Հարցերը շատ են, գոհացուցիչ պատասխանները՝ քիչ
ՀԱԶԱՐ յոթ հարյուր հիսունհինգ թվականի նոյեմբերի 1–ին՝ Բոլոր սրբերի օրը՝ առավոտյան, երբ Լիսաբոնի շատ քաղաքացիներ գտնվում էին եկեղեցում, երկրաշարժը ցնցեց քաղաքը։ Հազարավոր շենքեր փուլ եկան, և տասնյակ հազարավոր մարդիկ մահացան։
Այդ ողբերգությունից կարճ ժամանակ անց ֆրանսիացի գրող Վոլտերը հրատարակեց իր «Poème sur le désastre de Lisbonne» («Պոեմ Լիսաբոնի կործանման մասին») ստեղծագործությունը, որում ժխտում էր այն պնդումը, թե այդ աղետը Աստծո հատուցումն էր մարդկանց գործած մեղքերի համար։ Հայտարարելով, որ այդպիսի դժբախտ պատահարները մարդու հասկացողությունից կամ բացատրությունից վեր էին՝ Վոլտերը գրեց.
Վոլտերն, անշուշտ, առաջինը չէր, որ հարցեր բարձրացրեց Աստծո մասին։ Մարդկության պատմության ընթացքում ողբերգական դեպքերն ու աղետները մարդկանց մոտ հարցեր են առաջացրել։ Հազարավոր տարիներ առաջ նահապետ Հոբը, որը կարճ ժամանակ առաջ կորցրել էր իր երեխաներին և տանջվում էր սարսափելի հիվանդությամբ, հարցրեց. «[Աստված] ի՞նչու համար է թշուառին լոյս տալիս, եւ դառնահոգիներին՝ կեանք» (Յոբ 3։20)։ Այսօր շատերը կցանկանային իմանալ, թե ինչպես բարի և սիրող Աստվածը կարող է անտարբեր մնալ, երբ շուրջբոլորը այսքան տառապանք և անարդարություն կա։
Բախվելով սովի, պատերազմի, հիվանդության և մահվան իրողությանը՝ շատերն ամբողջությամբ մերժում են մարդկության համար հոգ տանող Արարչի գոյությունը։ Մի աթեիստ փիլիսոփա ասել է. «Ոչինչ չի կարող արդարացնել Աստծուն այն բանի համար, որ նա թույլ է տալիս երեխայի տառապելը, ....եթե միայն ոչ այն փաստը, որ նա գոյություն չունի»։ Մեծ ողբերգությունները, որոնցից է օրինակ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած Հոլոքոստը, նման եզրակացությունների են հանգեցնում։ Նկատի առեք մի տեղեկագրում հրեա գրողի կողմից արված այս մեկնաբանությունը. «Օսվենցիմում տեղի ունեցածի ամենապարզ բացատրությունն այն է, որ չկա Աստված, որը միջամտեր մարդկանց գործերին»։ Համաձայն 1997 թ. մի հետազոտության, որն անցկացվել է Ֆրանսիայում, որտեղ մեծ մասամբ կաթոլիկներ են ապրում՝ բնակիչների մոտ 40 տոկոսը կասկածում է, որ գոյություն ունի Աստված ցեղասպանությունների պատճառով, որոնցից է 1994 թ. Ռուանդայում տեղի ունեցածը։
Հավատի համար խոչընդո՞տ
Ինչո՞ւ Աստված չի միջամտում, որպեսզի կանխի վատ բաների տեղի ունենալը։ Կաթոլիկ մի պատմագիր հաստատում է, որ այս հարցը շատերի «հավատի համար լուրջ խոչընդոտ է»։ Նա հարց է տալիս. «Իսկապես, հնարավո՞ր է հավատալ մի Աստծո, որն առանց օգնության ձեռք մեկնելու նայում է, մինչ միլիոնավոր անմեղ մարդիկ մահանում են, և ամբողջ ցեղեր սպանդի են ենթարկվում, իսկ նա ոչինչ չի անում դա կանխելու համար»։
Մի կաթոլիկական օրաթերթում տպագրված խմբագրական հոդվածում համանման մեկնաբանություն էր արվում. «Լինեն դրանք պատմության ընթացքում տեղի ունեցած ողբերգություններ, թե տեխնոլոգիական պատճառներով դրամատիկ դեպքեր, բնական աղետներ, կազմակերպված ոճիրներ կամ սիրելի մարդու կորուստ՝ յուրաքանչյուր դեպքում սարսափ արտահայտող աչքերը նայում են դեպի երկինք։ Ո՞ւր է Աստված։ Նրանք պատասխան են պահանջում։ Արդյո՞ք նա Ամենաանտարբեր կամ Ամենաանհոգատար անձը չէ» («La Croix»)։
Հովհաննես Պողոս II պապը այս հարցը քննարկեց իր «Salvifici Doloris» առաքելական նամակում 1984 թ.։ Նա գրեց. «Թեև աշխարհի գոյությունը մարդու, այսպես ասած, հոգու աչքերը ուղղում է դեպի Աստծո գոյությանը, նրա իմաստությանը, զորությանն ու մեծությանը, սակայն թվում է՝ չարությունն ու տառապանքը մթագնում են այս պատկերը, երբեմն հիմնովին, հատկապես, երբ ամեն օր անարդարացի տառապանքի այնքան շատ դեպքեր են տեղի ունենում, և այնքան չարագործություններ, որոնք առանց համապատասխան պատժի են մնում»։
Արդյո՞ք Աստվածաշնչում նկարագրված ամենամեծ սիրո և զորության տեր Աստծո գոյության միտքը համատեղելի է լայնորեն տարածված մարդկային տառապանքի հետ։ Արդյո՞ք նա միջամտում է անհատական կամ ընդհանուր ողբերգությունները կանխելու համար։ Այսօր նա անո՞ւմ է որևէ բան մեզ համար։ Ինչպես ասում է Վոլտերը՝ կա՞ «Աստ[ված], որը խոսում է մարդկանց հետ»՝ այս հարցերին պատասխանելու համար։ Պատասխանը ստանալու համար հաճեցեք կարդալ հաջորդ հոդվածը։
[նկարներ 3–րդ էջի վրա]
1755 թ. Լիսաբոնի կործանումը մղեց Վոլտերին հայտարարելու, որ այդպիսի դեպքերը մարդու հասկացողությունից վեր էին
[թույլտվությամբ]
Voltaire: From the book Great Men and Famous Women; Lisbon: J.P. Le Bas, Praça da Patriarcal depois do terramoto de 1755. Foto: Museu da Cidade/Lisboa
[նկար 4–րդ էջի վրա]
Ցեղասպանությունների ողբերգական հետևանքների պատճառով, ինչպիսին եղավ Ռուանդայում, շատերը կասկածում են, որ Աստված գոյություն ունի
[թույլտվությամբ]
AFP PHOTO
[նկար 2–րդ էջի վրա. թույլտվությամբ]
COVER, children: USHMM, courtesy of Main Commission for the Prosecution of the Crimes against the Polish Nation