Որտե՞ղ կարող եք գտնել իսկական հոգևոր արժեքներ
«ԵԹԵ պատրաստվում ես հետևել մի կրոնի զուտ այն պատճառով, որ ընտանիքում դա է ընդունված, ինչո՞ւ չընտրես կելտերի կրոնը, որ մեր նախահայրերը 2 000 տարի առաջ են դավանել»,— հեգնանքով հարցրեց Ռոդոլֆը։ Այդ միտքը ժպիտ առաջացրեց իր երիտասարդ ունկնդրի դեմքին։
«Աստծո հետ ունեցած փոխհարաբերությունը շատ կարևոր է ինձ համար,— բացատրում է Ռոդոլֆը։— Ես բացարձակապես դեմ եմ, որ կրոնական համոզմունքները ինձ պարտադրվեն ավանդաբար՝ լոկ այն պատճառով, որ իմ պապերը տասնյակ կամ նույնիսկ հարյուրավոր տարիներ առաջ այդ կրոնն են դավանել»։ Ռոդոլֆը հանգամանորեն ծանրութեթև էր արել ամեն բան. նա չէր կարծում, որ այնպիսի կարևոր հարցի, ինչպիսին կրոնական դավանանքն է, պետք է մոտենալ որպես ժառանգության։
Թեպետ սերնդից սերունդ կրոնի փոխանցման երևույթը աստիճանաբար անհետանում է, մեծամասնությունը դեռևս կառչած է մնում իր ընտանիքում ընդունված կրոնին։ Սակայն ծնողների փոխանցած կրոնական արժեքներին հավատարիմ մնալը մի՞շտ է ճիշտ։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։
Անապատում անցկացրած 40 տարիներից հետո Հեսուն, որ հաջորդեց Մովսեսին, ընտրություն դրեց իսրայելացիների առջև. «Բայց եթէ Տիրոջը ծառայութիւն անելը ձեզ անհաճոյ է, ընտրեցէք այսօր ձեզ համար, թէ ո՞րն էք պաշտելու. Գետի այն կողմին ձեր հայրերի պաշտած աստուածնե՞րը, թէ Ամօրհացիների աստուածները, որոնց երկրի մէջ դուք բնակվում էք. բայց ես եւ իմ տունը Եհովային ենք պաշտելու» (Յեսու 24։15)։
Հեսուի վկայակոչած նախահայրերից մեկը Թարան էր՝ Աբրահամի հայրը. նա ապրում էր Ուր քաղաքում, որն այդ ժամանակ գտնվում էր Եփրատ գետից դեպի արևելք։ Աստվածաշունչը շատ բան չի նշում Թարայի մասին, միայն հայտնում է այն փաստը, որ նա երկրպագել է այլ աստվածների (Յեսու 24։2)։ Նրա որդի Աբրահամը թեև չուներ լիարժեք գիտելիքներ Աստծո նպատակների մասին, սակայն հոժարակամորեն թողեց իր հայրենի քաղաքը, երբ Եհովան պատվիրեց դա անել։ Այո՛, Աբրահամը ընտրեց իր հոր կրոնից տարբերվող կրոն։ Այսպես վարվելով՝ նա ստացավ Աստծո խոստացած օրհնությունները և դարձավ այն անձնավորությունը, որին շատ կրոններ ընդունում են որպես «հայր.... ամեն հաւատացեալների» (Հռովմայեցիս 4։11)։
Աստվածաշունչը համակրանքով է արտահայտվում նաև Հռութի՝ Հիսուս Քրիստոսի նախամոր մասին։ Հռութը՝ մովաբացի մի կին, որ ամուսնացել էր իսրայելացու հետ, դարձավ այրի և ընտրության առջև կանգնեց. մնալ իր սեփական երկրում, թե՞ սկեսրոջ հետ միասին վերադառնալ Իսրայել։ Ըմբռնելով Եհովայի երկրպագության գերազանցությունը իր ծնողների դավանած կռապաշտական կրոնից՝ Հռութը հայտնեց իր սկեսրոջը. «Քո ժողովուրդն իմ ժողովուրդն է, եւ քո Աստուածն իմ Աստուածն է» (Հռութ 1։16, 17)։
Մեկնաբանելով Աստվածաշնչի այս հատվածը՝ մի բառարան բացատրում է, որ այս դեպքը ցույց է տալիս, «թե ինչպես օտարերկրացի կինը, որ ծնվել էր Իսրայելի կողմից ատված և թշնամական վերաբերմունքի արժանացած հեթանոս ժողովրդի մեջ.... Եհովայի երկրպագության և նրա ժողովրդի հանդեպ սիրուց մղված՝ անսպասելիորեն դարձավ սուրբ Դավիթ թագավորի նախամայրը» («Dictionnaire de la Bible»)։ Հռութը առանց տատանվելու ընտրեց իր ծնողների կրոնից տարբերվող կրոն։ Այդ որոշումը ընդունելու արդյունքը եղավ այն, որ նա օրհնվեց Աստծո կողմից։
Քրիստոնեության սկզբնավորման վերաբերյալ արձանագրությունը պարզ ցույց է տալիս, թե ինչ պատճառներով Հիսուսի առաքյալները թողեցին իրենց նախահայրերի դավանած կրոնը։ Իր համոզիչ ելույթում Պետրոս առաքյալը կոչ արեց իր ունկնդիրներին ‘ազատվել այդ ծուռ ազգից’՝ զղջալով իրենց մեղքերի համար և մկրտվելով Հիսուս Քրիստոսի անունով (Գործք 2։37–41)։ Այդպիսի ակնառու օրինակներից է Սողոսը՝ մի հրեա, որը հալածում էր քրիստոնյաներին։ Երբ նա գնում էր Դամասկոս, ճանապարհին Քրիստոսը տեսիլքով երևաց նրան, որից հետո Սողոսը դարձավ քրիստոնյա և հայտնի եղավ որպես Պողոս առաքյալ (Գործք 9։1–9)։
Վաղ քրիստոնյաների մեծամասնության կյանքում նման տպավորիչ դեպքեր տեղի չունեցան։ Այնուամենայնիվ, նրանցից յուրաքանչյուրն էլ պետք է թողներ իր նախկին կրոնը՝ լիներ դա հուդայականությունը, թե տարբեր հեթանոսական աստվածների պաշտամունքը։ Նրանք, ովքեր քրիստոնեություն ընդունեցին, դա արեցին փաստերին լավ տեղյակ լինելուց և հաճախ Հիսուսի մեսիական դերի վերաբերյալ երկար քննարկումներից հետո (Գործք 8։26–40; 13։16–43; 17։22–34)։ Այդ վաղ քրիստոնյաները հստակ գիտեին, որ իրենց կյանքում փոփոխություններ անելու կարիք կար։ Հրավերը տրվել էր բոլորին՝ հրեաներին և ոչ–հրեաներին, բայց պատգամը նույնն էր։ Աստծուն հաճեցնելու համար անհրաժեշտ էր ընդունել երկրպագության նոր ձև՝ քրիստոնեությունը։
Կարևոր ընտրություն՝ մեզ համար
Առաջին դարում մեծ քաջություն էր պահանջվում մերժելու համար ընտանեկան շրջանակներում ընդունված կրոնական ավանդույթները՝ հուդայականությունը, կայսրի և հեթանոսական աստվածների պաշտամունքը, և միանալու հրեաների ու հռոմեացիների ծաղրին արժանացած կրոնական շարժմանը։ Իրենց կատարած ընտրության համար կարճ ժամանակ անց նրանք ենթարկվեցին դաժան հալածանքների։ Այսօր ևս «համընդհանուր տարածում վայելող ավանդույթների այս մթնոլորտում խճճվելուց» խուսափելու համար քաջություն է պահանջվում, ինչպես գրում է Կլերմոն–Ֆեռանի կաթոլիկ եպիսկոպոս Իպոլիտ Սիմոնը իր՝ «Ֆրանսիան վերադառնում է դեպի հեթանոսությո՞ւն» գրքում («Vers une France païenne?»)։ Ժամանակ առ ժամանակ քննադատության ենթարկվող կրոնական փոքրամասնության՝ Եհովայի վկաների հետ ընկերակցելը քաջություն է պահանջում։
Փոլ անունով մի երիտասարդ (Կորսիկա, Բաստիա) դաստիարակվել էր կաթոլիկական ուսուցումներով։ Երբեմն նա մասնակցում էր եկեղեցու գործունեությանը, օրինակ՝ թխվածք էր վաճառում և այդպիսով գումար ձեռք բերում մի կաթոլիկ բարեգործական կազմակերպության համար։ Ցանկանալով ավելի լավ հասկանալ Աստվածաշունչը՝ Փոլը համաձայնվեց կանոնավորապես քննարկումներ կատարել Եհովայի վկաների հետ։ Ժամանակի ընթացքում նա հասկացավ, որ իր սովորածը կարող է տևական օգուտներ բերել իրեն։ Փոլը ամբողջովին ընդունեց Աստվածաշնչի չափանիշները և դարձավ Եհովայի վկա։ Ծնողները հարգեցին նրա ընտրությունը, որը չվնասեց նրանց ընտանեկան մտերիմ փոխհարաբերություններին։
Ամելին ապրում է Ֆրանսիայի հարավում։ Նրա ընտանիքի անդամները արդեն չորրորդ սերունդն է՝ Եհովայի վկաներ են։ Ի՞նչն է պատճառը, որ նա նախընտրել է հետևել իր ծնողների փոխանցած հոգևոր արժեքներին։ Նա ասում է. «Դու չես դառնում Եհովայի վկա զուտ այն պատճառով, որ քո ծնողները, տատն ու պապը Եհովայի վկաներ են կամ էլ եղել են Եհովայի վկաներ։ Պարզապես մի օր ասում ես ինքդ քեզ. «Սա իմ կրոնն է, որովհետև սրանք իմ համոզմունքներն են»»։ Այլ երիտասարդ Եհովայի վկաների նման՝ Ամելին գիտի, որ իր ամուր կրոնական համոզմունքները իմաստ են հաղորդում իր կյանքին և կարող են հարատև երջանկություն բերել իրեն։
Ընդունել Աստծո չափանիշները. ինչո՞ւ
«Առակաց» գրքի 6–րդ գլխի 20–րդ համարը քաջալերում է նրանց, ովքեր ուզում են հաճեցնել Աստծուն. «Որդեակս, պահիր քո հօր պատուիրանքը, եւ քո մօր օրէնքը մի մերժիր»։ Կույր հնազանդություն առաջարկելու փոխարեն՝ այս խոսքերով Աստվածաշունչը հորդորում է երիտասարդներին ընդունել Աստծո չափանիշները՝ խորացնելով իրենց հավատը, և ունենալ Աստծո վերաբերյալ իրենց անձնական համոզմունքները։ Պողոս առաքյալը հրավիրեց իր ընկերակիցներին ‘ամեն բան փորձել’՝ ստուգել, թե այն, ինչ իրենց սովորեցնում էին, համահունչ էր արդյոք Աստծո Խոսքին ու կամքին, և ապա համապատասխանաբար գործել (Ա Թեսաղոնիկեցիս 5։21)։
Ավելի քան վեց մլն. Եհովայի վկաներ այդպիսի որոշում են կայացրել՝ անկախ նրանից երիտասարդ են, թե՝ ծեր, քրիստոնեական ընտանիքում են մեծացել, թե՝ ոչ։ Ուշադիր ուսումնասիրելով Աստվածաշունչը՝ նրանք գտել են կյանքի իմաստին առնչվող իրենց հարցերի արժանահավատ պատասխանները։ Նաև ճիշտ հասկացողություն են ձեռք բերել մարդկության նկատմամբ Աստծո ունեցած նպատակների մասին։ Այս գիտությունը ձեռք բերելով՝ նրանք ընդունել են Աստծո սահմանած հոգևոր արժեքները և ամեն կերպ աշխատում են կատարել նրա կամքը։
Անկախ այն բանից կանոնավորաբար եք ընթերցում այս պարբերագիրը, թե՝ ոչ՝ կարող եք ընդունել Եհովայի վկաների առաջարկը՝ օգնելու ձեզ քննել Աստվածաշնչում ներկայացվող հոգևոր արժեքները։ Այսպիսով դուք կկարողանաք ‘ճաշակել և տեսնել, որ Տերը քաղցր է’, ու ձեռք բերել այն գիտությունը, որը կիրառելու դեպքում առաջնորդում է հավիտենական կյանքի (Սաղմոս 34։8; Յովհաննէս 17։3)։
[նկար 5–րդ էջի վրա]
Եհովայի վկաների մի ընտանիքի չորս սերնդի ներկայացուցիչներ (Ֆրանսիա)
[նկար 7–րդ էջի վրա]
Իր նախահայրերի աստվածներին ծառայելու փոխարեն՝ Հռութը ընտրեց Եհովային ծառայելը