Հոգևոր արժեքներ. դեպի ո՞ւր են գնում
«Տասնհինգ զույգեր հաճախում են [Կաթոլիկ] եկեղեցու երեկոյան հանդիպումներին՝ ամուսնական կյանքի վերաբերյալ խորհուրդներ ստանալու. 30 ներկաներից միայն երեքն են ասում, որ հավատ ունեն»։
«La Croix» կաթոլիկական օրաթերթ (Ֆրանսիա)
ԿՐՈՆԱԿԱՆ արժեքները անկում են ապրում։ «Նյուսուիք» միջազգային շաբաթաթերթի 1999 թ. հուլիսի 12–ի հրատարակության շապիկի վրա այսպիսի մի հարց էր գրված. «Աստված մեռա՞ծ է»։ Պարբերագրում ասվում էր, որ Արևմտյան Եվրոպայի երկրներում կարծես հենց այդպես էլ կա։ Նույն թվականի հոկտեմբերին Հռոմում կայացած Կաթոլիկ եկեղեցու սինոդի հանդիպման մասին ֆրանսիական «Մոնդ» օրաթերթը գրեց. «Եկեղեցին առավել քան երբևէ դժվարանում է իր գաղափարները տարածել մի հասարակության մեջ, որը հակակրանք է զգում կրոնի հանդեպ.... Իտալիայում կաթոլիկությունը այլևս չի միավորում մարդկանց.... Գերմանիայում խորանում է Պապի և դեմոկրատական սիստեմի միջև գոյություն ունեցող ճեղքվածքը՝ այն վիճաբանությունների պատճառով, որ վերաբերում են արհեստական վիժումների կոնսուլտացիոն կենտրոններին. այդ սիստեմը այլևս չի ցանկանում ընդունել պապի հրամայական պատվերները։ Նիդերլանդների ընդունած հանդուգն դիրքը՝ բարոյականության և էյտանազիայի (բժշկի միջամտությամբ հիվանդի՝ ինքնակամորեն կյանքից հեռանալը) հարցում, որոշ դիտորդների կարծիքով վկայում է այն մասին, որ այդ երկիրը կտրուկ ձևով հեռանում է քրիստոնեությունից»։
Այլ տեղերում ևս նման իրավիճակ է տիրում։ 1999 թ.–ին Քենտրբերիի արքեպիսկոպոս Ջորջ Կարեն զգուշացրեց, որ անգլիկան եկեղեցին «սերունդներից մեկի օրոք կդադարի գոյություն ունենալ»։ Ֆրանսիական «Ֆիգարո» օրաթերթի մի հոդվածում, որ վերնագրված էր՝ «Քրիստոնյա Եվրոպայի վերջը», ասվում էր. «Ամենուր կարելի է նույն պատկերը տեսնել.... Մարդիկ պարբերաբար հարցականի տակ են դնում բարոյականությանն ու դավանանքին առնչվող տեսակետները»։
Պասիվություն կրոնական կյանքում
Եվրոպայում եկեղեցի հաճախողների թիվը շեշտակիորեն նվազում է։ Ֆրանսիայում կիրակնօրյա պատարագների հաճախում է կաթոլիկների 10 տոկոսից էլ քիչը, իսկ Փարիզում բնակվող կաթոլիկների ընդամենը 3–4 տոկոսն է կանոնավորաբար գնում եկեղեցի։ Նմանատիպ և ավելի սակավ հաճախելիություն է դիտվել Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և Սկանդինավյան երկրներում։
Հոգևոր խավին լուրջ անհանգստություն է պատճառում այն փաստը, որ քահանայության թեկնածուների թիվը նվազում է։ Հարյուր տարի էլ չի անցել այն ժամանակներից, երբ Ֆրանսիայում 10 000 բնակչին բաժին էր ընկնում 14 քահանա, այնինչ այժմ 10 000–ին նույնիսկ մեկ քահանա էլ բաժին չի ընկնում։ Ինչպիսի՜ կտրուկ փոփոխություն։ Եվրոպայով մեկ քահանաների միջին տարիքը աճում է, իսկ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իռլանդիան և Բելգիան, քահանաների պակաս է զգացվում։ Միևնույն ժամանակ նվազում է վարդապետարաններում ուսանելու ցանկություն հայտնող երեխաների թիվը, և դա լուրջ կասկածների տեղիք է տալիս, թե արդյոք կաթոլիկ եկեղեցին կարող է կրկին վերականգնել իր դիրքերը։
Ինչպես երևում է, մարդիկ կորցրել են իրենց վստահությունը կրոնի հանդեպ ընդհանրապես։ 1952 թ.–ին ֆրանսիացիների 50 տոկոսը հավատում էր, որ «ճշմարտությունը կարելի է գտնել միայն մեկ կրոնում»։ 1981 թ.–ին նրանց թիվը կազմում էր 15 տոկոս, իսկ ներկայումս միայն 6 տոկոսն է այդ կարծիքին։ Աճում է կրոնի հանդեպ անտարբերությունը։ Այն մարդկանց թիվը, ովքեր ասում են, որ ոչ մի կրոնի չեն պատկանում, 1980 թ.–ին կազմում էր 26 տոկոս, իսկ 2000 թ.–ին այս թիվը հասել է 42 տոկոսի («Les valeurs des Français—Évolutions de 1980 à 2000»)։
Բարոյական արժեքների կտրուկ փոփոխություն
Բարոյական արժեքների անկումը նույնպես ակնհայտ է։ Ինչպես արդեն նշվել է, եկեղեցի հաճախող շատ անձինք մերժում են ընդունել բարոյականությանն առնչվող՝ իրենց եկեղեցու սահմանած կանոնները։ Նրանք համաձայն չեն, որ կրոնական առաջնորդները իրավունք ունեն վարքագծի նորմեր սահմանելու։ Մարդկանց նույն այն բազմությունը, որ ողջունում էր Պապի տեսակետը մարդու իրավունքների վերաբերյալ, մերժում է հետևել նրան, երբ հարցը վերաբերում է իրենց անձնական կյանքին։ Օրինակ՝ նրա տեսակետը հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործման մասին մերժվել է հասարակության լայն շրջաններում, նույնիսկ կաթոլիկ շատ զույգերի կողմից։
Այս վերաբերմունքը բնորոշ է հասարակության բոլոր խավերին՝ լինեն հավատացյալ թե՝ ոչ։ Հանդուրժվում են այնպիսի արարքներ, որոնք հստակորեն դատապարտվում են Սուրբ Գրություններում։ 20 տարի առաջ ֆրանսիացիների 45 տոկոսը հավանություն չէր տալիս համասեռամոլությանը։ Այսօր նրանց 80 տոկոսն այն ընդունելի է համարում։ Թեև քաղաքացիների մեծամասնությունը հարգանքով է վերաբերվում ամուսնական հավատարմությանը, միայն 36 տոկոսն է դատապարտում և աններելի համարում արտամուսնական հարաբերությունները (Հռովմայեցիս 1։26, 27; Ա Կորնթացիս 6։9, 10; Եբրայեցիս 13։4)։
Կրոնական ուսմունքների խառնուրդ
Արևմտյան հասարակության մեջ զարգանում է «ինքնաստեղծ կրոն» հասկացությունը. յուրաքանչյուրն իրեն իրավունք է վերապահում ընտրելու իր սեփական հավատալիքները։ Որոշ դոգմաներ ընդունվում են, մյուսները՝ մերժվում։ Կան մարդիկ, ովքեր իրենց քրիստոնյա են անվանում, մինչդեռ հավատում են վերամարմնավորման ուսմունքին, մյուսները պատրաստ են հետևելու միաժամանակ մի քանի կրոնական համոզմունքների (Ժողովող 9։5, 10; Եզեկիէլ 18։4, 20; Մատթէոս 7։21; Եփեսացիս 4։5, 6)։ Մի գրքում բացահայտորեն ցույց է տրվում, որ շատ հավատացյալներ այսօր անհուսալիորեն շեղվում են եկեղեցու հաստատած ուղուց («Les valeurs des Français»)։
Կրոնական անկախության այս տենդենցը զերծ չէ վտանգից։ Ֆրանսիական ինստիտուտի աշխատակից, կրոնի պատմության մասնագետ Ժան Դելյումոն համոզված է, որ անհատը չի կարող իր սեփական կրոնը ստեղծել՝ արդեն իսկ հաստատված համակարգից անկախ։ «Հավատը չի կարող գոյատևել, եթե այն արմատավորված չլինի կրոնական կայուն հիմքի վրա»։ Վստահելի հոգևոր արժեքները և կրոնական գործունեությունը պետք է սերտորեն կապված լինեն միմյանց։ Որտե՞ղ կարելի է գտնել նման կապվածություն այն հասարակության մեջ, որն անընդհատ փոփոխությունների է ենթարկվում։
Աստվածաշունչը մեզ հիշեցնում է, որ Աստված է հաստատում վարքի և բարոյականության ընդունելի նորմերը, բայց նա ազատություն է տալիս մարդկանց՝ հետևելու դրանց կամ ոչ։ Աշխարհով մեկ միլիոնավոր մարդիկ ընդունում են, որ երկար ժամանակ հարգանք վայելող այս գիրքը գործնական արժեք ունի այսօր։ Այն ‘ճրագ է իրենց ոտների համար և լույս իրենց ճանապարհին’ (Սաղմոս 119։105)։ Ինչպե՞ս են նրանք եկել այդ եզրակացության։ Այդ մասին կխոսվի հաջորդ հոդվածում։