Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 8/15 էջ 4–7
  • Գտնել ամենաօգտակար խորհուրդը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գտնել ամենաօգտակար խորհուրդը
  • 2004 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Հավատարմություն կողակցի հանդեպ
  • Մեր երեխաների դաստիարակությունը
  • Օգուտ քաղել ամենաօգտակար խորհուրդներից
  • «Լսիր իմաստունների խոսքերը»
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Խորհուրդը լսիր և խրատը ընդունիր
    Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն
  • 0գտակար գիրք ներկա կյանքի համար
    Գիրք բոլորի համար
  • Կազմել Աստծուն փառք բերող ընտանիք
    Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
Ավելին
2004 Դիտարան
w04 8/15 էջ 4–7

Գտնել ամենաօգտակար խորհուրդը

ԿՅԱՆՔՈՒՄ հաջողություն ունենալը բաղձալի նպատակ է։ Բարի խորհուրդներն ու դրանց համապատասխան գործելու պատրաստակամությունը մեծապես օգնում են այդպիսի կյանքի հասնել այս բարդ ու խճճված աշխարհում։ Սակայն բոլորը չէ, որ ցանկանում են ուշադրություն դարձնել օգտակար խորհուրդներին։ Շատերը պնդում են, թե մարդ պետք է ապրի ազատ՝ այնպես, ինչպես ինքն է ուզում։ Բայց Աստվածաշունչը հայտնում է, որ իրականում Սատանան՝ Աստծո գերիշխանության առաջին թշնամին, հենց այդպիսի ազատություն առաջարկեց մեր նախածնողներին։ Համաձայն Ծննդոց 3։5–ի՝ նա Եվային հետևյալ հավաստիացումը տվեց. «Աստուած գիտէ, թէ այն օրը որ [չարի և բարու գիտության ծառից] ուտէք, ձեր աչքերը կ’բացուին, եւ Աստուծոյ պէս կ’լինիք՝ բարին եւ չարը գիտացող»։

Կարողացա՞ն արդյոք Ադամն ու Եվան դրանից հետո հաջողության հասնել կյանքում, խուսափել լուրջ սխալներից՝ առաջնորդվելով լոկ սեփական կարծիքով։ Իհարկե ո՛չ։ Նրանք շատ արագ հուսախաբ եղան՝ տեսնելով, թե ինչ հետևանքներ ունեցավ չարն ու բարին որոշելու իրենց հանդուգն փորձը։ Ադամն ու Եվան կորցրեցին Աստծո հավանությունը, դարձան անկատար և սկսեցին ապրել ծանր կյանքով, որի վերջը մահն էր (Ծննդոց 3։16–19, 23)։ Նրանց պատճառով մահկանացու դարձան բոլորը։ Աստվածաշունչն ասում է. «Սորա համար՝ ինչպէս մէկ մարդի [Ադամի] ձեռովը մեղքը մտաւ աշխարհքը, եւ այն մեղքովն էլ մահը. եւ այսպէս մահն ամեն մարդկանց վերայ տարածուեցաւ, ըստ որում ամենքը մեղանչեցին» (Հռովմայեցիս 5։12)։

Չնայած Ադամի ու Եվայի ընտրությունը վատ հետևանքներ բերեց, շատերը, միևնույն է, չեն կարծում, որ իմաստուն կլինի կիրառել մեր Ստեղծիչի խորհուրդները։ Մինչդեռ Աստվածաշնչում ասվում է, որ այդ գիրքը ներշնչված է Արարչի կողմից և կարող է օգնել մեզ լինելու «կատարեալ.... ամեն բարի գործերի համար պատրաստուած» (Բ Տիմոթէոս 3։16, 17)։ Անշուշտ, մենք ավելի երջանիկ կլինենք, եթե առաջնորդվենք Աստվածաշնչում տրվող խորհուրդներով։ Այն գլխավոր ոլորտներից մեկը, որտեղ հարկավոր է կիրառել դրանք, ընտանիքն է։

Հավատարմություն կողակցի հանդեպ

Ինչպես ցույց է տալիս Աստվածաշունչը, Արարչի մտադրությունն էր, որ ամուսնությունը հարատև միություն լինի (Ծննդոց 2։22–24; Մատթէոս 19։6)։ Ավելին, Գրություններն ասում են, որ ամուսնական անկողինը պետք է սուրբ լինի, իսկ դա նշանակում է, որ այդ միությունը չպետք է պղծել՝ ուրիշ որևէ մեկի հետ սեռական հարաբերությունների մեջ մտնելով (Եբրայեցիս 13։4)։ Սակայն, ինչպես հավանաբար գիտեք, ամուսնական ուխտը կնքած շատ մարդիկ այսօր չեն հետևում այդ սկզբունքին։ Ոմանք սովորություն ունեն աշխատանքի վայրում սիրահետել նրանց, ովքեր իրենց կողակիցը չեն։ Ոմանք էլ խաբում են իրենց ընտանիքի անդամներին, որպեսզի սիրաբանեն մեկ ուրիշ կնոջ կամ տղամարդու հետ։ Կան նաև այնպիսիները, որոնք մերժում են իրենց կողակցին՝ ավելի երիտասարդ անձնավորության հետ ապրելու համար՝ ասելով, թե այդպես իրենց ավելի երիտասարդ ու երջանիկ են զգում։ Այս էր պարագան նախորդ հոդվածում հիշատակված Վերոնիկայի դեպքում։

