Ընթերցողների հարցերը
Ի՞նչ իմաստով է Եբրայեցիս 12։4–ում ասվում. «Դուք.... դեռ արիւն թափելու չափ չհակառակուեցիք»։
«Արյուն թափելու չափ չհակառակվել» արտահայտությունը նշանակում է՝ պայքարելիս դիմանալ մինչ ի մահ, բառացի՝ մինչև արյան թափվելը։
Պողոս առաքյալը գիտեր, որ հավատի համար որոշ եբրայեցի քրիստոնյաներ արդեն «բազում տքնութիւնների և չարչարանքների» էին դիմացել (Եբրայեցիս 10։32, 33)։ Սակայն այդ խոսքերն ասելիս Պողոսը, ըստ երևույթին, փոխաբերական իմաստով հիշատակում էր Հունաստանում տեղի ունեցող մարմնամարզական մրցությունները, որոնց մեջ մտնում էին՝ վազքը, ըմբշամարտը, բռնցքամարտը և սկավառակների ու նիզակների նետումը։ Օրինակ՝ Եբրայեցիս 12։1–ում (ԱԹ) նա խրախուսում է հավատակիցներին. «Դէն գցենք ամէն ծանրութիւն եւ մեզ դիւրավ պաշարող մեղքը. եւ համբերութեամբ վազենք մեր առաջին դրած ասպարեզի ընթացքը»։
Երեք համար այն կողմ՝ Եբրայեցիս 12։4–ում, վազքի տեսարանը փոխվում է բռնցքամարտի տեսարանի (Ի դեպ, երկու մարզաձևերն էլ հիշատակվում են Ա Կորնթացիս 9։26–ում, Արևմտ. Աստ.)։ Հնում բռնցքամարտիկներն իրենց բռունցքներն ու դաստակները կապում էին կաշվե փոկերով։ Երբեմն այդ փոկերից նույնիսկ կախում էին «կապարե, երկաթյա կամ մետաղյա մեխեր, որոնք լուրջ վնասվածքներ էին հասցնում բռնցքամարտիկներին»։ Այդպիսի գազանաբարո մրցությունները հանգեցնում էին արյունահեղության, երբեմն էլ՝ նույնիսկ մահվան։
Ամեն դեպքում, եբրայեցի քրիստոնյաներին հայտնի էին Աստծո հավատարիմ ծառաների այդպիսի օրինակներ, երբ այդ մարդիկ, հալածանքների և գազանային վերաբերմունքի հանդիպելով, դիմացել էին նույնիսկ մինչ ի մահ՝ «արիւն թափելու չափ»։ Քննենք համատեքստը, որում Պողոսը մեր ուշադրությունը հրավիրում է այն բանի վրա, թե ինչերի են դիմացել հնում ապրած հավատարիմ անհատները։
«Քարկոծուեցին, սղոցուեցին, փորձութեան ենթարկուեցին, սրով սպանուելով մեռան, թափառեցին ոչխարների եւ այծերի մորթիներով ծածկուած. ապրեցին կարիքի մէջ, նեղութեան մէջ, չարչարանքների մէջ»։ Այնուհետև Պողոսը խոսում է մեր հավատի Կատարելագործողի՝ Հիսուսի մասին՝ ասելով. «[Նա] յանձն առաւ խաչը, արհամարհեց ամօթը եւ նստեց Աստծու աթոռի աջ կողմում» (Եբրայեցիս 11։37; 12։2)։
Այո՛, շատերն էին հակառակվել «արիւն թափելու չափ», այսինքն՝ մինչ ի մահ։ Նրանց հակառակությունը ավելին էր, քան պարզապես՝ ներքին պայքար թերահավատության մեղքի դեմ։ Նրանք, ավելի շուտ, արտաքին հալածանքների ենթարկվելով էին պահպանել իրենց հավատարմությունը մինչ ի մահ։
Երուսաղեմի ժողովի նոր անդամները, որոնք ըստ երևույթին քրիստոնյա էին դարձել այն ժամանակ, երբ ուժեղ փորձությունների ալիքն արդեն անցել էր, երբեք նման ծայրաստիճան դժվարությունների չէին հանդիպել (Գործք 7։54–59; 12։1, 2; Եբրայեցիս 13։7)։ Սակայն, մրցությունը շարունակելու ոմանց վճռականությունը թուլացել էր նույնիսկ ավելի մեղմ փորձություններից. նրանք ‘հոգնել և հուսալքվել’ էին (Եբրայեցիս 12։3)։ Այդ քրիստոնյաները հասունանալու կարիք ունեին։ Դա կամրացներ դիմանալու իրենց կարողությունը՝ ինչ էլ պատահեր, նույնիսկ՝ եթե ֆիզիկական հալածանքներ կրեին՝ մինչև ի մահ (Եբրայեցիս 6։1; 12։7–11)։
Նմանապես և այսօր. շատ քրիստոնյաներ, չցանկանալով փոխզիջումների գնալ իրենց քրիստոնեական սկզբունքների հետ, հալածանքներ են կրում՝ «արիւն թափելու չափ» հակառակվելով։ Ուստի՝ փոխանակ թույլ տալու, որ Եբրայեցիս 12։4–ում արձանագրված՝ Պողոսի խոսքերը մեզ վախեցնեն, եկեք այլ կերպ վերաբերվենք դրանց. այդ խոսքերը ցույց են տալիս, թե ինչ աստիճանի պատրաստ պետք է լինենք դիմանալու Աստծո հանդեպ մեր հավատարմությունը պահպանելու համար։ Եբրայեցիներին ուղղված նույն նամակում, նույն գլխի հաջորդ համարներից մեկում Պողոսը գրեց. «Ամուր պահենք շնորհը եւ այդ շնորհով էլ ծառայենք Աստծուն՝ իրեն հաճելի ձեւով՝ ահով եւ դողով» (Եբրայեցիս 12։28)։