Պատմում են թագավորության քարոզիչները
«Մոռացված զոհերին» հիշում են
ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐ ՄԵԿ ԹՎԱԿԱՆԻ սկզբին Հայկազը՝ 15–ամյա մի Եհովայի վկա, այցելեց Բեռնում (Շվեյցարիա) կազմակերպված «Մոռացված զոհեր» ցուցահանդեսը նացիստների կողմից Եհովայի վկաների կրած հալածանքների մասին։ Այցելության վերջում Հայկազն ասաց. «Ես լսել էի, որ Եհովայի վկաները անմարդկային վերաբերմունքի են ենթարկվել ու տառապել նացիստական ռեժիմի ներքո, բայց առաջին անգամն էր, որ տեսնում էի այդ մասին վկայող հավաստի փաստաթղթեր ու լուսանկարներ։ Այնտեղ ներկայացված ցուցանմուշները, ականատեսների հայտնած տեղեկությունները, պատմաբանների մեկնաբանությունները խոր ազդեցություն թողեցին իմ մտքի ու սրտի վրա»։
Որոշ ժամանակ անց, երբ դպրոցում Հայկազին հանձնարարվեց զեկուցում պատրաստել իր համադասարանցիների համար, նա ընտրեց «Եհովայի վկաներ. նացիզմի մոռացված զոհեր» թեման։ Ուսուցիչը հավանություն տվեց թեմայի ընտրությանը, միայն ասաց, որ Հայկազը պետք է օգտվի նաև աշխարհիկ աղբյուրներից։ Հայկազը ուրախությամբ համաձայնվեց։ «Ես աչքի անցկացրի նացիստների ժամանակներում Եհովայի վկաների մասին պատմող մի քանի գրքեր և դրանց վերաբերյալ համառոտ ակնարկ գրեցի։ Նաև նկարագրեցի «Մոռացված զոհեր» ցուցահանդեսից ստացած իմ տպավորությունները։ 43 էջանոց զեկուցման մեջ ընդգրկեցի նաև նկարներ ու լուսանկարներ»։
2002 թ. նոյեմբերին Հայկազը ներկայացրեց իր զեկուցումը դասընկերներին, ուսուցիչներին, իր ընտանիքի անդամներին և ընկերներին։ Դրան հետևեց հարց ու պատասխանով քննարկում, որը նրան հնարավորություն տվեց ներկայացնել Աստվածաշնչի վրա հիմնված իր հավատալիքները։ Երբ մի աղջիկ հարցրեց, թե ինչու է նա ընտրել այդ թեման, Հայկազը պատասխանեց, որ Եհովայի վկաների մասին պատմական շատ գրքերում չի հիշատակվում, և նա ցանկանում է, որ մարդիկ իմանան, թե ինչպես են Վկաները քաջաբար պաշտպանել իրենց քրիստոնեական հավատը։ Ի՞նչ եղավ արդյունքը։
Հայկազն ասում է. «Դասընկերներս հիացած էին։ Նրանք չգիտեին, որ Եհովայի վկաները որպես խումբ դաժանորեն հալածվել են։ Բացի դրանից, շատերը չգիտեին, որ նացիստական համակենտրոնացման ճամբարներում Վկաները հատուկ նշան էին կրում՝ մանուշակագույն եռանկյունի»։
Այդ զեկուցումից հետո Հայկազը ավելի շատ հնարավորություններ ունեցավ զրուցելու իր դասընկերների հետ և բացատրելու արյան փոխներարկման, ալկոհոլի և բարոյականության վերաբերյալ Եհովայի վկաների ունեցած տեսակետը, որը հիմնված է Աստվածաշնչի վրա։ «Դասընկերներիցս ոչ մեկը չծաղրեց ինձ»,— ասում է Հայկազը։ Դեռ ավելին, նրա զեկուցումը այժմ դպրոցի գրադարանում է պահվում։ Դա կնպաստի այն բանին, որ Եհովայի վկաների բռնած անսասան դիրքի մասին մարդիկ չմոռանան։