Սակայն սեփական անձին ամեն գնով հաճույք պատճառելու ձգտումը չի հանգեցնում հարատև երջանկության։ Այս բանում կարելի է համոզվել Ռոնալդի օրինակից։ Նա լքեց իր կնոջը՝ համոզված լինելով, թե ուրիշ կնոջ կողքին ավելի երջանիկ կլինի։ Այդ կնոջ հետ Ռոնալդը գաղտնի սիրային կապի մեջ էր արդեն վեց տարի և նրանից երկու երեխա ուներ։ Սակայն որոշ ժամանակ անց այդ ամուսնությունը վերջ գտավ. սիրուհին մերժեց նրան։ Ի վերջո, Ռոնալդը սկսեց ապրել ծնողների հետ։ Իր վիճակը նկարագրելով՝ նա այն «հետընթաց» անվանեց։ Ռոնալդի հետ պատահածը, սակայն, ընդամենը մեկ օրինակ է։ Նման վարքը, որ եսասիրական ցանկությունների հետևանք է, աննախադեպ կերպով նպաստել է ամուսնալուծություններին և ընտանիքների քայքայմանը՝ տառապանք պատճառելով անհամար անհատների՝ մեծ թե փոքր։

Մյուս կողմից՝ Աստվածաշնչի խորհուրդները կիրառելը իսկական երջանկություն է բերում։ Սա երևում է Ռոբերտոյի օրինակից։ Նա պատմում է. «Աստվածաշնչում տրվող խորհուրդներն օգնեցին, որ չկորցնեմ կնոջս։ Մարդ չի կարող հասնել իսկական երջանկության, եթե թույլ տա իրեն գայթակղվել ինչ–​որ մեկով, որն իր կողակիցը չէ, նույնիսկ եթե այդ անհատը հրապուրիչ թվա։ Աստվածաշնչյան կրթությունը օգնեց ինձ գնահատել իմ կողակցին, որն այդքան տարի կողքիս է եղել»։ Ռոբերտոյի կյանքում մեծ դեր խաղաց աստվածաշնչյան հետևյալ խորհուրդը. «Երիտասարդութեանդ կնոջը հետ անհաւատարիմ մի լինիր» (Մաղաքիա 2։15)։ Իսկ ուրիշ ո՞ր բնագավառներում կարող են մեզ օգնել Աստծո կողմից տրված խորհուրդները։

Մեր երեխաների դաստիարակությունը

Մի քանի տասնամյակ առաջ լայն տարածում գտավ այն գաղափարը, թե ծնողները չպետք է շատ սահմանափակեն երեխայի ազատությունը։ Խելամիտ էր թվում թույլ տալ նրան անձամբ որոշելու՝ ինչպես վարվել և մտածել։ Այս մեթոդի նպատակն էր չխոչընդոտել երեխայի ձևավորմանը։ Որոշ վայրերում նույնիսկ ստեղծվեցին կրթական ազատ համակարգեր. աշակերտները այլ բաների հետ մեկտեղ կարող էին որոշել՝ պետք է հաճախեն դասերի, թե՝ ոչ, որքան ժամանակ պետք է տրամադրեն հանգստին ու որքան սովորելուն և այլն։ Այդպիսի դպրոցներից մեկի նշանաբանն էր՝ «թույլ տալ երեխային ճաշակելու ամեն բան՝ առանց մեծերի քննադատության և միջամտության»։ Մինչև օրս որոշ հոգեբաններ համամիտ չեն որոշակի պատժամիջոցների կիրառման հետ, նույնիսկ եթե սիրառատ ծնողը անհրաժեշտ է համարում պատժել երեխային։

Ի՞նչ հետևանքներ ունեցավ այս ամենը։ Շատ մարդիկ հավատացած են, որ երեխաներին հանդուրժողական մեթոդով դաստիարակելը չափազանց մեծ ազատություն է տվել նրանց, և որ հենց դրա պատճառով են այս աստիճան շատացել հանցագործությունն ու թմրամոլությունը։ Միացյալ Նահանգներում անցկացված մի հետազոտության ժամանակ հարցվածների 70 տոկոսը այն կարծիքին էր, որ երեխաներն ու պատանիները հարկ եղած դաստիարակությունը չեն ստանում իրենց ծնողների կողմից։ Դպրոցներում հրազենի օգտագործումը, ինչպես նաև պատանեկան սարսափելի հանցագործությունները շատերի տեսանկյունից «ծնողական հսկողության պակասի» արդյունք են։ Նույնիսկ եթե սխալ դաստիարակությունը ողբերգական հետևանքներ չի ունենում, ծնողներն ու երեխաները քաղում են դրա դառը պտուղները։

Իսկ ի՞նչ է Աստվածաշունչը ասում երեխաների դաստիարակության մասին։ Գրությունները հայտնում են, որ ծնողն իր իշխանությունը պետք է դրսևորի սիրով և հաստատակամությամբ։ Գրքում ասվում է. «Յիմարութիւնը կապուած է երեխայի սրտին. խրատի գաւազանը նորան կ’հեռացնէ նորանից» (Առակաց 22։15)։ Ինչ խոսք, բոլոր դեպքերում խրատի խստությունը պետք է համապատասխանի իրավիճակին։ Այն միշտ հարկավոր է տալ մեղմ ու հարգալից կերպով և ինքնատիրապետում դրսևորելով։ Նման ոգով տրվող խրատը սիրո նշան է։ Երեխայի դաստիարակության մեջ հաջողության հասնելու հավանականությունը մեծ կլինի, եթե ծնողի իշխանությունը դրսևորվի սիրով և ոչ թե դաժանությամբ։

Այս խորհրդի կիրառությունը զգալի արդյունքներ է բերում։ Ահա թե ինչ է ասում վերջերս ամուսնացած մի երեսնամյա մեքսիկացի, որի անունը Արթուր է. «Հայրս ինձ և եղբայրներիս պարզ ասել էր, որ պետք է հնազանդվենք իրեն ու մորս։ Նրանք երբեք չէին վարանում պատժել մեզ։ Բացի այդ, միշտ ժամանակ էին ունենում մեզ հետ զրուցելու։ Այժմ, լինելով չափահաս անձնավորություն, շատ ուրախ եմ, որ հանգիստ կյանք եմ վայելում, և գիտեմ, որ հիմնականում դա այն ճիշտ դաստիարակության արդյունքն է, որը ստացել եմ»։

Օգուտ քաղել ամենաօգտակար խորհուրդներից

Աստծո Խոսքում՝ Աստվածաշնչում, մարդիկ կարող են գտնել լավագույն խորհուրդները։ Դրանք վերաբերում են ոչ միայն ընտանեկան կյանքին, այլև օգնում են պատրաստված լինել բազմաթիվ հարցերում։ Մենք կարող ենք սովորել, թե ինչպես ապրել մի աշխարհում, որտեղ շատերը չեն ցանկանում ընդունել իմաստության գերազանց Աղբյուրի առաջնորդությունը։ Մինչդեռ դա կնպաստի իրենց իսկ բարօրությանը։

Եհովա Աստված՝ մարդկանց Արարիչը, սաղմոսերգու Դավիթի միջոցով այսպիսի հավաստիացում է տալիս մեզ. «Իմաստուն կ’անեմ քեզ, եւ կ’սովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որ նորանում պիտի գնաս. կ’խրատեմ քեզ՝ իմ աչքը քեզ վերայ կ’լինի» (Սաղմոս 32։8)։ Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ է սա նշանակում. Արարիչն իր աչքը մեզ վրա կպահի վտանգներից պահպանելու համար։ Սակայն մեզանից յուրաքանչյուրը պետք է հարցնի ինքն իրեն. «Արդյոք խոնարհությամբ ընդունո՞ւմ եմ Եհովայի օգտակար առաջնորդությունը»։ Նրա Խոսքում ասվում է. «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները» (Առակաց 3։5, 6)։

Եհովային ճանաչելու համար ջանքեր և նվիրվածություն է հարկավոր, սակայն Գրությունների օգնությամբ մարդիկ կարող են հասնել դրան։ Այն ուղին, որ առաջարկում է Աստված, «թէ՛ ներկայ եւ թէ՛ ապագայ կեանքին խոստումը ունի»։ Հաշվի առնելով, թե ինչ օգուտներ կարող է բերել այդ ուղին՝ կտեսնենք, որ նրանով քայլելը իսկապես մեծ շահ է (Ա Տիմոթէոս 4։8, ԱԱ; 6։6, ԷԹ)։

Եթե ձեզ հետաքրքրեց Աստվածաշնչում տեղ գտած իմաստությունը և այն օրհնությունները, որ կարող եք ստանալ՝ այդ գրքում գրված խորհուրդներին ներդաշնակ ապրելով, ձեր կյանքում առաջնային տեղ հատկացրեք Աստծո Խոսքի ընթերցանությանն ու կարդացածի շուրջ խորհելուն։ Այդպես վարվելով՝ հաջողությամբ կդիմագրավեք այսօր հանդիպող դժվարություններին։ Ավելին, դուք հույս կունենաք ապրելու Աստծո նոր աշխարհում. մի աշխարհ, որտեղ բոլորը կրթված կլինեն Եհովայի կողմից, և նրանց խաղաղությանը սահման չի լինի (Եսայիա 54։13)։

[նկար 5–րդ էջի վրա]

Աստվածաշնչի խորհուրդները կարող են ամրացնել ամուսնական միությունը

[նկարներ 6–րդ էջի վրա]

Աստվածաշնչի խորհուրդները օգնում են թե՛ ճիշտ խրատ տալ, թե՛ ժամանակը ուրախ անցկացնել

[նկարներ 7–րդ էջի վրա]

Աստվածաշնչի խորհուրդները կիրառող մարդիկ ապրում են լիարժեք կյանքով

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը