Երբ քարոզչությունից առանձնահատուկ հիշողություններ են մնում
«Արևն ուղղակի այրում էր։ Լեռնային արահետն անվերջանալի էր թվում։ Բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելուց հետո մենք վերջապես իրագործեցինք մեր նպատակը՝ հասանք ամենահեռավոր գյուղը։ Հոգնածությունը փոխվեց ուրախության, երբ թակեցինք առաջին դուռը, և մեզ սրտանց ներս հրավիրեցին։ Օրվա վերջում արդեն բաժանել էինք մեր բերած ամբողջ գրականությունը և մի քանի աստվածաշնչյան ուսումնասիրություններ սկսել։ Մարդիկ փափագում էին սովորել, բայց արդեն գնալու ժամանակն էր։ Մենք խոստացանք վերադառնալ»։
ԱՅՍՊԻՍԻ դեպքերը սովորական են Մեքսիկայում ծառայող ռահվիրաների մի խմբի համար։ Նրանք վճռել են եռանդորեն քարոզել՝ կատարելով այն պատվերը, որ Հիսուս Քրիստոսը տվեց իր աշակերտներին. «Դուք.... իմ վկաները կ’լինիք.... մինչեւ երկրի ծայրերը» (Գործք 1։8)։ Որպեսզի քարոզչությունը հասնի այն տարածքներին, որոնք կցված չեն ոչ մի ժողովի, ինչի հետևանքով Աստծո Թագավորության բարի լուրը կանոնավորաբար չի քարոզվում այնտեղ, Մեքսիկայում կազմակերպվում են հատուկ քարոզարշավներ, որ կոչվում են ռահվիրայական երթուղիներ։ Սովորաբար դրանք հեռավոր տարածքներ են, որոնց հասնելը մեծ դժվարությունների հետ է կապված։ Օգնություն է ցույց տրվում նաև հեռավոր վայրերում գտնվող այն ժողովներին, որոնք ունեն խիստ ընդարձակ տարածքներ։
Եհովայի վկաների մասնաճյուղը ուսումնասիրում է տարածաշրջանի կարիքները և ըստ այդմ որոշում, թե երկրի որ մասերում պետք է կազմակերպել ռահվիրայական երթուղի։a Դրանից հետո հատուկ ռահվիրաների մի խումբ է նշանակվում՝ տվյալ տարածքում քարոզելու։ Նրանց ապահովում են այնպիսի փոխադրամիջոցներով, որոնք հարմար են խորդուբորդ և չսալահատակված ճանապարհներով գնալու համար։ Այդ փոխադրամիջոցները ծառայում են նաև որպես գրականության պահեստներ, և անհրաժեշտության դեպքում՝ ննջասենյակներ։
Արձագանքում են պատրաստակամորեն
Սկսած 1996 թ. հոկտեմբերից՝ բարի լուրի այլ քարոզիչներ ևս հրավիրվեցին՝ հատուկ ռահվիրաների հետ միասին այս գործունեությանը մասնակցելու։ Ընդհանուր ռահվիրաները և Թագավորության այն քարոզիչները, ովքեր ցանկանում են ծառայել այնտեղ, որտեղ ավելի մեծ կարիք կա, այս քարոզարշավին են միանում տարբեր փուլերում։ Երթուղու ընթացքում ոմանք կցվում են ժողովների՝ տվյալ տարածքը մշակելու և մարդկանց մեջ առաջացած հետաքրքրությունը զարգացնելու նպատակով։ Շատ երիտասարդ քարոզիչներ ու ռահվիրաներ ընդունել են այս հրավերը, և շատ քաջալերիչ դեպքեր են տեղի ունեցել նրանց ծառայության ընթացքում։
Օրինակ՝ Աբիմայել անունով մի երիտասարդ քրիստոնյա, որն ուներ լավ վարձատրվող աշխատանք բջջային հեռախոսակապի ընկերությունում, որոշեց մասնակցել հեռավոր տարածքներում կազմակերպվող այս քարոզչական գործունեությանը։ Երբ նրա գործատերերը իմացան, որ նա պատրաստվում է թողնել իր աշխատանքը, առաջարկեցին ավելի մեծ պաշտոն և ավելի բարձր աշխատավարձ։ Գործընկերները ճնշում էին բանեցնում նրա վրա՝ պնդելով, թե դա եզակի հնարավորություն է, և իր կողմից հիմարություն կլինի այդ առաջարկը մերժելը։ Բայցևայնպես, Աբիմայելը հաստատ վճռել էր երեք ամսով աջակցել այս հատուկ քարոզչական գործունեությանը։ Ծառայության այդ ձևը դուր եկավ Աբիմայելին, և նա վճռեց անժամկետ մնալ հեռավոր մի ժողովում, որտեղ Թագավորության քարոզիչների մեծ կարիք կար։ Այժմ նա համեստ աշխատանք ունի և ապրում է պարզ կյանքով։
Ահա մի ուրիշ օրինակ։ Իր նշանակման վայրը հասնելու համար Խյուլիսան պետք է ավտոբուսով 22 ժամ ճանապարհ գնար։ Ճանապարհորդության վերջին հատվածում նա բաց թողեց այդ օրվա վերջին ավտոբուսը։ Այնտեղ մի բեռնատար մեքենա կար, որը բանվորներ էր տեղափոխում։ Խյուլիսան հավաքեց իր ամբողջ քաջությունը և հարցրեց, թե կարող է արդյոք գնալ նրանց հետ։ Այդքան տղամարդկանց մեջ լինելով միակ կինը՝ նա, հասկանալի է, իրեն շատ անհանգիստ էր զգում։ Խյուլիսան սկսեց քարոզել մի երիտասարդի և պարզվեց, որ վերջինս Եհովայի վկա էր։ «Իմացա նաև, որ ավտոմեքենայի վարորդն էլ ծառայում է որպես երեց այն ժողովում, որտեղ նշանակված էի»,— պատմում է նա։
Մասնակցում են մեծահասակները
Սակայն, այս գործունեությունը միայն երիտասարդների համար չէ։ Ադելան՝ մի մեծահասակ քույր, միշտ ցանկացել էր ավելի շատ ժամանակ տրամադրել քարոզչությանը։ Նման առիթ ստեղծվեց, երբ նա ստացավ այս հատուկ քարոզչական գործունեությանը մասնակցելու հրավեր։ Նա պատմում է. «Ինձ այնքան դուր եկավ այս ծառայությունը, որ խնդրեցի ժողովի երեցներին՝ թույլատրեն շարունակելու այն անժամկետ։ Երջանիկ եմ, որ չնայած տարիքիս՝ դեռ կարող եմ օգտակար լինել Եհովային»։
Եհովայի հանդեպ գնահատանքից և դրացու հանդեպ սիրուց մղված՝ վաթսունամյա Մարթան նույնպես սկսեց մասնակցել այդ գործունեությանը։ Տեսնելով, որ ճանապարհների ու տարածքային դժվարությունների պատճառով խումբը չի կարողանում այնտեղ ապրող բոլոր մարդկանց հետ զրուցել՝ նա ռահվիրաների համար մի ավտոմեքենա գնեց։ Այս քրոջ նվիրատվության շնորհիվ հնարավոր դարձավ, որ ավելի շատ տարածքներ քարոզվեն, և աստվածաշնչյան ճշմարտությունը ավելի շատ մարդկանց հասնի։
Ջերմ արձագանք
Այս հատուկ քարոզչական գործունեությանը մասնակցողների նպատակն է ‘աշակերտներ պատրաստելը’։ Այս առնչությամբ նրանք գերազանց արդյունքների են հասել։ Հեռավոր վայրերում ապրող մարդիկ ծանոթանում են աստվածաշնչյան կենսատու ճշմարտություններին (Մատթէոս 28։19, 20)։ Սկսվել են աստվածաշնչյան շատ ուսումնասիրություններ։ Դրանք անցկացնում են տեղի քարոզիչները և նրանք, ովքեր մնացել են տվյալ տարածքում։ Որոշ դեպքերում ձևավորվել են քարոզիչների խմբեր, այլ դեպքերում՝ նույնիսկ փոքր ժողովներ։
Մագդալենոն և նրա ընկերները հասարակական տրանսպորտով գնում էին իրենց նշանակման վայրը։ Ճանապարհին, առիթից օգտվելով, նրանք քարոզեցին վարորդին։ «Նա պատմեց մեզ, որ մի շաբաթ առաջ՝ իր բացակայության ժամանակ, իրենց տուն Վկաներ էին այցելել։ Երբ տուն էր վերադարձել, ընտանիքի անդամները նույնությամբ պատմել էին նրան այն ամենը, ինչ լսել էին։ Մենք ասացինք նրան, որ տեղացի չենք, այլ գալիս ենք երկրի տարբեր նահանգներից՝ այս հատուկ քարոզչական գործունեությանը աջակցելու նպատակով, և որ մեզանից յուրաքանչյուրն ինքն է վճարել իր ճանապարհածախսը։ Դրանից տպավորված՝ վարորդն ասաց, որ իրենք՝ ամբողջ ընտանիքով, հենց այդ շաբաթ կսկսեն Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նա նույնիսկ ճանապարհի համար գումար չվերցրեց մեզանից, որպեսզի ինչ–որ կերպ աջակցի մեր գործին»»։
Մագդալենոյին շատ էր տպավորել նաև Չիապասի լեռնաբնակների արձագանքը։ «Կինս ու ես առիթ ունեցանք Թագավորության լուրը հայտնել 26 երիտասարդների, որոնք հաճախում էին Պրեսբիտերական եկեղեցի. 30 րոպե շարունակ բոլորը ուշադրությամբ լսում էին։ Նրանք բերեցին իրենց Աստվածաշնչերը, և մենք կարողացանք հիմնովին վկայություն տալ Եհովայի նպատակների մասին։ Այնտեղ ապրող մարդկանց մեծամասնությունն իր անձնական Աստվածաշունչն ունի ցելթալ լեզվով»։ Սկսվեցին Աստվածաշնչի մի շարք հաջող ուսումնասիրություններ։
Հակառակությունը մեղմանում է
Չիապասի մի համայնքում աստվածաշնչյան լուրը երկու տարուց ավելի էր, որ չէր քարոզվել որոշ մարդկանց հակառակության պատճառով։ Թերեզան՝ մի լիաժամ քարոզիչ, նկատել էր, որ Վկաներից ոմանք վախենում էին այդ գյուղում քարոզելու գնալ։ «Բոլորս զարմացանք, երբ տեսանք որ մարդիկ ցանկանում էին լսել։ Ծառայությունը վերջացրել էինք, երբ հանկարծ հորդառատ անձրև սկսվեց։ Ծածկ փնտրելով՝ մենք եկանք Սեբաստիան անունով մի հյուրընկալ անձնավորության տուն, որը մեզ թույլ տվեց ներս մտնել և անձրևից պատսպարվել։ Ներսում հարցրի՝ արդյո՞ք նրան այցելել են։ Նա ասաց՝ ոչ, և ես սկսեցի վկայություն տալ։ Օգտագործելով «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեցինք։b Երբ վերջացրեցինք, Սեբաստիանը՝ արտասուքն աչքերին, խնդրեց մեզ նորից գալ և շարունակել ուսումնասիրել իր հետ»։
Ռահվիրաների մեկ այլ խումբ, որ այցելել էր Չիապաս, տեղեկացնում է. «Եհովայի օգնությամբ մենք լավ արդյունքների հասանք։ Առաջին շաբաթվա ընթացքում 27 ուսումնասիրություն սկսեցինք, երկրորդ շաբաթ՝ հրավիրեցինք մարդկանց դիտելու «Աստվածաշունչ. նրա ազդեցությունը ձեր կյանքում» տեսաֆիլմը։ Ներկա էին 60 հոգի, և բոլորին էլ այն շատ դուր եկավ։ Նպատակ ունեինք ֆիլմից հետո Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել մի խումբ մարդկանց հետ։ Ի զարմանս մեզ՝ այս գյուղում ուսումնասիրողների երկու խումբ կազմավորվեց։
«Նշանակված տարածքներում քարոզչությունը վերջացնելով՝ մենք վերադարձանք գյուղ՝ հետաքրքրված անհատներին ամրապնդելու և տեսնելու, թե ինչպես են գործում Աստվածաշնչի ուսումնասիրության խմբերը։ Մենք հրավիրեցինք նրանց Հանրային հանդիպման և «Դիտարանի» ուսումնասիրության։ Հանդիպումները անցկացնելու համար բավականաչափ մեծ տեղ չկար։ Այն անձը, որ ուսումնասիրող խմբին տրամադրել էր իր տունը, ցույց տվեց տան ետևում գտնվող բակը և ասաց. «Հանդիպումները կարող ենք այստեղ անցկացնել»»։
Շաբաթ–կիրակի օրերին երկու խմբերն էլ՝ թե՛ այցելած ռահվիրաները և թե՛ հետաքրքրվողները, ուրախությամբ օգնեցին նախապատրաստել բակը հանդիպումների անցկացման համար։ Առաջին հանդիպմանը ներկա էր 103 հոգի։ Այժմ այդ գյուղում Աստվածաշնչի 40 ուսումնասիրություն է անցկացվում։
«Հիանալի միջոցառում»
Քարոզչության մեջ հրաշալի արդյունքների հասնելուց բացի, ավետարանչական այս գործունեության մասնակիցներն իրե՛նք էլ մեծ օգուտներ քաղեցին։ Մարիա անունով մի երիտասարդ ռահվիրա, որը մասնակցել է այդ քարոզարշավներից մեկին, արտահայտում է իր զգացումները. «Այս միջոցառումը հիանալի էր՝ երկու պատճառներով. սկսեցի ավելի մեծ ուրախություն ստանալ քարոզչական ծառայությունից և Եհովայի հետ ավելի մտերմացա։ Մի անգամ, երբ սար էինք բարձրանում, ուժասպառ էինք եղել։ Եհովայից օգնություն խնդրելուց հետո զգացինք այն, ինչ նկարագրված է Եսայիա 40։29–31-ում. «Տիրոջն ապաւինողները կ’նորոգուին ոյժով»։ Մենք տեղ հասանք և աստվածաշնչյան ուսումնասիրություններ անցկացրեցինք մեզ ուրախությամբ ընդունող մարդկանց հետ։
Կլաուդիա անունով 17–ամյա մեկ ուրիշ ռահվիրա պատմում է. «Ես շատ օգուտներ քաղեցի. ծառայության մեջ ավելի փորձառու դարձա, ինչն ինձ մեծ ուրախություն պատճառեց և մղեց հոգևոր նպատակներ դնելու։ Նաև հոգևորապես հասունացա։ Եթե առաջ մայրս էր ամեն ինչ անում ինձ համար, ապա այժմ, ավելի մեծ փորձ ունենալով, ես առավել պատասխանատու եմ դարձել։ Օրինակ՝ ուտելիքի հարցում ես շատ քմահաճ էի։ Բայց այն բանից հետո, երբ ստիպված եղա հարմարվել տարբեր հանգամանքների, այլևս պահանջկոտ չեմ։ Իմ այս ծառայությունը նպաստեց, որ շատ լավ ընկերներ գտնեմ։ Մենք կիսում ենք մեր ունեցած ամեն ինչը և օգնում մեկս մյուսին»։
Բերկրալի հունձք
Ինչպիսի՞ն են այս առանձնահատուկ ջանքերի արդյունքները։ 2002 թ.–ի սկզբներին մոտ 28 300 ռահվիրաներ մասնակցել են այս երթուղուն։ Նրանք ավելի քան 140 000 Աստվածաշնչի ուսումնասիրություններ են անցկացրել, քարոզչությանը նվիրել են երկու մլն–ից ավելի ժամ։ Տարածել են մոտ 121 000 գիրք և 730 000 պարբերագիր՝ մարդկանց օգնելու Աստվածաշնչի ճշմարտությունը սովորել։ Որոշ ռահվիրաների համար սովորական բան է 20 և ավելի Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնելը։
Բոլոր նրանք, ովքեր ընդունել են սիրո այս դրսևորումը, երախտապարտ են այն արտակարգ ջանքերի համար, որ գործադրվել են Աստվածաշնչի պատգամը նրանց հասցնելու նպատակով։ Չնայած իրենց աղքատ ապրելակերպին՝ շատերը ստիպում են քարոզիչներին նվիրատվություններ ընդունել։ 70–ամյա մի ծեր կին միշտ որևէ բան է առաջարկում իրեն այցելող ռահվիրաներին։ Եթե նրանք մերժում են վերցնել, նա լաց է լինում։ Մի չքավոր ընտանիք լիաժամ քարոզիչներին ասում է, որ հավը հատուկ իրենց համար է ձու ածել, և համոզում է նրանց վերցնել։
Ինչն ավելի կարևոր է, այս անկեղծ մարդիկ իսկական գնահատանք են ցուցաբերում հոգևոր բաների հանդեպ։ Օրինակ՝ մի երիտասարդ կին երեք ու կես ժամ միայնակ քայլում է, որպեսզի ներկա գտնվի քրիստոնեական հանդիպումներին, և նա բաց չի թողնում դրանցից ոչ մեկը։ Մի տարեց հետաքրքրվող կին, չնայած ծնկների հետ կապված պրոբլեմներին, երկու ժամ ճանապարհ էր գնացել, որպեսզի օգտվեր շրջագայող վերակացուի այցելության ժամանակ տրվող աստվածաշնչյան ուսուցումից։ Ոմանք, ովքեր գրագետ չէին, ցանկացան գրել–կարդալ սովորել, որպեսզի կարողանան ավելի շատ օգտվել աստվածաշնչյան կրթությունից։ Նրանց գործադրած ջանքերը առատապես օրհնվում են։
«Գործք» գրքում Ղուկասը նկարագրում է մի տեսիլք, որ երևացել էր Պողոս առաքյալին. «Մէկ Մակեդոնացի մարդ կանգնած էր, աղաչում էր նորան՝ եւ ասում. Անցիր Մակեդոնիա՝ եւ օգնիր մեզ»։ Պողոսը պատրաստակամորեն ընդունեց այդ հրավերը։ Ներկայումս Մեքսիկայի հեռավոր շրջաններում շատերն են այդպիսի ոգի դրսևորում՝ պատրաստակամորեն հռչակելով բարի լուրը «մինչեւ երկրի ծայրերը» (Գործք 1։8; 16։9, 10)։
[ծանոթագրություններ]
a Անցյալ տարվա ընթացքում Մեքսիկայի ավելի քան 8 տոկոսը կանոնավորապես չի քարոզվել Եհովայի վկաների կողմից։ Սա նշանակում է, որ քարոզչությունը սահմանափակ բնույթ է կրում հեռավոր տարածքներում, որտեղ ապրում է ավելի քան 8 200 000 մարդ։
b Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[նկար 9–րդ էջի վրա]
Շատ մեքսիկացի Վկաներ մասնակցում են հատուկ քարոզչական գործունեությանը