Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 2/15 էջ 30–31
  • Նոյի տապան. փրկության միջոց

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նոյի տապան. փրկության միջոց
  • 2002 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Կառուցվածքն ու չափերը
  • Մեծ տարողություն
2002 Դիտարան
w02 2/15 էջ 30–31

Նոյի տապան. փրկության միջոց

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ Ջրհեղեղից (մ.թ.ա. 2370–2369 թթ.) փրկված անձինք դարձան մարդկության նախահայրերը։ Նրանց փրկության միջոցը Նոյի տապանն էր (Տես՝ «Գրությունների ըմբռնում», հ. 1, էջ 609–612; հ. 2, էջ 506–508, անգլ.)։ Եհովան Նոյին մանրամասն հրահանգներ էր տվել տապանի չափերի, ձևի, լուսավորություն և օդափոխություն ապահովող կառուցվածքի ու նրա կառուցման համար անհրաժեշտ նյութերի վերաբերյալ (Ծննդոց 6։14–16)։

Կառուցվածքն ու չափերը

Տապանը (եբր.՝ «թեվահ»; հուն.՝ «կիբոտոս») ուղղանկյուն, արկղանման նավ էր, որն ըստ երևույթին չորս անկյուն և ուղիղ հատակ ուներ։ Կլորավուն հատակի կամ ջուրը արագորեն կտրող–անցնող սրածայր քթի, ինչպես նաև տապանը վարելու անհրաժեշտություն չկար, քանի որ նրա միակ նշանակությունը անջրանցիկությունը ապահովելն ու ջրի մակերևույթին լողալն էր։ Այդպիսի կառուցվածք ունեցող նավը շատ ամուր էր և հեշտությամբ շուռ չէր գա, իսկ նրա մակերեսը մեկ երրորդով ավելի մեծ էր ժամանակակից նավերի մակերեսից։ Բեռնավորման ու բեռնաթափման համար այն դուռ ուներ։

Տապանի չափերն էին. երկարությունը՝ 300 կանգուն, լայնությունը՝ 50 կանգուն և բարձրությունը՝ 30 կանգուն։ Եթե ընդունենք, որ մեկ կանգունը, չափավոր հաշվարկներով, հավասար է 44,5 սմ–ի (ոմանց կարծիքով՝ հնում կանգունը հավասար էր մոտավորապես 56–61 սմ–ի), ապա տապանի չափերը պիտի լինեին՝ 133,5 մ–ը 22,3 մ–ի և 13,4 մ–ի վրա. իսկ դա կազմում է «Քուին Էլիզաբեթ 2» օվկիանոսային շոգենավի երկարության գրեթե կեսը։ Ի դեպ, երկարության և լայնության այդ հարաբերությունը (6–ը 1–ի վրա) օգտագործվում է ժամանակակից նավաշինության մեջ։ Շնորհիվ այդ հարաբերության՝ տապանի ծավալը կազմում է մոտ 40 000 խորանարդ մետր։ Որոշ հաշվարկներով՝ այդպիսի նավը նույն ջրատարողությունը պետք է ունենար, ինչ 20–րդ դարի հզոր նավերից մեկը՝ «Տիտանիկը» (269 մ)։ Հնում կառուցված ոչ մի նավ իր չափերով չէր կարող հավասարվել տապանին՝ նույնիսկ մոտավորապես։ Ներսից տապանի ամրությանը նպաստում էր նաև այն, որ վերջինս երեք հարկ ուներ, որոնց մակերեսը, միասին վերցված, հավասար էր 8,900 քառակուսի մետրի։

Նոյին ասվեց. «Տապանին լուսամուտ [եբրայերեն՝ «ծոհար», որը նշանակում է «տանիք» կամ «պատուհան»] շինես» (Ծննդոց 6։16)։ Ինչ էր այդ և ինչպես էր կառուցվել, ճշգրտությամբ հայտնի չէ։ Որոշ գիտնականների կարծիքով՝ «ծոհարը» նշանակում է «պատուհան», այդ պատճառով էլ նրանք թարգմանել են այդ բառը որպես՝ «լուսամուտ» (ԱԹ, Արևմտ. Աստ.), իսկ որոշ անգլերեն թարգմանություններում էլ՝ «լուսանցք» կամ «տեղ լույսի համար»։ Ոմանք էլ «ծոհարը» կապում են ավելի ուշ առաջացած՝ արաբերենի մի արմատի հետ, որը նշանակում է՝ «(ձեռքի) հետևի մաս», «(կենդանու) մեջք», «(նավի) տախտակամած», այսինքն՝ մի մաս, որը հեռու է հատակից կամ ջրից, և այդ պատճառով էլ թարգմանել են այն որպես «տանիք»։ Ինչպես ասվել էր Նոյին, «ծոհարը» պիտի լիներ «մինչեւ մեկ կանգուն.... վերեւիցը» (Ծննդոց 6։16)։

