ԴԱՍ 59
Դու կարո՛ղ ես դիմանալ հալածանքին
Վաղ թե ուշ բոլոր քրիստոնյաներն էլ հակառակության են բախվելու, նույնիսկ հալածվելու են։ Իսկ այդ փաստը պե՞տք է վախեցնի մեզ։
1. Ինչո՞ւ ենք ակնկալում, որ հալածվելու ենք
Աստվածաշնչում հստակ ասվում է. «Բոլոր նրանք, ովքեր, լինելով Քրիստոս Հիսուսի հետևորդներ, ցանկանում են ապրել աստվածանվեր կյանքով, նույնպես հալածանքներ կկրեն» (2 Տիմոթեոս 3։12)։ Հիսուսին հալածեցին, քանի որ նա Սատանայի աշխարհի մաս չէր կազմում։ Մենք նույնպես այս աշխարհի մաս չենք կազմում, ուստի չենք զարմանում, երբ հալածվում ենք կառավարությունների և կրոնական կազմակերպությունների կողմից (Հովհաննես 15։18, 19)։
2. Ինչպե՞ս կարող ենք նախապատրաստվել հալածանքին
Մենք այսօր իսկ պետք է ամրացնենք Եհովայի հանդեպ մեր վստահությունը։ Ամեն օր ժամանակ հատկացրու, որ աղոթես նրան և կարդաս Աստվածաշունչը։ Կանոնավոր ներկա եղիր ժողովներին։ Այս ամենը քեզ ուժ կտա, որ քաջաբար դիմագրավես անգամ ընտանիքիդ կողմից եկող հալածանքը։ Պողոս առաքյալը, ով բազմիցս հալածանքների էր ենթարկվում, գրեց. «Եհովան է ինձ օգնողը, ես չեմ վախենա» (Եբրայեցիներ 13։6)։
Քաջություն զարգացնելու հարցում քեզ կօգնի նաև քարոզչական գործին կանոնավոր մասնակցելը։ Քարոզելիս մենք սովորում ենք վստահել Եհովային և հաղթահարել մարդավախությունը (Առակներ 29։25)։ Հիմա իսկ սովորիր անվախորեն քարոզել, որպեսզի ապագայում, եթե կառավարությունը արգելքներ սահմանի, դրանք հետ չպահեն քեզ Աստծուն ծառայելուց (1 Թեսաղոնիկեցիներ 2։2)։
3. Հալածանքներին դիմանալը ի՞նչ արդյունքներ է բերում
Իհարկե, հալածանքը հաճելի բան չէ, սակայն եթե հաջողությամբ դիմագրավենք այն, մեր հավատը կամրանա։ Երբ մեզ թվում է, թե մեր ուժերը սպառվում են, և այդ պահին զգում ենք Եհովայի օգնությունը, ավելի ենք մտերմանում նրա հետ (կարդա Հակոբոս 1։2-4)։ Եհովան ցավ է ապրում, երբ տառապում ենք, բայց և ուրախանում է՝ տեսնելով, որ չենք հանձնվում։ Աստվածաշնչում ասվում է. «Եթե բարին գործելու համար եք տառապանքների դիմանում, ապա դա հաճելի է Աստծուն» (1 Պետրոս 2։20)։ Եթե մինչև վերջ հավատարմորեն դիմանանք, Եհովան մեզ հնարավորություն կտա հավիտյան ապրել մի աշխարհում, որտեղ ոչ ոք չի հակառակվի մաքուր երկրպագությանը (Մատթեոս 24։13)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Տես, թե ինչպես է հնարավոր հալածանքների ներքո հավատարիմ մնալ Եհովային, և թե նա ինչպես է վարձատրելու իրեն նվիրվածներին։
4. Դու կարո՛ղ ես դիմանալ ընտանիքիդ հալածանքին
Հիսուսը նախազգուշացրեց, որ մեր ընտանիքի անդամները գուցե դեմ լինեն Եհովային պաշտելու մեր որոշմանը։ Կարդացեք Մատթեոս 10։34-36-ը և քննարկեք այս հարցը.
Ընտանիքի անդամներից ինչպիսի՞ արձագանք կարող է ակնկալել նա, ով որոշում է ծառայել Եհովային։
Մի օրինակ տեսնելու համար դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցը.
Ի՞նչ կանես, եթե ազգականդ կամ ընկերդ փորձի հետ պահել քեզ Եհովային ծառայելուց։
Կարդացեք Սաղմոս 27։10-ը և Մարկոս 10։29, 30-ը։ Համարներից յուրաքանչյուրը ընթերցելուց հետո քննարկեք հետևյալ հարցը.
Այս խոստումը ինչպե՞ս կարող է օգնել քեզ, որ դիմագրավես ընտանիքիդ անդամների կամ ընկերներիդ կողմից եկող հալածանքը։
5. Շարունակիր ծառայել Եհովային՝ չնայած հալածանքին
Քաջություն է հարկավոր Եհովային ծառայելու համար, երբ ուրիշները փորձում են խանգարել մեզ։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցը.
Այս տեսանյութի օրինակներն ինչպե՞ս են զորացնում քեզ։
Կարդացեք Գործեր 5։27-29-ը և Եբրայեցիներ 10։24, 25-ը։ Համարներից յուրաքանչյուրը ընթերցելուց հետո քննարկեք հետևյալ հարցը.
Ինչո՞ւ է կարևոր շարունակել ծառայել Եհովային, նույնիսկ եթե իշխանությունները արգելում են մեզ քարոզել ու հանդիպումներ անցկացնել։
6. Եհովան կօգնի, որ դիմանաս
Տարբեր տարիքի ու տարբեր ծագում ունեցող Վկաներ շարունակել են հավատարմորեն ծառայել Եհովային նույնիսկ հալածանքների ներքո։ Տեսնելու համար, թե ինչն է նրանց օգնել՝ դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։ Այնուհետև քննարկեք հաջորդող հարցը.
Ի՞նչն է օգնել այս Վկաներին, որ դիմանան։
Կարդացեք Հռոմեացիներ 8։35, 37-39 և Փիլիպպեցիներ 4։13 համարները։ Համարներից յուրաքանչյուրը ընթերցելուց հետո քննարկեք հետևյալ հարցը.
Այս խոսքերը ինչպե՞ս են հավաստիացնում քեզ, որ կարող ես դիմանալ ցանկացած փորձության։
Կարդացեք Մատթեոս 5։10-12-ը, այնուհետև քննարկեք այս հարցը.
Ինչո՞ւ կարող ես երջանիկ լինել՝ չնայած հալածանքին։
Միլիոնավոր Եհովայի վկաներ կարողացել են դիմագրավել հալածանքը։ Դո՛ւ էլ կկարողանաս
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Ես չեմ դիմանա հալածանքին»։
Աստվածաշնչյան ո՞ր համարների օգնությամբ կարող ես վստահությամբ լցնել նրանց։
ԱՄՓՈՓՈՒՄ
Եհովան շատ է գնահատում, որ չնայած հալածանքին՝ ջանք չենք խնայում իրեն ծառայելու համար։ Նրա օգնությամբ մենք անկասկած կկարողանանք դիմանալ։
Վերհիշենք
Քրիստոնյաներն ինչո՞ւ են ակնկալում, որ հալածվելու են։
Ինչպե՞ս կարող ես այսօր իսկ պատրաստվել հալածանքին։
Ի՞նչն է վստահեցնում քեզ, որ նույնիսկ փորձությունների ժամանակ կկարողանաս Եհովային ծառայել։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Տես, թե Եհովան ինչպես օգնեց մի երիտասարդ եղբոր դիմանալ, երբ վերջինս ազատազրկվել էր չեզոքության համար։
Ի՞նչն օգնեց մի զույգի երկար տարիներ հավատարմորեն ծառայել Եհովային՝ չնայած հակառակությանը։
«Ծառայում ենք Եհովային փոփոխությունների ժամանակաշրջանում» (7։11)
Իմացիր, թե ինչպես կարող ես խիզախորեն դիմակայել հալածանքին։
«Հիմա է ժամանակը, որ պատրաստվես հալածանքներին» («Դիտարան», 2019, հուլիս)
Ինչպե՞ս պետք է վերաբերվենք ընտանիքի անդամներից եկող հակառակությանը և ինչպե՞ս կարող ենք հաղթահարել առաջացած դժվարությունները։
«Ճշմարտությունը «ոչ թե խաղաղություն է բերում, այլ սուր»» («Դիտարան», 2017, հոկտեմբեր)