Մեքսիկայի բնիկ ժողովուրդները լսում են բարի լուրը
ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐ ԵՐԿՈՒ թվականի նոյեմբերի 10–ին մի խումբ միխեացիներ՝ Մեքսիկայի բնիկ ժողովուրդներից, հավաքվել էին Սան Միգելում (Քեցալտեպեկ)։ Դա մի քաղաք է Մեքսիկայի հարավում գտնվող Օախակա գեղեցիկ նահանգում։ Այդ խումբը եկել էր ներկա գտնվելու Եհովայի վկաների մարզային համաժողովին։ Առավոտյան ծրագրի ամենաուշագրավ մասը աստվածաշնչյան դրաման էր։
Երբ հնչեցին դրամայի առաջին խոսքերը, ունկնդիրները զարմանքից ասես քար կտրեցին։ Նրանք սկսեցին ծափահարել, շատերի աչքերից արցունքներ հոսեցին։ Դրաման ներկայացվում էր միխե լեզվով։ Երբ այն վերջացավ, շատերն իրենց խորը երախտագիտությունը հայտնեցին այդ անսպասելի նվերի համար։ Ահա թե նրանցից մեկն ինչ ասաց. «Առաջին անգամ էր, որ ես կարողացա հասկանալ դրաման։ Այն հասավ սրտիս»։ Իսկ մեկ ուրիշն այսպես արտահայտվեց. «Եթե հիմա մահանամ էլ, երջանիկ կմահանամ, քանի որ Եհովան հնարավորություն տվեց դրաման լսել իմ մայրենի լեզվով»։
Այդ առավոտ տեղի ունեցածը այն տքնաջան աշխատանքի մի մասն էր, որ Մեքսիկայում վերջերս կատարել էին Եհովայի վկաները՝ բնիկ ժողովուրդներին Թագավորության բարի լուրը հասցնելու համար (Մատթէոս 24։14; 28։19, 20)։
Եհովան լսեց նրանց աղոթքները
Մեքսիկայում ապրում են ավելի քան 6 միլիոն բնիկներ։ Սա բավականին մեծ թիվ է բազմաթիվ մշակույթներ ունեցող մի ազգի համար, որը խոսում է 62 լեզուներով։ 15 լեզուներից յուրաքանչյուրով խոսում է ավելի քան 100 000 մարդ։ 1 000 000–ից ավել բնիկներ չեն խոսում իսպաներեն, որը Մեքսիկայի պետական լեզուն է։ Իսկ նրանք, ովքեր տիրապետում են իսպաներենին, միևնույն է, իրենց լեզվով ավելի հեշտությամբ են կարողանում սովորել աստվածաշնչյան ճշմարտությունը (Գործք 2։6; 22։2)։ Ոմանք ուսումնասիրել են Աստվածաշունչը և տարիներ շարունակ հավատարմորեն հաճախել քրիստոնեական հանդիպումներին, թեև ամեն բան չէ, որ հասկացել են։ Ճշմարտությունն իրենց մայրենի լեզվով սովորելը որոշ ժամանակ եղել է նրանց աղոթքների թեման։
Այս խնդիրը լուծելու նպատակով Եհովայի վկաների Մեքսիկայի մասնաճյուղը 1999 թ.–ին սկսեց միջոցներ ձեռնարկել ժողովի հանդիպումները բնիկների լեզուներով անցկացնելու ուղղությամբ։ Կազմակերպվեցին նաև թարգմանչական խմբեր։ Արդեն 2000 թ.–ին մարզային համաժողովի դրաման ներկայացվեց մայա լեզվով, իսկ հետո ևս մի քանի լեզուներով։
