Ինչպիսի՞ միջամտություն կարող ենք ակնկալել Աստծուց
ՄԵՐ թվարկությունից առաջ ութերորդ դարում Հուդայի 39–ամյա Եզեկիա թագավորն իմացավ, որ մահացու հիվանդ է։ Այդ նորությունից ընկճված՝ Եզեկիան աղոթքով աղերսեց Աստծուն, որ նա բուժի իրեն։ Աստված իր մարգարեի միջոցով պատասխանեց. «Քո աղօթքը լսեցի, քո արտասուքը տեսայ. ահա ես պիտի աւելացնեմ քո օրերի վերայ տասնեւհինգ տարի» (Եսայիա 38։1–5)։
Ինչո՞ւ Աստված միջամտեց այս բացառիկ դեպքում։ Դրանից դարեր առաջ Աստված խոստացել էր արդար թագավոր Դավիթին. «Քո տունը եւ քո թագաւորութիւնը քո առաջին յաւիտեան ապահով է, քո աթոռը հաստատ պիտի մնայ մինչեւ յաւիտեան»։ Աստված նաև ասել էր, որ Մեսիան գալու էր Դավիթի տոհմից (Բ Թագաւորաց 7։16; Սաղմոս 89։20, 26–29; Եսայիա 11։1)։ Երբ Եզեկիան հիվանդացավ, նա դեռ որդի չուներ։ Ուստի Դավիթի թագավորական շառավիղը ընդհատվելու վտանգի տակ էր։ Եզեկիայի դեպքում աստվածային միջամտությունը ծառայեց հատուկ նպատակի՝ դեպի Մեսիան տանող տոհմածառը պահպանելուն։
Ողջ նախաքրիստոնեական ժամանակաշրջանում Եհովան իր խոստումները կատարելու համար բազմիցս մղվել է իր ժողովրդի օգտին միջամտելու։ Եգիպտոսի ստրկությունից Իսրայելի ազատագրման առնչությամբ Մովսեսը հայտարարեց. «Եհովան ձեզ սիրելու համար եւ ձեր հայրերին արած երդումը պահելու համար, Եհովան ձեզ զօրաւոր ձեռքով ծառայութեան տանիցը հանեց» (Բ Օրինաց 7։8)։
Առաջին դարում Աստծո միջամտությունը նույնպես ծառայեց Աստծո նպատակների իրագործմանը։ Օրինակ՝ Դամասկոսի ճանապարհին Սողոս անունով մի հրեայի հրաշքով տեսիլք ցույց տրվեց, որպեսզի նա դադարեր Քրիստոսի աշակերտներին հալածելուց։ Այս մարդու, որը դարձավ Պողոս առաքյալ, դավանափոխությունը կարևոր դեր խաղաց բարի լուրը այլ ազգերին տարածելու մեջ (Գործք 9։1–16; Հռովմայեցիս 11։13)։
Միջամտություն. սովորական երևո՞ւյթ
Արդյո՞ք աստվածային միջամտությունը սովորական երևույթ է եղել, թե՞ բացառություն։ Գրությունները ցույց են տալիս, որ այն սովորական բնույթ չի կրել։ Թեև Աստված ազատեց երեք երիտասարդ եբրայեցիներին բորբոքված հնոցում այրվելուց, նաև Դանիել մարգարեին՝ առյուծների գուբից, բայց նա չմիջամտեց՝ փրկելու մահից այլ մարգարեների (Բ Մնացորդաց 24։20, 21; Դանիէլ 3։21–27; 6։16–22; Եբրայեցիս 11։37)։ Աստված հրաշքով ազատեց Պետրոսին բանտից, որտեղ նրան բանտարկել էր Հերովդես Ագրիպպաս I թագավորը։ Բայց այդ նույն թագավորը Հակոբոս առաքյալին մահապատժի էր ենթարկել, և Աստված չէր միջամտել այդ հանցագործությունը կանխելու համար (Գործք 12։1–11)։ Թեև Աստված առաքյալներին զորություն էր տվել հիվանդներին բուժելու և մահացածներին հարություն տալու, նա չհամաձայնվեց հեռացնել Պողոսին անհանգստացնող ‘մարմնի խայթը’, որը հնարավոր է, ֆիզիկական հիվանդություն է եղել (Բ Կորնթացիս 12։7–9; Գործք 9։32–41; Ա Կորնթացիս 12։28)։
Աստված չմիջամտեց Հռոմի կայսր Ներոնի կողմից քրիստոնյաների դեմ ուղղված կատաղի հալածանքը կանխելու համար։ Քրիստոնյաներին կտտանքների ենթարկեցին, կենդանի–կենդանի այրեցին, գցեցին վայրի կենդանիների առաջ։ Սակայն այս հակառակությունը չզարմացրեց վաղ քրիստոնյաներին և, անշուշտ, չթուլացրեց Աստծո գոյության հանդեպ նրանց հավատը։ Չէ՞ որ Հիսուսը զգուշացրել էր իր աշակերտներին, որ նրանց տանելու էին դատարաններ, և որ իրենց հավատի համար նրանք պետք է պատրաստ լինեին տառապել ու նույնիսկ մահանալ (Մատթէոս 10։17–22)։
Ինչպես որ անցյալում, այսօր էլ Աստված, անշուշտ, կարող է ազատել իր ծառաներին վտանգավոր իրադրություններից, և հարկ չկա քննադատելու նրանց, ովքեր համարում են, որ զգացել են այդ պաշտպանությունը։ Սակայն դժվար է հաստատ ասել՝ այդ դեպքերում Աստված միջամտել է, թե՝ ոչ։ Եհովայի որոշ հավատարիմ ծառաներ վնասվածքներ են կրել Թուլուզում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, իսկ հազարավոր հավատարիմ քրիստոնյաներ մահացել են նացիստական ու կոմունիստական ճամբարներում կամ այլ ողբերգական իրադրություններում՝ առանց դրանք կանխելու համար Աստծո միջամտության։ Ինչո՞ւ Աստված իր հավանությունն ունեցող բոլոր անհատների համար միշտ չի միջամտել (Դանիէլ 3։17, 18)։
«Ժամանակ եւ դիպուած»
Երբ աղետ է հարվածում, ցանկացած մարդ կարող է վնասվել՝ անկախ նրանից՝ հավատարիմ է Աստծուն, թե՝ ոչ։ Թուլուզում տեղի ունեցած պայթյունից, որից Ալենն ու Լիլիանը փրկվեցին, 30 մարդ մահացավ և հարյուրավոր մարդիկ վնասվեցին, թեև նրանք մեղք չունեին դրանում։ Մեծ մասշտաբով վերցրած՝ տասնյակ հազարավոր մարդիկ դառնում են հանցագործության, անզգույշ երթևեկության կամ պատերազմների զոհեր, և այդ դժբախտությունների համար Աստված չի կարող պատասխանատու համարվել։ Աստվածաշունչը մեզ հիշեցնում է, որ «ժամանակ եւ դիպուած է պատահում ամենքին» (Ժողովող 9։11)։
Դեռ ավելին, մարդիկ ենթակա են հիվանդության, ծերության և մահվան։ Նույնիսկ նրանք, ովքեր կարծել են, թե Աստված հրաշքով փրկել է իրենց կյանքը կամ անսպասելիորեն ապաքինում շնորհել հիվանդությունից, ի վերջո մահվան իրականությանն են բախվել։ Հիվանդության ու մահվան վերացումը, ինչպես նաև մարդկանց աչքերից ‘արտասուքը ջնջելը’ դեռ ապագայում տեղի ունենալիք բան է (Յայտնութիւն 21։1–4)։
Որպեսզի դա տեղի ունենա, ինչ–որ ավելի մեծ և արմատական բան է հարկավոր, քան դեպքից դեպք միջամտությունը։ Աստվածաշունչը խոսում է մի իրադարձության մասին, որն անվանում է «Տիրոջ մեծ օրը» (Սոփոնիա 1։14)։ Այս լայնատարած միջամտության ժամանակ Աստված վերջ կդնի ամբողջ չարությանը։ Մարդկությանը հնարավորություն կտրվի հավիտյան ապրել կատարյալ պայմաններում, որտեղ «առաջինները պիտի չ’յիշուին եւ միտքը պիտի չ’գան» (Եսայիա 65։17)։ Նույնիսկ մահացածները ետ կբերվեն կյանքի և այդպիսով կվերանա այն, ինչը որ մարդկանց ամենամեծ ցավն է պատճառում (Յովհաննէս 5։28, 29)։ Աստված իր անսահման սիրով և բարությամբ այդ ժամանակ մեկընդմիշտ լուծած կլինի մարդկության խնդիրները։
Ինչպե՞ս է Աստված այսօր միջամտում
Սա իհարկե չի նշանակում, թե Աստված անտարբերությամբ նայում է, մինչ ստեղծվածները տառապում են։ Այսօր Աստված բոլոր մարդկանց, անկախ նրանց էթնիկական կամ սոցիալական ծագումից, հնարավորություն է տալիս ճանաչել իրեն և անձնական փոխհարաբերություն զարգացնել իր հետ (Ա Տիմոթէոս 2։3, 4)։ Հիսուսը դա նկարագրեց հետևյալ խոսքերով. «Ոչ ով կարող չէ ինձ մօտ գալ, եթէ Հայրն՝ որ ինձ ուղարկեց՝ չ’քաշէ նորան» (Յովհաննէս 6։44)։ Աստված անկեղծ սիրտ ունեցող մարդկանց ձգում է դեպի իրեն Թագավորության պատգամի միջոցով, որն իր ծառաները հռչակում են աշխարհով մեկ։
Բացի դրանից, Աստված ազդեցություն է գործում այն մարդկանց կյանքի վրա, ովքեր ցանկանում են առաջնորդվել նրա կողմից։ Իր սուրբ ոգու միջոցով Աստված ‘բացում է նրանց սրտերը’, որ հասկանան իր կամքը և կիրառեն այն, ինչ նա պահանջում է (Գործք 16։14)։ Այո՛, մարդկանց հնարավորություն տալով, որ ճանաչեն իրեն, հասկանան իր Խոսքն ու նպատակները, Աստված ապացուցում է, որ սիրով հետաքրքրվում է մեզանից ամեն մեկով (Յովհաննէս 17։3)։
Եվ վերջապես, Աստված իր ծառաներին այսօր օգնում է ոչ թե հրաշքով ազատելով, այլ նրանց տալով իր սուրբ ոգին և «զօրութեան գերազանցութիւնը», որպեսզի նրանք հաղթահարեն ցանկացած իրավիճակ, որին կբախվեն (Բ Կորնթացիս 4։7)։ Պողոս առաքյալը գրեց. «Ամէն ինչի կարող եմ նրա՛ [Եհովա Աստծո] շնորհիւ, ով ինձ զօրացրեց» (Փիլիպպեցիս 4։13, ԷԹ)։
Այսպիսով՝ մենք ամեն պատճառ ունենք ամեն օր երախտապարտ լինելու Աստծուն մեր կյանքի և տառապանքից զերծ աշխարհում հավիտյան ապրելու հույսի համար։ «Ի՞նչ հատուցանեմ Տիրոջը նորա բոլոր բարութեան համար, որ ինձ արաւ,— երգեց սաղմոսերգուն։— Փրկութեան բաժակը կ’առնեմ եւ Տիրոջ անունը կ’կանչեմ» (Սաղմոս 116։12, 13)։ «Դիտարան» պարբերագիրը կանոնավորապես ընթերցելը կօգնի ձեզ հասկանալ այն, ինչ որ Աստված արել է, անում է և դեռ անելու է, և ինչը այժմ կարող է երջանկացնել ձեզ ու ապագայի հաստատուն հույս տալ (Ա Տիմոթէոս 4։8)։
[մեջբերում 6–րդ էջի վրա]
«Առաջինները պիտի չ’յիշուին եւ միտքը պիտի չ’գան» (Եսայիա 65։17)
[նկարներ 5–րդ էջի վրա]
Աստվածաշնչյան ժամանակներում Եհովան չկանխեց Զաքարիայի քարկոծվելը...
ոչ էլ անմեղ մանուկների կոտորածը, որ կազմակերպել էր Հերովդեսը
[նկար 7–րդ էջի վրա]
Մոտ է այն ժամանակը, երբ այլևս չի լինի տառապանք, նույնիսկ մահացածները կրկին կապրեն