզված լինեն, որ ծերության ժամանակ իրենց մասին հոգ տանող կլինի։ Դա այդպես է հատկապես այն երկրներում, որտեղ կառավարությունը տարեցներին աջակցելու ծրագրեր չունի։

  • Ընտանիքի պլանավորում։ Կան երկրներ, որտեղ հակաբեղմնավորիչ միջոցները դժվարհասանելի են։ Որոշ զույգեր վախենում են մատչելի, բայց ցածրորակ հակաբեղմնավորիչների կողմնակի ազդեցությունից։ Ուրիշներն էլ հնարավորություն չունեն ձեռք բերելու այդ միջոցները, քանի որ դրանք թանկ են։a

Ի՞ՆՉ Է ԵՀՈՎԱՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԾՆՈՂՆԵՐԻՑ

Ընտանիքը հաճելի ժամանակ է անցկացնում այգում։ Հայրը ուշադրությամբ լսում է իր աղջկան, ով անկաշկանդ խոսում է իր զգացումների մասին, իսկ մայրը գնդակով խաղում է իր որդու հետ։

Ժամանակ անցկացրու յուրաքանչյուր երեխայիդ հետ

Բավարարել երեխաների կարիքները։ Եհովան ծնողներին է վստահել իրենց անչափահաս երեխաներին նյութապես ապահովելու պատասխանատվությունը։ Նա ակնկալում է, որ ծնողները պատրաստ կլինեն ծանր աշխատելու, որպեսզի յուրաքանչյուր երեխային ապահովեն սննդով, հագուստով և կացարանով։ Եհովան ակնկալում է նաև, որ ծնողները կկրթեն իրենց երեխային։ Ուստի քրիստոնյա ծնողները իրենց անչափահաս երեխաներին ոչ թե պարզապես ուղարկում են գիշերօթիկ դպրոց, այլ հոգ են տանում, որ նրանք ապրեն տանը, որպեսզի պատշաճ կրթություն ստանան և ծնողական ուշադրության տակ լինեն, ինչի շնորհիվ իրենց ապահով, անվտանգ և սիրված կզգան։ Բայց քանի որ Եհովան ողջամիտ է, չի ակնկալում, որ ծնողները հարուստ կլինեն։ Հիշենք, որ Եհովան իր սիրելի Որդուն մեծացնելու համար ընտրեց աշխատասեր ծնողների, թեև նրանք նյութապես ապահովված չէին (Մատթ. 13։55, 56; Ղուկ. 2։24)։

Աստվածաշնչյան սկզբունք. «Անկասկած, եթե որևէ մեկը հոգ չի տանում նրանց, ում հանդեպ պարտավորություն ունի, հատկապես՝ իր ընտանիքի անդամներին, նա հավատն ուրացել է և անհավատից էլ վատն է» (1 Տիմոթ. 5։8)։

Եհովան գիտի, որ ծնողները տարիքն առնելուն զուգընթաց օգնության կարիք են ունենում։ Երեխաները կարող են պատվել իրենց ծնողներին, եթե նրանց ծերության ժամանակ հոգ տանեն նրանց համար (Ելք 20։12; 1 Տիմոթ. 5։4)։ Սակայն Եհովային հաճելի է, երբ ծնողները գլխավորապես մտածում են ոչ թե այն մասին, թե ինչպես են երեխաները հոգ տանելու իրենց, այլ ընդհակառակը, թե իրենք ինչպես են հոգ տանելու երեխաներին (2 Կորնթ. 12։14)։

Կրթել հոգևորապես։ Քրիստոնյա ծնողները նաև պատասխանատվություն ունեն կրթելու իրենց երեխաներին, որ նրանք սիրեն ու պաշտեն Եհովային։ Աստված ծնողների տված հոգևոր կրթությունը համարում է երեխաների դաստիարակության անբաժանելի մասը (2 Օրենք 6։6, 7)։

Աստվածաշնչյան սկզբունք. «Դաստիարակեք [ձեր երեխաներին]՝ խրատելով ու կրթելով այնպես, ինչպես Եհովան է ուզում» (Եփես. 6։4)։

ԵՀՈՎԱՆ ՈՒԶՈՒՄ Է ՕԳՆԵԼ ՁԵԶ

Ամուսնական զույգը իր տանը ինչ-որ բան է քննարկում։ Նրանց առջև՝ սեղանին, դրված է բաց Աստվածաշունչ։

Նախապես քննարկեք, թե քանի երեխա եք ուզում ունենալ

Նախապես պլանավորել։ Եթե ուզում եք երեխաներ ունենալ, մանրամասնորեն քննեք ձեր հանգամանքները։ Մտածեք, թե արդյոք բավարար միջոցներ կունենաք այդքան երեխաների կերակրելու, հագուստով ապահովելու և կրթելու համար։ Եթե՝ ոչ, կողակիցներով քննարկեք, թե քանի երեխա ճիշտ կլինի ունենալ, որպեսզի կարողանաք Եհովայի ակնկալած ձևով հոգ տանել յուրաքանչյուրի մասին։ Ինչ խոսք, Եհովան գիտի, որ կյանքում ամեն ինչ չէ, որ ծրագրածի համաձայն է ընթանում (Ժող. 9։11)։ Բայց նա կօրհնի ձեր ջանքերը, որ ներդնում եք լավ ծնող լինելու համար։

Աստվածաշնչյան սկզբունքներ. «Ջանասեր մարդու ծրագրերը հաջողությամբ են պսակվում, բայց բոլոր շտապողներին աղքատություն է սպասում» (Առակ. 21։5)։

«Չէ՞ որ եթե ձեզանից որևէ մեկը ցանկանա աշտարակ կառուցել, նախ կնստի ու կհաշվի ծախսը, որ տեսնի՝ բավականաչափ միջոցներ ունի՞ ավարտին հասցնելու համար» (Ղուկ. 14։28)։

Թող Եհովան ձեր ընտանիքում առաջին տեղում լինի։ Եհովային պաշտելը ձեր կյանքում առաջնահերթ համարեք։ Եթե արդեն երեխաներ ունեք, վճռեք նրանցից յուրաքանչյուրին սովորեցնել սիրել Եհովային։ Օգնեք նրանց ժողովների ժամանակ ուշադիր լինել և սովորել։ Ամեն շաբաթ ընտանեկան երկրպագություն անցկացրեք։ Սովորեցրեք ձեր երեխաներին, թե ինչպես քարոզել։ Ձեր ծնողական պարտականությունները ձեր ավագ երեխաների կամ այլ հարազատների ուսերին մի՛ դրեք։ Եհովային սիրող երեխաներ մեծացնելը ժամանակ և ջանքեր է պահանջում, բայց վարձատրությունը մեծ կլինի։

Աստվածաշնչյան սկզբունք. «Ուրախանալու ավելի մեծ պատճառ չունեմ, քան այն, որ լսում եմ՝ զավակներս շարունակում են քայլել ճշմարտության ուղով» (3 Հովհ. 4)։b

Վստահել Եհովային։ Անկախ նրանից՝ պլանավորում եք երեխաներ ունենալ, թե արդեն ունեք, մի՛ մոռացեք, որ ծնող լինելու վերաբերյալ Եհովայի չափանիշները տեղի մշակույթից ու սովորույթներից ավելի կարևոր են։

Համակցված նկարներ։ 1. Ծնողները իրենց որդու հետ նստած են Թագավորության սրահում։ Նրանց տղան ձեռք է բարձրացրել, որ մեկնաբանություն անի։ 2. Մի ընտանիք միասին ծառայում է։ Հայրը քարոզում է իր դեռահաս աղջկա հետ, իսկ մայրը ծառայում է երկու փոքր երեխաների հետ։

Երեխաների հոգևոր կարիքների մասին հոգալը ժամանակ և ջանքեր է պահանջում

Եթե որոշեք շատ երեխաներ չունենալ, վստահ եղեք, որ Եհովան հոգ կտանի ձեր մասին, երբ ծերանաք։ Մի՛ որդեգրեք այն տեսակետը, թե երեխաները «ապահով ծերության երաշխիք» են։ Մի՛ վախեցեք լքված լինելուց. չէ՞ որ Եհովան խոստացել է հոգ տանել ձեր մասին, իսկ նա միշտ պահում է իր խոստումները (Հեսու 23։14)։

Աստվածաշնչյան սկզբունքներ. «Ամբողջ սրտովդ Եհովային վստահիր և քո հասկացողության վրա մի՛ հիմնվիր։ Ինչ էլ որ անես, հաշվի առ նրան, և նա կառաջնորդի քեզ ճիշտ ճանապարհով» (Առակ. 3։5, 6)։

«Երիտասարդությունիցս մինչև ծերություն ես երբևէ չեմ տեսել արդարին լքված, ոչ էլ նրա զավակներին՝ հաց մուրալիս» (Սաղ. 37։25)։

«Ձեր կյանքում միշտ առաջին տեղում դրեք Աստծու թագավորությունը և նրա արդար չափանիշները, և այդ բոլոր բաները կտրվեն ձեզ» (Մատթ. 6։33)։

Երեխաները Եհովայի կողմից ծնողներին վստահված թանկ պարգևներ են։ Եհովան շատ է ուրախանում՝ տեսնելով, որ զույգերը արդարացնում են իր վստահությունը։ Նրանք պլանավորում են, թե քանի երեխա են ունենալու, Աստծու պահանջները հավատարմորեն վեր են դասում տեղի մշակույթից կամ սովորույթներից և սիրով հոգ են տանում իրենց երեխաների ֆիզիկական, զգացական ու հոգևոր կարիքների մասին։ Այդպես վարվելով՝ նրանք ցույց են տալիս, որ երեխաները անգին պարգև՝ «ժառանգություն են Եհովայից»։

Նրանք չեն ափսոսում

Հայրը և մայրը ուրախ-ուրախ գրկել են իրենց փոքրիկ աղջկան։

Արդյոք ծնողները տուժո՞ւմ են, երբ որոշում են քիչ երեխաներ ունենալ։ Տնտեսական ցածր մակարդակ ունեցող երկրներում ապրող շատ ծնողների է հուզում այս հարցը։ Տեսնենք, թե այս երկրներում բնակվող որոշ ընտանիքների գլուխներ ինչ են ասել նշված հարցի վերաբերյալ։

Շատ երեխաներ ունենալու ճնշման տա՞կ եք

«Այո՛, անգամ որոշ հավատակիցների կողմից։ Մի ամուսնական զույգ մեզ ասաց. «Ինչո՞ւ եք ընդամենը մի տղա ունեցել։ Այստեղ՝ Աֆրիկայում, մի տղա ունենալը հավասարազոր է երեխա չունենալուն։ Իսկ եթե երկուսն ունես, կարելի է ասել՝ մեկն ունես»։ Որոշ ժամանակ անց ծնվեց մեր երկրորդ երեխան, բայց անգամ այդ ժամանակ ճնշումը չդադարեց» (Երեմիաս)։

Ֆիզիկապես և հոգևորապես տուժե՞լ եք շատ երեխաներ չունենալու պատճառով

«Ո՛չ, ճիշտ հակառակը։ Քանի որ որոշել ենք շատ երեխա չունենալ, կնոջս հետ ավելի լավ ենք կարողանում հոգալ մեր ընտանիքի նյութական և, որ ավելի կարևոր է, հոգևոր կարիքները։ Ես մեծացել եմ մեծ ընտանիքում և տեսել եմ, թե հայրս ու մայրս ինչ մեծ դժվարությամբ են մեզ ապահովել անհրաժեշտ բաներով և կրթություն տվել» (Երեմիաս)։

Ի՞նչ են զգում երեխաները ձեր կայացրած որոշման վերաբերյալ

«Մեր երեխաները ուրախ են, որ չունեն այն դժվարությունները, որ ունեն ուրիշ երեխաներ, ում ծնողները շատ զավակներ ունենալու պատճառով չեն կարողանում ինչպես հարկն է հոգ տանել իրենց մասին» (Ֆիլիպե)։

«Մեր երեխաները երջանիկ են, որովհետև մեծանում են սիրով լի ընտանիքում, որտեղ իրենց ապահով են զգում։ Մենք միշտ հյուրընկալել ենք հոգևորապես հասուն եղբայրների ու քույրերի, որոնք խրախուսել են մեզ հոգևոր նպատակներ դնել։ Եվ այսօր մեր զավակներին նայելով՝ տեսնում ենք այդ ջանքերի արդյունքը» (Կարլոս)։

Շատ երեխաներ չունենալու որոշումը օգուտ բերե՞լ է ձեր ընտանիքին

«Մեր որոշման շնորհիվ ավելի լավ ենք կարողացել հոգալ մեր ընտանիքի նյութական կարիքները։ Մոտ երեք տարի առաջ կորցրի լավ վարձատրվող աշխատանքս։ Այդ փոփոխությանը հեշտությամբ հարմարվեցինք, քանի որ մեր ընտանիքը փոքր է, և ֆինանսական շատ միջոցներ պետք չէին, որպեսզի հոգ տանեինք մեր կարիքների մասին» (Երեմիաս)։

«Մեր որոշումը երեխաներին նյութապես ապահովելու և հոգևորապես կրթելու հնարավորություն է տվել մեզ։ Կարողացել ենք ծառայել այնպիսի տարածքներում, որտեղ քարոզիչների կարիքը մեծ է։ Հասկացել ենք, որ այդպես ավելի հեշտ է ժամանակ հատկացնել յուրաքանչյուր երեխային և հոգալ նրա կարիքները։ Այսօր մեր բոլոր զավակները ծառայում են Եհովային և հոգևոր նպատակների են ձգտում» (Լենադի)։

Ի՞նչ կասեք մյուս ծնողներին

«Ես անձամբ եմ համոզվել Սաղմոս 34։10-րդ համարի երկրորդ մասի ճշմարտացիության մեջ։ Այնտեղ ասվում է. «Եհովային ապավինողները ոչ մի բարիքի կարոտ չեն լինի»։ Եհովան ինձ ու իմ ընտանիքին միշտ տվել է այն ամենը, ինչի կարիքն ունեցել ենք» (Ռաֆայել)։

a Յուրաքանչյուր զույգ ինքն է որոշում, թե քանի երեխա ունենա, երբ ունենա և օգտագործի վիժում չառաջացնող հակաբեղմնավորիչներ, թե ոչ։ Ոչ ոք չպետք է քննադատի նրանց կայացրած անձնական որոշումները (Հռոմ. 14։4, 10-13)։ Ամուսնացած քրիստոնյաները միևնույն ժամանակ չպետք է մոռանան 1 Կորնթացիներ 7։3-5-ում գրված խորհուրդը։

b Թեև աստվածաշնչյան այս համարում «երեխաներ» բառը վերաբերում է քրիստոնյա աշակերտներին, սակայն ծնողները ունեն այն նույն զգացումները, որոնք արտահայտեց Հովհաննեսը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը