Պատմում են թագավորության քարոզիչները
«Դա հայտնություն է ինձ համար»
ԴՈՐՈԹԱՆ՝ լիաժամ ծառայության մեջ գտնվող մի Եհովայի վկա, որն ապրում է Լեհաստանում, իր տասնչորսամյա որդուն ուղեկցեց ուսումնական հաստատությանը կից բժշկական կլինիկան՝ հերթական ստուգումների։ Երեխային քննելու ընթացքում բժշկուհի Յանինանa հարցրեց Դորոթային, թե տղան ինչ պարտականություններ ունի տանը։
— Երբ ես հնարավորություն չեմ ունենում, որդիս է ճաշ պատրաստում մեր վեցհոգանոց ընտանիքի համար,— պատասխանեց Դորոթան։— Նա նաև զբաղվում է տան մաքրությամբ։ Երբ տանը որևէ իր է փչանում, օգնում է վերանորոգել։ Նա սիրում է ընթերցել. շատ ջանասեր է։
— Անհավատալի՛ բան է,— ասաց Յանինան,— տասներկու տարի կլինի, որ աշխատում եմ այստեղ, և երբեք նման բան չեմ լսել։
Նկատելով, որ հարմար պահ է վկայություն տալու համար՝ Դորոթան բացատրեց.
— Մեր օրերում շատ ծնողներ թերանում են ճիշտ դաստիարակություն տալ իրենց երեխաներին։ Այդ է պատճառը, որ հաճախ երեխաներին պակասում է արժանապատվության զգացումը։
— Որտեղի՞ց գիտեք այդ մասին,— հարցրեց Յանինան,— ծնողների մեծամասնությունը անտեղյակ է նման բաներից։
— Աստվածաշունչը թանկարժեք տեղեկություններ է պարունակում նման հարցերի վերաբերյալ,— պատասխանեց Դորոթան։— Օրինակ՝ Բ Օրինաց 6։6–9 խոսքերը ցույց են տալիս, որ մեր երեխաներին ճիշտ կրթելու համար նախ պետք է կրթենք ինքներս մեզ։ Եվ իրոք, մի՞թե նախ մեր սրտում ու մտքում չէ, որ պետք է դրոշմենք այն արժեքները, որ կուզեինք սերմանել մեր երեխաների մեջ։
— Անհավատալի բան է, ուղղակի՛ անհավատալի,— կրկնեց բժշկուհին։ Ապա հարցրեց Դորոթային, թե ինչպես է Աստվածաշունչը նրան օգնել երեխաների կրթության ու դաստիարակության հարցում։
— Մենք ամեն շաբաթ Աստվածաշունչ ենք ուսումնասիրում երեխաների հետ,— բացատրեց վերջինս,— և դա անում ենք մի գրքի օգնությամբ, որի վերնագիրն է՝ «Երիտասարդների հարցերը. գործնական պատասխաններ»։b— Այնուհետև նա նկարագրեց, թե ինչպիսի գիրք է դա՝ նշելով այնտեղ քննարկվող մի քանի թեմաներ։
— Դա հայտնություն է ինձ համար,— բացականչեց Յանինան։— Կարո՞ղ եմ տեսնել այդ գիրքը։
Մի ժամ չանցած՝ Դորոթան վերադարձավ գիրքը ձեռքին։
— Ի՞նչ կրոնի եք դուք պատկանում,— գիրքն աչքի անցկացնելու ընթացքում հարցրեց Յանինան։
— Եհովայի վկա եմ։
— Եհովայի վկաներն ինչպե՞ս են վերաբերվում ուրիշ հավատի մարդկանց։
— Ինչպես որ ես եմ այժմ վերաբերվում ձեզ՝ հարգանքով,— եղավ Դորոթայի պատասխանը, որից հետո նա ավելացրեց.— իհարկե մենք կուզեինք, որ նրանք ծանոթանային Աստվածաշնչի ճշմարտությանը։
— Ես ինձ այնքան լավ եմ զգում մեր զրույցից հետո,—խոստովանեց Յանինան։
Իր այցելության վերջում Դորոթան քաջալերեց Յանինային ընթերցել Աստվածաշունչը.
— Դա իմաստ կհաղորդի ձեր կյանքին և կօգնի ձեզ աշխատանքում։
— Դուք ինձ այնպես ոգեշնչեցիք, որ ես հենց այդպես էլ կվարվեմ,— համաձայնեց Յանինան։
Շնորհիվ իր նրբանկատության ու վճռականության Դորոթային հաջողվեց իր այցելությունը բժշկական հիմնարկ վերածել վկայություն տալու հիանալի հնարավորության (Ա Պետրոս 3։15)։
[ծանոթագրություններ]
a Անունը փոխված է։
b Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։