Հաջորդ քայլն էր՝ ձեռնարկել Եհովայի վկաների՝ Աստվածաշունչը ուսումնասիրելու համար նախատեսված գրականությունը թարգմանելու գործը։ Նախ «Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա» գրքույկը թարգմանվեց հուավե, մայա, մազատեկան, տոտոնակ, ցելթալ և ցոցիլ լեզուներով։ Դրան հետևեցին այլ հրատարակություններ։ Մայա լեզվով ամեն ամիս սկսեց լույս տեսնել «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկը։ Որոշ հրատարակություններ ձայնագրվեցին ձայներիզների վրա։ Բնիկ ժողովուրդներին իրենց լեզվով գրել–կարդալ սովորեցնելու համար «Վարժվիր գրել–կարդալու մեջ» գրքույկը ներկայումս հարմարեցվում է տեղի կարիքներին։ Այժմ աստվածաշնչյան գրականությունը հրատարակվում է բնիկների 15 լեզուներով, և շուտով լույս կտեսնեն այլ հրատարակություններ։
«Ամեն ջանք գործադրում են»
Թարգմանություններ կատարելը հեշտ գործ չէ։ Նախ այն պատճառով, որ Մեքսիկայի բնիկ լեզուներով աշխարհիկ շատ քիչ գրականություն է լույս տեսել։ Շատ դժվար է այդ լեզուներով բառարաններ գտնելը։ Բացի այդ, որոշ լեզուներ ունեն շատ բարբառներ։ Օրինակ՝ հենց միայն սապոտեկ լեզուն առնվազն հինգ բարբառ ունի։ Այս բարբառներն այնքան են տարբերվում իրարից, որ տարբեր վայրերում ապրող մարդիկ, որոնց լեզուն նույն սապոտեկն է, չեն կարողանում հասկանալ միմյանց։
Դեռ ավելին, երբ որևէ լեզվում չկան կանոններ, թարգմանիչներն իրենք պետք է որոշ կանոններ հաստատեն։ Դրա համար անհրաժեշտ է լինում բազմաթիվ ուսումնասիրություններ կատարել և խորհրդակցել մյուսների հետ։ Զարմանալի չէ, որ թարգմանիչներից շատերը սկզբնական շրջանում ունեցել են այն նույն զգացումը, ինչ որ հուավե թիմում ծառայող Էլիդան։ Նա հիշում է. «Երբ ինձ հրավիրեցին Մեքսիկայի մասնաճյուղ՝ թարգմանություն անելու, մեջս երկու զգացում կար՝ ուրախություն և վախ»։
Թարգմանիչները նաև պետք է սովորեն օգտվել համակարգչից, աշխատել գրաֆիկի համաձայն, նաև տիրապետել թարգմանչության տեխնիկային։ Իսկապես, այս ամենը բավական դժվար է եղել նրանց համար։ Իսկ ի՞նչ են զգում թարգմանիչները։ Մայա լեզվի թարգմանչական խմբի անդամներից մեկը՝ Գլորիան, ասում է. «Բառեր չենք գտնում նկարագրելու այն ուրախությունը, որ գալիս է աստվածաշնչյան գրականությունը մեր մայրենի մայա լեզվով թարգմանելու գործին մասնակցելուց»։ Իսկ թարգմանչական բաժնի վերակացուներից մեկը թարգմանիչների մասին հետևյալն է ասում. «Աստվածաշնչյան գրականությունը իրենց մայրենի լեզվով թարգմանելու ցանկությունն այնքան մեծ է, որ նրանք ամեն ջանք գործադրում են դժվարությունները հաղթահարելու համար»։ Արժե՞ր այդքան ջանքեր գործադրել։
«Շնորհակալությո՛ւն, Եհո՛վա»
Ակնհայտ է, որ Եհովան օրհնել է Մեքսիկայի բնիկների դաշտում ծավալվող մեր գործունեությունը։ Քրիստոնեական հանդիպումներին և համաժողովներին հաճախողների թիվը բազմապատկվել է։ Օրինակ՝ 2001 թ.–ին Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոն նշելու համար հավաքվել էին միխե լեզվով խոսող 223 Վկաներ, բայց ներկաների ընդհանուր թիվը կազմել էր 1 674, ինչը յոթ ու կես անգամ գերազանցում էր Վկաների թվին։
Ոմանք, որ ընդունում են ճշմարտությունը, այժմ հնարավորություն ունեն հենց սկզբից ճշգրտորեն հասկանալ այն։ Միռնան հիշում է, թե ինչ էր զգում, երբ մայա լեզվով ժողովի հանդիպումներ դեռ չկային։ Նա պատմում է. «Երեք ամիս Աստվածաշունչ ուսումնասիրելուց հետո ես մկրտվեցի։ Ես գիտեի, որ անհրաժեշտ է մկրտվել, բայց պետք է ասեմ, որ այնքան էլ լավ չէի հասկանում աստվածաշնչյան ճշմարտությունները։ Կարծում եմ պատճառն այն է, որ իմ մայրենի լեզուն մայան է, իսկ իսպաներեն այնքան էլ լավ չէի հասկանում։ Ժամանակ պահանջվեց, մինչև որ իսկապես հասկացա ճշմարտությունը»։ Այսօր Միռնան և իր ամուսինը ուրախ են, որ ծառայում են մայա լեզվի թարգմանչական խմբում։
Ժողովի բոլոր անդամների համար մեծ ուրախություն է իրենց լեզվով գրականություն ստանալը։ Երբ ներկայացվեց ցոցիլ լեզվով թարգմանված «Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա» գրքույկը, մի կին, որը սկսել էր հաճախել քրիստոնեական հանդիպումներին, իր կրծքին սեղմեց այն ու բացականչեց. «Շնորհակալությո՛ւն, Եհո՛վա»։ Ստացված տեղեկությունները ցույց են տալիս, որ Աստվածաշունչ ուսումնասիրող բազմաթիվ մարդիկ ավելի արագ են առաջադիմում դեպի մկրտություն, ոչ ակտիվ քարոզիչները վերականգնում են իրենց ծառայությունը, իսկ քրիստոնյա շատ եղբայրներ այժմ զգում են, որ կարող են ժողովում պատասխանատվություններ ստանձնել։ Որոշ մարդիկ ավելի հաճույքով են վերցնում իրենց լեզվով աստվածաշնչյան գրականությունը և ուսումնասիրում այն։
Մի անգամ Վկաներից մեկը գնում է Աստվածաշնչի ուսումնասիրության, սակայն ուսումնասիրողը տանը չի լինում։ Երբ դուռը բացում է վերջինիս ամուսինը, քույրը առաջարկում է գրքույկից մի միտք ընթերցել նրա համար։ Այդ մարդը պատասխանում է. «Ոչինչ չեմ ուզում»։ Քույրը տոտանակ լեզվով նրան ասում է, որ գրքույկը իրենց լեզվով է։ Լսելով դա՝ այդ մարդը նստում է, իսկ քույրը սկսում է նրա համար կարդալ։ Ընթացքում նա մի քանի անգամ ասում է. «Ճիշտ է։ Այո՛, ճիշտ է»։ Այժմ նա հաճախում է քրիստոնեական հանդիպումներին։
Յուկատանում քույրերից մեկի ամուսինը հակառակվում էր ճշմարտությանը և երբեմն նույնիսկ ծեծում էր նրան, երբ վերջինս ժողովի հանդիպումներից տուն էր վերադառնում։ Երբ հանդիպումները սկսեցին անցկացվել մայա լեզվով, կինը որոշեց հրավիրել ամուսնուն։ Վերջինս չմերժեց կնոջը. հանդիպումները նրան դուր եկան։ Այժմ նա կանոնավորապես հաճախում է հանդիպումներին, Աստվածաշունչ է ուսումնասիրում և, ինչ խոսք, կնոջ վրա այլևս ձեռք չի բարձրացնում։
Տոտանակ լեզվով խոսող մի մարդ երկու Վկաների ասաց, որ երբեք չի աղոթել, քանի որ կաթոլիկ եկեղեցու քահանան նրան ասել է, թե Աստված լսում է միայն իսպաներեն լեզվով ասված աղոթքները։ Նա նույնիսկ ստիպված է եղել վճարել քահանային, որպեսզի վերջինս տոտանակցիների անունից աղոթեր։ Վկաները բացատրեցին, որ Աստված լսում է բոլոր լեզուներով ասված աղոթքները, և տոտանակ լեզվով մի գրքույկ նվիրեցին նրան, ինչը նա մեծ ուրախությամբ ընդունեց (Բ Մնացորդաց 6։32, 33; Սաղմոս 65։2)։
«Քուալցին տաքտուա»
Այս ամենից քաջալերվելով՝ Թագավորության շատ քարոզիչներ ձգտում են սովորել տեղի լեզուներից որևէ մեկը կամ էլ հարստացնել բնիկների որևէ լեզվի իրենց գիտելիքները։ Հենց այդպես է վարվում մի շրջանային վերակացու, որն այցելում է Պուեբլայի հյուսիսում գտնվող նահուատլ լեզվով հինգ ժողովները։ Նա պատմում է. «Այն երեխաները, ովքեր սովորաբար քնում էին հանդիպումների ժամանակ, այժմ շատ ուշադիր և կենտրոնացած լսում են, երբ իրենց մայրենի լեզվով եմ խոսում։ Հանդիպումներից մեկի ավարտից հետո մի չորս տարեկան տղա մոտեցավ ինձ ու ասաց՝ «քուալցին տաքտուա» (լավ ես խոսում)։ Այդ խոսքերը լսելով՝ ես հասկացա, որ արժե՛ր ջանքեր գործադրել»։
Այո՛, բնիկների դաշտը իսկապես ‘սպիտակացել է և հնձին հասել’, ու բոլոր նրանք, ովքեր մասնակցում են այդ հնձին, մեծապես քաջալերվում են (Յովհաննէս 4։35)։ Ռոբերտոն, որը մասնակցություն է ունեցել թարգմանչական խմբերը կազմավորելու գործում, ամփոփելով այս ամենը, ասում է. «Անմոռանալի բան է, երբ տեսնում ես, թե ինչպես են արցունքները հոսում եղբայրների ու քույրերի աչքերից, երբ նրանք ճշմարտությունը լսում են իրենց լեզվով և ամբողջությամբ հասկանում են այն։ Այդ մասին մտածելիս սիրտս լցվում է»։ Անշուշտ, Եհովայի սիրտը նույնպես ուրախությամբ է լցվում, երբ այսպիսի մարդկանց օգնում ենք Թագավորության կողմը դիրք բռնել (Առակաց 27։11)։
[շրջանակ 10–րդ և 11–րդ էջերի վրա]
Ծանոթանանք թարգմանիչներից ոմանց հետ
● «Ծնողներս ինձ սովորեցրել են ճշմարտությունը դեռ մանկուց։ Ցավոք, հայրս լքեց քրիստոնեական ժողովը, երբ 11 տարեկան էի։ Երկու տարի անց մայրս լքեց մեզ։ Քանի որ հինգ երեխաներից ամենամեծը ես էի, ստիպված էի ինձ վրա վերցնել մորս պարտականությունները, չնայած դեռ դպրոցական էի։
Թեև հոգևոր եղբայրներն ու քույրերը սիրով օգնում էին մեզ, միևնույնն է, կյանքը ծանր էր։ Երբեմն ես մտածում էի. «Ինչո՞ւ հենց ինձ հետ պիտի այսպիսի բան պատահեր, չէ՞ որ ես դեռ շատ երիտասարդ եմ։ Միայն Եհովայի օգնությամբ ես կարողացա դիմանալ։ Դպրոցն ավարտելուց հետո դարձա լիաժամ քարոզիչ, և դա ինձ շատ օգնեց։ Երբ կազմավորվեց նահուատլ լեզվի թարգմանչական խումբը, ինձ հրավիրեցին ծառայել այդ խմբում։
Այժմ հայրս կրկին վերադարձել է ժողով, իսկ եղբայրներս ու քույրերս ծառայում են Եհովային։ Իսկապես արժե՛ր ջանքեր թափել Եհովային հավատարիմ մնալու համար։ Նա մեր ընտանիքը շատ է օրհնել»։ (Ալիսիա)
● «Իմ դասընկերներից մեկը, որը Վկա է, ելույթ էր ունեցել կյանքի ծագման մասին թեմայով։ Այդ օրը ես դպրոց չէի գնացել, ուստի անհանգստացած էի, թե ինչ պիտի պատասխանեի քննության ժամանակ։ Այդ պատճառով նրան խնդրեցի պատմել այդ թեման։ Միշտ մտածել եմ այն մասին, թե ինչու են մարդիկ մահանում։ Երբ նա ինձ տվեց «Արարչագործություն» գիրքըa և Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկեց, ես համաձայնվեցի։ Ինձ խորապես տպավորել էին Արարչի նպատակները ու մեր հանդեպ նրա ցուցաբերած սերը։
