Հալածված են արդարության համար
«Երանի նորանց՝ որ արդարութեան համար հալածուած են» (ՄԱՏԹԷՈՍ 5։10)։
1. Ինչո՞ւ էր Հիսուսը գտնվում Պոնտացի Պիղատոսի առջև, և նա ի՞նչ ասաց։
«ԵՍ ԴՈՐԱ համար եմ ծնուել եւ եկել աշխարհք, որ ճշմարտութեանը վկայեմ» (Յովհաննէս 18։37)։ Երբ Հիսուսն ասաց այս խոսքերը, նա կանգնած էր Պոնտացի Պիղատոսի՝ Հրեաստանի հռոմեացի կուսակալի առջև։ Հիսուսն այնտեղ էր գտնվում ոչ իր կամքով և ոչ էլ Պիղատոսի հրավերով։ Նա այնտեղ էր գտնվում, քանի որ հրեա կրոնական առաջնորդները անհիմն ձևով մեղադրել էին նրան՝ ասելով, թե Հիսուսը չարագործ է ու արժանի է մահվան (Յովհաննէս 18։29–31)։
2. Ի՞նչ արեց Հիսուսը, և ի վերջո ի՞նչ պատահեց։
2 Հիսուսը շատ լավ գիտեր, որ Պիղատոսը իշխանություն ուներ իրեն ազատ արձակելու կամ մահվան դատապարտելու (Յովհաննէս 19։10)։ Բայց դա նրան ետ չպահեց Թագավորության մասին Պիղատոսի հետ համարձակորեն խոսելուց։ Թեպետ Հիսուսի կյանքը վտանգի տակ էր, նա բաց չթողեց հնարավորությունը վկայություն տալու տարածաշրջանի ամենաբարձրաստիճան պաշտոնյային։ Չնայած այդ վկայությանը՝ Հիսուսին դատապարտեցին ու մահապատժի ենթարկեցին, և նա մահացավ տանջանքի ցցի վրա՝ ցավոտ, նահատակի մահով (Մատթէոս 27։24–26; Մարկոս 15։15; Ղուկաս 23։24, 25; Յովհաննէս 19։13–16)։
Վկա՞, թե՞ նահատակ
3. Աստվածաշնչային ժամանակներում ի՞նչ էր նշանակում հունարեն մարտիս բառը, սակայն ի՞նչ է այդ բառը նշանակում մեր օրերում։
3 Այսօր շատերի պատկերացմամբ «նահատակ» բառը շատ թե քիչ համարժեք է «մոլեռանդ», «ծայրահեղական» բառերին։ Այն մարդիկ, ովքեր պատրաստ են մեռնելու հանուն իրենց համոզմունքների, հատկապես կրոնական համոզմունքների, հաճախ սկսում են կասկածի ենթարկվել որպես ահաբեկիչներ կամ առնվազն որպես հասարակության համար վտանգավոր անձնավորություններ։ Սակայն, «նահատակ» բառի մի հոմանիշ է «մարտիրոս» բառը, որը ծագում է հունարեն մարտիս բառից, և այս բառը աստվածաշնչային ժամանակներում նշանակում էր «վկա». անձնավորություն, որը վկայություն է տալիս (հնարավոր է՝ դատարանում) այն ճշմարտության մասին, որին հավատում է։ Միայն հետագայում այդ բառը ստացավ «նա, ով իր կյանքը տալիս է վկայելու համար» կամ նույնիսկ «նա, ով վկայություն է տալիս՝ զոհաբերելով իր կյանքը» իմաստները։
4. Գլխավորապես ի՞նչ իմաստով էր Հիսուսը նահատակ։
4 Հիսուսը մարտիրոս, կամ՝ նահատակ էր գլխավորապես այս բառի ավելի հին իմաստով։ Ինչպես նա Պիղատոսին ասել էր, ինքը եկել էր ճշմարտության մասին վկայելու։ Նրա վկայությունը խիստ տարբեր արձագանքներ առաջ բերեց ժողովրդի մեջ։ Հասարակ ժողովրդից ոմանք խորապես ազդվեցին իրենց լսածից ու տեսածից և հավատ ընծայեցին Հիսուսին (Յովհաննէս 2։23; 8։30)։ Բազմությունները՝ ընդհանուր առմամբ և կրոնական առաջնորդները՝ մասնավորապես, նույնպես բուռն կերպով արձագանքեցին, սակայն նրանց արձագանքը բացասական էր։ Հիսուսը հավատ չունեցող իր ազգականներին ասաց. «Աշխարհքը կարող չէ ձեզ ատել. բայց ինձ ատում է, որ ես նորա համար վկայում եմ, թէ նորա գործերը չար են» (Յովհաննէս 7։7)։ Քանի որ Հիսուսը ճշմարտության մասին էր վկայում, ազգի առաջնորդները ցասումով լցվեցին նրա հանդեպ և ի վերջո սպանեցին նրան։ Իսկապես, նա «հաւատարիմ եւ ճշմարիտ Վկան [մարտիս]» էր (Յայտնութիւն 3։14)։
«Կ’ատուիք»
5. Իր ծառայության վաղ շրջանում ի՞նչ ասաց Հիսուսը հալածանքի մասին։
5 Միայն ինքը Հիսուսը չենթարկվեց կատաղի հալածանքների. նա իր հետևորդներին նախազգուշացրեց, որ նույնը կպատահի իրենց հետ։ Ծառայության վաղ շրջանում Լեռան քարոզն ասելիս Հիսուսն իր ունկնդիրներին ասաց. «Երանի նորանց՝ որ արդարութեան համար հալածուած են, որ նորանցն է երկնքի արքայութիւնը։ Երանի է ձեզ, երբոր կ’նախատեն ձեզ եւ կ’հալածեն եւ ամեն չար բան սուտ տեղը կ’ասեն ձեր վերայ իմ պատճառովը։ Ուրախացէք եւ ցնծացէք, որ ձեր վարձքը շատ է երկնքումը» (Մատթէոս 5։10–12)։
6. Ի՞նչ նախազգուշացում տվեց Հիսուսը իր 12 առաքյալներին ուղարկելիս։
6 Ավելի ուշ, երբ Հիսուսն իր 12 առաքյալներին ուղարկեց քարոզելու, նա հետևյալ պատվերը տվեց. «Զգոյշ կացէք մարդկանցից. որովհետեւ ձեզ դատաստանի կ’մատնեն, եւ իրանց ժողովարանների մէջ կ’ծեծեն ձեզ, եւ կուսակալների եւ թագաւորների առաջը կ’տարուիք իմ պատճառովը, նորանց եւ հեթանոսներին վկայութիւն լինելու համար»։ Սակայն կրոնական իշխանությունները միակը չէին լինելու աշակերտներին հալածելու մեջ։ Հիսուսը նաև ասաց. «Եղբայր եղբօրը մահի կ’մատնէ, եւ հայրը որդուն, եւ որդիքը վեր կ’կենան իրանց ծնողների վերայ, եւ կ’սպաննեն նորանց։ Եւ ամենից կ’ատուիք իմ անունի համար. բայց ով որ կ’համբերէ մինչեւ վերջը, նա կ’ապրի» (Մատթէոս 10։17, 18, 21, 22)։ Առաջին դարի քրիստոնյաների պատմությունը վկայում է այս խոսքերի ճշմարտացիության մասին։
Հավատարմության և տոկունության օրինակներ
7. Ի՞նչպես եղավ, որ Ստեփանոսը նահատակվեց։
7 Հիսուսի մահից շատ չանցած՝ Ստեփանոսը եղավ առաջին քրիստոնյա անձնավորությունը, որը մահացավ ճշմարտության մասին վկայելու համար։ Նա լի էր «հաւատքով եւ զօրութիւնով» և «մեծ մեծ հրաշքներ եւ նշաններ էր անում ժողովրդի մէջ»։ Նրա կրոնական թշնամիները «չէին կարողանում դէմ կենալ այն իմաստութեանը՝ եւ այն հոգուն, որով նա խօսում էր» (Գործք 6։8, 10)։ Այրվելով նախանձից՝ նրանք Ստեփանոսին քարշ տվեցին Ատյան՝ հրեական բարձրագույն դատարան, որտեղ նա դիմակայեց իր կեղծ մեղադրողներին և զորեղ վկայություն տվեց։ Սակայն վերջում Ստեփանոսի թշնամիները սպանեցին այս հավատարիմ վկային (Գործք 7։58, 59)։
8. Ինչպե՞ս Երուսաղեմում աշակերտներն արձագանքեցին հալածանքին, որը ս կսվեց Ստեփանոսի մահից հետո։
8 Ստեփանոսի սպանությունից հետո «մեծ հալածմունք եղաւ Երուսաղէմումը լինող եկեղեցու վերայ. եւ ամենքը ցրուեցան Հրէաստանի եւ Սամարիայի երկիրների մէջ, բացի առաքեալներից» (Գործք 8։1)։ Վերջ դրե՞ց հալածանքը քրիստոնեական վկայության գործին։ Ընդհակառակը՝ Աստվածաշունչն ասում է մեզ, որ «ցրուածները ման էին գալիս՝ խօսքն աւետարանելով» (Գործք 8։4)։ Ըստ ամենայնի, նրանք էլ էին մտածում այնպես, ինչպես Պետրոս առաքյալը, որ ավելի վաղ ասել էր. «Աստուծոյ պէտք է աւելի հնազանդել քան թէ մարդկանց» (Գործք 5։29)։ Չնայած հալածանքին՝ այդ հավատարիմ և քաջ աշակերտները չդադարեցին ճշմարտության մասին վկայել, այն դեպքում երբ գիտեին, որ դա կարող էր արդյունքում ավելի շատ դժվարություններ հարուցել (Գործք 11։19–21)։
9. Ի՞նչ հալածանքներ շարունակեցին տեղալ Հիսուսի հետևորդների վրա։
9 Այո, քանի դեռ դժվարություններ կային, հանգստություն չէր լինելու։ Նախ՝ տեղեկանում ենք, որ Սողոսը՝ մի մարդ, որը կամակից էր Ստեփանոսի քարկոծմանը, «դեռ սպառնալիք եւ մահ շնչելով Տիրոջ աշակերտների վերայ, քահանայապետի մօտ եկաւ, եւ նորանից թղթեր խնդրեց Դամասկոս՝ ժողովարանների վերայ. որ եթէ մէկին գտնէ այն ճանապարհին հետեւող՝ մարդիկ կամ կանայք, նորանց կապած բերէ Երուսաղէմ» (Գործք 9։1, 2)։ Հետո՝ մեր թվարկության մոտ 44 թ.–ին «Հերովդէս թագաւորը ձեռք գցեց, որ եկեղեցուցը մի քանիսին չարչարէ։ Եւ Յակոբոսին՝ Յովհաննէսի եղբորը, սրով սպանեց» (Գործք 12։1, 2)։
10. Հալածանքների վերաբերյալ ի՞նչ ենք կարդում «Գործք առաքելոց» և «Յայտնութիւն» գրքերում։
10 «Գործք առաքելոց» գրքի մնացած մասը պարունակում է անանց տեղեկություններ հավատարիմ անձանց կրած փորձությունների, բանտարկությունների և հալածանքների մասին։ Նրանցից մեկը Պողոսն էր՝ նախկին հալածիչը, որը դարձել էր առաքյալ. մարդ, որը հավանաբար նահատակվել է Հռոմի կայսր Ներոնի ձեռքով մ.թ. 65 թ.–ին (Բ Կորնթացիս 11։23–27; Բ Տիմոթէոս 4։6–8)։ Եվ վերջապես, «Յայտնութիւն» գրքում, որը գրվել է առաջին դարի վերջում, կարդում ենք, որ տարեց Հովհաննես առաքյալը որպես պատիժ բանտարկվել էր Պատմոս կղզում «Աստուծոյ խօսքի համար, եւ Յիսուս Քրիստոսի վկայութեան համար»։ «Յայտնութիւն» գիրքը նաև պարունակում է այսպիսի հիշատակում. «Իմ Անտիպաս հաւատարիմ վկան սպանուեցաւ [Պերգամոնում]» (Յայտնութիւն 1։9; 2։13)։
11. Ինչպե՞ս վաղ քրիստոնյաները փաստեցին, որ հալածանքի վերաբերյալ Հիսուսի ասած խոսքերը ճշմարիտ են։
11 Այս ամենը վկայում են Հիսուսի այն խոսքերի ճշմարտացիությունը, որոնք նա ասաց իր աշակերտներին. «Եթէ ինձ հալածեցին, ձեզ էլ են հալածելու» (Յովհաննէս 15։20)։ Վաղ հավատարիմ քրիստոնյաները պատրաստ էին դիմագրավելու ծայրագույն փորձությունը՝ մահը, մահ՝ ցցի վրա, վայրի գազանների ճիրաններում և այլ ձևերով, որպեսզի կատարեին Տեր Հիսուս Քրիստոսի տված հանձնարարությունը։ Նա ասել էր. «Իմ վկաները կ’լինիք Երուսաղէմումը եւ բոլոր Հրէաստանի եւ Սամարիայի մէջ մինչեւ երկրի ծայրերը» (Գործք 1։8)։
12. Ինչո՞ւ կարելի է ասել, որ քրիստոնյաների հալածանքը միայն անցյալի պատմություն չէ։
12 Եթե ինչ–որ մեկը մտածի, թե Հիսուսի հետևորդները նման դաժան վերաբերմունքի էին արժանանում միայն անցյալում, ապա շատ ու շատ սխալված կլինի։ Պողոսը, որը, ինչպես տեսանք, իր բաժին դժվարությունները կրեց, գրել է. «Ամենը որ կամենում են աստուածպաշտութեամբ ապրիլ Քրիստոս Յիսուսումը, հալածանք պիտի կրեն» (Բ Տիմոթէոս 3։12)։ Հալածանքի հետ կապված՝ Պետրոսն ասաց. «Դուք հէնց այդ բանի մէջ կանչուեցաք որ Քրիստոս էլ չարչարուեցաւ եւ ձեզ էլ օրինակ թողեց որ նորա հետքերին հետեւիք» (Ա Պետրոս 2։21)։ Այն ժամանակներից մինչև իրերի այս համակարգի ‘վերջին օրերը’ Եհովայի ժողովրդին շարունակել են ատել և նրա նկատմամբ թշնամաբար վերաբերվել (Բ Տիմոթէոս 3։1)։ Երկրագնդի ամեն մի անկյունում՝ լինի դա բռնապետական ռեժիմների ներքո, թե ժողովրդավարական երկրներում, Եհովայի վկաները այս կամ այն ձևով հալածանքներ են կրել՝ և՛ անհատապես, և՛ կոլեկտիվ ձևով։
Ինչո՞ւ են ատվում և հալածվում
13. Եհովայի ժամանակակից ծառաները ի՞նչ պետք է հիշեն հալածանքի հետ կապված։
13 Թեև մեծամասնությունս այսօր ունենք հարաբերական ազատություն քարոզելու և հանգիստ պայմաններում միասին հավաքվելու, մենք, այնուամենայնիվ, պետք է ականջ դնենք աստվածաշնչյան հետևյալ հիշեցմանը. «Այս աշխարհի կերպարանքն անցնում [«փոխվում», ՆԱ] է» (Ա Կորնթացիս 7։31)։ Իրերի դրությունն այնքան արագ է փոխվում, որ եթե մտավոր, էմոցիոնալ և հոգևոր առումներով պատրաստ չլինենք, ապա գուցե հեշտությամբ սայթաքենք։ Հետևաբար ի՞նչ կարող ենք անել՝ պաշտպանելու ինքներս մեզ։ Մեզ համար հզոր պաշտպանություն կլինի այն, որ երբեք չմոռանանք, թե ինչու են խաղաղասեր և օրինապահ քրիստոնյաներն ատվում և հալածվում մարդկանց կողմից։
14. Ըստ Պետրոսի՝ ո՞րն էր քրիստոնյաների հալածվելու պատճառը։
14 Պետրոս առաքյալը մեկնաբանություն է տվել այս հարցի շուրջ իր առաջին նամակում, որը գրեց մ.թ. 62–64 թթ.-ին, երբ քրիստոնյաներն ամբողջ Հռոմեական կայսրությունով մեկ փորձությունների ու հալածանքների էին ենթարկվում։ Նա ասաց. «Սիրելիներ, օտար բան մի համարէք այն բորբոքուած նեղութիւնը որ ձեզ փորձելու համար լինում է, իբր թէ մի օտար բան է պատահում ձեզ»։ Բացատրելու համար, թե ինչը նկատի ուներ, Պետրոսը շարունակում է. «Ձեզանից մէկը չ’չարչարուի ինչպէս մարդասպան, կամ գող, կամ չարագործ, կամ ինչպէս ուրիշի բանին խառնուող. բայց եթէ ինչպէս Քրիստոնեայ չարչարուի, թող չ’ամաչէ, այլ փառք տայ Աստուծուն այս մասին»։ Պետրոսը շեշտում էր, որ նրանք ‘չարչարվում’ են ոչ թե այն պատճառով, որ ինչ–որ վատ բան են անում, այլ որ այն են, ինչ որ են։ Եթե նրանք իրենց շրջապատի մարդկանց պես «նոյն անկարգ զեղխութեան մէջ» լինեին, ապա նրանց գրկաբաց կընդունեին։ Բայց իրականությունն այն էր, որ նրանք ձգտում էին ապրել այնպես, ինչպես որ վայել էր Քրիստոսի հետևորդին։ Ճշմարիտ քրիստոնյաների համար իրավիճակը նույնն է նաև այսօր (Ա Պետրոս 4։4, 12, 15, 16)։
15. Ի՞նչ հակասություն է նկատվում մեր օրերում մարդկանց վերաբերմունքի մեջ Եհովայի վկաների հանդեպ։
15 Աշխարհի շատ վայրերում Եհովայի վկաները հրապարակայնորեն գովասանքի են արժանանում միասնականության ու համագործակցության համար, որ ցուցաբերում են իրենց համաժողովներում և շինարարությունների ժամանակ, իրենց ազնվության և աշխատասիրության համար, օրինակելի բարոյականության ու ընտանեկան կյանք վարելու և նույնիսկ վայելուչ արտաքին տեսք և վարք ունենալու համար։a Մյուս կողմից՝ նրանց գործունեությունը արգելված կամ սահմանափակված է (այս հոդվածը գրվելու պահին) առնվազն 28 երկրում, և Վկաներից շատերը իրենց հավատի պատճառով ֆիզիկական տանջանքներ են կրում, ինչպես նաև կորուստներ ունենում։ Ինչո՞ւ գոյություն ունի այսպիսի ակներև հակասություն։ Եվ ինչո՞ւ է Աստված թույլ տալիս դա։
16. Ո՞րն է գլխավոր պատճառը, թե ինչու է Աստված թույլ տալիս, որ իր ժողովուրդը հալածանքներ կրի։
16 Ամենից առաջ մենք պետք է միշտ հիշենք Առակաց 27։11–ի խոսքերը. «Որդեակս, իմաստուն եղիր եւ սիրտս ուրախացրու, որ ես կարողանամ պատասխան տալ ինձ անարգողին»։ Այո՛, այս խոսքերը միշտ պետք է հիշենք տիեզերական գերիշխանության վաղեմի հարցի պատճառով։ Չնայած այն բազմաթիվ ապացույցներին, որ դարեր ի վեր ապահովել են Եհովայի հանդեպ անարատություն պահող մարդիկ՝ Սատանան չի դադարում անարգել Եհովային, ինչպես որ անում էր արդար Հոբի օրերում (Յոբ 1։9–11; 2։4, 5)։ Կասկած չկա, որ Սատանան այժմ ավելի խելահեղորեն է հուսահատ ջանքեր գործադրում՝ փաստելու իր պնդման ճիշտ լինելը, այն դեպքում երբ Աստծո Թագավորությունն արդեն ամուր հաստատված է և երկրագնդի բոլոր անկյուններում ունի իր անձնվեր հպատակներն ու ներկայացուցիչները։ Կմնա՞ն նրանք Աստծուն հավատարիմ՝ անկախ այն բանից, թե ինչ փորձանքներ ու դժվարություններ կպատահեն։ Սա մի հարց է, որին Եհովայի ամեն մի ծառա պետք է անձամբ պատասխանի (Յայտնութիւն 12։12, 17)։
17. Ի՞նչ ի նկատի ուներ Հիսուսը՝ ասելով՝ «սա կ’լինի ձեզ վկայութեան համար»։
17 Հիսուսը, երբ իր աշակերտներին պատմում էր այն իրադարձությունների մասին, որոնք տեղի էին ունենալու ‘աշխարհի վերջում’, մատնանշեց մեկ ուրիշ պատճառ, թե ինչու է Եհովան թույլատրում, որ իր ծառաները հալածանքների ենթարկվեն։ Նա ասաց. «[Ձեզ] կ’տանեն թագաւորների եւ կուսակալների առաջ՝ իմ անունի համար։ Եւ սա կ’լինի ձեզ վկայութեան համար» (Մատթէոս 24։3, 9; Ղուկաս 21։12, 13)։ Հիսուսն ինքը վկայություն տվեց Հերովդեսի և Պոնտացի Պիղատոսի առջև։ Պողոս առաքյալը նույնպես ‘տարվեց թագավորների և կուսակալների առաջ’։ Տեր Հիսուս Քրիստոսի կողմից առաջնորդվելով՝ Պողոսն այն օրերում ամենահզոր կառավարչին վկայություն տալու հնարավորություն փնտրեց, երբ բացականչեց. «Դէպի Կայսրն եմ բողոքում» (Գործք 23։11; 25։8–12)։ Նմանապես մեր օրերում հաճախ դժվարին իրավիճակներում հնարավորություն է ստեղծվել փայլուն վկայություն տալ թե՛ պաշտոնյաներին, թե՛ հասարակայնությանը։b
18, 19. ա) Փորձությունների դեմ պայքարելն ինչո՞վ օգտակար կլինի մեզ համար։ բ) Ի՞նչ հարցեր կքննարկվեն հաջորդ հոդվածում։
18 Եվ վերջապես, պայքարելով փորձությունների ու նեղությունների դեմ, մենք կարող ենք անհատական օգուտներ ստանալ։ Ինչպե՞ս։ Հակոբոս աշակերտը իր հավատակիցներին հիշեցրեց. «Բոլորովին ուրախութիւն համարեցէք, եղբարքս, երբոր կերպ կերպ փորձանքների մէջ ընկնիք. գիտենալով որ ձեր հաւատքի փորձառութիւնը համբերութիւն է գործում»։ Այո՛, հալածանքը կարող է զտել մեր հավատը և է՛լ ավելի տոկուն դարձնել։ Այսպիսով՝ մենք չենք վախենում հալածանքից և ոչ էլ կփնտրենք ոչ սուրբգրային միջոցներ՝ խուսափելու փորձությունից կամ էլ վերջ դնելու դրան։ Դրա փոխարեն՝ մենք հետևում ենք Հակոբոսի հորդորին. «Համբերութիւնը թող կատարեալ գործ ունենայ. որ կատարեալ եւ ամբողջ լինիք, եւ ոչ մի բանի պակասութիւն չ’ունենաք» (Յակոբոս 1։2–4)։
19 Թեև Աստծո Խոսքն օգնում է մեզ հասկանալ, թե ինչու են Աստծո ծառաները հալածանքներ կրում, և ինչու է Եհովան դրանք թույլ տալիս, այդուհանդերձ դա անպայման չի նշանակում, թե մենք ավելի հեշտությամբ կտանենք հալածանքները։ Ի՞նչը կարող է ամրապնդել մեզ՝ դիմակայելու դրանց։ Ի՞նչ կարող ենք անել, երբ հալածանքներ են սկսվում մեր դեմ։ Այս կարևոր հարցերը կքննարկենք հաջորդ հոդվածում։
[ծանոթագրություններ]
a Տե՛ս «Դիտարան», 1995 թ., դեկտեմբերի 15, էջ 27–29, ռուս.; 1994 թ., ապրիլի 15, էջ 16, 17, ռուս. [հուլիսի 1, էջ 29, 30, արևմտ.] և «Արթնացե՛ք», 1994 թ., օգոստոսի 1, էջ 22–29, ռուս.։
b Տե՛ս «Արթնացե՛ք», 2003, հունվարի 8, էջ 3–11, ռուս.։
Կարո՞ղ եք բացատրել
• Գլխավորապես ի՞նչ իմաստով էր Հիսուսը նահատակ։
• Ի՞նչ ազդեցություն ունեցան հալածանքները առաջին դարի քրիստոնյաների վրա։
• Ըստ Պետրոսի բացատրածի՝ ինչո՞ւ էին վաղ քրիստոնյաները հալածվում։
• Ի՞նչ պատճառներից ելնելով է Եհովան թույլ տալիս, որ իր ծառաները հալածվեն։
[նկարներ 10–րդ և 11–րդ էջերի վրա]
Առաջին դարի քրիստոնյաները տառապանքներ կրեցին ոչ թե այն պատճառով, որ ինչ–որ վատ բան էին անում, այլ որ այն էին, ինչ որ էին
ՊՈՂՈՍ
ՀԱԿՈԲՈՍ
ՀՈՎՀԱՆՆԵՍ
ԱՆՏԻՊԱՍ
ՍՏԵՓԱՆՈՍ