Ուստի, ամենայն հավանականությամբ, «ծոհարը», որը կարող էր ապահովել թե՛ լուսավորությունը և թե՛ օդափոխությունը, ոչ թե մեկ քառակուսի կանգուն մակերես ունեցող մի «դիտանցք» էր, այլ՝ տապանի չորս կողմում՝ տանիքի մոտ գտնվող, մեկ կանգուն բարձրությամբ մի բացվածք՝ 140 քառակուսի մետր մակերեսով։ Մյուս կողմից՝ ընդունելով օդափոխության համար տանիքի տակ կամ որևէ այլ տեղում բավական մեծ բացվածքի հնարավորությունը՝ կարելի է ենթադրել, որ տանիքը, ըստ երևույթին, մի փոքր անկյունաձև է եղել։ Այդ մասին Ջեյմս Արմսթրոնգը գրում է. «Դժվար է հասկանալ «Մինչեւ մեկ կանգուն կատարես նորան վերեւիցը» խոսքերը, քանի որ «ծոհարը» կարելի է թարգմանել և՛ որպես «լուսանցք», և՛ որպես «հարթ մակերևույթ՝ տանիք»։ Նույնիսկ եթե եռանկյունաձև տանիքի գաղափարը ենթադրություն է, ‘մեկ կանգուն վերևից’ արտահայտությունը կարող է նշանակել տանիքի անկյան բարձրությունը պատերի եզրից։ Ժամանակակից ճարտարապետական լեզվով ասած՝ ‘մեկ կանգունը’ սյուների բարձրությունն էր, որոնց միջև ընկած էր երկայնակի գերանը.... Ըստ բերված փաստարկի՝ նախատեսված էր, որ Նոյի տապանի տանիքը ունենար չորս տոկոս թեքում (1 կանգուն՝ 25 կանգուն բարձրությամբ պատից մինչև տանիքի ծայրը), ինչը հնարավորություն էր տալիս, որ անձրևաջուրը տանիքից ցած թափվեր» («Vetus Testamentum», Լեյդեն, 1960 թ., էջ 333, անգլ.)։

Եհովան նաև պարզ ցուցումներ տվեց տապանի կառուցման համար անհրաժեշտ նյութերի վերաբերյալ. «Արդ դու քեզի համար խիժաբեր փայտից [բառացի՝ գոֆեր ծառից] մի տապան շինիր» (Ծննդոց 6։14)։ Ոմանց կարծիքով՝ այստեղ նշված խիժաբեր փայտը նոճին է կամ նման մի ծառ։ Այդ տարածքը հարուստ էր այսօր «նոճի» անունը կրող ծառերով։ Այդ ծառին նախապատվություն էին տալիս փյունիկեցիները, ինչպես նաև Ալեքսանդր Մեծը՝ օգտագործելով այն նավաշինության մեջ։ Այդպես է նաև այսօր։ Բանն այն է, որ այն անջրանցիկ է և շատ ուշ է փտում։ Ասում են՝ նոճուց պատրաստված դռներն ու սյուները կարող են դիմանալ 1 100 տարի։ Բացի այդ, Եհովան պատվիրեց Նոյին կուպրով ծեփել ոչ միայն ճեղքերը, այլև՝ «նորան.... ներսիցը եւ դրսիցը» (Տես՝ «Գրությունների ըմբռնում», հ. 1, էջ 337)։

Մեծ տարողություն

Բավական տպավորիչ էր տապանի ուղևորների կազմը. Նոյից, իր կնոջից ու երեք տղաներից, ինչպես նաև նրանց կանանցից բացի, նավի վրա կար ամեն կենդանի արարածներից «եւ ամեն մարմնից երկու երկու հատ»։ «Արու եւ էգ լինին։ Թռչուններիցն իրանց տեսակի պէս, եւ անասուններիցն իրանց տեսակի պէս, երկրի բոլոր սողուններիցն իրանց տեսակի պէս, երկու երկու հատ ամենիցը քեզ մօտ գան, որ ապրին»։ Իսկ մաքուր համարվող կենդանիների ու թռչունների յուրաքանչյուր տեսակից յոթ հատ պետք է վերցվեր։ Նավի վրա պետք է նաև հավաքվեր մեծ քանակությամբ բազմազան ուտելիք բոլոր այս արարածների համար՝ ավելի քան մեկ տարվա պաշար (Ծննդոց 6։18– 21; 7։2, 3)։

«Տեսակներ» բառը վերաբերում է Արարչի կողմից հաստատված՝ բացահայտ և փոփոխության չենթարկվող առանձին կենդանական խմբերին, որոնց սահմաններում կենդանիները կարող են բազմանալ «իրանց տեսակի պէս»։ Որոշ հաշվարկներով՝ կենդանական աշխարհում այսօր գոյություն ունեցող հարյուր հազարավոր տարատեսակները կարող են բաժանվել համեմատաբար ավելի քիչ ընտանիքների՝ «տեսակների». օրինակ՝ ձիերի տեսակ, կովերի տեսակ և այլն։ Եհովայի կողմից սահմանված առանձին կենդանական խմբերին պատկանող տարատեսակները չէին կարող և չէին խաչասերվում։ Այստեղից ելնելով՝ հետազոտողները եզրակացնում են, որ տապանում հավանաբար եղել է կաթնասունների 43 «տեսակ», թռչունների 74 «տեսակ» և սողունների 10 «տեսակ» (այսքանը բավական էր այսօր հայտնի բազմազան տեսակների առաջացման համար)։ Ոմանց կարծիքով էլ՝ թիվն ավելի մեծ էր՝ 72 «տեսակ» չորքոտանի և գրեթե 200 «տեսակ» թռչուն։ Իսկ այն, որ այսօր գոյություն ունեցող կենդանիների բազմաթիվ տարատեսակները կարող էին առաջանալ Ջրհեղեղից փրկված այդքան քիչ «տեսակներից», ապացուցվում է մարդկային «տեսակի» անվերջ բազմազանությամբ՝ կարճահասակ, բարձրահասակ, գեր, նիհար, մազերի, աչքերի ու մաշկի գույների անթիվ երանգներով. և դա՝ չնայած այն բանին, որ բոլորն էլ ծագել են մեկ ընտանիքից՝ Նոյի։

Ոմանք կարող են կասկածի ենթարկել այս հաշվարկների ճշգրտությունը, հատկապես՝ երբ այնպիսի վստահելի աղբյուրներում, ինչպիսին է օրինակ՝ «The Encyclopedia Americana»–ն, նշվում է, որ գոյություն ունի կենդանիների 1 300 000 տարատեսակ (1977 թ., հ. 1, էջ 859–873)։ Սակայն, պետք է նշել, որ այս թվի 60%–ը կազմում են միջատները, իսկ եթե դասակարգումը շարունակենք, ապա կտեսնենք, որ մնացած 24 000 տարատեսակներից 10 000–ը թռչուններ են, 9 000–ը՝ սողուններ և երկկենցաղներ (որոնցից շատերը կարող էին առանց տապան մտնելու փրկվել), և միայն 5 000–ը՝ կաթնասուններ (այդ թվում նաև՝ կետերն ու ծովախոզերը, որոնց համար նույնպես տապանը մտնելու ոչ մի անհրաժեշտություն չկար)։ Բացի այդ, պարզվել է, որ իրենց չափերով՝ ցամաքային կաթնասունների՝ մոտ 290 տեսակ ոչխարից փոքր ինչ մեծ է, իսկ մոտ 1 360–նն էլ՝ առնետից փոքր (Բ. Ս. Նելսոն, «The Deluge Story in Stone», 1949 թ., էջ 156; Ա. Մ. Ռիվինկլ «The Flood in the Light of the Bible, Geology, and Archaeology», 1957 թ., էջ 69)։ Այսպիսով՝ նույնիսկ եթե կենդանիների թիվն այդքան մեծ լիներ, դարձյալ տապանում հեշտությամբ կտեղավորվեր յուրաքանչյուր տեսակից մի զույգ։

Ջրհեղեղի սկսվելուց հինգ ամիս հետո «տապանը Արարատ սարի վերայ նստեց». ըստ երևույթին՝ ոչ ամենաբարձր գագաթին (մոտ 5 165 մ), այլ մի այնպիսի տեղում, որը հարմար կլիներ մի քանի ամիս ապրելու համար։ Ի վերջո՝ Ջրհեղեղի սկսվելուց մի տարի և տաս օր հետո, դուռը նորից բացվեց, և բոլոր ներսում գտնվողները դուրս եկան (Ծննդոց 7։11; 8։4, 14)։

Ի դեպ, այն պնդումները, թե տապանի մնացորդները հայտնաբերվել են, դեռևս հաստատված չեն։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը