Փորձությունների ներքո տոկունություն դրսևորելով՝ Եհովային փառք ենք բերում
«Եթէ բարիք գործէք եւ նորա համար չարչարուիք ու համբերէք, դա է շնորհք Աստուածանից» (Ա ՊԵՏՐՈՍ 2։20)։
1. Քանի որ ճշմարիտ քրիստոնյաներին հետաքրքրում է իրենց նվիրման համաձայն ապրելը, ի՞նչ հարց պետք է քննարկվի։
ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ նվիրվել են Եհովային և ուզում են կատարել նրա կամքը։ Իրենց նվիրման համաձայն ապրելու համար նրանք հնարավոր ամեն ինչ անում են՝ հետևելու իրենց Օրինակին՝ Հիսուս Քրիստոսին, և վկայելու ճշմարտության մասին (Մատթէոս 16։24; Յովհաննէս 18։37; Ա Պետրոս 2։21)։ Բայց Հիսուսն ու այլ հավատարիմներ զոհեցին իրենց կյանքը հանուն իրենց հավատի և մահացան որպես նահատակներ։ Նշանակո՞ւմ է արդյոք, թե բոլոր քրիստոնյաները պետք է ակնկալեն, որ մի օր կմահանան հանուն հավատի։
2. Ինչպե՞ս են քրիստոնյաները վերաբերվում փորձություններին ու չարչարանքներին։
2 Որպես քրիստոնյաների՝ մեզ կոչ է արվում հավատարիմ մնալ մինչև մահ, ընդ որում ոչ անպայման մահ հանուն հավատի (Բ Տիմոթէոս 4։7; Յայտնութիւն 2։10)։ Սա նշանակում է, որ թեև պատրաստ ենք հանուն հավատի տառապելու, իսկ եթե պետք է, մահանալու, այնուամենայնիվ այդ միտքը մեզ հաճույք չի պատճառում։ Մենք ոչ մի հաճելի բան չենք տեսնում տառապելու, նվաստանալու և ցավ զգալու մեջ։ Բայցևայնպես, քանի որ փորձություններ և հալածանքներ ենք ակնկալում, պետք է մանրամասնորեն քննենք, թե ինչպես վարվենք նման իրավիճակներում։
Հավատարիմ՝ փորձության ժամանակ
3. Ի՞նչ սուրբգրային օրինակներ կարող ես պատմել այն մասին, թե ինչպես վարվել հալածանքների ժամանակ (տե՛ս «Ինչպես նրանք վարվեցին հալածանքների ժամանակ» շրջանակը հաջորդ էջում)։
3 Աստվածաշնչում կան բազմաթիվ օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են Աստծո ծառաները անցյալում վարվել, երբ հայտնվել են կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում։ Նրանք տարբեր ձևերով են արձագանքել, ինչը կարող է առաջնորդություն լինել ներկայիս քրիստոնյաների համար, եթե նրանք երբևէ հայտնվեն նման դժվարությունների առջև։ Կարդա «Ինչպես նրանք վարվեցին հալածանքների ժամանակ» շրջանակում գրված դեպքերը և խորհիր, թե ինչ կարող ես սովորել։
4. Ի՞նչ կարելի է ասել այն մասին, թե փորձության ժամանակ ինչպես էին վարվում Հիսուսը և այլ հավատարիմ ծառաներ։
4 Թեև Հիսուսը և Աստծո մյուս հավատարիմ ծառաները, կախված հանգամանքներից, տարբեր ձևերով արձագանքեցին հալածանքներին, հստակ է, որ նրանք անտեղի վտանգի չէին ենթարկում իրենց կյանքը։ Վտանգավոր իրավիճակներում նրանք իրենց քաջաբար էին դրսևորում, բայց նաև գործում էին զգուշորեն (Մատթէոս 10։16, 23)։ Նրանց նպատակը քարոզչական գործը առաջ տանելն ու Եհովայի հանդեպ անարատ մնալն էր։ Տարբեր իրավիճակներում նրանց ցուցաբերած վերաբերմունքը օրինակ է այն քրիստոնյաների համար, որոնք մեր օրերում փորձություններ և հալածանքներ են դիմագրավում։
5. 1960–ականներին ի՞նչ հալածանք բարձրացավ Մալավիում, և տեղի Վկաներն ինչպե՞ս վարվեցին։
5 Մեր ժամանակներում Եհովայի ժողովուրդը հաճախ է տեսել շատ մեծ դժվարություններ ու զրկանքներ պատերազմի, արգելքների և բացահայտ հալածանքի պատճառով։ Օրինակ՝ 1960–ականներին Եհովայի վկաները Մալավիում դաժան հալածանքների ենթարկվեցին։ Նրանք զրկվեցին իրենց Թագավորության սրահներից, տներից, պարենամթերքից, աշխատանքից՝ գործնականում այն ամենից, ինչ որ ունեին։ Նրանք ծեծի ու այլ սարսափելի տանջանքների ենթարկվեցին։ Ինչպե՞ս եղբայրները վարվեցին։ Հազարավոր եղբայրներ ու քույրեր ստիպված էին փախչել իրենց գյուղերից։ Շատերը ապաստան գտան անմարդաբնակ վայրերում՝ մացառուտներում և անտառներում, իսկ ուրիշները ժամանակավորապես գաղթեցին հարևան Մոզամբիկ։ Շատ հավատարիմներ կորցրեցին կյանքը։ Այն, որ ոմանք նախընտրեցին փախչել վտանգավոր գոտուց, ակնհայտորեն խելամիտ քայլ էր ստեղծված իրավիճակում։ Վարվելով այդպես՝ նրանք հետևեցին Հիսուսի և Պողոսի թողած օրինակին։
6. Չնայած կատաղի հալածանքին՝ ինչի՞ց չհրաժարվեցին մալավացի եղբայրները։
6 Թեպետ մալավացի եղբայրները ստիպված էին տեղափոխվել կամ թաքնվել, նրանք աստվածապետական առաջնորդություն փնտրեցին և հնարավորինս ընդհատակյա շարունակեցին իրենց քրիստոնեական գործունեությունը։ Արդյո՞ւնքը։ 1967 թ.–ին՝ նախքան քարոզչական գործի վրա արգելք դրվելը, Թագավորության քարոզիչների թիվը 18 519 էր։ Սակայն 1972 թ.–ին, չնայած այն բանին, որ արգելքը դեռ շարունակվում էր, և շատերը փախչել էին Մոզամբիկ, քարոզիչների նոր առավելագույն թիվ գրանցվեց՝ 23 398։ Նրանք յուրաքանչյուր ամիս միջին հաշվով ծառայում էին 16 ժամից ավելի։ Անկասկած, նրանց գործերը փառք էին բերում Եհովային, իսկ Եհովան օրհնում էր այդ հավատարիմ եղբայրներին այդ ծանր ժամանակներում։a
7, 8. Չնայած հալածանքի բերած դժվարություններին՝ ի՞նչ պատճառներով են ոմանք նախընտրում չփախչել։
7 Մյուս կողմից՝ եղբայրները գուցե որոշել չթողնել երկիրը, որտեղ դժվարություններ կան հալածանքի պատճառով, եթե նույնիսկ նրանք ի վիճակի են դա անելու։ Հեռանալը կարող է ինչ–որ խնդիրներ լուծել, բայց հավանաբար նոր խնդիրներ կծագեն։ Օրինակ՝ կկարողանա՞ն նրանք կապ պահպանել քրիստոնեական եղբայրության հետ և հոգևորապես չմեկուսանալ։ Ի վիճակի կլինե՞ն պահպանել իրենց հոգևոր ռեժիմը՝ միաժամանակ ջանալով հաստատվել նոր տեղում, որը կարող է լինել ավելի հարուստ երկիր, կամ որտեղ նյութապես բարգավաճելու ավելի շատ հնարավորություններ կան (Ա Տիմոթէոս 6։9)։
8 Մյուսները նախընտրում են չհեռանալ, քանի որ անհանգստացած են իրենց եղբայրների հոգևոր բարօրությամբ։ Չնայած դժվարություններին՝ նրանք մնում են տեղում, որպեսզի շարունակեն քարոզել իրենց հայրենի բնակավայրում և քաջալերանքի աղբյուր լինեն իրենց հավատակիցների համար (Փիլիպպեցիս 1։14)։ Նման ընտրություն կատարելով՝ շատերը նույնիսկ կարողացել են նպաստել, որ իրենց երկրում դատական հաղթանակներ տարվեն։b
9. Ի՞նչ գործոններ պետք է անհատը հաշվի առնի, երբ հալածանքի հետ կապված որոշում է՝ տեղափոխվե՞լ, թե՞ ոչ։
9 Տեղափոխվել թե չտեղափոխվել՝ անշուշտ, սա անձնական որոշման հարց է։ Նման որոշումները, իհարկե, պետք է անել Եհովայի առաջնորդությունը աղոթքով փնտրելուց հետո։ Անկախ այն բանից, թե ինչ ընտրություն կանենք՝ մենք պետք է մեր մտքում միշտ պահենք Պողոս առաքյալի խոսքերը։ Նա ասաց. «Մեզանից ամեն մէկն իր անձի համար պիտի հաշիւ տայ Աստուծուն» (Հռովմայեցիս 14։12)։ Ինչպես նշեցինք ավելի վաղ, Եհովան իր ծառաներից յուրաքանչյուրից պահանջում է հավատարիմ մնալ ցանկացած հանգամանքների ներքո։ Նրա ծառաներից ոմանք այսօր են փորձություններ ու հալածանքներ դիմագրավում, մյուսները գուցե դրանց բախվեն հետագայում։ Բոլորն էլ այսպես կամ այնպես փորձվելու են, և ոչ ոք չպետք է ակնկալի, թե ինքը կխուսափի դրանից (Յովհաննէս 15։19, 20)։ Մենք Եհովայի նվիրված ծառաներ ենք, ուստի չենք կարող խուսափել տիեզերական գերիշխանության հարցից, որը վերաբերում է Եհովայի անվան սրբացմանը և նրա գերիշխանության արդարացմանը (Եզեկիէլ 38։23; Մատթէոս 6։9, 10)։
«Մէկին չարի տեղ չար մի հատուցանէք»
10. Ի՞նչ կարևոր օրինակ են Հիսուսն ու առաքյալները թողել մեզ, թե ինչպես վարվել ճնշումների ու հալածանքների ժամանակ։
10 Հիսուսից և առաքյալներից կարող ենք սովորել մեկ այլ կարևոր սկզբունք այն մասին, թե ինչպես վարվել ճնշումների ներքո. մենք երբեք չպետք է վարվենք մեր հալածիչների հետ այնպես, ինչպես նրանք մեզ հետ։ Աստվածաշնչում չենք կարդում նույնիսկ մի ակնարկ, թե Հիսուսը կամ իր հետևորդները կազմակերպել են դիմադրության ինչ–որ շարժում կամ դիմել են բռնության՝ պայքարելու համար իրենց հալածիչների դեմ։ Հակառակը՝ Պողոս առաքյալը քրիստոնյաներին հետևյալ խորհուրդը տվեց. «Մէկին չարի տեղ չար մի հատուցանէք.... Ձեր անձերի համար վրէժխնդրութիւն մի անէք, սիրելիներ. այլ բարկութեան տեղ տուէք. որովհետեւ գրուած է՝ Վրէժխնդրութիւնն իմն է. ես հատուցումը կ’տամ, ասում է Տէրը»։ Դեռ ավելին՝ «մի յաղթուիր չարիցը, այլ բարիովը յաղթիր չարին» (Հռովմայեցիս 12։17–21; Սաղմոս 37։1–4; Առակաց 20։22)։
11. Ի՞նչ է ասում մի պատմաբան պետության հանդեպ վաղ քրիստոնյաների վերաբերմունքի մասին։
11 Վաղ քրիստոնյաները ականջ դրեցին այդ խորհրդին։ «Վաղ եկեղեցին և աշխարհը» գրքում պատմաբան Սիսիլ Կադուն գրում է, թե ինչպիսին էր քրիստոնյաների վերաբերմունքը պետության հանդեպ 30–70 թվականներին։ Նա ասում է. «Մենք հստակ ապացույցներ չունենք, թե այդ շրջանի քրիստոնյաները երբևէ դիմել են բռնության՝ հալածանքներին դեմ կենալու համար։ Ամենաշատը, որ նրանք կանեին, իրենց ղեկավարներին ուժեղ քննադատության ենթարկելը կամ փախչելով նրանցից՝ նրանց դժվար կացության մեջ դնելն էր։ Սակայն ընդհանրապես քրիստոնյաների արձագանքը հալածանքներին լինում էր ոչ ավելին, քան զուսպ, բայց վճռական մերժումը՝ հնազանդվելու պետության այն կարգադրություններին, որոնք, ըստ նրանց, հակասում էին քրիստոնեական հնազանդության սկզբունքներին» («The Early Church and the World»)։
12. Ինչո՞ւ ավելի լավ է տոկալ տառապանքին, քան փոխհատուցել հալածողներին։
12 Խելացի՞ է արդյոք այդպիսի՝ առաջին հայացքից պասսիվ ընթացք բռնելը։ Հեշտ զոհ չե՞ն լինի այդպես վարվողները այն մարդկանց ձեռքին, ովքեր մտադիր են կործանել նրանց։ Իմաստուն չի՞ լինի ինքնապաշտպանության դիմելը։ Մարդկային տեսանկյունից դատելով՝ թերևս հենց այդպես էլ պետք է վարվել։ Սակայն, լինելով Եհովայի ծառաներ՝ մենք վստահ ենք, որ բոլոր հարցերում նրա առաջնորդությանը հետևելը լավագույն ուղին է, որ կարող ենք ընտրել։ Մենք չենք մոռանում Պետրոսի խոսքերը. «Եթէ բարիք գործէք եւ նորա համար չարչարուիք ու համբերէք, դա է շնորհք Աստուածանից» (Ա Պետրոս 2։20)։ Մենք վստահ ենք, որ Եհովան շատ լավ տեղյակ է տվյալ իրավիճակից և թույլ չի տա, որ այն անվերջ շարունակվի։ Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել դրանում։ Բաբելոնում գտնվող իր գերյալ ժողովրդին Եհովան հստակորեն ասաց. «Ձեզ դպչողը նորա [«իմ», ՆԱ] աչքերի բիբին է դպչում» (Զաքարիա 2։8)։ Որքա՞ն երկար կարող է անհատը թույլ տալ, որ իր աչքի բիբին դիպչեն։ Եհովան համապատասխան ժամին թեթևացում կբերի։ Սրանում, իհարկե, ոչ մի կասկած չկա (Բ Թեսաղոնիկեցիս 1։5–8)։
13. Ինչո՞ւ Հիսուսը հնազանդորեն թույլ տվեց թշնամուն ձերբակալել իրեն։
13 Այդ հարցում մենք կարող ենք հետևել Հիսուսին։ Երբ նա իր թշնամիներին թույլ տվեց ձերբակալել իրեն Գեթսեմանի պարտեզում, պատճառն այն չէր, որ նա չէր կարող ինքն իրեն պաշտպանել։ Չէ՞ որ հենց նա իր աշակերտներից մեկին ասաց. «Կարծո՞ւմ ես թէ չեմ կարող հիմա իմ Հօրն աղաչել, որ հասցնէ ինձ աւելի քան տասնեւերկու գունդ հրեշտակներ։ Բայց ի՞նչպէս կը կատարուին գրքերը, թէ այսպէս պէտք է լինել» (Մատթէոս 26։53, 54)։ Եհովայի կամքը կատարելը ամենակարևոր բանն էր Հիսուսի համար, նույնիսկ եթե դա նշանակեր, որ ինքը պետք է տառապի։ Նա լիովին վստահ էր Դավթի մարգարեական սաղմոսում գրված խոսքերի ճշմարտացիության մեջ. «Իմ անձը չես թողիլ գերեզմանումը, եւ քո սրբին ապականութիւն տեսնիլ չես տալ» (Սաղմոս 16։10)։ Տարիներ անց Պողոս առաքյալը Հիսուսի մասին հետևյալն ասաց. «Իր առաջին դրուած ուրախութեան փոխանակ [«համար», ԱԱ] խաչը յանձն առաւ, եւ ամօթն արհամարհելով՝ Աստուծոյ աթոռի աջ կողմը նստեց» (Եբրայեցիս 12։2)։
Եհովայի անունը սրբացնելը ուրախություն է պարգևում
14. Ո՞րն էր այն ուրախությունը, որ սատարեց Հիսուսին իր բոլոր փորձությունների ժամանակ։
14 Ո՞րն էր այն ուրախությունը, որ սատարեց Հիսուսին այդ խստագույն փորձության ժամին։ Եհովայի բոլոր ծառաներից Հիսուսը՝ Աստծո սիրելի Որդին, անտարակույս, Սատանայի գլխավոր թիրախն էր։ Հետևաբար փորձության ժամանակ իր անարատությունը պահելով՝ Հիսուսը վերջնական պատասխան կտար Սատանայի անարգանքին՝ ուղղված Եհովային (Առակաց 27։11)։ Կարո՞ղ ես պատկերացնել այն ուրախությունն ու բավարարվածությունը, որ ակներևաբար զգում էր Հիսուսը հարություն առնելուց հետո։ Որքա՜ն երջանիկ նա պետք է որ լիներ՝ գիտակցելով, որ որպես կատարյալ մարդ լիովին կատարել է այն դերը, որը պետք է խաղար Եհովայի գերիշխանության արդարացման և նրա անվան սրբացման գործում։ Բացի այդ, ոչ մի տարակույս չկա, որ Հիսուսի համար ‘Աստծո աջ կողմում նստելը’ նույնպես հրաշալի պատիվ և ուրախության մեծագույն աղբյուր է (Սաղմոս 110։1, 2; Ա Տիմոթէոս 6։15, 16)։
15, 16. Ի՞նչ սատանայական հալածանք կրեցին Զակսենհաուզենի Վկաները, և ի՞նչը զորացրեց նրանց՝ տոկալու։
15 Նման ձևով քրիստոնյաների համար ուրախություն է բաժին ունենալ Եհովայի անվան սրբացման գործում՝ տոկալ փորձություններին ու հալածանքներին՝ հետևելով Հիսուսի օրինակին։ Այդպիսի մի համապատասխան օրինակ է Եհովայի վկաների հետ պատահած այն դեպքը, երբ նրանք տառապանքներ կրեցին տխրահռչակ Զակսենհաուզենի համակենտրոնացման ճամբարում և վերապրեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում իրականացված դաժան մահվան երթը։ Այդ երթի ժամանակ հազարավոր բանտարկյալներ մահացան խիստ եղանակային պայմանների, հիվանդության և սովի պատճառով, կամ էլ նրանց հենց ճանապարհին անգթորեն սպանեցին էսէսականները։ Բոլոր 230 Վկաներն էլ ողջ մնացին՝ իրար մոտիկ մնալով և վտանգելով իրենց կյանքը՝ միմյանց օգնելով։
16 Ի՞նչը զորացրեց այս Վկաներին տոկալ նման սատանայական հալածանքին։ Ապահով տեղ հասնելուն պես՝ նրանք իրենց ուրախությունն ու երախտագիտությունը հայտնեցին Եհովային մի փաստաթղթում, որը կոչվեց «Շվերինի (Մեկլենբուրգ) մոտ գտնվող անտառում վեց ազգությունների պատկանող 230 Եհովայի վկաների կողմից ընդունված բանաձև»։ Փաստաթղթում ասվում է. «Փորձության երկար ու դաժան փուլը ետևում է մնացել, և ազատվածներից, որոնք կարծես թե մազապուրծ եղած լինեն բոցավառ հնոցից, կրակի հոտ էլ չի գալիս (տե՛ս Դանիել 3։27)։ Ընդհակառակը՝ բոլորս լի ենք Եհովայից ստացած զորությամբ և անձկությամբ սպասում ենք Թագավորի նոր կարգադրություններին՝ առաջ տանելու աստվածապետական շահերը»։c
17. Ինչպիսի՞ փորձություններ է դիմագրավում Աստծո ժողովուրդը ներկայումս։
17 Ինչպես այդ 230 հավատարիմ անհատների հավատը, մեր հավատը նույնպես գուցե փորձվի, չնայած որ մենք դեռևս ‘մինչև արյուն թափելու չափ չենք պատերազմել’ (Եբրայեցիս 12։4)։ Սակայն փորձությունը կարող է տարբեր ձևեր ընդունել։ Դա կարող է լինել ծաղրանքը՝ համադասարանցիների կողմից, կամ հասակակիցների ճնշումը՝ անբարոյականություն և այլ սխալներ գործելու։ Բացի այս, դաժան ճնշումներ ու փորձություններ կարող են լինել, երբ մենք վճռականորեն հեռու ենք մնում արյունից, ամուսնանում ենք միայն Տիրոջով, կրոնապես բաժանված ընտանիքում մեծացնում ենք երեխաներ՝ նրանց սրտում հավատ կերտելով (Գործք 15։29; Ա Կորնթացիս 7։39; Եփեսացիս 6։4; Ա Պետրոս 3։1, 2)։
18. Ի՞նչ հավաստիացում ունենք, որ կարող ենք տոկալ նույնիսկ ամենաարտասովոր փորձությանը։
18 Անկախ նրանից, թե ինչպիսի փորձություն մեզ բաժին կընկնի՝ մենք գիտենք, որ Եհովային և նրա Թագավորությունը առաջին տեղում դնելու պատճառով ենք չարչարվում, ու մեծ պատիվ և ուրախություն ենք համարում այդպես վարվելը։ Մեզ քաջալերում են Պետրոսի հետևյալ խոսքերը. «Եթէ նախատուիք Քրիստոսի անունի համար, երանելի էք. որովհետեւ փառքի եւ Աստուծոյ Հոգին հանգչում է ձեզ վերայ» (Ա Պետրոս 4։14)։ Եհովայի սուրբ ոգու զորությամբ մենք ի վիճակի ենք տոկալ նույնիսկ ամենածանր փորձություններին և այդ բոլորը՝ հանուն նրա փառքի ու պատվի (Բ Կորնթացիս 4։7; Եփեսացիս 3։16; Փիլիպպեցիս 4։13)։
[ծանոթագրություններ]
a 1960–ականների իրադարձությունները ընդամենը սկիզբն էին այն դաժան, սպանություններով ուղեկցվող հալածանքի, որ Եհովայի վկաները Մալավիում ստիպված էին դիմագրավել գրեթե երեք տասնամյակ։ Մանրամասնությունների համար տե՛ս 1999 թ. «Եհովայի վկաների տարեգիրքը» (էջ 171–212, ռուս.)։
b Տե՛ս «Բարձրագույն դատարանը պաշտպանում է ճշմարիտ երկրպագությունը ‘Արարատի երկրում’» հոդվածը «Դիտարանի» 2003 թ. ապրիլի 1–ի համարում, էջ 11–14։
c Բանաձևի ամբողջական տեքստի համար տե՛ս 1974 թ. «Եհովայի վկաների տարեգիրքը», էջ 208, 209, անգլ.։ 1998 թ. «Դիտարանի» հունվարի 1–ի համարում (էջ 25–29, ռուս.) մահվան երթի մասնակիցներից մեկ պատմում է այդ երթի մասին։
Կարո՞ղ եք բացատրել
• Ինչպե՞ս են քրիստոնյաները վերաբերվում չարչարանքներին ու հալածանքներին։
• Ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, թե ինչպես էին փորձության ժամանակ վարվում Հիսուսը և մյուս հավատարիմ անձինք։
• Ինչո՞ւ է իմաստություն հալածիչների հետ չվարվել այնպես, ինչպես որ նրանք են վարվում մեզ հետ։
• Ո՞ր ուրախությունը սատարեց Հիսուսին փորձությունների ժամանակ, և ի՞նչ կարող ենք սովորել դրանից։
[շրջանակ/նկարներ 15–րդ էջի վրա]
Ինչպես նրանք վարվեցին հալածանքների ժամանակ
• Նախքան Հերովդեսի զինվորները կհասցնեին գալ Բեթլեհեմ՝ սպանելու համար բոլոր երկու տարեկան և ավելի ցածր տարիքի տղա երեխաներին, Մարիամն ու Հովսեփը հրեշտակի առաջնորդությամբ վերցրեցին մանուկ Հիսուսին ու փախան Եգիպտոս (Մատթէոս 2։13–16)։
• Իր ծառայության ընթացքում Հիսուսի թշնամիները բազմաթիվ անգամ փորձեցին սպանել նրան, քանի որ նա զորեղ վկայություն էր տալիս։ Յուրաքանչյուր դեպքում Հիսուսը խուսափեց նրանցից (Մատթէոս 21։45, 46; Ղուկաս 4։28–30; Յովհաննէս 8։57–59)։
• Երբ զինվորներն ու սպասավորները եկան Գեթսեմանի պարտեզ ձերբակալելու Հիսուսին, նա իր ինքնությունը չթաքցրեց՝ երկու անգամ նրանց ասելով՝ «ես եմ»։ Նա նույնիսկ ետ պահեց իր հետևորդներին դիմադրություն ցույց տալուց և ամբոխին թույլ տվեց, որ իրեն տանեն (Յովհաննէս 18։3–12)։
• Երուսաղեմում Պետրոսին և մյուսներին ձերբակալեցին, մտրակեցին և պատվիրեցին դադարել Հիսուսի մասին խոսելուց։ Սակայն ազատ արձակվելով՝ նրանք «գնացին.... եւ բոլոր օրը չէին դադարում տաճարումը եւ տներումը սովորեցնել եւ Յիսուս Քրիստոսին աւետարանել» (Գործք 5։40–42)։
• Երբ Սողոսը, որը հետագայում դարձավ Պողոս առաքյալ, իմացավ դամասկոսցի հրեաների իր դեմ նյութած դավերի մասին, եղբայրները նրան դրեցին զամբյուղի մեջ և գիշերը իջեցրին քաղաքի պարսպի մեջ բացված անցքից, ու նա փրկվեց (Գործք 9։22–25)։
• Տարիներ անց Պողոսը կամեցավ դիմել կայսրին, թեպետ և՛ կուսակալ Փեստոսը, և՛ Ագրիպպաս թագավորը գտան, որ նա «մեռնելու կամ կապանքի արժանի բան չէ գործել» (Գործք 25։10–12, 24–27; 26։30–32)։
[նկարներ 16–րդ և 17–րդ էջերի վրա]
Թեպետ դաժան հալածանքը ստիպեց հազարավոր հավատարիմ մալավացի Վկաների փախչել, նրանք շարունակեցին ուրախությամբ կատարել իրենց ծառայությունը հանուն Թագավորության
[նկարներ 17–րդ էջի վրա]
Եհովայի անվան սրբացման գործից ստացած ուրախությունը սատարեց այս հավատարիմ անձանց նացիստական համակենտրոնացման ճամբարներում և մահվան երթի ժամանակ
[թույլտվությամբ]
Death march: KZ-Gedenkstätte Dachau, courtesy of the USHMM Photo Archives
[նկարներ 18–րդ էջի վրա]
Փորձություններն ու ճնշումները տարբեր ձևեր կարող են ընդունել