Դպրոցն ավարտելուց հետո հնարավորություն ունեի դառնալու իսպաներենի և ցոցիլ լեզվի ուսուցիչ։ Բայց դրա համար ես ստիպված պետք է տեղափոխվեի հեռավոր վայր, հանգստյան օրերին լրացուցիչ դասընթացների մասնակցեի և քրիստոնեական հանդիպումներից բացակայեի։ Ուստի որոշեցի աշխատել որպես որմնադիր։ Իմ ընդունած որոշումը ամենևին էլ դուր չեկավ հորս, որը Վկա չէր։ Հետագայում, երբ ծառայում էի որպես ռահվիրա, կազմավորվեց աստվածաշնչյան գրականությունը ցոցիլ լեզվով թարգմանելու խումբը, ու ես ցանկություն հայտնեցի մասնակցել թարգմանչական գործին։
Ես տեսնում եմ, որ մայրենի լեզվով հրատարակություններ ստանալով՝ եղբայրներն ու քույրերը զգում են, որ իրենց գնահատում ու հարգում են։ Դա մեծ բավականություն է պատճառում ինձ։ Զգում եմ, որ այս նշանակումը շատ մեծ առանձնաշնորհում է»։ (Ումբերտո)
● «Երբ վեց տարեկան էի, մայրս լքեց մեզ։ Երբ պատանի էի, հայրս սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ։ Մի օր քույրերից մեկը Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկեց ինձ։ Ուսումնասիրության ընթացքում քննարկում էինք նաև երիտասարդներին ուղղված խորհուրդներ։ Քանի որ դեռահաս էի ու մայր չունեի, զգացի, որ սա հենց այն էր, ինչի կարիքը ունեի։ 15 տարեկանում ես մկրտվեցի։
1999 թ.–ին չարակամ մարդիկ սպանեցին հորս, քանի որ ուզում էին տիրանալ նրա հողատարածքին։ Այդ դեպքը շատ ցնցեց ինձ, ու ես ընկա խորը դեպրեսիայի մեջ։ Այնպիսի զգացում ունեի, կարծես թե այլևս չէի կարող ապրել։ Բայց աղոթում էի Եհովային, որ ինձ ուժ տա։ Շրջագայող վերակացուն ու նրա կինը շատ քաջալերեցին ինձ։ Շուտով ռահվիրա դարձա։
Մի անգամ ես տեսա ոմանց, որ վեց ժամվա ճանապարհ էին անցել, որպեսզի տոտոնակ լեզվով 20 րոպեանոց ելույթ լսեին՝ չնայած այն բանին, որ հանդիպման մնացած մասը իսպաներեն էր՝ իրենց համար անհասկանալի լեզվով։ Այնպես որ մեծ հրճվանք ապրեցի, երբ ինձ հրավիրեցին մասնակցել աստվածաշնչյան գրականությունը տոտոնակ լեզվով թարգմանելու գործին։
Ես միշտ ասում էի հորս, որ իմ երազանքն է ծառայել Եհովայի վկաների մասնաճյուղում։ Նա պատասխանում էր, որ դժվար թե իմ տարիքի ամուրի աղջկան հրավիրեն Բեթել։ Որքա՜ն կուրախանա հայրս, երբ հարություն առնելուց հետո իմանա, որ ես կարողացել եմ այդպիսի ծառայություն անել՝ աստվածաշնչյան գրականությունը թարգմանել մեր լեզվով»։ (Էդիթ)
[ծանոթագրություն]
a «Ինչպե՞ս է առաջացել կյանքը. էվոլյուցիայի՞, թե՞ արարչագործության միջոցով», հրատարակվել է 1985 թ.–ին Եհովայի վկաների կողմից (ռուս. 1992 թ.–ին)։
[նկար 9–րդ էջի վրա]
Ցոցիլ թարգմանչական խմբի անդամները քննարկում են մի բառ, որը դժվար է թարգմանել