Սրբապատկերներ. արմատները հնուց են գալիս
«Սրբապատկերները միջոց են Աստծո և Նրա Սրբերի բարությանն ու սրբությանը հաղորդակից լինելու»։ (ՀՈՒՆԱԿԱՆ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒ՝ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ԹԵՄ)
ՕԳՈՍՏՈՍՅԱՆ արևի բարկ ճառագայթները այրում էին ցեմենտե աստիճանները, որ տանում էին դեպի Էգեյան ծովի Տինոս կղզում գտնվող «Ամենասուրբ Աստվածամոր» վանքը։ Կիզիչ տապը, սակայն, չէր թուլացնում Հունական ուղղափառ եկեղեցու ավելի քան 25 000 ուխտավորների վճռականությունը՝ Հիսուսի մոր՝ շքեղությամբ ձևավորված սրբապատկերը տեսնելու, և նրանք դանդաղաքայլ առաջ էին ընթանում։
Իր անուժ ոտքերով հազիվ քայլում էր մի երիտասարդ կաղ աղջիկ՝ ցավի ու հուսալքության դրոշմը դեմքին։ Նրա կողքով, ոտքերը հազիվ քարշ տալով, գնում էր հոգնած մի կին, որ եկել էր երկրի մյուս ծայրից։ Միջին տարիքի մի տղամարդ՝ քրտնած ու անհամբեր, փորձում էր ամբոխի հրմշտոցի մեջ ճանապարհ բացել իր համար։ Նրանց նպատակն էր՝ համբուրել Մարիամի սրբապատկերը ու խոնարհվել նրա առջև։
Կրոնավոր այս մարդկանց՝ Աստծուն ծառայելու ցանկությունը, անկասկած, անկեղծ էր։ Սակայն նրանցից քանի՞սը գիտեին, որ սրբապատկերների հանդեպ նման անձնվիրությունը ծագում է այնպիսի սովորույթներից, որ սկիզբ են առել քրիստոնեությունից դարեր առաջ։
Ինչ տարածում ունեն սրբապատկերները
Ուղղափառ աշխարհում ամենուր կարելի է սրբապատկերներ տեսնել։ Եկեղեցիներում Հիսուսի, Մարիամի ու «սրբերից» շատերի պատկերները գտնվում են աչքի ընկնող տեղերում։ Հաճախ հավատացյալ մարդիկ համբույրներով և խունկ ու մոմ վառելով մեծարում են դրանք։ Բացի այդ, գրեթե բոլոր ուղղափառները իրենց տանը սրբապատկերների անկյուն ունեն, որտեղ աղոթքներ են ասում։ Ուղղափառ քրիստոնյաների խոսքերով՝ նրանց առջև երկրպագություն մատուցելիս նրանք իրենց ավելի մոտ են զգում Աստծուն։ Շատերը հավատում են, թե սրբապատկերներն օժտված են աստվածային զորությամբ և հրաշքներ գործելու կարողությամբ։
Ըստ երևույթին, կրոնասեր այդ մարդիկ շատ կզարմանան, եթե իմանան, որ առաջին դարում ապրած քրիստոնյաները դեմ էին երկրպագության մեջ սրբապատկերների գործածմանը։ Մի գրքում ասվում է. «Առաջին քրիստոնյաները, որ կռապաշտության հանդեպ անբարյացակամ վերաբերմունք էին ժառանգել հուդայականությունից, հավանություն չէին տալիս որևէ սրբի նկարի մեծարմանը» («Byzantium»)։ Նույն գիրքն ասում է. «Հինգերորդ դարից սկսած՝ սրբապատկերները.... սկսեցին լայնորեն օգտագործվել երկրպագության մեջ՝ թե՛ մասսայական արարողությունների ժամանակ և թե՛ անհատապես»։ Եթե սրբապատկերներ գործածելու սովորությունը չի եկել առաջին դարի քրիստոնեությունից, հարց է առաջանում, թե որտեղից է այն ծագել։
Սրբապատկերների հետքերով
Այս հարցի հետազոտմամբ զբաղվող Վիտալի Իվանովիչ Պետրենկոն գրում է. «Պատկերների գործածումը և դրա հետ կապված ավանդույթները գալիս են նախաքրիստոնեական ժամանակաշրջանից և սկիզբ են առնում հեթանոսությունից»։ Շատ պատմաբաններ այն կարծիքին են, որ հին Բաբելոնում, Եգիպտոսում և Հունաստանում ընդունված է եղել երկրպագություն մատուցել սրբապատկերների առջև։ Հին Հունաստանում մարդիկ սովորաբար արձաններ են գործածել՝ հավատալով, թե դրանք օժտված են աստվածային զորությամբ։ Նրանք կարծել են, թե դրանցից մի քանիսը ոչ թե ձեռքով են պատրաստվել, այլ իջեցվել են երկնքից։ Որոշ տոնակատարությունների ժամանակ շքերթներ են կազմակերպվել և արձանները անցկացվել են քաղաքի փողոցներով, ու մարդիկ զոհեր են մատուցել դրանց։ «Կրոնասեր մարդկանց կարծիքով՝ երկրպագել պատկերներին՝ նշանակում էր երկրպագել տվյալ աստվածությանը, չնայած որ ջանքեր էին գործադրվում...., որպեսզի մարդիկ կարողանային տեսնել տարբերությունը աստվածության ու նրա պատկերի միջև»,— ասում է Պետրենկոն։
Ինչպե՞ս ստացվեց, որ նման գաղափարներն ու սովորույթները ներթափանցեցին քրիստոնեության մեջ։ Պետրենկոն գրում է, որ Քրիստոսի առաքյալների մահից մի քանի դար անց, հատկապես Եգիպտոսում, «քրիստոնեական գաղափարները բախվեցին հեթանոսության հետ, որն իրենից ներկայացնում էր եգիպտական, հունական, հրեական, արևելյան և հռոմեական սովորույթների ու հավատալիքների մի խառնուրդ, և որը գոյություն ուներ քրիստոնեության կողքին»։ Որպես հետևանք՝ ««քրիստոնեություն» ստեղծող «արհեստավորները» միջդավանանքային մեթոդով հեթանոսական սիմվոլներին նոր տեսք հաղորդեցին և մտցրին քրիստոնեության մեջ՝ դրանք ամբողջովին չմաքրազարդելով, սակայն, հեթանոսական տարրերից»։
Շուտով սրբապատկերները կենտրոնական տեղ զբաղեցրին հոգևոր կյանքում՝ թե՛ մասսայաբար և թե՛ անհատապես կատարվող երկրպագության մեջ։ Այդ մասին պատմաբան Ուիլ Դյուրանտը հետևյալ մեկնաբանությունն է անում. «Քանի որ սրբերի թիվը գնալով մեծանում էր, նրանց տարբերելու և հիշելու անհրաժեշտություն առաջացավ. ուստի մեծ քանակությամբ նկարներ էին պատրաստվում՝ Մարիամի և այդ սրբերի պատկերներով։ Ինչ վերաբերում է Քրիստոսին, ապա պաշտամունքի առարկա դարձավ ոչ միայն նրա պատկերը, այլև նրա խաչը. իսկ դյուրահավատ որոշ մարդկանց համար դրանք նույնիսկ թալիսման դարձան։ Երևակայության բնածին մղումով՝ սուրբ նշխարները, նկարներն ու արձանիկները դարձան պաշտամունքի առարկա. մարդիկ խոնարհվում, խունկ ու մոմ էին վառում դրանց առջև, համբուրում էին, զարդարում ծաղիկներով և սպասում էին, որ դրանց խորհրդավոր ազդեցության հետևանքով հրաշք տեղի կունենա.... Եկեղեցու հայրերը, ինչպես նաև եկեղեցական ժողովները նորից ու նորից բացատրություններ էին տալիս, որ պատկերները աստվածություն չեն հանդիսանում, այլ ուղղակի հիշեցնում են նրա մասին, բայց ժողովուրդը ուշադրություն չէր դարձնում նման բացատրություններին» («The Age of Faith»)։
Այսօր նույնպես սրբապատկերներ օգտագործող շատ մարդիկ ասում են, որ դրանք պարզապես մեծարանքի առարկաներ են և ոչ թե պաշտամունքի։ Նրանք կարող են անգամ այն կարծիքը հայտնել, թե նման նկարների գործածությունը ճիշտ է, նույնիսկ՝ անհրաժեշտ, քանի որ դա օգնում է երկրպագել Աստծուն։ Հնարավոր է՝ դուք էլ եք այդպես մտածում։ Սակայն հարցն այն է, թե ինչ է այդ մասին մտածում Աստված։ Գուցե մեծարելով սրբապատկերները՝ իրականում երկրպագությո՞ւն ենք մատուցում դրանց։ Գուցե նման սովորույթները իրականում իրենցից վտա՞նգ են ներկայացնում...
[շրջանակ/նկար 4–րդ էջի վրա]
Ի՞նչ է սրբապատկերը
Սրբապատկերները, ի տարբերություն կաթոլիկ աշխարհում լայն տարածում ունեցող արձանիկների, հարթ պատկերներ են, որոնց վրա սովորաբար նկարված են Քրիստոսը, Մարիամը, «սրբերը», հրեշտակներ, աստվածաշնչյան դեմքեր ու դեպքեր, ինչպես նաև ուղղափառ եկեղեցու պատմության մեջ տեղի ունեցած իրադարձություններ։ Սովորաբար դրանք նկարվում են փայտե տախտակների վրա։
Ըստ ուղղափառ եկեղեցու՝ «սրբապատկերներում սրբերը նման չեն սովորական մահկանացուներին»։ Բացի այդ, այնտեղ «տեսարանները հակառակ սկզբունքով են պատկերված», այսինքն՝ առարկաների չափերը հեռավորությանը զուգընթաց մեծանում են, ոչ թե փոքրանում։ Սովորաբար, այդպիսի նկարների վրա «ստվերներ չկան, և որևէ ձևով ցույց չի տրվում՝ գիշեր է, թե ցերեկ»։ Մարդիկ հավատում են, որ նույնիսկ սրբապատկերի ներկի ու փայտի մեջ «կա Աստծո շունչը»։
[նկար 4–րդ էջի վրա]
Պատկերների գործածությունը սկիզբ է առնում հեթանոսական սովորույթներից
[նկար 3–րդ էջի վրա. թույլտվությամբ]
© AFP/CORBIS