Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 7/1 էջ 5–8
  • Երկրպագեք Աստծուն ոգով

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երկրպագեք Աստծուն ոգով
  • 2002 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչյան հստակ ուսուցում
  • Թաքնված վտանգ
  • «Սրբերին» կամ Մարիամին աղոթելը
  • Պահպանեք Աստծո հետ ձեր հարաբերությունները
  • Սրբապատկերներ. արմատները հնուց են գալիս
    2002 Դիտարան
  • Ինչո՞ւ Եհովայի վկաները սրբապատկերներ չեն օգտագործում
    2009 Դիտարան
  • Կեղծ ուսմունք 6. Աստծուն ընդունելի են սրբապատկերները
    2009 Դիտարան
  • Ինչպես առաջարկել պարբերագրերը
    2002 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2002 Դիտարան
w02 7/1 էջ 5–8

Երկրպագեք Աստծուն ոգով

«Ո՞ւմ էք նմանեցնում Աստուծուն, եւ ի՞նչ նմանութիւն հավասարացնում նորան» (ԵՍԱՅԻԱ 40։18)։

Երևի թե անկեղծորեն հավատում եք, որ երկրպագության մեջ սրբապատկերներ օգտագործելը ընդունելի է Աստծուն։ Գուցե այդպիսով ձեզ ավելի մոտ եք զգում աղոթքներ Լսողին, որն անտեսանելի է և այդ իսկ պատճառով թվում է անդեմ ու վերացական։

Սակայն մի՞թե մենք ազատ ենք ընտրելու, թե ինչպես է հարկավոր մոտենալ Աստծուն։ Մի՞ թե Աստված չէ, որ պետք է որոշի, թե ինչն է իր համար ընդունելի, և ինչը՝ ոչ։ Խոսելով այն մասին, թե Աստված ինչ տեսակետ ունի տվյալ հարցի վերաբերյալ՝ Հիսուսն ասաց. «Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտութիւնը եւ Կեանքը Ոչ ոք չի գայ Հօր մօտ, եթէ ոչ՝ ինձանով» (Յովհաննէս 14։6)։ Միայն այդ խոսքերը բավական են սրբապատկերներ ու սուրբ համարվող այլ առարկաներ օգտագործելուց հրաժարվելու համար։

Սակայն կա երկրպագության մի ձև, որը ընդունելի է Եհովա Աստծուն։ Ո՞րն է այն։ Հիսուսն ասել է. «Կը գայ ժամանակը, եւ արդէն իսկ եկել է, երբ ճշմարիտ երկրպագուները կ’երկրպագեն Հօրը հոգով եւ ճշմարտութեամբ, քանի որ Հայրն էլ իրեն այդպիսի երկրպագուներ է ուզում Հոգի է Աստուած, եւ նրա երկրպագուները պէտք է հոգով [«ոգով», ՆԱ] եւ ճշմարտութեամբ երկրպագեն» (Յովհաննէս 4։23, 24)։

Մի՞թե Աստծուն, որ ոգեղեն անձնավորություն է, հնարավոր է պատկերել ֆիզիկական տեսքով։ Ո՛չ։ Որքան էլ գեղեցիկ լինի սրբապատկերը, այն երբեք չի կարող համեմատվել Աստծո փառքի վեհության հետ։ Ուստի «Աստծո պատկերը» երբեք չի կարող ներկայացնել նրան այնպես, ինչպիսին է նա իրականում (Հռովմայեցիս 1։22, 23)։ Մի՞թե անհատը ‘ճշմարտությամբ երկրպագելիս’ կլինի Աստծուն, եթե փորձի մոտենալ նրան մարդու ձեռքով պատրաստված որևէ սրբապատկերի միջոցով։

Աստվածաշնչյան հստակ ուսուցում

Աստծո Օրենքով արգելվում էր երկրպագության համար պատկերներ պատրաստելը։ Տասը պատվիրաններից երկրորդում ասվում է. «Քեզ համար կուռք չ’շինես, եւ ոչ վերը երկնքումը՝ կամ ցածը երկրի վերայ՝ կամ երկրի տակի ջրերումը եղած բաների մէկ նմանութիւնը. նորանց երկրպագութիւն չ’անես, եւ նորանց չ’պաշտես» (Ելից 20։4, 5)։ Նման պատվեր է տրվում նաև Աստծո կողմից ներշնչված Քրիստոնեական Գրություններում, որտեղ կարդում ենք. «Փախէ՛ք կռապաշտութիւնից» (Ա Կորնթացիս 10։14)։

Ճիշտ է, շատերն են առարկում՝ ասելով, թե երկրպագության մեջ պատկերներ օգտագործելը կռապաշտություն չէ։ Ուղղափառները, օրինակ, հաճախ ժխտում են, որ սրբապատկերների առջև խոնարհվելով, ծնկի գալով և աղոթելով՝ իրականում երկրպագություն են մատուցում դրանց։ Ուղղափառ եկեղեցու մի քահանա գրում է. «Մենք մեծարում ենք Սրբապատկերները, քանի որ նրանք սուրբ առարկաներ են, և քանի որ ակնածում ենք այն ամենից, ինչ պատկերված է նրանց վրա»։

Բայց հարց է մնում՝ արդյո՞ք սրբապատկերներ օգտագործելը, նույնիսկ եթե դա արվում է «պազապես մեծարելու» նպատակով, ընդունելի է Աստծուն։ Աստվածաշնչում նման բան փաստող որևէ միտք չկա։ Ընդհակառակը՝ երբ իսրայելացիները երկրպագության նպատակով հորթ պատրաստեցին՝ պնդելով, թե դա Եհովային փառավորելու համար է, Աստված ցույց տվեց, որ շատ դժգոհ է նրանց այդ արարքից՝ ասելով, որ նրանք ուրացել են իրեն (Ելից 32։4–7)։

Թաքնված վտանգ

Երկրպագության մեջ առարկաներ օգտագործելը իրենից վտանգ է ներկայացնում, քանզի հեշտությամբ կարող է մարդուն դրդել պաշտելու տվյալ առարկան և ոչ թե Աստծուն, որին, ինչպես ենթադրվում է, ներկայացնում է այդ առարկան։ Այլ կերպ ասած՝ սրբապատկերները կարող են կռապաշտության ծուղակը գցել։

Հնում նման բան տեղի ունեցավ իսրայելացիների հետ։ Երբ նրանք անապատում էին, Մովսեսը պղնձե մի օձ պատրաստեց։ Ձողի վրա ամրացված այդ օձի սկզբնական նշանակությունն այն էր, որ ծառայի որպես բժշկման միջոց. նա, ով իսկական օձի կողմից խայթվելուց հետո նայում էր պղնձե օձին, ստանում էր Աստծո օգնությունը։ Սակայն, երբ իսրայելացիները հաստատվեցին Ավետյաց երկրում, նրանք, ինչպես երևում է, այդ օձը կուռքի վերածեցին. կարծես՝ բուժելու զորությունը նրանից էր դուրս գալիս։ Նրանք խունկ էին վառում օձի առջև, նույնիսկ անուն էին դրել նրան՝ Նեեսթան (Թուոց 21։8, 9; Դ Թագաւորաց 18։4, Արևմտ. Աստ.)։

Բացի այդ, իսրայելացիները իրենց թշնամիների դեմ որպես թալիսման փորձում էին օգտագործել ուխտի տապանակը, և դա աղետալի հետևանքների էր բերում (Ա Թագաւորաց 4։3, 4; 5։11)։ Իսկ Երեմիայի օրերում Երուսաղեմի բնակիչները ավելի շատ մտածում էին տաճարի մասին, քան այնտեղ պաշտվող Աստծո (Երեմիա 7։12–15)։

Աստծո փոխարեն՝ առարկաներ պաշտելու տենդենցը նկատելի է նաև այսօր։ Վիտալի Իվանովիչ Պետրենկոն գրում է. «Սրբապատկերը.... դառնում է երկրպագության առարկա և մարդուն կռապաշտության մեջ գցելու վտանգ է ներկայացնում.... Հարկավոր է ընդունել, որ սրբապատկերներ պաշտելն, ըստ էության, այսօրվա հավատալիքների մեջ մտած հեթանոսական գաղափար է»։Նմանապես՝ Դիմիտրիոս Կոնստանտելոսը (Հունական ուղղափառ եկեղեցու քահանա) գրում է. «Քրիստոնյան հեշտությամբ կարող է սրբապատկերը պաշտամունքի առարկայի վերածել» («Understanding the Greek Orthodox Church»)։

Այն պնդումը, թե սրբապատկերները զուտ երկրպագության մեջ նախատեսված օժանդակ միջոցներ են, չի համապատասխանում իրականությանը։ Տեսնենք, թե ինչու։ Վաղուց մահացած այդ անհատների՝ Մարիամի ու «սրբերի» որոշ պատկերներ համարվում են նվիրվածության ավելի արժանի և ավելի օգտակար, քան նույն անհատների մյուս սրբապատկերները. մի՞թե այդպես չէ։ Օրինակ՝ Հունաստանի Տինոս կղզում ու նույն երկրի հյուսիսում գտնվող Սումելա վանքում կան Մարիամի երկու տարբեր սրբապատկերներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նվիրյալ ուղղափառ երկրպագուները։ Այդ խմբերից յուրաքանչյուրին պատկանող մարդիկ հավատացած են, որ իրենց սրբապատկերը ավելի բարձր է և հրաշքներ գործելու ավելի մեծ զորություն ունի, քան մյուսը, չնայած որ երկուսն էլ նույն՝ վաղուց մահացած անհատին են պատկերում։ Փաստորեն՝ մարդիկ զորություններ են վերագրում որոշ սրբապատկերների և պաշտում են դրանք։

«Սրբերին» կամ Մարիամին աղոթելը

Իսկ ի՞նչ կարելի է ասել Մարիամի կամ «սրբերի» մեծարման մասին։ Սատանայի կողմից փորձվելիս Հիսուսը հիշատակեց Բ Օրինաց 6։13–ը, որտեղ գրված են հետևյալ խոսքերը. «Պիտի երկրպագես քո Տէր Աստծո՛ւն եւ միայն նրա՛ն պիտի պաշտես» (Մատթէոս 4։10)։ Իսկ ավելի ուշ նա ասաց, որ ճշմարիտ երկրպագուները պետք է երկրպագեին «Հօրը», ոչ թե որևէ այլ անհատի (Յովհաննէս 4։23)։ Այս բանի գիտակցումով էր, որ հրեշտակը կշտամբեց իրեն երկրպագելու փորձ կատարող Հովհաննես առաքյալին՝ ասելով. «Մի անիր [այդ].... Աստուծուն երկրպագիր» (Յայտնութիւն 22։9, ԱԹ)։

Տեղի՞ն է արդյոք աղոթել Հիսուսի երկրային մորը՝ Մարիամին, կամ որևէ «սրբի»՝ խնդրելով, որ նրանք մեզ համար միջնորդեն Աստծուն։ Աստվածաշունչը պարզ պատասխան է տալիս՝ ասելով. «Մէ՛կ Աստուած կայ եւ մէ՛կ միջնորդ՝ Աստծու եւ մարդկանց միջեւ. Յիսուս Քրիստոս՝ մարդը» (Ա Տիմոթէոս 2։5)։

Պահպանեք Աստծո հետ ձեր հարաբերությունները

Երկրպագության մեջ սրբապատկերներ օգտագործելը հակասում է Աստվածաշնչի հստակ ուսուցումներին և չի կարող օգնել մարդկանց Աստծո բարեհաճությունը շահելու և փրկություն ստանալու հարցում։ Ընդհակառակը՝ Հիսուսի խոսքերի համաձայն՝ հավիտենական կյանքը կախված է միակ ճշմարիտ Աստծո մասին գիտելիքներ ձեռք բերելուց, նրա անզուգական էությանը ծանոթանալուց, ինչպես նաև նրա նպատակների ու մարդկանց հետ վարվելու կերպի մասին տեղեկանալուց (Յովհաննէս 17։3)։ Սրբապատկերները, որ ո՛չ տեսնում են, ո՛չ զգում և ո՛չ էլ խոսում, չեն կարող օգնել որևէ մեկին՝ Աստծուն ճանաչելու և նրան ընդունելի երկրպագություն մատուցելու (Սաղմոս 115։4–8)։ Այդ կարևորագույն գիտելիքները կարելի է ձեռք բերել միայն Աստծո Խոսքը՝ Աստվածաշունչը, ուսումնասիրելու միջոցով։

Անօգուտ լինելուց բացի, սրբապատկերների օգտագործումը կարող է վնասակար լինել հոգևոր առումով։ Ինչպե՞ս։ Նախ դա կարող է վնաս հասցնել Եհովայի հետ մեր ունեցած փոխհարաբերություններին։ Իսրայելացիների վերաբերյալ, որ «գարշելի բաներով նորան բարկացրին», Աստված ասաց. «Երեսս [կ]ծածկեմ նորանցից» (Բ Օրինաց 32։16, 20)։ Աստծո հետ իրենց հարաբերությունները վերականգնելու համար նրանք պետք է ‘զզվեին.... կուռքից’ (Եսայիա 31։6, 7)։

Ուրեմն՝ որքան տեղին է Գրություններում տրվող հետևյալ խորհուրդը. «Որդեակնե՛ր, հեռո՛ւ պահեցէք դուք ձեզ կռապաշտութիւնից» (Ա Յովհաննէս 5։21)։

[շրջանակ 6–րդ էջի վրա]

Անհատներ, որոնց օգնեցին երկրպագել ոգով

Օլիվերան Ալբանիայի ուղղափառ եկեղեցու նվիրյալներից էր։ Եվ նույնիսկ երբ 1967 թ.–ին այդ երկրում կրոնն արգելվեց, նա շարունակում էր գաղտնի կերպով դավանել այն։ Իր փոքրիկ թոշակը Օլիվերան հիմնականում ծախսում էր ոսկուց ու արծաթից պատրաստված սրբապատկերներ, խունկ ու մոմ գնելու վրա։ Դրանք իր անկողնու մեջ թաքցնելով՝ նա հաճախ քնում էր մահճակալի մոտ գտնվող աթոռին՝ վախենալով, որ ինչ–որ մեկը կարող է տեսնել այդ պատկերները կամ գողանալ դրանք։ 1990–ականների սկզբին նրան այցելեցին Եհովայի վկաները։ Զրուցելով նրանց հետ՝ Օլիվերան հասկացավ, որ նրանց լուրը աստվածաշնչյան ճշմարտություն է պարունակում։ Օլիվերան իմացավ, որ ըստ Աստվածաշնչի՝ ճշմարիտ երկրպագությունը պետք է իրականացվի ոգով։ Նա նաև հասկացավ, թե ինչպես է Աստված նայում սրբապատկերների գործածությանը (Յովհաննէս 4։24)։ Ամեն անգամ Օլիվերային այցելելիս նրա հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնող Վկան նկատում էր, որ սրբապատկերները գնալով պակասում են։ Ի վերջո ոչ մի սրբապատկեր չմնաց։ Ահա թե ինչ ասաց Օլիվերան իր մկրտությունից հետո. «Այժմ անօգուտ սրբապատկերների փոխարեն՝ Եհովայի սուրբ ոգին ունեմ։ Այնքան երախտապարտ եմ, որ նրա ոգին ստանալու համար սրբապատկերների կարիք չկա»։

Աթենասը, որն ապրում է Հունաստանի Լեսբոս կղզում, ուղղափառ եկեղեցու ամենաակտիվ անդամներից էր։ Նա երգում էր եկեղեցու երգչախմբում և ամենայն բծախնդրությամբ հետևում կրոնական սովորույթներին, օրինակ՝ սրբապատկերներ էր օգտագործում։ Եհովայի վկաները օգնեցին Աթենասին հասկանալու, որ իր սովորած բոլոր բաները չէ, որ համապատասխանում են Աստվածաշնչին։ Դրանց մեջ էր մտնում նաև երկրպագության մեջ սրբապատկերների ու խաչերի գործածությունը։ Աթենասն ասաց, որ անձամբ կզբաղվի այդ հարցի հետազոտմամբ և կպարզի, թե ինչ ծագում ունեն այդ առարկաները։ Տարբեր աղբյուրների օգնությամբ խորը հետազոտություն կատարելուց հետո նա համոզվեց, որ այդ առարկաները ի սկզբանե քրիստոնեական չեն եղել։ Աստծուն ոգով երկրպագելու ցանկությունից մղված՝ նա ձերբազատվեց իր մոտ եղած սրբապատկերներից՝ հաշվի չառնելով նույնիսկ նրանց գինը։ Աստծուն հոգևորապես մաքուր և ընդունելի ձևով երկրպագելու համար Աթենասը պատրաստ էր ամեն տեսակի զոհողությունների (Գործք 19։19)։

[շրջանակ/նկար 7–րդ էջի վրա]

Սրբապատկերներ. արվեստի գո՞րծ

Վերջին տարիներին աշխարհի շատ վայրերում ստեղծվել են ուղղափառ եկեղեցու սրբապատկերների հավաքածուներ։ Կոլեկցիոներների կողմից սրբապատկերները հաճախ դիտվում են ոչ թե որպես հավատի հետ կապված սուրբ առարկաներ, այլ որպես բյուզանդական մշակույթը ներկայացնող իրեր։ Սովորական երևույթ է՝ իրեն աթեիստ անվանող մարդու տանը կամ գրասենյակում բազմաթիվ նման սրբապատկերներ տեսնել. դա նրանց համար զարդ է միայն։

Իսկական քրիստոնյաները, սակայն, չպետք է անտեսեն այն հանգամանքը, թե որն է սրբապատկերների պատրաստման բուն նպատակը. դրանք պաշտամունքի առարկաներ են։ Թեև քրիստոնյաները ուրիշներին չեն արգելում սրբապատկերներ պահել, քանի որ դա այդ մարդկանց իրավունքն է, իրենք անձամբ սրբապատկերներ չեն պահում, նույնիսկ՝ զուտ որպես արվեստի գործ։ Դա համապատասխանում է Բ Օրինաց 7։26–ում արձանագրված սկզբունքին. «Մի գարշելի բան [երկրպագության համար օգտագործվող պատկերներ, առարկաներ] տունդ մի տանիր, որ դու էլ նորա պես նզովուած չ’լինես. բոլորովին զզուիր նորանից, եւ շատ գարշելի համարիր նորան»։

[նկար 7–րդ էջի վրա]

Աստված չի թույլատրում երկրպագության մեջ պատկերներ օգտագործել

[նկար 8–րդ էջի վրա]

Աստվածաշնչի գիտությունը օգնում է երկրպագել Աստծուն ոգով

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը